Արփինե Վարդանյան/Անառակ որդու վերադարձը

Հերս այդպես էլ ծխել չսովորեց, բայց մենակ դրանով չէ, որ տարբերվում էր գյուղի մյուս տղամարդկանցից, ավելի ճիշտ՝ հերերից։ Մի տեսակ տարբեր էր, միշտ տարբեր էր եղել, ուրիշ։ Եվ երևի այդ ուրիշության համար շատ երեխաներ պիտի որ ինձ կողքից նախանձով նայեին։ Նայում էին, գիտեի։ Ու հարցը հեչ էլ մորս բացակայությունը չէր։ Հա՛, չեմ բացառում, գուցե մորս բացակայությունը խթանեց, որ հերս, այն էլ նահապետական գյուղի հայ տղամարդ լինելով, «չվախենար» իր սերը արտահայտելուց, «չվախենար» ցույց տալ այն, ինչ զգում էր, որովհետև հեչ էլ սեփական երեխային սիրելն ու դա ցույց տալը թուլության նշան չէր համարում։ Ու այստեղ հեչ էլ մորս բացակայությունը չէր պատճառը, ուղղակի իմ բախտն այնքան չբերեց, որ ծնողական նման սեր մորիցս էլ ստանայի, զգայի․․․․ Գյուղի երեխաները նախանձով էին նայում ինձ ու նախանձը կոծկելու լավագույն տարբերակը հորս պիտակավորելն էր․ «Ոնց որ կնիկ լինի Սերոբ հոպարը, կնի՛կ»։ Շատ ժամանակ ուզում էի ուղղակի կանգնել ու լաց լինել՝ բարձր, ուժեղ ձայնով, գոռալով, բայց զսպում էի, որ հիմա էլ չասեին՝ թե բա տղեն ղզիկ հորն է քաշել։ Ու արցունքներս կուլ էի տալիս։ Բայց սա էլ հակառակ էֆեկտն էր ունենում․ նման պահերին սկսում էի ատել հորս, որ էր, հեչ ուրիշների պապաներին նման չէր։ Ուզում էի գնալ ու գոռալ դեմքին՝ էլ ինձ էսպես չսիրես, էլ ուրիշների մոտ ցույց չտաս, էլ ուրիշների մոտ «ջան» չասես, էլ ուրիշների մոտ չգրկես․․․․ Հետո՞։ Ի՞նչ հետո։ Մեր աշխարհում ու տան պատերի ներսում այնքան քիչ բան կար ուրախացնող, որ հա՛, հորս սերն ու ուշադրությունը թանկ էին, ինչքան էլ, որ դա չուզենայի խոստովանել։ Բայց հակասական զգացմունքներս շատ հաճախ ներսս կրծում էին ու ատում էի իրեն, հաճախ, հա՛, հաճախ, որ ուրիշների պես չէր․․․ Ինչի՞, էհ։


***

Վաղուց է, ինչ հետը չէի ապրում։ Հյուր էի, էլի, եկել էի։ Էսօր հետն էի, վաղը էլ հետը չէի լինի։ Բայց նայում էի նրան ու ներքուստ զգում էի, որ հա՛, ուրախությանը չափ ու սահման չկար, որ եկել էի, կողքին էի, իր հետ, իր տանը․․․ մեր տանը: Մի շաբաթ մնալու էի գյուղում: Իսկ ես հազվադեպ էի գյուղ գալիս: Հազարից մեկ: Եվ այդ կարճատև օրերը, որոնք «հազարից մեկ» շարքից էին, տոն էին դառնում հորս համար: Նա էր մեծացրել ինձ՝ որբիս: Հա, երեխաները մամաներից են որբանում։ Եվ ամեն անգամ հորս ծերացած դեմքին ու թախծոտ աչքերին նայելիս, ինչ-որ բան ներսս կրծում էր, ստիպում էր ինձ մեղավոր զգալ: Խղճի՞ս ձայնն էր, հա՞։ Ես շատ վատ մարդ եմ, հա՞։ Վա՞տն եմ։ Հիմա հա՞, թե՞ չէ։ Եվ երևի ոչ միայն հորս առաջ էի իմ արարքներով մեղավոր, այլ առհասարակ… Իմ մեջ այնքան կեղտոտ մտքեր էին երբեմն պտտվում, որ ես ամաչում էի նույնիսկ ինքս ինձնից: Չասեմ նաև, հա՛, երևի լռեմ, տո ինքս էլ փորձեմ մոռանալ, չհիշել, թե իմ մասին ինչ վատ բաներ էին խոսում, ասում, պատմում՝ թե բա հորը թողել ու գնացել է․ «Խեղճ Սերոբ…Ալվարդի մահից հետո, բա ինքը դրան էր արժանի, հա՞», «Սուրենը անաղուհաց էրեխա դուրս եկավ», «Պա՜հ, գյուղ է եկել, ո՞նց եղավ, որ Երևանի քաձերին թողել, հորն է հիշել»։ «Զզվելինե՛ր»,- ուզում էի գոռալ։ Ես մեղավոր չեմ, որ դեռ տարիներ առաջ հերս ժամանակից շուտ ծերացավ, երբ մերս մահացավ: Չէ՛, ես մեղավոր չեմ հորս առաջ: Մեղավո՞ր եմ, որ մերս մահացավ, մեղավո՞ր եմ, որ հերս այդպես էլ երկրորդ անգամ չամուսնացավ: Մեղավո՞ր եմ, որ պիտի անպայման քաղաքում սովորեի: Մեղավո՞ր եմ, որ դիպլոմ ունեցողի համար գյուղը ապագի չի և միայն քաղաքում է հնարավոր որևէ գործ գտնել: Բայց, հա՛, մեղավոր եմ: Ի՞նչ։ Ինչի՞ համար եմ մեղավոր։ Սուրե՛ն տղա, հավաքի՛ր քեզ։ Գյուղում մնայի՞, ի՞նչ անեի։ Մեղավո՛ր եմ։ Հա՛։ Մեղավոր եմ, որ գոնե իմ ուշադրությամբ հորս չէի հատուցում այն մեծ սիրո, քնքշանքի համար, որը դեռ փոքրուց անմնացորդ նվիրել էր ինձ: Իսկ ես երբեմն նույնիսկ գոռում էի հորս վրա, երախտամոռս հաճախ եմ իմ կոպտությամբ նեղացրել նրան: Եվ հիմա, երբ մի շաբաթով էի ընդամենը եկել գյուղ, դարձյալ չէի դադարում կոպիտ լինել: Եվ ինչու՞: Նրա համար, որ հորս հոգատարությունը ինձ հաճախ հունից հանու՞մ էր: Եվ երբ գոռում էի հորս վրա, նա մի տեսակ ավելի էր կծկվում, դառնում էր մի բուռ, գլուխը մեղավոր երեխայի նման խոնարհում էր, բայց աչքերը երբեք չէր խոնարհում: Միշտ տխուր աչքերով փորձում էր որսալ հայացքս: Միանգամից զինաթափվում էի: Անհնար էր դիմադրել այդ աչքերի արտահայտությանը: Ինձ մեկ-մեկ թվում էր, որ իմ խղճի խայթը հենց հորս աչքերն էին: Եվ երբ հորս «ջան»-ով համեմված մի երկու խոսք էի ասում, աչքերը միանգամից փայլում էին, և կնճռոտ դեմքին հայտնվում էր ժպիտը:

Գյուղում շարունակում էին իմ մասին վատ բաներ խոսել, իսկ հերս ինձ էր պաշտպանում, ինչպես միշտ․ «Իմ Սուրենի նմանը չկա: Էրեխես քաղաքում է աշխատում: Գյուղ գա՝ ի՞նչ անի»: Վա՜յ, հեր: Երբեմն նույնիսկ ինքս ինձ հարց էի տալիս՝ հերս իրոք հավատո՞ւմ էր, որ ոչ միայն ժամանակ չունեի իրեն հաճախ այցի գալու, այլ գոնե մեկ-մեկ զանգելու: Հա՞։ Իրո՞ք, պա՛պ։ Իրոք, հավատո՞ւմ ես, որ ես ժամանակ չունեմ, հա՞։ Մի՞թե «չգիտես», որ մեղավոր եմ քո առաջ։ Բայց դե գյուղում, առհասարակ, ամեն ինչ ճնշող էր։ Հերս էլ։ Շատերի համար էլ, եթե քաղաքում ես աշխատում և ապրում, ուրեմն՝ մեծ հաջողությունների ես հասել: Ծիծաղելի էր հնչում, չէ՞։ Դա «իմանալով» էլ քահ-քահ ծիծաղում էի ամեն անգամ ու ծիծաղս դառն էր, ծակող, որովհետև նման պահերին ինքս ինձ փոքր էի զգում, սարսափելի փոքր․․․ Ու դե արի ու բացատրի, թե ինչ ես զգում․․․․ Չէ՛, ես վատ մարդ չեմ, մարդի՛կ, ես ուղղակի փոքր եմ, փոքր․․․

-Այ հեր, ես ոչ մի գործ էլ չեմ կարող Անահիտի համար քաղաքում գտնել: Գիտեն, թե քաղաքում գործը թափած է,- ինչ եկել, դա էի ասում, բայց թե հերս, թե ինձ նման խնդրանքով դիմող մարդիկ ավելի շուտ կհավատային, որ, իրոք, ես վատ մարդ եմ, քան որ «փոքր եմ»։ Է՜հ, չէ՛, իրենք չգիտեին, որ ես «փոքր էի», չգիտեին։ Իսկ ես մեկ-մեկ հենց ուզում էի, որ իմանային, որովհետև ինչքան ինձ «ամենակարող» էին տեսնում, այնքան ես ինձ փոքր էի զգում․․․ ավելի ու ավելի էի փոքրանում։ Մի փոքրացրեք ինձ, խնդրում եմ, էլ ո՞նց ասեմ, ո՞նց։

– Բայց, Սուրեն ջան, դու գրող մարդ ես… կապեր ունես,– չէր հանձնվում հերս։

Զարմացած հայացքով նայեցի հորս: Եվ ծիծաղս նորից եկավ։ Դառնության նման մի բան զգացի բերանումս։ Չէ՛, ծխախոտից չէր, երանի թե․․․․ Մի՞թե աշխարհում դեռ կա մեկը, ում համար «գրող» ասվածը նշանակում էր կապեր ունեցող մարդ: Այն էլ իմ նման գրողը: Թուքս կուլ տայի, չէ՛, լավ էր՝ ծուխը կուլ տայի, ծու՛խը, որ վերջիվերջո, մի օր խեղդվեի, խեղդվեի, որ ինքս ինձ այսչափ էլ չխղճայի։

Աննան, հանգիստ չէր թողնում իր զանգերով ու հաղորդագրություններով. «Սու՜ր, ե՞րբ ես գալու: Կարոտում եմմմմմմմմ»: Ու դա այն դեպքում, երբ ասել էի, որ գյուղում եմ մնալու: Սկայպով էլ էի խոսում Աննայի հետ: Բայց աշխատում էի հորս ներկայությամբ չխոսել:

– Սո՛ւր, տնաշեն, ե՞րբ ես գալու,- չէր հանգստանում Աննան:

– Դիմացի, կյանքս: Հորս խոսք եմ տվել… Պիտի մի շաբաթ մնամ:

-«Հորս խո՜սք եմ տվել»… Մեծ, բիձա մարդ է, էլի, իրեն գրկել-նստել ես…Բա ե՞ս…

Չհասցրի պատասխանել, երբ հանկարծ դռան արանքում տեսա հորս: Շտապեցի սկայպն անջատել:

– Պա՞պ…եկա՞ր,- շփոթվեցի: Բառեր չէի գտնում, աշխատեցի չնայել նրա աչքերին:

Հերս ձայն չհանեց ՝ փորձելով զսպել հուզմունքը, հետո մի կերպ ասաց.

– Բալես…հաց եմ դրել…արի՛,- և չսպասելով, որ ինչ-որ բան կասեմ, արագ շուռ եկավ ու գնաց խոհանոց: Ձայնը դողում էր: Լսել էր:


***

Գյուղի գերեզմանոց տանող ճանապարհն ահավոր փոշոտ էր, ինչպես գյուղի մյուս բոլոր ճանապարհները, որոնք ուր էլ տանեին, մեկ է՝ փոշիների միջով էին տանելու: Ինձ մեկ-մեկ թվում էր, որ փոշին ներծծվել էր գյուղի մեջ ու դարձել յուրաքանչյուրի կյանքի մասը, պատմությունն ու դիմագիծը։ Հա՛, ուր էլ հետո գնայինք ապրելու, մենք մեր գյուղի փոշին մեր վրայից թափ տալ չէինք կարող, որովհետև այդպես չի լինում ու չի կարելի։ Դա ծնողին ուրանալու նման մի բան էր։ Իսկ ես առաջինն ու՞մ ուրացա, հը՞։ Ծնողիս՝ վաղուց, գյուղի փոշին ի՜նչ էր, որ․․․ Եվ ես ու հերս քայլում էինք փոշիների միջով։ Հա՛, մենք ընտրություն չունեիք, ճանապարհը սա էր։ Եվ հերս հաճախ էր անցնում այս ճամփով, չի ասել, բայց գիտեմ, գիտեմ։ Չէինք խոսում: Հերս դանդաղ էր քայլում, կաղալով, իսկ ես թեև սովոր էի արագ քայլելուն, ակամա ենթարկվում էի նրա դանդաղ քայլքին: Մի պահ ուզում էի խախտել լռությունը, բայց համառորեն լռում էի. թվում էր, թե շատ բան ունեի ասելու, բայց միևնույն ժամանակ հարմար բառեր չէի գտնում, իսկ ենթագիտակցությանս մեջ գլուխ բարձրացնող «տղամարդուն ոչ վայել» սկզբունքին հավատարիմ «ես»-ն էլ մյուս կողմից էր խանգարում, որ զգացածս բարձրաձայնեի:Հա՛, ես հեչ հորս նման չէի այդ հարցում։ Ինքն «ուրիշ» էր բոլորի մեջ, իսկ ես ընտրել էի «բոլորին» նման լինելը։ Նայելով մի բուռ դարձած, ծերացած հորս՝ այնքա՜ն մեծ սեր էի զգում, որ ուզում էի նույնիսկ կանգ առնել և գրկել: Բայց շարունակում էինք լուռ ու դանդաղ առաջ ընթանալ: Վերջին օրն էր, որ գյուղում էի: Մորս գերեզմանին այցելելուց հետո վերադառնալու էի քաղաք:

Հերս հազիվ էր քայլում: Գնալով քայլերը ավելի դանդաղ ու դանդաղ էին դառնում: Պահ եղավ, որ ինձ թվաց, թե քայլելուց շունչը կտրվեց:

– Պա՛պ, լա՞վ ես,- անհանգստացա,- ուզում ե՞ս․․․

– Չէ՛, բալա ջան… լավ եմ, լա՛վ:

Եվ երբ արդեն հասնում էինք մորս գերեզմանին, հերս շատ կամաց սկսեց ինչ-որ բառեր մրմնջալ: Աղոթում էր:

– Էս ի՜նչ փշեր են,- մոտենալով գերեզմանին՝ ասացի ես:

-Բալա ջան…- կմկմաց հերս,- մեծ մարդ եմ, հաճախ եմ գալիս, բայց մենակ դժվարանում եմ մաքրել, դու էլ՝ քաղաքում…

Վերջին նախադասությունը կիսատ թողեց: Ամաչեցի ինքս ինձնից:

***

Քաղաքում էի արդեն, երբ պատերազմը սկսվեց։ Հերս զանգեց։ Ձայնը դողում էր․

– Սուրեն, բալես․․․․ ես չեմ թողնի, որ քեզ տանեն, զինկոմ էի գնացել։

Քնած էի ու շատ բան չէի հասկանում, բայց զինկոմ բառից, չգիտես ինչու, ջղայնացա․

– Ա՛յ հեր, գժվա՞ր էլի․․․ տո․․․

– Սուրե՛ն․․․

Չգիտես ինչու՝ բարկությունից արյունը միանգամից տվեց գլխիս, սկսեց գոռգոռալ, նույնիսկ չեմ էլ հիշում, թե կոնկրետ ինչ ասեցի․

-Պատերազմ է․․․ չեմ ուզում․․․

-Ինչի՞ ես գնացել զինկոմ․․․միշտ խայտառակ ես անում․․․

-Բալա ջան․․․ թող խոսամ․․․

Անջատեցի։ Նեռվայնացած էի։

Չխոսեցինք մի քանի օր։ Հետո էլի զանգ։ Չէ՛, հերս չէր։ Բայց ես նորից գյուղ տանող ճամփին էի։ Անառակ որդին նորից վերադառնում էր իր փոշիներին, ոնց որ այն անգամ, երբ մի շաբաթով էի իբր գնացել, բայց յոթ օրը չլրացած՝ վերադարձել էի քաղաք։ Իսկ հիմա՞։ Զանգից հետո էի նորից բռնել գյուղ տանող ճամփան․․․․ Ու չէ՛, զանգողը հերս չէր․․․ Կարճ ասած՝ չհասա։

– Ասում էր՝ չեմ մեռնի, մինչև պատերազմը չավարտվի, որ Սուրենիս չտանեն․․․․Զինկոմում ասել եմ, գիտեն․․․ Նրանք չեն կարող Սուրենիս տանել․․․ Նա իմ միակ խնամակալն է, չեն տանի, չէ՞, Սուրենիս․․․ Չեմ մեռնի, մինչև պատերազմը չավարտվի,- և ողջ գյուղը հորս վերջին խոսքերն էր կրկնում։

«Հա՛, լսեցի՛, իմացա՛, մարդիկ, էլ մի կրկնեք, խնդրում եմ»,- ուզում էի գոռալ, բայց չէ՛, թող խոսան, թող վերքիս վրա հա աղ լցնեն, թող զգալ տան, որ հա՛, ես ուղղակի «փոքր չէի», ես ոչինչ էի․․․ Ոչինչ։ Վա՜յ, հեր, արդեն քանի տարի էր, ինչ հետը չէի ապրում, բոլորը գիտեին, բոլորը՝ թե բա տղես միակ խնամակալս է, տղուս չտանեք պատերազմ։

Թաղումից անիջապես հետո գնացի զինկոմ։ «Ինձ պետք է տանեք, ես պետք է գնամ»,-ասացի։

«Հաղթում ենք»,-ասում էին, բայց չէինք հաղթում, ու ես գնում էի։ Չգնալու տարբերակ չկար, պա՛պ, որովհետև գյուղի անփոփոխ փոշոտ ճանապարհի նման, ուրիշ ճանապարհ իմ համար էլ չկար, սա էր։ Ու հա՛, ես գնում էի, գնում, որովհետև․․․Կստեմ, եթե վեհ բաներ ասեմ՝ թե բա հայրենիքի համար և այլն, ոչ, քեզ համար, այ հեր, հա՛, քեզ, թեև դու չկայիր էլ, բայց մեկ է՝ իմ հայրենիքը դու էիր ու արդեն կորցրել էի քեզ, կորցրել․․․ Կորցնելուց հետո նոր պետք է հասկանաս, չէ՞, գիտակցես, որ հայրենիք ունեիր։

Հորս պատկերը մտքումս դաջվել ու մնացել էր՝ գյուղի փոշոտ ճանապարհի վրա կանգնած։ Ինձ նույնիսկ թվում էր, որ նա դեռ այնտեղ էր, ինձ մնում էր միայն հետ գնալ, ու փոշիների մեջից կգտնեմ նրան․․․․Վերջին անգամ, երբ մորս գերեզմանին միասին այցելելուց հետո պետք է վերադառնայի քաղաք, հիշում եմ՝ ուզում էր ճանապարհել ինձ մինչև կանգառ։ Չթողեցի։

– Ա՛յ մարդ, էլ ի՞նչ գաս կանգառ:

– Եսիմ էլ երբ տեսնեմ…

– Պիտի գաս,փաթաթվե՜ս,- նորից համբերությունից դուրս եկա:

– Լավ,- մեղմ ասաց նա: Ձայնը դողաց:

Հրաժեշտ տվեցի, սկսեցի քայլել գյուղի փոշոտ, կեղտոտ ճանապարհով: Երբ մի պահ շրջվեցի, ինձ թվաց, թե հերս ոչ թե ինձնից մի քանի քայլ հեռու պարզապես կանգնել էր փոշոտ ճանապարհի մեջտեղում, այլ մեխվել և քարացել էր տեղում՝ հայացքով հետևելով ինձ: Աչքերում արցունքներ կային և շրթունքները դողում էին. երևի աղոթում էր…ինձ համար:

Հեռախոսիս ձայնը կարծես թե սթափեցրեց: Աննան էր: Միանգամից անջատեցի: Այդ պահին թվաց, թե ատում եմ Աննային: Հայացքս նորից դարձրեցի հորս: Հանկարծ ցավ և միաժամանակ անբացատրելի կարոտ զգացի նրա նկատմամբ, ում թողնում էի փոշոտ ճանապարհի մեջտեղում, նույնիսկ չխոստանալով, որ հաճախ կգամ: Մեղավո՞ր եմ: Ինչի՞ համար: Ի՞նչ եմ արել: Անառակ որդին տուն էր վերադարձել, հա՞։ Ու նորից գնում էր։ Չէ՛, ես Էնքան անառակ էի, որ նույնիսկ չէի վերադարձել․․․․ Ինչ-ինչ, բայց երբեք չեմ խոստացել, որ կվերադառնամ։ Գոնե մի հարցում ազնիվ եմ եղել։

***

Ականը պայթեց, բայց դեռ ինձ զգում էի․․․ Բախտս բերեց, հա՞, ուղղակի ինձ շատ մոտ էր, հա՞։ Բայց ցավից անշարժունակ դարձած մարմնիս հետ հանկարծ ինձնից հոսող տաք արյունս տեսա։ Եվ ամեն ինչ ոնց որ մշուշի մեջից։ Չէ՛, սխալ ասեցի, ոնց որ փոշու միջից․․․ Ես կյանքին երևի միշտ եմ փոշու մեջից նայել։ Ու նորից հորս պատկերն եկավ աչքիս առաջ, երբ թողեցի գյուղի փոշոտ, կեղտոտ ճանապարհի վրա․․․ Հիմա կկորցնեմ գիտակցությունս, ու փոշու հետ կկորչի նաև հորս պատկերը․․․ Ո՞վ է ասել, որ անառակ որդիները վերադառնում են, պա՛պ։

Please follow and like us: