Գրքի երեւանյան 5-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեց գրող, լրագրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված » բանաստեղծությունների ժողովածուն, որում ընդգրկված են նրա`տարբեր տարիներին գրված բանաստեղծությունները: Թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ գործերը, Վահրամն ասում է` ընտրել եմ լավագույն բանաստեղծությունները:
Թեեւ Վահրամ Մարտիրոսյանը վերջին տարիներին ավելի շատ իրեն նվիրել է գրականությանը, գեղարվեստական գրքեր է գրում (պատերազմից առաջ էլ գրական շրջանակներում մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ քննարկման առարկա դարձել նրա` խորհրդային իրականությունը պատկերող «Բամբակե պատեր» վեպը ), սակայն լրագրողի հետաքրքրասիրությունն ուղեկցում է նրան այնտեղ, ուր մարդկային ճակատագրերի, հեռավոր եւ անտեսված գյուղերի մասին կարող է յուրօրինակ պատմություններ որսալ:
Վերջերս, օրինակ, նա եղել էր Արցախում եւ «Ալիքմեդիա » կայքում հանդես եկել արցախցիների մասին պատմություններով:
Հետո էլ «Ֆեյսբուք »-ի իր էջում Վահրամը գրել էր. «4-րդ օրը` Արցախի Սոս սահմանամերձ գյուղում, Մարտունու շրջան: Մինչեւ էս օրվա տպավորությունս: Արցախը հեշտ հանձնվելու երկիր չէ, դա մոռացեք: «Խաղաղության դարաշրջանը » միայն Արցախի լուրջ կարգավիճակի դեպքում կարող է բացվել: Արցախը մի տուն, մի գյուղ չէ: Եթե նախորդ պատերազմին կիլոմետրերի համար են մարտեր մղվել, հաջորդից չխուսափելու դեպքում կռիվը լինելու է ամեն մետրի համար: Արցախում ամեն քայլափոխի շինարարություն է, դիրքերն ամրացվում են, հարսանիքներ են տեղի ունենում, որտեղ «մակարները»… փեսայի ծառայակիցներն են: Սա չեմ ասում, որ անհիմն լավատեսություն ներշնչեմ/ ներշնչենք մեզ, այլ որ սոցցանցային կականից, քաղաքական հիստերիաներից դուրս ոգի տանք արցախցիներին`մարդ են, քար չեն» :
Վահրամ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրեն հաջողվում միաժամանակ համատեղել գրողին եւ լրագրողին, վավերագրողին:
«Ճիշտն ասած, Դուք, որպես ընթերցող, պետք է ասեք` հետաքրքի՞ր է, հաջողվո՞ւմ է այն ամենն, ինչ ես անում եմ, թե՞ ոչ: Դա՛ է կարեւորը: Թե չէ` կարող ես հազար տեղում հազար բան անել եւ ամեն տեղ ձախողվել: Ես երբեմն անում եմ այն բաները, որտեղ տեսնում եմ, որ կա թերացում: Օրինակ`վերջերս տեսա, թե ինչպես է լրագրող Ժիրայր Ոսկանյանը սահմանամերձ գյուղերից լավ ռեպորտաժներ պատրաստում: Ես մինչեւ իր ռեպորտաժները ներկայացնելն էր, սակայն, որ գնացի Արցախ`սահմանամերձ գյուղ, ապրեցի այնտեղ մեկ շաբաթ, որպեսզի լինեմ այնտեղ ապրողների կողքին եւ իրենց աչքերով ընկալեմ այն իրականությունը, որը կա: Եվ քանի որ դա մեր մեդիայում չէր ներկայացվում, ես գնացի եւ այդ ռեպորտաժները պատրաստեցի »,- նշեց Վահրամ Մարտիրոսյանը:
Թագուհի Հակոբյան