Աշնան վերջին օրերին Գյումրիում անձրևները չէին դադարում։ Երբ երկինքը վերջապես որոշում էր շունչ քաշել, աղավնապահ Համոն արագ հագնում էր երկարաճիտ հնամաշ կոշիկներն ու ելնում էր կտուր՝ շվշվացնելով թռցնելու «իր սրտի թևավորներին» (հար ևանների շնորհիվ Համոյի աղունիկները այսպիսի պատկերավոր անուն էին ստացել, և դա Համոյին շատ էր դուր գալիս)։ Այդ տղան Արցախյան առաջին պատերազմում կորցրել էր պապին, հայրը սահմանին զոհվել էր դիպուկահարի կրակոցից, երբ պայմանագրային ծառայության էր անցել Արցախի զորամասերից մեկում։ Մնացել էր խեղճացած մոր հետ, ու իր բախտն էլ այդպես էր բերել․ ոչ մի գիտության հանդեպ տաղանդ չունեցավ, ութերորդ դասարանը մի կերպ ավարտեց ու անցավ էս գործին՝ աղունիկ թռցնելուն։ Յոթվերք եկեղեցու պատերի տակ աթոռակ էր դրել, մի փոքր վանդակում տեղավորել իր սրտի թևավորներին ու, եթե հարսանիքներին ու կնունքներին այնտեղ էր լինում, աղունիկ էր տալիս «վարձով»։ Նրա կարծիքով էդ գործարքն ուրիշ կերպ հնարավոր չէր կոչել, միայն ու միայն վարձով, որովհետև նախ բոլորի համար էլ պարզ էր, որ էդ թռչունները «ըսպես թե ընպես էլի ետ գուքան իրանց տիրոջ մոտ», և երկրորդը՝ իր պայմանն էր՝ հանկարծ չմորթեն, հանկարծ վնաս չտան, ասում էր՝ ախպեր, փողը տուր, քիչըմ պակաս տուր, ինչքան կռնաս, ըդքան տուր, ինչքան շատ տաս, ըդքան քու պատիվն է, չտաս էլ, տո ջանըդ սաղ, աշխարհ չի քանդվի, ազատ մատաղ էրա, թռցրա, թող մուրազդ կատարվի, իմ թևավորներս էլի ետ գան իմ մոտս, ուրուշ բան պետք չէ։
Իսկ եթե մարդ կար՝չէր համաձայնվում, ուզում էր թևավորներին հետը տանել, ասում էր՝ ախպեր, գուզես՝ էս է, չես ուզե՝ էս է, մեզի առանց էդ էլ շատ են տեղահան էրել, հմի որ ըսիգ անասուն է, չի կրնա բառերով խոսի, իրա կամքին հակառակ ընչի՞ պտի տեղահան էնեմ, էսի իրա քաղաքն է, իրա տունը, պըրծա՛վ․․․
Ահա այդպիսի մի մառախլապատ առավոտ էր, երբ լսվեց աղունիկների թևաբախումը։ Սեփական տները հավասար շարված են փողոցի երկու կողմերում։ Համոն վազում էր տանիքների վրայով լարախաղացի ճարպկությամբ։ Նրա նետած մանր ու մեծ քարերն իսկական գլխացավանք ու «կռվի բուն » էին հարևանների համար։ Տներից մեկի բակում մի տղամարդ կռացել էր ավտոմեքենայի թափքի վրա և, քթի տակ «Հորովել» դնդնալով, ինչ-որ բան էր զննում։ Եվ հանկարծ «աղունիկներին հուշտ էնող» քարի կտորը հայտնվեց տղամարդու ոտքերի մոտ։ Համոն, ըստ երևույթին, գլխի գալիքն իմանալով, կքանստեց, որ անտեսանելի դառնա, բայց, ինչպես տատն էր ասում, Աստված տվել, չէր խնայել բոյ-բուսաթը, այնպես որ ստիպված պատրաստվեց դիմադրության։
– Ծո, Համո, քեզի ինչքա՞ն ըսինք՝ քար մի՛ քից,կրնա հայաթն էրեխա էղնի,մարդում կպնի,դու հայերեն կհասկընա՞ս, թե՞ չէ։
– Վարպետ Աշոտ, ես ներողություն, հազար ու մե անգամ, միամիտ էղավ։
-Ծո, ինչղ կեղնի, որ քուկդ օրը տասը անգամ ինադու միամիտ կեղնի։
– Եսիմ, վարպետ Աշոտ, բայց էդ էլ է չէ՞ հունար, ուրիշ վո՞վ կրնա ըդպես։
– Այ տղա,- ծիծաղեց տղամարդը,- դու ինչխոր երկրի՝ իշխանություն է, կառավարություն է, ինչ է, ինչխոր ըդոնցից էղնիս։
– Իյա, վարպետ Աշոտ, փաստորեն ըդպես կարևոր եմ, հա՞,- զգաստացավ Համոն։
– Տո չէ հա, ծո, ուղղակի ըդոնք էլ, ըշտը քեզի պես, ինչ օյին ըսես կբերեն հասարակ ժողովրդի գլխին, վերջում մե ներողությունովըմ գլխըները կազատեն, ժողովուրդն էլ ուրիշ ճար չունի, ստիպված հարմարվիգը։ Բայց դե , դու ըդիգ դժվար էլ հասկընաս։ Մինչև հըմի ո՞ր մե իշխանությունն է վարը ապրողի հալը հասկըցել, որ դու հասկընաս։
Համոն բազմանշանակ օրորեց գլուխն ու ուսերը վեր քաշեց։ Աղունիկներից մեկն իջավ ուսին։
-Վարպետ, էդ ճի՞շտ է, որ աղունիկը խաղաղություն կնշանակե։
– է՜, Համո, երնեկ քեզի, ոչ խելք ունիս, ոչ մեղք։
– Չէ, վարպետ, ըսա՝ իմանամ, դու կարդըցած մարդ ես, էդ ճիշտ է, չէ՞, գրքերի մեջ գրած է։
– Համո ջան, գրքերի մեջ ուրիշ էնքան բաներ կան, որ ցավոք սրտի թղթին գրած էլ մնանգը, ինչղ բացատրեմ ախր։ Օրինակ, լսած կէղնիս, կըսե՝ արդարությունը, բարին, արդարը, ազնիվը միշտ կհաղթե։
– Հա, աբրիս, լսել եմ։
– Ջանդ աբրի, մենք էլ ենք էդ ամեն ինչը կարդըցե, ըդպես դաստիրակվե, բայց արի ու տես, որ կյանքն ավելի դժվար ու անբացատրելի բան է, քան թե էդ նախադասությունները, որ անգիր էրած կարտասանենք։ Կեղնի, որ արդարությունը հեչ չի էլ հաղթե, բարին էլ մեռնիգը, արդար մարդն էլ կյանքը կուտա, ամենաթանկը, կհասկընաս, ծո, բայց մեկ է՝ էդ արդար արունը կերթա հողի տակը, իսկ էդ արնակոլոլ, ցավով, կյանքով պահած հողը կվերցնեն ու կուտան թշնամուն․․․ գուզես տրաքի։
Վարպետ Աշոտը տխուր հայացքը հառեց երկնքի ինչ-որ կետի ու լռեց։
Այդպես փետրվարյան մի ցուրտ օր նա վերջին հայացքով չափեց իրենց տան շրջակայքը,ամպոտ երկինքն ու հեռացավ։
Այդ օրը երեկոյան աշխատանքից հոգնած տուն էր գալիս, ձեռքի տոպրակի մեջ՝ երկու հաց ու մեկ տարեկան դստեր համար մի շիշ կաթ։ Բակի կիսամթում հանկարծ ընկերը թևը բռնեց․
– Աշոտ, յավաշ, բան եմ ասում։ Մտի տուն, դուռ-լուսամուտ փակի, լույսը անջատի, ինչ լսես-չլսես, դուրս չգաս, հասկացա՞ր։
– Բայց․․․
– Հարցեր մի տուր, ժամանակ չունեմ, հետո կասեմ,- շշնջաց երիտասարդը, Աշոտին գրեթե ուժով հրեց տան դռնից ներս ու դուռը ետևից փակեց,- տղեքը կանգնած են, հետդ ենք, չմտածես։
Աշոտը ապշած մնաց միջանցքում կանգնած։ Քիչ առաջ իրեն տարօրինակ պահող մանկության ընկեր Մուրադի մայրը նստած էր իր մոր հետ՝ խոհանոցի թախտին ,երկուսն էլ լաց էին լինում։
– Ինչ է եղել, մա՛։
– Աշոտ, բալամ, մեզի տնից կհանեն, երկրից կհանեն, կըսեն հավաքեք փասա-փուսեք, գնացեք ձեր երկիրը,թե չէ․․․,- Աշոտի մայրը փղձկաց, տարիքով կինը նրա հետ սկսեց ծնկները ծեծել ու բախտն անիծել, որ վերևները նստածները չեն թողնում անմեղ ժողովուրդը հանգիստ ապրի։
Աշոտի կինը կցկտուր բաներ էր լսել Մուրադի կնոջից, մի քանի բառով պատմեց,որ ինչ-որ խմբեր են հայտնվել, որոշել են քաղաքը մաքրել հայերից, դեռևս հնարավորություն են տալիս ինքնակամ հեռանալու։ Աշոտը գլուխը բռնած թիկնել էր դռանը, երբ աղմուկ լսվեց։
Բակը եզերող ցածրիկ ցանկապատի փայտե դռնակը ճռռաց, Մուրադը կանչեց․
– Ախպերներ, էս տունն արդեն իմն է, ես եմ տիրություն անում, սաղ ըստ պլանի, հարցերը լուծել եմ, հանգիստ գնացեք, երեք օրից հավաքվում ենք՝ հաց ուտենք էս թթենու տակ։
Խմբից մեկ քայլ առաջ կանգնածը սև գլխակապով հաղթանդամ մի տղամարդ էր՝ ըստ երևույթին պարագլուխը, ձեռքի դանակի ծայրով խաչ փորեց փայտե դռնակի վրա, նրանից քիչ ցածրահասակն էլ կարմիր ներկ լցրեց վրան․․․ ներկի շիթերը ծորալով ներծծվեցին ճաքճքված փայտի մեջ։
– Լավ, Մուրադ, քարդաշ, եթե կարենաս էս տարածքը լրիվ մաքրազարդես, վաթանը քեզ չի մոռանա, ախպերները՝ առավել ևս․․․
Մուրադը ձեռքով հավանության նշան արեց, մի քանի հայհոյանք էլ հայերի հասցեին ավելացնելով՝ կասկածի ոչ մի նշույլ չթողեց, համենայն դեպս, իրեն այդ պահին այդպես թվաց, որովհետև պարագլուխը ժպիտով ձեռքը սեղմեց ու գոհ հեռացավ՝ իր հետ տանելով երկաթե ձողերով ու դանակներով զինված հրոսակախումբը։
Աշոտը Մուրադի բառերից շանթահարվածի պես ցնցվեց, դուռը բացեց, որ դուրս գա, մայրը ձեռքից բռնեց։
– Աշ, ես եմ, բաց,- լսվեց Մուրադի ձայնը։
Երբ դուռը բացվեց, թուրքի աչքերը հանդիպեցին ընկերոջ քարացած հայացքին։ Երիտասարդը աչքերը փախցրեց ու շտապելով ասաց․
– Քելեք, թեզ, թեզ, քանի կարանք մի բան անենք, անենք, յադ չենք մենք ձեզի, մի ամանից հաց ենք կերել, Աշ․․․ բայց մեզ էլ հասկացեք, ստիպված ենք․․․
Աշոտի մայրն ու կինը արցունքոտ աչքերով հավաքում էին իրերը։
Մուրադի կինը դուրս գնաց սկեսուրի հետ, քիչ անց ծեր կինը վերադարձավ՝ մի տոպրակով։
– Ալլահ, Ալլահ, դու հասնես մեզ, ես ո՞նց եմ, է, առանց ձեզ ապրելու,- լալիս էր կինը,- ես ո՞նց եմ, է, առանց ձեզ չայ խմելու, էս կտոր հացը թույն կդառնա, թե որ ձեզ մի բան պատահի, վեր կացեք գնացեք, քանի հնար կա․․․ մենք չենք ուզի արյուն թափվի, մենք չենք ուզի․․․․
– Անա, ել, օգնի մարդկանց,- սաստեց Մուրադը,- լացուկոծի վախտ չի։
– Անան մեռնի պրծնի, որ էս օրերը չտեսներ․․․
– Աշ, մեքենան տների հետևն եմ թողել, մեկ-մեկ դուրս եկեք, ես ճամպրուկները կտանեմ։
Մինչ Մուրադն անհետացավ խավար բակում, Աշոտի մայրը վերջին անգամ անցավ սենյակից սենյակ, նայեց շուրջ կես երեք տասնամյակ իր կյանքի լավ ու վատ օրերի հիշողությունները պահող պատերին, կահ-կարասուն․ չէր կարողանում հավատալ, որ հենց այնպես թողնում են այսքան տարիների ստեղծածը ու գնում դեպի անհայտություն․․․
Վարպետ Աշոտը դեռ երկար կմնար իր հիշողությունների մութ անձավներում՝այդ բախտորոշ օրվա ամեն պահը նորից վերապրելով, եթե Համոն իր աղունիկներով չհաներ նրան այդ թմբիրից, իսկ առանց այդ էլ սպառված համբերությունը՝ հունից։ Աղունիկներից մեկը ծրտեց մեքենայի դիմապակուն, որ հենց նոր էր փայլեցրել մանրամասնորեն, և Համոն գոռաց․
– Վայն եկավ ընձի տարավ,այ թռչուն, էլ տեղ չկա՞ր։
Վարպետը սթափվեց ասես վատ երազից ու հոնքերը խոժոռ սկսեց մաքրել ապակին․
– Վայ, Համո՜, քու տունը շինվի, էս խեղճ ղուշն ի՞նչ կհասկնա․․․ կարիք է, կհոգա, դու ընոնցից խոսա, որ երկու ոտ ունին ու յանի գիվա գլուխ ուսերին, բայց չիդեն՝ ինչ կենեն, ընչի կենեն, էս ծերտի չափ էլ գոնե ոչ խիղճ ունին, ոչ նամուս․․․
Ամպերը գնալով խտանում էին, մանր անձրև սկսեց մաղել։ Համոն լարախաղացի ճարպկությամբ ցատկեց կտուրից։ Վարպետը ավարտեց աշխատանքը, բակի լվացարանի տակ լվաց մրոտ ձեռքերն ու ներս մտավ։ Ժամանակ չուներ, պիտի հնարավորինս շուտ ճանապարհ ընկներ, որ Արցախի՝ թշնամուն հանձնած գյուղերից տեղահանվածներին օգներ, պայմանավորվել էին ընկերներով․ ով ուներ մարդատար, թե բեռնատար մեքենա, հավաքվում էին, որ գնան մարդկանց օգնության։ Այդպես մեկ էլ պատերազմի օրերին էին նույն ճանապարհն անցել։ «Տվածուրիկ է մեզի,- ասել էր ընկերներից մեկը պատերազմի ավարտից օրեր անց,- մե տեղմ ծվարելով, տուն ու դուռ շենցընելով չէ, մեկ էլ տեսար՝ թուրքը էկավ, բկիդ չոքավ, հրաման կուտան՝ հողերն ազատեք, տներդ թողեք, հայի բախտ է, անտերը, բնավեր էղնել՝ երկրե երկիր ցրիվ եղած,ու ծերը չի երևա, վերջը չի երևա, ըսիգ հլը հա էլ ըսպես պտի շարունակվի, թուրքը հանգստացող չէ, օղուլ, չէ՛»։
Աշոտի կինը մեքենայի մեջ դրեց ճանապարհի համար անհրաժետ ուտելիքն ու ջուրը,մեքենայի շարժվելուց հետո ավանդաբար մի բաժակ ջուր ցանեց հետևից ու մտավ տուն։
Վարպետի մեքենան սլանում էր Շիրակի քարքարոտ դաշտավայրի անվերջ երկար ձգվող ճանապարհով, հետևից ընկերներն էին՝ իրենց մեքենաներով։ Վարպետի աչքի առաջ այն չարաբաստիկ գիշերն էր, երբ Կասպից ծովի ափերին շենացող քաղաքի իրենց տնից մեկընդմիշտ դուրս եկան, ու բախտի գնացքը բերեց-հասցրեց Գյումրի։ Այդ գիշեր Մուրադին տեսավ վերջին անգամ, երբ գնացք նստեցին, իրար ձեռք սեղմեցին, առանց բառ փոխանակելու մի կարճ հրաժեշտ, և շչակը սուլեց։ Անիվների չխկչխկոցի ու վագոնների աղմուկի մեջ լուսացավ գիշերը՝ իր հետ տանելով չասված, անբացատրելի ապրումները հեռո՜ւ, շատ հեռու․․․ Անպատասխան հարցերը, ցավը, անորոշությունը սակայն թողնելով որպես ուղեկից՝ հետագա բոլոր օրերի համար, բոլոր տարիների համար, ամբողջ կյանքի․․․ Ապրեցին տան կարոտով, ապրեցի՞ն․․․ չէ,երևի ճիշտ կլինի ասել՝ փորձեցին ապրել, հաղթահարեցին երկրաշարժի, մթի ու ցրտի, հացի հերթերի ու պատերազմի հերթագայող ու չվերջացող, անպատմելի դառնությունների հետ միասին։ Հետն էլ տուն-տեղ դրեցին զրոյից, երեխեքին մեծացրին, ուսումի տվին, տեղավորեցին․․․
Հետո էլ երբեք չհանդիպեցին Մուրադի հետ, էլ տարբերակ չմնաց, չթողեցին, ամեն ինչի վրա դրվեց էն խորը փորված կարմիր խաչը, որի հետքը շոշափեց բակի դռան վրա այն գիշեր, ու մատները մինչև այսօր սարսուռով են հիշում այդ կարմիր փորվածքի խոնավությունը։ Հետո պիտի իմանար, որ իրենց տանը, ըստ պայմանավորվածության, երեք օր հետո, «առաքելությունը» հաջող իրականացրած խմբի պատվին Մուրադը մի լավ քեֆ է կազմակերպել,տան իրերից մի քանի բան էլ ցուցադրաբար այրել է բակում, որ տղերքը բան չկասկածեն։
Ճանապարհը տանում էր ու տանում․․․ և ոչինչ չէր փոխվել, և ոչինչ էլ չի փոխվել երեք տասնամյակ անց էլ․ կորսված տներ, կորսված օրեր, կյանքեր, մշտամնա միայն ցավ, ափսոսանք, անարդարության դառնահամ ու անորոշ անհայտություն առջևում․․․․
– Տվածուրիկ է, անտերը, մեր բախտն էլ ըսպես է, երևի,- բարձրաձայն մտածեց վարպետ Աշոտը ու միացրեց ռադիոընդունիչը․ մանկան մի անուշ ձայն երգում էր՝
Պապերի՜ս խոսքը սրտումս տեղ ունի՝
Մեր հողն օտա՜րը չի վայելի․․․