Դեռ երկար նրան կտանջեն մղձավանջները: Նա սարսափահար վեր կթռչի, մի ակնթարթ ուղեղում միաձուլված կառկայծեն սարսափելի անցածն ու իրականությունը: Հետո կփորձի շոշափել այն, ինչն այլևս հնարավոր չէ շոշափել: Նրա վրա կծանրանա հիշողության երբեք այլևս չջնջվող բեռը…
Նա թաքնվել էր շենքի անկյունում և հետևում էր, թե ինչպես չդադարող կրակահերթերը քրքրում էին հողն ու քարերը, շինության պատերը: Օդում կրակի, ծխի ու սարսափի հոտ կար: Այդ բոլորին ավելանում էին շոգը և ճնշող հուսահատությունը: Տարեց զինվորն ակնդետ առաջ էր նայում դեպի փոքրիկ շինությունը, որի հետևում մեկ այլ երիտասարդ զինվոր էր, համարյա մանուկ: Նա թաքնվել էր կրակոցներից և փախչելու ոչ մի հնարավորություն չուներ: Անզորության զգացումը ճնշում էր նրան, իսկ վախը` ջլատում ուժերը։
Ամեն պահի ժայթքելու պատրաստ ներքին հրդեհը նման էր ամեն վայրկյան ժայթքելու պատրաստ հրաբուխի, որի մեջ ծառս էին լինում իր սիրո ամենակուլ ալիքները: Անհետացել էր մի պահից տանջող ծարավը, միայն բաղձալի մայրամուտն էր տենչում՝ մայրամուտ, որ ազատագրում էր բերելու իր հետ, մինչ պատերազմի կուռքը` Մողոքը, նոր զոհեր էր պահանջում:
Մարտավարությունն այնքան անտրամաբանական էր: Կողմերը թաքնվել էին ով որտեղ հասցրել էր և հսկում էին միմյանց: Դուրս գալն ու բացվելը հավասարազոր էր մահվան: Աստիճանաբար ավելանում էին դադարները: Զինվորը ձգտում էր թափանցել ցրվող փոշու ու ծխի միջով` տեսնելու փոքրիկ տաղավարի հետևում թաքնված երիտասարդին: Երբեմն հայացքն ինքնաբերաբար ուղղում էր դեպի հեռվում երևացող լեռը, որի գագաթները, թվում էր՝ ձուլվում էին ամպերին. այնքան իրական էին ամպերը, այնքան կենդանի:
– Դուրս չգա՛ս, – բղավեց՝ մի բան ասած լինելու համար, որովհետև երիտասարդ զինվորը պետք է զգար իր ներկայությունը:
– Այստեղ եմ, – կարծես երազի մեջ լսվեց տղայի ձայնը: Խոր քարանձավից, թե անդունդից էր գալիս այդ ձայնը` հազիվ լսելի ու խորհրդավոր: Զինվորի ներսում ինչ-որ բան փլվեց. Նա պատրաստ էր ամեն ինչի, որտեղ միայն կարող էր փրկություն լինել: Բայց որովհետև զինվոր էր, պողպատյա ձեռքերում ավելի ամուր սեղմեց ավտոմատը: Հայացքը մի անգամ էլ հառեց երկնքին, ապա՝ խորհրդավոր անկյունին, որտեղ զինվորն էր պատսպարված:
Պատերազմ է… անհեթեթեթության հաղթարշավ, հավիտենական անեծք, կայենական բարդույթ: Պատերազմն օրհնում ու սրբացնում են, նրա առաջ մոմ են վառում: Հետո նրան հայհոյում են, բայց նրա հետ հաշվի են նստում: Պատերա՞զմը… ուժեղները թուլանում են, թույլերը` ուժեղանում, կանայք բռունցքներն են սեղմում, տղամարդիկ` լացում: Իսկ զինվորները պատին են սեղմվում ու վախեցած սպասում…
Անցած ողջ կյանքը սրընթաց դուրս լողաց տարեց զինվորի հիշողության խորքերից, հետո ցաքուցրիվ եղավ ու պատառիկների վերածվեց: Պատառիկներ փոքրիկ տղայի մասին, որ վազում է առվակի կողքով` հայացքն ամպերին: Նա նստում է խոտերին և շշից ջուր խմելով հետևում, թե ինչպես են ամպերը ֆանտաստիկ պատկերներ հյուսում` անասելի հրճվանքի ու անգիտակից ուրախության աներևակայելի պատկերներ, որ շամփրում էին ուղեղը և նույն արագությամբ ցաքուցրիվ լինում: Հիմա պատսպարված զինվորն այն տարիքին է, որքան ինքն էր, երբ սիրահարվում էր կյանքին, երբ նստում էր խոտերին և ամպերից իր կյանքի երաժշտությունը հորինում․․․
Տղան, որ թաքնվել է շինության հետևում, միայնակ էր, անտանելի միայնակ: Ահա թե ինչու զինվորը ցանկանում էր բղավել աշխարհի վրա, փրկել տղային… և ձեռքերում ավելի ամուր էր սեղմում ավտոմատը:
Պատերազմի պագշոտ ժպիտը սրտխառնոց է առաջացնում… նրա թքախառն-լորձոտ ճոռոմաբանությունը` ծաղր ապրելու իրավունքին: Իսկ զինվորները մահվան քայլերգ են երգում կամ հիստերիկ ծիծաղում, մինչև կշպրտեն ավտոմատները և «մա՜մ» կբղավեն…
Ահա թե ինչու էր հիմա զինվորը հետևում արևի ընթացքին. արևն իր հետ փրկություն էր բերելու: Իսկ նա կարո՞ղ է արագացնել իր ընթացքը, որպեսզի տղան փրկվի: Նա կթաքնվեր սարերի հետևում, մութը կընկներ, և կդադարեր կրակը:
Ինչու՞ է ուշանում աղջամուղջը, ինչու՞ է պայքարում արշալույսների ու ապրելու տենչ ունեցող տղաների դեմ:
Կրակոցները նվազել էին: Օդում մոլորված, հատուկենտ դավադիր գնդակներ էին սուրում դեռևս: Մահվան ուրվականն ավարտում էր որսը: Զինվորը, ամբողջ մարմնով պրկված, առաջ էր նայում: Նա փորձում էր թափանցել հեռվում երևացող մեկ այլ շինության միջով… այնտեղ, որտեղ հազար տոննայանոց մետաղյա հրեշն էր՝ տանկը… Նա կրակ ու որոտ է ժայթքում, ոռնում ու մահ թքում, բզկտում ու ցաքուցրիվ անում, նա մասերի է բաժանում կենդանի, շնչող էակին…նա չի խնայի ոչ մեկին: Հանկարծ տարեց զինվորի իր բնազդը հուշեց, որ թաքնվածի նյսրդերն այլևս չեն դիմանում, հոգնել է և վախենում է:
– Մի քի՛չ էլ սպասիր, – բղավեց հուսահատ. ձայնը դժոխքից էր ելնում և իրենը չէր… Բայց ինչ-որ բան էր կատարվել աշխարհի պատմության միլիոնավոր որոշումների մեջ: Տղան անգիտակցական քայլ էր կատարել և բացվել տիեզերքի առաջ ու հիմա աշխարհի ամենահարմար թիրախն էր…Երիտասարդն անսպասելի ուղղվեց և սկսեց վազել, կտրելով ամենավտանգավոր գոտին: Վազում էր այնպես, ինչպես ինքն էր վազում ամպերի հետևից` ավելի ու ավելի արագ: Պարզապես տղան գիտեր, թե ուր և ինչի համար է վազում: Նա վազում էր այնտեղ, որտեղ տարեց զինվորն էր և ապահովությունը:
Տարեց զինվորը տագնապահար այս ու այն կողմ էր նայում, աշխատում որսալ ամենաաննշան շարժումն անգամ. նույնիսկ դադարեց շնչել: Հետո տեսավ այն, ինչից ամենից շատ էր վախենում` տանկը դուրս սողաց իր թաքստոցից և արագ ուղղություն վերցրեց: Երկաթե այդ բազմատոննայանոց հրեշը ծարավի էր արյան. նա մահվան բանբերն է, հիշողության վախճանը, որ խառնվես հողին ու քարին, քեզնից մնա հիստերիկ ողբն ու լացը, անմարդկային ոռնոցը, սիրտ մաշող երաժշտության անհուսությունն ու միակ զինվորի անհայտ գերեզմանը…
Տարեց զինվորն էլ այլևս չէր կարող տեղում մնալ, նա ընդառաջ վազեց տղային: Կարծես չար երազում տեսավ, թե ինչպես է շարժվում հրեշի դիտանոցը: Տղան բնազդաբար արագացրեց վազքը, ինչպես ինքը, երբ ցանկանում էր հաղթել ամպերին և վազում էր` աչքերն ամպերին ու չէր զգում արագությունն ու ժամանակը: Հիմա էլ, տասնյակ տարիներ անց, հաղթանդամ զինվորը վազում էր նույն արագությամբ ` նայելով ամպերին. երանի տղան էլ նայեր ամպերին…ամպերը չեն խաբում: Լիներ մի բան, որին հրաշք անվանումը ամենից շատ կսազեր, լիներ ամեն ինչ, միայն թե կենդանի մնար տղան… Զինվորը ծանրամարմին էր և շնչակտուր էր լինում: Բայց գիտեր, որ հարվածը չի ուշանալու, նա գալու է որպես խելագար անհրաժեշտություն, անբացատրելի, անողորմ հարված: Վազելիս նույնիսկ ավտոմատն էր խանգարում, այն այլևս պետք չէր, ի՞նչ էր անելու դրանով այս մետաղյա հրեշին: Վայրկյան անգամ չկորցնելով՝ նա հենց ընթացքից շպրտեց այն: Հավատում էր, որ կհասցնի ծածկել տղային, որովհետև հայրերը հարվածի տակ չեն թողնում զավակներին: Նա հավատում էր հրաշքին, կյանքը` սիրո խանդաղատանքի վերածող հրաշքին, հրաշալի երազները իրականություն դարձնող հրաշքներին. հրաշքներ, որ միշտ գալիս են իր ժամանակին:
Զինվորը հավատում էր, որ կհասցնի հսկայական ցատկ կատարել և իր մարմնով ծածկել տղային… ինքը կհասցնի, որովհետև զինվոր է ու հայր: Եվ երբ մնում էր մեկ-երկու մետր, նա առյուծի ցատկ կատարեց` իր կյանքի վերջին ցատկը և հասցրեց ամբողջ մարմնով ծածկել տղային:
Իսկ երբ որոտաց կրակոցը, նա խլացավ և կորցրեց գիտակցությունը, թեպետ առանց այն էլ ցանկանում էր կորցնել մի բան, որն այդ պահին այլևս պետք չէր իրեն…
Երբ ուշքի եկավ, ինքը միայնակ չէր. շրջապատել էին իրեն: Գիտակցությունն աստիճանաբար էր արթնանում… Պատերա՞զմը…բաղեղված գերեզմաններն ու տրորտակ եղած, ցեխոտված ծաղիկները, մերկ մահարձանի` գիտակցություն լլկող լռությունը, անպատասխան սերը… Պատերազմն անհեթեթության ու անմտության հաղթարշավն է, երիտասարդի աղեկեզ ու չձևավորված մահասարսուռ ճիչը, մահվան անժամանակ գրկախառնությունն ու անգիտակից լավատեսությունը, անհեթեթ զառանցանքներն ու նրանց հավատացողների անմիտ հայացքները և սովալլուկ, ահաբեկված, ռումբերից բզկտված մանուկների մահախորհուրդ, աղեկտուր լացը…
Մշուշված ու ցիրուցան մտքերն սկսեցին իրականություն վերադառնալ: Երբ բացեց աչքերը, առաջինը, որ տեսավ, ամպերն էին, նրանք իրենց տեղում էին՝ խոժոռ, հանդարտ ու ցաքուցրիվ, որ կյանքի ֆանտաստիկ պատկերներ էին հյուսում: Անսանձ երևակայության գծած ապագայի պատկերներ, ինչպես շատ տարիներ առաջ, երբ մանուկ էր, երեխա, ուրախ ու անհոգ… ամպերը…սարսափելի ցավոտ էին ամպերը:
– Տղաս, – հարցրեց աչքերով, հոգով:
– Կենդանի է, – աղմկեցին մարդիկ, ծառերը, աստղերն ու ամպերը: Նա փորձեց ոտքի կանգնել, սակայն չստացվեց: Զինվորը ճչաց սարսափելի ցավից ու էլի ինչ-որ բանից, որ անուն չուներ: Նա հասկացավ, որ էլ երբեք չի կանգնելու, չի ցատկելու ու չի քայլելու: Նա կարիք չուներ նայելու ներքև՝ անտեղ, որտեղ իր ոտքերը պետք է լինեին…
– Տա՞նկը, – փորձեց շարժել շրթունքները:
«Ոտքերս»,- ուզեց գոռալ, երբ գրկում էին և դնում պատգարակին: Բայց քանի որ ցավերն ավելի ու ավելի էին ուժեղանում, միայն կարողացավ շշնջալ.
– Տղա՛ս, պատերազմն ավարտվեց. ամպերը չեն խաբում:
Հետո նա ձեռքով բարեկամական շարժում արեց աղջամուղջի մեջ անհետացող հրաշքի բանբերներին` ամպերին: Նրանք նույնն էին, ինչպես մանուկ ժամանակ, երբ ժպտում էին իրեն:
Սուր ցավ էր զգում և միևնույն ժամանակ անասելի թեթևություն:
Իսկ երբ փորձեց մի անգամ էլ վերհիշել ուրախության պատճառը, դարձյալ ուշաթափվեց: