սկիզբը՝ այստեղ
18 նոյեմբերի
Սառնամանիք է արել։ Ամեն բան սառել է։ Դուրս եկա զբոսնելու արահետով, որովհետեւ գրեթե երբեք թարմ օդ չեմ շնչում։
Անձի քայքայումը պարզ է, բայց ամեն դեպքում դրանից զերծ մնալու փորձեր եմ անում։ Օրինակ, այսօր առավոտյան ներարկում չարեցի (հիմա դա անում եմ օրը երեք անգամ չորս տոկոսանոց լուծույթի երեքական ասեղ։ Հարմար չէ։ Ես խղճում եմ Աննային։ Ամեն նոր տոկոսը սպանում է նրան։ Ես ցավում եմ։ Ի՜նչ հրաշալի մարդ է։
Այո․․․ Այսպես․․․ ահա․․․ երբ սկսեցի ինձ վատ զգալ, որոշեցի ամեն դեպքում տանջվել (պրոֆեսոր N-ը տեսներ), հետաձգեցի ներարկումն ու գնացի գետի մոտ։
Ի՜նչ անապատ է։ Ոչ ձայն, ոչ շրշյուն։ Դեռ իրիկուն չէ, բայց աղջամուղջն ինչ-որ տեղ թաքնվել, սողում է ճահիճների, դարուփոսերի վրայով, կոճղերի արանքներով․․․ Գալիս է, մոտենում է լեւկովյան հիվանդանոցին․․․ Ես էլ եմ սողում՝ հենվելով ձեռնափայտին (անկեղծ ասած, մի քիչ թուլացել եմ վերջին շրջանում)։
Եվ ահա, տեսնում եմ, որ գետից լանջով դեպի ինձ է սուրում մի պառավ, ոտքերն էլ չի շարժում իր խայտաբղետ, զանգակ կիսաշրջազգեստի տակ, դեղին մազերով պառավը․․․ Սկզբում ես նրան չհասկացա ու նույնիսկ չվախեցա։ Պառավ է իր համար։ Տարօրինակ է՝ ինչու է այս ցրտին պառավը գլխաբաց, մի թեթեւ բլուզով։ Եվ հետո՝ որտեղի՞ց հայտնվեց։ Ո՞վ է։ Մեզ մոտ՝ Լեւկովոյում, ընդունելության ավարտից հետո գյուղացիների վերջին սահնակները հեռանում են, եւ տասը վերստ շառավղով ոչ ոք չկա։ Մշուշներ, ճահճուտներ, անտառներ։ Այնուհետեւ հանկարծ մեջքովս սառը քրտինք ծորաց՝ հասկացա։ Պառավը չի վազում, այլ հենց թռչում է՝ չդիպչելով հողին։ Բա։ Բայց դա չէր, որ ստիպեց ինձ ճչալ, այլ այն, որ պառավի ձեռքին եղան կա։ Ինչի՞ց այդպես վախեցա։ Ինչո՞ւ։ Ընկա մի ծնկի վրա, ձեռքերով պաշտպանվելով, որ չտեսնեմ նրան, հետո շրջվեցի ու ոտքերս քարշ տալով վազեցի դեպի տուն, որ ինձ փրկության վայր էր թվում՝ չցանկանալով ոչինչ, բացի նրանից, որ սիրտս չպատառոտվի, որ շուտ մտնեմ տաք սենյակները, տեսնեմ ողջ Աննային․․․ եւ մորֆինը․․․
Եվ հասա։
__________
Ստից բան։ Դատարկ հալյուցինացիա։ Պատահական հայլուցինացիա։
19 նոյեմբերի
Փսխում։ Դա վատ է։
Գիշերային իմ զրույցը Աննայի հետ ամսի 21-ին․
Աննա- Ֆելդշերը գիտի։
Ես- Իսկապե՞ս։ Կարեւոր չի։ Հեչ։
Աննա- Եթե այստեղից քաղաք չգնաս, ես կկախվեմ։ Լսեցի՞ր։ Ձեռքերիդ նայիր։ Նայիր։
Ես- Մի քիչ դողում են։ Դա բոլորովին չի խանգարում ինձ աշխատելիս։
Աննա- Նայիր, թափանցիկ են։ Միայն կաշի ու ոսկոր․․․ Նայիր դեմքիդ․․․ Լսիր, Սերյոժա։ Գնա, աղաչում եմ քեզ, գնա․․․
Ես- Բա դո՞ւ։
Աննա- Գնա։ Հեռացիր։ Դու կմահանաս։
Ես- Դե, դա խիստ չափազանցված է։ Բայց ես էլ իսկապես չեմ հականում, թե ինչու այսպես արագ թուլացա։ Չէ՞ որ դեռ մի տարի չկա, ինչ հիվանդ եմ։ Երեւի կառուցվածքիս հետ կապ ունի։
Աննա (թախծոտ)- Ի՞նչը կարող է քեզ կյանք վերադարձնել։ Միգուցե քո այդ Ամների՞սը, կինդ։
Ես- Օ՜, ո՜չ։ Հանգստացի՛ր։ Շնորհակալ եմ մորֆինին, որ ինձ ազատեց նրանից։ Նրա փոխարեն մորֆինն է։
Աննա- Ա՜խ, Աստվա՜ծ․․․ Ի՞նչ անեմ․․․
__________
Ես կարծում էի, թե միայն վեպերում են լինում այդպիսիք, ինչպիսին այդ Աննան է։ Եվ եթե երբեւէ առողջանամ, ընմիշտ կկապեմ բախտս նրա հետ։ Թող մյուսը չվերադառնա Գերմանիայից։
27 դեկտեմբերի
Վաղուց տետրը ձեռքս չեմ վերցրել։ Ես տաք հագնված եմ, ձիերը սպասում են։ Բոմգարդը հեռացել է գորելովյան տեղամասից, եւ ինձ ուղարկում են նրան փոխարինելու։ Իմ տեղամաս բժշկուհի է գալիս։
Աննան այստեղ կմնա։ Երբեմն կգա ինձ մոտ․․․
Թեպետ երեսուն վերստ է։
__________
Հաստատ որոշեցինք, որ հունվարի 1-ից մի ամսով արձակուրդ կվերցնեմ առողջական հարցերս կարգավորելու համար ու կգնամ Մոսկվա, պրոֆեսորի մոտ։ Նորից անդորագիր կստորագրեմ եւ մի ամիս կտառապեմ նրա հիվանդանոցում անմարդկային կտտանքներից։
Մնա՛ս բարով, Լեւկովո՛։ Աննա՛, ցտեսություն։
1 9 1 8 թվական
Հունվար
Ես չգնացի։ Չեմ կարողանում բաժանվել իմ բյուրեղյա, լուծվող, փոքրիկ աստծուց։
Բուժման ընթացքում ես կմեռնեմ։
Եվ ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, որ ինձ պետք չէ բուժվել։
15 հունվարի
Առավոտյան հետ տվեցի։
Չորս տոկոսանոց լուծույթի երեք ասեղ իրիկնադեմին։
Չորս տոկոսանոց լուծույթի երեք ասեղ՝ գիշերը։
16 հունվարի
Վիրահատության օր էր, դրա համար մեծ պահք էր՝ գիշերվանից մինչեւ երեկոյան 6-ը։
Մթնշաղին, որ ամենաահավոր ժամն է, արդեն բնակարանում պարզ լսում էի ձայնը՝ միալար ու սպառնալից, որ կրկնում էր․
– Սերգեյ Վասիլյեվիչ։ Սերգեյ Վասիլյեվիչ։
Ներարկումից հետո ամեն ինչ միանգամից անցավ։
17 հունվարի
Բուք ու բորան է։ Ընդունելություն չկա։ Ինքնազսպման ընթացքում հոգեբուժության դասագիրքն էի կարդում, եւ այն ինձ վրա սարսափելի ազդեցություն գործեց։ Ես կործանված եմ, հույս չկա։
Շշուկներից վախենում եմ, մարդիկ ատելի են, երբ փորձում եմ դիմանալ ու չսրսկվել։ Ես նրանցից վախենում եմ։ Էյֆորիայի ժամանակ բոլորին սիրում եմ, բայց նախընտրում եմ մենակությունը։
__________
Այստեղ պետք է զգույշ լինել՝ կա բուժակ ու երկու մանկաբարձուհի։ Պետք է շատ ուշադիր լինել, որ չմատնեմ ինձ։ Ես արդեն փորձ ունեմ, չեմ մատնի։ Ոչ ոք չի իմանա, քանի դեռ մորֆինի պաշար ունեմ։ Լուծույթները ինքս եմ պատրաստում ու դեղատոմսը նախապես ուղարկում եմ Աննային։ Մի անգամ նա փորձ արեց (անիմաստ) փոխարինել հինգ տոկոսանոցը երկու տոկոսանոցով։ Ինքն էր բերել Լեւկովոյից ցրտին ու բորանին։ Դրա պատճառով մենք ծանր վեճ ունեցանք գիշերը։ Համոզեցի նրան այլեւս նման բան չանել։ Տեղի աշխատակազմին հայտնեցի, որ հիվանդ եմ։ Երկար մտածում էի, թե ինչ հիվանդություն մտածեմ։ Ասացի, որ ոտքերի ռեւմատիզմ ունեմ ու ծանր նեւրասթենիա։ Նրանք զգուշացված են, որ փետրվարին արձակուրդ եմ գնում Մոսկվա, որ բուժվեմ։ Ամեն ինչ հարթված է։ Գործի մեջ՝ ոչ մի խախտում։ Այն օրերին, երբ մոտս զկռտոցով ուղեկցվող անզուսպ փսխում է սկսվում, խուսփում եմ վիրահատություն անել։ Դրա համար ստիպված էի ինձ նաեւ ստամոքսի կատառ վերագրել։ Ախ, չափազանց շատ հիվանդություններ մեկ մարդու համար։
Տեղի բուժանձնակազմը գթասիրտ է, իրենք են ինձ ստիպում, որ արձակուրդ գնամ։
__________
Արտաքին տեսքս՝ նիհար, գունատ մոմի գունատությամբ։
Լոգանք ընդունեցի ու ձեռի հետ կշռվեցի հիվանդանոցի կշեռքով։ Անցյալ տարի քաշս 4 փութ էր, այս տարի՝ 3 փութ, 15 ֆունտ։ Սլաքը տեսա, վախեցա, հետո անցավ։ Նախաբազուկներիս չլավացող թարախապալարներ են, նույնը՝ կոնքերիս։ Չեմ կարողանում լուծույթը ստերիլ պատրաստել, բացի դա մի երեք անգամ սրսկել եմ չեռացրած ներարկիչով, շատ էի շտապում մեկնելուց առաջ։ Դա անթույլատրելի է։
18 հունվարի
Այպիսի հալյուցինացիա ունեցա։
Սեւ պատուհանների մեջ ինչ-որ գունատ մարդկանց հայտնվելուն եմ սպասում։ Դա անտանելի է։ Միայն մի վարագույր կա։ Վերցրի հիվանդանոցի մարլյան ու կախեցի վարագույրի փոխարեն։ Չկարողացա արդարացում գտնել։
__________
Ախ, գրողը տանի։ Ինչո՞ւ պիտի իմ ամեն քայլի համար արդարացում հորինեմ։ Ախր, իսկապես, սա տանջանք է, ոչ թե կյանք։
__________
Մտքերս սահո՞ւն եմ արտահայտում։
Իմ կարծիքով այո։
Կյա՞նք։ Ծիծաղելի է։
19 հունվարի
Այսօրվա ընդունելությանը, ընդմիջման ժամանակ, երբ ծխում ու հանգստանում էինք դեղատանը, բուժակը պատմում էր (չգիտես ինչու զվարճանալով), թե ինչպես մի բուժքույր, տառապելով մորֆինիզմից եւ հնարավորություն չունենալով մորֆին հայթայթել, օպիումի լուծույթէ ընդունել՝ կես փոքրիկ բաժակ։ Ես չգիտեի՝ հայացքս ուր փախցնեմ այս տանջալից պատմության ընթացքում։ Ի՞նչ ծիծաղելի բան կա այդտեղ։ Այն ինձ ատելի է։ Դրա ի՞նչն է ծիծաղելի։ Ի՞նչը։
Ես դուրս եկա դեղատնից գողի քայլվածքով։
«Ձեզ ի՞նչն է ծիծաղելի թվում այդ պատմության մեջ․․․»։
Բայց զսպեցի ինձ, զսպ․․․
Իմ վիճակում պետք չէ շատ գոռոզ լինել մարդկանց հետ։
Ախ, բուժակ։ Նա նույնքան դաժան է, որքան այդ հոգեբույժները, որ չեն կարողանում ոչնչով օգնել հիվանդին։
Ոչնչով։
__________
Նախորդ տողերը գրված են պահքի ընթացքում։ Դրանցում անարդար շատ բան կա։
Հիմա լուսնկա գիշեր է։ Փսխման նոպայից հետո պառկած եմ, շատ թույլ եմ։ Ձեռքս չեմ կարողանում բարձրացնել եւ մտքերս խզբզում եմ մատիտով։ Դրանք մաքուր են ու վսեմ։ Մի քանի ժամով երջանիկ եմ։ Առջեւում քուն ունեմ։ Վերեւում լուսինն է, վրան՝ պսակը։ Սրսկումից հետո ոչինչ սարսափելի չէ։
1 փետրվարի
Աննան եկավ։ Նա դեղնած է, հիվանդ։
Տանջեցի նրան։ Չարչարեցի։ Այո, իմ խղճին մեծ մեղք կա։
Խոստացա նրան, որ կգնամ փետրվարի կեսերին։
__________
Արդյոք կպահե՞մ խոստումս։
__________
Այո։ Կպահեմ։
Ե․մ․ ողջ մնամ։
3 փետրվարի
Այսպես․ բլուր է։ Սառցե ու անվերջ՝ ինչպես այն, որից մանուկ հասկաում հեքիաթի Կային տարավ սահնակը։ Իմ վերջին թռիչքն է այդ բլրով, եւ ես գիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ներքեւում։ Ա՜խ, Աննա՜, քեզ մեծ վիշտ է սպասվում, եթե դու սիրում էիր ինձ․․․
11 փետրվարի
Այսպես որոշեցի։ Կդիմեմ Բոմգարդին։ Ինչո՞ւ հենց նրան։ Որովհետեւ նա հոգեբույժ չէ, որովհետեւ երիտասարդ է ու համալսարանական ընկեր։ Նա թափով է, ուժեղ, բայց մեղմ, եթե ես ճիշտ եմ։ Հիշում եմ նրան։ Միգուցե նա․․․ես կարեկցանք գտնեմ։ Նա մի բան կմտածի։ Թող ինձ Մոսկվա տանի։ Ինքս չեմ կարող նրա մոտ գնալ։ Արդեն արձակուրդում եմ։ Պառկած եմ։ Հիվանդանոց չեմ գնում։ Բուժակին զրպարտել եմ։ Դե, ծիծաղում էր․․․ Կարեւոր չէ։ Եկել էր ինձ տեսության։ Առաջարկում էր լսել։
Թույլ չտվեցի։ Նորից պիտի արդարացում հորինեի մերժման համար։ Չեմ ուզում բացատրություն հորինել։
Բոմգարդին նամակն ուղարկված է։
_________
Մարդի՜կ։ Ինչ-որ մեկն ինձ կօգնի՞։ Սկսել եմ պաթետիկ բացականչություններ անել։ Եվ եթե ինչ-որ մեկը սա կարդար, կմտածեր՝ խաղում եմ։ Բայց ոչ ոք չի կարդա։
__________
Բոմգարդին գրելուց առաջ ամեն բան հիշեցի։ Հիշողությանս խորքից դուրս լողաց հատկապես կայարանը նոյեմբերյան Մոսկվայում, երբ ես հեռանում էի այդ քաղաքից։ Ի՜նչ սարսափելի երեկո էր։ Գողացված մորֆինը սրսկում էի ինձ զուգարանում․․․ Դա տանջանք էր։ Դուռը ջարդում են, ձայները դղրդում են, ասես երկաթից լինեն, կշտամբում են, որ երկար եմ զբաղեցրել տեղը, եւ ձեռքերս թպրտում են, եւ թպրտում է կեռիկը, մեկ էլ տեսար ու դուռը բացվեց․․․
Այդ ժամանակվանից են այս չիբանները․․․
Սա հիշելուց հետո լացում էի գիշերը։
12-ի գիշերը
Եվ նորից լացեցի։ Ի՞նչ է նշանակում այս գարշելի թուլությունը գիշերով։
1918 թվականի փետրվարի 13, լուսադեմին, Գորելովկայում
Կարող եմ շնորհավորել ինձ․ առանց սրսկման եմ արդեն տասնչորս ժամ։ Տասնչորս։ Սա աներեւակայելի թիվ է։ Լուսանում է՝ պղտոր ու սպիտակավուն։ Հիմա լրիվ առողջ կլինեմ։
Հասուն դատողությամբ․ Բոմգարդն ինձ պետք չէ, եւ ոչ ոք պետք չէ։ Ամոթալի կլիներ թեկուզ մի րոպե երկարացնել սեփական կյանքը։ Այսպիսի կյանքը չէ, չի կարելի։ Դեղը ձեռքիս տակ է։ Ո՞նց առաջ գլխի չէի ընկնում։
Դե ինչ, գործի անցնենք։ Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ։ Կործանել եմ միայն ինձ։ Եվ Աննային։ Ի՞նչ կարող եմ անել։
Ժամանակը կբուժի, ինչպես երգում է Ամները։ Նրա դեպքում, իհարկե, ամեն ինչ հեշտ ու պարզ է։
Տետրը՝ Բոմգարդին։ Վերջ․․․»։
V
1918 թվականի փետրվարի 14-ի լուսաբացին հեռավոր ու փոքրիկ մի քաղաքում ես կարդացի Սերգեյ Պոլյակովի այս գրառումները։ Եվ այստեղ դրանք առանց որեւէ փոփոխության են։ Ես հոգեբույժ չեմ, չեմ կարող վստահ ասել՝ արդյո՞ք դրանք ուսանելի են կամ պետքական։ Իմ կարծիքով դրանք պետք են։
Հիմա, տասը տարի հետո գրառումների հարուցած վախն ու կարեկցանքն, իհարկե, անցել են։ Բայց կարդալով այս գրառումները հիմա, երբ Պոլյակովի մարմինը վաղուց հող է դարձել, իսկ նրա մասին հիշողությունը բոլորովին վերացել, հասկացա, որ պահպանվել է հետաքրքրությունը դրանց հանդեպ։ Միգուցե դրանք պե՞տք են։ Քաջություն եմ դրսեւորում խնդրին դրական լուծում տալու համար։ Աննա Կ․-ն մահացել է 1922 թվականին բծավոր տիֆից նույն տեղամասում, որտեղ աշխատել է։ Ամներիսը՝ Պոլյակովի առաջին կինը, արտասահմանում է։ Եվ չի վերադառնալու։
Կարո՞ղ եմ ես տպագրել գրառումները, որ նվիրել են ինձ։
Կարող եմ։ Տպագրում եմ։ Բժիշկ Բոմգարդ։
1927 թ․, աշուն
Թարգմանությունը ռուսերենից՝ Արփի Ոսկանյանի