Հասմիկ Կարապետյան//ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՎԵՐՑՐԵՑ(3)

սկիզբը՝ այստեղ

Չորրորդ օր

Անքուն մնալով՝ դիմավորեցի լուսաբացը: Կողքիս Ջեք Դենիելսը վերջին սփոփանքս էր՝ չմտածելու Իդայի խոսքերի մասին: Որոշեցի միացնել բջջայինս։ Նամակը՝ նամակի ետևից, անպատասխան զանգերի տեղատարափը երկու մասի բաժանեցին բջջայինս: Հաղորդագրության բաժնում նկատեցի, որ ԱԺ Նախագահը, Աննան, Արշակը ու էլի շատ կոլեգաներ բացատրություն են պահանջում: Անջատեցի բջջայինը: Վերցնելով մյուսը՝ զանգահարեցի Իդային, վերջինս անհասանելի էր: Որոշեցի գնալ եկեղեցի ու փախցնել Իդային, հետո գնել երկու տոմս ՝ Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, կապ չունի ՝ հեռու մի տեղ ու վերջ տալ նրա տանջանքներին: Մեքենան կանգնեց եկեղեցու դիմաց: Նկատեցի, որ մուտքի մոտ Տեր Հայրը զրույցի էր բռնվել սև կոստյումներով երկու անձանց հետ, որոնց դեմքը շատ ծանոթ էր: Դուրս եկա մեքենայից: Տեր Հայրը ժպիտով ողջունեց ինձ:

– Իդան ներսում է, եթե նրա մոտ ես եկել,- զարմանալի էր, որ Տեր Հայրը չկանխեց իմ այցելությունը (նրա հայացքից պարզ նկատում էի, որ չէր սիրում ինձ):

Մինչ ներս մտնելը հայացքս ուղղեցի սև կոստյումով երիտասարդի դեմքին, որը ուշադրությամբ ինձ էր նայում:

– Դավիթ Դանիելյա՛ն…ճի՞շտ եմ, – չդիմացավ երիտասարդը ու թեթև ժպտաց:

– Այո՛, ես եմ:

Նա մեկնեց ձեռքը ու շփոթված ասաց.

– Ընկերներիցս մեկը աշխատում է ԱԺ-ում, ու խոսակցությունները Ձեր մասին կարծես թե չեն դադարում այնտեղ:

Սիրում եմ հիշողությանս արագ աշխատանքը, քանի որ հիշեցի նրան. կադաստրի աշխատակիցներից էր: Բայց ի՞նչ գործ ունեն տարածքը համակարգող աշխատակիցները եկեղեցում: Չեմ կարծում՝ մեղքերը քավելու համար են եկել. իսկ միգուցե դրա՞ համար:

– Ես պարզապես արձակուրդ եմ վերցրել, Արտյո՛մ ջան,- ժպտացի ու, հայտնելով, որ ներս պիտի գնամ, շտապեցի Իդայի մոտ:

– Հիշեցիր փաստորեն,- թունոտ ժպտաց, հետո ավելացրեց,- դե քեզ հաճելի արձակուրդ՝ ԵԿԵՂԵՑՈՒՄ,- վերջին բառը հատուկ շեշտեց: Մռութին կհասցնեի, եթե եկեղեցու տարածքում չլինեինք:

Մինչ ես Իդային էի փնտրում, Տեր Հոր ու Արտյոմի միջև նման խոսակցություն սկսվեց.

– Դավիթը փաստորեն ԱԺ-ի պատգամավո՞ր է,- Տեր Հայրը զարմացել էր:

– Լավագույններից մեկն է, Բաբկե՛ն, – պատասխանեց Արտյոմն ու ավելի մոտեցավ Տեր Հորը: – Սա, եթե իմանա՝ դու ու աղջիկդ ինչով եք զբաղվում իրականում, հավատացնում եմ՝ ցմահ բանտարկությունը կերաշխավորվի:

– Չէ: Նման բան չի լինի: Անգամ, եթե ճշմատրությունն էլ բացահայտի՝ չի բողոքի համապատասխան մարմիններին,- Տեր Հոր ձայնում վստահություն նկատվեց:

– Ինչո՞ւ… Վերին արտի ցորե՞նն եք,- Արտյոմը սկսեց լկտիաբար ծիծաղել՝ նայելով մյուս աշխատակցի դեմքին:

– Դավիթը է՛ն կարգի է սիրահարված աղջկաս, որ որոշել է փախցնել նրան: Երեկ աղջիկս հայտնեց, որ նման որոշում է կայացրել:

– Ո՞ւմ փախցնի՝ էդ խաբեբա աչոնիկի՞ն:

– Ինչքան էլ խաբեբա է, բայց իմ աղջիկն է, ու թույլ չեմ տա, որ էդպես արտահայտվես նրա մասին:

– Լսիր, այ՛ բիձա, Ոզնին (իրենց գլխավորի մականունն է) ասել է, որ կատարես իր առաջադրանքը ու անհետանաս այստեղից: Արե՞լ ես այն, ինչ ասել է Ոզնին:

  Տեր Հայրը մեղավոր գլխով է անում:

– Դե ուրեմն, վաղը էս եկեղեցու հարցը լուծում ես ու փողոցայինիդ հետ չքվում եք երկրից:

– Լավ: Բայց Ոզնին մեզ էլ չի անհանգստացնի չէ՞:

– Դա Ոզնին կորոշի: Հավաքեք փասափուսաներդ,- աշխատակիցը ուզում էր հեռանալ, բայց մոտեցավ Տեր Հորն ու ավեալացրեց:- Էդ փողոցայինիդ էլ ասա, որ շատ չլկստվի Դավիթի հետ: Դավիթը լուրջ դեմք է, եթե մի բան նկատի, գլխներիցդ կզրկվեք:

Տեր Հայրը խոր շունչ քաշեց ու մտավ եկեղեցի:

Այդ խոսակցության ընթացքում ես գտա Իդային խորանի մոտ: Նա բջջայինի մեջ ինչ- որ բան էր փորփրում ու չէր նկատել ինձ:

– Ողջույն, – մեղավոր էի ինձ զգում:

– Ուրախ եմ, որ եկար,- նա ժպտաց ու աչքերով սկսեց հետևել Տեր Հորը, որը մեզ էր մոտենում:

-Իդա՛, վերջացրու երիտասարդի հետ խոսելդ ու արի ինձ մոտ՝ շատ անելիք ունենք, – Տեր Հոր ձայնը սովորականից խիստ էր, սիրտս սկսեց արագ խփել: Իդան նկատեց դա.

– Նա այսօր տրամադրություն չունի, մի՛ անհանգստացիր,- Իդան ուզում էր հեռանալ, բայց չթողեցի:

– Այսօր ժամը ութին կգամ ետևիցդ ու դու վերջնակապես կմոռանաս այս ամենի մասին: Մենք երջանիկ կլինենք միասին:

Իդան քմծիծաղ տվեց ու գլխով բացասական նշան արեց.

– Դա անհնար է: Դու դա լավ գիտես, 

– Ես միայն գիտեմ, որ եթե մարդը ցանկություն ունենա՝ անհնար ոչինչ չի կարող լինել: Ի՞նչ ճշմարտություն կա, որի մասին ես չգիտեմ, – Իդան շփոթվեց ու խնդրեց, որ հեռանամ, բայց հաստատ էի որոշել՝ չեմ հեռանալու:- Ի՞նչ էին ուզում ձեզանից տարածքի համակարգողները:

Նա հասկացավ, որ ճանաչում էի այդ մարդկանց ու մոտենալով ինձ հարցրեց.

– Դու ինձ այնքա՜ն լավ ես ճանաչում, մինչդեռ ես չգիտեմ, թե ով ես դու:

– Ես ԱԺ-ի պատգամավոր եմ ու դրանում ոչ մի հետաքրքիր բան չկար, որ պատմեի քեզ:

Նա շփոթվեց ու ինքն իրեն մրմնջաց.

– Պարզ է: Ամեն ինչ պարզ է:

– Ես սիրում եմ քեզ, Իդա՛, – ուզում էի գրկել նրան, բայց նա ազատվեց իմ գրկից ու հեռանալիս արտաբերեց.

– Այլևս այս կողմերում չերևաս, սիրելի՛ Դավիթ:

Նրա բառերը խոցեցին ինձ, հիշեցի, թե ինչպես էի նման ձևով Միային, Աննային խոցել: Իդան հեռացավ, իսկ ես նայեցի Հիսուսի արձանին. «Մի՞թե մարդկային կյանքն այնքան արժեզրկված է, որ նույնիսկ մեղքերը չեն կարող ծածկել դրանք: Դու խաչվեցիր մեր պատճառով, իսկ մենք խաչվում ենք կյանքի ամեն ակնթարթում: Դու պատժեցիր մեզ՝ տալով զգացմունքներ՝ սեր, կիրք, սեռական ցանկություն, հույս, և մենք պիտի տանենք այդ խաչը: Դու մեզ տվեցիր զգացմունքներ ու դրանցից ազատվելու միջոցը համարեցիր մահը: Բայց ես չեմ մահանա: Ես հավատարիմ եմ իմ զգացմունքներին»:

Նման մտածմունքների մեջ էի, երբ արդեն տուն էի հասնում: Այլևս ոչինչ ու ոչ ոք ինձ հետաքրքիր չէին: Բրենդին դրեցի կողքս, նստեցի հատակին՝ մեջքս հենելով մահճակալին ու թաղվեցի խմիչքի գրկում: Աչքերիս դիմաց Իդայի պատկերն էր. մանկական, թույլ, անօգնական պատկերը, որը կարիք ուներ պաշտպանության ու սիրո: Նույնիսկ Աստված նրան այդքա՜ն չէր սիրում, որքան ես: Ժամը ութն էր, երբ հնչեց դռան զանգը: Ցավոք սրտի՝ չէի հասցրել հարբել ու մի պահ մտքովս անցավ, որ դռան ետևում կարող էր Աննան լինել (տվյալ պահին նրա կարիքը հաստատ չունեի): Մոտեցա դռանը: Բացեցի: Իդան էր: Նրա դեմքը անհանգիստ էր, մարմինը դողում էր:

– Ներիր, որ անհանգստացնում եմ քեզ: Պարզապես ուրիշ տեղ չունեմ գնալու։

Բռնեցի նրա թևքից ու ներս բերեցի:

– Ի՞նչ է պատահել, – զգում էի, որ ինչ–որ մեկի հախից պիտի անպայմանորեն գամ, – Տեր Հայրը կոպտե՞լ է, վիրավորե՞լ է քեզ:

– Մենք մի փոքր վիճեցինք, բայց քանի որ վեճը հարիր չէր ո՛չ ինձ, ո՛չ էլ, առավել ևս, Տեր Հորը, որոշեցի հեռանալ, որ Տեր Հայրը հոգին հանգստացնի:

Այլևս չդիմացա ու գրկեցի Իդային: Նա պատասխան ամուր սեղմեց ինձ ու շրթունքներս հասան նրա փոքր քիթիկին, հետո իջան շրթունքներին ու ագահորեն կլանեցին դրանք: Նրա շրթունքները փոքր էին ու խորտակվում էին իմ մեջ: Առանց շրթունքներից կտրվելու գրկեցի նրան՝ բարձրացնելով ձեռքերիս մեջ ու որոշեցի ազատել նրան եկեղեցական ծանր պարտակություններից. որոշել էի ինձնով անել: Նկատելով, որ ննջասենյակում է գտնվում, ասաց.

– Դու գիտես, որ ես կու…, – համբույրով փակեցի բերանը՝ չթույլտարելով ավարտել:

– Ես չեմ թողնի, որ հեռանաս: Դու արդեն իմն ես: Ու երբ զգաս ինձ քո մեջ, կհասկանաս, որ Աստված այս ամենին ավելի մոտ է, քան եկեղեցուն:

Նա թույլ ժպտաց ու տրվեց ինձ վերջնականապես: Չեմ նկարագրի՝ ինչ գիշեր ունեցանք միասին: Դա անպատմելի, տրամաբանության մեջ չհարմարվող գիշեր էր: Տրվելուց հետո նա կծկվել էր կրծքիս վրա՝ նման անպաշտպան երեխայի, իսկ ես գրկել էի նրան ու երջանիկ էի, որ վերջապես իմն էր: Բայց երջանկությունս երկար չտևեց… Հասավ հինգերորդ օրը:

Հինգերորդ օր

 Բջջայինիս հաղորդագրության ազդանշանը ստիպեց ինձ արթնանալ: Նկատեցի, որ Իդան կողքիս չէ: Արագորեն ստուգեցի բոլոր սենյակները ու հասկացա, որ հեռացել է: Վերցրի բջջայինը՝  ոչ այն պատճառով, որ ստուգեի հաղորդագրությունը, այլ զանգահարեի Իդային: Կապն անհասանելի էր: Բջջայինիս ևս երկու հաղորդագրություն եկավ, բայց առանց ստուգելու արագորեն հագնվեցի ու շտապեցի եկեղեցի. Իդայի այնտեղ մնալը արդեն անտրամաբանական էր ու ճիշտ չէր: Մի պահ շրջվեցի, նայեցի սպիտակ անկողնուն. կարմիր հետքը նշմարվում էր: Չգիտես ինչու ժպտացի ու հիշեցի երեկվա հրաշալի գիշերը: Հասա եկեղեցի, դռները բաց էին ու եկեղեցու դիմաց մի քանի մեքենաներ էին կանգնած։ Սիրտս սկսեց արագ խփել: Մտա եկեղեցի ու…նկատեցի, որ եկեղեցին քանդված է, սրահը դատարկ է, ու եկեղեցին կիսաքանդ վիճակում է: Սրահում կանգնած աշխատողը հարցական հայացքով մոտեցավ ինձ.

– Ինչ որ բա՞ն է անհրաժեշտ։

Լեզուս կարկամել էր: Չէի հասկանում հարցը, աշխատողը ստիպված եղավ երկրորդ անգամ կրկնել: 

– Տեր Հա՞յրը, աղջի՞կը, եկեղեցի՞ն, –  չգիտեի՝ ինչ հարցնել: 

Աշխատողը հասկացավ ՝ ինչ նկատի ունեմ ու պատասխանեց.

– Նրանք հեռացել են երկրից,- աշխատողին կանչեցին, վերջինս ներողություն խնդրելով՝ անհետացավ:

Չհավատալով լսածիս՝ բղավեցի աշխատողի հետևից.    

– Ո՞ւր են մեկնել, – պատրաստ էի Իդայի հետևից՝ թեկուզ աշխարհի ծայրն էլ գնալ:

– Ես չգիտեմ, – բղավեց աշխատողը:

Արագորեն նստեցի մեքենան ու զանգահարեցի Իդային: Բջջայինից այն կողմ՝ օպերատորը հայտնեց, որ նման հեռախոսահամար գոյություն չունի: Անհույս գլուխս հենեցի ու աչքերիս առաջ կրկին հայտնվեց երեկվա պատկերը, նրա ձայնը, տաք շնչառությունը ու… ելակի հոտը:

– Իդա՜, – խորը շունչ քաշելով արտաբերեցի՝ հասկանալով, որ չի կարող ամեն բան այսպես ավարտվել: Ու՞ր է մեկնել, ի՞նչն է եղել պատճառը, միգուցե Տեր Հա՞յրն է ստիպել նրան մեկնել, իսկ նա չցանկանալով համաձայնել է. վերջին միտքն ամենաշատն էր անհանգստացնում: Հանկարծ հիշեցի հաղորդագրության մասին, որը հաստատ Իդան էր ուղարկել, քանի որ երկրորդ բջջայինիս էր եկել: Բացեցի հաղորդագրությունը, այն շատ երկար էր.

 «Իմ ամենամեծ սեր: Երջանիկ եմ, որ ծանոթացա քեզ հետ, պատմեցի իմ փոքրիկ գաղտնիքների մասին, միասին կիսվեցինք մեր հոգևոր արժեքներով ու ամենակարևորը՝ տրվեցի քեզ հոգով ու, երեկ արդեն, մարմնով: Ցավում եմ, որ ստիպված եղա հեռանալ՝ առանց բացատրությունների։ Ցավում եմ, որ կկոտրեմ քո սիրտը ու հույսը՝ հերթական անգամ զգալու սիրո անբացատրելի բերկրանքը, բայց… այլ ելք չունեմ: Ես ստիպված էի: Այո՛, ստիպված էի հեռանալ, որովհետև վայրկյան առ վայրկյան, բառ առ բառ խաբել եմ քեզ: Ես ամենևին եկեղեցու ծառայող չեմ, ու հայրս էլ քահանա չէ: Մենք մաֆիոզ   անդամ ենք, ովքեր հատուկ առաջադրանքի համար էին հայտնվել, ու եկեղեցին էլ, որը միավորեց իմ ու քո հոգին, վարձով վերցված տարածք էր, որը երեկ վաճառեցինք: Իսկ երեկոյան, երբ եկա քո տուն՝ քեզ սպանելու առաջադրանքով էի եկել՝ Ոզնու հրամանով ու ես սխալ գործեցի… չսպանեցի քեզ ու տրվեցի: Տրվեցի հոգով ու հավատա, չեմ փոշմանել այդ արարքիս համար: Ես ուզում եմ, որ դու ապրես ու հիշես ինձ այնպիսին, ինչպիսին ներկայացա քեզ երեկ: Ես սիրում եմ քեզ, սիրելի՛ Դավիթ, ու քո սերմը միշտ կմնա իմ մեջ ու հպումներից սպիացած՝ կլինես մարմնիս վրա: Հաջողություն և կներես» :

Վեցերորդ ՝ վերջին օրը

Հուդայի վերջին խոստովանանքը

Հաղորդագրությունից հետո աշխարհն այլևս կորցրեց իր գույները: Իդան փշրվեց իմ մեջ, անէացավ ու չքացավ: Ես վերջնականապես որբացա նրան կորցնելուց հետո: Որոշեցի մեկուսանալ բոլորից: Բրենդիների ու Ջեք Դենիելսների շշերը թափառում էին մահճակալիս կողքին: Զոմբիացած նայում էի մի կետի ու դատարկում հերթական շիշը, հետո թաղվում հիշողության գրկում ու կատաղած հարվածում էի շիշը գետնին: Հերթական հարվածից հետո շիշը կպավ հեռակառավարման վահանակին ու հեռուստացույցի լույսը վառվեց: Էկրանին հայտնվեց մի կինոնկար, ուզում էի անջատել հեռուստացույցը, բայց մի բան ինձ կանգնեցրեց։ Դա էկրանին հայտնված երիտասարդ քահանան էր, որը բռնել էր աղջկա ձեռքը ու մեղավոր տոնով ասում էր. «Հիշի՛ր. եկեղեցում չեն աշխատում, այլ ապրում են: Դա մարդկանց երկրորդ տունն է, եթե քեզ տանից դուրս  են  հանել, դու կարող ես հույսդ եկեղեցու ու Աստծո վրա դնել։ Նրանք քեզ անպայման կօգնեն: Եթե դու ինքդ որևէ մեկի մահն ես ցանկացել, հավատա՝ այդ որևէ մեկը եկեղեցին ու Աստծուն կընտրի, բայց ոչ երբեք՝ մահը»: Չէի հավատում: Նույն խոսքերը լսել էի Իդայից, երբ առաջին անգամ ծանոթացանք: Փաստորեն նրա մեջ չկար Աստվածը, սուտը սպանել էր ամեն սրբություն, ու այդ խոսքերն էլ նրա սրտից չէին, այլ կինոնկարից: Աշխարհն ավելի անգույն էր ու ես էլ ինձ ավելի մեղավոր էի զգում: Հաջորդեց կիրակին: Հասկացա, որ այսքան կեղտի մեջ՝ Իդան այնուամենայնիվ սրբություն էր դարձել: Իսկ առջևում երկուշաբթին էր:

ՎԵՐՋ

Please follow and like us:

2 thoughts on “Հասմիկ Կարապետյան//ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՎԵՐՑՐԵՑ(3)

Comments are closed.