Ամուսիններին՝ մեր մեջ ասած
Ի՞նչ եք դուք անում, երբ պսակված եք եւ ունեք օրինական կին,
Որ գնում- գալիս ու ասում է, թե այն չէ տեսքն իր արտաքին։
Երբ իր մարմնի մասին ասում է վիրավորական բաներ
Եվ պնդում, թե ունի տան շեմքին գցած թաղիքի պես մազեր։
Երբ ասում է, որ իր դեմքը՝ ձեր սիրած իդեպ, դարձել է այլանդակ
Եվ ասես լինի ցամաքած լճակի հատակ։
Երբ նա, ում հանդեպ ձեր կապը պլատոնական չէ փոքր-ինչ գեթ
Համեմատում է իր իրանը կարտոֆիլի թույլ կապած պարկի հետ։
Երբ նա կարծում է, թե քաշ է հավաքում ժամ առ ժամ, արագ
Եվ շարունակում է հայտնաբերել գոյություն չունեցող կրկնա-եռակզակ։
Ո՞վ չի նախընտրի կանգնել խախուտ կամրջին, որի մի ծայրին սոված
առյուծ է, մյուսին՝ սոված վագր, իսկ ներքեւում՝ կոկորդիլոսներ,
Քան ստիպված լինի լսել իր սիրելիի՝ իր իսկ արտաքին տեսքի հասցեին
արած նկատողություններ։
Ո՞վ չի նախընտրի խեղդամահ լինել ամենախոր օվկիանոսում
կամ մոխրանալ խարույկի մեջ ճթճթան,
Քան հայտնվել իրավիճակում, երբ եթե ասես՝ այո, սիրելիս,
կնշանակի՝ էլ չես սիրում նրան, եւ եթե ասես՝ ոչ սիրելիս, կլինես
կեղծավոր սուտասան։
Ինչո՞ւ նրանք չեն ուզում հավատալ, որ ձեր երեխաների մայրն են այն
պատճառով, որ դուք աշխարհի բոլոր արտաքիններից իրենցն եք
համարում ամենալավը։
Ինչո՞ւ պիտի մենք հավերժ այս փորձությանը ենթարկվենք ու տանենք այս ցավը։
Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է՝ այդ փափակասուն տիկնայք գիտակցեն,
որ երբ կասկածի տակ են դնում իրենց դեմքը, ոտքերն ու հասակը,
Ադպիսով վիճարկում են իրենց բարձրաճաշակ ամուսինների անթերի ճաշակը։
Այն, ինչ յուրաքանյուր կին վաղ թե ուշ իմանում է
Ամուսինները մի բան են, որի հետ կանայք պիտի համակերպվեն
Եվ ում հետ նրանք պիտի նախաճաշեն ու ընթրիքին մի բան եփեն։
Նրանք խանգարում են, որ երեխաները լինեն կարգապահ ու կազմակերպված
Եվ մոռանում են ամեն տեսակի հոբելյան ու տարեդարձ։
Իսկ երբ հատկապես անփույթ են, անուշադիր ու կույր,
Կարծում են, թե իրավիճակը կշտկի մի հրաշագործ համբույր։
Երբ նրանց երեսով եք տալիս իրենց արածները, ժպտում են ներողամիտ,
համբերատար, խաղաղ
Եվ մտածում՛ փուքսը կթողնի, կհանդարտվի դանդաղ։
Նրանք միշտ ավելի շատ կոկտեյլ են խմում, քան ստամոքսը կարող է գլուխ հանել,
Իսկ երբ նրանց կողմ եք նայում, նահատակի տեսք են ընդունում, ասես դուք
մտադիր եք նրանց մատաղ անել։
Երբ խոսքը գոլֆ խաղալու համար հինգ մղոն քայլելու մասին է, նրանք
եռանդուն են ու կայտառ, բայց եթե տանը անհետաձգելի գործ կա անելու,
նրանք շատ հոգնած են ու տկար։
Հետո էլ կասեն, թե կանայք վատ են տրամաբանում, անխոհեմ են ու հիմար։
Նրանք երբեք չեն ուզում վեր կենալ ու գնալ քնելու նույն ժամին, ինչ դուք։
Եվ նրանք մտածում են, թե դուք սեւ մոգութուն ու Վուդուի ծես եք անում, երբ ձեր
դեմքին դնում եք դիմակ կամ քսում քսուք։
Նրանք քաջ են, հանգիստ ու ինքնատիրապետումը չեն կորցնում, երբ հիվանդ եք լինում
դուք, ում խոստացել են սիրել եւ փայփայել, մինչեւ մեռնեն, ու իրենց հերձեն,
Բայց հենց իրենց քիթը մի քիչ ֆսֆսա կամ փորը ցավի մի թեթեւ, կտնքան այնպես
ու այնքան, ասես մահամերձ են։
Երբ մենակ եք մնում նրանց հետ, նրանք մոռանում են, որ պետք է քաղաքավարի
լինել եւ ուշադրության նշաններ ցույց տալ կանանց,
Բայց երբ շրջապատում շատ մարդ է լինում, նրանք ձեզ այնքան են աթոռ, մոխրաման
ու սենդվիչ առաջարկում, այնպես են հաճոյանում ձեզ գլուխ խոնարհելով ու ձիգ
կանգնելով, որ ուզում եք ապտակել նրանց։
Ամուսիններն իրոք ջղերի վրա ազդող արարած են։
Եվ այնուհանդերձ, Նախախնամության սրամիտ կամքով նրանցից շատերն իրենց
կանանց գուրգուրանքով պարուրված են։
Անգլերենից թարգմանեց Արփի Ոսկանյանը