Տոնական սեղանի մոտ նստած էին Ֆաֆը, Գազանը, Վլեն, Գոնչը: Ո՛չ Նոր տարի էր, ո՛չ էլ հավաքվածներից մեկի ծննդյան օրն էր կամ էլ պաշտոնապես նշվող հիշարժան օր, բայց սեղանն իրոք տոնական էր, որովհետև Վլեն մի թևավոր խոսք ուներ, ասում էր` «Էս թվին, երբ էլ խմիչք ու ծամելու բան լինի` տոն ա»: Վլեի բացատրությունը բավարար էր, որ ընթրիքը տոնական համարվեր, որովհետև սեղանին դրված խմիչք կար, և ծամելիքն էլ վառարանի վրա եփվում էր: Ընթրիքը տոնական էր նաև այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում ընկերներով առաջին անգամ էին միասին սեղան նստում ու բաժակ բարձրացնում: Գոնչը երկու օր առաջ էր եկել Ռուսաստանից, Գազանը մի քանի ամիս առաջ էր վերադարձել պատերազմի դաշտից, Վլեն ու Ֆաֆն էլ մի քանի օրվա տարբերությամբ վերջերս էին ազատվել «ուղղիչ աշխատանքային» գաղութներից:
Էլեկտրականություն չկար, և զույգ մոմերի ու մրոտված ապակիով լամպի լույսի ներքո պետք է ընթրեին: Վլեն և զինվորական շորերով, ֆիդայական բեղերով Գազանը լուռ ծխում էին, Գոնչը կենտրոնացած կանեփի չորացրած քոլերն էր փշրում` քաղաքական անցուդարձից պատմող օրաթերթի վրա, Ֆաֆը` իրեն ինչ-որ բանով զբաղեցրած լինելու համար, գլխահակ եղունգի տակի կեղտերն էր մաքրում: Գազանի կինը` Սիրուշը, Լենինի ալ կարմիր կազմով դեռևս հրին չհանձնված հատորից թերթեր էր պոկում ու, վառարանը նետելով, կրակը բորբոքում: Վառարանի վրա` կաթսայի մեջ, բլթբլթում էր խաշլամեն:
– Լավ չարինք,- ասաց Ֆաֆը,- էրեխեն մեղկ ա:
– Հա՛,- ասաց Վլեն,- լավ չարինք:
Խմիչքի ազդեցությունը թողել էր, և մեղքի անժամանակ, հարուստ ճաշացանկի հետ անհամատեղելի զգացողությունը ծանրանում էր նրանց խղճին: Գազանը բացեց օղու շիշը ու բաժակները լցրեց. պետք էր նորից թմրեցնել ուղեղը: Գոնչն արդեն լցրել էր պլանի «կասյակը» և բութ մատի ու միջնամատի արանքում խաղացնում էր գլանակը: Օղին ներս տվին ու օղու վրայից պլանով լցված սիգարետը ֆռռացին: Թմրանյութն սկսեց արագ ներգործել, բայց թմրանյութից առավել վառարանի վրա եփվող ախորժաբեր կերակրի բուրմունքն ու բլթբլթոցն էին մշուշում նրանց գլուխները: Միայն Ֆաֆն էր դեռ անկումային տրամադրության մեջ: Խմիչքն ու պլանը նրա մոտ հակառակ արդյունքն էին տվել:
– Լավ չարինք, տղե՛րք: Երեխեն շատ էր կապված դրա հետ:
– Վե՛ր կաց, սիկտիր էղի,- ջղայնացավ Գազանը,- կարող ա՞ հարամ անես էս հացկերույթը:
– Հա՛, վե՛ր կաց, գնա` մեզ ավելի շատ կհասնի,- ասաց Գոնչը` իրեն հատուկ ցինիկ ժպիտով: Ֆաֆը սսկվեց:
– Աղջի, ի՞նչ էղավ էդ միսը,- հարցրեց Գազանը վառարանի մոտ` կաթսայի գլխավերևում կանգնած կնոջը:
– Հիմա կբերեմ:
Մոտ մի ամիս առաջ Գազանը ռադիոյով ինչ-որ հաղորդում էր լսել, և այդ հաղորդման ժամանակ հաղորդավարը ասել էր, թե Կորեայում շան մսից պատրաստված կերակուրները ամենահամեղն են համարվում: Ահա այդ ծանրակշիռ փաստարկով էր նա Վլեին ու մյուսներին համոզել կերուխումը կազմակերպել: Սկզբում Վլեն չէր համաձայնվել, բայց մի քանի բաժակ վատորակ սպիրտից հետո համոզվել էր: «Ինչ պակաս կորեացի ենք»,- ասել էր:
Գազանը զգում էր, իր մաշկի վրա էր զգում, որ զղջումը փչացնում է հացկերույթը, և հասկանում էր, որ վերջում ամեն ինչ իր գլխին է կոտրվելու: Դրա համար պետք էր նորից ու նորից կրկնել այն, ինչ գաղտնիք չի, և ինչ որ ի լուր աշխարհի հաղորդել էր ռադիոն:
– Կորեայում շան միսը դելեգատես ա համարվում,- ասաց Գազանը£
Շան միս ուտելու փորձ Գազանը ուներ: Պատերազմի ժամանակ, երբ սովը նեղել էր, մարտական ընկերներով շուն էին մորթել ու կերել, բայց իր մտքում Գազանը շուն մորթելը ու շան միս ուտելը արտառոց, արտակարգ մի բան էր կարծել: Բայց ահա, մարտի դաշտից վերադարձել էր տուն և հանրային ռադիոյով լսել, որ շան միս ուտելը ոչ միայն արտառոց մի բան չէ, այլև այդպիսի մի ժողովուրդ կա` կորեացիները, որոնց մոտ շան միս ուտելը սովորական է, ինչպես, ասենք, գառան կամ տավարի միս ուտելը:
Տղան արդեն փոշմանել էր, որ շանը նրանց է հանձնել և հիմա մտածում էր, թե ոնց կարող է մինչև լույսը բացվելը հետ բերել: Կեսօրին ինքն էր Ջեկոյին հանձնել Գազանին ու հորը, բայց երբ տան բակ դուրս եկավ ու սովորականի նման Ջեկոյի առույգ հաչոցը և շղթաների զրնգոցը չլսեց, անհանգստությունը բազմապատկվեց: Ջեկոյին Գազանը մի օրով էր ուզել` հողամասը բաղչագողերից պաշտպանելու պատրվակով:
Հիշեց` Ջեկոն չէր ուզում գնալ, կատաղած հաչում էր Գազանի վրա: Հայրն ու Գազանը դեռ դարպասի հետևում էին, որ Ջեկոն սկսեց հաչալ: Հայացքը շան բնի շինանյութից` ֆաներաներից ու տախտակներից, բարձրացրեց, նայեց դարպասի կողմը ու, տեսնելով, որ եկողը հայրն ու Գազանն են, շարունակեց աշխատել, իսկ Ջեկոն չէր սսկվում, շղթաները զնգզնգացնելով անհանգիստ հետ ու առաջ էր անում, չմարող կատաղությամբ հաչում: Մտածեց, որ հավանաբար հայրն ու Գազանը գնում են հողամասի վերջում կանեփի քոլ ծխելու ու մի տասը րոպեից կվերադառնան հիմարավուն ժպիտները երեսներին, անիմաստ ու անկապ բարձր տրամադրությամբ կամ ջղային՝ առանց որևէ պատճառի: Բայց նրանք եկան ու կանգնեցին իր մոտ: Գազանի զինվորական ճտքակոշիկներից զինվորական տաբատի վրայով հայացքը բարձրացրեց վեր ու տեսավ Գազանի թավ ֆիդայական բեղերը, խորամանկորեն փայլող աչքերը, գործնական տեսքը ու նույն պահին էլ անորոշ անհանգստություն զգաց: Հայրը Գազանի հետևում էր կանգնել` գլխահակ ու բացակա: «Ապրես, լավ ես պահել,- ասաց Գազանը,- լավ մեծացել, թռփոշացել ա»:
Ջեկոն չէր գնում նրանց հետ, դիմադրում էր: Գազանը նրան շղթայից քաշելով տարավ: «Էդ գործը թող, մի՛ չարչարվիր, ես հետո կսարքեմ»,- ասաց հայրն ու գնաց Գազանի հետևից:
Տղան դուրս եկավ տնից ու անվստահ քայլերով առաջացավ դեպի Գազանենց տուն, որ ուղիղ իրենց տան դիմաց էր` փողոցի մյուս մայթին: Մութ գիշեր էր, մանրամաղ անձրև էր գալիս: Մի քանի տների պատուհաններ թույլ լուսավորված էին մոմի կամ լամպի լույսով: Տղան բացեց Գազանենց տան դարպասը ու, պատը շոշափելով, քայլեց մութ միջանցքով: Ինչ-որ բան դեմ առավ ոտքին ու գլորվեց: Տղան ուշադրություն չդարձրեց դրա վրա, շարունակեց քայլել: Երկու քայլից դեմ առավ տան դռանը, շոշափելով գտավ դռան բռնակն ու ներս մտավ:
Սենյակի խորքում, սեղանի շուրջ նստած տղամարդիկ չնկատեցին դռան բացվելն ու տղայի ներս մտնելը և միայն, երբ զսպանակով դուռը շրխկոցով փակվեց, նայեցին դռան կողմն ու, տղային տեսնելով, մի պահ անշարժացան: Դռան շրխկոցի հետ Ֆաֆի ձեռքի մսի ոսկրոտ կտորը շխկոցով ընկավ ափսեի մեջ: Տղայի հոր մի ձեռքին օղու շիշն էր, մյուսում` բաժակը: Գոնչը ուսի վրայով նայում ու մեքենայորեն ծամում էր բերանի պատառը: Գազանը շփոթված ու խեղճացած ժպտում էր: Գողոնը բաժանելու վրա բռնված ու իրենց անելիքը չիմացող ավազակախմբի նման, սառած սպասում էին իրադարձությունների հետագա զարգացմանը` թե ինչ կասի տղան: Իսկ տղան կանգնել էր դռան մոտ, վառարանից եկող ջերմության ու ախորժաբեր հոտի մեջ և սպասում էր հոր խոսքին: Խաշլամայի բուրմունքով լեցուն տաք սենյակը կոտրել էր նրա վճռականությունը և ոչ միայն այն պատճառով, որ տղան իրատեսական չէր համարում, որ տաք սենյակն ու խաշլաման կթողնեն, Ջեկոյի հետևից կգնան: Խաշլամայի բույրը շեղել էր տղայի միտքը, և հիմա սեղանին մոտենալու ցանկությունը կաշկանդել էր նրան, որովհետև սեղանի շուրջը նստած տղամարդիկ կարող էին կարծել, թե ուտելու համար է եկել:
– Արի՛, արի մի կտոր միս կեր,- լռությունը խախտեց Գազանը, ու չնայած տղան անմիջապես արձագանքեց հրավերին` սկսեցին իրար հետևից սեղանի մոտ հրավիրել տղային:
– Արի, -ասաց Գոնչը,- որսի միս ա, եղնիկի միս ա:
– Կեր. դելեգատես ա, դելեգատես,- հիշեց Գազանը:
– Արի, մի՛ քաշվի, դու չուտես, բա էլ ո՞վ ուտի,- աչքերը տղայից փախցնելով՝ ասաց Ֆաֆը:
– Մեծ մարդիկ են, որ ասում են, լսիր,- եզրափակեց հայրը:
Տղան ձեռքը երկարացրեց, մի կտոր միս ու հաց վերցրեց: Դա ընդհատված կերուխումը վերսկսելու ազդանշան էր Գազանի համար: Տղան ընդհատել էր, տղան էլ պիտի սկսեր:
– Լցրեք, ո՞ւմ եք սպասում,- ասաց Գազանը:
Ջլուտ միսը դժվարությամբ էր ծամվում, բայց, միևնույնն է, համեղ էր՝ միս էր: Չնայած ծամելու ընթացքում տղայի մտքում Գազանին զոհ գնացած անբախտ եղնիկն էր, ու դա խանգարում էր հաճույք ստանալ համից, բայց դա սկզբում, հետո եղնիկին մոռացավ: Երբ գյուղ էին գնում, պապը գառ էր մորթում, ու տեսնում էր մորթը, մսի մասնատելը, հետո ուտելիս գառը մտքից դուրս չէր գալիս: Գառան խաշլաման համով էր, ուտում էր, բայց մինչև վերջ մորթի տեսարանը աչքերի առաջ էր լինում, իսկ հիմա արագ մոռացավ եղնիկին. եղնիկ միայն հեքիաթների պատկերազարդ գրքերում էր տեսել, այդ նկարներն ու մորթը անհամատեղելի էին:
Տղան արագ էր ծամում, այնքան արագ, որ կողքից տեսնողը կմտածեր, թե ագահ ու անկուշտ մեկն է, բայց իրականում տղան ուզում էր արագ ազատել բերանը, որ Ջեկոյից խոսք գցի, թեև կասկածում էր, թե էդ մութ գիշերով Գազանը կամ հայրը տաք տունն ու քեֆի սեղանը կթողնեն, կգնան Գազանի հողամասը՝ շանը բերելու: Ջեկոյի մասին ավելի շատ խոսք գցեց, որ չմտածեն, թե սովի պատճառով է Գազանի տուն եկել:
– Հայրի՛կ, Ջեկոն…
– Ջեկոն ի՞նչ,- ձայնը բարձրացրեց հայրը:
– Ջեկոն կապը կկտրի, կփախչի:
– Չի փախչի, արխային,- ցինիկ ժպիտով ասաց Գոնչը:
– Մեզանից ո՞ւր պիտի փախչի, վաղը կգնանք Ջեկոյիդ կբերենք,- ասաց Գազանը:
Տղան շրջվեց ու դեպի դուռը քայլեց՝ սպասելով, որ հիմա ձայն կտան, հետ կկանչեն, որ կարգին հաց ուտի, բայց տղամարդիկ չկանչեցին. ուրախ էին, որ ազատվում են տղայի ճնշող ներկայությունից:
Դուրս եկավ միջանցք: Արդեն մուտքի դռան մոտ էր, երբ էլեկտրականությունը տվեցին: Ուրախ պոռթկումով շրջվեց դեպի լույսը ու տեսավ արնոտ քոթուկի մեջ խրված կացինը, լայն շեղբով դանակը, շան բրդոտ թաթերը և քոթուկից քիչ հեռու գլորված գլուխը, որ լերդացած արյունով էր պատված: Տղան որձկալով դուրս եկավ փողոց: Պատուհանի ու դռան ապակիների միջով տեսավ հյուրասենյակում, սեղանի մոտ նստած քեֆչիներին: Ֆաֆը ինչ-որ երգ էր երգում, Վլեն ու Գոնչը ծափ էին տալիս, իսկ Գազանը սեղանի վրա երգին համապատասխան ռիթմ էր խփում. էլեկտրականության անակնկալ գալն էին այդպես նշում:
Հաջորդ օրը երեկոյան, մի քանի բաժակ ներս տված, բայց խղճի ձայնը չխլացրած Գազանն ու Վլեն եկան տղայի մոտ: Տղան բակում շան բնի շինանյութն էր հավաքում:
– Դու ճիշտ էիր,- ասաց Գազանը, – Ջեկոն կապը կտրել, փախել ա: Արի՛, արի՛, գնում ենք դաշտը՝ Ջեկոյին ման գալու:
– Էդ փեդ-մեդը թող, շանը գտնենք, հետո ես կսարքեմ, իրար հետ կսարքենք բունը, – ասաց Վլեն: Չէր ուզում, որ երեխան անտեղի ծախսի իր ուժերը: Կյանքում դրանք նրան պետք կգան:
Դուրս եկան փողոց: Անձրև էր կաթկթում, իրիկնանում էր: Գազանի կապույտ «Մոսկվիչը» կանգնած էր Վլեենց դռան մոտ` աշխատող շարժիչով: Գազանը վարորդի նստատեղին նստեց, Վլեն` նրա կողքին, տղան՝ հետևի նստատեղին: Գազանը ոտքը գազին դրեց, շարժիչը ղժժացնելով մի երկու անգամ կանգնած տեղում գազ տվեց, շրջվեց դեպի տղան ու սարքովի ժպիտով ասաց.
– Կգտնենք, հեչ մի՛ մտածի:
ՄԵքենան մեծ արագությամբ տեղից պոկվեց ու սլացավ հետզհետե ավելի ու ավելի մեծացնելով արագությունը: Տղան չհասկացավ՝ խմած է ու դրա՞ համար է արագ վարում, թե՞ ձևացնում է, իբր շանը շուտ գտնելու համար է գազ տալիս:
Մեքենայի հետևի նստատեղին կիսապառկած՝ տղան հիշում էր Ջեկոյին գտնելու օրը` հացի երկար հերթը, որ համառորեն առաջ չէր շարժվում, հերթի մեջ եղած վեճերը, հրմշտոցը, մերկասառույցը և այն, թե ինչպես էին ոտքերը սառել, անզգայացել ճտքակոշիկների մեջ, բայց հերիք էր, որ մի քիչ ոտքերը շարժեր և մզզացող ցավը ծակծկում էր ոտքերն ու բարձրանում վերև: Հիշում էր խանութից տուն տանող սառցապատ, գորշ և անհրապույր ճանապարհը, իր չսայթաքելու ճիգը և ձմեռային մթնշաղի մեջ Ջեկոյի զիլ, բայց անվստահ հաչոցը:
Տղայի բարյացակամ հայացքը և ուշադրությունը բավական էր, որ շան քոթոթը ոգևորությամբ նետվեր առաջ ու, նրան հասնելով, պտտվեր շուրջը` պոչը շարժելով ու ոտքերին քսմսվելով: Տղան չուներ հեծանիվ, չուներ սահնակ, չուներ տաք ճտքակոշիկներ ու վերարկու, չուներ հոր շոշափելի ներկայությունը և այդ աղքատությունից զզված` երկար ժամանակ հենց այսպիսի շան մասին էր երազում: Այսինքն` առաջ նա չգիտեր, որ հենց շան մասին է երազում, բայց հենց որ տեսավ, հասկացավ: Նա մի պատառ պոկեց հացից ու գցեց շանը: Շունը անմիջապես բերանն առավ պատառը, կուլ տվեց ու նայեց տղային: Տղան մի կտոր էլ պոկեց, գցեց շանը՝ սպասումով, որ շունը կցատկի ու օդից կբռնի պատառը: Բայց շունը սպասեց մինչև պատառը կընկնի գետնին ու նոր միայն բերանն առավ: «Ոչինչ,- մտածեց տղան,- դեռ քոթոթ է, կսովորացնեմ»:
Անձրևը ուժեղացել էր ու շեղակի խփում էր մեքենայի կողային ապակիներին: Գազանն ու Վլեն լուռ էին, և միայն երբեմն Վլեն մեղադրում էր Գազանին շան կորստի համար ու հայհոյում:
– Շանը տարար-կորցրիր, քեզ ասում էի, չէ՞, որ էրեխեն կապված ա էդ շան հետ, մի՛ տար:
– Մի թույլ բերան ասեցիր, հետո համաձայնվեցիր:
– Դե գնա, ես քո կորեացի… Էրեխեն էսօր ամբողջ օրը տխուր պտտվում ա, տեղը չի գտնում: Տարար, կորցրիր շանը:
– Կգտնենք,- Գազանը շրջվեց դեպի տղան, նույն սարքովի, մեղավոր ժպիտը երեսին,-լավ շուն էր, երևի գող-բան ա մտել, դրանց հետևից ա գնացել:
– Դեմդ նայի, շան գլուխը տարար-կերար, հիմա էլ մե՞զ ես վարի տալիս…
Մեքենան ասֆալտապատ ճանապարհից դուրս եկավ ու մտավ դաշտեր տանող ցեխոտ ճանապարհը: Գազանի հողամասի մոտ մեքենան կանգնեց, Վլեն ու Գազանը իջան մեքենայից և, շվշվացնելով, ծափ տալով, Ջեկո, Ջեկո կանչելով, առաջացան: Տղան «Մոսկվիչի» հետևի նստատեղից հետևում էր, թե հայրն ու Գազանը ինչպես են շանը կանչելով, մեքենայի լուսարձակների լույսի տակ այս ու այն կողմ քայլում` հորդառատ անձրևից անպաշտպան:
Հարևան հողամասի տերը` մի կարճահասակ ծերունի, դուրս եկավ իր տնակից` ցելոֆանի մի կտոր գլխավերևում պահած:
– Էդ ի՞նչ ա եղել,- ձայն տվեց:
– Շունը, շունը կորել ա, կապը կտրել, փախել ա: Չե՞ս տեսել,- գոռաց Գազանը:
Ծերուկը մտավ իր տնակը: Ամպերը գոռում էին, անձրևը ավելի ու ավելի թափով էր գալիս: Սաստկացող քամուց տնակի թիթեղները քսվում էին իրար ու զնգզնգում: Գազանը զինվորական բուշլատի ծոցագրպանից սիգարետ հանեց, դրեց բերանը, փորձեց լուցկիով վառել, բայց սիգարետը թրջված տեղից ջարդվեց:
Վլեն ու Գազանը արդեն բավական հեռացել էին մեքենայից և միմյանցից:
– Հը,-գոռում էր Վլեն,- էդ կողմո՞ւմ էլ չկա:
– Չէ, գնանք, գնանք, վաղը կգանք:
– Չէ, գտի, ոնց ուզում ես՝ գտի:
– Էսօր ուշ ա, անձրև ա, ես սրա մերը…
– Չէ, մինչև չգտնենք, էս տեղից չենք շարժվելու:
Տղան չէր ուզում, որ հայրն ու Գազանը չարչարվեն, բայց լռում էր. եթե ասեր, ավելի շատ էին տանջվելու: Միացված տաքացուցիչով մեքենայի ջերմության մեջ նստած՝ տղան վրեժի փոխարեն մեղավորության զգացում ուներ:
Նա իջավ մեքենայից ու քայլեց հոր կողմը: Շորերը անմիջապես թրջվեցին: Ոտքերը թաղվում էին ցեխի մեջ, քամու հանդիպակաց հոսանքը հետ էր հրում, և տղան դժվարությամբ էր առաջանում:
– Պապ,-գոռաց տղան, երբ մի քանի մետր էր մնացել, որ հորը հասնի:
– Գնա մեքենան,-ասաց Վլեն: – Կթրջվես:
– Գնա, -գոռաց Գազանը, որ մոտենում էր նրանց: – Մի՛ մտածի` կգտնենք: Մեզանից ո՞ւր պետք ա փախչի:
Տղայի ներկայությունը նոր լիցքեր հաղորդեց Գազանին ու Վլեին, և նրանք ավելի խորացան դաշտի միջով` Ջեկո կանչելով ու շվշվացնելով: Տղան քայլեց նրանց հետևից:
– Ջեկո, Ջեկո,- կանչում էր Գազանը:
– Ջեկ, Ջեկո,- ձայնակցում էր Վլեն:
– Ջեկո, Ջեկ, Ջեկ,- ձայն էր տալիս տղան:
Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» գրքից