ԲԱՆԱՎԵՃ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ «ԱՅՐՎՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ» ՎԵՊԻ ՇՈՒՐՋ

Հասմիկ Հակոբյան

Գուրգեն Մահարու՝ երեսուն տարիների ընթացքում ստեղծված և 1966 թվականին լույս տեսած «Այրվող Այգեստաններ» վեպը հայ իրականության մեջ առաջին գիրքն էր, որ հրապարակայնորեն այրվեց 60-ականների ազգային զարթոնքին ու Հայոց ցեղասպանության հիսնամյա տարելիցին հաջորդող շրջանում։ Գրողը մեղադրվում էր ապազգայնության համար։ Ըստ երևույթին, գիրքը լույս էր տեսել անպատեհ ժամանակաշրջանում, ինչն էլ առիթ էր դարձել գրողի ու նրա գրականության դեմ անողոք արշավի։ Բարբարոսությունը հասել էր այնտեղ, որ ոմանք սպասում էին գրողի Կասյան փողոցում գտնվող տան դռան մոտ, իսկ երբ գրողը բացում էր դուռը, գիրքը նետում էին նրա ուղղությամբ, սպառնալից ու վիրավորական նամակներ էին ուղարկում, քարկոծում գրողի տան պատշգամբը։ Ժամանակի քննադատները Մահարու գիրքը գնահատում էին պատմական իրադարձությունների համատեքստում՝ լուսանցքում թողնելով դրա գեղարվեստական արժանիքները և այլ կարևոր հանգամանքներ։ Ընդդիմախոսները Մահարուն չէին ներում Վանի հերոսամարտի նկատմամբ ունեցած հեգնական վերաբերմունքի, Արամ Մանուկյանի կերպարի անպատշաճ ներկայացման և քաղաքական կուսակցությունների անպատասխանատու գործունեության նկարագրության համար։ Հեղինակը քաղաքական կուսակցությունների գործունեությունը բնորոշում էր «բզեզի բունը քանդել» ձևակերպմամբ, ինչն էլ, ըստ Մահարու, առաջ է բերել թուրքական զայրույթը։ Ինքը՝ գրողը, որոշ չափով կանխագուշակում էր հնարավոր արձագանքների բնույթը․ «Հիմա, երբ մենք ունենք պետություն և պետականություն, չպետք է վախենալ անցյալին նայելուց և վերաքննության ենթարկելուց մեր անցած ճանապարհը, չկրկնելու համար հին, ճակատագրական սխալները: Պետք է հասկանանք, որ մենք փոքր ազգ ենք և պիտի գնահատենք մեր ունեցածը և ձեռք քաշենք քաջ նազարությունից: Խորապես գիտակցում եմ, որ գիրքս շատերին դուր պիտի չգա, բայց գրողը ճշմարտության զինվորը պիտի լինի, որքան էլ այդ ճշմարտությունը դառը լինի»,- 1967 թվականին Արամ Հայկազին հասցեագրված նամակում գրել է Մահարին։

Գրողի ստեղծագործության առաջին արձագանքները հայտնվեցին գրական մամուլում։ «Գրական թերթ»-ի էջերում տեղ գտավ ՀՍԳ Միության քարտուղարությունում տարբեր նամակների, հոդվածների ու գրախոսականների քննարկման և ամփոփման արդյունքում ծնված դիտարկումներից կազմված մի զեկույց[1], որտեղ գնահատվում է Մահարու տաղանդը, նշվում այն կետերը, որոնք պատմական անճշտություններ են առաջացնում և անթույլատրելի են համարվում, ապա խորհուրդ է տրվում վերանայել գործը՝ հաշվի առնելով բերված դիտարկումները։ Լ․ Հախվերդյանն իր հոդվածներից մեկում հարևանցի հիշում է, որ ՀԳՄ քարտուղարության դատապարտող որոշումը նախաձեռնել է Պ․ Սևակը, ով մերժում էր վեպն իրեն հատուկ անզիջում կրքով[2], իսկ Ս․ Գրիգորյանը կարծում է, որ Պարույր Սևակին գրողների միության որոշման նախաձեռնող կամ կազմակերպիչ համարելու հիմքեր չկան[3]։ ՀԳՄ քննարկումը դատապարտել են Գևորգ Աճեմյանը, Անդրանիկ Ծառուկյանը։

«Երբե՞ն ի վեր «ընթերցողներու դիտողությունները և բազմաթիվ նամակները» մեկնակետ ծառայած են գրագետի մը արժեքը չափելու, որպեսզի քարտուղարությունն ալ իր կարգին նույնանար շարքային ընթերցողի և հավաքական վճիռ արձակեր[4]»։

Վեպի քննարկումը շարունակվել է նաև ԵՊՀ-ի դահլիճում։ Մասնակիցները խստորեն քննադատել են վեպում արտահայտված գաղափարները՝ հեղինակին մեղադրելով հակապատմական ընդհանրություններ անելու, երգիծանքի շահարկման, ազգային հերոսներին անարգելու, հայ ժողովրդին խայտառակելու և այլ մեղքերի համար։ Քննադատությունը պնդում էր, որ Մահարին «փորձել է քաղաքական վեպ գրել, բայց պատկերացում չունի ժամանակաշրջանի քաղաքական երևույթների մասին, այդ պատճառով էլ առաջին պլան է մղել կենցաղը տապալվելով իր մտահղացումների մեջ գլխավոր խնդրում[5]»։

«Ահա… հիմա էլ մի նամակ են սարքել թուրքերեն և տարածում են ձեռքից ձեռք, ուր շնորհակալություն է հայտնում թուրքը… իմ վեպի համար», «Գրողների միության ղեկավարության օրհնությամբ ինձ բզկտում են, վարկաբեկում և չունեմ ոչ մի պաշտպան[6]»,- իր հանդեպ սկսված արշավի մասին պատմել է ինքը՝ Մահարին։

Արձագանքողներից մեկն էլ լրագրող, բանասեր Մարգո Մխիթարյանն էր, ով «Գրողը և պատմական ճշմարտությունը» վերտառությամբ հոդվածում հետևյալ տեսակետն է հայտնել․ «Կամ հեղինակը, հենվելով իր մանկական հիշողությունների և ընկալումների վրա, թերագնահատել է պատմական գրականությունը և, մեղմորեն ասած, գրել մի անբարեխիղճ վեպ, և կամ էլ լավատեղյակ պատմական գիտության փաստերին, ստեղծել է իր ուրույն կոնցեպցիան, և դարձյալ մեղմ ասած՝ կեղծել պատմությունը»։ Հոդվածագիրն այն կարծիքին է, թե Մահարին անվերապահորեն կիսում է Քեմալի փիլիսոփայությունը տիրողների և հպատակների մասին։ «Մեղանչելով պատմական ճշմարտության դեմ՝ Գուրգեն Մահարին մեծ հետևողականությամբ զարգացնում է խնամքով մշակված իր դրույթները և մինչև վերջ հավատարիմ մնում դրանց (ոչինչ, որ այդ ճանապարհին նա զոհում է Վանի հերոսամարտը և սայթաքում մինչև թուրք պատմագրության թեզերի դիրքերը)։ Նա խորապես գիտակցում է, թե ինչ է ուզում, գիտակցում, թե ինչ է ասում[7]»,- գրում է Մ․ Մխիթարյանը։

 «Հայրենիքի ձայն»-ում հրապարակվում է Շահնուրի նամակն՝ ուղղված Մահարուն[8]։ Մահարին իր վեպն ընծայագրել էր Շահնուրին, ինչի առիթով Շահնուրն իր համեստ երախտագիտությունն է հայտնում գրողին։ Շահնուրն իր նամակի բովանդակության մեծ մասը նվիրում է Մահարու գործի գեղարվեստական արժանիքները՝ երկի կառուցվածքը, լեզուն, բառերի ճշգրիտ կիրառությունը, ասույթների առատությունն ու դիպուկությունը, ինչպես նաև ճանաչողական արժեքը գնահատելուն։ Շահնուրը մեծ հիացմունք է հայտնում իր բնորոշմամբ՝ աննման «Այրվող այգեստաններ»-ի մասին՝ հավելելով․ «Երջանկությունս մեծ եղավ, երբ հաստատեցի, թե դուն կմտածես ճիշտ այն, ինչ որ ես կմտածեմ մեր «հեղափոխականներու» գործին մասին։ Եթե գիտնաս, թե քանի-քանի գիշերներ խմբված փարիզյան սրճարանի մեկ անկյունը, մենք դատապարտած ենք այդ գործը, ճիշտ քու բառերովդ՝ արդո՞ւնքը, հետևա՞նքը։ Ավելին, քու քննադատությանդ մեջ տեղ չէր գտած ոխը։ Արդեն չէր կըրնար գտնել։ Ան, որ գիտե տեսնել գիրին ետևը, ան որոշակի կտեսնե քու անսահման բարությունդ, քո մարդկային զգացումներուդ խորությունը։ Պատկառազդու պատրիարք մը պիտի համբուրեր քու լուսավոր ճակատը, ես միայն սա կըսեմ, Մահարի, շատ ապրե, քե մեռնեմ, մինչև որ վերագտնես Վանը[9]»։ Սա տվյալ ժամանակաշրջանի հայտնի այն սակավ դրական արձագանքներից մեկն է, որը Շահնուրը գրել է իրեն բնորոշ ինքնատիպությամբ ու ոգեղենությամբ։

Երկին անդրադարձել է նաև գրականագետ Սուրեն Աղաբաբյանը՝ առաջին հրատարակությունից տասնչորս տարի և երկրորդ հրատարակությունից մեկ տարի անց[10]։ Նշենք, որ երկրորդ հրատարակությունը լրամշակված, որոշակի ճշտումներ և հավելումներ արված և առաջինից բավականին տարբեր գործ էր[11], որն ընդգրկվել էր Մահարու չորսհատորյակի չորրորդ հատորում և լույս էր տեսել հեղինակի մահվանից տասը տարի անց։ Առանցքային է վեպի երկրորդ հրատարակության առիթով 1968 թ. հունվարի 28–ին գրված հետևյալ ձևակերպումը․ «…Եվ ո՞ւմ, ո՞ւմ մտքով կանցնի իր զավակի դագաղի վրա ողբացող մոր ողբասացության մեջ քերականական կամ հնչյունական սխալներ որոնել, գտնել կամ չգտնվել… կամ վշտից ծամածռված նրա դիմագծերում ժպիտ հիշեցնող նշույլներ փնտրել, տեսնել կամ չտեսնել…» (ԵԺ, IV, 7)։

Անդրադառնալով վեպի երկրորդ տարբերակին՝ Ս․ Աղաբաբյանը տեղին է համարում և դրական գնահատում հեղինակի կատարած փոփոխությունները։ Ս․ Աղաբաբյանը չի կիսում քննադատների այն կարծիքը, թե Մահարու վեպը պատմաքաղաքական է։ Նա վեպը համարում է հոգեբանական-կենցաղային՝ Վանի պատմաքաղաքական իրադարձությունների համադրությամբ։ Անդրադառնալով վեպի քննադատությանը՝ Ս․ Աղաբաբյանը գրում է․ «Վեպի քննություններում տեղ գտան նաև անձնական կրքերին հենվող տպավորություններ» (ամենասարսափելին՝ իբրև թե թուրքերի կատարած ոճիրը Մահարին վերագրում է զոհերին), մակերեսային, ոչ գրական հայացքներ»։

Հատկանշական է, որ վեպի երկրորդ հրատարակումից հետո վեպի հասցեին գնահատողական կարծիքներն ավելանում են ու դառնում են ավելի անկաշկանդ։ Աղավնին գրում է․ «…սքանչելի վեպ, նոր շնչով, նոր խոսքով ու բոլորեքյան նորաձև մի քերթվածք, որը Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» և Ակսել Բակունցի «Կյորես» վիպակների հետ մեր արձակի անմեռ մի խաչքար կարելի է համարել[12]»։

Գնահատողական հոդվածով է հանդես եկել նաև գրականագետ Աբգար Ափինյանը, ով Արամ Մանուկյանի մահարիական կերպվորման մասին գրել է․ «Այս մեծ քաղաքական գործչին գնահատալիս Մահարին, պետք է ընդունել, շատ հարցերում պարզապես անարդար էր[13]», ապա ավելացնում․ «Ինչպես էլ գնահատելու լինենք այդ կերպարն ու հեղինակային դիրքորոշումը, պետք է ընդունենք, որ Մահարին սխալվելով մասնավոր դեպքում, արդար է հիմնական հարցադրման մեջ, պնդելով, թե օրհասի պահին աղետ է կուսակցական նեղմտությունը[14]»։ Ա․ Ափինյանի այս հոդվածում որոշակի հակասություններ է տեսել ու մատնանշել Ս․ Գրիգորյանը[15]։

Մահարուն պատմական ճշմարտության դեմ մեղանչելու համար մեղադրել է նաև գրականագետ Լևոն Հախվերդյանը[16], ով վեպի երկրորդ հրատարակությունից հետո արդեն հանդես է եկել վեպի պաշտպանի դիրքերից[17] և ողջունել է քննադատությանը ականջալուր լինելու Մահարու քաջությունը։

1993 թվականին որոշվում է նշել Մահարու 90-ամյակը, ինչի առիթով վերստին նորոգվում է Մահարու և «այգեստանների» թեման գրաքննադատական հոդվածների տեսքով։ Մահարուն բաժին հասած ճակատագրի մասին հոդվածով նորից հանդես է գալիս Լևոն Հախվերդյանը։ Նա հիշում է, թե ինչ հիացական արձագանք ունեցավ վեպի մի հատվածի հրապարակումը «Գրական թերթում», ապա նաև՝ թե ինչ համաժողովրդական ու համավանեցիական անկառավարելի ու մասսայական բողոքի ալիք բարձրացավ վեպի ամբողջական տարբերակի հրատարակումից հետո։ Լ․ Հախվերդյանը հիշատակում է հետևյալը․ «Սիրանուշ Թութունջյանն էլ՝ Մահարու երբեմնի կինը, զարգացած, խելամիտ մի անձ, այն էր բողոքում, թե Վանի վաճառականները ինչպես իր հայրը, էշերով չէին շրջում, այլ ֆայտոնով, ինչո՞ւ նսեմացնել։ Այն էլ ասում էին, թե Մահարու հայրը՝ Գրիգորը, աննպաստ դեր էր խաղացել եղեռնին նախորդող դեպքերի մեջ, այդ պատճառով են նրան սպանել, և Մահարին հիմա վրեժ է լուծում («Մանկության և պատանեկության» մեջ գրողը մտաբերել է այդ դեպքը և բնորոշել մի բառով՝ «մո՛ւժ[18]»)»։

Ահա քսան տարվա հեռավորությունից Լ․ Հախվերդյանը փորձում է տալ տեղի ունեցածի իր բացատրությունը՝ կապելով այն հանգամանքի հետ, որ Մահարին 20-30-ականների մարդ էր իր ընկալումներով։ Իսկ ընկալումները պատկերավոր ցույց տալու համար Հախվերդյանը բերում է Չարենցի ու Թոթովենցի երգիծանքի օրինակները՝ այս համատեքստում ցույց տալով Մահարու հումորի ակունքները։ Իսկ թե ինչու Չարենցին ու Թոթովենցին ներվեց ազգային հարցերի վերաբերյալ ցինիզմի հասնող երգիծանքը, իսկ Մահարուն՝ ոչ, Հախվերդյանը բացատրում է ազգային ինքնագիտակցության շարժով՝ բերելով Եղեռնի վերաբերյալ իր նախկին ու ներկա ընկալումների տարբերության օրինակը։

Հաջորդիվ գրականագետը հիշատակում է Մահարու գործի վերաբերյալ հնչած մեղադրական ու պաշտպանական հոդվածները՝ հոդվածը համեմելով ծավալուն մեջբերումներով, Մահարու կյանքի վերջին տարիներին նրա հետ ունեցած նամակագրության հատվածներով և ափսոսանքի խոսքերով։ Գրականագետի մեջբերումներում երևում է, որ Մահարին համաձայնել է գրականագետի քննադատությունների հետ և դրանց հիման վրա է վեպում փոփոխություններ արել։

Մարահու գործի դեմ արշավի պատճառների մասին խոսել է նաև Ռաֆայել Իշխանյանը՝ նախ Ս․ Գրիգորյանի «Անկախ Հայաստանի գրական հոգեվարքը» հոդվածին ի պատասխան գրված «Հոգեվա՞րք, թե՞ նահանջ» հոդվածի ապա նաև այլ հոդվածների շրջանակներում։ Խոսելով հակամահարիական արշավի մասին՝ Ռ․ Իշխանյանը գրում է․ «Հակամահարիական արշավի պարագային դեր խաղաց մեր ազգային վշտի մեծությունն ու դրանից բխող նեղսրտությունը․ մտածում էին՝ ի՞նչ իրավունքով է Մահարին գրել, որ 15 թվի մեր ազգային ողբերգության մեջ մենք՝ հայերս նույնպես մեղքի բաժին ունենք կամ՝ ինչպե՞ս կարելի է հայ վեպում ունենալ թուրք դրական հերոս և այլն[19]»։

Մահարու անձի և ստեղծագործությունների մասին գնահատողական կամ վերագնահատողական հոդվածներով հանդես 1993-ին հանդես եկան Ռ․ Խաչատրյանը[20], Ա. Զաքարյանը[21], Հր. Հովհաննիսյանը[22], Ն. Ադալյանը[23], Կ․ Դանիելյանը[24], Ս․ Խանզադյանը[25] և այլք։ Ն․ Ադալյանն իր հոդվածում հիշում է իր ստեղծագործության առիթով սկսված մտերմությունը Մահարու հետ, գնահատում նրա գեղարվեստական գունագեղ աշխարհը՝ հպանցիկ անդրադառնալով «Այրվող այգեստաններ»-ի շուրջ ծավալված քննարկումներին։ Հր․ Հովհաննիսյանն էլ հերքում է այն խոսակցությունները, թե Մահարու դեմ սկսված արշավը վերին օղակների կազմակերպած գործ էր։ Նա նշում է, որ Մահարուն մեղադրողները հենց իր հայրենակիցներն էին՝ վանեցիները։ Հոդվածագիրը հիշում է մի պատկառելի վանեցու հետ ունեցած իր զրույցը Մահարու քննարկվող գործի մասին, որտեղ վանեցին Մահարուն մեղադրում է մի ընտանիքի օրինակով վանեցիների կերպարը աղավաղելու և Վանի ինքնապաշտպանությունն անտեսելու համար։ Հր․ Հովհաննիսյանն այդպիսով կարծես հիմնավորում է ժամանակին Մահարու գործի շուրջ առաջացած քննադատական ու մեղադրական աղմուկի իրավացիությունը, ապա հոդվածը շարունակում գնահատողական նոտայով։ «Մահարին այդ օրերին հեռացավ Երևանից և, հավանաբար, զգալով անսպասելի քննադատության ճշմարտացիությունը, շտկեց վեպը, գրեց նոր տարբերակ, և այն դարձավ մի հիանալի, հոյակապ ու կուռ վիպասք բաղձալի Վանի, նրա խայտաբղետ բնակիչների վարքի, կենցաղի, պայքարի ու հերոսության մասին[26]»։

Մահարու Մահարու 90-ամյակի առիթով գրված հոդվածներին «Պատեհապաշտ մահարիապաշտություն» հոդվածով անդրադառնում է գրականագետ Սեյրան Գրիգորյանը։ Անընդունելի համարելով գրողի հանդեպ սկսված արշավը կազմակերպելու մեջ Սևակին ուղղված մեղադրանքները՝ Ս․ Գրիգորյանը գրում է․ «Հոբելյանական – պատեհապաշտ մահարիապաշտները առայժմ  ընդամենը շինծու և անհիմն խոսքեր են ասել, «վերագնահատություններ» արել առանց վերլուծության, հայտնություններ՝ առանց փաստերի վկայակոչման։ Առանց որևէ անուն տալու նրանք «ոչնչացրել են» Մահարու երբեմնի բոլոր քննադատներին, իսկ «նախաձեռնողին»  ու «կազմակերպչին» անվերապահորեն  հայտնաբերել են ու հայտարարել[27]»։ Ս․ Գրիգորյանն իր հոդվածը հետևյալ հարցադրմամբ է եզրափակում․ «իսկ դո՞ւք ինչ էիք անում 1967 թվականին։ Ձեր աչքերի առաջ տանջում էին ձեր սիրելի գրողին, որը մաքուր էր և արդար՝ սրբի նման, և դուք մկան նման քաշվել էիք ձեր ծակը և ականջ էիք դնում։ Ինչո՞ւ մի հոդվածով, ելույթով, նամակով մեջտեղ չէիք գալիս, պաշտպանում անբիծ Մահարուն ու վեպը։ Կմերժեի՞ն, չէի՞ն տպագրի, կիջեցնեի՞ն ամբիոնից։ Ոչինչ, այսօր գզրոցից կհանեիք մերժված հոդվածի խունացած էջերը և կտպագրեիք[28]»։

Արձագանքելով Ս․ Գրիգորյանի հոդվածին՝ Ռ․ Իշխանյանը վախի հանգամանքով է բացատրում Մահարու վեպի վերափոխված տարբերակի լույս աշխարհ գալը և մտերիմների համր լռությունը։ «Ս. Գրիգորյանը չի զգացել ամբողջատիրական բռնապետության, կագեբեի մամլիչ ուժը, որը մարդուն դարձնում էր վախկոտ, հարմարվող, զզվելի էակ: Իսկ ով չէր հարմարվում, փտում էր Սիբիրում կամ գնդակ ստանում[29]»,- գրում է հոդվածագիրն ի պատասխան Ս․ Գրիգորյանի հարցադրման:

Ս․ Գրիգորյանի հոդվածում տեղ գտած մտքերին ու գաղափարներին անդրադառնում է Լ․ Հախվերդյանը՝ «Չափ ու սահման պիտի ճանաչե՞լ, թե՞ ոչ»[30] հոդվածով, որին ի պատասխան Ս․ Գրիգորյանը գրում է «Ոչ» հոդվածը[31]։ Այս բանավիճային հոդվածներում ավելի շատ քննվում է Մահարի-Սևակ փոխհարաբերությունները Մահարու գործի քննադատության շրջանակներում։

Ժամանակին վեպի շուրջ բարձրացված աղմուկին անդրադարձել է նաև գրողի որդին՝ Գ․ Աճեմյանը՝ ուսումնասիրելով Մահարու նամակներն ու այլ փաստական տվյալներ։ Նա ասում է․ «Այն, ինչ կատարվեց «Այրվող այգեստանների» հետ, միայն մեկ վեպի կամ մեկ գրողի ողբերգությունը չէր։ Դա սովետահայ գրականության ողբերգությունն էր։ Բարոյական որպիսի սնանկության պետք է հասնեին Մահարուն շրջապատող «բարեկամ-գրողները», որ նրանցից ոչ ոք չբարձրաձայներ իր ձայնը չորս բոլորում կատարվող գրական ինկվիզիցիայի դեմ, որը վերջին հաշվով խլեց գրողի կյանքը[32]»։ Գ․ Աճեմյանն անդրադարձել է նաև համերկրացիներ Մահարի-Կապուտիկյան փոխհարաբերություններին՝ դրանք քննելով Մահարի-Զարյան փոխհարաբերությունների կապուտիկյանական մեկնության համատեքստում[33]։ Գ․ Աճեմյանը հիշեցնում է, որ Մահարու վեպի տասնչորսերորդ ասքում նկարագրվում է դաշնակցական խմբի մի ժողով, որի ժամանակ դավաճանության մեջ հանիրավի կասկածվող ընկերներից մեկին դատապարտում են մահվան: Հոտային բնազդին ենթարկվող ժողովականների կերպարների կողքին պատկերված է նաև Բարունակը․ «…Ահա Բարունակը, շիկավուն, թիկնեղ, լուրջ դեմքով, բայց մանկական, գրեթե կապույտ աչքերով Բարունակը, նա, որն օժտված է գրչով ու հռետորական ձայնով և որը հիմա նստել է լուռ, կտրված մի ծառի բնին, աջ ձեռքի արմունկը ծնկին, ձեռքը բռունցք արած, ասես լուսանկարվելու համար պատրաստված… Նրանք բոլորն էլ երկար մազեր ունեն, բեղեր` անպայման, մորուքը պարտադիր չէ… բոլորն էլ խանդավառ, բոլորն էլ երիտասարդ ու հավատավոր, որոնք առանձին-առանձին լույսի կտորներ են, բայց միասին` կարող են քվեարկել հօգուտ ամեն մի մութ գործի[34]»։ Առանց հարցը անձնական քինախնդրության տիրույթ փոխադրելու միտումի՝ այստեղ տեղին ենք համարում մեջբերել Համբարձում Երամյանի՝ Բարունակ Կապուտիկյանի մասին թողած հետևյալ հիշատակությունը․ «Ծայրահեղ երիտսերնդականը մասնակցել էր իր ուսուցչի` Մահարու հոր` Գրիգոր Աճեմյանի ծեծին, որին կարճ ժամանակից հետևեց դաշնակցական քեռու կողմից վերջինիս սպանությունը: Չունենալով սպանությունը բացահայտող այլ հետք` թուրք ոստիկանները ձերբակալեցին նաև Բ. Կապուտիկյանին և բաց թողեցին` հանցանշանի բացակայության պատճառով[35]»։

Գրիգոր Աճեմյանը նկատում է, որ Կապուտիկյանը միշտ լռել է Մահարու մասին, իսկ ահա «Նաիրի Զարյանի իրական կերպարը» («Էջեր փակ գզրոցներից» գրքից) ակնարկում փորձել է մաքրագործել Զարյանի կերպարը՝ սևացնելով Մահարուն։ Այստեղ Կապուտիկյանը խոսում է Մահարու ջերմ շնորհակալական նամակների մասին, որոնք ուղղված են եղել Ն․ Զարյանին՝ այդպիսով ցույց տալով, թե Ն․ Զարյանը նեղ պայմաններում աջակցել է։ Կապուտիկյանը, մեջբերելով Ն․ Զարյանի «Ասք էության[36]» գրվածքին ի պատասխան Մահարու գրած «Զգույշ եղեք, մարդիկ» բանաստեղծությունից մի հատված, գրել էր․ «Տաղանդավոր մի բանաստեղծ գրեց հետևյալը. «Նա կռնակից խփեց, երբ զոհերն իրա/ Նստել էին անել, մթին զնդաններում,/ Ու սողոսկեց նրանց պատվանդանի վրա/ Որպես հտպիտ ու գող, որպես մանր Ներոն»: Այո, փոքրոգություն էր բանտի ճաղերից ներս տառապող մեծ գրողի վրա թերթի էջերից լուտանքներ թափել, սակայն փոքրոգություն չէ՞ր արդյոք` գործի դնելով գրողի համբավդ, վստահություն ներշնչող կենսագրությունդ և, մանավանդ, ընթերցողի անվերապահ հավատը ունենալու առանձնաշնորհումդ, գրել վերոհիշյալ ոտանավորը, որը մնալով հետագայում մասունքի ուժ ստացող անձնական թղթերում, հրատարակվելու դեպքում յուրաքանչյուր բառ հրացանից արձակվող սնայպերական գնդակի պես պետք է գնա և ուղիղ դիպչի խնձորակին… Չէ՞ որ ինչ գրած է ոտանավորում ճշմարտանման է, իսկ ոչինչ չկա ավելի վտանգավոր, քան ճշմարտանման սուտը, քանի որ ճշմարտանման սուտը հարյուրապատիկ դժվար է հերքել, քան բացահայտն ու անհեթեթը: Ուրիշ բան, եթե Մահարին գրեր այդ ոտանավորը այնտեղ, աքսորում, վիրավորանքից ու անզորությունից գազազած պահին, գրեր վերադարձից անմիջապես հետո, երբ եկավ տեսավ Նաիրի Զարյանին իր փառքի մեջ, ծաղկուն ու բարեկեցիկ: Գուցե դա բացատրելի և ինչ-որ մի տեղ արդարացնելի կլիներ… Բայց ո՛չ, վերադարձից հետո նրանք դարձյալ ընկերներ էին: Վկա` Մահարու ջերմ շնորհակալական նամակները Նաիրուն` իրեն նեղ տեղում սատարելու համար, նրանց փոխադարձ մտերմությունը կյանքի ավարտին: Մահարին այդ ոտանավորը գրել է… մանր վրիժառությունից դրդված, իր «Այրվող այգեստանների» նկատմամբ Նաիրի Զարյանի բռնած քննադատական դիրքի պատճառով… Կա՞ արդյոք Գուրգեն Մահարու գրառումներում այս առթիվ ինքն իրենից ամաչելու որևէ ակնարկ: Երևի ոչ… Սակայն երանի թե լիներ, և դա ոչ միայն Նաիրի Զարյանի համար, այլ իր` Մահարո՛ւ համար: Ուզում եմ, որ իմ սիրելի բարեկամը և մեծ գրողը մեծ լինի նաև հոգով, իր խղճի դեմ` մշտապես մաքուր, լինի մինչև վերջը արդար[37]»։

Գ․ Աճեմյանն այս առիթով հիշեցնում է նախ Մահարու սիբիրյան նամակները հասցեագրված Զարյանին, որոնցով գրողն աջակցություն էր խնդրել ու անպատասխան մնացել, ապա բացահայտ կեղծիք է որակում Կապուտիկյանի բերած փաստարկները։

Նշենք, որ 2004 թվականին Գ․ Աճեմյանի աշխատասիրությամբ, Մ․ Նշանյանի առաջաբանով և Ֆեսճյան հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել Մահարու «Այրվող այգեստանների» երրորդ հրատարակությունը[38], որը վեպի մայր տարբերակն է՝ բնագրի հետ համեմատված, նախկին հրատարակությունների մեկնություններով և ծանոթագրություններով, հավելվածում կցված է նաև վեպի երկրորդ հրատարակության տարբերակը։

Այս հրատարակության քննադատությամբ հանդես է եկել Գ․ Անանյանը․ «Վեպը հրատարակող պարոնները, սակայն, ինչպես ասում են՝ հին դարմանը նորից քամուն են տվել առաջաբանում ու ծանոթագրություններում՝ հույսները դրած հին ընթերցողի վատ հիշողության, այսօրվա ընթերցողի՝ խնդրի պատմությանն անտեղյակության վրա։ Եվ կրկին մեջտեղում տուժել է․․․ Գուրգեն Մահարին[39]»։

Մահարու վեպի տարբերակների քննական վերլուծությամբ է զբաղվել Ս․ Ավետիսյանը։ Վեպի տարբերակների մասին Ս․ Ավետիսյանը գրում է․ «Երրորդ հրատարակության «Երկու խոսք» առաջաբանում գրականագետ Մարկ Նշանյանը գրում է. «Մահարին իր ձեռքով կամ գրաքննիչներուն թելադրանքով իր վեպը համակարգայնորեն դատարկած է իր իմաստեն և իր իսկ ձեռքով կատարյալ կործանման ենթարկած է 40 տարվան աշխատանք մը»: Ընդունելով գրականագետի այն տեսակետը, որ վեպի հետ կատարվածը գրական աղետ էր, այնուամենայնիվ ծայրահեղ եմ համարում այն կարծիքը, որ երկրորդ տարբերակով վեպը արժեզրկվեց կամ, ինչպես Գր. Աճեմյանն է պնդում, լավագույնից վերածվեց լավի[40]»։

Անդրադառնալով Մահարու վեպի քննադատության պատմությանը և բերելով վեպի հատկապես երկրորդ հրատարակության տարբերակից տարբեր հատվածների օրինակներ՝ Ս․ Ավետիսյանը գրում է․ «Մահարին հայ-թուրքական հարաբերությունները ներկայացրել է ինչպես որ է՝ հաշվի առնելով պատմական տվյալ ժամանակահատվածի բոլոր նրբությունները[41]»։

Մահարու վեպի քննադատության պատմությանը ծավալուն անդրադարձ է կատարել գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ ներկայացնելով տարբեր գրականագետների, գրական խմբավորումների արտահայտած կարծիքները։ Իր հոդվածում Դ․ Գասպարյանը բանավեճի մեջ է մտնում Կիմ Աղաբեկյանի[42] հետ՝ օրինակներով ցույց տալով արտահայտվող կարծիքների որոշակի հակադրություն և եզրակացնելով, որ Կիմ Աղաբեկյանը երկակի գնահատական է տվել Մահարու գործին։

«Պարտության դեպքում բոլորն են մեղավոր, անգամ՝ անմեղները: Մահարին այս պարտության ամոթն է հրապարակայնացնում և նրա համար հայրենիքի կործանումից հետո արդեն իսկ մեկ է, թե ո՞վ է կանգնած իր առջև՝ ազգային կուսակցության ա՛յս առաջնորդը, թե՞ այն: Բոլորն էլ պարտության փլատակների մեջ են: Այս տեսակետից անմտություն և կատարյալ անըմբռնողություն են Աղաբեկյանի շարադրանքի հաջորդ էջերը, ըստ որոնց` Մահարին հասու չի եղել «պատմական իրողությունների ներքին տրամաբանությանը», այդ իսկ պատճառով չի կարողացել «կերպավորել քաղաքական հերոսներին»[43]»։

Մահարու, նրա գրականության դրամատիկ ու ողբերգական ճակատագրի մասին բազմաթիվ հոդվածներ ու անդրադարձներ է հրապարակել նրա կինը՝ Անտոնինա Մահարին («Ինձ երևի կհասկանան, բայց ես արդեն չեմ լինի»- «Գրական թերթ», 1991, թիվ 18, մայիսի 24, «Իմ ոդիսականը», Անթիլիաս, 1994, ««Այրվող այգեստանների» ոդիսականը» – «Ար», 1993, № 14, մայիս), ով փորձել է տարբեր իրավիճակներում ու հանգամանքներում ներկայացնել Գուրգեն Մահարու գրական ու մարդկային դիմանկարը։

Այս ամենով հանդերձ, փաստ է, որ Մահարին մահացավ հալածված ու ոչ պատշաճ գնահատանքի արժանացած։ Արդյոք այսօր՝ հետպատերազմական Հայաստանում, երբ դեռ թարմ է պարտության ցավը, մեր իրականությունում կգտնվի՞ մի ստեղծագործող, ով կհամարձակվի Մահարու ոճով ու ոգով խոսել պարտության պատճառների ու առկա խնդիրների մասին։ Մահարու դեպքը ցույց է տալիս, թե որքան անողոք է հայ հասարակությունը նման դեպքերում։ Հայտնի է, որ Մահարուն ուղղված հալածանքները չեն դադարել նույնիսկ Մահարու մահից հետո. մտել են նրա տուն, անարգել հիշատակը, հայհոյել կնոջը[44]։ Մահարու այս գործի առիթով գրված հոդվածները, տեսակետներն ու կարծիքներն այնքան շատ են, բազմաբովանդակ ու ծավալուն, որ անհնար է անդրադառնալ բոլորին մի հոդվածի շրջանակներում։ Ուստի բավարարվենք՝ մեջբերելով գրողի կնոջ՝ Անտոնինա Մահարու հետևյալ խոսքերը․

 «Համենայնդեպս Գուրգենը հասցրեց գրել իր դասական գործը, որը հետո փոթորիկ պիտի բարձրացներ: «Այրվող այգեստաններ»–ը Գուրգենին հսկայական դառնություն, վիրավորանք, իսկ ընկերներին՝ հիասթափություն պատճառեց: Լուրջ գրական երկը կոխկրտվեց ցեխոտ ոտքերի տակ[45]»:


[1] ՀՍԳ Միության քարտուղարությունում- «Գրական թերթ», 1967, № 21, մայիսի 19։

[2] Տե՛ս՝ Հախվերդյան Լ․, Մահարու գրական դրաման- «Գրական թերթ», 1993, № 16, նոյեմբերի 12։

[3] Գրիգորյան Ս․ Պատեհապաշտ մահարիապաշտություն, Բանասիրություն և բանավեճ, Եր., 2002, էջ 83։

[4] Ա. Ծառուկյան, Ցավալի պարագա մը, «Նայիրի», Բեյրութ, 1967, թիվ 13, 3 սեպտեմբեր:

[5] Գարուն, 1967, հ. 2, էջ 261:

[6] «Գարուն», 2002, թիվ 1, էջ 44–51։

[7]Մարգո Մխիթարյան, Գրողը և պատմական ճշմարտությունը- «Լրաբեր հասարակական գիտությունների», 1967, № 10։

[8] Շահան Շահնուր, Նամակ Գ. Մահարուն- «Հայրենիքի ձայն», 1967, № 2, հունվարի 8։

[9] Նույն տեղում։

[10] Աղաբաբյան Ս․, Վիպասքի նոր տարբերակը- «Գրական թերթ», թիվ 35, 1980, օգոստոսի 29։

[11] Մահարի Գ․, Այրվող այգեստաններ, Երկերի ժողովածու չորս հատորով, հ. 4, 1979։

[12] «Գրական թերթ», 1976, թիվ 40, 1 հոկտեմբեր։

[13] Ափինյան Ա, «Այրվող այգեստաններ» կամ Մահարու մերժված վեպը- «Ավանգարդ», 1992, № 3, հունվարի 11։

[14] Նույն տեղում։

[15] Տե՛ս՝ Գրիգորյան Ս․ Պատեհապաշտ մահարիապաշտություն, Բանասիրություն և բանավեճ, Եր., 2002։

[16] Հախվերդյան Լ․, «Մահարու վերջինն ու անավարտը», «Գրական թերթ», 1979, թիվ 2, 12 հունվար։

[17] «Անդրադարձ», 1994, թիվ 20, 17 հունիս։

[18] Հախվերդյան Լ․, Մահարու գրական դրաման- «Գրական թերթ», 1993, № 16, նոյեմբերի 12։

[19] Իշխանյան Ռ․, Հոգեվա՞րք, թե՞ նահանջ- «Գրական թերթ», 1993, № 16, նոյեմբերի 12։

[20] Ես գիտեմ, զոհն եմ երկրիս, նաիրյան վերջին փարավոնը- «Ազգ», 1993, №  161, օգոստոսի 24։

[21] Մեր ասպետական, մեր հրաշագործ Գուրգեն Մահարին-«Հայաստանի Հանրապետություն», 1993, թիվ 151, հուլիսի 31։

[22] Դժվարին մահվան ախոյանը- «Գրական թերթ», 1993, № 12, օգոստոսի 20։

[23] Հայ գրականության այրվող այգեստանը- «Գրական թերթ», 1993, № 12, օգոստոսի 20։

[24] Դանիելյան Կ․, «Էդ ո՞ւմ վրա եք…»- «Հայաստան», 1994, № 11, փետրվարի 5։

[25] Խանզադյան Ս․, Գուրգեն Մահարի- «Դաշնակցություն», 1993, № 21, հոկտեմբեր։

[26] Դժվարին մահվան ախոյանը- «Գրական թերթ», 1993, № 12, օգոստոսի 20։

[27] Գրիգորյան Ս․ Պատեհապաշտ մահարիապաշտություն, Բանասիրություն և բանավեճ, Եր., 2002, էջ 85։

[28] Նույն տեղում։

[29] Իշխանյան Ռ․, «Ոտքդ զգույշ դիր հողին»- -«Հայաստանի Հանրապետություն», 1994, № 130, հուլիսի 8։

[30] Հախվերդյան Լ․, Չափ ու սահման պիտի ճանաչե՞լ, թե՞ ոչ- «Երկիր Նաիրի»,1994, № 20, հունիսի 17։

[31] Ս. Գրիգորյան, Ո՛չ- «Երկիր Նաիրի»,1994, № 23, հուլիսի 8։ Նույնը՝ Ս. Գրիգորյան, Բանասիրություն և բանավեճ, Եր., 2002, 86-91 էջեր։

[32] Հարցազրույց Գ. Աճեմյանի հետ- «Գրական թերթ», 2004, № 37, նոյեմբերի 19։

[33] Տե՛ս՝ Աճեմյան Գ․։ // Մահարի-Կապուտիկյան-Զարյան եռանկյան մութ անկյունները // Ազգ.-2007.-19 մայիսի.-Հավելված` «Մշակույթ».-Էջ Ա, Դ։

[34] Մահարի Գ․, «Այրվող այգեստաններ», Եր., 1966, էջ 310-312։

[35] Երամյան Հ․, Հուշարձան Վան-Վասպուրականի, հատոր 1, Կահիրե, 1929։

[36] «Գրական թերթ», Եր., 1967, 19 մայիսի, թիվ 21:

[37] Կապուտիկյան Ս․, Էջեր փակ գզրոցներից, Եր., 1997, էջ 116-118։

[38] Մահարի Գ․, Այրուող այգեստաններ, Ե., «Ապոլոն», 2004:

[39] Անանյան Գ․, Ոչ «հերոսականի» «ասպետները»- «Գրական թերթ», 2004, № 37, նոյեմբերի 19

[40] Ավետիսյան Ս․, Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ վեպի երկու տարբերակները և պատմական ճշմարտությունը, Գրականագիտական հանդես, Եր․, 2004, էջ 101։

[41] Նույն տեղում։

[42] Աղաբեկյան Կ․, Գուրգեն Մահարի, Եր., 1975, էջ 226-267։

[43] Գասպարյան Դ․, Այգեստանների տաք մոխիրները, «Հայոց լեզու և գրականություն», 2013, թիվ 7, էջ 16։

[44] Մահարի Ա․, «Ինձ երևի կհասկանան, բայց ես արդեն չեմ լինի», «Գրական թերթ», 1991, թիվ 18, 24 մայիս։

[45] Մահարի Ա․, Իմ ոդիսականը, Անթիլիաս, 1994, էջ 153։

Please follow and like us: