Արփի Ոսկանյան/Երկար ճանապարհ

Երկար ճանապարհ

Երկար, շատ երկար կտևի ճանապարհը մինչև իրար։
Մենք լի կլինենք միմյանց հասնելու վճռականությամբ
և մեղավորության զգացումով մարդկանց ու իրերի հանդեպ,
որոնցից հյուսված է մեր ներկան՝
անցյալ կատարյալ։ 

Մենք մանրամասն կպատրաստվենք հրաժեշտին,
որ հանկարծ անզգուշաբար ցավ չպատճառենք նրանց,
քանզի սիրո տված իրավունքով
կարող ենք ցավ պատճառել 
միայն իրար։

Մենք կխոնարհվենք անցյալի կենդանի հիշատակի առաջ,
կլինենք անչար մեր կյանքը հարամած ամենի հանդեպ,
կներենք վիրավորանքը, ստորացումն ու անարգանքը,
քանզի չգիտեն ինչ են անում, 
քանզի քիչ է, որ նրանց հետ ենք։

Մենք հարգանքի տուրքեր կմատուցենք նրանց ծնած
ու մեծահոգաբար մեզ նվիրաբերած ծնողներին,
ինքնակամ կզոհաբերվենք նրանց երեխաներին,
կխնամենք նրանց թոռներին,
քայլել կսովորեցնենք ծոռներին…

Մենք կխաչենք մեզ նրանց մարմնի վրա երկաթյա գամերով,
կշոյենք նրանց գլուխները զգուշորեն ու հոգատարությամբ,
նրանց ձեռքերն ու ոտքերը կծածկենք հրաժեշտի համբույրներով,
վերջին անգամ կմխրճվենք նրանց մեջ,
վերջին անգամ  կառնենք նրանց մեր մեջ։

Եվ այդպես կլինի ամեն օր,
մինչեւ մեր օրերի ավարտը
մենք մեր բոլոր օրերը,
մեր ամբողջ կյանքը
կնվիրենք կյանքին պատրաստվելուն։

Մահվան առջեւ կանգնած՝
մենք նույնիսկ չենք տրտնջա,
զի ի՞նչ է մահկանացու կյանքը
հավիտենականության կողքին,
որ մերն է լինելու։

Ընդմիշտ

Տարիներ են վազում կողքով մեր,
Դարեր՝ գլխապատառ,
Հազարամակներ՝ հեւիհեւ…

Ես ծերանում եմ, դու ծերանում ես
Սառցադաշտերն են հալվում,
Փոխվում է երկնքի քարտեզը։

Մարդիկ հանդիպում են իրար ու բաժանվում,
Մենք հանդիպում ենք մարդկանց ու բաժանվում,
Բայց մենք երբեք չենք հանդիպի։

Ապրում ես իմ սրտում կկվի ձագի պես,
Կտցում ես լյարդ ու թոք, ոնց փայտփորիկ։
Չքանդես բույնը քո՝ հյուսված իմ սրտամկանից։

Տափակ պատմություն

Նա ավազե ամրոցը ծովափին թողեց կիսաշեն
և գնաց կառուցելու տուֆակերտ տուն
քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում՝
իսկական պարսպով, պտղատու ծառերով,
պատուհաններից բացվող ինչ-որ տեսարանով։
Տուն, որի բակում կապած շուն կա՝  հաչող,
մեքենա կա կայանված, որի շուրջը միշտ
պտտվում է սպիտակ շապիկով ցմփոր տղամարդ՝
ձեռքի մեջ սեղմելով սպունգը և օճառաջուր ցփնելով
մեքենայի հետնամասին ու դիմապակուն։
Տուն, որի խոհանոցում կին կա ճաշ եփող,
ապա կաթսան շրջող ու ճաշը լցնող
սեղանի շուրջ ծաղկաթերթերի պես շարված
բաց բերանների մեջ։
Տուն, որի սենյակները ավերված են,
բայց թշնամին չէ հարձակվել հանկարծակի,
երեխաների հորդաներն են ասպատակել։
Տուն, ուր գալիս են հյուրերը ու նստում երկար։
Եվ ծնոտների համաչափ կափկափյունի տակ,
կենացի անվերջանալի ժամի մեջ
միշտ գալիս է անխուսափելի պահը,
այդ պահը, որ հնարավոր չէ շրջանցել,
այդ պահը, այդ․․․

Ավազի կիսաշեն ամրոցը ծովափին,
ինչպես լքված հին քաղաքից պահպանված ավերակ՝
հուշարձանը քո վերստին կորսված մանկության
շշնջում է իր միջով սվվացող քամու արձագանքով․
մի՞թե կա ավելի մեծ երջանկություն,
քան կյանքը հիմարության վրա մսխելն է,
չէ՞ որ կյանքն այդ ժամանակ այնքան էժան
և մեռնելն այնպես հեշտ է թվում։

Ես երբեք չեմ դադարի սպասել

Մի օր իմ դեմքը կպատվի մի քանի խոշոր
ու բազում մանր-մանր-մանր կնճիռներով,
ես կունենամ երկար, մինչև կրունկներս հասնող,
ճեփ-ճերմակ մազեր։

Իմ կողքին կլինի վերջին ու ամենալուրջ սերս,
ումից ես բազում երեխաներ ունեցած կլինեմ,
իսկ մեր շուրջը կպտտվեն թոռների,
գուցեև ծոռների պարսեր։
Բոլոր փոքրիկ աղջիկները բզզալով մոտ կգան
ու կշոյեն երկար, սպիտակ մազերս։
Բոլորը կնայեն ինձ ժպիտով,
կասեն՝ ինչ մեղմիկ, ինչ փոքրիկ, ինչ անուշիկ տատիկ,
իսկական հրեշտակ,
և ինչ սիրուն է նրա պատմությունը։
Կխոսեցնեն ինձ, ինչպես երեխայի,
իմ ապրած կյանքը՝
նվաճումեր կյանքի գնով,
ցավ, արցունքներ, կորուստ ու մահ,
կհնչի որպես մեղմօրոր մի հեքիաթ…
Ոչ ոք լրջորեն չի տխրի իմ չապրածի համար.
ես կլինեմ փոքրիկ ու թանկ հուշանվեր,
ամեն մեկը իր պարտքը կհամարի
ինձ ցուցադրել ու ինձնով հպարտանալ։
Ու որ չկորչեմ, չջարդվեմ, չփշրվեմ հանկարծ,
ինձ հա մի ապահով տեղ կդնեն՝
ասենք, սիրելի ամուսնուս կողքին,
ու կասեն՝ սերը հրաշք է։
Եվ չեն իմանա նրանք, որ մտքում
թափահարում եմ գլուխս խրտնած ձիու նման՝
ինչպես այն ժամանակ, երբ ինձնով չէին հպարտանում,
այլ ամաչում էին, սարսափում ու ուրանում,
ու որ մինչև կրունկներս հասնող սպիտակ մազերս
վարարում, գահավիժում են մեջքս ի վար,

և չեն իմանա, թե այդ ինչ հույս է բոցկլտում իմ աչքերում,
և որ ես, ժպտացող հայացքս հեռուն հառած,
սպասում եմ, դեռ սպասում եմ,
երբեք չեմ դադարի սպասել
այն սպիտակ ձիով ասպետին,
որ պիտի փրկի ինձ իմ կյանքից։

Please follow and like us: