Դարի՞ հետ, թե՞ դարի աղմուկի հետ

Մարո Մարգարյանի «Դարի՞ հետ, թե՞ դարի աղմուկի հետ» հոդվածը «Գրողուցավում» հրապարակվում է «Գրամարտ» նախագծի շրջանակում։ Այն տպագրվել է 1966 ըվականի հուվարի 21-ին «Գրական թերթում» (թիվ 4)։ Այս բանավեճի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ կարդալով Հասմիկ Հակոբյանի հոդվածը։

Մարո Մարգարյան

Թող սնապարծություն չթվա, այլ համարվի արդարամիտ լավատեսություն, եթե ասենք, որ մենք կարող ենք գլուխներս վեր, ճակատներս բաց նայել աշխարհին՝ մեր այսօրվա պոեզիայի համար։ Մեր բանաստեղծական հարստությունը կարող է զբաղեցնել եւ հոգեկան բարձր սնունդ տալ անգամ ամենախստապահնջ ընթերցողին, միայն թե վերջինս լինի ավելի ուշադիր ու թափանցող։ Քանի որ կյանքում շատ գլխավոր ու երկրորդական միջադեպեր խանգարել են մեզ հասկանալու իրար ներքին խորությամբ։

Երեկոներ ու մեծարումներ, հանդեսներ ու հանդիպումներ եղել ու կատարել են իրենց բարի դերը։

Սակայն պոեզիան պահանջում է ավելի ու ավելի նուրբ ու խոր ուշադրություն։

Նախօրոք պայմանավորվենք, որ խոսքը վերաբերում է իսկական բանաստեղծներին, մեր լավագույն պոեզիային եւ ոչ թե նրանց արանքից ներխուժող միջազգային մոլախոտին ու տեղ-տեղ քարացած խամ ու խոտանին։ Նրանք միշտ էլ եղել են, խճողել ու խաթարել են մեր գրական ընթացքը, ուժեր ու ժամանակ են կորզել՝ թացն ու չորը չտարբերող ընթերցողի ու իրենց արժանի գրական գործիչների միջոցով։

Բայց մեր նուրբ ու խորիմաստ, իսկական պոեզիան իր արդար ուժով կարողացել է պոկվել ու զատվել այդ ամենից, հաղթահարել բոլոր դժվարություններն ու բարձրանալ, հաստատվել՝ ամրացնելով իր հոգեձույլ պատվանդանը։

Շատ բարձր՝ Արարատներ ու Արագածներ, իհարկե, չկան մեզանում, բայց փոքր ու մեծ տարբերություններով, հասկացված ու չհասկացված անհատականություններով, համակված տաք-տաք օրերի շնչով, խոհերով ու խորհուրդներով, կա մի ամբողջ սերունդ, որի ներկայացուցիչները իրենց խառնվածքը շատ որոշակի ինքնություններով, իրենց գույներով ու նրբերանգներով լրացնում ու հարստացնում են միմյանց՝ հարստացնելով նաեւ մեր օրերի գրականության գանձարանը։

Դալար ու խիտ անտառակտորի նման նրանք միահյուսված են արմատներով, սաղարթներով փարված են իրար եւ կազմում են մի կենսահաստատ ամբողջություն։

Անցնելով ստեղծագործական շատ դժվար ճանապարհ՝ նրանք ոչ միայն դալար մնացին, այլեւ կարողացան պահել դարերի խորքից եկող մեր լուսահորդ արվեստի աստղաշաղախ Կաթն-Ծիրը եւ զորեղացրին ինչ-որ տեղ նվազող մեր պոեզիայի համառորեն խփող զարկերակը։

Երեսնական թվականներին, շատ աննպաստ կլիմայում, դժվար ու դանդաղ սկսեց արմատ նետել, աճել ու ամրանալ երիտասարդ սերունդը։ Իրավունքներ ձեռք բերեց ու հաստատեց իրեն, խճողվեց նոր մոլախոտերի մեջ, տարուբերվեց նոր հողմերից ու հեղեղներից, բայց կարողացավ բարձրանալ այդ ամենից ու լսելի դարձնել իր ձայնը։ Շատերն էլ խոտորեցին ու կորցրին շատ բան։

Այդ ժամանակներից անցել է ընդամենը 39 տարի՝ շատ կարճ ճանապարհ մշակույթի պատմության համար, բայց պոետական մտածողության ի՜նչ նոր հորիզոններ ու հարստացում, ընկալումների, ըմբռնումների ի՜նչ խորախորհուրդ թափանցումներ, արտահայտչական միջոցների ինչ խիզախումներ ու նրբերանգներ։

Մեր այսօրվա պոեզիան ուժեղ ու հարուստ է հենց նորության ու թարմության տեսակետից։ Վախ հարուցողը միայն նորաբանության աղմուկներն են։ Անախորժ են առհասարակ բոլոր աղմուկները, իսկական արվեստը դրա կարիքը երբեք չի ունեցել եւ չի ունենա։

Յուրաքանչյուր նոր ուժեղ ու ինքնատիպ ստեղծագործող նորարար է իր հերթին։ Դարի հեղաշրջումն ու թռիչքները շատերն են վկայակոչել, բայց դարի ամենակտրուկ շրջադարձը կատարվեց 20-ական թվականներին, երբ Միության բոլոր ծայրամասերում հանդես եկան աղմկող պոետների անհաշիվ խմբեր։ Եվ ի՞նչ մնաց նրանցից՝ այս դարի ամենահաղթական շրջանում։ Այսօր Միության սահմաններից ներս եւ ափերից դուրս ընթերցողներն ամենուրեք իրար ձեռքից խլխլում են Եսենինի, Ախմատովայի, Պաստեռնակի գրքերը։ Ուրեմն ստեղծագործական կյանքն ունի մի մեծ ու հետեւողական ներքին օրինաչափություն եւ անկախ դարի աղմուկներից, նկատիելի թե աննկատ, նա պահում է իր ազնիվ ու անկաշառ գիծը՝ իսկական արժեքներին վաղ թե ուշ տալով իրենց արժանի տեղը։ Այլ խոսքով ասած, դարը ուղղում է իր սխալները, ափսոս, որ որոշ տեղերում ուշ է արդեն, գոնե այժմ զգուշանանք կամավոր սխալներից։

Չմոռանանք, որ Չարենցը, այնքան բարդ ու բազմազան ճանապարհ անցնելուց հետո, իր կյանքի վերջին շրջանում գնում էր դեպի դասական ձեւերը ու ոգեկոչում էր հաճախ Պուշկինին ու Թումանյանին։ Փաստերը ցույց են տալիս, որ մնայունը մեծ հոգու եւ մեծ հույզի պոեզիան է։ Թող նորարարության որոշ ջատագովներ վախենան այս բառերից։ Քանի որ ստեղծագոծության մեջ եթե մեծ խոհ, մեծ միտք չլինի, չի կաող լինել նաեւ մեծ զգացում։ Կատարյալ արվեստում նրանք հանդես են գալիս միասին։ Ոչ թե հեղինակի որոշումով, այլ ներքին ձուլվածքով։ Իզուր են հոդվածագիրները նույնիսկ սիրտն ու հոգին խիստ բաժանում իրարից, մեկը հայտարարում հին, մյուսին տալիս նորի անցագիր։ Եթե բնության մեջ սիրտն ու հոգին պատկերացվում են անջատ ու տարբեր, ապա ստեղծագործույան մեջ, առավելապես պոեզիայում, դրանք միեւնույն բանն են։ Մեր տեսաբանները նույնիսկ լուրջ ու ծավալուն վեճ են տանում, հույզն ու միտքը ետ ու առաջ դնելով ու մտատանջվելով, թե իսկապես բանաստեղծույան մեջ ո՞րն է որից հետո գալիս։

Դժվար թե որեւէ բանաստեղծ ստեղծագործելիս մտածած լինի, թե միտքս որքան է, հույզս որքան, որին առաջին հերթը տամ, որը ստորադասեմ, Մեկուրիշը պնդում է, թե պետք է հրաժարվել զգացումից առհասարակ։ Թվում է՝ առանց հույզի, առանց զգացումի որեւէ արվեստ ու պոեզիա լինել չի կարող։ Միայն թե որքան մեծ է արվեստը, այնքան քիչ է նկատվում արհեստը, քիչ են երեւում միտումն ու կատարողական ջանքերը։ Բոլոր ստեղծագործողների մոտ էլ այն գործերն են ուժեղ, որոնց միտքն է խորունկ, ուստի եւ ազդեցությունն է մեծ։ Պոեզիան մեծ զգացումով արտահայտած միտքն է։

Բոլոր թեմաներն էլ հին են, միլիոն անգամ կրկնված ու պիտի կրկնվեն։ Նորություն ու թարմություն բերողը նոր ընկալումներն են, նոր մոտեցումներն են ու նոր գտնված արտահայտչական միջոցները։ Ուստի եւ ամենամեծ ու բարձր գործը կատարում են խիզախողները՝ նրանք, որոնք չեն գոհանում եղածով, փնտրում են, որոնում, կտրում են տեսանելի ու անտես կապանքներն ու ջարդում են արդեն վնասող՝ կաղապար դարձած հին ձեւերը, միայն թե մտածել պետք է նաեւ հերքելիս ու ջարդելիս։ Ինչ որ նոր է, նույնպես անխտիր ճշմարտություն չէ։ Մեր պոեզիան իրավամբ հաղթահարել է շատ խոչընդոտներ, դրա համար էլ ընթացքը եղել է դանդաղ, ազնիվ ու շիտակ։ Միեւնույն ընթացքը չես կարող վերցնել հարթ ճանապարհով վազելիս եւ կիրճեր ու ծերպեր, դար ու փոսեր վերցնելիս։ Դանդաղ գնալիս, մարդ որքան էլ բարձրանում է, թռիչք չի համարվում, դիտվում է որպես սովորական ընթացք, եւ այդ ընթացքին ինչպիսի դիրքեր էլ գրավես, համարվում է բնական ու հասկանալի, իսկ մի շեղ բեկում, կարճ ու փոքրիկ մի ձեւական ցատկում արդեն թռիչք է։

«Վոպրոսի լիտերատուրի» ամսագիրն անցյալ տարի տպագրել է Աննա Ախմատովայի հարցազրույցը, ուր հարց էր տրված, թե ինչ է մտածում նա որոշ երիտաարդների շուրջը վերջերս ստեղծված աղմուկի, ժողովրդի շռնդալից ընդունելության մասին, քանի որ դա կարող է գրողին շեղել ճշմարիտ ճանապարհից։

«На публику писать стихи опасно»,- գրել էր բանաստեղծուհին եւ ցայտուն օրինակներ բերել ռուսական պոեզիայից։

Դժբախտաբար մեզ մոտ ավելի հաճախ են վազում դեպի այդ վտանգը։ Եթե մի ժամանակ որոշ հեղինակներ մտածում էին, թե ինչ գրեն, որպեսզի սիրաշահեն մի շարք կարեւոր դոգմատիկների, հիմա էլ շատերը մտածում են, թե ինչ գրեն, որ հաճելի դառնան եւ արժանանան ավելի շատ ծափերի։

Ես կարծում եմ լուրջ ու սրտացավ գրողի ելակետը պիտի լինի ժողովրդին օգնելու, նրա մտածողությունն ու ճաշակը բարձրացնելու հոգսը։ Տարիներ շարունակ մեծ քանակությամբ լույս տեսնող ցածրորակ, անարվեստ գրքերը խանգարել են բարձրացնել մարդկանց ճաշակը։

Եվ այդ մեղքը նախ մեր գրականագիտությանն է, իբրեւ թե վատի, անարժանի մասին չեն ուզում գրել, բայց չէ՞ որ դրանց մեծ մասը այս կամ այն ճանապարհով տպագրվում է եւ մատուցվում ընթերցողին, իսկ ո՞վ պիտի օգնի վերջինիս՝ ջոկելու կեղծն ու ազնիվը, օգտակարն ու վնասակարը։

Դիամանակները մեծ դեր են խաղում ընդունակությունների, տաղանդների զարգացման գործում։ Լինում են բարձրացող ժամանակներ, ինչպիսին վերածննդի շրջանն էր, որը հեքիաթային ուժով հսկաներ շատրվանեց արվետների ու գիտության բոլոր ասպարեզներում։ Լինում էր եւ հակառակը՝ անապատային, անպտուղ, աղանձված ծիլերի շրջան։

Մեր ժամանակը եղել է դժվար, բայց տվել է լուրջ ու մնայուն արժեքներ, եղել են նաեւ նպաստող ուժեր եւ մարդկանց մեջ, չնայած դժվարություններին, հզոր է եղել ներքին համոզմունքն ու հավատը։

Հայրենական պատերազմի օրերին Նաիրի Զարյանի հնչեղ ձայնն ավելի զորեղացավ, հրանյութով ձուլվեցին նրա «Ձայն հայրենական» ու բազմաթիվ բանաստեղծություններ, ավելի նրբացավ ու ջերմացավ նրա լիրիկան, ստեղծվեց հրաշալի «Արա Գեղեցիկը»։ Մի առանձին փայլով շողաց բանաստեղծի անհատականությունը նաեւ որպես ընկեր ու քաղաքացի, երբ նա ուս տվեց դժվար ճանապարհին, հովանավորեց ու հենարան դարձավ շուրջը գտնվող շատ երիտասարդների, առանց պարտադիր համարելու որեւէ մեկի համար իր ոճն ու խառնվածքը։

Ստեղծագործության մասին խոսելիս պարտադրող կամ առարկություն չընդունող կարծիք չպիտի լինի։ Ամեն ինչ հետաքրքիր է իր բազմազանության մեջ։ Որքա՞ն հարմար է սեփական մտածողության սիստեմը բերել օրինակ, նույնիսկ սեփական վրիպակների վրա տեսություն սարքել եւ աշխատել օրենքի ուժ տալ դրանց։ Կամ դարերով ընդունված ու կիսավարտ ամենատարրական օրենքները շաղախել նոր անուններով, բաղդատել կիբերնետիկայի օրենքների հետ եւ ներկայացնել որպես զարմանալի նորություն՝ նվազագույն տեղամասի վրա ստանալ առավելագույն ինֆորմացիա։ Անհասկանալի է, թե սա որ օրվա նորությունն է։ Դարեր շարունակ մարդիկ ասել են՝ արվեստի ուժը խտության մեջ է։ Արեւելքի իամստություններն իրենց ամենամեծ ու խորունկ մտքերը արտահայտել են աֆորիզմների միջոցով եւ մի քանի տող բանաստեղծությամբ։ Նույնիսկ մեր Էմինը բանաստեղծություն է գրել, թե երգը պիտի լինի հեռագրի նման։ Էլ ի՞նչ կիբերնետիկա։

Լավ կլինի, որ մեր սիրելի Պարույր Սեւակը ինքը հետեւի այդ բարի խորհրդին, քանի որ հենց ինքը իր անգին գոհարների հետ շատ ծղոտ է շաղախում, երբեմն երկարաբանում է, մոտեցնում պրոզային՝ մի բան, որ նա անում է մտածված կերպով, հակադրվելու համար՝ իսկապես վաղուց արդեն հոգնեցրած լպրծուն եւ սվաղած ածականներին ու պատկերներին։ Բայց ես կարծում եմ, որ մի արատից ազատվելու համար մի ուրիշ ծայրահեղության մեջ չպիտք է ընկնել։

Պարույր Սեւակը ուժեղ է հենց այնտեղ, որտեղ խոսում է զսպված, բայց մեծ զգացումով։ Այդ ժամանակ փայլատակում է նրա միտքը, շղարշվում մի անմեկնելի հմայքով, որը գալիս է հենց զգացումից։

Արի ինքներս մեզնից բարձրանանք,
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք,
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ… կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ,
Որ դու չես եղել
Ոչ իմ միակը` ճակատագրով,
Ոչ էլ վերջինը`թյուրիմացաբար..

Սա Սեւակի լավագույն ստեղծագործություններից է։ Մենք նրա լավ գործերով ցանկանում ենք հերքել նրան եւ համոզել, որ շատ չըմբոստանա սրտի ու հույզի դեմ, քանի որ ինքը զորեղ է սրտահոդ պոռթկումներով։ Սեւակն իզուր է հավատացել, թե ինքը միայն մտքի պոետ է, եւ իզուր է հայտարարում թե ժամանակն է արդեն մտնել ոգու ոլորտները, շահագործել ոգու հարստությունները, ինչ որ անում է արդի համաշխարհային պոեզիան։ Ինչո՞ւ արդի համաշխարհայինը, իսկ ի՞նչ էին անում Նարեկացին, Սայաթ-Նովան, Դուրյանը, Թումանյանն էր հոգով աղքատը, թե՞ Չարենցն է պակաս փոթորկում ու հրաբխում։ «Եկեք բանաստեղծություն գրենք ոգու ոլորտներից»՝ այդ միեւնույնն է, թե երեխաներին ասենք՝ եկեք թվեր գործածենք թվաբանական խնդիրներ լուծելիս։ Ուրիշ էլ ի՞նչ կարելի է անել։ Ինչ էլ նկարագրի, ինչ էլ ներկայացնի բանաստեղծը՝ ծաղիկ, թե անտառ, աստղաշատ երկինք, թե երկնաքարեր, հաշվիչ մեքենաներ թե տիեզերական հրթիռ, միեւնույն է, նրա ստեղծագործության բուն իմաստը մարդն է, ամենուրեք հանդես է գալիս մարդը՝ իր հոգեկան աշխարհով։

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։

Եվ հենց այս մարդկայինն է ամբողջապես հուր ու հմայք տալիս անտառին։ Սիլվա Կապուտիկյանը գրում է․ «Օ՜ մեծ մահերով հարուստ ժողովուրդ»։ Բանաստեղծուհին այդքան սեղմ տարածության վրա, թվում է, տալիս է իր ժողովրդի պատմությունն ու պատկերը, ոչ միայն իր հոգու, այլեւ իր ժողովդի հոգու ամենախորունկ ցավը։

Խորունկ միտք՝ տրված հուժկու զգացումով, ընդամենը մի տողի մեջ։ Բանաստեղծական խոսքի ինչ նրբութույներով, հոգեկան աշխարհի ինչ խորաթափանց անդրադարձումներով է գրում Վահագն Դավթյանը։

Ողկույզներ են սեւահատիկ
Ու ոսկեվառ շեկ ողկույզներ՝
Գիշերներ են կաթիլ-կաթիլ,
Հատիկ-հատիկ արշալույսներ։

Այնքան նուրբ ու հոգեբուխ պատկերներ են, որ թվում է՝ յուրաքանչյուր բացատրություն կվնասի միայն։ Որոշ պոետների երկրպագուներ չեն էլ հասկանա՝ ինչպե՞ս թե գիշերներ են կաթիլ-կաթիլ։ Այստեղ է, որ գրականագետներն ու հոդվածագիրները պիտի օգնեն ընթերցողին։

Ի՞նչ է պոեզիան․ ես կարծում եմ՝ նախ եւ առաջ խոհ, միտք ու պահանջ, ասելիք, որ մարդն ուզում է հաղորդել իր զավակին, քրոջն ու ընկերոջը, իր ժողովրդին ու ողջ մարդկությանը։

Ի տարբերություն բոլոր մյուսների, արվեստագետներն ու գրողները արվեստի միջոցով ազդում են մարդկանց զգացումների վրա, սրտի, խղճի, տրամադրության վրա։

Բանաստեղծությունը մեծ հուզումներով ալեկոծված ու երազանքների աստղերով շաղախված խոհերի ծնունդ է։ Սեփական հուզումներից ու հրկիզումներից հարբած, տրամադրության ամենաբարձր ջերմաստիճանով ասված խոսք։ Կարեւորը բանաստեղծության տողերի միջեւ ծփացող այն զգացումն է, որ առաջին իսկ բառերից հաղորդվում է ընթերցողին եւ համակում նրա ողջ էությունը։

Բոլոր ժամանակներում էլ մարդիկ սիրել ու աշխատել են բարձրացնել, վեհացնել ու գեղեցկացնել կյանքը։ Եվ որքան խորն է եղել սիրո զգացումը, այնքան խորն է եղել կարոտը, այնքան ուժգին է եղել անբավականությունը, այնքան մեծ է եղել ստեղծագործելու պահանջը։ Մեծ սրտերը չեն դիմադրել կյանքի տիղմի տակ, հրաբխել են ու վեր խոյացել։ Նանք իրենց կենսական ուժերը ծախսել են մեծ բռնկումներով ու շատ-շատերը այրվել են իրենց կրակի մեջ կամ փշրվել են՝ դիպչելով դարավոր ապառաժներին։ Ու այնքան բուռն են եղել բախումները, այնքան ցնցող են եղել ստեղծագործական թռիչքները։ Ուժերի խտացած, լարված ու ուժգին ծախսումներով նրանք ֆիզիկապես շուտ են սպառվել։ Գեւորգ Էմինը գրում է․ «Այս տարիքում հանճարները վաղուց էլ չկային»։ Նրանցից շատերին ժամանակակիցները համարել են անհականալի, տարօրինակ խենթեր, եւ արժանավոր քչերն են հասկացել այդ անգին տարօինակությունների իմաստն ու պատճառը։ Ընդունված բան է առհասարակ իրենց կողքին ապրող, իրենց հետ առօրյա հոգսերով ընթացող մարդկանց գործերը թերագնահատելն ու անտեսելը, բայց ժամանակը բոլորից իմատուն է։ Նա միշտ հատուցում է ըստ արժանվույն։

Այսօր էլ մեր բանաստեղծների գրքերում կան հրաշալի գործեր, որոնք ընդունում են անտարբեր բարեկամի նման՝ մի կիսատ լավ են ասում ու մի կողմ դնում։ Բայց որքան էլ տարօրինակ լինի, կգա օրը, երբ ժամանակակիցներից ավելի ջերմ հետաքքրությամբ կնայեն այդ գործերին ու իրենց՝ հեղինակների նկատմամբ էլ կդառնան ավելի ուշադիր ու բարյացակամ, բայց հեղինակը դրա կարիքն այլեւս չի ունենա։

Յուրաքանչյուր արվեստ, յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր պոեզիան։ Մարդկային ինչ նուրբ ու ջերմ զգացում, ինչ հմայք է ծփում Ռեմբրանդտի, Վան Գոգի, Մոդելիանիի եւ շատ ու շատ այլ գեղանկարիչների կտավների վրա, որոնց հեղինակները ապրել են ծայրահեղ թշվառության մեջ։ Բայց երբ այլեւս չեն եղել, ուրիշները նրանց գործերով դարձել են միլիոնատեր, հարստացել են սովամահ եղած հանճարների գանձերով, իսկ ժողովուրդները հարստացել են հոգով ու արվեստով։ Ինչ սրտակեղեք վախճան են ունեցել երաժշտության աստվածները՝ Մոցարտը, Շոպենը, Բեթհովենը, բայց անբեկանելի է կյանքի լուսավոր ընթացքը՝ շնորհիվ այդ մեծ հոգիների․ մարդկությունը նրանց ստեղծած հաշալիքներով է երջանիկ, հրկիզվելով բարձրացող եւ իրենց մշտնջենական կրակը աշխարհին թողնող զավակների գործերով, որոնք, Պարույր Սեւակի խոսքերով ասած, ելնում են․ «Տիեզարական հրթիռի նման գլուխը առաջ, լույսը դեպի հետ»։

Այսօր այրվում ենք անցյալ դարերի տառապած ու չվայելած մեծ հոգիների համար։ Ի՞նչ գիտենք, թե մեր արվեստագետների մեջ չկան երիտասարդներ, որոնք լուրջ դժվարությունների մեջ են։

Մի զարմանալի սխալ միշտ եղել է աշխարհում եւ շարունակում է լինել, ափսոսալ անցածներին եւ չնկատել ներկաներին՝ հետո ափսոսալու համար։

Թող անհամեստություն չթվա մեր ընկերների առիթով մեծերին հիշելը։ Յուրաքանչյուրի իրավունքն է իր գործը չափել մեծերի վաստակով։ Որքան բարձր չափանիշ վերցնես, այնքան խստապահանջ կլինես։

Յուրաքանչյուր արվեստ ունի իր պոեզիան։ Բանաստեղծներին թվում է, թե ամենադժվարը խոսքի պոեզիան է, որի մեջ պիտի նկարես առանց գույների, նվագես առանց գործիքների եւ մի քանի տողում ասես այն, ինչ ուրիշներն ասում են ամբողջ վեպերում։

Բոլոր մեծ զգացմունքներն ու խորունկ խոհերը վերաբերում են մարդկանց ճակատագրին, կոնկրետ, մասնավոր անձնական թվացող երեւույթներից են ստեղծվել մեր ընդհանրացումները։ Մարդկային մեծ խնդիրներ, ալեկոծված սիրտ, հուզախռով հոգի, հիացած, թե զայրացած, հմայված, թե հուսաբեկ, , զգացումի անմիջականություն եւ բարի անկեղծություն։ Ահա պոեզիան։ Մնացածը թուղթ է ու թանաք, մնացածը չոր տերեւներ են քամու բերանում։ Թանկ գնահատենք մարդկային կարճ կյանքի օգտակար, բարձրացնող, թեւավորող ուժերը, ճամփա տանք մնայուն արժեքներին, որոնք սեփականությունն են ողջ մարդկության։

Please follow and like us: