սկիզբը՝ այստեղ
IV
«․․․․7 թվական, հունվարի 20։
․․․․ եւ շատ ուրախ եմ։ Փառք Աստծո․ որքան խուլ, այնքան լավ։ Մարդկանց տեսնել չեմ կարողանում, իսկ այստեղ ոչ մեկի չեմ տեսնում, հիվանդ գյուղացիներից բացի։ Բայց նրանք հո չե՞ն բզբզի իմ վերքը։ Իմ թվի շրջանավարտներին, որ ենթակա չէին պատերազմի զորակոչին (1916 թվականի աշխարհազորի երկրորդ կարգի զինվորներ) ցրել են զեմստվոյական տեղամասերով։ Բայց դա ոչ մեկի հետաքրքիրչէ։ Ընկերներից իմացա միայն Իվանովի ու Բոմգարդի մասին։ Իվանովն ընտրել էր Արխանգելսկի նահանգը (ճաշակի հարց է), իսկ Բոմգարդը, ինչպես բուժքույրն էր ասում, նստած է իմի պես մի խուլ տեղամասում, ինձնից երեք ավան հեռու, Գորելովոյում։ Ուզում էի գրել նրան, հետո միտքս փոխեցի։ Չեմ ուզում մարդ տեսնել ու լսել։
21 հունվարի
Բուք ու բորան։ Որիշ ոչինչ։
25 հունվարի
Ի՜նչ գեղեցիկ մայրամուտ է։ Միգրենին՝ antipyrin’a coffein’a и ac. citric միացություն։
Փոշի 1,0․․․ կարելի՞ է 1,0 չափաբաժնով․․․ Կարելի է։
3 փետրվարի
Այսօր ստացա անցած շաբաթվա լրագրերը։ Չկարդացի, բայց ամեն դեպքում ցանկացա նայել թատրոնների բաժինը։ Անցած շաբաթ «Աիդան» է եղել։ Նշաակում է՝ նա բարձրացել է բեմ ու երգել․ «Իմ սիրելի ընկեր, եկ ինձ մոտ․․․»։
Նրա ձայնն արտառոցէ, ու որքան տարօրինակ է, որ այդ պարզ ու հզոր ձայնը տրված է մութ ու չնչին հոգուն․․․
(Այստեղ ընդմիջվում է, երկու-երեք էջ պոկված է)։
Իհարկե, անվայել արարք է, բժիշկ Պոլյակով, եւ ընդհանրապես գիմնազիստի լակոտություն է փողոցային հայհոյանք թափել կնոջ վրա այն բանիհամար, որ նա հեռացել է։ Չի ուզում ապրել հետդ, գնացել է։ Եվ վերջ։ Ամեն ինչ ինչքան պարզ է ու հեշտ։ Օպերային երգչուհին մտերմացել է երիտասարդ բժշկի հետ, մի տարի ապրել է ու հեռացել։
Սպանե՞լ նրան։ Սպանել։ Ահ, ինչ անհեթեթէ ամեն բան։ Փուչ։ Անհույս։
Չեմ ուզում մտածել։ Չեմ ուզում․․․
11 փետրվարի
Հա բուք ու բորան․․․ Թաղվում եմ։ Երեկոները ես մեն մենակ եմ։ Վառում եմ լամպն ու նստում։ Ցերեկը էլի մարդ եմ տեսնում։ Բայց աշխատում եմ մեքենայաբար։ Աշատանքին սովորել եմ։ Այն այնքան էլ սարսափելի չէ, որքան կարծում էի առաջ։ Իդեպ, ինձ շատ օգնեց հիվանդանոցում աշխատելը պատերազմի ժամանակ։ Ամեն դեպքում, այստեղ բոլորովին անգրագետ չեմ եկել։
Այսօր առաջին անգամ պտղաշրջում արեցի։
Այսպես, երեք մարդ այստեղ թաղված են ձյան տակ՝ ես, Աննա Կիրիլովնան՝ բուժքույր մանկաբարձուհին եւ բուժակը։ Բուժակն ամուսնացած է։ Նրանք (բուժ․ անձնակազմը) ապրում են կողաշենքում։ Իսկ ես՝ մենակ։
15 փետրվարի
Երեկ գիշեր հետաքրիր բան կատարվեց։ Ես պատրաստվում էի պառկել քնելու, երբ ստամոքսիս շրջանում ցավ զգացի։ Ու ի՜նչ ցավ։ Ճակատս սառը քրտինքով պատվեց։ Այնուամենայնիվ, հարկ է խոստովանել՝ մեր բժշկությունը կասկածելի բան է։ Ինչո՞ւ պիտի ոչ մի հիվանդություն չունեցող մարդը, որ հիանալի լյարդ ու երիկամներ ունի, որի աղիները գործում են միանգամայն նորմալ, գիշերը ստամոքսի կամ աղիքի (կույրաղիքի, օրինակ) այնպիսի ցավեր ունենալ, որ սկսի թավալվել անկողնու մեջ։
Տնքալով հասա խոհանոց, որտեղ գիշերում է խոհարարն իր ամուսնու հետ՝ Վլասի։ Վլասին ուղարկեցի Աննա Կիրիլովնայի հետեւից։ Նա եկավ ու ստիպված էր ինձ մորֆին ներակել։ Ասում էր, թե ես լրիվ կանաչ էի։ Ինչի՞ց։
Մեր բուժակն ինձ դուր չի գալիս։ Մարդամոտ չէ։ Իսկ Աննա Կիրիլովնան շատ հաճելի ու զարգացած մարդ է։ Զարմանում եմ, թե ինչպես ոչ ծեր կինը կարող է միայնակ ապրել կատարյալ մենակության մեջ այս ձնե դագաղում։ Նրա ամուսինը գերմանական գերության մեջ է։
Չեմ կարող գովքը չանել նրա, ով առաջինն է կակաչի գլխիկներից հանել մորֆինը։ Մարդկության իրական երախտավորը։ Ցավն անցավ ներարկումից յոթ րոպե անց։ Հետաքրքիր է՝ ցավի հզոր ալիք էր, որ չէր ընդհատվում, այնպես որ շունչս կտրվում էր, ասես շիկացած նիգը խրել էին բորիս մեջ ու պտտում էին։ Ներարկումից մոտ չորս րոպե անց նկատեցի, որ ցավն ալիքներով է։
Լավ կլիներ, եթե բժիշկը կարողանար իր վրա փորձարկել շատ դեղամիջոցներ։ Բոլորովին այլ կլիներ նրա պատկերացումը դրանց ազդեցության մասին։ Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամն էր, որ քնեցի խոր ու լավ՝ առանց մտքերի իմի մասին՝ ինձ խաբած իմի։
16 փետրվարի
Այսօր ընդունելության ժամին Աննա Կիրիլովնան հետաքրքրվեց, թե ինչես եմ ինձ զգում եւ ասաց, որ առաջին անգամ է ինձ տեսնում ոչ խոժոռ։
– Մի՞թե ես խոժոռ եմ։
– Շատ,- վստահ պատասխանեց նա ու ավելացրեց, որ զարմանում է, թե ոնց եմ կարողանում միշտ լռել։
– Այդպիսի մարդ եմ ես։
Բայց դա սուտ է։ Ես շատ կենսուրախ մարդ էի մինչեւ իմ ընտանեկան խնդիրները։
Շուտ է մթնում։ Մենակ եմ տանը։ Երեկոյան ցավը վերադարձավ, բայց ուժեղ չէր, նախորդ օրվա ցավի ստվերն էր՝ ինչ-որ տեղ, կրծոսկրի հետեւում։ Երեկվա ցավի բռնկումից վախենալով՝ ես ինքս կոնքիցս ներարկեցի մի սանտիգրամ։ Ցավը կտրվեց գրեթե անմիջապես։ Լավ էր, որ Աննա Կիրիլովնան թողել էր սրվակը։
18-ին
Չորս սրսկումը սարսափելի չէ։
25 փետրվարի
Տարօրինակ մարդ է Աննա Կիրիլովնան։ Ասես ես բժիշկ չեմ, ներարկիչի ½ = 0.015 morph., հա՞։
1 մարտի
Բժիշկ Պոլյակով, զգուշացեք։
Հիմարություն։
__________
Աղջամուղջ։
Ահա արդեն կես ամիս է, ինչ միտքս ոչ մի անգամ չի վերադարձել ինձ խաբած կնոջը։ Ամներիսի նրա դերերգի մեղեդին լքել է ինձ։ Ես շատ եմ հպարտանում դրանով։ Ես տղամարդ եմ։
__________
Աննա Կ․-ն իմ գաղտնի կինն է դարձել։ Այլ կերպ լինել չէր կարող ոչ մի կերպ։ Մենք աքսորված ենք անմարդաբնակ կղզի։
__________
Ձյունը փոխվել է, ասես ավելի մոխրագույն է դարձել։ Ցրտաշունչ սառնամանիքներ էլ չեն լինում, բայց բուք լինում է ժամանակ առ ժամանակ․․․
__________
Առաջին պահը․ վզին հպվելու զգացողություն։ Այդ հպումը դառնում է ջերմ ու տարածվում։ Հաջորդ պահին հանկարծ սառնության ալիք է անցնում սրտի տակով, իսկ դրան հետեւում են մտքերի անսովոր պարզությունն ու աշխատունակության պայթյունը։ Բացարձակապես բոլոր տհաճ զգացումներն ավարտվում են։ Դա մարդու հոգեւոր ուժի դրսեւորման ամենաբարձր կետն է։ Եվ եթե ես փչացած չլինեի բժշկական կրթությամբ, կասեի, որ մարդը նորմալ կարող է աշխատել միայն մորֆինի ներարկումից հետո։ Իսկապես էլ, ո՞ւմ է պետք մարդը, եթե պստիկ նյարդի չնչին ցավը կարող է նրան շարքից հանել։
__________
Աննա Կ․-ն վախենում է։ Հանգստացրի նրան՝ ասելով, որ մանկուց առանձնացել եմ մեծ կամքի ուժով։
2 մարտի
Ասեկոսեներ ինչ-որ վիթխարի բանի մասին։ կարծես թե Նիկոլայ II-ին գահընկեց են արել։
__________
Շատ վաղ եմ պառկում քնելու։ Ժամը տասին։
Եվ քնում եմ մանկան քնով։
10 մարտի
Այնտեղ հեղափոխություն է տեղի ունենում։ Օրը երկարել է, աղջամուղջը կարծես մի քիչ երկնագույն է դարձել
Դեռ երբեք լուսաբացին այսպիսի երազներ չեմ տեսել։ Դրանք կրկնակի երազներ են։ Ընդ որում դրանցից հիմնականը կարելի է ասել ապակյա է։ Այն թափանցիկ է։ Այնպես, որ տեսնում եմ սարսափելի լուսավորված բեմեզրը, որտեղ հուրհրում է գույնզգույն լույսերի ժապավենը։ Ամներիսը, կանաչ փետուրը ծածանելով, երգում է։ Նվագախումբը, միանգամայն ոչ երկրային, անսովոր լիաձայն է։ Դե դա չեմ կարող փոխանցել բառերով։ Կարճ ասած՝ նորմալ երազում երաժշտությունն անձայն է․․․ (Նորմա՞լ։ Դեռ հարց է, թե որ երազն է ավելի նորմալ։ Դե, կատակում եմ․․․) անձայն է, մինչդեռ իմ երազում այն դառնում է բոլորովին երկնային։ Եվ կարեւորը, որ իմ կամքով կարող եմ ուժգնացնել կամ թուլացնել երաժշտությունը։ Հիշում եմ, «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի մեջ նկարագրված է, թե ինչպես Պետյա Ռոստովը քնի մեջ նման վիճակ էր ապրում։ Լեւ Տոլստոյը հոյակապ գրող է։
Հիմա թափանցիկության մասին։ Ուրեմն, «Աիդայի» հորդող գույների միջով դուրս է ցցվում իմ գրասեղանի միանգամայն իրական եզրը, որ երեւում է աշխատասենյակի դռնով, լամպը, փայլուն հատակը, ու Մեծ թատրոնի նվագախմբի ալիքի միջով հասնում են հստակ ու հաճելի ոտնաձայները, ասես խուլ չխչխկաներ լինեն։
Նշանակում է՝ ժամը ութն է․ Աննա Կ-ն է, գալիս է, որ ինձ արթնացնի ու հայտնի, թե ինչ է կատարվում ընդունարանում։
Նա չի ենթադրում, որ ինձ հարկ չկա արթնացնելու, որ ես ամեն բան լսում եմ ու կարող եմ խոսել իր հետ։
Եվ այդպիսի փորձ ես կատարեցի երեկ․
Աննա- Սերգեյ Վասիլյեւիչ․․․
Ես- Ես լսում եմ․․․ (մեղեդուն չիմելով ցածրաձայն՝ «բարձր»)։
Երաժշտություն- Հզոր ակորդ։ Ռե-դիեզ․․․
Աննա- Քսան մարդ է գրանցվել։
Ամենրիս- (երգում է)։
Դե դա թղթի վրա նկարագրել հնարավոր չէ։
Վտանգավո՞ր են այս երազները։ Օ՜, ոչ, դրանցից հետո ես վեր եմ կենում ուժեղ ու առույգ։ Եվ լավ եմ աշխատում։ Նույնիսկ հետաքրքրություն է առաջացել, իսկ առաջ չկար։ Եվ ոնց լիներ, բոլոր մտքերս կենտրոնացած էին նախկին կնոջս վրա։
Իսկ հիմա ես հանգիստ եմ։
Ես հանգիստ եմ։
շարունակությունը՝ այստեղ