Համբարձում Համբարձումյան/Ուզվորը (2)

սկիզբը՝ այստեղ

***

Կյաժը մտքում ինքն իրեն հայհոյում էր տիկին Ալվարդին էդ տեսակ հաճոյախոսություն անելու համար: Էդ ե՞րբ էր նա տիկին Ալվարդի կրծքերի համը տեսել, որ դրանք համով անվանեց, կամ էդ ի՞նչ հաճոյախոսություն է` թոթոլ ոռ ունես: Երեք դատվածություն ուներ եւ երեք դեպքում էլ, չնայած դաժան կտտանքներին, ոչ նախաքննական ցուցմունքներում, ոչ  դատարանում Կյաժն իր մեղքը չէր խոստովանել, բայց հիմա նա պատրաստ էր մեղայականով հանդես գալ տիկին Ալվարդի առաջ: Եթե անհրաժեշտ բառերը գտներ, Սաքոն կբացատրեր տիկին Ալվարդին, որ վիրավորելու ցանկություն չի ունեցել, բայց Ալվարդի կաս-կարմիր դեմքն ու շագանակագույն քիթը հուսահատության գիրկն էին գցել նրան: Կյաժը մտածում էր, որ տիկին Ալվարդը Մարինայի պատասխանի նման մի բան կասի կամ ձենը գլուխը կգցի, խայտառակ կանի իրեն: Բայց տիկին Ալվարդը երբեք նման բան թույլ չէր տա իրեն: Նա ուղղակի վերցրեց պայուսակն ու դուրս փախավ Կյաժի տնից:

Քամին, որ սպառնում էր փոթորկի վերածել գետնի ողջ փոշին, ծառի տերեւներն ու պոլիէթիլենային բազմերանգ տոպրակները քշում էր դեպի տիկին Ալվարդը: Տիկին Ալվարդի եւ քամու ալիքի առաջին իսկ հանդիպումից նրա հազար հինգ հարյուր դրամ արժողությամբ հարդարանքը քանդվեց, վարսերը անվերականգնելի ձեւով խճճվեցին՝ աղետալի տեսք տալով նրան: Ուրիշ ժամանակ տիկին Ալվարդը գուցե ափսոսար, որ այդպես փողը քամուն է տալիս, բայց հիմա նրա միտքը ուրիշ տեղ էր: Կիսափակ աչքերով, խճճված մազերով, կարմիր երեսով ու դարչնագույն քթով տիկին Ալվարդը արագ, վճռական քայլերով քայլում էր քամուն հանդիման եւ հազիվ նկատելի, ամոթխած ժպտում: Եթե Կյաժը տեսներ այդ ժպիտը, կհասկանար, որ ոչինչ կորած չէ:

Տիկին Ալվարդի հետ ունեցած վերջին հանդիպումից հետո Կյաժը սկսեց անաստված ձեւով խմել: Մասնագիտական անհաջողության հետ եկած անինքնավստահությունը, ինքնագնահատականի կտրուկ անկումը,  բնավորվելու, երջանիկ ընտանիք կազմելու իրատեսական միակ հնարավորությունը ձեռքից բաց թողնելու կսկիծը, անպատասխան սիրո ցավը մեղմելու համար նա անդադար խմում էր, պլան քաշում եւ մազոխիստական կայֆեր անում: Կատաղության պահերին Կյաժը հայհոյում էր ողորմածիկ ծնողներին եւ դպրոցի դասատուներին, որ նրան խելք չեն սովորեցրել, եւ արյունոտվելու աստիճան բռունցքով գլխին կամ գլուխը պատին էր խփում՝ միաժամանակ ինքն իրեն քրֆելով. «Կյաժ, ես քո քյալ…, ես քո խոտակեր…, ես քո դոդգլուխ…Ես քո էն, էն, էն քյալլեն…»:

Մի օրում մի չմտածված խոսքից Կյաժը կորցրեց ամեն ինչ: Եթե ջահել լիներ, գուցե տիկին Ալվարդի  սիրտը նորից շահելու հույսը չկորցներ, գուցե ամեն ինչ զրոյից սկսեր, նոր կարիերա աներ, եթե ջահել լիներ, գուցե մասնագիտությունը փոխեր, բայց ջահել չէր, իսկ բնատուր ալարկոտությունը  եւ ֆիզիկական կամ այլ աշխատանք կատարելու անկարողությունը տարիների հետ այնքան էին խորացել, որ նրա անձի հետ էին նույնացել: Մինչ այդ օրը Կյաժը ինքն իրեն հաջողակ մարդ էր համարել, եւ առաջին իսկ մեծ անհաջողությունը, առաջին իսկ պարտությունը կոտրեց նրան: Ոչ ազատազրկման տարիներին, ոչ ազատության մեջ նա երբեք ղումար չէր խաղացել: Գաղութներում Կյաժ Սաքոն վատ չէր ապրել, կոֆե, չեֆիրի թեյ, ծխախոտ, «նալիչի» փող գրեթե միշտ էլ ունեցել էր, եւ քիչ թե շատ ղումար խաղացողները նրա շուրջ պտտվել, փորձել էին խաղի մեջ ներքաշել, բայց Սաքոն ոչ միայն նրանց տված կտերը չէր կերել, այլեւ ձեւացնելով, թե կամուկացի մեջ է, ղումարբազներին իր կողքին էր պահել, ինքն էր նրանց ունեցածից օգտվել, նրանցից մի բան կմճտել:

Կյաժը հասկանում էր իր սխալը. նա մի խաղի մեջ մտավ, որից գլուխ չէր հանում եւ չափազանց մեծ խաղադրույք կատարեց` իր ապագան: Գաղութում տանուլ տվածները, եթե կրվածը չէին փակվում կամ ֆուֆլու էին մնում` այլեւս անպատիվ, անարգված մարդ էին համարվում կամ էլ մինչեւ կրվածը տալու ժամկետը ինքնասպան էին լինում: Կյաժ Սաքոն իրեն տանուլ տված էր զգում, ֆուֆլու էր զգում: Իր կյանքում նա շատ ինքնասպան եղածների էր տեսել` կախված, խեղդամահ եղածների,  երակները կտրածների, ժավելի սպիրտ խմածի, եւ նրանց հետմահու արտաքինը, նրանց ջղաձգված դեմքերը, կապտած մարմինները, փրփրակալած բերանները միշտ էլ սարսափ, զզվանք ու արհամարհանք էին ներշնչել Կյաժին: Սխալ հասկացված չլինելու համար, ավելորդ զրույցներից խուսափելով՝ Կյաժը երբեք բարձրաձայն չէր արտահայտվել, բայց միշտ էլ մտածել էր` ավելի լավ է ֆուֆլու մնան, քան թե էդ տեսակ մահով մեռնեն: Մահը, չգոյությունը, դրախտն ու դժոխքը Սաքոյին այնքան չէին հուզում, որքան իր հետմահու տեսքը: Սարսափելի, զզվելի, անտանելի էր, երբ իր տեսած ինքնասպանների նմանությամբ իր դիակն էր պատկերացնում. Կյաժը վախենում էր, ինքնասպանության միտքը անհեթեթ զառանցանք էր թվում` կատարյալ էշություն: Ապրել այլեւս չէր կարողանում, մեռնել՝ նույնպես: Կյաժ Սաքոն փակուղու մեջ էր, եւ բոլոր նշաններից` ինքն իր հետ խոսելուց, իրեն պատեպատ տալուց երեւում էր, որ գժվում է: Փակուղուց ելքը նրան հուշեց Ծաղիկ տատը: Տիկին Ալվարդի ու Կյաժ Սաքոյի վերջին հանդիպումից երկու շաբաթ անց հարբած, գետնին ընկնող-բարձրացող Կյաժին փողոցում տեսնելով, նրան դարձի բերելու, սթափեցնելու մտադրությամբ Ծաղիկ տատն ասաց. «Դու խմի, խմի, էնքան խմի, մինչեւ սատկես»: Հանկարծ գլխում եղած մշուշն ու անորոշությունը պարզվեց, բոլոր տագնապներն ու վախերը թողեցին նրան. Կյաժը արդեն գիտեր իր անելիքը: Նա հիշեց Հուսիկին, Ջնդոյին, Մլքո Հարութին, թաղի ավագ սերնդի  հարբեցողներին, որոնք խմելով ու խմելուց էին մեռել, հիշեց նրանց անհոգ, հանգիստ տեսքը, նրանց հետմահու խաղաղությունը: Կյաժը նրանց ճանապարով էլ գնում էր, բայց մինչեւ այդ պահը չէր գիտակցել դա: Հիմա, երբ ամեն ինչ պարզվել էր նրա համար, Սաքոն իր համար ժամկետ սահմանեց: Որոշեց` մինչեւ տիկին Ալվարդի հաջորդ շրջայցը եթե ոչինչ չփոխվի, Ծաղիկի ասածի պես էլ անելու է:

Այդ օրվանից հետո Սաքոն սկսեց ավելի թունդ հարբել: Հարեւանները այլեւս նրան պարտքով փող չէին տալիս, թաղի բուտկեքը էլ ապառիկով օղի չէին տալիս, հավատացյալները` եւ մորմոնները, եւ հիսունականները, եւ Եհովայի վկաները, նրա օրեցօր աճող պահանջներին ու աստվածանարգ հայհոյանքներին չդիմանալով, հեռացան նրա տնից, եւ Կյաժ Սաքոն ստիպված ծնողներից ժառանգություն մնացած կահկարասին էր էժան գներով ծախում կամ անմիջապես օղու հետ փոխանակում: Երբ տիկին Ալվարդը իբր հերթական շրջայցի շրջանակում, իսկ իրականում Սաքոյին տեսնելու համար նրա տուն եկավ, Կյաժը լրիվ զրոյի վրա էր: Տիկին Ալվարդը նրանց վերջին հանդիպումից հետո երեք տարբեր բախտ բացողների մոտ էր եղել, եւ երեքն էլ՝ եւ սուրճի բաժակ նայողը, եւ խաղաթղթերով բախտ բացողը, եւ ձեռքի ափի գծերով ու ճակատի կնճիռներով գուշակություն անողը, նրան մեծ սեր եւ ամուսնություն էին կանխատեսել, մենակ թե խորհուրդ էին տվել պայքարել այդ սիրո համար, պասիվ չլինել, տնoրինել սեփական ճակատագիրը:

Անվճռական ու զգուշավոր տիկին Ալվարդը մտավ տուն եւ մահացու խմած Սաքոյին գտավ երկտեղանի, նախշազարդ մահճակալին պառկած: Դատարկությունից ավելի մեծ թվացող սենյակի կահույքից մնացել էին սովետական չափանիշներով շքեղ այդ մահճակալը եւ մարդաբոյ հայելին: Առաստաղից կախված հախճապակե ջահի լույսն ընկնում էր ուղիղ Սաքոյի վրա: Կողքի սենյակից լսվում էին դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի ձայնագրության հնչյունները: Մաքուր սափրված, մազերը սարքել տված Կյաժը կոստյումով ու փողկապով էր, ոտքերին լաքապատ, մանրամասնորեն փայլեցրած կոշիկներ էին: Մազերը իր մեքենայով կտրել էր Մշկոյի տղեն` Մանուկը, կոստյումի վերեւը Կյաժը մեկ օրով ուզել էր հարեւան Խաչիկից, տակը տվել էր Սեւ Աբոն, գրեթե նոր, լաքապատ կոշիկները նվիրել էր Վլեն, փողկապը եւ սպիտակ վերնաշապիկը հաշվապահ հորից էին ժառանգություն մնացել:

Վառ լուսավորության տակ ձեռքերը կրծքին խաչած, անշարժ ու խաղաղ պառկած Սաքոյի տեսքը, դուդուկի տխուր մեղեդին տիկին Ալվարդին հիշեցրին նախորդ օրը հեռուստացույցով տեսած հայտնի դերասանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը, եւ նույն պահին էլ նա վախով մտածեց, որ Կյաժ Սաքոն մեռած է: Մեռած Սաքոն ավելի դուր եկավ տիկին Ալվարդին. Կյաժ Սաքոն գեղեցիկ էր, ինչպես երբեք չէր եղել: Նրա կապույտ, խորամանկ աչքերը, որոնց նայվածքից տիկին Ալվարդը շփոթվում էր, փակ էին, մարմնի դաջվածքները եւ փրչոտ ոտքերը, որոնք ձգում ու միաժամանակ խրտնեցնում էին տիկին Ալվարդին, ծածկված էին վերնաշապիկով ու կոստյումով: Հանգիստ եւ անպաշտպան Կյաժը պառկած էր տիկին Ալվարդի առջեւ, եւ հիմա նա կարող էր Սաքոյի հետ վարվել այնպես, ինչպես ուզում էր:

Թեեւ սենյակում ցուրտ էր, տիկին Ալվարդը հանեց վերջերս գնած թանկարժեք մուշտակը եւ անփութորեն գցեց մահճակալին: Նա մոտեցավ Կյաժին, շոյեց նրա սպիտակ մազերը, եւ մինչ ձախ ձեռքը մազերով էր զբաղված, աջը շալվարի ներսն անցնելով՝ դեպի Սաքոյի «ողկույզներն» էր սողում: Իր համարձակ արարքից էլ ավելի սրտապնդվելով՝ տիկին Ալվարդը կռացավ ու համբուրեց Կյաժ Սաքոյի շուրթերը. դա նրա առաջին համբույրն էր: Հետո նա շատ տղամարդկանց հետ կհամբուրվի, շատ անգամ էլ քնած ժամանակ կհամբուրի իր սիրեկաններին, բայց երբեք վայրկյաններ տեւած նույն զգացողությունը չի ունենա:

Տիկին Ալվարդը համբուրեց Սաքոյին եւ հաջորդ պահին զգաց նրա տաք շունչը, որից ալկոհոլի հոտ էր գալիս: Կյաժ Սաքոն շարժվեց եւ սկսեց արթնանալ: Սարսափած եւ ամոթահար տիկին Ալվարդը բղավեց ու ետ քաշվեց: Սաքոն ճմլկոտաց, աչքերը բացեց: Եթե աչքերը բացելով Գաբրիել հրեշտակապետին կամ հանգուցյալ հորը տեսներ, այդքան չէր զարմանա, որքան Ալվարդին տեսնելով զարմացավ:

– Էս ի՞նչ ա, չեմ մեռե՞լ,- հարցրեց Կյաժ Սաքոն:

– Փաստորեն՝ չէ,- ասաց փոքր-ինչ հիասթափված տիկին Ալվարդը:

Օրենքով այդքան խմելուց հետո Կյաժը պիտի խումհարի մեջ լիներ, պիտի գլուխը ցավեր, կոկորդը չորացած ու մարմինը թույլ լիներ, բայց Սաքոն իրեն հրաշալի էր զգում: Կարծես մի քսան տարով երիտասարդացած լիներ, տրամադրությունը բարձր էր, ու ավելորդ էներգիան ծախսելու համար շարժվելու կարիք ուներ: Ուզում էր ուրախությունն ինչ-որ կերպ արտահայտել, եւ նրա մոտ պարելու ցանկություն առաջացավ: «Իսկ հիմա, հարգելի ունկնդիրներ, հայկական դուդուկի թովիչ հնչյուններից հետո՝ արգենտինական տանգո»,- հաղորդեցին ռադիոյով: Երաժշտության առաջին հնչյունների հետ մի ակրոբատիկ հնարքով Սաքոն պառկած տեղից ցատկեց, կանգնեց ուղիղ տիկին Ալվարդի դիմաց եւ, գրկելով նրա իրանը, սկսեց պտտեցնել նրան: Սկզբում տիկին Ալվարդի կաշկանդվածության պատճառով պարը չէր ստացվում, բայց շուտով նրա թմբլիկ մարմինն ազատվեց ավելորդ լարվածությունից: Երաժշտությունն ամբողջովին տիրեց նրա մարմնին եւ հոգուն. այդ օրվանից տանգոն նրա ուղեկիցն էր լինելու եւ ուրախության, եւ տխրության ժամանակ, տանգոն նրա հոգու երաժշտությունն էր: Տիկին Ալվարդը սկսեց պարել թեթեւ ու հեշտ, մարմինը երաժշտությանը համահունչ շարժել, եւ արդեն ինքը տարավ իր զույգին: Սաքոյին ողջ տեսնելու հիասթափությանը փոխարինեց նրա հետ մի բարձի ծերանալու հնարավորության ուրախությունը: Նա պատկերացրեց Սաքոյին ու իրեն ծերացած եւ մտածեց մահվան մասին: Նա տեսավ իրեն մահացած, պառկած նույն մահճակալին, որին քիչ առաջ պառկած էր Կյաժ Սաքոն: Իր վրա կռացած Սաքոն անձայն արտասվում էր, եւ արցունքի խոշոր կաթիլները նրա դեմքից իր դեմքին էին թափվում: Հետո Սաքոն ավելի կռացավ ու համբուրեց իր անկենդան ու չոր շուրթերը: Տեսարանն այնքան գեղեցիկ էր, որ տիկին Ալվարդը անհամբեր ուզում էր կրկնել այն կյանքում եւ տխրեց, որ պիտի այդքան երկար սպասի:

– Փող էիր բերե՞լ,- չկարողացավ չհարցնել Սաքոն:

Տիկին Ալվարդը գլխով դրական պատասխան տվեց: Սաքոյին թվաց, թե հիմա ամենահարմար պահն է Ալվարդի հետ բացատրվելու, նրան իր նպատակները հայտնելու համար: Նա ավելի ամուր գրկեց տիկին Ալվարդին եւ շրթունքները նրա ականջին մոտեցնելով՝ շշնջաց.

– Կյանքը ղայդին բան ա, երբ որ կողքիդ հարազատ, սրտացավ մարդ կա: Եթե մենակ ես, եթե ոչ մեկին պետք չես, ու ոչ մեկ քեզ պետք չի` պտի սիրուն ձեւերով սիրու… Պտի հեռանաս էս փուչ աշխարհից: Մենակ մարդու ճամփեն տխուր ու ձանձրալի ա: Ես քեզ հավանել եմ, ուզում եմ, որ իմ ճանապարհի ընկերը լինես, ուզում եմ մենք ընտանիք կազմենք:

Սաքոն հպարտ էր, որ ոչ մի տեղ չսայթաքեց, որ կարողացավ իր ասելիքը մինչեւ վերջ «կուլտուրական» ձեւակերպել: Նա այնքան գոհ էր ինքն իրենից, որ չէր էլ մտածում, թե տիկին Ալվարդը կարող է մերժել կամ ձեւեր թափել, ու երբ Ալվարդն ասաց՝ «ես պետք է մտածեմ», Սաքոն գլուխը կորցրեց: Նա կատաղեց Ալվարդի ու իր վրա, նա ամաչեց, որ այդքան ցածրացավ կնոջ առջեւ: Հազար ու մի փոքրոգի մտքեր ծնվեցին նրա գլխում,  բայց նման պահերին Սաքոն ավելի համարձակ ու վճռական էր դառնում եւ սովորաբար ճիշտ որոշում էր կայացնում: Նա երկու ձեռքով բռնեց Ալվարդի գլուխը, ու թեեւ Ալվարդի չափազանց մեծ քիթը դժվարություններ էր ստեղծում, հարմարվեց, երկար ու կրքոտ համբուրեց Ալվարդին: Համբուրեց եւ մինչեւ կյանքի վերջը մտածում էր, որ դա իրենց առաջին համբույրն է եղել: Երբ երաժշտությունն ավարտվեց, նրանց շուրթերը բաժանվեցին:

– Տանգոն մենակ չեն պարում, ու ես ուզում եմ իմ զույգն ունենալ,- ասաց տիկին Ալվարդը,- եթե ուզում ես, դու կարող ես իմ զույգը լինել:
Ամեն ինչ իր տեղն ընկավ, Սաքոն վերագտավ իր ինքնավստահությունը: Կյաժը ոչ միայն վերադարձրել էր իր տանուլ տվածը, այլեւ ջեք-փոթ էր բռնել:

Սաքոն կարծում էր բոլոր խաղաթղթերն իր ձեռքում են եւ չէր պատկերացնում, որ նրան ավելի մեծ փորձություն էր սպասվում, քան թե տիկին Ալվարդի սիրտը նվաճելն էր: Նա գրկեց տիկին Ալվարդին ու համբույրներով ծածկեց նրա դեմքը: Սաքոն ծայրահեղ գրգռված էր եւ փորձեց տիկին Ալվարդին դեպի անկողին տանել: Կյաժի մի ձեռքը Ալվարդի իրանից իջավ հետույքին, մյուսը բրդյա բլուզի տակով բարձրացավ դեպի կրծքերը: Տասը րոպե առաջ իր կարծիքով մեռած Սաքոյի մարմինը ձեռնահարող տիկին Ալվարդը հիմա իրենից հեռու հրեց Կյաժին ու ասաց.

– Մինչեւ հորս  մոտ չգաս, ձեռքս չուզես` չմոտենաս ինձ:
Սաքոն մռայլվեց: Մակբեթ Վլադիմիրովիչի մասին Կյաժը հարցուփորձ էր արել, եւ այն, ինչ լսել էր, ծանր հանդիպում էր խոստանում Սաքոյին: Պոտենցիալ աներոջ հետ կապված միակ հուշը շուրջ երեսուն տարվա վաղեմության էր։

Ինքը դասընկերների հետ դասից փախել, նրանց թաղում ֆուտբոլ էր խաղում փողոցի ամենալայն եւ ազատ մասում, որտեղ գտնվում էր Մակբեթ Վլադիմիրովիչի տունը: Փողոցով մեքենաներ էին երթեւեկում, բայց իրենք ուշադրություն չէին դարձնում դրա վրա, շատ ժամանակ նույնիսկ չէին դադարեցնում խաղը: Փողոցի ծայրում երեւում է Մակբեթ Վլադիմիրովիչի պատկառելի սեւ «Վոլգան»: Դասընկերներն անմիջապես կանգնում են, եւ քանի որ գնդակը Սաքոյի մոտ էր, ասում են, որ պահի. գիտեն` եթե Մակբեթը գնդակը տեսավ, կծակի: Ինքը գնդակը մեջքի ետեւում թաքցնում է: Արեւի տակ փայլող «Վոլգան» կանգնում է, վարորդը բացում է ետեւի դուռը, եւ Մակբեթ Վլադիմիրովիչն իջնում է մեքենայից: Հագին մոխրագույն կոստյում է, ձեռքում սեւ թղթապանակ է պահում: Քննող, սառը հայացքով նա հերթով ոտքից գլուխ չափում է իրենց: Նրա հայացքը կանգ է առնում իր վրա, եւ ձեռքով նշան է անում, որ մոտենա: Մինչ ինքը մոտենում է նրան, Մակբեթ Վլադիմիրովիչը, տան դռան մոտ կանգնած, Ալվարդին հրահանգում է, որ տնից մկրատ բերի: Նա ձեռքը պարզում է, եւ ինքը չի կարողանում գնդակը չտալ: Մակբեթ Վլադիմիրովիչը մկրատով ծակում, երկու մասի է բաժանում գնդակը, հետո գնդակի կիսագնդերը հագցնում է իր գլխին եւ ականջը բռնելով ոլորում: Ինքը գոռալով կռանում է, եւ նա աքացի է տալիս իր հետույքին: Դասընկերները փախչում են: Ինքն ազատվում է ու վազում ընկերների ետեւից: Մակբեթ Վլադիմիրովիչը սեւեռուն հայացքով հալածում է իրենց: Ինքը հասնում է ընկերներին, ու նրանք մի կուշտ ծիծաղում են իր վրա:
Քսանհինգ տարվա ազատազրկումից հետո Կյաժ Սաքոն Հայաստան վերադարձավ սպիտակ մազերով ու ճաղատացող գլխով. «Կյաժ» մականունը չէր սազում նրան, նրա հագով չէր: Վլեն, որ հայտնի անուն կպցնող էր, ու կպցրածն էլ կպցրած էր, Կյաժին տեսնելու օրվանից մտածում էր նրան նոր մականուն դնելու մասին, բայց դա այդքան էլ հեշտ գործ չէր: Մականունավորների մեծ մասը իրենց մականունը ստանում են երեխա ժամանակ, լինում է` ժառանգում են, պատահում է, որ մինչ այդ մականուն չունեցած հասուն մարդուն մականուն դնեն, կամ մարդ ինքն իր համար մականուն հորինի, բայց հազվադեպ է լինում, որ մականունավորին հասուն տարիքում ուրիշ մականուն կպցնեն ու սկսեն այդ մականունով ճանաչել նրան: Մականունը հաճախ այնքան է նույնանում մարդու հետ, որ այն փոխել՝ նշանակում է ասել, որ այդ օրվանից նա ուրիշ մարդ է կամ որ այն չէր, ինչ ներկայանում էր, նշանակում է նրա ապրածը սխալ հանել, իսկ եթե մականուն կրողն է ուզում իր մականունից ազատվել, նույնն է թե ցանկանա իր անցյալից ազատվել: Փողոցում, մանկապարտեզում, դպրոցում երեխաները անընդհատ միմյանց անուններ են դնում, բայց կպչում-մնում են միայն դիպուկ ասված մականունները: Հատկապես տղաների շրջանում մականունները մշտական ծեծկռտուքների պատճառ են դառնում: Ծեծկռտուքները լինում են կամ լավ մականունի համար, օրինակ՝ Կյաժ, Չոռնի, Գել, կամ էլ անընդունելի, վատ մականունի պատճառով, օրինակ Պեպեն, Նապ, Լոշտ: Մի թաղում, մի դպրոցում, մի հանրապետությունում երկու Չոռնի չեն կարող լինել, իսկ եթե լինեն, կամ մոտ ընկերներ կդառնան, կամ անվերջ հակամարտության մեջ կլինեն: Եթե անվանակոչման մեջ մարդ իր մասնակցությունը չունի եւ միայն չափահաս դառնալով կարող է անունը փոխել, մականունն ավելի ներկայանալի է, որովհետեւ ի վերջո մարդ իր ցանկությամբ կամ թողտվությամբ է կրում այն: Մականունն այցեքարտ է, եւ որպեսզի հասուն տարիքի մականունավոր մարդու վրա դրված նոր մականունը կպնի-ընդունվի, այն շատ դիպուկ պիտի լինի՝ այնքան դիպուկ, որ մականվան տերը ձեւ չունենա չընդունելու:

Վլեն Կյաժ Սաքոյի համար այդպիսի նոր մականուն ուներ իր մտքում, բայց ընկերոջ բնավորությունը իմանալով՝ վախենում էր, որ կվիրավորվի, կնեղանա ու մեծ կռիվ կսարքի իր հետ: Միայն այն փաստը, որ խարտյաշ Սաքոյի մազերը լրիվ սպիտակել էին, բավական չէր «Կյաժ» մականունը փոխելու համար. Կյաժ մականունով զառամյալ ծերունիներ կային, որ գլխներին ոչ մի մազ չունեին: Վլեն հարմար առիթի էր սպասում, որ իր մտածած նոր մականունը վիրավորական չհնչի, որպես հումոր ընկալվի: Այն օրը, երբ Կյաժ Սաքոն գնաց Ալվարդի հորից նրա ձեռքը ուզելու, Վլեն առաջին անգամ նրան Ուզվոր ասաց, ու այդ մականունը կպավ-մնաց Սաքոյին:

Ուզվորը մոտ կես ժամ ձյան մեջ ետուառաջ էր քայլում Մակբեթ Վլադիմիրովիչի երկհարկ առանձնատան դարպասի առջեւ եւ մտքում շարադրում էր ապագա աներոջ համար պատրաստած տեքստը: Նա Ալվարդի հետ պայմանավորված ժամից հատուկ էր շուտ եկել, որպեսզի մտածելու ժամանակ ունենա եւ վերջնականապես ձեւակերպի իր ասելիքը: Մակբեթ Վլադիմիրովիչի հետ կայանալիք հանդիպմանը Ուզվորը նախապատրաստվել էր ինչպես հարկն է, հագել էր իր կոստյումը, լաքապատ կոշիկները, լողացել, սափրվել ու առատորեն օդեկոլոն էր ցանել վրան: Խանութպան Սեդային երկար համոզելուց հետո ապառիկով «բանբաներկա» էր վերցրել, իսկ արհեստավարժ ձեւով կեղծված, արտաքնապես իսկականից ոչնչով չտարբերվող յոթաստղանի կոնյակը հարեւան Արտավազդը` Փոթորն էր նվիրել: Իր տան նկուղում վրացական էժանագին թեյի թուրմից  ու օղու սպիրտից պատրաստվող կոնյակներից Փոթորը բացի յոթաստղանուց մի հատ էլ հինգաստղանի էր նվիրել, որը միայն պիտակով էր տարբերվում: Նախքան Մակբեթ Վլադիմիրովիչի տուն գնալը Ուզվորը Վլեի ու Գազանի հետ ցամաքացրել էր հինգաստղանի կոնյակի շիշը, ու թեեւ խմիչքը սպասված համարձակությունը չէր հաղորդել նրան, ցրտադիմացկունության տեսանկյունից բավականին արդյունավետ ազդեցություն էր ունեցել նրա օրգանիզմի վրա:

Աշնանային, լաքապատ կոշիկների մեջ Ուզվորի ոտքերը սառել էին: Նա նայեց ձեռքի ժամացույցին` յոթն անց յոթ րոպե էր, Ալվարդի հետ պայմանավորված ժամից յոթ րոպե անցել էր, եւ Ուզվորը անվճռական շտապողականությամբ թակեց Մակբեթ Վլադիմիրովիչի տան դուռը: Ալվարդը նախապես զգուշացրել էր, որ հայրը ճշտապահություն է սիրում եւ շատ ջղայնանում է, երբ պայմանավորված ժամից ուշանում են:

– Հերս քեզ ա սպասում,- ասաց Ալվարդը՝ հանդիմանելով Ուզվորին:

Համեստ, ծաղկավոր շրջազգեստով Ալվարդը հատկապես գրավիչ էր: Նրա ետեւից քայլող Ուզվորին խեղդում էր հենց այդտեղ Ալվարդին տիրանալու անհամբեր ցանկությունը, եւ Մակբեթ Վլադիմիրովիչի ֆիզիկական մոտիկությունն ավելի էր բորբոքում նրա երեւակայությունը: Իր կյանքում առաջին անգամ Սաքոն ուզվորությունից անհարմար էր զգում ու հաճույք չէր ստանում դրանից: Նա Ալվարդին արդեն իրենն էր  համարում, եւ տհաճություն էր պատճառում այն միտքը, որ իրենց ամուսնությունը կախված է նրա հոր որոշումից: Ուզվորը հասկանում էր, որ իր եւ Մակբեթի հանդիպումը գերազանցապես արարողակարգային բնույթ ունի, բայց մտավախություն ուներ, որ ծերուկը կարող է տհաճ անակնկալներ մատուցել:

Ալվարդը Ուզվորին ուղեկցեց հյուրասենյակ: Առաջին բանը, որ Ուզվորը հյուրասենյակում նկատեց, շրջանակի մեջ դրված եւ պատից կախված Ստալինի լուսանկարն էր, հետո տեսավ Վլադիմիր Իլյիչի գիպսե կիսանդրին, ապա նաեւ Մակբեթ Վլադիմիրովիչին, որ  բազմոցի վրա նստած «Պրավդա» էր կարդում: Նա շրջկոմի քարտուղար եղած ժամանակներից մնացած մոխրագույն կոստյումով ու փողկապով էր, գլուխը ճաղատ էր, ինչպես Իլյիչինը, իսկ  բեղերը ճիշտ Իոսիֆ Վիսարիոնովիչի բեղերն էին: Այդ ամենը վկայում էր Մակբեթ Վլադիմիրովիչի՝ կոմունիստական կուսակցությանը հավատարիմ մնալու եւ սկզբունքային մարդ լինելու մասին:

«Բիձու  ֆազը խփել ա,- մտածեց Ուզվորը,- սրա հետ հեշտ չի լինի»: Ապագա աներոջը բարեւելով՝ Ուզվորը նրան հանձնեց կոնֆետի տուփը եւ թեյի թուրմով ու վատորակ սպիրտով պատրաստված յոթաստղանի կոնյակը: Մակբեթ Վլադիմիրովիչը կասկածանքով նայեց  Ուզվորի բերած կոնյակին, այն  դրեց պահարանում, ապա Ալվարդին խնդրեց իրենց մենակ թողնել: Մակբեթ Վլադիմիրովիչը եւ Ուզվորը բազմոցի վրա դեմուդեմ լուռ նստած երկար նայեցին միմյանց: Ուզվորը հասկանում էր, որ ինքը պիտի սկսի զրույցը, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ժողովել  մտքերը: Այսպիսի հաճախորդ իր  բազմամյա պրակտիկայում Ուզվորը  դեռ չէր ունեցել:

– Մակբեթ Վլադիմիրովիչ, ես քո աղջկան սիրում եմ եւ եկել եմ Ալվարդի ձեռքը քեզնից ուզելու,- վերջապես ասաց Ուզվորը:

Մակբեթ Վլադիմիրովիչը հեգնական ժպտաց, ծալեց, մի կողմ դրեց դեղնած «Պրավդան» եւ ձեռքը վերցրեց սեղանին դրված սեւ թղթապանակը: Այդ թղթապանակում Ուզվորի հանցագործ կենսագրության համառոտ ժամանակագրությունն էր: Ալվարդի հայրը սովետի փլվելուց հետո էլ համագործակցում էր ԿԳԲ-ի հետ, իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստանում էր այնտեղից:

– Քաղաքացի Կյաժ, ես Ձեզ շատ լավ եմ ճանաչում,- ասաց Մակբեթ Վլադիմիրովիչը,- այնպես որ, պետք չի սիրահարված Ռոմեո խաղալ ինձ մոտ:

Մակբեթ Վլադիմիրովիչը բարձրաձայն կարդաց Ուզվորի «դոսյեն», որի մեջ արձանագրված էին քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները, որոնցով դատապարտվել էր Կյաժը, բոլոր կալանավայրերը, որտեղ նա նստել էր, բոլոր այն հանցանքները, որոնք գործել ու չէր բռնվել: Մակբեթ Վլադիմիրովիչի թղթապանակում Կյաժի կյանքից այնպիսի մանրամասներ կային, որ  նրա կարծիքով միայն ինքը գիտեր:

– Երեխա ժամանակ էլ  մի բարի պտուղ չէիր, սիրում էիր խուլիգանություն անել, գնդակը տշել, ուրիշի ապակիները ջարդել,- դա արդեն իրենից ավելացրեց Մակբեթ Վլադիմիրովիչը:

Բացահայտված, մերկացված,  ամոթահար Ուզվորը գլխահակ լսում էր Մակբեթ Վլադիմիրովիչին եւ ամեն նոր բացահայտման հետ ավելի ու ավելի էր հոգեպես ճնշվում, թուլանում: Ապագա աներոջ համար նախապատրաստած հուզիչ տեքստը, ներկայանալի հագուկապը, թեկուզ կեղծված, բայց յոթաստղանի կոնյակն ու «բանբաներկան», փաստորեն, իզուր էին:  Ուզվորը թղթախաղի սկսնակ խարդախողի պես բռնվել էր, ձեռքի հաղթական խաղաթղթերը գրոշի արժեք էլ չունեին եւ ինքն իրեն խոստովանում էր, որ սա իր խաղը չէ, որ իզուր է այս խաղի մեջ մտել: Իսկ երբ Մակբեթ Վլադիմիրովիչը հիշեցրեց ծակված եւ թասակի պես իր գլխին հագցված գնդակի պատմությունը, Ուզվորը հոգեպես լրիվ կոտրվեց: Նա նույն մեղավոր ու թույլ պատանին էր, որին Մակբեթ Վլադիմիրովիչը տարիներ առաջ լավ դաս էր տվել, եւ եթե նա հիմա էլ որոշեր քոթակել Ուզվորին, Ուզվորը այն ժամանակվա պես թողնելու էր ու փախչեր: Բայց Մակբեթ Վլադիմիրովիչը ծերացել, հոտառությունը կորցրել էր եւ այդքանը չէր հասկանում: Ուզվորի վրա «դոսյե» հավաքելով ու նրա մոտ այն ընթերցելով՝ Մակբեթ Վլադիմիրովիչը հույս չուներ, թե Ուզվորը կհրաժարվի իր աղջկա հետ ամուսնանալու մտքից, նրա նպատակն այն էր, որ իր պայմանները թելադրի:

– Երիտասարդ, ես շատ լավ հասկանում եմ, որ դուք մի խորամանկ աղվես եք, որն  ուզում է ինձնից հափշտակել իմ ածան հավիկին, բայց լավ իմացեք, որ ես նրան հեշտ ու հանգիստ չեմ զիջի ձեզ: Եկեք պարզ խոսենք: Եթե ես աղջկաս արգելեմ ձեզ հետ ամուսնանալ, նա ինձ կլսի, բայց  իրեն դժբախտ կզգա ու այդ դժբախտության մեջ ինձ կմեղադրի: Ես դա չեմ ուզում, բայց չեմ էլ կարող նրան քեզ նվիրել: Ես ծեր մարդ եմ եւ խնամքի կարիք ունեմ:  Ես պահել-մեծացրել եմ նրան, եւ հիմա նա պիտի հոգ տանի իր հոր մասին: Միայն մի պայմանով կթողնեմ ամուսնանաք, եթե նրա աշխատած գումարի յոթանասուն տոկոսը ինձ հասնի:

շարունակությունը՝ այստեղ

Please follow and like us: