Նարե Վարուժանի/Ուրիշ Հայաստան

Իրենց յոթանասուն տարվա ընկերությունը պահում էին հեռախոսով։ Հա՛, յոթանասուն տարվա․ մանկության ընկերուհիներ  էին, երկուսն էլ՝ ութսունն անց։ Ամեն անգամ տան հեռախոսով զանգում էր տատիս հետ զրուցելու, բայց տատս  վատառողջ ու թույլ էր, չէր կարողանում երկար խոսել հին օրերի ընկերուհու հետ, և օգնության էի հասնում ես․ գնում նստում էի կողքին՝ մահճակալի ծայրին, գիտեի, որ ուր որ է՝ ինձ է փոխանցելու լսափողը։

– Սոնիկըը՞ս․․․ լավ ա, քու՛յրիկ ջան,- պարտադիր շեշտը ու-ի վրա, բառերը ձգելով ասում էր տատս,- հեսա, կողքիս նստած ա, տալիս եմ իրեն։

– Ո՞նց ես, Լալա՛ տատ։

Սիրում էի , երբ  պատմում էր ինձ իր կյանքի անցած-գնացած օրերի, իր կարճ մանկության ու հոր մասին․

– Չորս տարեկան էի․ Երկրորդ համաշխարհայինից տուն չեկավ, ով գիտի՝ մինչև հիմա էլ գերի է։

Ես ժպտում էի Լալա տատի միամտության վրա․ մի՞թե հնարավոր է նման բան, ախր տասնամյակներ են անցել։

– Լալա՛ տատ, դու ի՞նչը կփոխեիր աշխարհում։

Առավոտ է։ Փողոցի խլացնող աղմուկը հանկարծ շեղում է ուշադրությունս։ Երթը հասել է մեր թաղ, ինչ-որ մեկը բարձրախոսով գոռում է․

– Պահանջում ենք ուրի՛շ Հայաստան։

Եվ ամբոխը կրկնում է․

-Ու՜-րի՜շ Հա՛-յա՛ս-տա՛ն, ու՜-րի՜շ Հա՛-յա՛ս-տա՛ն ։

Արդեն  երկար ժամանակ է, ինչ ցույցը  գրավել է քաղաքը, և ես անգիր եմ արել այս նախադասությունը։  Բայց ինը  տարեկանում ցույցն ինձ համար ոչ այլ ինչ է, քան մարդկանց հետաքրքիր բազմություն, որին անվերջ կարելի է նայել պատուհանից ու զարմանալ, թե ոնց է այդքան մարդ միաժամանակ քայլում նույն ուղղությամբ, հավասար և ոնց է միաձայն կրկնում նույն բանը։ Իսկ թե ուր է ընթանում ամբոխը կամ ինչ է վանկարկում, ինձ համար նշանակություն չունի։ Մարդիկ լարված քայլում են՝ հայացքները մի կետի։ Հանկարծ նկատում եմ հորս․ տոպրակները ձեռքին արագ քալում է դեպի բակ․ ակնհայտ է, որ շտապում է փողոցն անցնել, քանի դեռ ցուցարարները չեն հասել  իրեն ու ճանապարհը փակել։ Ես վազում եմ  դեպի դուռը։

-Պա՜պ։ 

Մինչ հայրս կոշիկներն է հանում, մայրս վերցնում է տոպրակներն ու տանում խոհանոց։ 

Ես փաթաթվում եմ հորս ու մոռանում  ցույցի մասին։ 

-Ալո՛, Լալա՛ տատ, բա պատերազմից հետո՞ ինչ եղավ։

-Մայրս ինձ պահեց, Սո՛նիկ ջան, օր ու գիշեր աշխատում էր կարի արտադրամասում։

-էդ ժամանակ Հայաստանն ինչպիսի՞ն էր։

-էդ ժամանակ մենք Սովետի մեջ էինք։

-Իսկ Սովետի մեջ ցույցեր լինու՞մ էին։

-Ցույցեր միշտ էլ եղել են։

-Գիտե՞ս, որ  քաղաքում ցույց է սկսվել։

-Ինչի՞ համար է ցույցը, Սո՛նիկ ջան։

– Ուրիշ Հայաստանի։

-Ուրիշ Հայաստանի՞։

-Հա՜ , Լալա՛ տատ, ձեր ժամանակ ուրիշ Հայաստան կա՞ր։

-Հայաստանը մեկն է, միշտ մի՛ Հայաստան կա, Սո՛նիկ ջան։

-Բա էլ ինչու՞ են մարդիկ ուրիշ Հայաստան ուզում։

Մայրս տոպրակները տեղավորում է, հետո հորս հետ սուրճ խմում։ Մի տեսակ տխուր շտապողականություն կա նրանց շարժումների մեջ, իսկ տատս պառկած է ու թեև գրեթե ոչինչ չի տեսնում, աչքերը հառել է հեռուստացույցին։ Այս օրերին դրսում միշտ աղմուկ է, բայց մեր տան ներսում այն ոչ ոք ասես չի լսում, ասես դրսում ուրիշ աշխարհ է, տանը՝ ուրիշ․ երբեք չեմ տեսել,  որ հայրս  դրսի թեմա տուն բերի, չեմ տեսել, որ մայրս բամբասի, դուրսը իր բոլոր թեմաներով դրսում էր մնում, այդ պատճառով էր, որ ամաչում էի հարցնել ցույցերի մասին, բայց միևնույն ժամանակ անչափ շատ էի  ուզում հասկանալ, թե ինչ է դա։ 

– Ինչու՞ են մարդիկ ցույց անում, Լալա՛ տատ։

– Եսիմ․․․ երևի դժգոհ են ինչ-որ բանից։

– Նրանք գոռում են իրար վրա և հրում են իրար։

– Դա շատ վատ է, Սո՛նիկ ջան։

– Նրանք բոլորը քայլում են մի ուղղությամբ, բայց երբեք տեղ չեն հասնում, ինչու՞ է այդպես։ 

Հայրս վրդովված դառնում է  մորս․
-Բախում է եղել, երկու մարդ է զոհվել։ 

Մայրս գլուխն օրորում է, ապա սուրճը վերջացնելով՝ հագցնում դրսի շորերս ու ասում, որ սպասեմ, ճաշն ուտացնի տատին ու դուրս գանք։

– Ալո՛, Լալա՛ տատ, շարունակի՛ր,  բա հետո՞, հետո՞ ինչ եղավ, երբ մեծացար։

– Հետո ամուսնացա։

– Բա ամուսինդ ու՞ր է։

– Չկա, Սո՛նիկ ջան։

– Մահացե՞լ է։

– Իր այգին փորելիս թուրքը խփեց։

– Ինչու՞ են թուրքերը սպանում հայերին, Լալա՛ տատ։

Շուտով տատիս նայելու է գալիս մեր հարևանը, ում մայրս անչափ զգույշ, գրեթե  շշուկով հայտնում է, թե ուր ենք գնում։  Դուրս ենք գալիս։ Ցուրտ է։

– Լալա՛ տատ, իսկ դու երեխա ունե՞ս։

Լռեց։ Երկար լռեց։ Ինձ թվաց, թե լսափողի անցքերը լցվեցին Լալա տատի արցունքներով և թրջեցին ականջս։ Փորձեցի շրջանցել թեման․

– Լալա՛ տատ, բա չասացիր, է, իսկ դու ի՞նչը կփոխեիր աշխարհում․․․

Վերելակը չի աշխատում։ Մայրս հորս թևանցուկ է լինում,և աստիճաններով արագ ցած ենք իջնում։ Մենք քայլում ենք մի նեղ փողոցով, բոլորիս դեմքին՝ խոնարհված թախիծ։ Չորս հսկա տղամարդիկ բռնել են Լալա տատի դագաղից, իսկ ես քայլում եմ մորս ու հորիս թևից պինդ բռնած․ առաջին անգամ եմ թաղման մասնակցում։ Թափորը քայլում է մի ուղղությամբ, համաչափ, վեհ, լուռ։ Եվ ինձ թվում է , թե  դա աշխարհի ամենաերկար լռությունն է, ամենալուռ ցույցը։

Please follow and like us: