(«Մեղրամիս» բլոգասերիալից)
Գրացի օդանավակայանում Լուիսը սպասում էր վարորդի՝ Անդրեայի հետ։ Մեզ տեսնելուն պես Լուիսի դեմքին մեղավորության զգացում հայտնվեց։ Մի քանի անգամ նամակով զգուշացրել էր, որ Գրացում շատ ցուրտ է։ Ու չնայած մենք նայել էին «Գուգլ»-ում Գրացի ջերմաստիճանն, ու այն երևանյան ջերմաստիճանից հաստատ բարձ էր, Լուիսի հորդորով այնքան տաք էինք հագնվել, որ նույնիսկ Երևանում էինք շոգում։
– Երևանում ձյուն լինո՞ւմ է,- հարցրեց Լուիսը։
– Սովորաբար հա, բայց էս տարի դեռ չի եղել։
– Մեզ մոտ էլ է սովորաբար լինում,- ասաց մեղավոր։
Պատկերացրել էր երևի, որ մենք անապատից ենք գալիս։ Եվրոպացու համար աղքատ եկիրը պիտի շոգ լինի։ Ինչքան հարավ, ինչքան շոգ, էնքան՝ աղքատ ու հետամնաց։
Էնքան հոգնած էինք, որ մեր իմացած անգլերենն էլ էինք մոռացել։ Ես միայն կարողացա բացատրել Լուիսին, որ իմ բանավոր անգլերենը գրավորին զգալիորեն զիջում է, մեծ ակնկալիքներ չունենա։ Մենք, ասի, առիթ չենք ունենում անգլերենը գործածելու մեր կենցաղում, հետևաբար այն բավականին պասիվ վիճակում է։
– Եվրոպայում ոչ ոք անգլերեն ճիշտ չի խոսում, անհոգ եղեք,- ասաց Լուիսը,- իմ անգլերենն էլ է սխալ, մյուսներինն էլ։
Սա էլ անգլերենի գլխավոր հատկությունն է։ Դե համեմատիր այն մեր տարածաշրջանում ընդունված միջազգային լեզվի հետ։ Մենք վաղուց Խորհրդային միության մաս չենք, բայց ծաղրում ենք ռուսերեն սխալ խոսողնորին։ Ռուսերենի հանդեպ այդ վերաբերմունքը տարածվում է նաև անգլերենի վրա. հայը անգլերեն էլ է անգլիացուց ու ամերիկացուց ճիշտ խոսում։ Ու ինչքան հարգալից է վերաբերմունքը օտար, միջազգային լեզվի հանդեպ, էնքան անհարգալից՝ մայրենի լեզվի նկատմամբ։
Մինչ մեքենան դանդաղ արագությամբ անցնում էր Գրացի փողոցներով, Լուիսը պատմում էր մեզ քաղաքի մասին, որ բաժանված է երկու մասի Մուր գետով։ Մուրի մի ափին Գրացի հնաբնակներն են, հին քաղաքը, պատկերասրահներ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, մյուս ափին էմիգրանտներն են ապրում։
– Էմիգրանտները մեզ մոտ շատ են,- ասաց, և այդ արտահայտությունը մի տեսակ հպարտ հնչեց։ Երևի մենք էլ մեր երկրի մասին կարողանանք հպարտությամբ խոսել, երբ մեզ մոտ էմիգրանտներ լինեն։
Էմիգրանտների թաղամասով էինք անցնում, և այն նույնպես բավականին գեղեցիկ էր ու բավականին հին։ Ամենաթարմ շենքեն այստեղ տասնիններորդ դարին էին պատկանում։ Ու չնայած իմ հայրենի Ստեփանավանում այդ դարի շենքեր չկան՝ Գրացը ինձ Ստեփանավանը հիշեցրեց։ Ճարտարապետությունը չէր պատճառը, որ իհարկե տարբեր էր, ուրիշ մի բան կար՝ երևի հանդարտությունն ու ձանձրույթի զգացողությունը, որ հատուկ է բոլոր գավառական քաղաքներին։ Իսկույն հիշեցի Ջառմուշի «Խորհրդավոր գնացքը». Էլվիս Փրեսլիի երկու ճապոնացի ֆան գալիս են ամերիկյան Մեմֆիս քաղաքը։ Կադրեր էին գնում քաղաքի տեսարաններով, ու մեկ էլ տեսա, որ մեր իմացած Ամերիկան չէ։ Ոնց որ Ստեփանավանը լիներ։ Ճիշտ այդ պահին, երբ ես հիշեցի իմ հայրենի քաղաքը, հերոսներից մեկն ասաց, որ Մեմֆիսը նման է իր հայրենի, փոքրիկ, ճապոնական քաղաքին։ Ըստ երևույթին, երկրները իրենց մայրաքաղաքներով են տաբերվում։
Շլոսբերգի ժամ-աշտարակը, որ երևում է Գրացի բոլոր անկյուններից |
Անտառների միջով հասանք մի կարճլիկ աշտարակի, որի վրա ժամացույց էր տեղադրված։ Չգիտեմ ինչու, էդ տեղանքն ինձ Ծաղկաձորի գրողնեի տունը հիշեցրեց։ Ես ու Համբոն իրար հայերեն ասինք՝ նման ա, չէ՞, Ծաղկաձորին, հետո էլ Լուիսին ու Անդրեային թարգմանեցինք, որ սենց-սենց, մենք հանգստյան տուն ունենք հատուկ գրողների համար, Երևանից հեռու մի փոքրիկ քաղաքում, և էս տեղանքը նման է էդ հանգստյան տանը։ Լուիսն ու Անդրեան այլայլվեցին։ Հետո պիտի պարզեինք, որ դա նրանց քաղաքի ամենատեսարժան վայրն է՝ քաղաքի միջնաբերդը՝ կառուցված դարեր առաջ։ Ոնց որ մենք մեկի, ասենք մի ուզբեկի կամ տաջիկի (կամ մեկ այլ ազգության ներկայացուցչի, որի մշակույթին տեղյակ չենք ու կարծում ենք, թե մշակույթ չունեն), տանենք Էրեբունի ամրոց, ու նա ասի՝ էս տեղանքը նման ա մեր գրողների միության հանգստյան տանը։
Հենց այդ միջնաբերդում էլ մեզ տուն տվեցին։ Այդտեղ տներ չկային, դա զբոսավայր էր, միայն մի հին տուն կար, որ պատմական հուշարձան է։ Այն կառուցված էր տասնիններորդ դարի սկզբին և ինչ-որ դերակատարում էր ունեցել թուրքական պատերազմի ժամանակ։ Այդ տունը վերանորոգել էին, հանձնում էին իրենց քաղաք հրավիրված արվեստագետներին։ Տան դարպասի մոտ այդ մասին պատմող մարմարյա ցուցանակ էլ կար։ Մեզ տվեցին նաև այդ զբոսվայրի բանալիները ու պատվիրեցին, որ եթե ուշ երեկոյան տուն գալու լինենք, դուռը մեր հետևից փակենք։
Մեզ համար Լուիսը ուտելիք էր գնել։ Փող էլ տվեց, ինչը ճիշտ ժամանակին էր։ Տվեց մշտական տոմս, որով պիտի անվճար օգտվեինք ժայռի մեջ տեղադրված վերելակից։ Տվեց քարտեզ, որով պիտի կողմնորոշվեինք քաղաքում։ Հեռախոս, որով չէինք կարող զանգել Հայաստան, բայց Ավստրիայի ներսում՝ խնդրեմ։ Մենք էլ իրենց հանձնեցինք երաժշտության հավաքածուն, որ բերել էինք ու յուրաքանչյուրին՝ մի կիլո լավաշ ու սուջուխ նվիրեցինք։ Լուիսն ասում էր՝ սա մեզ իսկապես շատ է, չէր պատկերացնում, թե ոնց և ինչով են ուտում այդ հացը, մենք էլ մեր աղքատիկ անգլերենով փորձում էինք ներկայացնել հայկական խոհանոցի գլխավոր հարստությունը։ԵՍ բացատրում էի, որ նա լավաշը կարող է փռել, չորացնել, ու սրբիչի մեջ փաթաթել-ջուր ցանելով, ուտել շա՜տ երկար ժամանակ։
Այդ տանը մենակ մենք չէինք ապրելու։ Երկու հոգի էլ կային։ Լուիսը մեզ մեր հարևանների հետ էլ ծանոթացրեց՝ մեկը գերմանացի գրող էր, մյուսը՝ բանգլադեշցի ակտիվիստ։ Ծանոթանալիս Համբոն ասեց. «Ես էլ Երրորդ մասից եմ», բայց կատակն, ինչպես և կարելի էր ակնկալել, չհասկացվեց։ Ստիպված եղանք բացատրել, որ Երևանում կա Բանգլադեշ անունով թաղամաս։ Այնպես որ, ասինք, մենք հայրենակից ենք։
Լուիսը երեկոյան մեզ ցուցահանդեսի բացման հրավիրեց։ Ասաց՝ եթե իհարկե ի վիճակի լինեք։Ու գնացին՝ թողնելով, որ հանգստանանք։
– Բայց որ ասինք՝ մեր գրողների հանգստյան տունն ա հիշեցնում, ոնց որ էնքան էլ դուրները չեկավ,- ասաց Համբոն։
– Լավ ա չասի, որ Գրացն էլ տեղ-տեղ Ստեփանավանն ա հիշեցնում, ամբողջ ճանապարհին էդ զգացողությունն ունեի։
– Ես էլ էի հա ուզում ասեմ, բայց չգիտեի՝ ոնց ձևակերպեմ։
Հերենգասե՝ Գրացի գլխավոր փողոցը |
Մեր առաջին օրը Գրացում, որ մի քանի տարի առաջ հռչակվել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, նշանավորվեց մշակութային միջոցառմամբ։ Այն ընդհանուր առմամբ նման էր մեզ մոտ բացվող ցուցահանդեսներին. խոսում էին ինչ-որ մարդիկ, այդ թվում նկարիչները, կար գինի ու խմորեղեն, իսկ նկարները մի բան չէին։ Լուիսը վառվում էր մեզ քաղաքի մշակութային դեմքերի հետ ծանոթացնելու ցանկությաբ։ Նա ներկայացնում էր մեզ ու ասում՝ գրողներ են, Հայաստանից։ Մի նկարիչ խոստացավ մեզ համար սեղան բացել ու ավստրիական ուտեստներ պատրաստել։ «Ի՞նչ եք սիրում,- հարցրեց,- և ի՞նչ չի կարելի ձեզ ուտել»։ Այդ ընթացքում Համբոն հասցրեց ծլկել, իսկ իմ անգլերենը լրիվ արգելակեց, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ ինչ է ասում այդ նկարիչը, և միայն երբ Լուիսը հարցրեց՝ դուք քրիստոնյա՞ եք, թե՞ մահմեդական, հիշեցի, որ փիգը խոզն է, փոռկն էլ՝ խոզի միսը։ «Իհարկե քիստոնյա ենք»,- ասացի վիրավորված, որովհետև գինին արդեն գլխիս էր խփել։ Մի փիլիսովա ճարվեց, որ ասաց. «Օ՜, մենք հայրենակիցներ ենք, հայերը գնացել են Շտիրիայից»։ Ու սկսեց պատմական ինչ-որ աղբյուրներ վկայակոչել, ըստ որոնց ավստրիական Շտիրիա մարզից մարդիկ տեղափոխվել են Այսրկովկաս ու բնակեցրել ներկայիս Հայաստանի տարածքը։ Այդ փիլիսոփան էլ նման էր Կետիկնոցում հավաքվող մեր «շումերագետներին», որոնց միակ դարդուցավը պատմականորեն անտեր մնացած շումերներին պսևդոգիտականորեն տեր կանգնելն է։
Հետդարձի ճանապարհին Լուիսն արդեն ստույգ պատկերացում ուներ մեր անգլերենի իմացության մասին և փորձում էր իմանալ, թե հայերենը որ լեզվաճյուղին է պատկանում։ Մենք ասացինք՝ հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։
– Սլավոնական չի՞,- հարցրեց։
– Չէ,- ասինք,- բայց ռուսերեն բառեր շատ ենք օգտագործում։
-Երևի թուրքերենին է մոտ։
– Չէ,- ասինք,- բայց թուրքերեն որոշ բառեր էլ ենք օգտագործում։
– Բայց ոչ մի կապ չկա՞ թուրքերենի հետ,- հարցնում էր ու նայում կասկածանքով։
– Ոչ,- ասինք,- ոչ մի կապ։
Հետո հարցրեց՝ մեզնից ով է մեծ և քանի՞ տարի ենք ապրում իրար հետ, ու այդպիսով թյուր պատկերացում կազմեց մեր ժողովրդի մեջ ընդունված վարքուբարքի մասին, թե այստեղ մարդիկ մինչև ամուսնանալը կարող են ապրել իրար հետ՝ համարյա եվրոպացիների պես։
Նրան այլ թյուրիմացություններից հետ պահելու համար ասինք, որ անգլերենի մասով մենք բացառություն ենք, ոչ թե օրինաչափություն, ու չնայած հետխորհրդային տարածքում միջազգային լեզվի կարգավիճակում ռուսերենը դոմինանտ է, հայերն ընդհանուր առմամբ շատ լավ են տիրապետում նաև անգլերենին, հատկապես եիտասարդները։ Եվ ընդհանրապես, հեշտ գլոբալացվող ազգ ենք՝ ասինք։ Հետո Լուիսը հարցրեց, թե երբ ենք ամուսնացել, և իմանալով, որ դա եղել է հրավերը ստանալուց հետո, այսինքն բոլորովին վերջերս, ծիծաղելով ասաց.
– Փաստորեն ձեր մեղրամիսն է…
Հաջորդ սերիայում ՝ հերոսները կծանոթանան Գրացին ու Գրացի ժողովրդին։
Նախորդը՝ այստեղ
Հաջորդը՝ այստեղ