Հասմիկ Հակոբյան
Եթե գրականության մեջ ընդունված տեսակետ է, որ միջտեքստայնության դրսևորումը ենթադրում է մի գեղարվեստական տեքստի որոշակի տարրերի ներկայությունը մեկ այլ գեղարվեստական տեքստում, ապա Արարատ Գյույբանգյանը կոտրում է ընդունված տեսակետը՝ գեղարվեստական տիրույթ ներմուծելով ֆիզիկական ու մաթեմատիկական բանաձևեր, շախմատային կամ համացանցային լեզու՝ ընդլայնելով միջտեքստայնության ընկալման գաղափարը և հարստացնելով ընթերցողի իմացական դաշտը: Այդպիսով նա ստեղծում է հետաքրքիր կառույցով բազմանշանային տեքստ: Այսպիսի տեքստերի ընթերցումը հնարավոր է միայն լեզվական և ոչ լեզվական նշանների համաժամանակյա վերծանման դեպքում: Գրական երկի ընթերցումը միջնշանային համատեքստի միջոցով նպաստում է բնագրի նոր մեկնությանը:
Քանի որ գրական ստեղծագործության տարածաժամանակային հարաբերությունները, իրային աշխարհի պատկերումը էապես պայմանավորված է նաև տեխնիկական առաջընթացով, ուստի ժամանակակից գրականությունն էլ չի կարող անտարբեր մնալ դրա նկատմամբ: Ֆեյսբուքը, թերևս, ժամանակակից աշխարհի ամենից մեծ ինտերտեքստն է. այստեղ մարդիկ են, օգտատերեր, որոնք հանդես են գալիս տարբեր խմբերում ու էջերում՝ որպես անհատներ, անհատների խոսքերը տարածողներ, իրողություններ ու վերլուծություններ, մեջբերումներ անողներ։ Այս առումով բավականին ուշարժան է Արարատ Գյուլբանգյանի «PARACETAMOL» երկը, որը հեղինակի ստեղծագործության համատեքստում ընդհանրացնող բնույթ ու գործառույթ ունի. այստեղ մի կողմից արտահայտվում են հետքաոսյան մասնավոր կարգավորումների և նախնական քաոսին ձգտող անկարգավորվածության հարաբերությունները, մյուս կողմից՝ այդ հարաբերությունները ներկայացվում են գյուլբանգյանական արձակին բնորոշ միջտեքստային ներդիրների մի ամբողջ համախմբի՝ Աստվածաշնչյան և գեղարվեստական ստեղծագործության տեքստերի, հեղինակային միջտեքստայնության, շախմատային պարտիայի, հայտնի դեմքի կամ գործչի ներկայության միջոցով:
Ստեղծագործությունն ունի «Մի հիվանդության պատմություն» ենթախորագիրը: «Գործողությունը տեղի է ունենում Facebook սոցիալական ցանցի online տիրույթում փետրվարի 4-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 16:23-17:56 ժամանակահատվածում: Գործողությանը հետևում է 11 մլն 84 հազար 78 օգտատեր»1:
Ստեղծագործությունը ներկայացված է դրամային բնորոշ ժանրային կաղապարով, բայց բովանդակությունը դրամային բնորոշ չէ: Այստեղ ներկայացված ֆեսյբուքյան տիրույթը զուտ տեխնիկական առաջընթացի արտահայտություն չէ, այլ քրոնոտոպային հետաքրքիր կառույց, որին ստորադասված կամ զուգահեռված է նրա ստեղծագործության մեջ լայնորեն կիրառվող շախմատային քրոնոտոպի կառույցը: Գործողությունների կատարման կոնկրետ օրվա նշումը սիմվոլիկ է. փետրվարի չորսը հեղինակի ծննդյան, ինչպես նաև ֆեյսբուքի ստեղծման օրն է: Ստեղծագործության մեջ ծավալվող գործողությունները ներկայացված են որպես ֆեյսբուքյան մի խմբում գրվող մեկնաբանությունների կամայական շարք: Այդ մեկնաբանություններն առաջին հայացքից բովանդակային առումով իրար անկապակից են թվում: Գործող անձինք, ովքեր տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, մեկնաբանությունների տեսքով շարադրում են աշխարհի գնահատման և կառավարման իրենց հայեցակետը, որոնց իր անկառավարելիությամբ հակադրվում է միայն մեկը՝ Բանաստեղծը, որն էլ դիտարկվում է որպես հիվանդ և գտնվում է բժշկի՝ Paracetamol-ի հսկողության տակ: Նա շեղվում է հետքաոսյան հստակ օրինաչափություններից՝ ձգտելով նախնական քաոսային, չկառավարվող «տարածք»:
Գործող անձինք են՝
Paracetamol-ը՝ որպես ընտանեկան բժիշկ,
Բանաստեղծ՝ գրողների միջազգային ընկերակցության անդամ, ով հեղինակ է երեք ժողովածուի (չմոռանանք հեղինակի մինչ սույն գործն ունեցած ժողովածուների քանակը)
Կարո Գասպարը՝ սփյուռքահայ բարերար, գրաքննադատ,
Տիկին Նեոն՝ տնտեսագիտության դոկտոր, ով հեղինակել է աղմկահարույց գրքեր,
Սամուելը՝ ՏՏ ոլորտի անվտանգության փորձագետ, բլոգեր,
Գրոսմայստեր՝ անհատական գործակիցը 2818:
Գրոսմայստերը շախմատային քրոնոտոպի կառուցողն է, ով ֆեյսբուքյան կենսատարածքում նոր, պայմանական տարածություն է ստեղծում։ Նրա քայլերում նկատելի են շախմատային ֆիգուրների անհամարժեքությունը, ինչը բավականին հարմար է հասարակական հարաբերությունների ստորադասակարգային բնույթը մոդելավորելու և ներկայացնելու համար: Բանաստեղծը ներկայացնում է Paracetamol-Կարո Գասպար – Տիկին Նեո – Սամուել համադրության հակադիր բևեռը՝ միևնույն ժամանակ կապող օղակ հանդիսանալով անկապակից մեկնաբանությունների համար: Այս կերպարների ներքին ընդհանրությունների, կառավարելի և անկառավարելի գործոնների քննությունն ընդգրկուն հոդվածով ներկայացրել է Կ. Մանուչարյանը2։
Կարո Գասպարի հայրենասիրական-բարեգործական գործունեության գաղափարներն արտահայտվում են «Հայրենիքին մեջ մեծ ու աղեկ գործեր պիտի ընեմ»3 գերագույն մակարդակից «Աղվորիկ կիներու հետույքը կսիրեմ»4 աստիճանական անկումով: Գյուլբանգյանն աստիճանականությամբ ցույց է տալիս, թե ինչպես է վեհ գաղափարն իջնում, փոքրանում պարզունակության աստիճան. «Հայրենիքին մեջ մարդկանց ուղեղները պիտի մաքրեմ, անոնց մարմինը տեղաշարժ պիտի ընեմ, գործ ընել պիտի հորդորեմ, ոսկին հարգել ու խնայել պիտի դասավանդեմ»5, «Հայրենիքին մեջ բանաստեղծն ալ զինվոր է»6, «Հայրենիքին մեջ նոր, աղվոր ու փափուկ կնիկ պիտի առնիմ»7: Կարո Գասպարի կերպարում ընդհանրացված է սփյուռքահայ բարերարների հավաքականությունը։ Այս կերպարում կարելի է ճանաչել նաև ամերիկահայ հայտնի բարերար Գարո Արմենին, ով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) միջոցով փորձում է Հայաստանի գյուղերում բարձրացնել կյանքի որակը: Արմեն>Գասպար անցումը հիշեցնում է Աղասի Այվազյանի «Եռանկյունի» ստեղծագործության հերոսներից՝ Գասպարի և Հովիկի «գասպարավարիլողի»մասին խոսակցությունը։ Կարո Գասպարի գործունեության տարածքը Agora գյուղաքաղաքն է: Ագորան Հին Հունաստանում քաղաքի կենտրոնում տեղակայված մի վայր էր, որտեղ անցկացվում էին առևտրական, հասարակական և պաշտամունքային տարատեսակ ժողովներ։ Agora-ն Գյուլբանգյանի ստեղծագործության մեջ կենսատարածք է, որտեղ՝
- Զուգորդվել են պատմության իրադարձություններ,
- Նախատեսվում է իրականացնել արդյունաբերական հեղափոխություն,
- Զարգացման բարձր մակարդակի են հասցվելու գյուղաքաղաքային տուրիզմը,
Այսպիսով՝ Agora-ն նյութի տրամաբանված իշխանության և հետևողական ընթացքի տարածությունն է, զարգացման տեսլականը ներկայացնում է Տիկին Նեոն: Ինչպես ենթադրելի է նրա անունից, նա ամենայն նորարարության ջատագովն ու առաջմղիչն է: Սակայն նրա ընկալումները չեն համապատասխանում Բանաստեղծի ընկալումներին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում… Փոքր գյուղաքաղաքի անհաղթահարելի թախիծ, մառախլապատ արշալույսներ, շաքարախտով հիվանդ ճնճղուկներ, բարձիթողի պրոստատիտ, անհուսորեն պճնված չվճարվող պոռնիկներ, բռնաբարված աղբարկղեր, կիրք, սեր, լաց, քնքուշ համբույր, փողի խրոնիկական անբավարարվածության սինդրոմ…»8:
Բանաստեղծի այս խոսքն ուղղակի մեջբերում է հեղինակի մեկ այլ՝ «Տրակտատ Փողի մասին» ստեղծագործության համապատասխան հատվածից: Սա հեղինակային միջտեքստայնության դրսևորում է: Ուշադրության արժանի է Բանաստեղծի խոսքում կաղապարային տեսքով հանդես եկող «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» աստվածաշնչյան միավորը, որը նաև դարձել էր բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի՝ 1991 թվականին լույս տեսած ժողովածուի վերնագիրն ու պատկերակառուցման հիմնական կաղապարը: Աստվածաշնչյան այս հայտնի միավորը Գյուլբանգյանի ստեղծագործության համատեքստում դառնում է ընկալման նոր հորիզոնի, նոր տիրույթների մուտքը նշանավորող սկզբնակետ:
Գյուլբանգյանի մոտ Բանաստեղծն «անկառավարելիության» ցուցիչն է, որին մյուս գործող անձինք փորձում են դարձնել կառավարելի օբյեկտ: Բանաստեղծի ընկալած աշխարհը ենթակա չէ որևէ վերահսկման, դուրս է բժշկական, փողային, կեղծ բարեգործական կառավարման հսկողությունից: «-Երբեք մի՛ չափիր անչափելին»9: Անչափելին դուրս է ցանկացած վերահսկողությունից և կառավարման ցանկացած ասպեկտից: Այսինքն՝ անկառավարելիի տիրույթը, անչափելիի տարածությունը զուտ բանաստեղծական աշխարհն է. «Ուղղափառ բժշկությունն անկասկած ճշգրիտ գիտություն է, բայց երբ Աստված չի ցանկանում այլևս կառավարել որևէ մեկին, այդ մարդը կարծես թե դառնում է Բանաստեղծ…»10:
Ստեղծագործության վերջում Բանաստեղծը մեջբերում է Աշոտ Խաչատրյանի «Երևան» բանաստեղծության մի հատված Երևան-Agora բառային փոխարկումով.
հանիր ձեռքդ գրպանիցս
և լկտի մի եղիր,
ձվերս թող,
թող գոնե մեկը քեզնից հեռու փախչի…
ցավում է,
Agora` բոզի աղջիկ11:
1 Ա. Գյուլբանգյան, PARACETAMOL, Մի հիվանդության պատմություն, Երկունք, 2018 թ., հունվար, էջ 2:
2 Մանուչարյան Կ., PARACETAMOL» երկը Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործության համատեքստում (Կառավարող գործոնների և կառավարմանը չենթարկվող սուբյեկտների հարաբերության հարցը), Գրական թերթ, 29/12/2019. http://www.grakantert.am/archives/13230
3 Գյուլբանգյան Ա., PARACETAMOL, Երկունք, 2018, հունվար, էջ 2:
4 Նույն տեղում:
5 Նույն տեղում:
6 Նույն տեղում;
7 Նույն տեղում:
8 Նույն տեղում։
9 Գյուլբանգյան Ա., PARACETAMOL, Երկունք, 2018, հունվար, էջ 2:
10 Նույն տեղում:
11Նույն տեղում: