Լուսանկարը՝ Գուրամ Ծիբախաշվիլիի

Թամթա Մելաշվիլի/Մոշ-մոշ-մոշահավ

Թամթա Մելաշվիլին ծնվել է 1979 թվականին, վրացի գրող է, հետազոտող, դասախոս և ֆեմինիստ ակտիվիստուհի։ Միջազգային հարաբերությունների բարձրագույն կրթությունը ստացել է Թբիլիսիի պետական ​​համալսարանում։ 2008 թվականին Կենտրոնական Եվրոպայի համալսարանում ստացել է գենդերային հետազոտությունների մագիստրոսի կոչում։

Թամթայի առաջին վեպը՝ «Համրանքախաղը» (2010), Վրաստանում համարվել է տարվա լավագույն իրադարձությունը՝ արժանանալով «Սաբա» գրական մրցանակին (2011)։ «Մոշ, մոշ, մոշահավ» վեպը (2021) Թամթայի երրորդ վեպն է (Երկրորդը՝ «Արևելյան կողմում» (2015)), որը նրա մյուս ստեղծագործությունների պես բարձրաձայնում է մարգինալացված կնոջ ձայնը։

Միջին տարիքի, միայնակ մի կին` Էթերոն, ապրում է փոքրիկ քաղաքում և աշխատում իր սեփական խանութում: Նրա միապաղաղ, հանգիստ կյանքին կարծես ոչինչ չի սպառնում, բայց մի օր հանկարծ մի դեպք է տեղի ունենում, և նրա կանոնավոր կյանքը գլխիվայր շուռ է գալիս։ Մահվան վախից ցնցված կինը այնպիսի որոշում է կայացնում, ինչը մինչ այդ երբևէ չէր համարձակվի անել, և անսպասելի սիրային արկածախնդրության մեջ ընկնում։ Էթերոյի մտքերի, զգացմունքների և հույզերի միջոցով աստիճանաբար բացահայտվում է գլխավոր հերոսի ծանր կյանքի պատմությունը,  գավառական քաղաքների, անշարժ և անփոփոխ թվացող, սոցիալական և անձնական բարդույթներով լի կեցությունը, ինչը մարդկանց վրա կործանարար ազդեցություն է ունենում՝ երկընտրանքներ, որոնց առջև անսպասելիորեն հայտնվում է գլխավոր հերոսը։

Գրողուցավ

———————————————————————————————————-

***

Չեմ սիրում էստեղի շուկան, բայց դե էստեղ եմ, ուրիշ ի՞նչ ճար ունեմ։ Հազվադեպ եմ շուկա գնում, եթե բան ունեմ առնելու, մոտակայքից եմ առնում, ինձ մոտ՝ Մեդիկոյի խանութում։ Ամեն ինչի գինը մեկ է՝ շուկայի գներով է ու նույնիսկ երբեմն ավելի էժան, բայց մեկ-մեկ գնալը միևնույնն է՝ պետք է։ Մեկ-մեկ մի էնպիսի բան եմ ուզում գնել, հիմնականում ուտելիք կամ թեկուզ միրգ, որ, բացի շուկայից, ուրիշ ոչ մի տեղ չկա։ Մոշ միայն շուկայում կտեսնես, ուրիշ տեղ չկա։ Գեշո, բարակ, կիսակարմիր մոշ է լցված սև տոպրակիս մեջ։ Ի՞նչ անեի, մեկ է՝ առա։ Ինչ հանդիպեց, դա առա, ինչ-որ կար։ Վերին գյուղից մի կին ուներ, մի երեք կիլոգրամի կարգի, ավելին չէ, վերջին, վերջացող մոշը։ Ուզում էր ծախեր, պրծներ, դրա համար գինն էլ իջավ։ Ասաց․ «Ոչ ոք չի առնում, էլ հետ չտանեմ, ցա՛վդ տանեմ, ափսոսում էլ եմ թափել, սրանք հավաքելիս ձեռքերս քրքրեցի»․ ու ես էլ առա, լրիվ վերցրի։ Բա դա ինձնից բացի էլ ո՞վ կառներ։ Ճիշտ է, մի տեսակ չուզելով առա։ Մարիամոբայից հետո մոշ չպիտի ուտես, մեզ մոտ այդպես է ընդունված, բայց քանի որ այդ կինը վերին գյուղից էր, իսկ էնտեղ արևը ուշ է հասնում, ամեն ինչ ուշ է հասնում, էլի ոչինչ։ Միևնույն է, էստեղի սեպտեմբերի, էնտեղի օգոստոսի պտուղ էր։ Ես էլ վերցրի ու առա, բա ոնց չառնեի, համ էլ էսօր առավոտյան հիշեցի, որ շուկայի օր է, մոշն էլ հետո շուկայի օրը հիշելուց  հետո մտքիս եկավ, թե չէ էս օրերին, էլ ինչ օրեր, շաբաթներ է արդեն, ով է մոշի մասին հիշում, ցա՛վդ տանեմ։ Կամ էլ ո՞նց պիտի դրա մասին հիշեմ։ Հիմա էլ ուղեղս նրանով է զբաղված-տարված, որ վաղը Քութաիսի պիտի գնամ։ Ծլկեմ պարոնին հանդիպելու։ Առավոտյան կմտնենք հյուրանոց, շորորվելով կմտնենք ու երեկոյան հագեցած դուրս կգանք, ամեն մեկս մեր ճամփան կբռնենք։ Ուրիշ ոչ մի տեղ չենք գնա, քթներս չենք հանի դուրս, ոչ մեկը չպիտի մեզ տեսնի, ո՛չ ինձ, ո՛չ էլ նրան։ Գլխացավանք չենք ուզում, միմյանց ենք ուզում, որիշ ոչինչ։ Հիմա գլխումս մենակ վաղվա օրն է, էն էլ եմ պլանավորում, թե ինչ ասեմ, ինչ ստեմ՝ ուր եմ գնում, ինչու եմ գնում, բայց տեսնո՞ւմ ես,  պարզվում է՝  մոշն էլ կարող է կարճ ժամանակով ուղեղս զբաղեցնել։ Նույնիսկ աչքիս դեմն է՝ ինչ անհավես կցանեմ շաքարավազը։ Սրա թթվաշությանը երևի երեք անգամ ավել շաքար պետք կգա, բայց չունենալուց լավ չէ՞, գոնե ինչ կա, էն ունենալը։ Բա ես ի՜նչ իմանամ՝ ինչ ձմեռ է ինձ սպասվում, ինչ  ձմեռ եմ ունենալու, Աստվա՛ծ իմ, ի՜նչ հանգիստ կյանք ունեի, մինչև էս մոշի հետևից ընկած Ռիոնի հասնելը ու հետո էլ էն անելը, ինչը երբեք չեմ արել։ Ի՞նչ անելու մասին է խոսքը, նույնիսկ չեմ էլ մտածել։ Էս մոշը Ռիոնի հեղեղատ որ չգցեր, որ բերնիս համի ու բկլիկության զոհ չդառնայի, հիմա խանութում հանգիստ փակված կլինեի ինձ համար։  Կգար ու կգնար էս մարդը, ինչպես որ մինչև էդ էր գալիս ու գնում։ Շատ-շատ՝ ականջները կարմրեին տեղ-տեղ ու իր ռախիդ թոռների լուսանկարը ցույց տար հեռախոսով։ Ընդամենը էդքան բան ու վերջ, էս ինչ փորձության առաջ կանգնեցրիր, Աստվա՛ծ իմ, հենց կանգնեցրիր թե չէ, ես էլ միանգամից իրար խառնվեցի։ Ուղեղս միանգամից մթագնեց, յա եղած, յա չեղած։ Ո՞նց էի ամեն ինչ պլանավորել, դասավորել․ բնումս մկան նման հանգիստ ու խաղաղ ապրելը, իսկ հիմա ղզղնած շան նման վազվզում եմ մե՛կ Քութաիսի, մե՛կ Վարձիա, մե՛կ ինչ-որ անտառ, մե՛կ մեքենայի մեջ եմ ոտքերս բացում, մե՛կ խանութում։ Վաղն էլ խանութում կշինվեմ։ Ֆազս կխփի ինձնից։ 

Իմ՝ մի վայրկյանում գլխիվայր շրջված կյանքից, բայց հյուրանոցի մասին մտածելիս մեկ է՝ սիրտս մի ուրիշ ձև է թրթռում։ Երևում է՝ մեկի մոտ պիտի հագեցնեի էս կուտակված կիրքը։ Ոչ թե կուտակված, այլ գերկուտակված, քարացած։ Պիտի հագեցնեի, չէ՞, ճիշտ է, դեռ հագեցածի նման չեմ, բայց օրերից մի օր  կհագենամ, չէ՞։

Խանութում պատահած հնարավոր վստահելիի, կարգինի, օտարի մոտ բացվեցի գարնան վարդ ու մանուշակի պես։ Նախապես էսպե՞ս էի ուզում։

Չէ՞ որ չէի ուզում, գիտե՞ի, որ էսպես էր լինելու, ի՞նչ իմանայի, գաղափար չունեի, մտքովս անգամ չի էլ անցել։

Էս աղմուկից գլուխս սկսում է ցավել՝ էսքան մարդուց, էսքան հոտից։ Հիմա մթերքի բաժնից դուրս կգամ, շոր ու կոշկեղենում կզբոսնեմ։ Էս ճանապարհ փակող վաճառասեղանների և դրանց մեջ խցկված մարդկանց կողքով հազիվ եմ անցնում։ Գլուխս մզզում է, ու ականջներս խլանում, մեկ էլ տեսնում եմ փայլուն կարմիրը և անգիտակցաբար դեպի էդ կողմ եմ առաջանում։ Էս ի՞նչ է էսքան կարմիր, էսպես փայլուն, էսպես սիրուն։ Անծանոթ կին է երիտասարդ, հին լեժանկայի վրա վարտիք-շապիկեղեն, զուգագուլպաներ ու գիշերանոցներ է փռել՝ բոլորը կոկիկ, ըստ գույների շարքերով դասավորել է։ Իսկ սա առանձին է դրել, մեջտեղում,  առանձնահատուկ ու էնքա˜ն սիրուն, էնքա˜ն սիրուն, մի վայրկյանում աչք ծակեց։ Ճիշտ է, աչք ծակեց, բայց մեկ է՝ նկատում եմ, էսպես առանձնահատուկ դրված, լրիվ իմ հագով է, կրծկալն էլ է իսկը իմ հագով ու վարտիքն էլ, վառ կարմիր, ամբողջովին եզրազարդերով պատված։ Ձեռքով ասեղնագործածի նման է, էնքան նուրբ է, էնքան սիրուն։ Քիչ է մնում՝ բերանս բացեմ ու գոռամ՝ ի՞նչ արժե, ոչ թե քիչ է մնում՝ գոռամ, այլ քիչ է մնում՝ ձեռքս գցեմ, բայց ես ինչ իմանամ՝ ո՞վ է էս աղջիկը, էս որ լեժանկայի կողքի փոքր աթոռին է նստել, ոտքերը բացել է ու ինչ-որ հին, ճմռթված թերթով իրեն հով է անում, ճիշտ է՝ ես չեմ ճանաչում, բայց եթե ինքը ինձ ճանաչի, եթե իմանա՝ ով եմ, հետո ամբողջ աշխարհով մեկ կտարածի, չէ՞, էս լուրը՝ էս չամուսնացած, պառավ կնիկը եզրանախշերով, կարմիր տռուսիկ առավ, կասի՝ տեսնես՝ ինչի՞ն է պետք, չե՞ք ասի, բայց էնքան սիրուն է։ Ուզում եմ անընդհատ ձեռք տալ, բայց  ոչ թե սրան, այլ կողքին դարսած բամբակյա վարտիքներին եմ ձեռ տալիս ու ցածր ձայնով դրանց գինն եմ հարցնում՝  սրա՞նք ինչ արժեն, պատասխանը չեմ էլ լսում, հետաքրքիր էլ չէ։ Աստվա՛ծ իմ, ոնց եմ ուզում,  գոնե կպնեմ սրան, գոնե զգամ, թե ինչպիսին է։ Ի˜նչ սիրուն է։ Ես էլ ինչքան սիրուն կլինեմ սրա մեջ։ Զգում եմ՝ իմ չափսն է, մեծ չափս է՝ լրիվ իմ ծիծիկների ու ոռիկի համար կարված։  Հիմա կարծես տեսնում եմ ինձ՝ էս կարմիր եզրանախշերի մեջ զարդարվածիս։ Իմ աչքերն էլ եմ տեսնում ու նրանն էլ՝ ցանկությամբ  ու կրքով լի։ Ո՜նց կհավանի, լրիվ կգժվի, ո՜նց կուզի ինձ՝ ավելի, քան մինչև հիմա, ավելի, քան երբևէ կին է ցանկացել։ Որ տեսնում եմ, թե ինչպես է ինձ նայում ու ինչպես է ինձ ցանկանում, ես էլ նրա ցանկությունից եմ գրգռվում, թե չէ էնպես ինձ համար հանգիստ եմ։ Նրա ցանկությամբ լի աչքերից ուզեցի սկզբում,  առաջին իսկ օրվանից, դրա համար էլ նրա կողմ քաշվեցի, թե չէ էնպես ի՞նչն էր ինձ քաշելու, ցանկությամբ լի աչքերով էր ինձ նայում։ Հետո՞ ինչ, որ ոչ մեկս էլ ջահել ու նազանի չենք, հետո՞ ինչ, որ մեր կյանքի աշունն է եկել, ուր որ է լրիվ տերևաթա՞փ ենք լինելու։

Չէ, ո՞վ է էս աղջիկը, էս վաճառողը, որ էսպես կախել-փռել է էս կարմիր-կարմիր վարտիք-եզրանախշը, ով է սա էստեղ առնելու կամ ով է համարձակվելու, նույնիսկ երիտասարդ աղջիկը չի համարձակվի, կամ էլ էդ որ մի երիտասարդ աղջիկը էս չափի ոռ ունի, որ լայնքով լցնի։ Եկած ու ամառվանից մնացած մի կին թե առնի, բայց էդ ո՜ր մի զարգացած թբիլիսցին կառնի լեժանկայի վրա փռված տրուսիկ, չէ՞, ա՛յ կնիկ, մի քիչ գոնե պիտի ֆայմես, թե ինչ ես վաճառում, բայց դե որ օտար է, երևում է՝ չգիտի էստեղի կարգն ու կանոնը։ Ինքն էլ մի լավ թեթևսոլիկացածի մեկը կլինի, լավ էլ տեղը տեղին համարձակ է, տե՛ս՝ ոնց է մի նստել էս աթոռին, շրջազգեստը ճոռթել է, քիչ է մնում՝ ծծերը երևան, ու թերթով էլ  թագուհու նման է իրեն հովացնում տիկինը։ Հեսա քիչ է մնում բոլորը կանգ առնեն էս լեժանկայի մոտ՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, ու էս կարմիր լիփչիկը ու վրան դրած տրուսիկը, ու հետն էլ դրա վաճառողին հա՛մ զարմանքով, հա՛մ էլ հետաքրքրությամբ լի աչքերով նայեն։

Տիկի՛ն ջան, էն կողմ քաշվի՛ր, էլի, եթե ոչինչ չէս առնում, էս օձին մի տես, ո՜նց է ֆշշացնում, ինչո՞ւ ես էստեղ կանգնել, կքաշվեմ, բա ի՞նչ կանեմ, կքաշվեմ ու կգնամ էնպես, որ չեմ կարողանա առնել։ Հա, չեմ կարողանա առնել։ Բա ոնց առնեմ, չեմ կարողանում առնել, հա՛, չեմ կարողանում։ Ուզում եմ, բայց չեմ կարողանում։ Մեռնելու աստիճան ուզում եմ, աղջիկ ժամանակ չեմ ուզել էսպիսի մի բան ունենալ, մի բան առնել։ Որ կարողանայի ու միլիոն էլ որ արժենար, կառնեի, հիմա ուզում եմ, բայց դե ո՞նց առնեմ,  ո՞նց իմանամ,  թե ով կտեսնի ինձ, էստեղ բոլորը մեջքի վրա աչքեր ունեն, բոլորը տեսնում են, թե ով ինչ առավ, ինչու, ինչքան, ինչպես, ինչի կամ ում համար։ Կառնեմ ու մեկը գլխիս կկանգնի, օձի նման վրաս կնայի ու աչքերը կկոցելով կասի՝ ի՞նչ առար, ա՛յ կնիկ, կամ ես ինչ իմանամ՝ դու ով ես, ա՛յ չար, որ քշեցիր ինձ էստեղից, չես էլ թողնում նայեմ էդ քո վարտիք-շապիկին։ Նորեկի մեկն ես էս շուկայում, նոր ու օտար, բայց ես մի դար է՝ էս կողմերում չեմ եղել, իսկ դու, այ չա՛ր կնիկ, էնքան ես տնավորվել, կարծես էստեղ ես ծնվել-մեծացել։ Ոմանց բարևում էլ ես թերթը թափահարելով, ու հետո  ինչ իմանամ՝ ճանաչում ես, չես ճանաչում, ես ինչ իմանամ, թե ում մոտ ինչ կասես, ես որ համարձակվեմ, վեր կենամ ու առնեմ էս վարտիքը։ Կասես, բա ինչ կանես, լեզվիդ ինչն է խանգարելու, հեն է էն կինը կարմիր եզրանախշերով կրծկալ ու վարտիք առավ։ Քիչ է մնում բարձրաձայն հայտարարես։ Ամեն ինչ միանգամից գլխիս կթափվի, միանգամից կհասկանան՝ ինչ է հետս կատարվում, միանգամից կֆշշացնեն օձի լեզուները, ցա՛վդ տանեմ։ Բայց, իսկապես, էնքան եմ ուզում հագնել, որ իմը լինի,  կոկորդիս է կանգնել կատաղությունից։

Հա, կքաշվեմ, կքաշվեմ։ Բա հո էսպես չե՞մ մնա, կքաշվեմ, բայց մի քիչ էստեղ կկանգնեմ, իբր կողքին փռված մաշիկներին եմ նայում։ Գուցե մի բան մտածեմ, բայց ի՞նչ, ի՞նչ մտածեմ, չլինող բան է, անհնար է։ Չես կարող առնել, չէ՛, Էթերո՛։ Կառնես ու կշեռքի վրա կդնես կյանքդ, ապագադ, ամեն ինչդ։ Մի կարմիր տրուսիկին զոհաբերելու ես լավ ու հանգիստ կյանքդ։ Հիմա լավ կլինի՝ հեռանաս, կողքի քաշվես, քանի դեռ էդ կոկորդիդ կանգնած զայրույթի արցունքները հենց էստեղ չեն պոռթկացել։ Տրուսիկ ու լիփչիկ է, ա՛յ կնիկ, ուրիշ ոչինչ։ Վերջիվերջո կգնաս, կփնտրես ու Թերջոլայում կառնես, Քութաիսիում կառնես։ Էսպես մեկն ու միակը հո չի լինի աշխարհի երեսին, էս չինական-թուրքական ինչ-որ եզրանա՞խշ, ինչ-որ լիփչիկ-տրուսիկի համար հո չե՞ս քանդի քո ամբողջ կյանքը, դո՛ւրս արի հենց հիմա, հեռացի՛ր, իսկապես, հո փոքր աղջիկ չե՞ս, յեքա կնիկ ես ի վերջո։ Գուցե չսազի էլ, գուցե քեզ չի էլ սազում, ինչպես որ նկարեցիր քո պատկերացումների մեջ։ Այ հիմա՛ր կնիկ, գուցե ծիծաղելի էլ լինես էս պառավ հալիդ էս փայլփլուն կրծկալի ու վարտիքի մեջ, որ զարդարվես։ Համ էլ լավ թանկ կլինի, լավ թանկաբազար է երևում էս տիկինը։ Գուցե ընդհանրապես փոքր լինի հագիդ, էդ հաստ ոռդ չտեղավորվի։ Կամ էլ էդ երբ ես հագել նման բան, որ հիմա ուշաթափվեցիր ու կոտորվեցիր, չտեսը բան է տեսել, զարմացել է։ Շատ իզուր ես տնկվել հիմար կնկա նման, դե հետ գնա հիմա, Էթե՛ր, ճամփովդ գնա։ Կամ էլ ինչիդ է պետք էդ տրուսիկը, ինչ մի խելքահան եղար, առանց դրա էլ է էն մարդը քեզ ուզում, առանց դրա էլ աչքի լույսն ես։ Առանց դրա էլ սիրում է մարմինդ, ոռդ ու պուցդ։ Ոչ թե սիրում է, այլ գժվում է, բացարձակ չի նայում, թե ինչ է հագիդ, ինչ ձևի, առանց դրա էլ անհամբեր է, թե երբ կհանվացնի քեզ, ու նրա համար ի՞նչ կարևոր է՝ ինչ է հագիդ՝ եզրազարդ, թե իսկապես փալաս, դուրս արի, Էթե՛ր, էս կողմ քաշվի՛ր։ Դե հիմա գնա՛։ Գնում եմ, գնում։ Հեսա գնում եմ, ոտքերս քարշ եմ տալիս, բայց գնո՞ւմ եմ արդյոք։

Բայց չէ՞ որ ինձ համար իմաստ ու կարևորություն ունի, մեկ է կատվի ձագի պես ինչ-որ բան մլավում է սրտումս։

Հեսա, գալիս եմ, դուրս եմ գալիս։ Ելքի մոտ եմ։ Արի՛, Էթերո՛, արի՛՝ տուն գնանք։ Ճամփա՛ ընկիր։ Սպասի՛ր, հիմա կանգ կառնեմ մի րոպեով։ Ետ կնայեմ ու աչք կգցեմ, իբր թե մեկին փնտրում եմ։ Էս մարդիկ գնում-գալիս են, գնում են ու գալիս, ոչ մեկի դեմքը չեմ տարբերում, ոչ մեկին չեմ տեսնում։

Էն տուտուց//տխմար կնոջն էլ այլևս չեմ տեսնում, էն դանդալոշ վաճառողին։ Մենակ լեժանկան է երևում հեռվից՝ էստեղից, ու վրան փռված կարմիրները, վրան գցված իղձս անկատար, ցանկությունս։ Կարմիր է պսպղում, կարմիր է շողշողում, կարմիր է փայլատակում կակաչի պես։

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Please follow and like us: