Ստելը եւ խաբելը թվում են անտարբերելի։ Բայց ակնհայտ է, որ ստելը մտավոր է, խաբելը՝ պերֆորմատիվ, մարմնական, կատարողական։ Ստախոսները ինչ-որ իմաստով ինտելեկտուալներ են, բայց խաբեբաները՝ անտարակույս արտիստներ։ Ու անկասկած է, որ մտավորականների մեջ ստախոսները ավելի շատ են, քան մյուս խավերում։ Գրողները՝ ձեզ օրինակ։
Ստախոսները անկասկած հոգի ունեն, ինչը չես ասի խաբեբաների մասին։ Զուր չէ, որ Սատանայի մյուս անունը Ստախոս չէ, այլ՝ Խաբեբեբա։
Ֆրանսիացի փիլիսոփա Ալեքսանդր Կոյրեն գրում է. «Անկասկած, մարդը միշտ ստել է։ Ստել է ինքն իրեն։ Եվ ուրիշներին։ Մարդը ստել է հանուն հաճույքի՝ «ասել այն, ինչ չկա», եւ հաճույք ստանալով, որ օժտված է իր խոսքով աշխարհ ստեղծելու զարմանահրաշ կարողությամբ, որի միակ հեղինակն ու պատճառը հենց ինքն է։
Ստել է նաեւ ինքնապաշտպանության համար․ սուտը զենք է։ Ճնշվածների ու թույլերի նախընտրած զենքը, երբ, խաբելով թշնամուն, ինքնահաստատվում է նրա առաջ եւ վրեժխնդիր լինում նրանից»։
Գրողի համար սուտ ասելն ինչ-որ իմաստով ստեղծագործական ընթացքը ուղեկցող հաճուքներից է։ Հարուկի Մուրակամին «Սպիտակ սուտ» էսսեում գրում է. «Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստից: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում), կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ: …անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, ինչպես կոչում են անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (եւ դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ ցնդաբանությունն ամենից շատ մոտ է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում:»
Թվում է՝ եթե գրական գործը ինքնին կեղծիք է, դրանց միակ տարբերությունն այն է, որ մեկը ավելի մեծ գեղարվեստական արժեք է, քան՝ մյուսը։ Բայց մեր ընթերցանության փորձը կարծես այլ բան է ասում։ Հիմա կարդալով հայ բանաստեղծների՝ Ստալինին նվիրված գործեր՝ զգում ես դրանց մեջ ներկա սուտը եւ կեղծիքը։ Դրանից չի խուսափել նույնիսկ Պարույր Սեւակը։ Մի հատված Պարույր Սեւակի 1950 թ. գրված բանաստեղծությունից.
Կանգնել է նա պատվանդանին ողջ հասակով, դյուցազնատիպ,
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Հավանաբար երեւակայություն էր պետք յոթանասունամյա Ստալինին ջահելներից ջահել անվանելու համար։ Կարելի էր սահմանափակվել Դանիել Խարմսի այն դարձվածքով, որ «սովետում ստել անհնար է, քանզի ինքը երկիրը կեղծիք է»։
Մենք չենք հավատում այս բանաստեղծությանը, քանզի եթե նույնիսկ հեղինակը անկեղծորեն
կիսում է իր հերոսի/հերոսների դավանած իդեալները, ապա անհավատալի է սպասել նման
անհիմն նվիրվածության։ է՛լ ավելի դժվար է վերաբերվել այս նվիրվածությանը համակրանքի
զգացումով, չնայած բանաստեղծի հորդորներին։
Սոցռեալիզմը մերժում են, որովհետեւ այն «սուտ» արվեստ է եւ գրականություն, բայց ինչո՞ւ է այն սուտ։
Ինչ էլ որ լինի գեղարվեստական պատումի փաստական անհավանականությունը, Ստալինի
փառաբանությունը հակասում է նրա գործած հանցագործություններին, այն չի կարելի բարոյական իմաստով «սուտ» անվանել, քանի որ գեղարվեստական ստեղծագործության շրջանակներում հնարովին ի սկզբանե օրինական է։
Բայց ինչպե՞ս տարանջատել սուտը, որը բարոյապես դատապարտելի երեւույթ է, եւ հորինվածքը՝ որպես բարոյական դատողությունից դուրս երեւույթ։ Գեղարվեստական գրականությունն ակնհայտորեն «կյանքի» փաստ չէ եւ հետեւաբար չի ենթարկվում ճշմարտության/կեղծիքի չափանիշին ու, համապատասխանաբար, զուր են բարոյական դատողությունները: Այն կարելի է դատել գեղարվեստական չափանիշներով, այսինքն՝ էսթետիկորեն։
Եթե մեկը գրել է վեպ, որտեղ նկարագրում է, թե ինչպես են բացահայտում ժողովրդի թշնամիներին, նա արարք է կատարում, որի մասին կարելի է տարբեր դատողություններ եւ ենթադրություններ անել։ Ինչպիսի դատողություն էլ անենք հեղինակի անձի, այսինքն՝ արարքի բարոյական բնույթի մասին, թե ինչու է նա գրել այդ գործը, սխալ կլինի այդ դատողությունը տարածել հենց ստեղծագործության վրա։
Գրողն իր ստեղծագործական արարքում, ինչպես ցանկացած մարդ իր ցանկացած
գործողության մեջ, ունի կամքի ազատություն։ Նա ազատ է գրել ցանկացած սուտ, որ ոչ
միայն հակասում է փաստերին, այլեւ հակասում է բարոյականին, այսինքն՝ գիտակցաբար բարոյական չափանիշներին հակասող. համապատասխանաբար, եւ մենք ազատ ենք նրա այս արարքը գնհատել բարոյական չափանիշով։ Դա հատկապես վերաբերում է այն ստեղծագործություններին, որոնք պարունակում են բռնության կոչեր՝ ազգային, ռասայական, դասակարգային, գենդերային եւ այլն։
Բայց եթե ընդունում ենք տվյալ ստեղծագործությունը իբրեւ «գրականության» փաստ, դրանով իսկ օրինականացնում ենք ցանկացած կեղծիք, ցանկացած անհավանականություն, ցանկացած տրամաբանական անհնարինություն, որ այն կարող է պարունակել։
Մենք ասում ենք, որ ստեղծագործությունը «ճշմարիտ» գրականության երեւույթ չէ, քանի որ այն կեղծ է, եւ այն կեղծ է, քանի որ չի պատկանում «ճշմարիտ» գրականությանը, ստեղծված է գրականության ներհակ օրենքներով։ Այսինքն՝ մենք կեղծ գրականությունը մերժում ենք՝ ելնելով էսթետիկական չափանիշներից, բայց մյուս կողմից չկան այդպիսի համընդհանուր չափանիշներ։ Ինչպե՞ս դուրս գալ այս տրամաբանական շրջանից։
Խորհրդային Միությունում կենտկոմը քննարկում էր այն վեպերը կամ կինոնկարները, որոնք հավանում էր։ Այսինքն՝ կուսակցական տեսակետից կինոնկարը ռեժիսորի արարքն էր, վեպը՝ գրողի եւ այլն։ Ստեղծագործական արդյունքը որպես արարք դիտարկելը ընկած է մշակույթի նկատմամբ ռեպրեսիվ գաղափարախոսության եւ քաղաքականության հիմքում:
Սոցռեալիզմի սուտը եւ՛ հեղինակի, եւ ընթերցողի ազատության սահմանափակումն է։ Ազատ այս դեպքում նշանակում է չլինել ներքաշված, չնույնանալ ստեղծագործական հնարանքի հետ, ստեղծագործական կեղծիքի հետ։
Բայց այլ է սոցռեալիզմի էսթետիկան։
Սոցռեալիստական վեպի իսկական ընթերցողներ լինելու համար մենք պիտի դադարենք սոսկ հանդիսատես կամ վկա լինել եւ պիտի դառնանք վեպի գործողության մասնակից։ Մենք չենք կարող լինել Ստալինի մասին պոեմի ընթերցող, մենք պետք է կիսենք այդ ոգեւորված փառաբանությունը։ Եթե գրված է, որ Ստալինը ջահել է, ուրեմն այդպես էլ կա։ Այդ միտքը լավագույնս է արտահայտել անկասկած շատ տաղանդավոր Միխայիլ Շոլոխովը. «Մեր՝ սովետական գրողների մասին չարախոսող թշնամիները ասում են, որ մենք գրում ենք կուսակցության թելադրանքով։ Իրավիճակը փոքր-ինչ այլ է․ մեզնից յուրաքանչյուրը գրում է իր սրտի թելադրանքով, իսկ մեր սիրտը պատկանում է կուսակցությանն ու հարազատ ժողովրդին, որին ծառայում ենք մեր արվեստով»։
Կարելի է չկասկածել, որ Պարույր Սեւակը գրել է իր սրտի թելադրանքով, իսկ նրա սիրտը
ազատ չէր, պատկանում էր կուսակցությանն ու հարազատ ժողովրդին։
Այնպես չէ, թե սոցռեալիստական կեղծիքը անցյալում է։ Կեղծ գրականություն միշտ կլինի,
քանզի մի գաղափարախոսական պարտադրանքին գալիս է փոխարինելու մեկ այլը։