Դավիթ Գաբունիան (ծնվ․՝ 1982 թ․) վրաց ժամանակակից դրամատուրգ է, արձակագիր, ինչպես նաև գրական թարգմանիչ և մշակութային գործիչ։ Երկու տարի անընդմեջ (2013-14) արժանացել է Վրաստանի նշանավոր «Դուրուջի» թատերական մրցանակին որպես տարվա լավագույն պիեսի հեղինակ, ինչպես նաև 2014-ին «ՍԱԲԱ» գրական մրցանակի՝ «լավագույն դրամա» անվանակարգում։ Շուրջ չորս տասնյակ պիեսների հեղինակ է, որոնցից շատերը բեմադրվել են թե՛ վրացական, թե՛ միջազգային հեղինակավոր թատերական հարթակներում։ Գաբունիան նաև ճանաչված գրական թարգմանիչ է․ Շեքսպիրի, Սթրինբերգի, Իբսենի և այլ դասականների գործերից զատ թարգմանել է ժամանակակից անգլիական, շվեդական, գերմանական դրամատուրգիայի նշանային գործեր, ինչպես նաև Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» շարքից երկու գիրք։ Դասավանդում է դրամատուրգիայի տեսություն և ստեղծագրություն Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում և Թագավորական թաղամասի թատրոնում, որի գլխավոր դրամատուրգն է 2009-ից։
Նրա առաջին վեպը՝ «Քայքայումը» լույս է տեսել 2017-ին և առայսօր Վրաստանի ամենաշատ վաճառվող գրքերից է։
Ամառային մի օր ամուսնական ճգնաժամի մեջ հայտնված երկու փոքրիկների գործազուրկ հոր՝ Զուրայի կյանքում ամեն բան փոխվում է, երբ դիմացի բակ է տեղափոխվում արտառոց վառ կարմիր մեքենայով մի երիտասարդ։ Շուտով Զուրան պարզում է, որ երիտասարդը գաղտնի սիրավեպի մեջ է հայտնի պատգամավորի հետ, իսկ կինը՝ Թինան, այլևս իրեն չի սիրում։ «Քայքայումը» շարադրված է հեղինակի և տարբեր հերոսների անունից, որոնցից յուրաքանչյուրի արած պատմությունը ոչ միայն տարբեր դիտանկյուններից ամբողջացնում է վիպական խճանկարը, այլև լեզվաոճական ուրույն շերտերով է համեմում գիրքը։ Առաջին՝ կարճ գլխում Գաբունիան ի ցույց է դնում անզուգական արձակագրի իր ձիրքը․ գրական վրացերենի իր փայլուն իմացությունն ու ոճական ինքնատիպությունը, իսկ վեպի մյուս՝ հերոսների կողմից պատմվող հատվածներում ստացել է կերպարներին համահունչ, հավաստի լեզու։ Ներկայացվող հատվածը Զուրայի պատումից կտոր է՝ գրված ժարգոնով և առօրյա խոսակցական լեզվով։ Գործածված ռուսաբանությունները նույնքան տարածված են վրացերենում, որքան հայերենում, և թարգմանիչը հնարավորինս հավատարիմ է մնացել բնագրին։
Դաթո Գաբունիան առաջին անգամ է թարգմանվում հայերեն։ Թարգմանիչ՝ Ասյա Դարբինյան։ Թարգմանությունը իրականացվել է Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախաձեռնությամբ։
Զուրա
Ես ի՞նչ, գործ չունեմ, գործազուրկ եմ: Դրսից էդպես ա նայվում, թե չէ՝ էնպես չի, որ բանուգործ չունեմ: Գործ ունեմ, մենակ թե տանն եմ լռված: Չգիտեմ՝ ուրիշները ոնց են պատկերացնում տանը լռվելը, բայց ես էդ կարգի պարապ-սարապ չեմ։ Թինան ամեն առավոտ գործի ա, իննից աշխատում ա, երեխեքը վրես են: Բայց դե, լրիվ վրես չի թողնում, արթնացնում, ուտացնում, լվացացնում ա, հետո նոր թողնում-գնում: Դպրոց ու մնգո ես եմ տանում: Տենց ա դրվածքը։ Գիոն երկրորդում ա, Դաթուկաս էս տարի պիտի մնգոն ավարտի, մյուս տարի ինքն էլ դպրոց կգնա: Կառոչի, ձեռքները բռնում, տանում եմ դպրոց ու մնգո: Բայց էդ օրը չտարա: Չեմ հիշում՝ ինչի: Չէ՛, լավ էլ հիշում եմ․ օգոստոս էր, արձակուրդ էին, երեխեքին Թինայի մերը տարել էր մոտը: Չոտկի հիշում եմ՝ օգոստոսի 18-ն էր, հա՛, առաջին անգամ օգոստոսի 18-ին տեսա: Գլխանց մեքենան տեսա դիմացի շենքի հայաթում, ինչ-որ քիչ պատահող մակնիշի էր, էնպես չի, որ թանկանոց էր կամ չտեսնված մի բան, չէ հա՝ հնոտ մոդել էր, կարմիր, զըըըըըըռ կարմիր գույնի: Էնքան զըռ կարմիր էր, ոնց որ՝ նոր ներկած: Դրսեցու ավտո չէր, հայաթից մեկինը պիտի որ լիներ․ շլագբաումով փակած ա, մենակ հայաթի ավտոներն են ներս մտնում: Ասի՝ տենաս էս ի՞նչ ավտո ա, ու մոտիկացա։ Ալֆա-Ռոմեո դուրս եկավ: Թբիլիսիում քանի՞ հոգի Ալֆա-Ռոմեո ունի։ Մատերի վրա հաշված մարդիկ: Մեկը ես էդ ավտոյի տեր ոչ մի ծանոթ չունեմ: Բա գո՜ւյնը, էս տիպի կարմիր չեմ հիշում, թե տեսած լինեմ: Ասի՝ էս ի՜նչ կարգի կարմիր ա: Ինձ ի՞նչ: Տուն հելա։ Իջել էի սիգարետի: Երեխեքը որ տանը չեն լինում, ես էլ, Թինան էլ սենյակում ենք ծխում, բայց որ տանն են, վաբշե չենք ծխում կամ էլ մենակ բալկոնում: Հելա, կոշիկներս հանեցի, վարագույրը քաշեցի ու էդ ավտոն աչքի տակ առա: Վերևից՝ մյուս ավտոների ֆոնին ավելի զըռ կարմիր էր երևում: Չէի ջոկում՝ էս գույնն ինչի՞ էր էսքան ներվերիս ազդում: Հելա բալկոն, մոխրամանը դրեցի կողքս, սիգարետ վառեցի: Ասի՝ մթոմ ինչի՞ եմ ստեղ տնկվել, ինձ ի՞նչ, ամառ, շոգ, արևը՝ տժժան, երեխեքը տատի մոտ են, ուզածդ ի՞նչ ա, տուն մտի, էլի՛, հանգիստ քո համար ծխի: Չէ՜, էդ ավտոն ինձ հանգիստ չէր տալիս, վերևից կպած նայում էի:
Տենաս՝ ինչ տիպի դեմք ա էս ավտոյի տերը, ո՞վ կլինի։ Դեմի շենքի տղերքին սաղին ճանաչում եմ, էդ կարգի ավտո ոչ մեկը չէր առնի: Աղջկա ավտո կլինի կամ նոր եկած հարևանի: Չէ, իրոքից, էդքան զըռ կարմիր վայ թե բնության մեջ իսկի գոյություն չունի։ Երրորդ հատիկ սիգարետը ծխելուց մեկ էլ տենամ՝ դեմի շենքից դուրս եկավ։ Կլիներ մի 22-23 տարեկան, ավել չէիր տա: Հագին էն անկապ շալվարներից էր՝ մինչև կոճեր: Արագ մաշնեն բալնիքով բացեց՝ հին մոդել էր, պուլտով չէր, նստեց, հայաթից զադնիով հելավ ու քշեց շենքի հետև: Ասի՝ ըհը՛, հաստատ նոր հարևան ա: Դրա մերն էլ քունեմ, ի՞նչ եմ լռվել էս շոգին՝ ասի ու մտա տուն: Էս բալկոնն արևկող ա, ամառն էս յանի վրա տժժիկ շոգ ա լինում, դրա համար էլ Թինան հաստ վարագույրներ կախեց, ու շոգերին միշտ փակ ենք պահում: Չդիմացա, նորից վարագույրը քաշեցի, ու սկսեցի դեմի շենքին նայել: Էդտեղ տուն ծախող չկար, վայթե վարձով էր: Սպասի, ջոկենք՝ ո՞ր մեկն ա վարձով վերցրել։ Առաջին ու երկրորդ հարկերում վարձով տվող չկա, երրորդում էլ չկա: Չորրորդում՝ Ճելիձեների մի սենյականոցը․ դրանք միշտ վարձով են տալիս, կողքի երեք սենյականոցում ապրում են, էս ազատ մի սենյականոցը՝ հանձնում: Տղու համար էին առել դրել էդ մի սենյականոցը, որ պսակվելուց հետո էդտեղ ապրի: Բայց էդ տղեն գնաց Ամերիկա սովորելու, հետո լավ գործ ճարեց ու մնաց: Հա, էս հաստատ Ճելիձեների տունն ա վարձել։ Լավ ա, էլի, վարձով տուն տալը, առանց վիզ դնելու փողը կաթում ա, մանր-մունր ծախսերն արանքից հանում։ Բալկոնն էս կողմ ա նայում՝ դեպի մեր շենք, պատուհանի նման թափանցիկ դուռ ունի՝ էն տիպի, որ լրիվ, ծերից ծեր բացվում ա բալկոնի վրա։ Վարագույրները հանել ա, երևի նորը կկախի։ Ինձ ի՞նչ, ի՞նչ եմ նայում։ Առավոտ Թինան խնդրել էր Լիլիի մոտ իջնեմ, տենամ՝ ուզածն ինչ ա։ Լիլին մեր տակի՝ չորրորդ հարկի հարևանն ա։ Ահագին տարիքով ա, մի ութսուն-ութսունհինգ կլինի։ Սաղ օրը զահլեքս տանում ա, ասում ա՝ ձեզանից ջուր ա կաթում գլխիս, բայց դե չի կաթում։ Երեկ իրիկուն էլի Թինային բռնացրել ա ու բողոքը կապել, թե բա՝ մարդուդ ասա սանտեխնիկան սարքի, ինչքան կարա վերևից ջուր կաթա գլխիս։ Բայց դե, ես ինչքան իջել եմ, մենակ պատալոկի հին լաքեքն ա ցույց տվել, էդ մեզնից առաջ են ջրել, դրա հետքերն են, մի քսան տարվա։ Էս անգամ էլ իջա, ասի՝ ծյոծ Լիլի, մի հատ ցույց տու՝ ուրդո՞ւց ա ջուրը կաթում։ Մազերը ձեռով հետ տարավ, աչքերը վրես ֆռռացրեց, թե բա՝ համեցիր, տես, ու սենյակ տարավ։ Ասի՝ ծյոծ Լիլի, մի հատ աթոռ տու, հելնեմ, ձեռքս դնեմ էս լաքեքի վրա, համոզվես, որ թաց չի։ Թե բա՝ էս տարիքի կին, խաբո՞ւմ եմ, որ ասում եմ ձեզնից ա գալիս, չե՞ս հավատում։ Ասի՝ ծյոծ Լիլի, էդ ջուրը շուտվա ա, շատ հին՝ իմ ու Թինայի էստեղ գալուց առաջվա, մեզ մոտ ամեն ինչ սարքին ա, մեզնից բան չի կաթում, քանի՞ անգամ պիտի ասեմ։ Մեկ էլ լացը կապեց, թե բա՝ բոլորդ իմ դեմ եք, ի՞նչ եմ արել, միայնակ կին եմ, տեր-տիրական չունեմ, դրա համար եք ատամներս հաշվել, դրա համար եք ինձ ֆռռացնում։ Բայց դե, ես էլ հո ճանաչում եմ Լիլիին, ուզածը մեկի ականջին թթվելն ա, էդքան բան։ Պիտի գլխով անես ու լեզվիդ չտաս։ Ես էլ լսեցի։ Մի կես ժամ խոսաց-խոսաց։ Աչքս լուսամուտի կողմ գցեցի։ Լիլիի լուսամուտներից էլ էր երևում Ճելիձեների տունը։ Էն տղեն տանն էր։ Վարագույրներ էր կախում։ Թեթև վարագույրներ, թափանցիկ։ էդ տան պատալոկները բարձր են, աթոռի վրա էր կանգնած, բայց էլի հազիվ էր հասնում կառնիզին։ Լիլին բորբոքվեց՝ այ տղա, չե՞ս լսում՝ ինչ եմ խոսում, ի՞նչ ես շշմած կանգնել, ո՞ւր ես նայում։ Ասի՝ լավ, ծյոծ Լիլի, էս շաբաթվա մեջ կսարքեմ ամեն ինչ ու պըրծ, մեզնից էլ ջուր չի կաթի։ Փորացավը հենց էդ էր՝ իրա ուզածին հասավ ու հանգստացավ։ Գոհ լռված էր։ Թե բա՝ լավ, դե գնա ու ականջի հետև չգցես, հա, սարքի էդ վաննա-տուալետը, թե չէ համն արդեն դուրս եկավ։
Լիլիի մոտից տուն հելա, տենամ՝ էն տղեն էլ չի երևում։ Տուալետ մտա։ Դե, հո գիտեի, որ Լիլին իզուր էր ոռը ճղում, բայց մեկ ա մտա, ստուգեցի, չոր-չոր էր, ոչ մի տեղից կաթոց չկար։ Թինան գործից ուշ եկավ, զանգել, զգուշացրել էր, որ կուշանա, ինչ-որ գործեր են գլխին թափվել, չանհանգստանամ։ Թե բա՝ երեխեքին դու կբերե՞ս, ասի՝ Թինա, երեխեքը մորդ մոտ են, արձակուրդ են, ի՞նչ բերել, ի՞նչ բան։ Թինան խառնվեց իրար՝ հա, վայ։ Լավ, լավ, դե գործերիս նայեմ։ Ես ու Թինան էդպես ենք սովոր, որ ամեն ինչ ժամացույցի պես չոտկի աշխատի․ երեխեքի ռեժիմը խախտել չկա, ոչ մեկը ոչ մի տեղից չպիտի ուշանա, ժամանակին ուտում են, Գիոյին ֆուտբոլի էլ եմ տանում, դե, Դաթուկաս դեռ պստիկ ա։ Հենց էդպես էլ ապրում ենք, էլի, սովորականի պես։ Էդ տիպի գժոտ մեր ա Թինան՝ երեխեքին նվիրված, դե, ես էլ եմ կողքից ահագին օգնում։ Վախտին ես էլ էի աշխատում, հետո փակվեց էդ գործը, մնացի անգործ։ Թինան թե բա՝ հարց չկա, դու երեխեքին տիրություն արա, ես կաշխատեմ, հետո մի բան կլինի, մինչև էդ էլ իմ աշխատավարձով գլուխներս կպահենք։ Կարգին փող ա տուն բերում, բայց դայակի չի հերիքի, համ էլ, դե, գործ չկար, ասի՝ հարց չկա, երեխեքին նայելն իմ վրա։
Էդ օրը շատ ուշ եկավ տուն, ժամը 11-ի կողմերը։ Թե բա՝ արձակուրդների սեզոն ա, սթաֆի կեսը չկա, լիքը գործ կա, չեմ հասցնում։ Մեղքս եկավ։ Շատ հոգնած էր, չլողացավ էլ, միանգամից պառկեց քնելու։
Ահավոր շոգ էր։ Իրոքից՝ ահավոր։ Առաջներում շոգը վեջս չէր ու վաբշե խնդիր չունեի օգոստոսին Թբիլիսիում դիմանալու հետ, բայց էս վերջին տարիներին շատ եմ նեղվում։ Թինան ասում ա, որ քաշիցս ա։ Հա, մինչև քսանութ փոր վաբշե չունեի, Թինայից էլ նիհար էի, հետո լցվեցի։
