-Դուք կարո՜ղ էիք Քերթության և մտքի լուսե պարտեզում
Ճաշակել Ոգո՛ւ խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ,-
Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի՛ մեծ զոհ,
Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ սեղանին…
Ե․ Չարենց, «Մահվան տեսիլ»
Ահա այսպիսի պատկերավոր ձևակերպմամբ է Չարենցն իր «Մահվան տեսիլ» պոեմում բնութագրում եղեռնազոհ արևմտահայ տաղանդավոր նահատակ պոետներին։ Ընդ որում, Չարենցն այս տողերն ասում է պոեմում իրեն ուղեկից ընտրած համաշխարհային մեծության պոետի՝ Դանթեի բերանով։ Դանթեն պոեմի ողջ ընթացքում խոսում է միայն մեկ անգամ, այն էլ՝ արևմտահայ նահատակ պոետների առիթով։
Եվ իրոք, հաշվի առնելով երեսունմեկամյա Դանիել Վարուժանի, երեսունյոթամյա Սիամանթոյի, երեսնամյա Ռուբեն Սևակի և այլ տաղանդավոր մտավորականների թողած գրական ժառանգության խորությունն ու խտությունը, վստահաբար կարելի է ասել, որ նրանք ամենամեծ զոհերն էին՝ մատուցված այդ պիղծ սեղանին։ Նրանցից յուրաքանչյուրն առանձնանում էր նոր, թարմ, յուրօրինակ ու անկրկնելի քնարերգության փայլով: Սիամանթոն երգում էր հայրենիքի ցավը, կոտորածն ու արհավիրքը, որի միջով անցնում էին իր ժամանակակիցները, Վարուժանն իր քնարը ծառայեցնում էր անցյալի փառքի վերադարձի ու բնությունից թելադրված, առողջ մարդկային զգացմունքների, սիրո հարատևության փառաբանմանը, իսկ Սևակն իր քնարում ներդաշնակել էր փորձում այս ամենը՝ երգելով տիեզերական անծայրածիրության մեջ կարևորագույն մասնիկ հանդիսացող առաքինի մարդուն՝ որպես բարձրագույն արժեք, հայրենիք ու սեր։ Հայ ժողովրդի բնաջնջման վտանգը շատերին, այդ թվում նաև Սևակին մղում է պայքարի կոչող ստեղծագործություններ արարելուն, որի արդյունքում էլ ծնվում է Ռ․ Սևակի «Կարմիր գիրք» ժողովածուն։ Այստեղ իրենց գեղարվեստական կառույցով ու բովանդակային խորությամբ հատկապես հիշատակելի են «Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն» պոեմները, որոնք համեմատելի են ինչպես Րաֆֆու «Ջալալեդիդին» և «Խենթ», այնպես էլ Սևակի ժամանակակցի՝ Սիամանթոյի «Հայորդիներ», «Դյուցազնորեն» և «Հոգեվարքի ու հույսի ջահեր» հանճարեղ գործերի հետ։
Քանի որ Սևակի ստեղծագործությանը առիթ ունեցել ենք մանրամասնորեն անդրադառնալու, այստեղ ավելի շատ կխոսենք Սևակի մարդկային բացառիկ որակների մասին։
Խորապես ուսումնասիրելով ոչ միայն Սևակի գեղարվեստական աշխարհը, այլ նաև հասարակական, մասնագիտական գործունեությունն ու մարդկային էությունը, բոլորովին էլ չենք զարմանում (նույնիսկ սպասելի էր), որ Սևակը թողեց պատերազմի արհավիրքներից հեռու, չեզոք Շվեյցարիան և վերադարձավ ծննդավայր, երբ այդպիսի հստակությամբ տեսնում էր «Պոլսո մղձավանջը… Սոդոմի մուխն ու Գոմորի բոցը»,- ինչպես գրում էր իր նամակներից մեկում դեռևս 1911 թ.: Նա վերադարձավ՝ իր ժողովրդի հետ կիսելու իր իսկ կանխատեսած արհավիրքները:
Պատերազմի տարիներին Սևակը՝ որպես զինվորական բժիշկ, սպայի աստիճանով ծառայում է թուրքական բանակում, բայց դա էլ չի խանգարում, որ ապրիլի 24-ին ձերբակալված ու աքսորված հայ մտավորականների շարքում լինի նաև նա։ Շատերի հետ նա էլ է աքսորվում Չանղըր։ Սևակի կողքին էր նաև Վարուժանը։
Եվ ինչպիսի անմարդկային ու դաժան հանգրվան ունեցավ նրանց երկրային կյանքը: Ազատության, եղբայրության, հավասարության դրոշը ծածանող երիտթուրքերը, իշխանության գալով, շարունակեցին դեռ 87-88թթ. սկսված, 15 թվի գարնանը ահանգանացած և ավելի քան հինգ տարի շարունակվող հայկական ջարդերը, որոնք գրեթե 2 մլն. անմեղ զոհերի պատճառ դարձան: Սակայն ինչպիսի ջարդեր… Ժամանակակիցները հետագայում տարբեր առիթներով հիշում էին, որ այդ անմեղ մարդկանցից քչերն «արժանացան» գնդակի: Անզեն մարդկանց սպանելու համար երիտթուրքերը խնայում էին նույնիսկ գնդակը՝ կիրառելով սպանության անմարդկային ձևեր: Ծանոթանալով մարդասպանության երիտթուրքական մեթոդներին՝ ակամա, սրտի սարսուռով գալիս ես այն համոզման, որ ճակատին, սրտին կրակելը, մարդուն միանգամից սպանելն էլ էր մարդկայնություն այդ պարագայում: Այսպիսի ճակատագրի արժանացան նաև Սևակը, Վարուժանը, Սիամանթոն, Զոհրապը, Երուխանը…
Ճակատագրի հեգնանք թե՞ փորձություն կարելի էր անվանել աքսորի ճանապարհին Սևակի հետ պատահած դիպվածը: Ահա թե ինչպիսի տեղեկություն է պահպանվել Սևակի մասին, որը բացահայտում է մեծ մտավորականի մարդկային վեհ արժեքները։ Նա բուժում է թուրք ավազակապետի (արաբաջիբաշի) հիվանդ աղջկան, ում մոտ թոքերի բորբոքում կար։ Սևակը չի երկմտում, քանզի մասնագիտության և իր մարդկային էության բերումով նա չէր կարող անտարբեր անցնել որևէ հիվանդության կողքով՝ անկախ այն հանգամանքից, թե ում տեսքով է ներկայանում հիվանդությունը: Շուտով նա դավանափոխ լինելու, կյանքը փրկելու և փախչելու հնարավորություն և առաջարկություն է ստանում անձամբ ավազակապետից: Բայց նա վեր էր իրականության ճղճիմ հանգամանքներից. մտովի հաղթահարել էր մահը, ուստի ասպետորեն մերժում է փրկության բոլոր առաջարկները՝ դրսևորելով բարոյականության բացառիկ հատկանիշներ: Այս մասին հետագայում հուշեր են գրում ներկա գտնվողներից և հրաշքով փրկվողներից շատերը: Մահն արժանապատվորեն և վեհանձնորեն ընդունելու մասին են խոսում նաև աքսորի ճանապարհից կնոջը գրված սփոփիչ նամակները: Տվյալ պահի պահանջով առաջ եկած պոետի կամքն էր դա։ Այդպես ընտրեց ինքը՝ հպարտ կանգնել դեմ հանդիման բարբարոսներին և մնալ կողքին բախտակիցների։ Նա այնտեղ էր որպես մտավորական, որպես ընկերների զինակից ու բախտակից, որպես բժիշկ և որպես մարդ-անհատականություն։ Նա բժիշկ էր ոչ միայն մարմինների, այլև հոգիների (որպես բանաստեղծ)։ Բժշկությունը մասնագիտություն է, որը սովորում ես ու բուժում, իսկ այ բանաստեղծ լինել ոչ մի տեղ չես սովորսում։ Բանաստեղծությունը կենարար խոսք է, որ ծնվում է ինքնաբուխ, որպես հոգու երգ, փոխանցելու համար ուրիշ հոգիների՝ մարդկայնորեն ապրելու գաղտնիքը բացելու նրանց համար։ Ռուբենը բանաստեղծ էր ի ծնե, հետո պիտի բժիշկ դառնար, իսկ հետո՝ անմահանար որպես անկրկնելի մարդ-անհատականություն։
Մի առանձին գնահատանքի և հարգանքի է արժանի Սևակի կինը՝ գերմանացի գնդապետի դուստր Յաննի Ապելը, որի սերն ու հարգանքն առ ամուսինն այնքան մեծ էր, որ հաղթահարել էր անձնականության տարածքը և տարածվել տառապյալ ողջ հայ ժողովրդի վրա: Ամուսնու ձերբակալությունից անմիջապես հետո Յաննին շտապում է Պոլսի ոստիկանապետի մոտ, ապա՝ գերմանական դեսպանատուն, բայց ապարդյուն, ամենուր պատասխանը նույնն էր. «Դոկտոր Սևակը մեծ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա. իր խոսքերով, իր գրություններով կարող է հայ ժողովրդին ոտքի հանել: Սա է նրա հանցանքը»: Ի պատասխան սրան՝ Յաննին հրաժարվում է գերմանական անձնագրից ու հպատակությունից և զավակների՝ Լևոնի և Շամիրամի հետ հաստատվում Ֆրանսիայում: Ի նշան բողոքի նա մինչև կյանքի վերջը Գերմանիա չի գնում և չի խոսում գերմաներեն, իսկ զավակներին արգելում է սովորել գերմաներեն: Նա համոզված էր, որ Գերմանիան օսմանյան Թուրքիայի հետ հավասարապես պատասխանատու է միլիոնավոր հայերի նահատակության համար:
Այստեղ տեղին է հիշել և արժանին մատուցել նաև Սևակի բախտակից ընկերոջ՝ Վարուժանի կնոջը։ Արաքսի Թաշճյանը, որ ապրիլին սպասում էր իրենց երրորդ զավակին, հիշում է, թե ինչպես թուրք ոստիկանները ամուսնուն և նրա գրվածքները տանելիս խիստ բարեկիրթ են վարվել իր հետ՝ հավանաբար հաշվի առնելով կնոջ կարգավիճակը։ Նրանք խոստացել են օրեր անց բաց թողնել Վարուժանին, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 26-ին, Վարուժանը Սևակի հետ վայրագաբար սպանվում է Չանղըրի ճանապարհին։ Հենց այդ նույն օրը ճակատագրի հեգնանքով լույս աշխարհ է գալիս Վարուժանի երրրորդ զավակը՝ Հայկակը։ Հետագայում Արաքսի Թաշճյանի հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր է լինում թուրքական ոստիկանությունից հետ վերադարձնել Վարուժանի վերջին շրջանի գրվածքները, որոնց հիման վրա էլ 1922 թվականին լույս է տեսնում հեղինակի վերջին ժողովածուն՝ «Հացին երգը»։
Ի դեպ, Երևանի պատմության պետական թանգարանում առկա է մի հուլունքաշար համրիչ, որի 99 հատիկներին փորագրված են Չանղըրի աքսորված միայն 103 հայ աքսորականի անուններ: Առաջին հատիկին Կոմիտասի անունն է, 5-րդին՝ Ռուբեն Սևակի, 40-րդին Դ. Վարուժանի, իսկ ամփոփիչ 99-րդ հատիկաշարին՝ Գ. Պալաքյանի: Իր հուշագրության մեջ Գ. Պալաքյանը ներկայացնում է Չանղըրիի 69 աքսորականի անուն՝ ցավով հիշատակելով, որ «դժբախտաբար Չանղըրիի մեր աքսորական տարաբախտ ընկերներուն հազիվ կէսին անունը կարելի եղավ ձեռք բերել մեծ դժվարութեամբ…»:
Սևակն իր գործերով, թողած ժառանգությամբ և արժանապատիվ մահով նվաճեց հավերժության դափնին, որ վիճակված է միայն ընտրյալներին: Նրա շարունակելիությունը մեր շարունակելիությունն է:
Առհասարակ, գրականագետների շրջանակում իշխում է այն կարծիքը, որ հանճարները իրենց ժամանակի ծնունդն են. նրանք ծնվում, ապրում, ստեղծագործում և գնում են դեպի հավերժություն ճիշտ ժամանակին՝ անմահ ժառանգությամբ կամուրջ նետելով հին ու նոր սերունդների միջև: Սակայն Սևակը այս դեպքը չէր. նա դեռ նոր պետք է սկսեր ստեղծագործել: Նրա թողած գրական խոստումնալից ժառանգությունը վկայում է, որ տաղանդավոր գրողը դեռ անցնելիք ճանապարհ ուներ, դեռ շատ ավելի մեծ ասելիք ուներ, դեռ գրական նոր հայտնություններ էին սպասվում: Հայտնի է, որ նա ծրագրել էր հրապարակել նոր գրքեր, ու խորհում էր դրանց նյութի ու կառույցի մասին։ Նոր գրքերի աշխարհ գալուն խանգարում էին նրա ունեցած մեծ պատասխանատվության զգացումը և սուղ ժամանակը։
Մեծ պատասխանատվությունը երևում է նրա կենդանության օրոք լույս տեսած միակ գրքի՝ «Կարմիր գիրք» ժողովածուի կառուցվածքից. այստեղ հստակ երևում է, թե ինչպիսի բծախնդրություն է հեղինակը ցուցաբերել ժողովածուն կազմելիս: Մարդ, ով իր գիտակցական ողջ կյանքը նվիրել է գրչով հանուն մարդկային բարօրության ու արդարության պայքարելուն, ով իր անձով օրինակ ու խթան է հանդիսացել ազնվաբարո և հայրենանվեր աշխատանք կատարելու համար, անմահացել է հենց իր թողած գրական ժառանգության շնորհիվ: Այս առումով, խիստ ցավալի է նրա անժամանակ ընդհատված կյանքի կարճատևությունը և կարող ենք փաստել, որ նույնքան էլ արդարացված է նրա բեղուն ու բազմաբովանդակ գոյությունը՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ անձամբ հեղինակն է վկայել իր կյանքի բուն մոտիվացիան. «Ինձ համար գրելը երգել է: Բոլոր մխիթարությունս սա երկաթի փոքրիկ գրչիս մեջն է: Ու մենավոր ապաստանիս մեջ` ձմրան գիշերներ, ինձմե երջանիկ մարդ չէ կարելի երևակայել` ոտանավորի մը ավարտումեն վերջ»:
Նա իր հետ տարավ մեզ այդպես էլ անհայտ մնացած բազմաթիվ մտքեր, գաղափարներ, մտահղացումներ, որ չհասցրեց իրագործել: Հայտնի չէ, թե ինչպիսի ընթացք կունենար Սևակի կյանքի ուղին, եթե այդպես դաժան ավարտ չունենար, բայց նրա ստեղծագործությունների ընդհանուր ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ նա շատ ավելի արժեքավոր ու հանճարեղ ժառանգություն կարող էր թողնել, քանի որ նա դանդաղ, բայց հաստատուն աճող հանճարներից էր:
Սևակին գնահատել և շարունակում են գնահատել շատ ականավոր մտավորականներ: Ոմանք նրա ստեղծագործությունների գրականագիտական ուսումնասիրությամբ են հանդես եկել, ոմանք Սևակի բազմաբովանդակ կյանքին են անդրադարձել, ոմանք գեղարվեստական հանդերձավորմամբ են փորձել ներկայացնել Սևակ-անհատին: Այս հարթության մեջ հատկապես աչքի է ընկնում Ալ. Թոփչյանի երկը՝ «Եվ անգամ մահից հետո» կենսագրական վեպը: Գեղարվեստական տպավորիչ պատկերներում ուրվագծվում է բանաստեղծի անհատականությունը՝ աշխարհիկ զգացողությունների, մտավոր ու հոգևոր հետաքրքրությունների կազմավորումը քաղաքակիրթ Եվրոպայի մտավոր մակարդակներում, հայ հանճարի բացառիկ ստեղծագործությունը՝ գեղեցիկի ու կատարյալի ձգտմամբ և ազգային ճակատագրի ողբերգական վախճանով։ Վեպը ճանաչողական հաճույք է պատճառում մտավոր-գրական մշակույթով, եվրոպական նիստուկացի իմացությամբ ու ժամանակի պատմական ժամանակի աշխարհընկալմամբ և հոգևոր մթնոլորտի խոհափիլիսոփայական վերլուծումներով։ Դա պայմանավորված է տասնամյակների այն փորձառությամբ, որ հեղինակը ձեռք է բերել Ռուբեն Սևակի կյանքի ու ստեղծագործության հետազոտությամբ զբաղվելու տարիներին։
Էսսեն ավարտենք Սևակին ամփոփ ու դիպուկ բնորոշող Անդրանիկ Ծառուկյանի խոսքով, որը ասել է 1985 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած Ռուբեն Սևակի հիշատակին նվիրված հանդեսի ժամանակ.
«Եթէ ինծի վիճակուեր, որ մեր նահատակ գրագէտներէն մէկուն յիշատակին (բոլորն ալ յարգելի են, բոլորն ալ հաւասար են) արձան մը կանգնենք, ինչպէս անծանօթ զինուորի արձանները կան, մենք ալ մէկ արձան մը ընտրենք հայ նահատակ մտաւորականները, հայ նահատակ գրագէտները խորհրդանշող ես պիտի ուզէի Ռուբէն Սեւակին արձանը բարձրացնել, իբրեւ ամբողջական մարդ, իբրեւ ամբողջական գրագէտ եւ ամբողջական ազգային գործիչ»: