Սկիզբը՝ այստեղ։
3
Եթե ավանգարդը նմանակում է արվեստի գործընթացները, կիտչը, ինչպես տեսնում ենք, նմանակում է հետեւանքները։ Այս հակադրույթը ճշգրտորեն համապատասխանում է հսկայական անդունդին, որ տարանջատում է երկու համաժամանակյա մշակութային երեւույթները, ինչպես ավանգարդն ու կիտչն են, եւ սահմանում է դրանք։ Այս անդունդը՝ չափազանց մեծ, որպեսզի հնարավոր լինի այն վերացնել զանգվածների համար հարմարեցված «մոդեռնիզմի» եւ «մոդեռն» կիտչի անվերջանալի հերթագայութունների օգնությամբ, համապատասխանում է սոցիալական անդունդին, որը միշտ գոյություն է ունեցել պաշտոնական մշակույթի մեջ, ինչպես եւ քաղաքակիրթ հասարակության ալյ ոլորտներում։ Այս անդունդի երկու քարափները մեկ մոտենում, մեկ հեռանում են՝ կախված տվյալ հասարակության մեջ կայունության աճից կամ նվազումից։ Մի կողմում միշտ իշխող (հետեւաբար՝ ուսյալ) փոքրամասնությունն է, մյուսում շահագործվողների եւ աղքաների (հետեւաբար՝ տգետների) մեծ զանգվածը։ Պաշտոնական մշակույթը միշտ պատկանել է առաջիններին, մինչդեռ վերջինները ստիպված էին բավարարվել ժողովրդական կամ պրիմիտիվ մշակույթով ու կիտչով։
Կայուն հասարակության մեջ, որը գործում է բավականաչափ լավ իր դասակարգերի միջեւ հակասությունները լուծելու համար, այս մշակութային երկատումը այնքան էլ հստակ չէ։ Քչերի աքսիոմներին համաձայնում են շատերը, որոնք սնահավատորեն են հավատում նրան, ինչին առաջինները հավատում են սթափ մտքով։ Եվ պատմության այսպիսի պահերին զանգվածները կարողանում են զարմանք ու հիացմունք զգալ մշակույթի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ բարձրության վրա են գտնվում տերերը: Սա վերաբերում է առնվազն կերպարվեստին, որ հասանելի է բոլորին։
Միջին դարերում նկարիչը առնվազն խոսքով, առերեւույթ համաձայնում էր նախորդած փորձի ընդհանուր հայտարարի հետ։ Սա որոշակի չափով պահպանվեց ընդհուպ մինչեւ 18-րդ դարը։ Համընդհանուր մշակութային ավանդույթը, որի կանոնը նկարիչը չէր կարող խախտել, բաց էր ընդօրինակման համար։ Արվեստի առարկան սահմանում էին նրանք, ովքեր լիազորված էին ճանաչելու արվեստի գործերը՝ ստեղծված ոչ սպեկուլյացիայի համար, ինչպես բուրժուական հասարակության մեջ է։ Հենց այն պատճառով, որ բովանդակությունը կանխորոշված էր, նկարիչը ազատված էր եւ կարող էր կենտրոնանալ իր արտահայտչամիջոցների վրա։ Կարիք չկար, որ նա լինի փիլիսոփա կամ մարգարե, բավական էր լինել պարզապես արհեստավոր։ Քանի դեռ համընդհանուր համաձայնություն կար, թե որ օբյեկտներն են արժանի արվեստին, նկարիչն ազատված էր «իր գործում» օրիգինալ եւ գյուտաար լինելու անհրաժեշտությունից եւ կարող էր իր ամբողջ էներգիան ծախսել ձեւի խնդիրների վրա։ Նրա համար թե անձնական, թե մասնագիտական առումով արվեստի բովանդակություն են դառնում արտահայտչամիջոցները, ինչը նմանեցնում է նրան այսօրվա վերացապաշտ նկարչին՝ մի տարբերությամբ, այնուամենայնիվ, որ միջնադարյան նկարիչը ստիպված էր հանրայնորեն ճնշել իր մասնագիտական մտահոգությունը՝ միշտ պիտի ստորադասեր անձնականն ու մասնագիտականը արվեստի ավարտուն, պաշտոնական ստեղծագործությանը։
Եթե որպես քրիստոնեական համայնքի շարքային անդամ՝ նա անձնական զգացմունքներ ուներ իր պատկերած առարկայի հանդեպ, դա միայն նպաստում էր ստեղծագործության հանրային նշանակության հարստացմանը։ Միայն Վերածննդի դարաշրջանից է անձնականի հանդեպ միտումը օրինականացվում, որն այնուամենայնիվ դեռ պետք էր պահել պարզության եւ ճանաչելիության սահմաննեում։ Եվ միայն Ռեմբրանդտի ժամանակից սկսեցին հայտնվել «միայնակ» նկարիչներ՝ միայնակ իրենց արվեստում։
Բայց նույնիսկ Վերածննդի ընթացքում, եւ այնքան ժամանակ, քանի դեռ արեւմտյան արվեստը ջանում էր կատարելագործել իր տեխնիկան, այս ոլորտում հաղթանակները կարող էին գրանցվել միայն իրապաշտական ընդօրինակման հաջողության պարագայում, քանի որ ձեռքի տակ չկար այլ անաչառ գնահատման չափանիշ։ Նույնիսկ Զեւքսիսի նկարում միրգը կտցող թռչունը կարող էր հիացմունքի արժանանալ։
Տափակաբանություն է, թե արվեստը սեւ ձկնկիթ է դառնում, երբ նրա ընդրօինակած իրականությունը նույնիսկ աղոտ կերպով այլեւս չի համապատասխանում ընդհանրապես ճանաչելի իրականությանը։ Նույնիսկ այդժամ սովորական մարդու վրդովմունքն, այնուամենայնիվ, խլացվում է այն երկյուղածությամբ, որ նա զգում է այդ արվեստի հովանավորների հանդեպ։ Միայն երբ նրանց կառավարած հաարակական կարգը այլեւս չի բավարարում հաարակ մարդուն, նա սկսում է քննադատել նրանց մշակույթը։ Այնժամ ժեխը քաջություն է գտնում իր մեջ բացեիբաց բարձրաձայնելու իր տեսակետը։ Յուրաքանչյուր մարդ՝ Թամանիի ավագանուց մինչեւ ավստրիացի ներկարարը համարում է, որ իրավունք ունի իր տեսակետը հայտնելու։ Հաճախ մշակույթի հարուցած վրդովմունքը ի հայտ է գալիս այնտեղ, որտեղ հասարակական դժգոհությունն արտահայտվում է ռեակցիոն ձեւերով՝ ռեվիվալիզմի, պուրիտանիզմի եւ ի վերջո՝ ֆաշիզմի։ Այստեղ հրացաններն ու ջահերը հիշատակվում են նույն ոգով, ինչ մշակույթը։ Հանուն Աստծո կամ արյան մաքրւթյան, հանուն ճշմարիտ ուղու եւ բարոյականության արձանները սկսում են ջարդուփշուր անել։
Շարունակությունը՝ այստեղ։
Թարգմանությունը անգլերենից՝ Արփի Ոսկանյանի։
1 thought on “Քլեմենտ Գրինբերգ/ Ավանգարդ եւ կիտչ(3)”
Comments are closed.