— Սպասե՛ք, սպասե՛ք։ Կտեղավորվե՞նք,- հևալով հարցրեց Կինը։
— Հա՛մ կսպասենք, քո՛ւրս, հա՛մ էլ կտեղավորենք,- կիսաժպիտ պատասխանեց Չաղոն ու փոքր-ինչ աջ քաշվեց։
Կինը ձեռքերով սեղմեց ցցված կրծքերը, խցկվեց Չաղոյի ու նրա ձախ կողմում կանգնած Փողկապավորի արանքը և հայտնվեց 4 տղամարդկանց կենտրոնում․ պտտվեց դեպի վերելակի դուռը, հետևում թողնելով երկուսին, ու հայացքը վեր պարզելով՝ թատերական առոգանությամբ ասաց․
— Շնորհակալությո՛ւն։
Վերելակի դռները փակվեցին և լսվեց ժանգոտած շարժիչի տհաճ դղրդոցը։
— Իջա՛նք, — ասաց Փողկապավորը։
— Իջնո՛ւմ ենք, — արձագանքեց հետևում կանգնած, ծերացած դեմքով Ջահելը։
— Շարժվո՛ւմ ենք, — շարֆն ուղղելով հակադարձեց Ջահելին նրա կողքին կանգնած Բանաստեղծը, որ անտեսելով իջնելու անքակտ ու անհերքելի փաստը՝ փորձում էր մնար իր սահմանած բարձրության վրա ու սանտիմետր անգամ չիջնել այդ երևակայական նշաձողից։
— Կհասնե՛՞նք,- անվստահ հավատացրեց Չաղոն՝ ամեն դեպքում ծոցագրպանում ստուգելով դրամապանակի առկայությունը։
Կինը դեռ արտաբերած «շնորհակալության» շորշոփի տակ էր, երբ դղրդոցը կտրվեց, և վերելակը կտրուկ կանգ առավ։
— Երևի շենքի հոսանքները տարան,- եզրակացրեց Փողկապավորը։
— Բայց լույսը վառվում ա,- թթված դեմքով Ջահելը ձեռքով ցույց տվեց գլխավերևում շողացող վերելակի լույսը։
— Իսկ չի կարա՞ լույսը վառվի, բայց շենքի հոսանքները տարած լինեն,- հռետորաբար վրդովվեց Փողկապավորը։
Բոլորն իրենց հայացքներն անմիջապես ուղղեցին Փողկապավորի կողմ, նույնիսկ Չաղոն։ Բանաստեղծը հետաքրքվեց․
— Կներեք, իսկ Դուք որտե՞ղ եք աշխատում։
— Ե՛ս ԱԺ պատգամավոր եմ,- Փողկապավորի տոնի մեջ կարելի էր հպարտության երանգներ նկատել։
— Հաաա՜, պա՛րզ ա,- հոգոց հանեց Կինը։ – Տղանե՛ր ջան, հլը մի պահ մոռանանք էս թյուրիմացությունը․ բա ի՞նչ պիտի անենք, հո սենց չե՞նք մնալու, հազար ու մի գործ ունենք։
— Ես մի 3000 դոլար փող ունեմ մոտս, քարտիս մեջ էլ բավականին կա,- ծոցագրպանից դրամապանակը հանեց Չաղոն,- հերիք չի՞ էս հարցը լուծելու համար։
Կինը թեթևակի ժպտաց քթի տակ և քայլ արեց դեպի Չաղոն։ Բանաստեղծը, որ մոտեցել էր Փողկապավորին, ևս պարապ չմնաց ու դիրքավորվեց Կնոջ հետևում՝ Փողկապավորի ու Չաղոյի արանքում։
— Իհարկե, լավ ա, որ փող ունենք․․․ կներեք, ունեք,- փոքր-ինչ շփոթահար սկսեց հոգսատանջ դեմքով Ջահելը, — բայց էս դեպքում իմ ծակ գրպաններն ու Ձեր չաղ դրամապանակը մեկ են, էստեղ ոչ մեկին չենք կարող ո՛չ կաշառել, ո՛չ էլ փողով առնել, վերելակի դռները դժվար թե բարեհաճեն բացվել նման պարզունակ գործարքի արդյունքում։ Պետք ա ուրիշ բան մտածել, չնայած՝ ես թքած ունեմ, ինձ համար լրիվ մեկ ա։
— Որ փողով հարցերը չեն լուծվում (ախր, վերջին տարիներին տենց դեպք չեմ հիշում), ես փորձում եմ ուժով հասնել իմ նպատակին։ Ոնց ասում են՝ վերջ թավիշին,- ճտճտացնելով իր հաստ մատները՝ Չաղոն հարձակվեց վերելակի դռների վրա։
Քաշեց-քաշեց-քաշքշեց, բայց վերելակի դռները տեղից շարժել չհաջողվեց։ Փողկապավորը փորձեց մխիթարել Չաղոյին։
— Դուք մի նեղվեք, մեր օրերում նման բաներ հաճախ են պատահում։ Իհարկե, ուժն ու փողը լավ բաներ են, մանավանդ փողը․․․ խնդրում եմ, դրամապանակը հանկարծ հեռու չդնեք, դեռ կխոսենք այդ մասով․․․ բայց էս հարցում դրանք անզոր են։ Ավելի հեշտ, բազմիցս փորձված, աշխատող մեթոդ կա, ընկերնե՛ր ջան, հեսա հարցը տնական ձևով կը-կար-գա-վո-րենք ։
Փողկապավորը գրպանից հանեց բջջային հեռախոսն ու սկսեց ֆեյսբուքյան գրառում անել․ «Ընդդիմության ներկայացուցիչներն ինձ և իմ համախոհներին փակել են վերելակի մեջ ու անհեթեթ պահանջներ են ներկայացնում։ Օրինապահ մարմիններից անհապաղ պահանջում եմ համապատասխան գործողություններ կիրառել՝ ազատ արձակելով մեզ։ Եվ հիշե՛ք՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, վերադարձ հնին չի՛ լինելու»։
— Էէէ՜, էդ ձեր ծեծված արտահայտություններին էլ ոչ ոք բանի տեղ չի դնում, — առաջ անցավ Կինը։ — Վերելակի դռները ամպագոռգոռ բառերից չեն բացվում, քաղցրի՛կս։ Հլը մի կողմ քաշվիր ու տե՛ս՝ ինչը երբեք չի՛ հնանում ու չի՛ կորցնում իր փրկիչ ուժը։
Կինը դիրքավորվեց դռների առաջ, մեջքն ուղղեց ու սկսեց դանդաղորեն արձակել վերնաշապիկի կոճակները։ Վերելակի դռները փոքր-ինչ տեղի տվեցին և սկսեցին կենդանության նշաններ ցույց տալ՝ մի քանի անգամ իրար խփվելով։ Հաջողությունից ոգևորված Կինն արձակեց կրծքկալն ու գոհունակությամբ ձեռքերը դրեց կոնքերին։ Վերելակի դռները սկսեցին երերալ, ուժգնությամբ բացվում-փակվում էին, բացվում-փակվում էին, սակայն վերջնական հաղթանակ այդպես էլ տեղի չունեցավ։ Տղամարդիկ ուշադիր հետևում էին գործողությունների ընթացքին՝ մեկ հիանալով, մեկ հիասթափվելով Կնոջ անզուգական կծրքախաղից։ Միայն դժգույն դեմքով Ջահելն էր անտարբեր կանգնած վերելակի անկյունում։
— Չէ, բալա՛մ, ես հանձնվում եմ, — նեղված ասաց Կինը՝ կոճկելով բացված վերնաշապիկը, — երևի է՛լ էն չեմ․․․ կամ էլ աշխարհն այլևս էն չի, ու արդեն կան հարցեր, որտեղ նույնիսկ կանացի կրծքերը չեն կարողանում որոշիչ դեր խաղալ․․․
— Մի հիասթափվիր, ջանի՛կս,- Բանաստեղծն արդեն հայտնվել էր Կնոջ կողքին,- վերելակի դռները սառն են, ինչպես Արկտիկայում լողացող հազարաշերտ սառցաբեկորները։ Ես ցնցվել էի Ձեր համարձակությունից, Դուք սխալվում եք՝ Ձեր գեղեցկությունը ի զորու է սարեր և ձորեր շուռ տալ, Ձեր մերկությունը աշխարհի տիրակալներին կստիպեր սողալ Ձեր ոտքերի առջև, Կլեոպատրա՛։ Տեսե՛ք՝ ես նույնիսկ լքել եմ իշխանության ու հարստության խորհրդանիշներին,- Բանաստեղծը ցուցադրաբար իր հայացքը սահեցրեց Փողկապավորի և Չաղոյի վրայով,- և կանգնել եմ Ձեր՝ գեղեցկության աստվածուհու կողքին, ի՛մ Աֆրոդիտե։ Բայց մեկ բանում Դուք իրավացի եք, մենք մեր իսկ սեփական ձեռքերով փչացրել ենք այս աշխարհը և, ցավոք, պոեզիան ու իմ սրտակեղեք բառերը ևս կբախվեն երկաթյա անշունչ դռներին և դրանցից ոչ մի օգուտ չի լինի այս իրավիճակում․․․
— Դե, հերի՛ք ա լացեք,- չդիմացավ ջղային դեմքով Ջահելը,- ամբողջ կյանքումս ձեր նվնվոցն ու լացուկոծն եմ լսում։ Սրտակեղեք․․․ Աֆրոդիտե․․․ չէ մի չէ՝ Քիմ Քարդաշյան։ Հլը հետ քաշվեք բոլորդ, «դավայ-դավայ», արագացրե՛ք։
Բոլոր 4-ը ակնթարթորեն հետ քաշվեցին՝ առջևում թողնելով ջղաձգված դեմքով Ջահելին։ Հետևում կանգնած՝ նրանք լսեցին, թե ինչպես իջավ Ջահելի տաբատի շղթան, և մի քանի վայրկյան հետո բոլորով սկսեցին ուշադիր հետևել, թե ինչպիսի օլիմպիական հանգստությամբ է Ջահելը միզում վերելակի երկաթյա դռներին։ Միզեց վերջացրեց, քաշեց շղթան ու բարձրացող տաք գոլորշու մեջից սկսեց հանդարտ հետևել երկաթյա դռներին։ Մի քանի վայրկյան հետո դռները թեթևակի ցնցվեցին, և վերելակը կրկին շարժվեց։
— Շարժվո՛ւմ ենք,- ասաց Բանաստեղծը։
— Իջա՛նք,- արձագանքեց Փողկապավորը։
— Կհասնե՛նք,- ինքն իրեն համոզեց Չաղոն։
— Շնորհակալությո՛ւն,- ասաց Կինը։
Չորսով առաջ անցան, իսկ հուսահատ դեմքով Ջահելը մնաց նրանց հետևում։ Նստեց կեղտոտ հատակին և ինքն իրեն սկսեց մտմտալ․«Ո՞ւր են այս մարդիկ շտապում, ինչո՞ւ են իրենց կոտորում, բան չեմ հասկանում։ Եվ ինչո՞ւ սարքն այս պիտի կոչվի «վերելակ», եթե սա նախատեսված չէ միայն վեր բարձրացնելու համար։ Ամեն Աստծու օր վերելակը մարդկանց իջեցնում ու հացնում է իրենց գործերին, նպատակներին, երազանքներին․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ «վերելակ» կոչվող սարքը մարդկանց իջեցնում է ներքև, որ նրանք հասնեն իրենց երազանքներին․․․ Չկա ավելի անհեթեթ ու ավելի ակնհայտ սուտ, քան այս մեկը։ Չնայած՝ մեր կյանքում արդեն է՛լ ոչինչ արժեք չունի, ամեն բան կորցրել է իր էությունն ու գույնը։ Նույնիսկ սուտը էլ հինը չէ, սուտը նույնպես կորցրել է իր կշիռն ու նշանակությունը։ Հա, հետո՞, ասենք՝ խաբվեցի, կամ խաբեցի, կամ ինքս ինձ խաբեցի, որը, թերևս, ինձ մոտ ամենալավն է ստացվում։ Ինձ ի՞նչ, ես արդեն վաղուց մի անհոգի գոյացություն եմ, ես անտարբեր եմ, քան երբևէ, ինձ չի հետաքրքրում, թե «վերելակն» ինձ ուր է տանում, ես թքած ունեմ՝ իջնելով վեր եմ բարձրանում, թե բարձրանալով առնետների հետ սողում եմ «կյանք» կոչվող այս ընդհատակում․․․»։