Լուանկարը՝ Գերման Ավագյանի

Արփի Ոսկանյան/Կա-ապագա-կա-կա-կա

Ապրել

Ես ինձ չեմ թողնի ընկած՝
արնաքամ ու մենակ մեռնելու,
ինքս ինձ շալակած, իմ տակ կորացած,
ծալվող ծնկներով,
չորեքթաթ,
սողեսող
քարշ կտամ ինձ
դաշտերով ու անտառներով,
գետերով ու ճահճուտներով՝
հեռու աղմուկից խրախճանքի,
հեռու ողբից ու կականից
դեպի ամրոցը մացառապատ,
ուր պահվում են
մասունքները չապրած կյանքի․․․
Ես ինձ չեմ թողնի ընկած,
ես կսիրեմ,
ես կսիրեմ քեզ,
ես կսիրեմ քեզ մինչեւ օրերի ավարտը,
ես կսիրեմ քեզ պարտված,
ես կսիրեմ քեզ քրջոտ,
եւ ժեխ, եւ բոմժ․․․
Եթե նույնիսկ բոլորը արհամարհեն քեզ,
ես կսիրեմ․․․

2020

Հանդիպման վայրը՝ Խաղաղ օվկիանոսի ափին

Հիմա, երբ մեր ամենավատ մտքերը մարմին են առել
Ու թշնամու զինվորների տեսքով վազում են
Մեր հայրենիքի դաշտերով,
Հիմա, երբ հողն այլեւս ամուր չէ,
Երկինքը՝ թեթեւ,
Երբ մեր կյանքի բարակ թելը
Կարող է կտրվել ցանկացած պահի,
Ես ուզում եմ՝ խոստանաս,
Որ երբ մեռնենք,
Կգտնես ինձ․․․
Մենք՝ ինչպես բանկ թալանած երկու հանցագործ,
Հոգիներիս վրա՝ մեղք, մեղք, մեղք,
Տեսնես դուրս կգա՞նք էս քավարանից,
Կվայելե՞նք գողոնը մեր՝ սերը․․․
Արի սպասենք իրար, ասենք, օվկիանոսի ափին,
Թող որ լինի՝ Խաղաղ․
Ի՜նչ սիրուն անուն եւ ի՜նչ իմաստալից․․․
Խոստացի՛ր, որ կսպասես, ինչքան էլ ուշանամ․
Ի՜նչ սիրուն կվազեն մեր ոտքերը ավազի վրա,
Որ միացնեն մեր մարմիններն այլեւս չծերացող․․․
Խոստացի՛ր, որ չենք օտարանա երբեք,
Որ չենք հոգնի իրարից ու կսիրենք հավերժ,
Ծեծված, սովորական երջանկություններ խոստացիր․․․
Ասա, որ ամեն ինչ չի ավարտվի այսպես անփառունակ՝
Այս աշխարհով ստի ու ատելության,
Պատերազմի ու արյան,
Հիվանդության ու տառապանքի,
Ուր զոհ ենք,
Լավագույն դեպքում՝ նահատակ։
Ասա՛։

2021

Կա-ապագա-կա-կա-կա

Փլվում է կյանքս՝
փոքրիկ տիեզերքը, որ հավաքել էի քաոսից
հյուլե առ հյուլե,
բոլոր հույսերս, երազներս ցրիվ են գալիս,
իզուր էին համբերությունն ու ջանքը
եւ սեղմած ատամները,
եւ ձգած գոտին,
եւ ամենը պահպանելու անհեթեթ հույսը,
հողը հող է դառնալու․․․
Ես ուզում եմ լացել, բայց
այնքան չնչին է իմ աղետը
հայրենիքիս պատահածի կողքին,
ես պապանձվում եմ ու նայում․

Փլվում է իմ երկիրը՝
հայրենիքս պատառոտված,
ծվեն առ ծվեն,
հողակտոր առ հողակտոր,
մարդ առ մադ,
ցրիվ են գալիս անցյալը, ներկան ու ապագան,
ես ուզում եմ բարձր գոռալ,
ես ուզում եմ օգնության կանչել,
ուզում եմ անիծել աշխարհը կեղտի կլոնձ,
բայց ի՞նչ է Հայաստանին պատահածը
նրա կողքին, որ կատարվում է աշխարհի հետ․

Փլվում է աշխարհը՝
մաս-մաս է լինում դղրդոցով,
ասես մեզ բոլորիս կուլ է տվել մի մեծ, սեւ խոռոչ,
ամենուր աղետ ու աղետ,
ու ինչ անտարբեր են մարդիկ,
անտարբեր ու խելագար,
խելագար ու անտարբեր․․․

Եվ անիմաստ է արդեն գոռալը,
ես տրվում եմ ազատ անկման վայելքին
եւ հընթացս մտածում,
որ, իհարկե, դե հո չեմ ջախջախվի,
ինչ-որ պահի կբացեմ թեւերս,
ու անկումը կվերածվի ճախրանքի,
ես կթռչեմ հանուն նոր կյանքի՝
կա-ապագա-կա,
ապագա-կա-ապագա
կա-կա-ապագա
ապագա-կա-կա․․․

Կրկնում եմ մանթրայի պես
ու վայելում անկումը,
որ ուր որ է կավարտվի․․․

Ինչո՞ւ վախ չկա մեր սրտերում,
ինչո՞ւ ենք այսպես անվրդով,
ինչո՞ւ ենք այսպես հանգիստ,
միգուցե ուժե՞րն են հատել,
միգուցե ծուլությո՞ւն է պարզապես,
բայց մենք հո չե՜նք ջախջախվի,
ինչ-որ պահի կբացենք մեր թեւերը,
հաստատ կբացենք մեր թեւերը,
պարզապես դեռ ուզում ենք ընկնել,
ընկնում ենք՝ ինչքան կարող ենք ցած,
որ վերելքը լինի անհնարին բարձր․․․

2021

Please follow and like us: