Մեքենան սահուն շրջադարձ կատարեց և մոտեցավ գեղեցիկ ոճով կառուցված հանդիսության սրահին։Ձախից մեկ այլ հանդիսության սրահ էր, աջից` գյուղատնտեսական մեքենաների ու գործիքների խանութը։ Սրահի բակը նման էր մրջնանոցի, անիմաստ այս ու այն կողմ վազվզող մարդկանցով, բազմագույն ու բազմադեմ։
Մեքենան կանգնեց, և մի խումբ զինվորներ իջան։ Նրանցից մեկը` բարձրահասակ, ամրակազմ ու մանկական դեմքով, արագ ծնկի եկավ հենց սալահատակի վրա:
– Ես այստե՜ղ եմ,- ասաց նա՝ այնպես զարմանքով նայելով շուրջբոլորը, կարծես առաջին անգամ էր տեսնում,- վաղուց չեմ նայել սալահատակին ու այս լույսի սյանը, շենքերի կտուրներին, մարդկանց… նրանք չե՞ն շտապում ու չե՞ն վախենում ոչնչից:
– Պատերազմն ավարտվել է, տղա՛ս, – ասաց տարեց զինվորականը, ինքն էլ նայելով մարդկանց, կարծես ցանկանալով էլի ինչ-որ բան ասել,- ոտքի կանգնիր, ամոթ է, մեզ են նայում:
-Սա իմ քաղաքն է, հիմա մթնշաղ է, բոլորն առանց վախենալու քայլում են, ես մարտադաշտից անմիջապես այստեղ եմ եկել, չեմ ամաչում կյանքից, ուզում եմ ապրել – ասաց երիտասարդ զինվորը, – ինձ կյանք չսովորեցնեք: Ես գիտեմ՝ ինչ է կյանքը:
Նրան մոտեցան մյուս զինվոր–ընկերները, թփթփացրին ուսին։ Նա ոտքի կանգնեց ու բոլորը միասին նստեցին առաջին իսկ նստարանին: Մոտեցավ մատուցողն ու թեթև խոնարհվեց զինվորների առաջ: Հետո հերթով գրկեց նրանց:
– Բարի գալու՜ստ, դուք անվճար եք սպասարկվում, տղերք – ասաց նա:
– Մենք եկել ենք քեֆ անելու, մոռանալու ինչ-որ բաներ, – ասացին զինվորները, – մենք ճի՞շտ տեղ ենք եկել, այստեղ այնքան շատ մարդ կա։
– Դուք ճիշտ տեղում եք, տղերք, – ասացին մոտեցող մատուցողները, – տեսեք, բոլորը ձեզ են նայում, դուք հիացնու՜մ եք։ Զինվորները, դեռևս կանգնած, ժպտացին։ Նրանք նայեցին տարեց հրամանատարին, կարծես ինչ-որ բան սպասելով նրանից։
– Պատերազմն ավարտվել է, – ասաց տարեցը։
-Այս ամենը ճի՞շտ է, – հարցրեց երիտասարդը՝ շարունակելով նայել շուրջբոլորն ու դանդաղ բարձրանալով սալահատակից – պատերազմն ավարտվե՞լ է, Գև:
– Այո, սա ճիշտ է, – ասաց տարեցը: – Պատերազմն այստեղ ավարտվել է, բայց նրանք երբեք չեն ավարտվում, նրանք պարզապես մի ուրիշ տեղ են տեղափոխվում։ Մարդիկ միամիտ են, տղաս։
– Մենք խրամատու՞մ չենք, հարազատ քաղաքում ենք ու ռումբերը չե՞ն սուլում, ծառերը չե՞ն պայթում ու հողը չի՞ քրքրվում, մեզ վրա դիպուկահարները նշան չե՞ն բռնում,- նա նայեց դիմացը, անշտապ աշխատող բանվորներին․ ինչ-որ շինություն էին բարձրացնում, մի քիչ այն կողմ երիտասարդները մեքենաներ էին լվանում,-այո՛, – արտաբերեց նա, ապա նայեց հարսանյաց սրահի լայն, ապակյա լուսամուտներից ներս. սկսեց ուշադիր զննել սուրճ, հյութ, գինի խմող մարդկանց ու տարօրինակ ձևով օրորեց գլուխը․ երիտասարդ աղջիկներ էլ կային:
– Լսիր, Գև, աղջիկներ… այստեղ աղջիկներ էլ կան, – շարունակեց նա, անսպասելի ուրախությամբ,- հիշու՞մ ես, աղջիկ էինք երազում, միայն բժիշկ աղջիկներին էինք տեսնում, կապույտ հագուստներով, բայց արյունոտված: Էն մեկին հիշու՞մ ես` գեղեցիկ աչքերով, վիրավորվեց։ Գեղեցիկ են, չէ՞, աղջիկները… թող մեզ մոտ նստեն, մենք հիմա շատ բան կպատմենք նրանց՝ պատերազմից, մահից ու սիրուց: Կպատմենք անտառի կռիվը…
Նա հանկարծակի լռեց, ինչ–որ բան հիշեց, ապա հանկարծակի պոռթկումով հանեց գլխարկը… Իրիկնային քամին շոյեց մանկական դեմքին անսովոր արտահայտություն տվող ալեխառն մազերը:
Երբ մի պահ լռություն տիրեց, մատուցողներն արագ, առանց խոսքերի ներս առաջնորդեցին նրանց, ծածկեցին սեղանը ուտելիքներով՝ բանի տեղ չդնելով մնացածներին:
– Նրանք հոգու՜մ են մեր մասին, – ապշահար ասաց երիտասարդ զինվորը՝ նայելով ընկերներին․․․ Հրամանատար, այնտեղ դու էիր հոգում մեր մասին, թաքցնում պատերազմը մեզնից։ Ասա նրանց, ճերմակ հագուստով մատուցողներին, որ մեզ կաղին մատուցեն, մենք այնտեղ առավոտյան կաղին էինք ուտում, հավասար չափով, ազնվորե՜ն էինք բաժանում։ Իսկ ծառը միշտ կաղին էր տալիս․․․
Մոտեցավ մատուցողներից մեկը, հավանաբար ավագը, նստեց նրանց կողքին ու ասաց.
– Պատմեք ամեն ինչի մասին, ոչինչ բաց չթողնեք: Դուք գիտե՞ք ինչ է մահը:
– Գիտեմ, – ասաց ալեխառն մազերով ու մանկական դեմքով զինվորը: – Պատերազմում մահ կա, անձամբ եմ տեսել, նա ամենուր էր, մենք տեսնում էինք՝ ինչպես է մահանում մարդը: Մենք այնտեղ էինք, որտեղ մահն էր, մահը… Այստեղ, գիտե՞ս, ժպիտները կեղծ են, որովհետև այստեղ չեն գրկախառնվում, չեն թփթփացնում իրար ուսի, որովհետև արկն իրենց կողքով չի անցել ու կենդանի են մնացել, իսկ փամփուշտը հողն է խոցել, անօդաչու սարքը չի գտել իրենց, ու սխալ է կրակել, մեզ նման մի տղա նշան է բռնել ու չի կրակել, որովհետև մեկի աղոթքը տեղ է հասել: Այստեղ հողը չեն գրկում ու քնում: Մենք այնտեղ չէինք մահանում, դրա համար ապրում էինք, սիրում կյանքն ու իրար: Մենք աղջիկներ էինք երազում ու սեր, քնքշություն: Մենք ուզում էինք, որ աղջիկները լացեն կյանքի ու սիրո քնքշությունից, այլ ոչ թե մենք լացենք: Մենք գիշեր էինք երազում, որ լռություն լիներ ու ռումբեր չպայթեին: Այնտե՜ղ… մահ կար ու մենք… ապրում էինք։ Այստեղ ամեն ինչ կա ու մարդիկ չե՞ն ապրում: Մենք կանգնած էինք քնում, այրվող երկինքների հրացոլքը գրկած… այստեղ երկինքը չի այրվում, իսկ աստղերը մեզ տարօրինա՜կ են աչքով անում… Գև, հրամանատար, երկինքը կատակե՞լ գիտի։
Ավագը գրկեց երիտասարդ զինվորին ու ամուր սեղմեց կրծքին:
– Մենք վերադարձել ենք երկնքից, այստեղ ենք ապրելու, մեր քաղաքում: Մեզ կճանաչեն, մեր աչքերից կերևա, որ տեսել ենք արշալույսից բոսոր մայրամուտներն ու մահվան ստվերները, աղեխարշ ճիչերն ու արյան լճակները: Մենք կքայլենք գլուխներս բարձր ու մեզ հարգանքով ճանապարհ կտան: Մեր առջև բաց կլինեն բոլոր դռներն ու ճանապարհները: Մենք սպանել ենք ու սպանվել, ոչնչացրել կյանքը:
– Այս մարդիկ, բոլորը, սիրու՞մ են մեզ, – հարցրեց նա՝ հույսով նայելով հավաքվածներին, – մենք կարո՞ղ ենք ապրել, Գև, այստեղ ամպերն այնքան հեռու են երկրից, այնտեղ մոտ էին երկիրն ու երկինքը և տղերքն արագ էին ճախրում, սլանում երկինք: Ի՜նչ տղերք էին, չէ՞… Գև, հիշու՞մ ես հողի բույրը, մի քիչ տտիպ ու դառնահամ, կյանքի բույր, վերածնունդ կար այնտեղ, տղերքի արյունից ու մարմնից նոր կյանք է ծնվելու հողից… տապին` զովացնող, ցրտին՝ տաքացնող, ծանր ու բորբոսի հոտ ուներ հողը: Երբ գյուղից գինի էին բերում մեզ, մենք չէինք խմում գինին, թափում էինք գետնին, որ հողը հագենա տղերքի արյունից ու նոր զոհ չընդունի։ Բայց մենք սիրում էինք հողն ու գրկում, շոյում էինք հարազատի նման, որտե՞ղ են հիմա տղերքը, Գև, նա, որ ճերմակ ձին հեծած հեռացավ մեզնից, քո տղան, ինչու՞ հեռացավ։
– Դու կարող էիր փրկել նրան, բայց ինձ փրկեցիր, տղաս։
– Դա այդպե՞ս է, – հարցրեց նա կողքին նստած զինվորին՝ կապտաչյա, նիհարիկ, լուռ․ նույնքան լուռ նա ծամում էր արագորեն սեղանին հայտնվող ուտելիքները։
– Դա այդպես է, – ասաց ծամող զինվորը,- դու այդպես որոշեցիր։
-Դու պատերազմում էիր, տղա՛ս, դու արդեն կատարել էիր քո ընտրությունը, – ասաց տարեցը։
– Ես պատերազմու՞մ էի, – արդարացավ ալեխառն մազերով ու մանկական դեմքով տղան, – ես նայում էի ամպերին ու հեռուներին, ալիքվող, քրքրվող ծառերին, միայնակ կաղնուն։ Ես նայում էի տափարակ, բայց փոսերով ու թփերով լի անսահման դաշտերին, կրակից այրված հողին, շիկացած հույզերին։ Ես գոռում էի՝ «Մի՜ սպանեք» ու չէի զգում իմ մարմինը, ձգանը սեղմող իմ մատները, ես չէի հասկանում, ովքե՞ր են իմ դեմ կանգնած տղաները, որ սեղմել էին իրենց զենքերի ձգաններն ու սարսափահար այս ու այն կողմ էին նայում․․․ Ես չգիտեի՝ ինչ եմ անում, ես չէի՜ ուզում սպանել։
Նա ոտքի կանգնեց, գնալու նյարդային շարժումներ արեց, բայց չթողեցին. կողքի սեղաններից մոտեցան մի քանի աղջիկ ու գրկեցին երիտասարդ զինվորին։ Նրանք շոյում էին ու երեխայի նման գուրգուրում նրան, ձեռքերը սահեցնում էին ալեխառն մազերի վրայով ու համբուրում խանձված ու փոշոտ այտերը: Նրանք սիրո ու գգվանքի կարոտ մի մանուկ էին գտել, որ տեսել էր, համտեսել կյանքի ու մահվան, ողջ մնալու սարսափն ու ուրախությունը… մատուցողուհիներից ամենափոքրիկը, նրբագեղ ու մանրակերտվածքով սիրունիկը, քնքշորեն բռնեց զինվորի` հողի փոշին ու մետաղի սառնությունն իր մեջ ներծծած, կրակից խանձված ձեռքն ու նրբորեն հպեց իր կրծքին.
–Դու իմ սրտում ես, զինվոր։ Ես միշտ քո կողքին կլինեմ, մի վախենա, ավելի ամուր հպվիր ինձ։
Դահլիճում ժամանակ առ ժամանակ շշունջներ էին տարածվում․«Զինվորնե՜ր են եկել», հետո ներս էին կանչում դրսում կանգնածներին, որ նրանք էլ լսեն։ Հետո մարդիկ խմբերով ներս էին գալիս ու խռնվում զինվորների սեղանների շուրջը․․․
Բոլորը հաճույքով ու բավականությամբ էին նայում ալեխառն մազերով ու մանկական դեմքով զինվորին։ Նա ջղաձգվող մատներով, մի ձեռքը աղջկա կրծքին, մյուսով հանդարտ սահեցնելով մազերի վրայով, շատ արագ նայեց նրա աչքերին ու փախցնելով հայացքը, ասաց.
– Աղջի՜կ, Գև… աղջիկ… նրանց աչքերը խոնավանում են հուզմունքից ու սիրուց, մոխրանում կյանքի բոցերից, սեր են խոստանում ու սիրո սպասում… բայց մենք կենդանի՞ ենք նրանց համար, կարո՞ղ ենք սիրել նրանց… հիշու՞մ ես, ինչպես էինք հրաժեշտ տալիս մեռնողներին, – ասաց նա, – օգնիր ինձ ապրել,Գև, ես ուզում եմ ապրել, բայց չգիտեմ ինչպես` առանց ձեզ ու նրանց։
Արցունքները հոսում էին նրա հրդեհվող այտերից։ Բոլորը լուռ էին։ Տարեց զինվորը վերցրեց բաժակը․․․
– Գև, մենք այնտեղ չէինք խմում, – ասաց երիտասարդը։ – Մենք միմյանց ձեռք էին բռնում ու երգելով նայում երկնքին, իսկ աղոթքը մենք բարձրաձայն չէինք ասում, այն մեր հոգում էր։
Տարեցը շոյեց երիտասարդի գլուխը, հետո ձեռքը դրեց նրա ուսին։ Քար լռության մեջ նա բարձրացրեց բաժակը․
– Հանուն նրանց, ովքեր ննջում են, ովքեր վերադարձան վիրավոր հոգով ու բզկտված սրտով, ովքեր դեռ կանգնած են աշխարհին դեմ-հանդիման, աշխարհի՛․․․
Բոլորը կարծես հրամանով ոտքի կանգնեցին։ Կյանքն այդտեղ կանգ էր առել։ Լայն պատուհաններն ու բյուրեղապակյա ջահերն արտացոլում էին ծփացող ծառերի ստվերներն ու երկինքները, արցունքներն ու սիրո ապրեցնող եռքը։ Մարդիկ անշարժացել էին այդ զարմանահրաշ տեսարանի առաջ․․․ ու զինվորները։
Ալեխառն մազերով զինվորի դեմքը իրիկնային ծիածանագույների մեջ այրվում էր ներքին կրակներից ու այնքա՜ն նման էր հրեշտակի: