Գրիգոր Գրիգորյան/ՊԱՊԻԿԸ, ԹՈՌՆԻԿԸ ԵՎ ԳԱՎՐԻԼՈՎ ՎԱՍՅԱՆ

․․․Բաներ կան՝ հաճախ չես գիտակցում էդ պահին, սովորական ընթացիկի տեղ ընդունում ու առօրյա հոսքի հետ մեջովդ անցկացնում ես։ Եվ որ չես գիտակցում իրադարձության կարևորությունը, չես էլ փորձում դա առանձնացնես ընդհանուր հոսքից, մտքերիդ խորություն հաղորդես ու վերծանես, մասնատես փոքրիկ հատվածների, բաժանած մասերն առանձին-առանձին վերլուծես, դանդաղ ծամես, բոլոր համերը զգաս, ամեն կտորի հետ ժպտաս, ամեն պատառի հետ ապրես․․․ Ոչ զգում եմ, ոչ՝ ապրում, վազում եմ ու վազում, հետևիցս ոչ մեկը չի ընկել, թերևս՝ մենակ իմ կողմից ծնած-սնած-մեծացրած ստվերի պես հետապնդող վախերը․ բայց ես չեմ դանդաղում, ավելի արագ եմ սլանում՝ իմանալով, որ վազում եմ դեպի մութ, դեպի ավարտ, որտեղ անորոշ խավարից բացի ոչինչ չկա։ Ու մի կետից սկսած չե՛մ էլ կարողանում թուլանալ, կանգ առնել ու հասկանալ՝ որտեղ էր սկիզբը և որտեղ վերջը․ գուցե, էն՝ ուր վազում եմ, ուր արյունաքամ լինելով շտապում եմ՝ հենց սկիզբն է, որ կա՞։ Չգիտեմ, եղբա՛յր, չգիտեմ, բայց հոգնել եմ, դանդաղել է պետք, կանգնել եմ ուզում, կանաչ ու ծաղկի կողքով անցնելիս դրանց նայել ու բույրը զգալ եմ ուզում․․․ 

Այստեսակ մտքերով տարված՝ Մերուժանը կապում էր փողկապը, երբ անկյունի մահճակալից լսվեց վեցամյա թոռան՝ փոքրիկ Գաբրիելի ձայնը, որ վերմակի տակ հեռախոսով խաղում էր․

— Վսյո՛, հաղթեցի։ Տեսա՞ր, պապի՛, բոլորին ջարդեցի։

— Ա՛յ բալա, դու արդեն արթո՞ւն ես։

— Հա, — սեթևեթ ժպտաց փոքրիկը։

— Որ գործի չլինեի, էէէ՜, քեզ հիմա նե՜նց էի «գզզզել», նե՜նց էի «գզզզել»․․․ — ասաց Մերուժանն ու քայլեց դեպի դուռը։

Սովորության համաձայն կանգնեց համակարգչի սեղանի մոտ, գլուխը փոքր-ինչ կախեց անկյունում դրված հին Աստվածաշնչի առաջ և սկսեց շշուկով աղոթել․

— Պաշտպանիր ինձ, Տե՛ր, Քո ազնիվ և կյանք տվող Խաչի զորությամբ և փրկիր ինձ ամեն չարիքից: Թող բարի լինի այս առավոտն ու ամբողջ օրը, միայն ջերմություն ու լույս պարգևի, հեռու պահի սատանայի գայթակղություններից, հոգ տանի մարդկանց մասին, որոնք օգնության կարիք ունեն, հիվանդներին ապաքինի, անխելքներին իմաստություն պարգևի, շեղվածներին ճիշտ ուղի ցույց տա, թույլերին պաշտպան կանգնի, անհույսների համար փրկության ճամփա դառնա․․․

— Ու որ չմեռնենք, — կողքից բարձրաձայնեց Գաբրիելը։

— Ի՞նչ, բալա՛, — զարմացավ Մերուժանը։

— Ասում եմ՝ որ չը-մեռ-նե՛նք։ Ըտենց էլ ասա Իրան, պապի՛։

— Հեսա ասեմ, ջա՛նս․ թող կորուստներ չլինեն, Տե՛ր, թող այս օրը ոչ ոքի աչքին ցավի ու վշտի արցունք չբերի, միայն ձեռքբերում ու ծնունդ ավետի, բոլորի ճամփեքն ուղղի դեպի բարություն: Տե՛ր, օրհնիր իմ բոլոր գալն ու գնալը։ Ամե՛ն։

Դուրս եկավ մուտքից և առույգ քայլերով շտապեց աշխատավայր։ Այն այդքան էլ հեռու չէր, հաճախ ոտքով էր գնում, 10-15 րոպեում հասնում էր։ Մերուժանը տարօրինակ զգացողություն ուներ․ նա կարոտել էր իր աշխատասենյակը, համակարգիչն ու ստեղնաշարը, գործընկերներին էր կարոտել․ աշխատանքային թոհուբոհն ու վերջին տարիների տհաճ մթնոլորտը ևս ձգում էր նրան։ Այս զգացողությունը տխրեցնում էր Մերուժանին, սա ինչ-որ անհասկանալի թախծոտ կարոտ էր, և նա ներքուստ ամաչում էր այդ զգացմունքի համար։ Արձակուրդ գնալուց մտածում էր՝ գուցե, այլևս երբեք չվերադառնա աշխատանքին, ոչ այդքան ֆիզիկական կամ հոգեբանական հոգնածությունն էին տանջում նրան, որ կուտակվել էր վերջին 20 տարիների ընթացքում, որքան ներքին ընկճվածությունը, ստորացվածության սահմանին հասնող վայրիվեր փոփոխությունները, որ պարբերաբար նկատում էր իր մեջ։ Կյանքի տարատեսակ փորձությունների մեջով պատվով անցած, վիզը երբե՛ք չծռած, գլուխը երբե՛ք չկախած Մերուժանն աշխատավայրում իրեն հաճախ բռնացնում էր այնպիսի իրավիճակում, ուր ինքն ինքը չէր, ուր իսկական Մերուժանից ոչինչ չկար, ուր նվաստ ու հլու մի հոգի մտնում էր մարմնի մեջ և կառավարում բոլոր գործողությունները։ Եվ ոչ միայն գործողությունները, նրա բոլոր զգայարանները ևս պատանդ էին կարգվում և նույնիսկ հասարակ ժպիտի համար նա թույլտվություն էր հայցում այդ շինծու, բայց պահանջկոտ Մերուժանից․․․

Աշխատասենյակի դուռը բաց էր, ամեն ինչ՝ հավաք, ամեն բան՝ տեղում։ Սեղանին՝ ստեղնաշարի հենց դեմուդեմ մի դեղին թղթիկ էր։ Անկախ իր կամքից Մերուժանի սրտի զարկերն արագացան, նա դեռ չէր կարդացել թղթիկի մեջինը, բայց արդեն գուշակում էր իմաստը։ Մոտեցավ սեղանին, փոքր-ինչ առաջ թեքվեց և կարդաց երկտողը․ «Խնդրում ենք, ներկայանալ Կադրերի բաժին»։ Մերուժանն ուղղեց մարմինը, ձգեց փողկապը, խոր շունչ քաշեց՝ փորձելով կարգավորել թախծոտ կարոտից անհանգիստ տագնապի վերածվող հոգեվիճակը, և դուրս գալով աշխատասենյակից՝ շտապեց Կադրերի բաժին։

Կադրերի բաժնում Մերուժանին արդեն սպասում էին․ «դատապարտյալի» աթոռը դրված էր ոչ մեծ սեղանի դիմաց, իսկ սեղանի մյուս կողմում 3 «դատավոր» հեգնաժպիտ հետևում էին Մերուժանի գործողություններին։ Տարեց տղամարդը նստեց իրեն հատկացված աթոռին և հոնքերի տակից սկսեց հեզաբար նայել անողոք «դատավորներին»։ Ձախ կողմինը Կադրերի բաժնի տնօրենն էր՝ Լուսինեն, երիտասարդ մի աղջնակ, որ կարիերայի աճի համար պատրաստ էր ամեն բանի, նույնիսկ սեռափոխության։ Մեջտեղում նստած էր Մերուժանի անմիջական ղեկավարը՝ Դավիթը, 30-ին մոտ մի երիտասարդ, ում սիրած ֆուտբոլային թիմը թուրքական Գալաթասարայն էր։ Աջ կողմում Մերուժանի մանկության ընկերն էր՝ Գավրիլով Վասյան․ նրանց մտերմության մասին բոլորը գիտեին, և շատերին այդ փաստը հունից հանում էր աշխատավայրում։

— Բարի գալուստ, Մերուժա՛ն։ Անցած ծնունդդ շնորհավոր լինի, — «նիստը» սկսեց Լուսինեն, որ բոլորի հետ «դու»-ով էր խոսում՝ անկախ տարիքից։ — Լավ հանգստացա՞ր։

— Լավ, Լուսինե՛ ջան, շնորհակալություն։

— Հիասքանչ է, մեր աշխատակիցների հանգիստը անչա՜փ կարևոր է մեզ համար․ գիտե՛ք՝ մեր կազմակերպությունում մենք խրախուսում ենք, նույնիսկ պարտադրո՛ւմ ենք, որ գոնե տարին մեկ-երկու անգամ մեր աշխատողները լիարժեք հանգստանան, — կրկին Լուսինեն էր շարունակում վարել զրույցը՝ հատուկ շետելով քանիցս հնչեցրած «մեր» բառը։ — Բայց խնայենք ժամանակը՝ անցնենք բուն թեմային։ Մերուժա՛ն, երևի գուշակում ես՝ ինչու ենք այսօր քեզ հրավիրել այստեղ․․․

— ․․․ — Մերուժանի շուրթերն այդպես էլ անշարժ մնացին։

— Դե, 65 տարիդ արդեն լրացել է, Մերուժա՛ն ջան, այսինքն՝ ժողովրդի լեզվով ասած՝ արդեն թոշակի գնալու տարիք է, — Լուսինեն օլիմպիական դադար վերցրեց, արմունկը դրեց սեղանին, դունչը նրբորեն հենեց բռունցքին և անպարկեշտորեն սկսեց զննել տարեց տղամարդուն։

— Գիտեմ․․․

— Սպասի՛ր, սպասի՛ր, պարո՛ն Սմբատյան, — ընկերոջն օգնության հասավ Գավրիլով Վասյան, — սպասիր՝ Լուսինեն ավարտի իր խոսքը, լսիր առաջարկը․․․

— Վասյա՛, — ջղայնացավ Լուսինեն, — քեզ դեռ ոչ ոք ձայնի իրավունք չի տվել, խնդրում եմ չխառնվել խոսակցությանը՝ մինչև ձայն չտամ, այն էլ, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի, ինչին ես խիստ կասկածում եմ։ 

Գավրիլով Վասյան հետ ընկավ աթոռի թիկնակին ու խոնարհաբար կախեց գլուխը։

— Ուրեմն այսպես, Մերուժա՛ն, — ջղային երանգները դեռ պահպանվում էին Լուսինեի ձայնում, — քո 65 տարեկանն արդեն լրացել է, ինչը նշանակում է, որ թոշակի գնալու ժամանակն եկել է։ Արձակուրդիդ ժամանակ ղեկավարիդ՝ Դավիթի հետ, քննարկել ենք քո «քեյսը» ու եկել ենք հետևյալին․ դու 20 տարուց ավել աշխատում ես մեր կազմակերպությունում, ինչը շատ գովելի է մեզ համար ու մեծագույն պատիվ քեզ համար, և մենք որոշել ենք ևս 1 տարով ավելացնել քո աշխատանքային պայմանագիրը, քանի որ մեր կազմակերպությունը շաաա՜տ է գնահատում լոյալ, հնազանդ, հավատարիմ աշխատակիցներին։ Դավի՛թ ջան, խնդրեմ՝ թե ասելիք ունես՝ դու էլ ավելացրու։

Դավիթը հետ գցեց իր լղար մարմինը և անտարբերորեն ասաց․

— Չէ՛, բան չունեմ ավելացնելու, դու ամեն ինչ ասեցիր, Լուսինե՛ ջան։

— Շա՛տ լավ։ Դե, Մերուժա՛ն ջան, համաձա՞յն ես առաջարկին, — հարցրեց Լուսինեն ու անմիջապես ավելացրեց․ — Գիտեմ՝ հարցս անհեթեթ է հնչում, պարզ է՝ պատասխանելու բան առանձնապես չկա, բայց կարգն էդպիսին է․ պիտի աշխատակիցը լսի առաջարկն ու պատասխանի։

Մերուժանը, որ ամբողջ «նիստի» ընթացքում ուշի ուշով հետևում էր իր դիմաց նստած 3-ի գործողություններին, չշտապեց պատասխանել Լուսինեի հարցին։ Նա թուլացրեց փողկապի կապն ու առանց որևէ բառ ասելու սկսեց ժպտալ ներկաներին։

— Մերուժա՞ն, — Լուսինեն չէր հավատում աչքերին։

Մերուժանի ժպիտն աստիճանաբար վերածվեց բարձրաձայն ծիծաղի, նա չէր էլ փորձում դադարեցնել ինքնաբուխ ծնված քրքիջը։

— Որ ասում էի, — բարկացած Դավիթը դիմեց Լուսինեին, — պետք չէր ոչ մեկին լսել՝ լավ մասնագետ ա, իր նմանը չկա, շուկայում փոխարինող չենք գտնի, եսի՜մ ինչ, եսի՜մ ինչ, եսի՜մ ինչ․․․ Դե հիմա կերե՛ք, — ոտքի կանգնեց կատաղած երիտասարդն ու դուրս եկավ սենյակից։

Այդ ժամանակ Մերուժանը, դադարեցնելով ծիծաղը, ոտքը ոտքին գցեց, ծոցագրպանից ծխախոտ հանեց, վառեց ու սկսեց ծխել․ նա անխռով ներս էր քաշում ծուխը և ցուցադրաբար փչում դեպի առաստաղ։ Լուսինեի աչքերը վառվում էին կատաղությունից, նա ուզում էր ողջ բարկությունը հանել մեջից, սակայն ոչինչ անել չկարողանալով՝ լացակումած դուրս պրծավ սենյակից։ Փոքրիկ դադարից հետո Գավրիլով Վասյան փոքր-ինչ առաջ եկավ, ժպտաց ընկերոջն ու ասաց․

— Որոշմանդ մասին գոնե շուտ ասեիր, ա՛յ խելառ, քեզ համար էդքան վիզ էի ծռեի սրանց մոտ։

— Գիտես, Վասյո՛կ, Գաբրիելը՝ թոռնիկս, արդեն 6 տարեկան ա, կարծես երեկ լիներ ծնունդը, իսկ էդ ավազակն արդեն 6 տարեկան ա, պատկերացնո՞ւմ ես, — Մերուժանի աչքերը հուզմունքից պսպղում էին էլեկտրական լույսի տակ։ — Հենց մտնում եմ տուն՝ թռնում ա գիրկս, իսկ ես հոգնած, ջարդված, ամենօրյա գործնական լարվածությունը մեջս գրկում եմ իրան ու էդ ամբողջ բացասականն ակամայից փոխանցում եմ փոքրիկին․․․ Հենց նոր՝ իմ ու քեզ համար շատ կանխատեսելի էս սովորական ներկայացման ժամանակ, էս թանկանոց աթոռին նստած ուզում էի հիշել՝ ե՞րբ եմ վերջին անգամ Գաբրիելին տիկնիկային թատրոն տարել, ե՞րբ եմ թոռանս հետ կարուսել կամ գազանանոց գնացել ու, հավատո՞ւմ ես, էդպես էլ չկարողացա նման օր հիշել։ Ժամանակ ու ուժ չեմ ունենում՝ ոչ խաղալու, ոչ այգի գնալու, ոչ «գզելու» համար, նույնիսկ չեմ կարողանում գիշերը հեքիաթ կարդալ, ինչ ա՝ առավոտ աշխատանքի եմ, պիտի շուտ զարթնեմ, սափրվեմ և այլն․․․ Հետո հիշեցի հարուստ գրադարանիս, ամբողջ գիտակից կյանքում հավաքած գրքերիս մասին, որոնք կարդալու ժամանակ ընդհանրապես չեմ ունենում։ Չէէէ՜, ջա՛նս, հազար անգամ չէէէ՜, ինչ-որ բան էնպես չի գնում, ինչ-որ բան էնպես չենք անում, մասնակցից վերածվել ենք դիտորդի, էն էլ սեփական կամքով։ Բա էլ ե՞րբ, եղբա՛յր, եթե ոչ հիմա պիտի խաղամ թոռանս հետ ու կարդամ իմ անհամար գրքերը, որոնք գրադարակներում փոշեխեղդ են եղել ու շուտվանից ինձ են սպասում։ Էնպես որ, ընկե՛ր Վասյա, որոշումս հենց նոր եմ կայացրել, էս շքեղաշուք աթոռին նստած, երբ էդ նորաթուխ կարիերիստները իրենց անհաջող դերի մեջ էին։

․․․Կանգնել, դադար վերցնել, ջնջել հետևից հետապնդող ամեն բան ու ամեն ինչ, պառկել կանաչ խոտին, խոր շունչ քաշել ու բացել աչքերը՝ Տոլստոյի հերոս Վռոնսկու նման․․․ Ու ծառի ճյուղերի մեջով, կանաչ տերևների արանքով նայել կապուտակ երկնքին, ուղղակի նայել և չմտածել ոչնչի մասին․ աչքերը տեսնեն աշխարհը, հոգին զգա թարմությունը, շուրթերը ժպտան հաճույքից ու վայելել այս ներդաշնակ երազային իրականությունը։ Եվ ամեն անգամ նոր Սկիզբ սահմանել, ոչ ինչ-որ բանից հետո կամ ինչ-որ բանի շարունակություն, այլ ուղղակի Սկիզբ։ Էստեղ ու հիմա, էստեղ ու հիմա, էստեղ ու հիմա․․․

Այտեսակ մտքերով տարված՝ Մերուժանը բացում էր գինու շիշը, երբ ես սաստեցի որդուս․

— Գաբրիե՛լ, հաց ուտելուց հեռախոսով չենք խաղում։ Դի՛ր մի կողմ։

Մերուժանը բացված գինու շիշը դրեց սեղանին ու սովորության համաձայն փոքր-ինչ կախելով գլուխը՝ սկսեց ցածրաձայն աղոթել․

— Փա՛ռք Քեզ, ո՜վ Տեր, փա՛ռք Քեզ, փառա՛ց Թագավոր, որ տալիս ես մեզ ուրախության կերակուր․․․

— Ու «կինդեռ ձվիկ», — ասաց Գաբրիելը։

— Ի՞նչ, բալե՛ս, — հարցրեց պապը։

— Ասում եմ՝ «կին-դեռ ձը-վիկ»։ Դու Իրան ասա՝ թող տա․ խանութում թանկացել ա, պապան էլ չի առնում, պապի՛։ 

— Հաաա՜, անպայմա՛ն, հեսա ասեմ՝ ուրախության կերակուր և «կինդեռ ձվիկ»․ և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրու մեր սրտերը։ Այժմ լցրու մեզ Քո Սուրբ Հոգով էլ, որպեսզի Քո առաջ ընդունելի, և ոչ ամոթահար լինենք, քանզի Դու յուրաքանչյուրին հատուցում ես ըստ իր գործերի։ Ամե՜ն։

Մերուժանը բարձրացրեց գլուխը, վերցրեց գինու շիշն ու սկսեց լցնել սեղանի շուրջ հավաքված հարազատների բաժակները։

— Վերջը՝ էսօր ի՞նչ ենք նշում, Մերո՛ւժ ձյա, — հացրի ես՝ փորձելով ցրել «կինդեռ ձվիկի» անհարմար պահը։

— Վե՛րջը՝ այսօր նշում ենք իմ նոր Սկիզբը, — ասաց Մերուժանն ու աչքով արեց փոքրիկ Գաբրիելին։

Please follow and like us: