Կա՛րճ կապեմ․ այնպես կարճ, ինչպես Փռի թաղի Կարպետն արեց Արսենի հետ «ռազբոռկի» ժամանակ։
— Քյասա՜ր, Արսենչի՛կ, — բիսետկայի մեջտեղում կանգնած հեգնաժպիտ ասում էր Կարպետը, — քեզ մի ժամ ժամանակ․ գաս մոտս՝ ներողություն խնդրես, թե չէ սաղի մոտ «բո՛զի աչոտը» տալու եմ, — փոքրիկ դադար վերցրեց, վստահ քայլերով դուրս եկավ բիսետկայից ու գնաց։
Մենք՝ ես ու Բոքոնը, որ թաղի փոքրերն էինք, մի պահ չհավատացինք մեր լսածին։ Ո՞վ կարար «Մերգելյանցի Արսենչիկի» հետ նման տոնով խոսեր, այդ տեսակ պահանջ դներ, դեռ դա մի կողմ, ո՞վ կարար սպառնար, գրեթե նվաստացներ ու հանգիստ քայլերով գնար։ Թաղի մեծերը նայում էին իրենց ընկերոջը՝ Արսենին, ու լուռ սպասում էին նրա բացատրություններին։
— Հը, — լռությունը խախտեց Ավետը, — ի՞նչ ենք անում, Ա՛րս։
— Մինչև մի բան անելը պիտի հասկանանք՝ ո՞նց կարա Կարպետը մենակով գա մեր թաղ, մտնի սաղիս մեջ ու Արսենչիկի առաջ ուլտիմատում դնի, — Ճիլոզն էր՝ մեջների նիհարը։
— Էդ հասկանալու համար, Ճիլո՛զ ախպեր, — փոքրամարմնին դիմեց Գուգուշը՝ հայացքը Արսենից չկտրելով, — պիտի հասկանալ՝ Կարպետը ինչեր գիտի, որ մենք չգիտենք, մեր Արսենչիկը, օրինակ՝ ինչեր ա արել բանակում կամ ուրիշ տեղերում, էդ ինչ առիթներ ա տվել, որ Փռի թաղից «կակոյ նեբուձ» Կարպետ գալիս ա մեր թաղ, առանց վախենալու, շատ վստահ մտնում ա բիսետկա ու բոլորիս ներկայությամբ Արսենչիկին համարյա քֆուր ա անում։ Ուրեմն՝ մի բան կա, չէ՞, որ Կարպետին վստահություն ա տալիս․․․ Ինքը գիտի, չէ՞, որ կարա սաղիս դեմը մեր ընկեր Արսենչիկին տենց բան ասի ու հանգիստ թողի-գնա։
Ես ինձ ուտում էի, մեջս եռում էր։ Արսենը Կարպետի բուկը կճղի, հաստա՛տ, այսքանից հետո Կարպետը պատասխան պիտի տա բոլորիս առաջ, ու այս անգամ իր չորս եղբայրներն էլ չէին կարողանալու փրկել իրենց «ամենագիժ ախպորը»։ Չկար նման մարդ, որ Արսենի առաջ պայման դներ, սպառնար, որ կստորացնի ու անպատիժ մնար։ Արսենը թաղի հեղինակությունն էր, բոլորիս պաշտպանն ու պարծանքը, տղերքը սիրում ու հարգում էին նրան։ Մենք փորձում էինք ամեն ինչով նմանվել Արսենին, ակամայից դեպի նա էինք ձգտում, մեր փոքր ժամանակվա տղայական «կնքահայրն» էր՝ գաղափարով, հանգստությամբ, բայց անկոտրում «դուխով»։ Մի անգամ Մալաթիայի ֆուտբոլի դաշտերից մեկում միայնակ 10-15 բանգլադեշցիների մեջ իր ասելիքը ասել էր ու մինչև վերջ կռիվ տվել հետները․ ոչ մի քայլ հետ չէր դրել, ոչ մի բառ կուլ չէր տվել, բոլոր խփողներին միասին ու ամեն մեկին առանձին-առանձին պատասխան էր տվել։ Լավ «ծեծ ուտելուց» հետո մի կերպ ոտքի էր կանգնել, գրպանից ինքնաշեն զենք էր հանել, օդ կրակել ու գժի պես ծիծաղելով՝ բոլորին իր մոտ կանչել․ «էկեք, տղե՛րք, մոտ էկեք, դուք ուժեղ տղերք եք, չէ՞, դե, մոտիկացեք, ձեր ցա՛վը տանեմ․․․ թե՞ մարդ ծեծելու մեջ եք մենակ ուժեղ, 10-15 հոգով բռնեք մեկին ու ձեր ուժը ցույց տաք․․․ հը՞, տղե՛րք, պլոճիկ չկա՞ վրեքդ, արա՛․․․ էկեք, էկեք գրկեմ բոլորիդ․․․»։ Փախել են, մարդ չի մնացել։ Արսենի ծիծաղն ավելի ուժեղ է դարձել ու փախնողների հետևից գոռացել է՝ որտեղ ձերը կասեք, չմոռանաք «Մերգելյանցի Արսենչիկի» անունը տալ, որ բոլորիդ լարեց իրանց տներով ․․․
Բայց հիմա նա սուս-փուս նստած էր, բառ դուրս չէր գալիս բերանից։ Նայում էի Արսենին ու սպասում, թե երբ է վերջապես պայթելու։
— Ի՞նչ ես ուզում ասես, Գուգո՛ւշ։ Կարո՞ղ ա բան կա, որ մենք չգիտենք։
— Ինչ իմանամ, Ավե՛տ ախպեր, ես որտեղից քեզ ինչ-որ բան ասեմ։ Ես կարամ մենակ գուշակեմ։ Թող Արսենչիկը ասի՝ կարո՞ղ ա մենք ինչ-որ բան չգիտենք, Ա՛րս ջան։
Արսենը կախ գլխով շարունակում էր անշարժ մնալ։ Տարօրինակ այս լռությունը շատ վախեցնող էր, լավ բան չէր խոստանում, ես ու Բոքոնը նստարանին գամված լարվածությունից աննշան դողում էինք։
— Ախպե՛ր, տեղս չեմ գտնում, — Ճիլոզն էլի մեջ ընկավ։ — Ո՞նց կարա ինչ-որ մեկը գա Մերգելյան, մեր ընկերոջը սենց բան ասի ու մեր մեջից սաղ-սալամաթ, հանգիստ դուրս գա ու գնա։ Լա՜վ, բա մենք ինչի՞ էինք սառել, ինչի՞ պատասխան չպահանջեցինք, ուլի պես նայում էինք՝ թե ոնց ա գնում էդ անասունը․․․
— Ի՞նչ ես ձենդ կտրել, Ա՛րս, — չդիմացավ Գուգուշն ու ոտքի կանգնեց, — ինչքան գիտեմ, Կարպետն էլ ա ձեր կողմերում ծառայել, չէ՞։ Էդ ի՞նչ «քաքեր ես կերել» բանակում, որ էդ թուլեն իրան տենց բաներ ա թույլ տալիս։
— Ո՞նց ես խոսում ընկերոջդ հետ, արա՛, — Ավետը ևս ոտքի կանգնեց՝ դիմելով Գուգուշին։
— Լա՛վ եմ անում, թո՛ղ հարցերիս պատասխանի։ Թաղի պատիվն էլ ա․ պոլի շորի նման վրեքներովս անցավ, էկավ-մտավ թաղդ, Ավե՛տ ջան, թաղիդ մեջ քեզ փչացրեց։
Ավետը չդիմացավ ու իր մեծ ափով ապտակեց Գուգուշին։ Կատաղությունից կարմրած Գուգուշն ուզում էր վրա տար, երբ Ավետը մի հատ էլ ոտքով հասցրեց նրա փորին։
— Հանգի՛ստ, — վերջապես խոսեց Արսենը՝ Ավետի ու գետնին ընկած Գուգուշի արանքում կանգնելով։ — Ի՞նչ եք իրար միս կրծում, հո ապուշ չե՞ք, տղե՛րք։
— Բա էդ ո՞նց ա խոսում, — լարվածությունից հևացող Ավետի խոսքի մեջ ինչ-որ մեղայական երանգ հայտնվեց։
— Էղածն էղած ա։ Ինչ էլ խոսանք, ինչքան էլ մեզ ներսից կրծենք, բան չի փոխվելու․ Կարպետն արդեն էկել ա, մտել ա էս բիսետկա, դեմքիս նայել ու կռիսական ժպտացել ա, իրա ասելիքը ասել ու հանգիստ թողել-գնացել ա։ էս բոլոր գործողությունների մեջ ոչինչ է՛լ չենք կարա փոխենք, — սա արդեն իմ ճանաչած Արսենն էր՝ հանգիստ ու կշռադատված խոսքով։ Ձեռքը մեկնեց ընկած Գուգուշին, օգնեց ոտքի կանգնի ու ասաց, — ճիշտ ես, Գո՛ւգ, Կարպետի հետ մոտիկ չաստերում ենք ծառայել, նույն պոստերն ենք բարձրացել․ լավ իմացել ենք իրար նիստուկացը՝ ով ինչ ա շնչել, ով ում հետ ա նստել-հելել, քո ասածի պես՝ ով ինչ «քաքեր ա կերել»․․․ Բայց դու հանգի՛ստ էղի, Գուգո՛ւշ ախպեր․ ո՛չ քո պատիվը, ո՛չ իմ պատիվը, ո՛չ էլ առավել ևս թաղի պատիվը չի ընկնելու։ Էս հարցը ես կլուծեմ, սենց հարցե՞ր ենք լուծել մեր կյանքում։
— Դե գնացի՛նք, — առաջ ընկավ Ճիլոզը։
— Չէ՛, — կտրուկ ասաց Արսենն ու կանգնեց Ճիլոզի դիմաց, — էս հարցը ես մենա՛կ եմ լուծելու, ստեղ դուք գո՛րծ չունեք։
— Ո՞նց գործ չունենք, — մոտ եկավ Ավետը։ — Քո հարցը մե՛ր հարցն էլ ա, քո թեման մե՛ր թեման էլ ա․ իրար հետ միասին էս հարցը «տնական կարգով» լուծելու ենք, ախպե՛րս։
— Չէ՛, էս ի՛մ հարցն ա, մենակ ի՛մը, դուք ստեղ անելիք չունե՛ք,— Արսենի խոսքն այնքան համոզիչ հնչեց, այնքան վստահ, որ ոչ ոք նույնիսկ չփորձեց հակադարձել նրան։ — Չնեղվե՛ք հանկարծ, հազար տարի գիտեք ինձ, էսքան ժամանակ ոչ մեկիդ չեմ քաշել։ Էս անգամ էլ չեմ քաշելու, ձեր ցա՛վը տանեմ, — ավելացրեց Արսենը, ժպտաց տղերքին, ինձ ու Բոքոնին աչքով տվեց ու դուրս գալով բիսետկայից՝ քայլեց Փռի թաղի ուղղությամբ․․․
Բայց ես խոստացել էի կարճ կապել․ մի 2-3 ժամից Բանկի թաղի Լոլոն լուր բերեց, որ «Մերգելյանցի Արսենչիկին» գտել են տանը՝ ջահից կախված։