Օգոստոսի 19-ն էր, Թինան թե բա՝ էսօր էլ կուշանամ։ Երեխեքին կարոտել եմ։ Սովորել եմ, որ միշտ տանն են, իրանց տիրություն եմ անում, ու հիմա չգիտեի՝ ինչ անեմ, սաղ օրը պարապ։ Ինչ-որ պահի գլխի ընկա, որ շատ եմ ծխում։ Էս պարապությունը պիտի մի բանով լցվեր։ Համ էլ Թինան տանը չի, պառկում եմ, հելնում եմ ու հա ծխում, ուրիշ անելիք չկա։ Էսպես չի լինի, պիտի մի բան փոխեմ։ Ասի՝ ձև բռնեմ իբր երեխեքը տանն են ու տունը ծխել չի կարելի, սահմանափակեցի ինձ ու հելա բալկոն։ Պըրծ, միշտ բալկոնում կծխեմ։ Հատիկների թիվն էլ կկրճատեմ, տունն էլ չի հոտի, իմ համար էլ ա լավ՝ առողջության պահով։ Կառոչի, օգոստոսի 19-ն ա։ Բալկոնում լռված ծխում եմ։ էս շոգին ծխելն էլ մի տեսակ չի դզում, քաշում ես, ու մուխն էլ ա օդի պես տաք, էդքան էլ հաճելի չի։ Նորից տեսա։ Բալկոն դուրս եկավ՝ լվացքի կապույտ տաշտիկը ձեռքին։ Սկսեց փռել, ամենամոտ պարանին նասկիները փռեց ու տռուսիկները, դիմացը երկու սրբիչ կախեց ու մի շալվար, իսկ ամենադեմի՝ երրորդ պարանին՝ սպիտակեղենը։ Թինան էլ ա էդպես անում՝ հետևը լիֆերը, տռուսիկները, չուլքիներն ա փռում ու մնացած լվացքով դեմը ծածկում, որ հարևանները չտենան։ Նոր ջոկի, առաջ ուշադրություն չեմ դարձրել։ Անկապություն ա, բայց դե էդ ա, վայ թե չի ուզում, որ հարևանությունն իր լիֆերն ու տռուսիկները տենա։ Կպած նայում եմ, համ էլ մի քիչ չի դզում, չեմ ուզում տենա՝ ոնց եմ իրան հետևում։ Ուզում եմ ջոկեմ՝ ի՞նչ տիպ ա, ինչո՞վ ա ապրում, շնչում, ի՞նչ գործի ա, եթե տուն վարձելու ոռ ունի, ուրեմն կարգին գործի ա, մեր կողմերը տները լավ թանկ են։ Լվացքը փռեց, պրծավ, տուն մտավ, տաշտիկը վաննա տարավ, հելավ ու փռվեց բազկաթոռին։ Վարագույրը քաշած չի, ու իր սենյակը բալկոնիցս չոտկի երևում ա, լռված ա, բան չի անում։ Որ երեխեքը տունը չեն, ես էլ եմ սենց պարապ լռվում, բայց գոնե սիգարետ եմ քաշում, կամ, չգիտեմ, պիվա եմ ծվցնում, կամ ծելիկ նայում, իսկ էս անկապ լռված ա, բան չի անում։ Դեմքը լավ չի երևում։ Ճիշտ ա, դիմացի շենքը մոտիկ ա, բայց էդքան չի, որ չոտկի տենամ։ Թինան գործից եկավ։ Ասի՝ Թինա, ի՞նչ կա, սաղ լա՞վ ա, ինչի՞ ես շուտ եկել, թե բա՝ բան չկա, ինչ-որ արտագնա միջոցառում ունենք, պիտի փոխվեմ, լողանամ ու թռնեմ։ Հարցրեց՝ դու ի՞նչ բանի ես։ Ասի՝ հեչ, տենում ես, էլի, բալկոնում լռված։ Թինան մի հատ ծուռ ժպտաց ինձ ու հելավ։
Օգոստոսի 20-ին Թինայի մերը զանգեց․ թե բա՝ իրոքից, երեխեքը կարոտել են, բայց մինչև դասերի սկսվելը թող մնան, դուք էլ մի քիչ հանգստացեք։ Ինքն առաջարկեց, հո չէի՞ մերժի։ Ասի՝ եղավ։ Ասի՝ էս քանի օրը կգամ ձեզ տենալու։ Հետո Դաթուկաս խոսեց հետս, թե բա՝ Գիոն տղերքի հետ ֆուտբոլ խաղալու ա իջել։
Օգոստոսի 21-ին Թինան ուշացավ։ Էլ չեմ հարցնում, գիտեմ, որ լիքը գործ ունի, ժամից ավել են պահում։ Բալկոնում լռված եմ։ Երրորդ շիշ պիվեն եմ ծվցնում։ Ծխում եմ, իբր ծխելս քչացնելու համար հորինեցի էս աներեխա տանը բալկոնում ծխելը, բայց հակառակը դուրս եկավ։ Սաղ վախտ լռված եմ բալկոնում, բան չեմ անում ու հա ծխում եմ, օրը երկու տուփի եմ հասել։ Իրիկուն ա։ ժամը տասի մոտերքը, արդեն մթնել ա։ Ճելիձեների տնվորը հետ եկավ, լույսը վառեց։ Կպած նայում եմ։ Դես ու դեն ա գնում, ինչ-որ բաներ ա դասավորում, շարում-հավքում, վայ թե հյուրերի ա սպասում։ Կուխնի գնաց։ Կուխնին էստեղից չի երևում։ Ինձ ի՞նչ, ի՞նչ եմ նայում։ Ձենը չեմ լսում, շենքերը մոտիկ են, բայց էդքան չէ, որ ձեները լսեմ։ Երգ միացրեց։ Կտրտվելով լսվում ա։ Չեմ ջոկում՝ ինչ երգ ա։ Հյուրերը եկան՝ մի աղջիկ ու երկու տղա։ Իրար պաչպչին։ Ծիծաղի ձեները լսվում են։ Հետո խմում են։ Երգի ձենը բարձրացնում են։ Մեկումեջ ծիծաղները հասնում ա ականջիս։ Հյուր աղջիկը բալկոն ա հելնում։ Հետո նորից ներս գնում։ Անկապ ա։ Սովորական, հյուրեր են էլի։ Թինան գործից եկավ, ես էլ սենյակ հելա։ Ասի՝ սոված չե՞ս։ Թե բա՝ ի՞նչ ունենք որ, ասի՝ պատրաստի բան չկա, բայց կարամ քո համար մի բան սարքեմ։ Ուտում ենք ես ու Թինան։ Ասի՝ շատ հոգնած ես, հա՞։ Ասի՝ մասաժ անե՞մ։ Թինան ձեն չի հանում։ Վիզն ու ուսերն եմ մաժում։ Ասի՝ թուլցի, շատ լարված ես, սաղ օրը կոմպի դեմը լռված ես, դրանից ա։ Թինան էլի ձեն չի հանում։ Հելնում ա։ Թինան զգում ա, որ ուզում եմ։ Մեջքին եմ քսվում։ Թինան նայում ա վրես։ Ժպտում ա, բայց էն տիպի հոգնած, որ չոտկի ջոկում եմ՝ սեքս չի ուզում։ Լավ, ջոկած։ Մեկ ա ահավոր շոգ ա, ու գրկվելը տհաճ ա։ Թինան տեղաշոր ա մտնում, թե բա՝ վաղը շուտ պիտի զարթնեմ։ Տասնմեկ անց կեսին քնում ա։ Ես լռվում եմ։
Հյուրերը դեռ էնտեղ են, երգի ձեներն էլի լսվում են բալկոնիցս։ Էլ չի ջոկվում՝ ինչ երգ ա։ Ինքն ու հյուր աղջիկը բալկոնում ծխում են, մեկ էլ հանկարծ տենամ՝ էն երկու հյուր տղերքը, որ մնացել են սենյակում, թախտին փռված զասվում են։ Սրանք՝ բալկոնում կանգնած, բանի տեղ չեն դնում։ Էսպես մի եքա վախտ շարունակվում ա։ Լույսն անջատում եմ, վարագույրի հետևից գյոզ եմ դնում, թե էլ ինչ կլինի։ Բան էլ չի լինում։ Հյուր աղջիկը ու ինքը սենյակ են մտնում։ Նորից կտրտվելով երգ ա լսվում։ Ինչ-որ բան են ասում-խոսում, ղժժում։ Էն երկու տղերքն իրար գրկած լռվում են մինչև ուշ։ Սպալնի եմ մտնում։ Առանց հանվել պառկում եմ Թինայի կողքը։ Ձեռքս դնում եմ ծծերին։ Մաժում եմ։ Մի քիչ քրտնած ա։ Չեմ ջոկում՝ իրոքից քնա՞ծ ա, թե՞ ձև ա բռնել։ Վայ թե էնքան հոգնած ա, որ նախընտրում ա քսմսվելս բանի տեղ չդնի։ Ոչ մի բանի հավես չունի։ Վաննա եմ գնում։ Ցնցուղի տակ ժաժ եմ տալիս։