Եկ ապրելու ինձ հետ եւ իմ սերը դարձիր,
Մենք կըմբոշխնենք բոլոր վայելքները անծիր՝ 1
Ամուսնության, որ վարժեցնում է խնայողության
Քսանմեկերորդ հարյուրամյակում մեր թվարկության։
Հին, անվերելակ շենքում կվարձենք մի բնակարան՝
Իսկը հավաբուն, ասեղ գցելու տեղ լինի էնքան,
Ծաղկամանի մեջ՝ ահազդու կակտուս, որ շուք հաղորդի
Եվ մի քրքրված, թուջե լոգարան՝ ժանգաջրով լի։
Մենք կուտենք առանց մեզ կեղեքելու, մեծ ախորժակով
Ուտելիք էժան, բայց սննդարար բարձր արժեքով
Եվ կատակելով զվարթ, անպատկառ կքաշենք գլխին
Իտալական էն թաղերից առած մազալու գինին։
Մենք կասենք իրար՝ խելքի նշան է խնայող լինել
Հագուստը զեղչված եւ ոչ սեզոնին, կես գնով գնել,
Շաբաթ-կիրակի մենք կերթեւեկենք տըրոլեյբուսով,
Որ ցերեկային սեանսին մտնենք մատչելի տոմսով,
Ամեն կիրակի մենք մեզ թույլ կտանք փոքրիկ խենթություն՝
Կկատարենք դեպ Կենտրոնկան պարկ զբոսաշրջություն։
Այպիսի մի օր ոչ շատ հեռավոր հանկարծ կբռնես
Ու խոհանոցի սրած դանակով բուկս կկտրես։
1 -Տողեր Վերածննդի շրջանի անգլիացի բանաստեղծ եւ դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոյի «Կրքոտ հովիվն՝ իր սիրեցյալին» ստեղծագործությունից
Թարգմանությունը անգլերենից՝ Արփի Ոսկանյանի