Սկիզբը՝ այստեղ
Մաս երկրորդ. Անկեղծություն
Մետամոդեռն եզրը հայաստանյան գրականություն է ներմուծել Կարեն Անտաշյանը, որը նաև թարգմանել է Լյուկ Թըրների «Մետամոդեռնիստի մանիֆեստը»: Այն արդեն ներկայացրել ենք:
Կարեն Անտաշյանը ոչ միայն բանաստեղծ է, այլ նաև «Գրանիշ» գրական համայնքի հիմնադիրն է: Սա նշում եմ, որ հասկանանք, որ նա մեր գրականության թրենդերի գիտակ է:
Ի՞նչու Կարեն Անտաշյանը հրապարակեց Լյուկ Թըրների «Մետամոդեռնիստի մանիֆեստը»: Կարելի էր մտածել, որ հանրահռչակման, տարածման կան գրական շուկայի կայացման նպատակով: Բայց, իհարկե, ոչ:
Մետամոդեռնիզմի հայտնագործությունը Կարեն Անտաշյանի համար ստեղծագործական խնդիր է լուծում: Ինչպես հեղինակն է ինքն իրեն բնութագրում. «Առաջին գիրքս փափկասիրտ է ու մեծամիտ, սկսնակ ապրողի ու բանաստեղծի, սկսնակի գիրք է, երկրորդս հեգնական է ու զվարճախոս, միայնակ ձկնորսի, ազապի գիրք է, երրորդս՝ «Ծիլի-Ծովը», ծիսական է ու խորհրդապաշտական, հասուն բնազդների ու հմայական հետազոտությունների գիրք է», «դզոնը» հայերեն բանաստեղծումի հավաստիությունը վերագտնելու և իրականության հետ առերեսումից առաջացած սեփական ինքնության փլատակները վերամտածելու փորձ է։
Այսպիսով, հեղինակի համար «դզոնը» յուրահատուկ «Գիրք ճանապարհի» է, անձնական ռեալիզմի որոնում: Այս ճանապարհին կգտնեք սկսնակի ֆորմալիստական փորձերը, բանաստեղծի համար կարևոր պոստմոդեռնիստական փուլը և դրա հաղթահարումը վերջին գրքում: Զուր չէ, որ Կարեն Անտաշյանը «դզոնը»-ը համարում է մի գիրք, որ գրված է մետամոդեռնիզմի հարացույցի ուղղությամբ:
Մետամոդեռնիզմը մոդեռնիզմի հետ համեմատելիս հիշում եմ Թովմա Արծրունու հայտնի առակը: Արու ուղտը էգին ասում է. «Այս փշի դաշտը նվիրում եմ քեզ»: Էգը զարմանում է. «Իսկ ինչով է այն տարբերվում հարևան փշի դաշտից»: «Նրանով, որ այն նվիրել եմ»:
Մետամոդեռնիզմի և պոստմոդենիզմի տարբերությունները այնքան նուրբ են, որ, իհարկե, հարցերի տեղիք են տալիս:
Ի՞սկ ինչով է տարբերվում այս փշի դաշտը մյուսից: Անձնականության ավելի մեծ աստիճանով, մտերմիկության և անկեղծության ավելի մեծ լիցքով:
Շատ գայթակղիչ է մետամոդեռնիզմի կոնտեքստում վերլուծել «դզոնը», բայց այս օրինակը ցույց է տալիս, որ մետամոդեռնիզմը, լինելով անձնական, հավանաբար պետք է դիտվի հիմնականում իբրև գրողի ստեղծագործական զարգացման, նրա ներքին կոնտեքստում:
Երբ 2010 թ.-ին Տիմոթեոս Վերմյուլենը և Ռոբին վան դեն Ակերն ստեղծեցին մետամոդեռն եզրը, նրանք նկատի ունեին մետա բառի շատ կոնկրետ օգտագործումը Պլատոնի «Խնջույք» երրկխոսության մեջ:
«Սոկրատեսը հարցնում է իր ուսուցչուհի Դիոտիմային․ «Ի՞նչ է սերը (Էրոսը), Էրոսը մահկանացու՞ է»։ «Ոչ,- պատասխանում է Դիոտիման,- Նա մահկանացու չէ և անմահ չէ»: Նա բնակվում է մետաքսիսում (միջևում) այս երկու վիճակների մեջ… զբաղեցնելով միջանկյալ դիրք աստվածայինի և մահկանացուի միջև… նա միջնորդ է, որը հաղթահարում է դրանք բաժանող տարածությունը»:
Այս սահմանման մեջ կարող ենք տեսնել ինչպես ձևը՝ միջև, այնպես էլ բովանդակությունը՝ սերը:
Հավանաբար արժե համեմատել սիրո նկատմամբ մոդեռնեստիկան և պոստմոդեռնիստական ընկալումները, որպեսզի հասկանանք, թե ինչ է ասում մետամոդեռնիզմը անկեղծության մասին:
Մոդեռնիստի վերաբերմունքը սիրո նկատմամբ բացասական է: Եթե կյանքը, այդ թվում` սերը, անիմաստ է, վիրավորական և մտավորականի համար չէ, ապա նա հակված է կարծելու, որ կյանքը աբսուրդ է, իմաստ չունի: Այդ վերաբերմունքը նկատի ունի Ե. Չարենցը, երբ գրում է.
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՛ստ է…
Ժամանակակից հասարակությունը զանգվածային հասարակություն է, իշխող մշակույթը`զանգվածայինը: Մտավորականը, մերժելով զանգվածային մշակույթը, մերժում է ամբոխի, հասարակ մարդու նաիվությունը` կենսասիրությունը: Անիմաստությունը մտավորականները ի վերջո վերածել են աշխարհայացքի` աբսուրդի կամ էկզիստենցիալիզմի փիլիսոփայության: Եթե կյանքը անիմաստ է, սիրուն հավատում է միայն նաիվ մարդը:
Մտավորականը հաղթահարում է իր մոդեռնիստական նախապաշարումները՝ համաձայնելով, որ ինքը ապրում է այլ` պոստմոդեռնիստական իրադրությունում: Այդ իրադրությունում նա համաձայնում է սիրո` զանգվածային մշակույթի կողմից զավթված լինելու հանգամանքի հետ, բայց առիթ չի դարձնում այն մերժելու. նա կարողանում է ևս մեկ անգամ խոսել սիրո մասին: Հնարավոր պահվածքի տարբերակներից մեկն էլ առաջարկում է Ումբերտո Էկոն. «Պոստմոդեռնիզմի պատասխանը մոդեռնիզմին հանգում է անցյալը ընդունելուն. եթե անցյալը անհնար է ոչնչացնել, քանզի այդ դեպքում դատապարտված ենք լռելու, ապա անցյալը հարկավոր է վերանայել՝ հեգնաբար, առանց նաիվության: Պոստմոդեռնիզմի մոտեցումը ինձ հիշեցնում է այն մարդուն, որ սիրահարված է լուսավորյալ տիկնոջը: Նա գիտե, որ չի կարող ասել․ «ես քեզ խելագարի նման սիրում եմ», քանզի գիտե, որ տիկինը գիտե (և տիկինը գիտե, որ նա գիտե), որ այդ մասին գրել է Լիալը»: Տեղական իրողություններում դա մոտավորապես նշանակում է, որ այն արդեն հնչել է Արամ Ասատրյանի երգերում: Բայց Ու. Էկոն ելք տեսնում է. «Նա կարող է ասել. «Ինչպես կասեր Լիալը` ես քեզ խելագարի նման սիրում եմ»: Այդպես նա կարող է խուսափել կեղծ անմեղությունից և հստակ հայտնել, որ անմեղ զրույցը անհնար է: Բայց նաեւ կարողացավ հայտնել տիկնոջը այն ամենը, ինչ կցանկանար ասել. որ սիրում է նրան և սիրում է կորուսյալ անմեղության դարաշրջանում: Եթե տիկինը հասկանում է խաղի կանոնները, ապա կհասկանա իրեն ուղղված բառերը որպես սիրո խոստովանություն: Նրանցից ոչ մեկը իրեն անմեղ չի զգա: Նրանք երկուսն էլ ընդունում են անցյալի մարտահրավերը, այն, որ այդ բառերը ինչ-որ մեկի կողմից արդեն ասվել են, և որ դա անհնար է անտեսել: Երկուսն էլ գիտակցաբար և հաճույքով կխաղան հեգնանքի խաղը: Եվ երկուսն էլ կկարողանան խոսել սիրո մասին»:
Այսպիսին են մոդեռնիստական և պոստմոդեռնիստական փաստարկները սիրո մասին: Իսկ որո՞նք են մետամոդեռնիստական փաստարկները: Այն մերժում է ինչպես աբսուրդը, այնպես էլ պոստմոդեռնիստական խաղային սկզբունքը: Այն չի վախենում լինել միամիտ, բայց դա կեղծ միամտություն չէ, դա տեղեկացված միամտություն է: Գիտես, որ ամեն ինչ սուտ է, այդ թվում՝ սերը, բայց սիրում ես, իսկ սերը միամտացնում է քեզ:
Գրականության մեջ Նոր անկեղծության հիմնադիրը ամերիկյան գրող Դեյվիդ Ֆոսթեր Ուոլեսն է, «Անվերջ կատակ» հազար էջանոց վեպի հեղինակը: Նա իր «E Unibus Pluram. Television and US Literature (1993)» էսսեում՝, անդրադառնալով ժամանակակից ամերիկյան գեղարվեստական գրականության մեջ գիտակցված հեգնանքի գերակշռությանը, կանխատեսեց ավելի զգայական, ավելի անկեղծ գրական սերնդի ի հայտ գալը: Նա գրում է.
Հաջորդ գրական «ապստամբները» կարող են լինել հակաապստամբների տարօրինակ խումբ <…>, որոնք համարձակվում են հեռանալ հեգնական տեսակետից <…>՝ աջակցելու և իրականացնելու միանշանակության սկզբունքները: Նրանք համարձակվում են անդրադառնալ ամերիկացիների ընդհանուր, վաղեմի, ոչ մոդայիկ խնդիրներին։ <…> Նրանք ռիսկի են դիմում մեղադրել սենտիմենտալության և մելոդրամայի մեջ: Ավելորդ դյուրահավատության մեջ. Փափկության մեջ … –
Հայ ժամանակակից գրականության մեջ անկեղծությունը վերագնհատվում է: Արվեստի մեջ այն արտահայտվում է մասնակցային արվեստի գաղափարների շնորհիվ, օրինակ՝ ԱրտլաբԵրևան խմբի գործունեությունում:
Բայց հայ ժամանակակից արվեստում զուտ մետամոդեռնիստական պետք է համարել Մհեր Ազատյանի աշխատանքները: Մհերը անում է պարզ լուսանկարներ, որոնք ուղեկցում է կենցաղային թվացող դարձվածքներով: Նրա պատմությունները զգացմունքների, հույզերի և զգացողությունների մասին են: Ի՞նչ է ինքնին զգացումը, և ինչպե՞ս են տարբեր զգացումներ ապրվում հասարակության մեջ և ինչպես են դրսևորվում տարբեր սոցիալական փոխազդեցություններում, օրինակ`առօրյա կյանքում, քաղաքականությունում, ցանկացած այլ ոլորտում: Նա ուսումնասիրում է անմիջական զգացումները՝ քնքշություն, սեր, հոգատարություն, մտերմություն և ներկայություն:
Արվեստում մետամոդեռնիզմի արտահայտությունների մասին կարող եք լսել նաեւ իմ բանախոսությունը։
1 thought on “Մետամոդեռնիզմը և հայ ժամանակակից գրականությունը 2/Վարդան Ջալոյան”
Comments are closed.