սկիզբը՝ այստեղ
Մակբեթ Վլադիմիրովիչի երկարաշունչ, մերկացնող ճառից հետո Ալվարդի հետ ամուսնանալու հույսը կորցրած Ուզվորի գլխում ծնված առաջին միտքը ապագա աներոջ պարտադրած նախապայմանի հետ համաձայնվելն էր, բայց երբ վերագտավ սառը դատելու ունակությունը եւ իր մասնագիտական հմտությունները, հասկացավ, որ Մակբեթ Վլադիմիրովիչի թողած առաջին տպավորությունը չի համապատասխանում նրա իրական կերպարին: Սովետական, սկզբունքային, անկոտրում մարդու դիմակի տակ թաքնված էր մանր առեւտրականը: Արեւմուտքից փչող կապիտալիզմի քամին վաղուց թափանցել էր նրա հոգին, փոթորկել, հեղափոխել նրան, եւ դրա դեմը չէին կարող առնել ոչ Ստալինի նկարը, ոչ Լենինի կիսանդրին:
– Քառասուն տոկոսը,- ասաց Ուզվորը:
– Թալանում ես, ուղղակի թալանում ես ինձ,- ասաց Մակբեթ Վլադիմիրովիչը, բայց այնուամենայնիվ սեղմեց Ուզվորի ձեռքը:
Երբ Ալվարդը սուրճի բաժակները ձեռքին հյուրասենյակ մտավ, Ուզվորին եւ հորը տեսավ համերաշխ զրուցելիս ու յոթաստղանի կոնյակը վայլելիս։ Եվ մինչ նրանք իրենց գործարքն ամրապնդում էին բաժակաճառերով, մինչ Ուզվորը կուրծքը մերկացնելով Մակբեթ Վլադիմիրովիչին ցույց էր տալիս կալանավայրերում նրան շատ փորձանքներից փրկած Մարքսի, Էնգելսի ու Լենինի դաջվածքները, Ալվարդը, հյուրասենյակի դռան մոտ կանգնած, հետեւում էր նրանց եւ իրեն անսահման երջանիկ զգում:
Մեկ շաբաթ անց տիկին Ալվարդը հայրական տնից տեղափոխվեց Ուզվորի տուն՝ իր հետ օժիտ բերելով տեսամագնիտոֆոն, էրոտիկ ֆիլմերի երկու տեսաերիզ եւ կաշվե կազմով, պարտապանների ցուցակով նշումների գիրքը: Ամեն ինչ հրաշալի էր` տիկին Ալվարդը հավաքում էր փողերը, Մակբեթ Վլադիմիրովիչը ստանում էր իր հասանելիքը եւ չէր խառնվում նրանց ընտանեկան գործերին, Ուզվորը խմում էր չափավոր, իսկ երեկոները նորապսակները նայում էին «Եկատերինա» խոստումնալից անվանումով պոռնոֆիլմը եւ տրվում մարմնական հաճույքներին: Երբեմն հովհարային անջատումների ժամանակ տիկին Ալվարդը ռոմանտիկ երեկոներ էր կազմակերպում, որոնց ժամանակ նրանք մոմի լույսի ներքո գինի էին խմում, էլեմենտով աշխատող մագնիտոֆոնով երաժշտություն լսում եւ տանգո պարում: Այդպես շարունակվեց երեք ամիս, մինչեւ այն օրը, երբ տիկին Ալվարդը ժամանակից շուտ տուն եկավ եւ Ուզվորին տեղեկացրեց, որ սոցապում կրճատումներ են գնացել, եւ իրեն գործից հեռացրել են: Ուզվորը հարազատացել էր տիկին Ալվարդի հետ, ինչ-որ յուրահատուկ, միայն իրեն բնորոշ ձեւով սիրում էր նրան, բայց նրա մասնագիտական արժանապատվությունը խոցված էր: Նա ինքն իրեն խաբված ու քցված էր զգում: Փաստորեն, Ալվարդի հարցում նա սխալվել էր: «Ի՞նչ կմտածեն իմ մասին մարդիկ, բա չեն ասի՞ Ուզվորին հարիֆացրին, ամուսնացրին»,- մտածում էր Ուզվորը: Գրավոր փաստաթուղթ չկար, բայց նրանց ամուսնությունը որոշակի փոխշահավետ պայմանների համաձայնությամբ էր տեղի ունեցել, եւ, փաստորեն, Ալվարդը այդ ամուսնական չգրված ու չստորագրված, բայց գիտակցաբար ընդունված պայմանագրի պարտականությունների իր մասնաբաժինն այլեւս ի վիճակի չէր կատարել: Ուզվորի աչքին սկսել էին երեւալ Ալվարդի թերությունները եւ հատկապես նրա ահռելի կարմիր քիթը: Երեք օր Ուզվորը հարբեց եւ երրորդ օրը ծեծեց ու տնից դուրս արեց Ալվարդին: Տիկին Ալվարդը վերցրեց իր տեսաերիզները, կաշվե կազմով նոթատետրն ու վերադարձավ հայրական տուն: Հաջորդ օրը Ալվարդին ետ բերելու համար Ուզվորը գնաց աներոջ տուն, բայց տիկին Ալվարդը արժանապատվություն ուներ եւ չցանկացավ հանդիպել նրա հետ:
Մեկ ամիս էլ չէր անցել Մակբեթ Վլադիմիրովիչի մահից, տիկին Ալվարդը հանրապետության լավագույն պլաստիկ վիրաբույժի մոտ վիրահատեց քիթը եւ երիտասարդ սիրեկան գտավ իր համար: Նախարարությունում աշխատելու տարիներին նա բանկի իր հաշվեհամարին բավական փող էր կուտակել, որ նրան կբավականացներ մի քանի տարի անհոգ ապրելու համար: Այդ հաշվեհամարի մասին ոչ Մակբեթ Վլադիմիրովիչը գիտեր, ոչ էլ Ուզվորը: Իսկ կարճ ժամանակ անց տիկին Ալվարդը նոր աշխատանք գտավ, որը, ճիշտ է, նախկին աշխատանքի եկամուտները չէր բերում, բայց ապրելու համար հերիք էր: Աշխատանքի կամ ինչ-որ այլ տեղ գնալիս տիկին Ալվարդը Ուզվորենց փողոցով էր անցնում, թեեւ այդպես ճանապարհը երկարում էր: Երիտասարդ սիրեկանին թեւանցուկ արած, նոր քիթը վերեւ տնկած, քամակը անկաշկանդ տարուբերելով՝ նա անցնում էր Ուզվորի մոտով ու իբր չէր նկատում:
Ամեն անգամ տիկին Ալվարդին հիշելիս Ուզվորի սիրտը սպիրտ էր ուզում: Իսկ երբ պարզվեց, որ տիկին Ալվարդը գաղտնի հաշվեհամար ու հոգապահուստ փողեր ունի, որով Մակբեթ Վլադիմիրովիչի մահից հետո վիրահատեց իր քիթը, նոր աշխատանք ու սիրեկան գտավ, Ուզվորը սկսեց ավելի շատ խմել եւ խմած ժամանակ նորից ու նորից հայհոյել իր դոդ գլուխը, իր քյալլեն, իր քյալ ուղեղը, որի մեջ մի կոպեկի խելք էլ չկար: Բայց այդպես երկար չէր կարող շարունակվել։ Թաղի խանութներում Ուզվորին ապառիկով ուտելիք ու սպիրտ չէին տալիս, նոր քթով ու սիրեկանով տիկին Ալվարդի ստորացուցիչ շրջայցերն էլ արդեն ամենօրյա բնույթ էին կրում։ Ուզվորը որոշեց ընդունել իրեն նետած մարտահրավերը ու երկրորդ անգամ ամուսնանալ։
Ուզվորի երկրորդ ամուսնությունը պակաս ռոմանտիկ էր, բայց ավելի արագ ու արդյունավետ ստացվեց։ Նրա երկրորդ կինը թաղեթաղ շրջող եւ ժավելի սպիրտ վաճառող Ալլան էր։ Ուզվորը, որ տիկին Ալվարդից հետո կանանց հետ շփվելու բավականաչափ փորձ ուներ, նրան ժավել առնելու պատրակով իր տուն հրավիրեց ու ինչպես հետո Վլեի, Գազանի ու Ֆաֆի մոտ ասել էր՝ հարցերը լուծեց։
Ոտաբոբիկ, անթեւ շապիկով ու շորտով Ուզվորը աչքերը փակ նստել էր պատի տակ, հիվանդությունից հյուծված մարմինը տաքացնում էր արեւի ջերմությամբ եւ լսում իր երեք տղաների ձայները, որոնք հարեւան տան դիմաց թափված ավազաբլրի մոտ խաղում էին: Կողքին պուպուզ էր արել նրա շունը` Լեսին, եւ լեզուն դուրս գցած նայում էր տիրոջ լակոտներին, որոնք կռվում էին խաղալիք մեքենայի համար: Մեքենան յոթ տարեկան մեծի մոտ էր, եւ հինգ տարեկան միջնեկը փորձում էր խլել այն, իսկ փոքրը կատաղությունից լացում էր ու բռով ավազ վերցնելով՝ նետում եղբայրների վրա:
Մոծակի թե մրջյունի խայթոցից Ուզվորի կրծքավանդակը ձախ մասում, սրտի շրջանում՝ այնտեղ, որտեղ դաջված էին սոցալիստական գաղափարախոսության երեք հսկաների՝ Մարքսի, Էնգելսի եւ Լենինի գլուխները (աջում աստղեր էին դաջված եւ մի վառածի սպի կար), անտանելի քոր եկավ: Ուզվորը աչքերը փակ ձեռքը տարավ-քորեց Լենինի ճմրթված գլուխը, ապա անցավ Մարքսին: Սովետի փլվելուց հետո, երբ սովետական առաջնորդների պատկերներով դաջվածքները այլեւս ոչ կալանավորների, ոչ մենթերի շրջանում հարգի չէին, Ուզվորը փորձել էր վառելով ջնջել մեծ առաջնորդների պատկերներով դաջվածքները: Աջ մասում դաջված Ստալինին իր վրայից վառել-մաքրել էր, բայց երբ անցել էր Լենինին, մտածել էր` կարող է սովետը հետ գա, ու կիսատ էր թողել: Սրտի մոտ դաջված առաջնորդները փրկվել էին, միայն թե վառելու կիսատ փորձից Լենինի դեմքը ճմրթվել, դաժան արտահայտություն էր ստացել:
Մի քանի տուն այն կողմ հարեւաններով հավաքվել, Ծաղիկ տատի թթենին էին թափ տալիս, իսկ իր թուլեքը չգիտես որտեղից թռցրած, չգիտես ում երեխայից խլած խաղալիք «կամազի» համար կռվում էին ու իրար մեր հայհոյում: Ուզվորը երեխեքին իր մոտ կանչեց եւ տուն ուղարկեց, որ ամաններ վերցնեն ու գնան թութ բերեն: Մահը մոտենում էր, եւ Ուզվորը իր մասնագիտական հմտությունները փոխանցում էր որդիներին, որ իր մահից հետո աշխարհում իրենց տեղը գտնեն, մի կտոր հացի կարոտ չմնան:
Տղաները ամանները ձեռքներին տնից դուրս եկան եւ քայլեցին դեպի թթենին: Ուզվորը նայեց նրանց հետեւից: Ամենամեծ ամանը փոքր, չորս տարեկան տղան էր հետեւից քարշ տալիս: «էս ա իմ հետնորդը,- փոքրին նայելով մտածեց Ուզվորը,- թե մարդ դարձավ, սա ա դառնալու»:
Ցավազրկողների ազդեցությունն անցել էր, Ուզվորի ցավերը սկսվել էին: Հեռվում, ոստիկանի համազգեստ հագած, բարձրահասակ, երկար ոտքերով մի կին էր երեւում, եւ Ուզվորը սպասեց մինչեւ նա մոտենա, նրան մոտիկից տեսնի, նոր տուն մտնի: Ուզվորը եւ շունը հայացքով ուղեկցեցին կնոջը, եւ եթե Ուզվորին կնոջ երկար ոտքերն ու հետույքն էին հետաքրքրում, Լեսիին՝ կնոջ ձեռքին եղած տոպրակի պարունակությունը: Թեեւ կինը նման չէր տիկին Ալվարդին, ինչ-որ բանով նրան էր հիշեցնում, բայց Ուզվորը չէր հասկանում կոնկրետ ինչով:
Ուզվորը տուն մտավ: Ալլան երեխաների համար ճաշ էր լցրել, մեծի ու միջնեկի համար՝ մեծ ափսեների մեջ, փոքրի համար՝ փոքր ափսեի: Փոքրը լացում ու լացի միջից ասում էր.
– Ինձ քիչ ես լցրել, ինձ սաղից քիչ ես լցրել:
– Քիչ չի,- ասաց մայրը:
– Քիչ ա,- պնդեց երեխան:
Մայրը, մեծ ափսե վերցնելով, մոտեցավ փոքրին, նրա ափսեի միջի ճաշը լցրեց մեծ ամանի մեջ ու դրեց նրա դեմ:
– Լավ ա՞:
– Ըհը,- թաց աչքերով ժպտաց փոքրը:
Ուզվորը, ցավին մի կերպ դիմանալով, պառկեց խոհանոցի թախտին եւ կնոջն ասաց, որ շտապօգնություն կանչի:
– Կանչելը՝ կկանչեմ, բայց կգա՞ն,- ասաց Ալլան:
– Ուրիշ հասցեով կանչի:
Դրամական ակնկալիքի բացակայության պատճառով շտապօգնության մեքենաները Ուզվորի տան հասցեով այլեւս չէին գալիս, եւ Ալլան ստիպված ուրիշ հասցեով էր մեքենան կանչում, բայց երբեմն խաբեությունը բացահայտելով՝ մեքենայի անձնակազմը հրաժարվում էր օգնություն ցույց տալ Ուզվորին ու հետ էր վերադառնում՝ նրան իր ցավերի հետ մենակ թողնելով: Ուզվորը մի անգամ էր բժշկական զննում անցել, բայց հստակ պատասխան չէր ստացել: Նախնական զննման արդյունքներով Ուզվորի մոտ լյարդի ցիրոզ, ստամոքսի խոց թե ստամոքսի քաղցկեղ էր հայտնաբերվել:
Երեկոյան Ուզվորի համար շտապօգնություն այնուամենայնիվ եկավ ու բերեց նրա օրգանիզմի համար ամենաընդունելի ու սիրելի ցավազրկողները՝ Սեդայի օղու սպիրտը եւ Հոկտեմբերյանի «բոմբ» պլան: Ալլան Վլեին, Ֆաֆին ու Գազանին տուն թողեց, որովհետեւ Ուզվորի ցավերն այնքան էին սրվել, որ նրա սովորական տնքոցները գոռոցներով էին փոխարինվել, եւ նրան պետք էր ցավազրկել թեկուզ հենց այն թույնով, որ քայքայել էր նրա օրգանիզմը:
– Չեմ ուզում, լյարդս լավ չի,- ասաց Ուզվորը ընկերներին:
– Դրա մասին շուտ պիտի մտածեիր, հիմա էլ ի՞նչ ունես կորցնելու,- ասաց Գազանը:
– Խմի՝ թող ցավերդ անցնեն,- ասաց Ֆաֆը, եւ հյուծված ընկերոջ տեսքից աչքերը լցվեցին:
– Քանի ապրում ես, կայֆավատ արա,- ասաց Վլեն:
Երկու բաժակից Ուզվորը հարբեց եւ ցավերը մեղմացան, իսկ մի քանի ծուխ պլանից հետո ցավը լրիվ թողեց նրան: Ուզվորի աչքերը փակվում էին, եւ ընկերները գնացին, բայց գնալուց առաջ Վլեն մի ամբողջ գլանակ լցրած, պատրաստի պլան թողեց Ուզվորին:
Կեսօրին Ուզվորն արթնացավ եւ անմիջապես ստամոքսի շրջանում սուր ցավ զգաց: Գիշերվանից մնացած, սառեցրած պլանի գլանակը մինչեւ վերջ ծխեց, բայց ցավը աննշան չափով մեղմացավ: Ուզվորը պառկած տեղից բարձրացավ ու դուրս եկավ փողոց: Տուգանելու հարմար ոչ մի հաճախորդ չկար, եւ Ուզվորը պատի տակ նստեց ու սկսեց սպասել: Նրա գործում համբերությունը հաջողության գլխավոր նախապայմանն է, բայց առաջին անգամ Ուզվորը զգաց, որ համբերության համար ժամանակ չունի:
Թաղի ջահելներից մեկը բարեւեց ու նրա կողքով անցավ: Ուզվորը ձայն տվեց նրա ետեւից, ջահելը շրջվեց ու դատարկ գրպանները շուռ տվեց: «Չկպավ»,- մտածեց Ուզվորը եւ անհամբեր նայեց խաչմերուկին, որտեղ իր մշտական հաճախորդներից մեկին էր տեսել: Բայց հաճախորդը, Ուզվորին նկատելով, հեռվից ձեռքով բարեւեց ու ճանապարհը փոխեց, խաչմերուկից ձախ թեքվեց: «Ես քո էն քձիպ…»,- մտքում հայհոյեց Ուզվորը: Իր նոր գնած «Օպելով» անցավ ողորմածիկ Ջնդոյի տղան` Նվերը, Ուզվորը ձեռքով նշան արեց, որ կանգնի, բայց Նվերը, ընթացքը դանդաղեցնելով, մեքենայի միջից ասաց.
– Մաքսատունը արդեն բացել ե՞ս, իրիկունը կգամ, կտուգանվեմ:
Ուզվորը ճարահատյալ նստած տեղից բարձրացավ եւ քայլեց դեպի Սեդայի խանութ: Ուզվորի հյուծված տեսքը, հիվանդությունը մտավախություն էին առաջացրել Սեդայի մոտ, որ Ուզվորը մինչեւ պարտքը տալը կմեռնի, եւ նա մի քանի անգամ արդեն Ուզվորին մերժել էր: Հավանականությունը, որ Սեդան ապառիկով սպիրտ կտար, շատ քիչ էր, բայց Ուզվորը մի բան լավ գիտեր` չտվող չկա, լավ ուզող է պետք: Երբ Ուզվորը խանութ մտավ, նկատեց, որ Սեդան պարտքերի ու պարտապանների ցուցակով տետրն էր ուսումնասիրում, եւ հասկացավ` մի ամբողջ շիշ վերցնելը անհնար է:
– Բարի օր, մի հիսուն լից,- ասաց Ուզվորն այնպիսի տոնով, կարծես ոչ թե ինքն է Սեդային պարտք, այլ Սեդան՝ իրեն:
– Լցնել չկա։
– Լից, շուտ արա, մեռնում եմ:
– Կնիկդ վրես կռիվ էր եկել, ասում էր ստամոքսի խոց ունես, ու պատճառը իմ տված սպիրտն ա:
– Տատի, լից՝ ասում եմ, ժամանակ չկա:
Ուզվորը նայեց պառավին` Սեդան լրիվ կորցրել էր խիղճը եւ ամոթը: «Ուզողի մի երեսն է կարմրում, չտվողի երկու երեսը» արտահայտությունն այլեւս կորցրել էր իմաստը, այդ տրամաբանությամբ աշխատելն արդյունք չէր տալիս, եւ Ուզվորը մտածեց. «Ի՞նչ եմ լռվել-մնացել, ցվրվելու ժամանակն ա»: Ուզվորը գիտեր` կապիտալիստական այս աշխարհում միայն մրցակցությունը կարող էր փափկացնել բիզնեսմենի չորացած սիրտը, նա կարող էր հարմարվել ու այս համակարգում աշխատել, բայց նա հին, սովետական մարդ էր, խարդախության մեջ անկեղծությունն էր սիրում, հին մեթոդներն էր սիրում, երբ հաճախորդին ազնվորեն ես խաբում, երբ նա ինքնակամ հրաժարվում է իր ունեցվածքից, որովհետեւ այդ ունեցվածքն ի վերջո իրենը չի: Իսկ նոր կապիտալիստական մեթոդներին Ուզվորը ծայրահեղ դեպքերում էր դիմում, որովհետեւ դրանից հաճույք չէր ստանում:
– Դե լավ, գնամ Սերոժի բուդկա,- ասաց Ուզվորը եւ շջվեց դեպի դուռը:
– Արդեն յոթ հազար պարտք ես ախր,- փափկեց Սեդան եւ ապառիկի տետրակի մեջ ցույց տվեց Ուզվորի անվան դիմաց գրված թիվը:
– Լից, կտամ:
– Ե՞րբ:
– Հաջորդ հանդիպմանը,- ժպտաց Ուզվորը:
Երեք բաժակ ջրով բացած սպիրտ ներս տալուց հետո Ուզվորը դուրս եկավ խանութից եւ քայլեց տուն: Հեռվում ինչ-որ կին էր քայլում, եւ Ուզվորին թվաց, թե դա տիկին Ալվարդն է: Ուզվորը անտանելի, դեռ չճանաչած սուր ցավ զգաց ստամոքսի շրջանում, թվաց՝ ինչ-որ բան պայթեց ներսում, եւ նա գոռաց: Գոռաց եւ տեսավ իր գոռոցի վրա շրջված կնոջը` տիկին Ալվարդը չէր: Խաչմերուկից ուղիղ տուն գնալու փոխարեն Ուզվորը աջ թեքվեց: Երբ հասավ տիկին Ալվարդի տան մոտ, մի քանի անգամ բարձր Ալվարդ կանչեց, բայց տիկին Ալվարդը կամ տանը չէր, կամ չէր ուզում նրա հետ խոսել:
Տուն հասնելով՝ Ուզվորը նստեց պատի տակ ու հիշեց իր եւ Ալվարդի անկրկնելի տանգոն եւ ինչպես ինքն էր կարծում՝ իրենց առաջին համբույրը: Բայց նրա ներսում եղած ցավն այնքան ուժեղ էր, որ նրան հետ բերեց իրականություն, եւ տիկին Ալվարդի հետ անցկացրած օրերից նրա հետ մնաց միայն ափսոսանքը, ջեք-փոթը ձեռքից բաց թողած խաղամոլի ափսոսանքը, որը տարիներ հետո կորցրել էր հուսահատության գիրկը գցելու, կատաղեցնելու ուժը եւ հիմա ընդամենը չստացված հնարավորության մշտարթուն հիշողություն էր՝ երբեմն տխրեցնող, երբեմն ժպիտ առաջացնող:
Ուզվորի տղաները հարեւանի ավազաբլրի մոտ էին, մեծը եւ միջնեկը գլխին կտտացնելու վրա «չինգաչունգ» էին խաղում, իսկ փոքրը միանձնյա տնօրինում էր խաղալիք բեռնատարը: Ուզվորը նայեց նրանց, եւ նրա մոտ ցանկություն առաջացավ խոսել նրանց հետ, բայց մի փոքր մտածելուց հետո գիտակցեց, որ ասելիք չունի, որ ոչ իր տված խորհուրդները, ոչ իր կենսափորձը բանի պետք չեն: Նրա տնքոցների ձայնի վրա տնից դուրս եկավ Ալլան:
– Զանգի անատոմիկ,- ասաց Ուզվորը,- թող գան-տանեն:
Ալլան հարեւանի տնից շտապօգնություն զանգեց եւ Վլեին խնդրեց կողքի փողոցում դիմավորել մեքենան: Երբ մեքենան եկավ, Ուզվորը գրեթե անգիտակից վիճակում էր: Մեքենայի միջից հանեցին պատգարակը, Ուզվորին պառկեցրին պատգարակի վրա, բայց երբ ուզում էին նրան մեքենայի մեջ դնել, Ուզվորը աչքերը բացեց, նայեց Վլեին ու ասաց.
– Մի հատ ծխելու տուր:
Վլեն տուփի մեջ եղած երկու ծխախոտն էլ Ուզվորին տվեց ու ասաց.
– Մեկն էլ հետո կծխես:
Ուզվորը սիգարետներից մեկը շուրթերի արանքը դրեց, մյուսը՝ ականջի ետեւը: Դրեցին մեքենայի մեջ, արդեն մեքենայի միջից նա տեսավ իր տղաներին եւ նրանց կողքին նստած Լեսիին: Մեծն եւ միջնեկը վախեցած տեսք ունեին, փոքրը ժպտում էր ու թաթիկը վեր բարձրացրած՝ թափահարում, հրաժեշտի ու հաջողություն մաղթելու նշան էր անում, իսկ Լեսին ոռնում էր: Դռները փակեցին, մեքենան շարժվեց, եւ նոր միայն Ուզվորը տեսավ փշեպսակով Հիսուսի պատկերը:
Ազդանշանը միացրած շտապօգնության մեքենան, փոսերը եւ մեքենաները շրջանցելով, խելահեղ արագությամբ սլանում էր բանվորագողական Շենգավիթ թաղամասի փողոցներով դեպի մոտակա հիվանդանոցը: Փակ աչքերով պատգարակի վրա պառկած Ուզվորը լսում էր, թե բժշկուհին ինչպես է վարորդից պահանջում, որ ավելի արագ քշի, եւ ինչպես է բուժքրոջն ասում, որ ինքը ներքին արյունահոսություն ունի, եւ նրանք կորցնում են իրեն: «Սատկելը որ կա, էլ խռխռալը որս ա»,- մտածեց Ուզվորը եւ զարմանքով գիտակցեց, որ իր հետմահու տեսքը այլեւս իրեն չի հետաքրքրում ու չի հուզում, եւ միայն նրա համար էր ափսոսում, որ ժամանակին սոցիալիստական առաջնորդների փոխարեն սրբապատկեր չի դաջել մարմնի վրա: Նա աչքերը բացեց եւ նորից տեսավ մեքենայի դռների վերեւում փակցված փշեպսակով Հիսուսի գեղեցկադեմ դերակատարի նկարը, որ ավետարանական թեմաներով ֆիլմի խաչելության տեսարանից էր վերցրած:
– Մեծ ախպեր, թագավոր ախպեր, քո տարածքում մի հատ լավ տեղ պահի, էլի, իմ համար,- ասաց Ուզվորը ու փակեց աչքերը: