Համբարձում Համբարձումյան/«Հրեշները»

Գենտնահարկ լաբարատորիայում մեռելային, չարագուշակ լռություն էր: Նրանք զգուշորեն, ամեն պահի հարձակման սպասելով, առաջ էին շարժվում, ստուգում էին լաբարատորիայի աշխատողների կացարաններն ու փորձասենյակները, սակայն ոչ մի կենդանի շունչ չկար:

Վարձկանների նրանց ջոկատին ասված էր, որ ընդհատակյա լաբաորատորիան, որտեղ գերգաղտնի փորձարկումներ են արվում, գրավել են, նրանց առաջադրանքն էր մտնել լաբորատորիա, պարզել թե ովքեր են գրավել այն, և ինչու է լաբորատորիայի հետ կապը կտրվել: Նրանք ներս էին մտել լաբորատորիայի ետնամուտքից, որտեղ հասել էին ստորգետնյա թունելով, սակայն այնտեղից դուրս գալու համար պետք է հասնեին կառավարման կենտրոն և մուտքագրեին գաղտնաբառը, որ նրանց էր տվել «Մեջիքֆարմ» դեղագործական կորպորացիայի գործակալը՝ ջոկատը ձևավորողը:

Հաղթանդամ, թավ բեղ-մորուքով Արջը, որ ջոկատի հրամանատարն էր, գնում էր առջևից, իսկ նրանից կես քայլ ետ քայլում էր Դավիթը, որը մեկ շաբաթ առաջ էր բանտից դուրս եկել, բայց ստիպված էր ընդունել այս աշխատանքի առաջարկը, որովհետև հակառակ դեպքում բանկը կխլեր նրա տունը և ընտանիքը դրսում կհայտնվեր:

Բանտարկության երկու տարիների ընթացքում Դավիթը իր աղջիկներին չէր տեսել, որովհետև չէր ցանկացել, որ երեխաները իրեն բանտում տեսնեն: Կինը երեխաներին ասել էր, որ իրենց հայրը կարևոր առաջադրանքի է և կվերադառնա, երբ առաջադրանքը կատարի: Առավոտյան, երբ ոտնաթաթերի վրա զգուշորեն մոտեցել էր աղջիկների սենյակին, որպեսզի հրաժեշտ տա նրանց, դռան վրա փակցված էր մատիտանկարը, որ երեխաները երեկոյան էին նկարել: Նկարում եռագլուխ հրեշն էր պատկերված և սուպերհերոսը, որի ձեռքին մեծ թուր էր, մեջքին՝ «Դ» տառով երկար թիկնոցը , իսկ սուպերհերոսի տակ գրված էր «Հայրիկ»: Դավիթը մոտեցել, համբուրել էր քնած երեխաների գլուխները, բայց երբ շրջվել էր, որ սենյակից դուրս գա, փոքր աղջիկը արթնացել էր:

-Հայրիկ, ո՞ւր ես գնում, գործի՞:

-Հա, քնի:

-Հրեշներին սպանելո՞ւ:

-Հրեշների մասին մի մտածիր, թե չէ վատ երազներ կտեսնես:

-Արդեն տեսել եմ: Նրանք ուզում էին աշխարհը գրավել, բայց սուպերհերոսները հաղթեցին նրանց: Հայրիկ, դու սուպերհերոս ես, չէ՞, կսպանե՞ս հրեշներին:

Գարշահոտ փորձասենյակում, որտեղ սատկած առնետներով վանդակներն ու ակվարիումներն էին, ընկած էր երիտասարդ լաբորանտի դիակը: Գլխի մոտ արյան լճակ էր գոյացել, քունքի շուրջ մաշկը վառվել էր, իսկ ատրճանակը ձեռքի մեջ էր. երկրորդ կարծիք չէր կարող լինել, ջահելը ինքնասպան էր եղել: Բայց ի՞նչն էր ինքնասպանության դրդել նրան, մի՞թե վախը: Այդ ի՞նչն էր, որ ավելի սարսափելի էր եղել, քան մահը:

Դիակի զննությունից հետո ջոկատը շարունակեց քայլել, մինչև որ հասան գետնահարկ լաբորատորիայի ճաշարան, որտեղից սկսեց այնպիսի գարշահոտ գալ, ինչպիսին գալիս էր սատկած առնետների սենյակից: Ջոկատի անդամները իրենց շուրջը նայեցին՝ փնտրելով գարշահոտի աղբյուրը, սակայն կենդանու կամ մարդու դիակ չկար: Ջոկատի անդամներից Չեմպիոնը, որը նախկին բռնցքամարտիկ էր, մտավ խոհանոց, որպեսզի ստուգի, և նույն պահին էլ ականջ սղոցող կենդանական ոռնոց լսվեց ու պայքարի ձայները՝ Չեմպիոնի ճիչն ու գենտնին ընկնող կաթսաների ձայնը: Ջոկատի անդամները մտան խոհանոց, և այն, ինչ տեսան, սարսափեցրեց նրանց: Խոհարարի շորերով հաղթանդամ տղամարդը խժռում էր Չեմպիոնին: Նրա կտրված երակից արյուն էր շատրվանում, բայց ֆիզիկապես ամուր Չեմպիոնը դեռ փորձում էր պայքարել:

Մելիքը ինքնաձիգով նշան բռնեց ու կրակահերթ արձակեց խոհարարի լայն թիկունքին, սակայն խոհարարը չընկավ: Երբ անշնչացած Չեմպիոնն ընկավ գետնին ու խոհարարը շրջվեց, ջոկատի անդամները ապշանքից ու սարսափից սառեցին. նրա դեմքի մաշկը ամբողջությամբ քայքայված էր, շրթունքները և մի աչքը չկային և երևում էին ատամները, որոնց արանքներում կարմրին էին տալիս Չեմպիոնի մսի ծվեններն ու արյունը: Ապշանքը մի ակընթարթ տևեց, որովհետև հաջորդ վայրկյանին խոհարարը, նույն անասնական ոռնոցը արձակելով, հարձակվեց Մելիքի վրա ու նրա վիզը բռնեց: Դավիթը նշան բռնեց ու կրակեց խոհարարի գլխին: Խոհարարը տապալվեց գետնին, բայց չէին հասցրել ուշքի գալ և քննարկել տեղի ունեցածը, Չեմպիոնը ոտքի կանգնեց:

-Մենք մտածում էինք` մեռել ես, – դեպի Չեմպիոնը քայլելով՝ ասաց ջոկատի միակ կինը ՝ Անուշը, որին Չեմպիոնը ողջ ճանապարհին փորձում էր կապել, բայց նրա անճարակ փորձերը միայն զվաճացնում էին Անուշին և ջոկատի մնացած անդամներին:

-Հեռու մնա,- բղավեց Դավիթը:

Ուշ էր, Չեմպիոնի ատամներն արդեն խրվել էին Անուշի այտի մեջ: Զավեշտալի կլիներ, եթե ամեն ինչ այդքան սարսափելի չլիներ, որովհետև ճանապարհին Չեմպիոնը Անուշին կապելու փորձերի ժամանակ ասել էր. «Ուտեմ մռութդ» և հիմա բառի բուն իմաստով խժռում էր նրա «մռութը»: Անուշը ճչում էր, շոկի մեջ անկանոն թափահարում էր թևերը: Դավիթը փորձում էր նշան բռնել, որ առանց Անուշին վնասելու կրակի Չեմպիոնի գլխին, բայց հանկարծ գիտակցեց, որ վիրուսն արդեն Անուշի մեջ է և նրան էլ է պետք ոչնչացնել: Հիմա նա հասկանում էր, թե երիտասարդ լաբորանտը ինչու էր գնդակ արձակել գլխին, որպեսզի մեռնի: Նա կրակահերթ արձակեց Չեմպիոնի ու Անուշի գլուխներին և ինքնաձիգը թեքեց դեպի Մելիքը, որը ձեռքի ափով սեղմել էր արնահոսող վերքը և ծանր էր շնչում:

-Ես ինքս,- ասաց Մելիքը:

Մելիքը ծնկի եկավ, ինքնաձիգը դրեց կզակի տակ և մատը դրեց ձգանին:

-Գնացեք, չեմ ուզում, որ տեսնեք:

Դավիթը և ջոկատի մյուս երկու անդամները դուրս եկան խոհանոցից և շարժվեցին դեպի ճաշարանից դուրս տանող մոտակա դուռը: Երբ արդեն հասել էին դռներին, լսվեց կրակոցի ձայնը: Կանգնեցին, բայց նրանց կանգնեցնողը Մելիքի կրակոցը չէր: Դռների ապակիների միջով նրանք տեսնում էին ճաշարան բերող միջանցքով դեպի իրենց վազող զոմբիների բազմությունը: Վազեցին դեպի ճաշարանի մյուս ծայրը ու դռան մոտ դիրքավորվեցին: Զոմբիները ներս խուժեցին ու իրենց սուր, ականջ ծակող ոռնոցով լցրեցին ճաշարանը: Դավիթը կրակեց այնքան, մինչև պահունակի փամփուշտներն ավարտվեցին, ապա շջվեց ու վազեց երկար, անվերջանալի թվացող միջանցքով: Վազում էր առանց ետ նայելու և ընթացքում զարմանում էր, որովհետև երբեք չէր կարծել, թե կարող է նման արագություն բացել: Երբ հասավ միջանցքի ծայրին, ետ շրջվեց ու տեսավ, որ զոմբիները դեռ միջնամասում են, իսկ ջոկատի երկու անդամները չկային:

Միջանցքից դուրս գալով՝ Դավիթը իրեն նետեց փորձասենյակներից մեկը և դուռը կողպեց: Մի քանի վարկյան անց զոմբիները մտան սրահ ու սկսեցին խմբվել փորձասենյակի դռան մոտ: Չնայած դուռը ձայնամեկուսիչ էր, բայց Դավիթը լսում էր նրանց ոռնոցները, նրան նույնիսկ թվաց, թե նրանց ատամների կրճտոցն էլ է լսում:

Մի քանի ժամ նստեց փորձասենյակի անկյունում, հետո անորոշությունից ու պարապությունից սկսեց փորձասենյակի պահարանները զննել: Պահարաններից մեկում բժշկական սպիրտով անոթ կար: Ջրով բացեց սպիրտը ու խմեց՝ սկզբում փոքր կումերով, իսկ վերջում արդեն այնպես, ինչպես ջուրը կխմեն: Նյարդերը հանգստացան ու թմբիր իջավ մարմնի վրա:

Ինքը կծկված է բետոնե արգելապատնեշի ետևում, ինքնաձիգը ոտքերի արանքում պահած: Արևի կուրացնող ճառագայթները ընկնում են դեմքին, ու զգում է, թե աղի քրտինքը ինչպես է քունքերի մոտից ներքև սահում ՝մռմռացնելով այտի վերքը, որ դեռ արնահոսում է: Գլուխը շրջում է ու նայում հանցագործների ուղղությամբ: Նրանք բարձունքի վրա են ու կրակի տակ են պահում ճանապարհը: Հանցագործները սև դիմակներով են, իսկ պատանդների գլխին պարկեր են հագցրած: Հանցագործներից մեկը ետ ու առաջ է քայլում, թափահարում է ձեռքի ատրճանակը և ինչ-որ բառեր է գոռում, որ ինքը չի հասկանում: Զգում է, եթե ինչ-որ բան չանի՝ պատանդներին կսպանեն:

Վերցնում է ռացիան ու նորից կապ է տալիս:

– «Բազե մեկ», «Բազե մեկ», ասում եմ՝ նրանք օգնական ուժեր են սպասում, հենց որ եկան, պատանդներին կսպանեն:

-«Բազե երեք», մենք հասնում ենք, ոչինչ մի արա, սա հրաման է, լսում ես:

– Դե գնա, ես քո…

Նորից հետ է նայում: Մոտ հարյուր մետր վազելը, նրանց հասնելը և ոչնչացնելը խելահեղություն է թվում, դա հավասար է ինքնասպանության: «Ես հրաման ունեմ»,- մտածում է, բայց նույն պահին էլ սթափությունը վերադարնում է. հրամանի պատճառով չէ, որ չի համարձակվում նետվել ու փրկել պատանդներին: Քրտինքը ավելի առատորեն է արտածորում: Այտի վերքի վրայով արդեն քրտինքի առվակներ են հոսում:

Լսվում է մոտեցող մեքենայի ձայնը: Հիմա, հենց հիմա է պետք տեղից պոկվել, քանի դեռ նրանց ուշադրությունը մոտեցող մեքենայով է զբաղված, ինքը կարող է մեկ-երկուսին վնասազերծել , իսկ մյուսները գուցե խուճապահար փախչեն ու պատանդներին չսպանեն: Չի շրջվում, բայց ամենայն մանրամասնությամբ պատկերացնում է, թե մեքենան ինչպես է մոտենում ու կանգնում, թե հանցագործները ինչպես են վազում դեպի մեքենաները:

Հետո լսվում են կրակոցների ձայները: Մեկ, երկու, երեք: Առաջին կրակոցից հետո բարձրանում է տեղից ու վազում է դեպի պատանդները: Վազքի ընթացքում կրակում է հեռացող հանցագործների հետևից, բայց տարածությունը այնքան մեծ է, որ նույնիսկ կանգնած թիրախին է դժվար դիպչելը: Մեքենայի միջից ինքնաձիգից կրակ են բացում իր վրա, բայց ինքը շարունակում է վազել. գուցե դեռ հնարավոր լինի ինչ-որ մեկին փրկել: Մեքենան տեղից պոկվում է, նա կրակում է հեռացող մեքենայի վրա, բայց հասկանում է, որ դա ապարդյուն է:

Հետո մոտենում է պատանդներին ու հանում է նրանց գլխի պարկերը. երեք պատանիներ են, 13-ից 15 տարեկան: Մոտենում է հրամանատարի մեքենան, հրամանատարը իջնում ու սկսում է գոռգոռալ, որ դատի կտա իրեն հրամանին չենթարկվելու համար: Ինքը ինքնատիրապետումը կորցնում է ու հարվածում է հրամանատարին, սկզբում բռունցքներով, ապա նաև ոտքերով: Ծառայակիցները իրեն հեռացնում են արնաշաղախ հրամանատարից: Մինչ նրանք հրամանատարին առաջին օգնությունն են ցույց տալիս, ինքը նստում է գետնին ու նայում է ձեռքերին: Ձեռքերն արյունոտ են, բայց տարօրինակ է այն, որ ոչ թե բռունցքներն են արյունոտ, այլ ափերը:

Դավիթը աչքերը բացեց ու գլխավերևում տեսավ օդատարը: Առաջին մղումը չորացած կոկորդն ու բերանը հեղուկ լցնելն էր, բայց հաջորդ պահին գիտակցությանը հասավ, որ օդատարը կարող է փրկություն լինել:

Նեղ օդատարով դժվար էր առաջ շարժվել, հատկապես, որ նա փորձում էր հնարավորինս անաղմուկ սողալ: Սողալու ընթացքում լսում էր ներքևում խլրտացող զոմբիների ձայները։ Մինչև կառավարման կենտրոն հասնելը մի քանի ժամ տևեց:

Հասավ Կառավարման կենտրոնին ու օդատարով ցած իջավ, ապակե պատերի մոտ խմբված էին զոմբիները, մտածեց, որ ամբողջ ընթացքում հետապնդել են իրեն: Նրանց մեջ Դավիթը նկատեց Մելիքին՝ ուրեմն այն, ինչի համարձակությունը ունեցել էր ջահել լաբորանտը, չէր կարողացել անել փորձառու հրամանատարը: Հանկարծ գիտակցեց, որ չի մեղադրում Մելիքին, հիմա ավելի քան երբևէ կյանքը թանկ էր։ Բանտից դուրս գալուց հետո այնքան կուտակված գործեր էին եղել, որ կարգին չէր էլ շփվել երեխաների ու կնոջ հետ։ Ապրելու, կնոջ ու երեխաների հետ լինելու ցանկությունը այնքան մեծ էր, որ Մելիքի՝ կյանքից կառչելու թուլությանը ներողամտորեն էր վերաբերվում։

Դավիթը մոտեցավ գերհզոր համակարգչին: Ծոցագրպանից հանեց գաղտնաբառը ու հավաքեց, բայց երբ պիտի սեղմեր «մուտք» կոճակին, հանկարծ գիտակցեց. իրենց ջոկատը նրա համար չէին ուղարկել, որպեսզի պարզեն, թե ով է գրավել լաբորատորիան: Իրենց ուղարկել էին, որ գաղտնաբառը հավաքեն ու գործի դնեն ինքնաոչնչացման մեխանիզմը: Մի կարճ պահ նրա մտքով անցավ, որ պետք է վերադառնալ ետնադռան մոտ, պայթեցնել այն և դուրս գալ լաբորատորիայից, բայց նա անմիջապես հեռու վանեց այդ միտքը: Ինքը երկրորդ անգամ նույն սխալը չի կրկնի, չի կարող թույլ տալ, որ այդ արարածները դուրս գան լաբորատորիայից, ինքը պետք պետք է ոչնչացնի «հրեշներին»: Դավիթը փակեց աչքերը և սեղմեց:

Please follow and like us: