Արսենը մեր թաղի ամենահայտնի մարդկանցից մեկն էր: Նրան բոլորն էին ճանաչում: Նույն շենքի նույն հարկում էինք ապրում: Նա ամեն Աստծու օր հանում էր մեր բազմահարկ շենքի մուտքի լամպը ու տանում անհայտ ուղղությամբ: Թե ուր էր տանում, այդպես էլ ոչ ոք չիմացավ. իրենց տանը վաղուց լույս չկար, անջատել էին պարտքերի պատճառով, բայց մուտքի լամպերը հանում էր ու տանում խնամքով:
Շենքի բնակիչները, գիշերային ժամերին մի կերպ խարխափելով, մոտենում էին վերելակին՝ իրենց բառապաշարի թանկ ու էժան բառերն ու լուտանքները թափելով Արսենի գլխին:
– Մարդ չդարձավ էսի-, ասում էին ու նորից լամպ տեղադրում մուտքում` լավ իմանալով, որ դա էլ է տանելու: Որոշները նույնիսկ հենց այդ նպատակով էլ կարծես տեղադրում էին լամպերը, որ Արսենը տանի:
– Բա որ չտանի, բա ի՞նչ անի,- ասում էին` մի քիչ նույնիսկ փորձելով ինչ-որ կերպ արդարացնել նրան:
Ու երեկոյան նորից նույն ծանոթ ու հարազատ մութը ու էլի միշտ նույն պատմությունը: Անիծված էինք ու խավարով պատժված, որովհետև մեր մուտքում ու շենքի բազմաթիվ հարկերում լույս չէր վառվում երբեք:
Մի քանի անգամ էլ շենքի թիթեղներն էր հանել ու հեղեղել ամենավերևի հարկում ապրողներիս տները:
Մի հերթական հեղեղի ժամանակ վերելակում հանդիպեցինք, աչքերն ինչպես միշտ պղտորված էին ու մութ, սառը, ոչինչ չասող հայացքով ինձ էր նայում, կարծես հայացքս էր ուզում բռնել, որսալ մի կերպ.
– Բայց պիտի որ ձեր առաստաղին չհասներ էդ անձրևի ջուրը, էդ ո՞նց եղավ, որ էն մի ծայրից ձեր տուն է հասել:
– Սակայն ի՞նչ տարբերություն` ում տուն է հասել, գիշերային հեղեղից ու անքուն մնալուց կատաղած` ընդհատեցի ես:
– Շատ մեծ տարբերություն,- ասաց` հատ-հատ արտաբերելով բառերը: – էնքան մեծ, որ հմի կդժվարանամ բացատրեմ քեզ, բայց մի պայծառ օր կիմանաս էդ սաղ, – խմելուց մթագնած գլուխը բազմանշանակ տմբտմբացնելով` ավելացրեց ու առաջինը հենց ինքն էլ դուրս թռավ վերելակից:
Հարևաններն էլ էին բարկանում ամեն անգամ, բայց զարմանալիորեն չէին չարանում Արսենի հանդեպ: Չէին չարանում ու Արսենի համար հաճախակի մեր շենք այցելող ոստիկաններին էին խնամքով ճանապարհում:
– Չէ՛, այ մարդ, գնացե՛ք ձեր բանուգործին, Արսենից ի՜նչ հանցագործ, էն ու՞ր, հանցագործ լինելն ու՞ր:
Բակում հավաքված տղամարդկանց խոսքը ի մի էր բերում առաջին հարկում ապրող դերձակ Նորիկ ձյաձյան, որ քաղաքիս տղամարդ դերձակների վերացող տեսակի վերջին կարկառուն մոհիկաններից էր:
Ոստիկաններին ճանապարհելուց հետո, ճիշտ է, մի կուշտ բարկանում էին ու «նախշում» Արսենին, բայց ամեն դեպքում մի տեսակ մեղմ ու ըմբռնումով էին բարկանում բոլորը:
Տարօրինակ տղա էր Արսենը, ամեն օր գողանում էր, բայց գող չէր, ամեն օր խմում էր, բայց հարբեցող չէր:
– Լավ տղա է,- միաբերան կրկնում էին բոլորը, նույնիսկ այն մարդիկ, ում տարիներով գումար էր պարտք ու չէր մտածում վերադարձնելու մասին:
– Բա՛րև, Արսե՛ն ջան,- մի յուրահատուկ գորովանքով էր Արսենին բարևում կողքի շենքում ապրող ընկեր Բադալյանը: Որ տարիներ շարունակ գրականություն էր դասավանդել Արսենին և երևի իր ճանաչած հուր-հեր մազ մորուք ունեցող, բոյ-բուսաթով հերոսներին էր նմանեցնում Արսենին, որովհետև մի առանձնահատուկ քնքշանք ու հիացքներ կային այդ բարևի ու հայացքի մեջ: Ընկեր Բադալյանը չէր մոռանում ամեն անգամ ափսոսալ, որ իր խելացի Արսենը այդպես էլ փաստաբան չդարձավ:
– Ախր նա ամենաշատն էր պայքարում անարդարության դեմ, ու միշտ հե՛նց ինքն էր առաջինը պաշտպան կանգնում թույլերին, և հայացքին վեհ կեցվածք տալով` ավելացնում էր` Մեծն Կոմիտասը նման դեպքերի մասին է ասել. «Եթե մարդը ճիշտ դաստիարակություն ստանար ու ճիշտ միջավայրում ապրեր, նա չէր դառնա հանճարեղ գող, նա կդառնար ուղղակի հանճարեղ մարդ»:
– Հեսա դզվելու եմ, ընկե՛ր Բադալյան ջան:
– Արսե՛ն ջան, դու կարծես Ճ-տառը լինես, չես ուղղվելու այդպես էլ: Ըհ-հը-հը:
Արսենի կինը տարիներ շարունակ հավատացել էր, որ ամուսինն իրոք լավ տղա է: Հետո մի օր էլ երևի հոգնել էր ինքն իրենից էլ, իր կույր հավատից էլ ու տղա երեխայի հետ գնացել էր կողքի շենքում ապրող հոր տուն: Առանձնապես իրար հետ չէին շփվում, երեխան էլ խուսափում էր հոր հետ շփումից, բայց բակում անցնել-դառնալիս Արսենն անպայման կանչում էր տղային ու կանաչ թղթով կծու կոնֆետներ էր տալիս նրան:
Մի քանի անգամ էլ վերելակում ինձ հանդիպելիս է կոնֆետ առաջարկել.
– Պահի՛ր, տղայիդ կտաս,- մի քիչ կոպիտ ու մուննաթախառն ամեն անգամ հրաժարվում էի ես:
– Էսի ամեն մեկին ես չեմ տալիս, երեխուն էլ կա, արխային վերցրո՛ւ:
Ու ամեն անգամ իմ տխմար համառությունը հաղթում էր իր չհոգնող համառությանը:
– Պահի՛ր քեզ, հա՞, քանի անգամ եմ ասել, որ չեմ ուզում:
– Հեսա մի քանի օրից դզվելու եմ,- կիսախմած, կիսաուռած դեմքով ձայնում էր Արսենը` ամեն օր իր որպիսությունը հարցնողներին:
– Դզվելո՜ւ եմ,- ասում էր նույնիսկ ինքն իրեն ու ձայնից թնդում էր ամբողջ շենքը: Ասում էր ու դրխկալով խփում նիհար կրծքին: Բարձրահասակ էր ու նիհար, չգիտեմ` նիհարությունի՞ց, թե՞ բարձրահասակ լինելուց կորացած մարմնով: Երիտասարդ էր, բայց ժամանակից շուտ թափվել էին մազերը:
Մոր հետ էր ապրում Արսենը: Խուլուհամր հորը շուտ էր կորցրել: Մայրն էլ էր խուլուհամր և երբեք ոչ խոսել էր, ոչ լսել: Նրա դեմքին նայողին այնպես էր թվում, թե այդ կինը ուղեղն էլ է անջատել արտաքին աշխարհից, որովհետև այնքան մեղմ ու հանդարտ էր ժպտում բոլորին, որ կարծես հենց այդ վայրկյանին հնչող վայնասունը իրենց տնից չէր սկիզբ առնում ու տարածվում ամբողջ շենքում: Իսկ վայնասունի մեջ մի բառ էր բարբառվում միայն՝ դզվելո՜ւ եմ: Բնականաբար չէր լսում տղայի ձայնը, բայց տեսնում էր, չէ՞: Տեսնում էր, բայց անզոր էր, ոչինչ չէր կարողանում անել: Ռուսական կտավ հիշեցնող դեմքի կլորիկ թշերից սկիզբ առնող, միշտ պատրաստ մեղմ ժպիտն էր պատասխանը իր բոլոր անզորությունների: Լողանալու սպունգներ էր գործում գունավոր թելերով, վաճառում փողոցներում , փորձում մի քիչ գույներ ավելացնել իր գորշ ու անուրախ կյանքին:
Օրերից մի օր էր, մարտյան ոչինչ չխոստացող ու անբովանդակ ցուրտ օր, ինչպես օրն այսօրվա, մի վերջին անգամ Արսենենց տնից վայնասուն ու ճիչեր լսվեցին, բայց այս անգամ Արսենը չէր: Խուլուհամր մոր ձայնն էր, որը սկզբում զարմացած լսեցինք մուտքի ապրողներս, հետո հեղեղի պես դուրս թափվեցինք տներից: Այդ կնոջ կրծքից երբեք ձայն դուրս չէր եկել, բայց տեսնելով անշարժացած որդուն` անզոր ճչում էր ու պոկում մազերը:
Արսենը, ձեռքերը տարածած, անփույթ ու անօգնական ընկած էր մեծ մահճակալի լայնքով, մարմինն արդեն սառն էր ու անկենդան:
– Մեր Արսենն է մահացել, – միաձայն ու միահամուռ ասում էին բոլորը,- խոզի գրիպից:
Հետո՞… Հետո աշխարհում ոչինչ չփոխվեց: Նորից նույն շարքով ու կարգով միապաղաղ օրեր եկան` իրար նման ու շատ տարբեր իրարից: Ո՛չ լավն ավելացավ աշխարհի, ո՛չ վատը պակասեց. ուղղակի աշխարհի ինչ-որ անկյունում ապրող Ջուլյա անունով մի կին 33 անգամ զանգեց Արսենի հեռախոսին, ու երբ ոչ ոք այդպես էլ չպատասխանեց, գուցե կատաղած ու հուսահատված շպրտեց հեռախոսը:
Արսենի խուլուհամր մայրը մի անգամ էլ փորձեց ողբանման ձայներ հանել` տեսնելով տղայի հեռախոսի էկրանին անընդհատ վառվող կանաչ լույսը ու նորից լաց եղավ, որ իր տղային բացի իրենից` էլի հիշողներ կան փաստորեն:
Հետո մեր շենքի մուտքն ու հարկերը լուսավորվեցին ու մնացին այդպես լուսավոր, վերջապես չընդհատվեց ու ապրեց լույսը մեր շենքում, բայց եղան մարդիկ, որ տխրեցին այդ վառ վառվող լույսից, շատ տխրեցին, որովհետև իրենց ներսում՝ ինչ-որ կարևոր տեղում ինչ-որ թանկ ու կարևոր լույս մարեց` այլևս չվառվելու պայմանով:
…Թե ինչպիսին է հանդերձյալ աշխարհը, և ինչպիսին է կյանքն այնտեղ, աշխարհիս երեսին ապրողներին դեռ հայտնի չէ: Բայց կարելի է ենթադրել, որ այնտեղ գնացողները դզվում են իսկապես, քանի որ այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել ետ` այս ծուռումուռ ու անվերջ ոլորուն աշխարհը:
…Եվ դժվար օրերիս մեջ, երբ ելքեր չեմ գտնում` հաղթահարելու կյանքիս տարբեր, կարծես մարտյան երկնքից թափվող հեղեղի նման դժվարություները, ու երբ Նորին մեծություն Հույսը կարեկցանքով վերջապես այցելում է ինձ և իմաստալից դեմքով համոզում, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու, ես միշտ մեր Արսենին եմ հիշում.
– Դզվելու եմ…