Ժամանակակից մարդը ապրում է իր օրենքներով և կենսաոճով: Այն մարդկանց, որոնք չեն հարմարվել այդ կենսաոճին, 21-րդ դարի բանահյուսությունը անվանում է «ապարանցի»: Միամտություն, անմիջականություն՝ դրանք ամենածիծաղելի հատկություններն են ժամանակակից մարդու համար: Եվ ընդհակառակը, միջնադարյան աշխարհընկալման համար դրանք ընտրյալության նշաններ են: Ամեն մի գործողության նախորդում էր ճշգրիտ և անխախտելի ծեսը: Հայկական խնջույքը նախատեսում է կենացների և դրանց պատասխան ժեստերի այնպիսի կոշտ համակարգ, որ ժամանակակից մարդու համար այն ավելի շուտ ներկայանում է որպես կոմեդիա, քան լուրջ ծես: Բայց միջնադարում այդպես չէր. եթե կերուխումի կանոնները խախտվում էին, կերածը համարվում էր «հարամ»՝ պիղծ: Դա չի խանգարել և չի խանգարում, որ խնջույքի մասնակիցները «կենաց ասելու» ծեսից հետո զբաղվեն ամենասովորական դեբոշով:
Առասպելաբանականության մյուս հիմնական ուղենիշը հենց ուղին էր: Մարդը, որ համարձակվել էր լքել իր բնակության վայրը, սուրբ վայրերը այցելելու կամ պարզապես ճանապարհորդելու համար, արդեն իսկ հրաշքին մոտիկ հերոսություն էր համարվում: Մարդկանց, որոնք ճանապարհորդում էին, նոր վայրերը, նոր մարդիկ, նոր սովորություններն այնքան զարմանահրաշ էին թվում, որ նրանք այդ ամենը նկարագրում էին հրաշքի կատեգորիաներով: Կարդացեք Մարկո Պոլոն և կտեսնեք, որքան հրաշքներ է նա տեսել սովորական, Արևմուտքից ոչ այդքան հեռու Հայաստանում: Համեմատեք այն Հայաստան այցելող ժամանակակից տուրիստի ձանձրույթի հետ՝ հիմար կիսարևելյան երկիր:
Բայց թվում է՝ կա մի զույգ կերպար՝ Գեղեցիկ Դաման և Անվեհեր Ասպետը, որ շարունակում է մեզ հուզել: Մեր իդեալները, մեր ամենասուրբ էրոտիկ զգացումները այդ կերպարներով ենք արտահայտում: Եվ ընդհակառակը, ծաղրում ենք այդ իդեալները, որպեսզի ցույց տանք մեր առաջադիմականությունը, ինչպես դա արել է Եղիշե Չարենցը «Ռոմանս Անսեր»-ում: Ի՞նչ է ասպետը միջնադարի համար:
Ասպետության իդեալը միջնադարում միահյուսված էր կրոնի աշխարհի հետ. միջնադարյան գիտակցության մեջ ամենաառաջին ասպետը Միքայել հրեշտակապետն է: Աստված շրջապատված է հրեշտակների ասպետական զորքով, որն առաջնորդում է Միքայել հրեշտակապետը: Ասպետ օծվելը միջնադարում համեմատում էին կնքվելու հետ:
Արտասանեք «ազնվականություն» բառը և կհասկանաք, թե այդ խավի հետ ինչպիսի հույսեր էին կապվում միջնադարում: Ատաջին հերթին քրիստոնեական համերաշխության և խաղաղության: Կիլիկիայում և անհավատների իշխանության տակ ապրող քրիստոնյաների համար՝ նաև ազատագրության: Բուշ-կրտսերը իր պայքարը ժողովրդավարության համար դեռ անվանում է «խաչակրաց արշավանք»: Այլակրոնները դրա մեջ տեսնում են այլատացության, ռասիզմի արտահայտություն, ռոմանտիկները՝ բարոյականության վերածնունդ:
Խաչակրաց արշավանքների մայրամուտին՝ 14-րդ դարի վերջին ծնվեց ուտոպիա. քրիստոնեական երկու ամենակարևոր թագավորները՝ անգլիացի Ռիչարդը և ֆրանսիացի Կառլը ստեղծում են վերասպետական ուխտ՝ ավելի հզոր, քան տաճարականներն են և հոսպիտալիերները․ միավորվում են և ստեղծում հզոր մի միություն, որ կհաղթի վերջապես անհավատներին, կազատի Տիրոջ գերեզմանը, կմոտեցնի քրիստոնեական աշխարհը բաղձալի Աստծո Արքայությանը:
Այդ դարի ժամանակագիրները, համարյա առանց բացառության, խոստանում են փառաբանել ասպետական հերոսականության վեհությունը, բայց իրականում նկարագրում դավաճանություն և նենգություն, շահամոլություն և սահմանափակություն: Ինչպես հայկական կղերական պատմագրությունը ամեն ինչը հանգեցնում էր Աստծո պատժի գաղափարին, այնպես էլ միջնադարյան մտածողությունը դուրս էր բերում ազնվական ասպետի պատվի զգացումից: Այս սկզբունքով են գրել Փավստոս Բուզանդը և Հովհան Մամիկոնյանը, այնպես որ, արևմտյան ասպետական պատմագրությունը թվում է գրագողություն հայկական աղբյուրների համեմատ։ Որքան էլ ֆանտաստիկ թվա, հենց այդպես է: Բայց ասպետի պատվի կոդեքսը, հայկական միջավայրից արևմտաեվրոպական տեղափոխված, հարստացավ և խորացավ, ինչպես հարստացավ և խորացավ արևմտաեվրոպական գոթական ճարտարապետությունը՝ սնվելով հայկական աղբյուրներից: Եվ ընդհակառակը. ասպետի հայկական կոդեքսը իր հայրենի միջավայրում մոռացվեց, ինչպես մոռացվեցին ճարտարապետության հոգևոր սկզբունքները: Մի դեպքում հաղթեց վաճառականության ոգին՝ օգուտը վեր է պատվից, մկուս դեպքում՝ նմանության և կեղծելու սկզբունքը. 17-18-րդ դարերում վերակառուցված Էջմիածնի Մայր տաճարը Շիրազի մզկիթներից մեկի նմանությունն էր:
Բայց մենք շեղվեցինք. նույնիսկ այսօր շատ են տղաները, որ երազում են Գեղեցիկ Դամայի մասին: Տերյանի պոեզիան, նրա սիրային խոստովանության հասցեատերը իրական աղջիկը չէ, այլ Գեղեցիկ Դաման: Այլ է բանաստեղծի հեգնանքը «Կատվի դրախտը» շարքում. Գեղեցիկ Դամայի մարմնավորողը քաղքենի կինն է: Նա խելոք չէ, այլ մոդայիկ մտքերի և գաղափարների կրող, նրա զգացումները գուցե գեղեցիկ են, բայց անմիջական չեն: Չարենցը, նրա հավատարիմ շարունակողը, ավելի հետևողական մերժում է գեղեցիկը, հանուն անմիջականի՝ սեքսի: Սեքսուալության խորհրդանիշը նրա համար Շամիրամն է, կարմիր գույնը՝ գրգռվածության գույնը, բայց առաջին հերթին՝ այն զայրույթի գույնն է: Չարենցը այլևս չի սիրում երկագույնը կամ կապույտը. նա առաջարկել է այդ գույնը իր սիրելիներին և հուսախաբվել: Նրան մերժել են և նա ընտրել է կարմիրը: Այն, որպես կանանցից մերժված լինելու գույն՝ արական զայրույթի նույնացում է դասակարգային զայրույթի հետ: Այսպես դասակարգային զայրույթը և անձնականը դառնում են դաշնակիցներ: Դա էլ է մերժում՝ հանուն հեղափոխության հզորության, բնականության և ճշմարտության. Շամիրամը խամրած քաղքենի է՝ հեղափոխության ճշմարտությանը դեմ հանդիման: