Խաղաղության երկիմաստությունը/Վարդան Ջալոյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խաղաղության դարաշրջանի մասին չեն կարող
ընդունվել միանշանակ: Խաղաղություն բառը ինքնին բազմիմաստ է: Այն կարող է նշանակել
կենցաղային անդորրություն կամ նախկին ախոյանների միջեւ հաշտություն: Քաղաքական
խաղաղությունը միանգամայն այլ բան է նշանակում եւ Նիկոլ Փաշինյանի խոստումը թվում է
ուտոպիստական:

Խաղաղության մասին պատկերացումները ձեռք են բերում երեւակայական, անիրական բնույթ:
Քաղաքական խաղաղությունը կապ չունի մարդու ձգտման հետ՝ ապրել ապահով, անվտանգ,
ազատ հասարակության մեջ: Քաղաքական խաղաղությունը նշանակում է, որ երկու
քաղաքական սուբյեկտներ համարում են, որ փոխադարձ ձեռնտու չեն պատերազմական
գործողությունները, քանզի նրանք վնասում են երկու կողմին: Երբ մի կողմը ուժեղ է, ասենք՝
Ադրբեջանը, պատերազմը չի վտանգում նրա քաղաքացիների անդորրը եւ անվտանգությունը:
Բայց թույլ կողմի համար պատերազմը երբեք ավարտված չէ, նրա քաղաքացիների համար
անդորը եւ անվտանգությանը այլեւս եւ ընդմիշտ բացառված են:

Երբ մի կողմը ուժեղ է, ասենք՝ Ադրբեջանը, մյուս կողմը չի կարող քաղաքական սուբյեկտ
համարվել, որը կարող է բանակցություններ վարել խաղաղության մասին: Երբ մի կողմը ուժեղ
է, մյուս կողմը՝ թույլ, թույլ կողմը չի կարող համարվել սուբյեկտ, կամ բանակցությունների
սուվերեն սուբյեկտ: Խաղաղության մյուս` թույլ կողմը (շատ դեպքերում, երբ կան թույլ եւ ուժեղ
կողմեր), միջազգային կամ միջազգային մանդատ ունեցող խաղապահ ուժերն են: Արցախում
կամ Հայատանում ռուս խաղապահները չունեն միջազգային մանդատ, նրանք այնտեղ են
Ադրբեջանի համաձայնությամբ: Այն, որ նրանք չունեն միջազգային մանդատ, մեծ խնդիր է:
Ողջունելի է, անկախ ամեն ինչից, Հայաստանի կառավարության ձգտումը կայուն
խաղաղության: Բայց չկա… խաղաղության քաղաքական սուբյեկտը, Հայաստանի
ինքնիշխանությունը վերականգնված չէ. չկա այն սուբյեկտը, որ կհաստատի խաղաղություն:
Տարրական հիմքեր չկան. պետական առանցքային հաստատությունները կազմալուծված են:
Խաղաղության դարաշրջանի մասին շատ ուտոպիստական է հնչում… Գուցե կոմունիզմին
ավելի մոտ ենք, քան խաղաղության դարաշրջանին։

Մենք սուբյեկտ չենք խաղաղության ընթացքում. սուբյեկտը ռուսները եւ թուրքերն են: Այս
խաղաղությունը ոչ միայն ղարաբաղցիներին, հայստանցիներին էլ է սարսափ ներշնչում. սա
այնպիսի խաղաղություն է, երբ անվտանգության երաշխիքներ չկան։

Խաղաղությունը պատերազմից դեռ ոչնչով լավ չի, եւ շատերը լավ բան չեն սպասում: Մարդիկ
դեռ սպասում են, որ կառավարությունը կպայքարի խաղաղության համար, որ «իսկապես», ոչ
թե՝ ձեւականորեն, կկարողանա նստել խաղաղության բանակցությունների սեղանին:
Կա այսպիսի հասկացություն՝ տապալված պետություն: Երեւի մեզ համար տապալված
պետության ամենակարեւոր օրինակը Խորհրդային Միությունն է: Տապալված պետության
օրինակ էին համարվում Վրաստանը, Ուկրաինան կամ Ադրբեջանը, քանզի անկարող էին
վերահսկել ամբողջությամբ իրենց տարածքները: Նույնիսկ հիմա Հայաստանի
կառավարությունը հիմնականում վերահսկում է միջազգայնորեն ճանաչված իր սահմանները,
եթե անտեսենք փոքր միջադեպերը:

Բայց տապալված պետության մասին ստիպված ենք խոսել, քանզի Հայաստանը իր
ինքնիշխանական որոշ գործառույթներ փոխանցել է Ռուսաստանին: Բոլորին է հետաքրքրում
այդ հարցը. 44-օրյա պարտությունը Հայաստանը դարձնո՞ւմ է տապալված պետություն, թե՞
ոչ: Ալիեւի կամ Էրդողանի որոշ հայտարարություններ այդպիսի հարցի իրավունք են տալիս:

Պետությունները չեն տապալվում միանգամից, անկումը ժամանակ է պահանջում: Ֆիզիկայի
օրենքները մեզ ասում են, որ այն սկզբում դանդաղ է գնում, հետո՝ արագանում է:
Պետությունների փլուզումը, ինչպես համոզվել ենք ԽՍՀՄ-ի օրինակով, տեղի է ունենում
դանդաղ եւ աննկատ: Պետությունը սկսում է ավելի ու ավելի վատ կատարել իր
գործառույթները, այլեւս չի կարողանում որոշումներ ընդունել: Ավելի ճիշտ. կենտրոնում
որոշումներ են ընդունում, բայց տեղերում դրանք անտեսվում են: Պետությունը դադարում է
ստանալ աջակցություն բնակչությունից, դադարում է այն կառավարել, իսկ բնակչությունն էլ չի
պահանջում այդ, քանզի համարում է, որ այն իրեն չի կարող մատակարարել անհրաժեշտ
քաղաքական «ապրանքներ»: Օրինակ, չի կարող պաշտպանել արտաքին թշնամիներից,
քանզի անկարող է բավարար քանակի հարկեր հավաքել մարտունակ բանակ ունենալու
համար եւ հույսը դրել է ռուսական ռազմաբազաների վրա: Պետական չինովնիկները
դադարում են կատարել պետության կողմից սահմանված պարտականությունները եւ սկսում
են զբաղվել անձնական գործերով: Օրինակները կարելի է բազմապատկել:
Իշխանությունները դառնում են ավելի ու ավելի անվճռական, սկսում են խուսափել լուծել լուրջ
խնդիրներ: Ի վերջո պետության քայքայման գործընթացը հանգեցնում է նրան, որ այն
դառնում է բնակչության համար ավելորդ, զարգացումը արգելակող գործոն, այնպիսի
հաստատություն, որ միայն խանգարել գիտի: Այս իրադրությունն էր ԽՍՀՄ վերջին
տարիներին: Դա նշանակում է, որ պետությունը կորցրել է իր գոյության իրավունքը եւ պետք է
անհետանա:
Ո՞վ է սուվերենը տապալվող պետությունում։ Ես տեսնում եմ երկու տարածված տարբերակ։
Առաջինը հատուկ է ավտորիտարիզմին։ Սուվերենը իրլիազորությունները փոխանցում է
ոստիկանությանը։ Սա Ջ. Ագամբենի նշած «ոստիկանական ինքնիշխանությունն» է։
Մյուս տարբերակը «դեմոկրատական ձգձգումն» է։ Որոշումը հետաձգվում է քննարկումների,
քվեարկությունների կամ հանրաքվեների պատրվակով եւ միշտ հղվում են «ժողովրդի
կամքին»։ Մինչ որ, արդեն ուշ է որոշում ընդունել։
Այսօր իրականը ոչինչ ձեռնարկել չկամեցող քաղաքական ուժերն են: Անվճռականությունը
այսօր վերնախավի կողմից ավելի պահանջված «ապրանք» է, քան լուրջ խնդիրները լուծելու
ունակությունը: Եկեք տարբերենք խաղաղասիրությունը անվճռականությունից:

Please follow and like us: