Մարինա Գեւորգյան/Որովհետեւ այստեղը հայրենիք է

***

Այստեղ

զինվորը խրամատում

հիշում է ծնկած օրորերգող մորը,

և թշնամու գնդակը 

անցնում է կողքով,

այստեղ

որդու հետ

ռազմաճակատ են գնում 

հայրը, պապը, բոլորի աղոթքները․․․

ու հրետանու կրակի մեջ

լսում են լեռները 

միայն աննահանջ

առաջ գնալու մարտակոչ,

այստեղ 

քույրը զինվորագրվում է՝

եղբոր վրեժը առնելու․․․

այստեղ 

հայ կինը որդեգրում է 

անմայր զինվորին․․․

այստեղ

հողը փայփայում են 

նորածնի, Աստվածաշնչի,

հացի նման․․․

անհայրենիք վարձկանն ի՞նչ իմանա․․․




Երկիր

ամեն անգամ 

գրկում եմ բոլոր ծաղիկներդ,

շոյում եմ բոլոր քարերդ,

հայացքի տարողության չափ 

փորձում եմ կլանել,

տանել օրը, օդը,

բնապատկերներն աստվածատուր,

և լինել երջանիկ, որ կաս,

որ կամ քո երկնքի տակ, քո հողին,

քեզ հետ եմ՝ անբաժան, ամենուր․․․

այնքան սիրուն ես, երբ արևը 

իջնում է սարերից․

չեմ ուզում՝ մայրամուտները վերջանան․․․

ամեն անգամ սեղմում եմ սրտիս

որդիներիս ձեռքերը՝ դեռ զենք չբռնած․․․

ու երազում եմ,որ 

նրանք շոյեն քարերդ,

ծաղիկներդ հավաքեն սրտինների համար,

ու ես նույն երջանիկը լինեմ,

որ կաս,որ կանք քո հողին,

քո երկնքի ներքո

խաղաղության օրոր ասեն

ազատության քամիները 

ցորենի արտերին,

լեռներին,

սահմաններին․․․

սիրուն ես ավելի,երբ 

արևը տեսնում է քեզ տիեզերքից․․․
երանի լուսաբացները երբեք,երբեք,երբեք
չուշանան․․․



Dark ժամանակներ

Ժաննա, թե ունենայի 

համոզմունքիդ կեսը գոնե,

որ հայոց հարցերը կլուծվեն ինձնով,

գիտեմ, ծիծաղում ես հիմա՝

իմ ցնդած գլուխը հողելով,

որ չունեմ հմայքդ ու խղճուկ հռետոր եմ,

ու տասնիննս անցել է վաղուց,

եւ տարիքով ավելի մեծ եմ ,
քան երկրիս անկախությունը,

կամ էլ ի՞նչ է ինձ պետք,երբ 

հայրենիք ունեմ՝

ազատ, ինքնիշխան հանրապետություն,

պիտի որ վեր ընկնեմ տեղս՝սուս արած,

բայց ես կելնեի,կելնեի մի սեպտեմբեր

համբերության իմ պատյանից,

կիջնեի Ազատության հրապարակ,

ու կասեի՝

բերեք պայմանագրերը,

որոնցով վաճառել ու հանձնել են

հպարտությունը,

պատմությունը,

ապագան…

ու այրեք ինձ էդ թղթերի վրա երեք անգամ,

թե պետք է…

Ժան,բայց ես ու դու հո գիտենք

երեք բան հաստատ.

մոխիրս կավլեն երկարպոչ ավելով,

ջրցանով կլվան հետքերը,

իսկ հողը տրորված, տանջված 

կշարունակի աղաղակել՝

graviora manent*

*լատ.՝ծանր բաները մնում են(կամ՝ամենավատը դեռ առջեւում է)


Օրոր հույսին

-Րուրի ասեմ, դու րուրենաս․․․

-Մամ, տիկնիկս մեր տան պատուհանին

մնաց:

-Դուն պզդիկ իս․․․

-Մամ ,շատ է վախենում կրակոցից:

-Բարո՜վ մեձնաս․․․

-Սպասում է հիմա,արի՝գնանք ,

Մեր տունը կտխրի դատարկ,

լաց կլինի մենակ։

-Րուրի ասեմ,դու րուրենաս․․․

-Աչքերս չեն փակվում,

մեր Չալոն առանց մեզ ինչպե՞ս մնա․․․

-Րուրի,րուրի,րուրի,բալաս․․․

-Մամ,տիկնիկս կանչում է տուն․․․

-Դուն պզդիկ իս,բարով մեձնաս․․․



Նամակ, որ գտան խրամատում

Բարև, զավակս,

այսօր պատերազմ է սկսվել,

այսօր իմացել եմ, որ գալու ես․․․

ես չեմ հասցնի տեսնել քեզ,

ընկերներս չկան,

մի բեկոր արյունել է կուրծքս,

խրամատում մեն-մենակ եմ հիմա․․․

Բառերով եմ գրում քեզ գրկելու մասին 

ամենամեծ վերջին երազանքս,

էլ ժամանակ չունեմ,բայց քոնը դեռ նոր է սկսվում․․

Դու պիտի գաս լապտերավառի պես,

պիտի պատռես խավարի վարագույրները,

ներս թողնես լույսը տուն,

կանգնես հողին ամուր, ամուր, ամուր․․․

Եվ հետո 

ամենուր խաղաղություն կլինի,

և հորովել երգելով կգաս ,

օրհներգը երգելով 

հպարտ վեր կնայես,

բռունցքդ կսեղմես սրտիդ ու կգոռաս,

բարձր, բարձր, բարձր,

բարձր, բարձր, բարձր․

– Անհաղթ ես, հայր իմ ՀԱՅՐԵՆԻ՜Ք, ամենազոր ես․․․

Ու Աստված կթողնի բոլոր գործերն իր անիմանալի 

ու հոտնկայս կօրհնի ասածդ․․․

Այսօր պատերազմ է սկսվել,

այսօր իմացել եմ, որ գալու ես․

խաղաղված եմ գնում,

զավակս․․․



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐ

Այս հողը ոչինչ չի մոռանում,

մաշկի տակ ի՜նչ քարեր են ծակում՝

կաթ, կաթ, կաթ, կաթ․

ծարավ աղբյուրները հավաքել- քչքչում են

աչքերի օազիսը միլիոնների։

Քառասնօրյայի հեղեղները 

անցել են այս հողի խորքերը երեւի,

Ու ապարները ընդերքում այրվում եմ՝
արդարության հաղթանակը  ժայթքելու սպասումով։

Մինչ  արմատից ցողունով բարձրացող գենետիկ հիշողությունը

ծառ է ճոճում․

երկրի աշունը դեպի լույսն է գլորում խնձորներ՝

խտացումը ամենաքաղցր ջրի։


***
Ուսերին աշունե գլխաշոր,

Ու երկինքն անձրևոց թափանցիկ՝

Անցնում է Աստծո աշխարհով

Մի սիրուն, անձրևաչ Հայրենիք։

Ինձ գրկել, ասում է՝ արևի՛ր,

Ձյունում են օրերը-կհալվեն,

Մշուշներն ու քամին՝ անցողիկ,

Արմատիդ հավատա՛, իմ աղջիկ։

Այս հողը կակաչե մի մեծ սիրտ,

Հաց-գինին էն գլխից օրհնված,

Անցնում է Աստծո աշխարհով 

Մի սիրուն, արևաչ Հայրենիք։

Please follow and like us: