ՄԵԼԱՆԽՈԼԻԿ ՔԵՐԹՎԱԾ
Զավե՛ն Բեկյան,
այս մառախլապատ օրով ուզում եմ քեզ հայտնել,
թեև վաղուց քո հայացքը
Անհայտին է ու հեռվում ՝
ըստ Հովհ Թումանյանի ․․․
Այդ մասին չի գրի նույնիսկ
«Գրական թերթը», որ սովորաբար
ցավակցում է գրողներին նաև նրանց
քենիների և քեռակինների մահվան առիթով –
հաշվի առնելով այն թունդ սևին խփող կատուն,
որ մի երկու տարի առաջ անցել է
քո և ԻՐԵՆՑ արանքով ․․․
Մի քանի ընկեր՝ ֆեյսբուքում,
թե՝ Զ․ Բեկյանը ․․․ Ի վերին Երուսաղեմ ․․․,
թողնելով աշխարհին մի տասը չընթերցվող գիրք
ու երեք թոռնիկ ․․․
Դիակապուտները կհայհոյեն քեզ,
գրպաններիդ մեջ գտնելով ընդամենը
անընթեռնելի ձեռագրով գրված մի պարտքացուցակ
ու մի կիսատ բանաստեղծություն,
որ նույնպես անընթեռնելի է ՝
թե գրագողերին փորձես վաճառել ․․․
Ոչ ոք մահախոսական չի ճառի
ի վերայ քեզ – որովհետև ի՞նչ կա ասելու, որ ․․․,
եթե նույնիսկ շա՜տ ցանկանաս –
ո՛չ մի մրցանակ, նույնիսկ՝ թաղապետարանից ․․․
Միայն վերևներում հրեշտակապետը՝
հնարավոր է՝ հարցնի,
թե՝ ու՞ր էիր, այ մարդ, այսքան ժամանակ ․․․
* * *
Անհամ-անհամ մի երազ
փաթաթվել էր անակոնդայի պես։
Մի կերպ արթնացա,
ոսկորներս շոշափեցի՝
տեղում էին դեռ։
Բայց հիմա էլ նույնքան
անհամ օրը փաթաթվեց։
Երկինքը՝ մառախլապատ,
խլախարխուլ,
անարև։
Լրատվականներն՝
անհամ- անհոտ
ու քյավթառախառն
բամբասկոտ։
Նիստեր, ճառեր՝
անհամ, նաև՝ հոտած,
սուտ թվեր՝ որդնոտած,-
ու էսպես անհամար
անհամ բաներ ․․․
Ասի՝ կարո՞ղ է՝
կորոնա եմ, այ մարդ ․․․
Նայում եմ ՝
գույն չի մնացել
անցավորաց դեմքին՝
գների սանդղակից
կարևեր սփրթնած –
ասում եմ ՝ կարո՞ղ է՝
․․․ էնիք եմ ՝ ասել պապս,
կարո՞ղ է՝ հիմա էլ
դալտոնիկ եմ․․․
Եվ խուլ գռմռում է
ներքին ձայնս՝
լռի՛ր ու լուռ մնա
հանց մահարձան մի,
անհամ,
խուլ-խարխուլ՝
ոնց այս եղանակը
փետրվարի․․․
Մտի՛ր զրահիդ մեջ-
կրիավա՛րի։
ԶՎԱՐԹ ԵՂԵՐԵՐԳ
Ինչ անցավ-գնաց՝
էլ ետ չես բերի։
Մնում է Այստեղ
քիչ է՛լ համբերել ․․․
․․․ Երբ՝ առանց դեղի՝
ճնշումս ութսուն / հարյուր քսան էր․․․
Քթիս տակ անդարդ
դնդնում էի․ «Սիրտ իմ սասանի․․․
Մխիթարանք էր
մի բաժակ օղին
(ողորմի հոգուն
թորողի ծնողի)։
Անիմանալի ուրախություն էր
նիկոտինի մի ումպն իմ ըմպանում։
Ելաներ ծուխը տեղվույս թութունի,
և պատշգամբից սի՜րտս ելաներ․․․
էսպիսի բանե՜ր ․․․
ՌԵՔՎԻԵՄ ԱՂԻ ՀԱՄԱՐ
Եվ աղն է
Աղաղակում
Աղամանների
Խորքից
Աղաչանոք
Ախ
Սեղանների
Վրա
Աղոտ լույսի տակ
Թաքնվում է նա
Աղցանների ու
Սուսների
Արանքում
Վախ
Ախ
Աղախին դու
Ճերմակ
Անաղարտությանց
Միթե դու
Թույն
Չեմ հավատում
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԱԶՈՒՄ
Երազում ՝ չգիտեմ ինչի գծով ՝
վունդերկինդ էի, այսինքն հրաշամանուկ –
և լրագրողները վրա էին տվել,
ու քիթուբերանիս մոտ
խոսափողերին տեղուդադար չկար ․․․
– Բալիկ ջան, ի՞նչ ես սիրում,- ասաց մեկը,-
պաղպաղա՞կ, թե մառոժնի։
– Մառոժնի,- ասացի,- հաշվի առնելով
ներկա միջազգային դրությունը, իրավիճակը
տարածաշրջանում։ «Օ, ինչ խելացի բալիկ է»,-
ասացին, գլուխս շոյելով։
– Իսկ ու՞մ ես սիրում, պապայի՞ն, թե մամային։
– Երկուսին է՛լ,- ասացի,- նայած թե՝ էդ պահին
նրանցից որ մեկն է կողքիս կանգնած։
«Օ՜, շրջահայաց մանուկ է երևում, դիվանագետ
կդառնա հավանաբար»,- մեկն ասաց։
– Բալիկ ջան, շունի՞կ ես սիրում, թե փիսիկ,- հարցրին։
– Երկուսին է՛լ, բայց՝ առանձին-առանձին,- ասացի,-
թե չէ՝ միասին էն բանից են դառնում,
էն որ պապան ասում է՝ ազգային ժողով․․․
Փռթկացին։ Ապա մի ուրիշը հարցրեց․
– Բալիկ ջան, թագավորի՞ն ես սիրում, թե թագուհուն։
Ասացի՝ «Թագավորի կնոջը»։
– Այսինքն թագուհու՞ն,- հրճվեց մի ընդդիմադիր լրագրող,-
տեսե՛ք, երեխայի սեռական դաստիարակությունը
ճիշտ ուղիով է ընթանում,- ասաց՝ շրջվելով դեպի իր կոլեգաները։
– Տղա ջան, չե՞ս ասի՝ ինչ շոկոլադ ես սիրում։
– Իհարկե՝ «Գրանդ Քենդի,- ասացի,
ապա շարունակեցի պաթետիկ․
– Եթե շոկոլադ, ապա միա՛յն «Գրանդ Քենդի»։
«Օ՜, գովազդից էլ է արդեն
երեխան բան հասկանում»,- ասացին ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Արթնացա։ Շատ խառն երազ էր ․․․