Մին՝ մանկան պես լաց է լինում,
Մին՝ ոռնում է զերթ գազան.
Ամբողջ այս պատմությունը սկսվեց նրանից, որ գրասենյակում աշխատող, գործավար Պալչիկովը, ամեն բանից տեղյակ Աքսինյայի ասելով, սիրահարվեց ագրոնոմի աղջկան։ Սերը բորբ էր, խեղճի սիրտը խանձեց։ Նա հասավ Գրաչյովկա գավառական քաղաքը եւ իր համար կոստյում պատվիրեց։ Կոստյումը շենշող էր, եւ շատ հավանական է, որ գրասենյակային տաբատի մոխագույն գծերը վճռեցին այդ դժբախտի ճակատագիրը։ Ագրոնոմի աղջիկը համաձայնեց նրա կինը դառնալ։
Իսկ ես՝ այսինչ գուբերնիայի N հիվանդանոցի տեղամասային բժիշկս, այն բանից հետո, ինչ վշաճմլիչի մեջ ընկած աղջկան զրկեցի ոտքից, այնպիսի համբավ ձեռք բերեցի, որ քիչ մնաց զոհվեմ փառքիս ծանրւթյան տակ։ Մոտս օրը հարյուր գյուղացի էր գալիս սահնակներից սղլիկացած ճանապարհով։ Ես դադարեցի ճաշել։ Թվաբանությունը դաժան գիտություն է։ Ենթադրենք՝ իմ հարույր բուժառուներից յուրաքանչյուրի վրա հինգ րոպե էի ծախսում՝ ընդամենը հինգ րոպե։ Հինգ հարյուր րոպեն ութ ժամ քսան րոպե է։ Անընդմեջ, ընդ որում։ Բացի այդ, ես ունեի ստացիոնար բաժին՝ երեսուն մարդ տեղավորող։ Բացի այդ, չէ՞ որ ես նաեւ վիրահատություններ էի անում։
Մի խոսքով, հիվանդանոցից վերադառնալով երեկոյան ժամը իննին, ոչ ուտել էի ուզում, ոչ խմել, ոչ քնել։ Ոչինչ չէի ուզում, բացի նրանից, որ ինչ-որ մեկը հանկարծ չկանչի ինձ ծնունդ ընդունելու։
Եվ երկու շաբաթվա ընթացքում սահնակի ճանապարհով ինձ տարել, հետ էին բերել մի հինգ անգամ։
Աչքերս մուգ թացությամբ պատվեցին, իսկ հոնքերիս արանքում ուղղահայաց ակոս առաջացավ՝ որդի նմանվող։ Գիշերը մշուշոտ երազներում անհաջող վիրահատույուններ էի տեսնում, մերկ կողեր եւ ձեռքերս՝ մարդկային արյան մեջ թաթախված, ու արթնանում էի՝ թաց ու սառած, չնայած հոլանդական վառարանը վառվում էր եռանդով։
Շրջայցը կատարում էի արագ քայլքով, հետեւիցս հազիվ էին հասցնում բուժակը, բուժքույրը եւ երկու խնամողը։ Կանգ առնելով մահճակալի մոտ, որի վրա, ջերմության մեջ հալվելով եւ հազիվ շնչելով, մարդը նվաղում էր՝ ես ուղեղիցս մզում էի ամբողջ պարունակությունը։ Մատներս շոշափում էին չորացած, բոցավառվող մաշկը, ես նայում էի բիբերին, թփթփացնում կոպերին, լսում՝ ինչպես է խորքում խորհրդավոր կերպով բաբախում սիրտը, եւ մեջս միայն մի միտք կրում՝ ինչպե՞ս փրկել նրան։ Եվ սրան էլ փրկել։ Էս մյուսին էլ։ Բոլորին։
Ճակատամարտ էր։ Ամեն օր այն սկսվում էր առավոտ կանուխ, երբ ձյունն էր թույլ լույս տալիս, եւ ավարտվում առաստաղից կախված գլխարկավոր լամպի դեղին ու վառ թրթռոցի ներքո։
«Տեսնես ո՞նց է սա վերջանալու,- ասում էի ինքս ինձ գիշերը,- չէ՞ որ սահնակով գալու են եւ հունվարին, եւ փետրվարին, եւ մարտին»։
Ես նամակ ուղարկեցի Գրաչյովկա, որում հիշեցնում էի, որ N տեղամասին օրենքով երկրորդ բժիշկ է հասնում։
Նամակը ճանապարհ ընկավ սպիտակ, հարթ օվկիանոսի վրայով քառաուսն վերստ։ Երեք օրից եկավ պատասխանը․ գրում էին, որ, իհարկե, անշուշտ․․․ Անպայման․․․ բայց ոչ հիմա․․․ հիմա ոչ ոք չի գալիս․․․
Նամակը ավարտվում էր իմ աշխատանքի մասին որոշ դրական արձագանքով եւ հետագայում հաջողության մաղթանքով․․․
Դարնցից թեւ առած՝ ես սկսեցի տամպոններ դնել, դիֆտերիայի շիճուկ սրսկել, ճղել հրեշավոր չափերի թարախապալարներ, գիպս դնել․․․
Երեքշաբթի եկավ ոչ թե հարյուր, այլ հարյուր տասնմեկ մարդ։ Ընդունելությունն ավարտեցի երեկոյան ժամը իննին։ Քուն մտա՝ փորձելով կռահել, թե քանիսը կլինեն վաղը՝ չորեքշաբթի։ Երազ տեսա, որ ինը հարյուր մարդ է եկել։
Առավոտը ծիկրակեց ննջարանի պատուհանից առանձնահատուկ ճերմակությամբ։ Ես բացեցի աչքերս՝ չհասկանալով, թե ինչն է ինձ արթնացրել։ Հետո հասկացա՝ թակոցն էր։
– Բժիշկ,- մանկաբարձուհի Պալագեա Իվանովնայի ձայնն էր,- դուք արթնացե՞լ եք։
– Հա,- պատասխանեցի քնաթաթախ, վայրի ձայնով։
– Ես եկել եմ ձեզ ասելու, որ շտապելու կարիք չկա, ընդամենը երկու մարդ է եկել հիվանդանոց։
-Դուք կատակո՞ւմ եք։
-Ազնիվ խոսք։ Բորան է։ Բուք ու բորան,- հնչեց նրա ուրախ ձայնը բանալու անցքից,- էդ երկուսինն էլ ատամներն են, Դեմյան Լուկիչը կքաշի։
-Դե լավ հա,- ես նույնիսկ վեր թռա անկողնուց չգիտեմ ինչու։
Հրաշալի օր էր։ Շրջայցից հետո ես ամբողջ օրը շրջում էի իմ բնակարանում (բժշկի համար վեց սենյականոց տուն էին առանձնացրել եւ չգիտես ինչու եկհարկանի՝ երեք սենյակ վերեւում, իսկ խոհանոցն ու երեք սենյակը՝ ներքեւում), օպերաներից մեղեդիներ էի շվշվացնում, ծխում էի, տկտկացնում պատուհաններին․․․ Իսկ պատուհանից այնկողմ տեղի էր ունենում մի բան, որ ես մինչ այդ երբեւէ չէի տեսել։ Երկինք գոյություն չուներ, երկիր նույնպես։ Սպիտակը պտտվում, շուշումուռ էր գալիս աջուձախ, վերեւ-ներքեւ, ասես սատանան լկստվում էր ատամի փոշով։
Կեսօրին հրահանգեցի Ակսինյային՝ բժշկի տան խոհարարի եւ հավաքարարի պարտականությունները կատարողին, երեք դույլի մեջ ջուր եռացել։ Ես մի ամբողջ ամիս չէի լողացել։
Իմ եւ Ակսինյայի ջանքերով խորդանոցից բերվեց աներեւակայելի չափերի մի տաշտակ։ Այն տեղադրվեց խոհանոցի հատակին (լոգարանի մասին, իհարկե, Ն-սկում խոսք լինել չէր կարող, լոգարաններ կային միայն հիվանդանոցում, այն էլ փչացած)։
Ցերեկվա ժամը երկուսին մոտ պատուհանից դուրս պտտվող ցանցը զգալիոեն նոսրացել էր, իսկ ես նստած էի տաշտակի մեջ մերկ ու օճառած գլխով։
-Այ սա ուրիշ բան․․․,- երանությամբ քրթմնջում էի ես՝ մեջքիս կծող տաքությամբ ջուր լցնելով,- իսկ հետո մենք կճաշենք, ապա կքնենք։ Իսկ եթե ես քունս առնեմ, վաղը թեկուզ հարյուր հիսուն մարդ գա։ Ակսինյա, ի՞նչ նորություններ կան։
– Շալոմետեւյան կալվածքի գործավարն է ամուսնանում,- պատասխանեց Ակսինյան։
– Դե լավ հա, համաձայնվե՞ց։
– Բա ոնց, սիրահարված է,- երգում էր Ակսինյան՝ ափսեները չխկչխկացնելով։
– Հարսնացուն սիրո՞ւն է։
– Համար մեկ գեղեցկուհին։ Բաց դեղին մազերով, նրբիկ․․․
Եվ այդ պահին դմբդմփացրին դուռը։ Ես ջուր լցրի վրաս ու մռայլված սկսեցի ականջ դնել։
– Բժիշկը լողանում է,- երկարացնելով արտասանեց Ակսինյան։
– Բըռթ․․․․ բըռթ,- բռթբռթում էր բամբ ձայնը։
– Ձեզ նամակ են բերել, բշիշկ,- ծվծվան ձայնով ասաց Ակսինյան՝ կիսաբաց դռնով նամակն ինձ երկարելով։ Բախտիցս դժգոհելով՝ դուրս եկա տաշտից եւ Ակսինյայի ձեռքից վերցրի ծրարը։
– Ա՜յ քեզ բան։ Ես չեմ հեռանա տաշտից։ Ես էլ մարդ եմ,- ոչ այնքան վստահ ասացի ինքս ինձ եւ, տաշտի մեջ պառկած, բացեցի ծրարը։
«Հարգելի գործընկեր (մեծ բացականչական նշան)։ Աղաչ (ջնջված) շատ եմ խնդրում շտապ գալ։ Կնոջ մոտ գլխին ստացած հարվածից հետո արյունահոություն է խոռոչ (ջնջված) քթից եւ բերանից։ Առանց գիտակցության է։ Իմ ուժից վեր է։ Հոգաչափ խնդրում եմ։ Ձիերը ընտրագույն են։ Զարկերակը թույլ է։ Կամֆարա կա։ Բժիշկ (անվերծանելի ստորագրություն)»։
«Կյանքում բախտս չի բերում»,- տխուր մտածեցի՝ նայելով վառարանի մեջ ճտճտացող փայտերին։
– Տղամա՞րդ է նամակ բերողը։
– Տղամարդ է։
– Թող ներս գա։
Նա ներս եկավ, եւ ես նրան նմանեցրի հին հռոմեացու՝ փայլփլուն աղավարտի պատճառով, որ գլխին էր քաշել ականջներով գլխիարկի վրայից։ Նա փաթաթված էր գայլի մորթուց կարված մուշտակի մեջ, եւ ցրտի շիթը հարվածեց ինձ։
– Ինչո՞ւ եք սաղավարտով,- հարցրի՝ չպարզաջրած մարմինս սավանով ծածկելով։
– Հրշեջ եմ ես, Շոլոմետյեվից։ Այնտեղ մենք հրշեջ ջոկատ ենք․․․,- պատասխանեց հռոմեացին։
– Գրող բժիշկն ո՞վ է։
– Մեր ագրոնոմին հյուր է եկել։ Երիտաարդ բժիշկ է։ Դժբախտություն է մեզ մոտ, մեծ դժբախտություն։
– Կի՞նն ով է։
– Գործավարի հարսնացուն։
Ակսինյան դռան հետեւում հոգոց հանեց։
– Ի՞նչ է եղել։ (Լսելի էր, որ Ակսինյայի մարմինը սոսնձվել է դռանը)։
– Երեկ նշանդրեքն էր, իսկ նշանդրեքից հետո գործավարը ցանկացավ ման տալ նրան սահնակով։ Վարգաձին լծեց, նստացրեց նրան սահնակի մեջ եւ քշեց դեպի դարպաը։ Վարգաձին տեղից որ պոկվեց, հարսին շպրտեց, ճակատով ճիշտ կողափայտին ու դուրս։ Դժբախտություն, որ էլ ասելու չի։ Գործավարից աչք չեն թեքում, որ իրեն մի վնաս չտա։ Խելագարվել է։
– Ես լողանում եմ,- թախանձեցի,- բա ինչի՞ չեք նրան էստեղ բերել,- խոսելով գլխիս ջուր լցրի, եւ օճառը հեռացավ տաշտի մեջ։
– Անհնար էր, հարգելի քաղաքացի բժիշկ,-սրտառուչ ասաց հրշեջը եւ ափերն իրար միացրեց, ասես պատրաստվում էր աղոթել,- ձեւ չկար։ Կմահանա աղջիկը։
– Բայց ո՞նց ենք գնալու, բորան է։
– Հանդարտվեց։ Բան չկա։ Լրիվ հանդարտվեց։ Ձիերն արագընթաց են, իրար հետեւից շարված։ Մի ժամում կհասնենք։
Ես հնազանդորեն տնքացի եւ դուրս եկա տաշտի մեջից։ Անկուշտի պես երկու դույլը վրաս լցրի։ Հետո, վառարանի առաջ ծնկած, գլուխս մտցնում էի մեջը, որ գոնե մի քիչ այն չորացնեմ։
«Իհարկե, թոքերի բորբոքումը պատրաստ է, այս ուղեւորությունից հետո՝ կրուպոզային։ Եվ կարեւորը, ի՞նչ եմ անելու դրա դեմ։ Այս բժիշկը, ինչպես պարզ երեւում է նամակից, ինձնից էլ քիչ փորձ ունի։ Ես բան չգիտեմ, միայն կես տարում գործնական ինչ-որ բաներ սովորեցի, իսկ նա դրանից էլ քիչ գիտի։ Երեւում է, հենց նոր է համալսարնն ավարտել։ Ինձ էլ փորձառու է կարծում»։
Այսպես մտածելով՝ ինքս էլ չնկատեցի, թե ոնց հագնվեցի։ Հագնվելը հեշտ չէր՝ տաբատ, բլուզ, թաղիքե ոտնամաններ, բլուզի վրայից կաշվե բաճկոն, ապա վերարկու, վրայից՝ ոչխարի մորթուց մուշտակ, գլխարկ, պայուսակ, մեջը՝ կոֆեին, կամֆարա, մորֆին, ադրենալին, սեղմակներ, ստերիլ գործվածք, ներարկիչ, զոնդ, բրաունինգ, ծխախոտ, լուցկի, ժամացույց, լսափողակ։
Նկատեցի, որ շատ սարսափելի չթվաց, թեպետ մթնում էր, օրը հալվում էր, երբ մենք դուրս եկանք ցանկապատից այնկողմ։ Կարծես թե մանր էր մաղում։ Թեք, մի ուղղությամբ, աջ այտիս։ Հրշեժը ժայռաբեկորի պես փակում էր առաջին ձիու գավակը։ Ձիերն իսկապես սկսեցին կայտառ, ձգվեցին շարքով ու տարան սահնակը դարուփոսերի մեջ գցելու։ Ես հարմարավետ տեղավորվեցի, անմիջապես տաքացա, մտածեցի կրուպոզային թոքաբորբի մասին, այն մասին, որ միգուցե աղջկա գանգոսկրն է ճաքել, ոսկորը խրվել ուղեղի մեջ․․․
– Հրշեջ ձիե՞ր են,- հարցրի օձիքի բրդի միջով։
– Ահա․․․ հա,- մռթմռթաց կառապանը առանց շրջվելու։
– Իսկ բժիշկը նրան ի՞նչ է արել։
– Դե նա․․․ հըմ․․․ նա վեներական հիվանդությունների գծով է սովորել, իմացար․․․
– Հո՜ւ, հո՜ւ․․․,- բուքը ոռնաց անտառի փեշին, ապա մեր կողքին շվշվացրեց․․․ Ինձ սկսեց օրորել, օրորեց, օրորեց, մինչեւ հայտնվեցի Մոսկվայի Սաունդովյան բաղնիքում։ Եվ հենց մուշտակով, հանդերձարանում, եւ գոլորշին ծածկեց ինձ։ Հետո լուսամփոփը վառվեց, ցուրտ փչեցին, ես աչքերս բացեցի, տեսա կարմիր, շողշողացող սաղավարտը, մտածեցի՝ հրդեհ է․․․ Հետո սթափվեցի եւ հակացա, որ ինձ տեղ հասցրին։ Սպիտակ, սյունազարդ շենքի շեմին էի, ըստ երեւույթին Նիկոլայ I-ի թվի։ Շուրջս պինդ մութ էր, դիմավորեցին ինձ հրշեջները, եւ հրդեհը պարում էր նրանց գլխավերեւում։ Անմիջապես մուշտակի գրպանից հանեցի ժամացույցը, տեսա՝ հինգն է։ Նշանակում էր՝ եկել ենք մենք ոչ թե մի ժամ, այլ երկուս ու կես։
– Հենց հիմա հետդարձի ձիերը պատրաստեք,- ասացի ես։
– Լսում եմ,- ասաց կառապանը։
Քնաթաթախ ու թաց՝ կաշվե բաճկոնի մեջ, ինչպես կոմպրեսի, ես մտա նախասրահ։Կողքից լամպի լույսը խփեց, լույսի գիծը պառկեց հատակին։ Եվ այդ պահին դուրս վազեց բաց գույնի մազերով, երիտասարդ մի մարդ՝ հալածատանջ աչքերով եւ թարմ արդուկած տաբատով, վրան՝ ծալք։ Սեւ պուտերով սպիտակ փողկապը ծռված էր, կրծքադիրը հավաքվել, գունդ էր դարձել, բայց բաճկոնը տեղը տեղին էր՝ նոր, ասես մետաղական ծալքերով։
Մարդը թափահարեց ձեռքերը, կառչեց մուշտակիցս, ցնցեց ինձ, փարվեց ու սկսեց ցածրաձայն բղավել․
– Հոգի՛ս․․․ բժի՛շկ․․․ շտապե՛ք․․․ նա մեռնում է։ Ես մարդասպան եմ,- նա կողքի նայեց՝ անորոշ ու ցրված, չռեց աչքերը՝ խիստ եւ սեւ, ինչ-որ մեկին ասաց,- մարդասպան եմ ես, բա՛։
Ապա հեկեկաց, բռնեց թաց մազերից, պոկեց, եւ ես տեսա, որ իսկապես պոկում է մազերը՝ մատերի վրա փաթաթելով։
– Վերջացրեք,- ասացի նրան ու սեղմեցի ձեռքը։
Ինչ-որ մեկը տարավ նրան։ Ինչ-որ կանայք դուրս թռան։
Մուշատկս ինչ-որ մեկը հանեց, տարան ինձ տոնական տախտակների վրայով եւ մոտեցրին սպիտակ մահճակալին։ Ջահել բժիշկն ինձ ընդառաջ եկավ։ Նրա աչքերը տանջահար ու շվարած էին։ Մի պահ դրանցում զարմանք առկայծեց, որ ես նույնքան երիտասարդ եմ, որքան ինքը։ Ընդհանրապես, մենք նման էինք նույն դեմքի երկու դիմանկարի։ Բայց հետո նա այնքան ուրախացավ իմ գալստյան համար, որ շունչը սկսեց կտրվել։
– Այնքան ուրախ եմ․․․ կոլեգա․․․ ահա, տեսեք, զարկերակը թւլանում է։ Ես ճիշտն ասած վեներոլոգ եմ։ Ահավոր ուրախ եմ, որ եկաք․․․
Սեղանին, մառլյայի կտորի վրա դրված էին ներարկիչն ու դեղին յուղով մի քանի սրվակ։ Կիսաբաց դռնից լսվեց գործավարի հեծկլտոցը։ Դուռը ծածկեցին, սպիտակ խալաթով կնոջ կերպարանք աճեց թիկունքումս։ Ննջարանում կիսախավար էր։ Լամպը կողքից վարագուրել էին կանաչ կտորով։ Կանաչավուն ստվերում, բարձի վրա հանգչում էր թղթագույն մի դեմք։ Բաց գույնի մազերը փունջ-փունջ կախված ու խճճված էին։ Քիթը սրված էր, իսկ ռունգերի մեջ արյունից վարդագունած բամբակի կտորներ էին խցկած։
– Զարկերակը,- ինձ նայելով շշնջաց բժիշկը։
Ես վերցրի անկյանք ձեռքը, սովորականի պես հպեցի մատերս եւ ցնցվեցի։ Մատերիս տակ կարճ, հաճախակի տրոփ էր, որ սկսեց ընդհատվել, ձգվել։ Սրտիս գդալիկի տակ սառնություն զգացի, ինչպես միշտ, երբ նայում եմ մահվան աչքերին։ Ես այն ատում եմ։ Հասցրի ջարդել սրվակի ծայրը եւ ներարկիչով դեղին յուղը քաշել։ Բայց սրսկեցի այն արդեն մեքենայաբար, աղջկա ձեռքի մաշկի տակ իզուր մտցրի։
Աղջկա ստորին ծնոտը ցնցվեց, ասես խեղդվում էր, ապա կախվեց, մարմինը լարվեց ծածկոցի տակ, կարծես ինչ-որ սպասումով, ապա թուլացավ։ Եվ վերջին, երկար, թելի պես ձգվող զարկը կորավ մատներիս տակ։
– Մահացավ,- ասացի ես բժշկի ականջին։
Ճերմակահեր, սպիտակ կերպարանքն ընկավ հարթ ծածկոցի վրա եւ սկսեց ցնցվել։
– Հանգստացեք,- ասացի ես սպիտակազգեստ այդ կնոջ ականջին, իսկ բժիշկը տառապած հայացքով նայեց դռան կողմը։
– Նա ինձ տանջեց,- շատ ցածրաձայն ասաց բժիշկը։
Ես ու նա հետեւյալն արեցինք․ լացող մորը թողեցինք ննջարանում, ոչ մեկի ոչինչ չասացինք, գործավարին հեռու մի սենյակ տարանք։
Այնտեղ ես նրան ասացի․
– Եթե դուք թույլ չտաք ձեզ դեղ սրսկել, մենք ոչինչ չենք կարողանա անել։Դուք մեզ տանջում եք, թույլ չեք տալիս, որ աշխատենք։
Նա համաձայնվեց․ ցածրաձայն լացելով՝ հանեց բաճկոնը, մենք բարձրացրինք նրա տոնական, հարսանեկան վերնաշապիկի թեւքը եւ նրան մորֆին սրսկեցինք։ Բժիշկը գնաց մահացածի մոտ, իբր նրան օգնելու, իսկ ես մնացի գործավարի կողքին։ Մորֆինն ավելի արագ օգնեց, քան ես կպատկերացնեի։ Քառորդ ժամից գնալով ավելի անկապ ու ցածրաձայն բողոքելով ու լացելով՝ գործավարը սկսեց ննջել, ապա լացած դեմքը դրեց ձեռքերի վրա եւ քնեց։ Իրարանցման, լացի, շշուկների ու խուլ հեկեկոցների ձայները նրան չէին հասնում։
– Լսե՛ք, կոլե՛գա, ճանապարհը վտանգավոր է։ Դուք կարող եք մոլորվել,- նախասրահում շշուկով ասում էր ինձ բժիշկը,- մնացեք, գիշերեք այստեղ․․․
– Ոչ, չեմ կարող։ Ինչ էլ լինի, պիտի գնամ։ Ինձ խոստացել են, որ հենց հիմա հետ կտանեն։
– Նրանք, իհարկե, կտանեն, բայց տեսեք․․․
– Ես տիֆով երեք հիվանդ ունեմ՝ այնպիսի հիվանդներ որ լքել չի կարելի։ Ես նրանց գիշերը պետք է տեսնեմ։
– Նայեք ձեր հարմարությանը․․․
Նա ջրով բացեց սպիրտը, տվեց, որ խմեմ, ես տեղում, նախասրահում մի կտոր խոզապուխտ կերա։ Ստամոքսս տաքացավ, եւ սրտիս տխրությունը մի քիչ մեղմվեց։ Վերջին անգամ մտա ննջարան, նայեցի մահացածին, մտա գործավարի մոտ, բժշկին մի սրվակ մորֆին թողեցի եւ, վերնաշորերի մեջ փաթաթված, դուրս եկա տան բակ։
Այնտեղ սուլոցներ էին, ձիերը գլխահակ էին, նրանց ձյունն էր մտրակում։ Ջահի կրակը անհանգիստ թռչկոտում էր։
– Ճանապարհը գիտե՞ք,- հարցրի՝ բերանս ծածկելով։
– Ճանապարհը գիտենք,- շատ տխուր պատասխանեց կառապանը (սաղավարտն արդեն հանել էր),- բայց լավ կլիներ գիշերեիք․․․
Նույնիսկ նրա գլխարկի ականջներից էր երեւում, որ մահու չափ չի ուզում քշել։
– Պետք է մնալ,- ավելացրեց երկրորդն էլ, որ ձեռքին պահում էր կատաղած ջահը,- դաշտում լավ չէ։
– Տասներկու վերստ,- մռայլ քրթմնջացի ես,- կհասնենք։ Ես ծանր հիվանդներ ունեմ,- եւ բարձրացա սահնակի վրա։
Խոստովանում եմ, չասացի, որ ինձ անտանելի էր թվում արդեն իսկ միտքը՝ մնալու շենքում, որտեղ դժբախտություն է, որտեղ ես անզոր և անօգուտ եմ:
Կառապանը հուսահատ ընկավ նստատեղին, ուղղեց մարմինը, և մենք սահեցինք դարպասների միջով: Ջահն անհետացավ, ասես չէր եղել, կամ հանգավ։ Սակայն մի րոպեից ինձ այլ բան հետաքրքրեց։ Դժվարությամբ շրջվելով ՝ ես տեսա, որ ոչ միայն ջահը չկա, այլ Շալոմետեւոն է անհետացել բոլոր իր շինություններով, ասես երազում: Դրանից տհաճ զգացում ունեցա։
– Բայց ընտիր է,- ոչ այն է մտածեցի, ոչ այն է քրթմնջցի ես։ Քիթս մի պահ հանեցի ու հետո նորից թաքցրի, այնքան անդուր էր։ Ամբողջ աշխարհը մի կծիկ էր դառել եւ դեսուդեն էր շպրտվում։
Մտքովս անցավ, որ գուցե պետք է հետ դառնալ։ Բայց միտքն այդ քշեցի, ընկմվեցի սահնակի հատակին փռված խոտի մեջ, ինչպես նավակի, կծկվեցի, փակեցի աչքերս։ Իսկույն աչքիս առաջ եկավ կանաչ կտորը լամպի վրա եւ սպիտակ դեմքը։ Դեմքը մի պահ լուսավորվեց։ «Դա գանգի հիմքի ջարդվածք է․․․ այո, այո, այո․․․ Հա-հա․․․ Հենց դա է, որ կա»,- բոցկլտաց վստահությունը, որ դա ճիշտ ախտորոշումն է։ Միանգամից պարզ դարձավ։ Հա, բայց ո՞ւմ է պետք։ Հիմա ոչ ոքի, առաջ էլ պետք չէր։ Ի՞նչ կարող ես անել։ Ի՜նչ ահավոր բախտ։ Ի՜նչ անհեթեթ ու սարսափելի է կյանքը երկրի վրա։ Ի՞նչ կլինի հիմա ագրոնոմի տանը։ Նույնիսկ մտածելուց սրտխառնոց ու տխրություն է առաջանում։ Հետո ինձ սկսեցի խղճալ․ ի՜նչ դժվար է իմ կյանքը։ Մարդիկ հիմա քնած են, վառարանները վառել են, իսկ ես նորից լողանալ չկարողացա։ Ինձ քշում է բորանը, ասես տերեւ լինեմ։ Ահա, տուն կհասնեմ, իսկ ինձ նորից կտանեն ինչ-որ տեղ։ Հիմա թոքաբորբ կստանամ ու ինքս կմեռնեմ այստեղ․․․ Այսպես, ինքս ինձ խղճալով, ես ընկղմվեցի խավարի մեջ, բայց թե ինչքան ժամանակ մնացի այնտեղ, չգիտեմ։ Ոչ մի բաղնիք չընկա, ու սկսեցի մրսել։ Ու գնալով ավելի ու ավելի ցրտեց։
Երբ աչքերս բացեցի, սեւ մեջք տեսա եւ միայն ավելի ուշ գլխի ընկա, որ մենք չենք գնում, այլ կանգնած ենք։
– Հասա՞նք,- հարցրի՝ անհանգիստ չռելով աչքերս։
Սեւ կառապանը հուսահատ շարժվեց, իջավ, ինձ թվաց՝ նրան այս ու այն կողմ է տարուբերում քամին․ եւ խոսեց առանց պատկառանքի նշույլի։
– Հասա՛նք․․․ Մարդկանց պետք էր լսել։ Սա ինչի՞ նման է։ Համ մեզ ենք սպանում, համ ձիերին։
– Ճնապա՞րհն ենք կորցրել,- մեջքովս սառնություն անցավ։
– Ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը,- արձագանքեց կառապանը հուսահատ ձայնով,- հիմա ամբողջ աշխարհն է մեզ համար ճանապարհ։ Կորած ենք․․․ Չորս ժամ գնում ենք, բայց ո՞ւր․․․ Ախր ո՞նց կարելի էր։
Չորս ժամ։ Ես սկսեցի շարժվել, շոշափեցի ժամացույցը, հանեցի լուցկին։ Ինչի՞ համար։ Անիմաստ էր, ոչ մի լուցկի բոց չտվեց։ Վառում ես, կայծ է տալիս, ու անմիջապես մարում է։
– Ասում եմ չորս ժամ,- հուսահատ խոսեց կառապանը,- հիմա ի՞նչ անենք։
– Հիմա մենք որտե՞ղ ենք։
Այնքան հիմար հարց էր, որ կառապանը հարկ չհամարեց պատասխանել։ Նա տարբեր կողմեր էր շրջվու, բայց ինձ ժամանակ առ ժամանակ թվում էր, որ նա անշարժ է, եւ իմ սահնակն է ճոճվում։ Ես դուրս ելա ու պարզեցի, որ ես մինչեւ ծնկներս, իսկ սահնակը մինչեւ սահնակակողը խրված է ձյան մեջ։ Հետեւի ձիու փորատակը քսվում էր ձյանը։
Նրա մազերն ասես գեղջկուհու մազեր լինեին։
– Իրե՞նք են կանգնել։
– Իրենք են կանգնել։ Տանջահար են եղել խեղճ անասունները։
Հանկարծ որոշ պատմվածքներ հիշեցի եւ ջղայնացա Լեւ Տոլստոյի վրա։ «Նա իրեն լավ էր զգում Յասնայա Պոլյանայում,- մտածեցի,- նրան հո չէի՞ն տանում մահացողների մոտ»։
Ես ու հրշեջը խղճահարույց տեսք ունեինք։ Հետո հանկարծ նորից վախի բռնկում ունեցա։ Բայց ճնշեցի այն կրծքումս։
– Սա վախկոտություն է,- քրթմնջացի քթիս տակ։
Եվ մեջս ուժ ու եռանդ հայտնվեց։
– Լսե՛ք, հորեղբա՛յր,- խոսեցի՝ զգալով, որ ատամներս սառչում են,- այստեղ հուսահատության չի կարելի տրվել, թե չէ իսկապես գրողի ծոցը կգնանք։ Նրանք մի քիչ կանգնեցին, հանգստացան, պետք է առաջ շարժվել։ Դուք գնացեք, առաջին ձիուն սանձատակից բռնեք, իսկ ես կկառավարեմ։ Պետք է դուրս գալ, թե չէ ձյան տակ կմնանք։
Գլխարկի ականջները հուսահատ տեսք ունեին, բայց կառապանն այնուամենայնիվ առաջ գնաց։ Խրվելով եւ ընկնելով՝ հասավ առաջին ձիուն։ Ձյան մեջից մեր դուրս գալն ինձ անվերջանալի երկար թվաց։ Կառապանի կերպարանքը աղոտ էի տեսնում, աչքերիս մեջ բքի չոր ձյունն էր մաղում։
– Նո՛,- բացականչեց կառապանը։
– Նո՛, նո՛,- գոռացի ես՝ թափահարելով երասանները։
Ձիերը շարժվեցին տեղից, սկսեցին ոտքերով հունցել ձյունը։ Սահնակը սկզբից օրորվում էր, ասես ալիքների վրա լիներ։Կառապանը մեկ մեծանում էր, մեկ փոքրանում, առաջ էր գնում։
Մոտ քառորդ ժամ այդպես էինք շարժվում, մինչեւ վերջապես ես զգացի, որ սահնակը սկսեց ավելի հարթ ձայն հանել։ Համակվեցի ուրախությամբ, երբ տեսա ձիու հետեւի սմբակները։
– Խորը չի։ Ճանապարհ դուրս եկանք,- գոչեցի ես։
– Հո՛․․․ Հո՛․․․,- արձագանքեց կառապանը։ Նա մոտեցավ ինձ ու միանգամից մեծացավ։
-Ոնց որ թե ճամփա գտանք,- ուրախ, երգեցիկ ձայնով ասաց հրշեջը,- միայն թե նորից չմոլորվենք․․․ Թերեւս․․․
Մենք տեղերով փոխվեցինք։ Ձիերն արագ վարգեցին։ Ինձ թվաց՝ բուքը սկսեց թուլանալ։Բայց վերեւում եւ շուրջբոլորը ոչինչ չկար մշուշից բացի։ Ես էլ բոլորովին հույս չունեի, որ կհասնենք հենց հիվանդանոց։ Ուզում էի, որ պարզապես ինչ-որ տեղ հասնենք։ Չէ՞ որ ճանապարհը բնակավայր է տանում։
Ձիերը հանկարծ ձգեցին սանձերն ու սկսեցին ոտքերն ավելի արագ աշխատեցնել։ Ես ուրախացա, դեռ չգիտեի դրա իրական պատճառը։
– Երեւի զգում են, որ մոտ ենք բնակավայրի՞,- հարցրի։
Կառապանը չպատասխանեց։ Ես կանգնեցի սայլակի մեջ, սկսեցի նայել ուշադիր։ Մշուշի մեջ ինչ-որ տեղից տարօրինակ ձայն լսվեց՝ տխուր եւ կատաղած միաժամանակ, բայց արագ հանգավ։ Չգիտեմ ինչու տհաճ զգացում ունեցա ու հիշեցի գործավարին, թե ոնց էր ցածրաձայն ծմրում՝ գլուխը ձեռքերին դրած։ Աջ կողմում հանկած սեւ կետ նկատեցի, այն մեծացավ ու վերածվեց սեւ կատվի, ապա էլի մեծացավ ու մոտեցավ։ Հրշեջը շրջվեց իմ կողմ, ընդ որում ես նկատեցի, որ նրա ծնոտը դողում է, եւ հարցրեց․
– Նկատեցի՞ք, քաղաքացի բժիշկ։
Ձիերից մեկը նետվեց աջ, մյուսը՝ ձախ, հրշեջը մի պահ ընկավ իմ ծնկներին, հոգոց հանեց, ուղղվեց, սկսեց հենվել, ուժգին ձգել սանձերը։Ձիերը վրնջաացին ու սլացան։ Նրանք գունդ-գունդ ավլում էին ձյունը, շպրտում այն, վարգում էին անհարթ, դողում էին։
Իմ մարմնով էլ մի քանի անգամ դող անցավ։ Ուշքի գալով՝ ծոցիցս հանեցի բրաունինգը ու անիծեցի ինքս ինձ, որ տանն եմ թողել երկրորդ պահունակը։ Եթե չէի մնալու գիշերելու, ջահն ինչո՞ւ չվերցրի հետս։ Մտովի տեսա կարճ հաղորդագրությունը լրագրում՝ իմ եւ դժբախտ հրշեջի մասին։
Կատուն վերաճեց շան եւ վազեց սահնակի կողքով։ Ես շուռ եկա ու տեսա սահնակի հետեւում, շատ մոտիկ երկրորդ չորքոտանի արարածին։ Կարող եմ երդվել, որ նա սուր ականջներ ուներ եւ գալիս էր սահնակի հետեւից թեթեւաքայլ, ասես պարկետի վրայով քայլեր։ Նրա ձգտման մեջ ինչ-որ ահեղ ու ամբարտավան բան կար։ «Ոհմակո՞վ են տեսնես, թե միայն այս երկուսն են»,- մտածում էի ես, եւ «ոհմակ» բառից ասես եռման ջուր լցրին վրաս մուշտակի տակ, եւ ոտքերիս մատները դադարեցին սառչել։
– Պինդ բռնվի՛ր ու ձիերին էլ պահի՛ր, ես հիմա կկրակեմ,- ասրտասանեցի բարձրաձայն, բայց ոչ իմ, այլ ինձ անծանոթ ձայնով։
Կառապանը միայն հոգոց հանեց ի պատասխան եւ գլուխը քաշեց ուսերի մեջ։ Աչքիս առջեւ կայծ տվեց եւ խուլ հարվածեց։ Ապա երկրորդ անգամ։ Եվ երրորդ։ Չեմ հիշում՝ քանի րոպե էի ցնցվում սահնակի հատակին։ Ես լսում էի ձիերի վայրի, ճղավան փնչոցը, սեղմում էի բրաունինգը, գլխով խփվեցի ինչ-որ բանի, փորձում էի դուրս լողալ խոտի մեջից եւ մահացու սարսափով մտածում էի, որ ուր որ է՝ կրծքիս կհայտնվի ահռելի, ջլուտ մարմինը։ Արդեն մտովի պատկերացնում էի իմ քրքրված փորոտիքը․․․
Այդ պահին կառապանը գոչեց․
– Ահա՜․․․ ահ․․․հա՜․․․ տեր աստվա՜ծ, դո՛ւրս բեր, դո՛ւրս բեր․․․
Վերջապես շտկվեցի իմ ոչխարի մւշտակի մեջ, ազատեցի ձեռքերս, բարձրացա։ Ոչ հետեւում, ոչ մեր կողքին սեւ կենդանիներ չէին երեւում։ Մաղում էր նոսր եւ հանգիստ, եւ այդ թափանցիկ շղարշի տակից առկայծում էր ամենահիասքանչ աչքը, որը ես կճանաչեի հազարների մեջից, որը հիմա էլ կճանաչեմ՝ առկայծում էր իմ հիվանդանոցի լուսամփոփը։ Նրա հետեւում դիզված էր մութը։ «Դղյակից հազար անգամ գեղեցիկ»,- մտածեցի ես եւ հանկարծ էքստազի մեջ եւս երկու անգամ հետ կրակեցի բրաունինգից՝ այնտեղ, որտեղ կորան գայլերը։
* * *
Հրշեջը կանգնած էր բժշկի բնակարանի ներքնամասից երկրորդ հարկ տանող աստիճանի մեջտեղում, ես՝ աստիճանի վերեւում։ Ակսինյան՝ ներքեւում, քուրքը հագին։
– Թեկուզ աշխարհի գանձերն էլ տան,- ասաց կառապանը,- ես էլ երկրորդ անգամ․․․,- նա չավարտեց, գլուխը քաշեց ջրով բացած սպիրտն ու կռնչաց ահավոր, շրջվեց դեպի Ակսինյան ու ավելացրեց՝ ձեռքերը տարածելով այնքան, որքան թույլ էր տալիս իր կառուցվածքը- էսքան էլ․․․
– Մահացա՞վ, չփրկեցի՞ք,- հարցրեց Ակսինյան ինձ։
– Մահացավ,- անտարբեր պատասխանեցի ես։
Քառորդ ժամից լռություն տիրեց։ Ներքեւում լույսը հանգավ։ Ես մնացի վերեւում մենակ։ Չգիտեմ ինչու նյարդային քմծիծաղ տվի, արձակեցի բլուզիս կոճակները, ապա դրանք նորից կոճկեցի, մոտեցա գրադարակին, հանեցի վիրաբուժության հատորը, ցանկանում էի նայել գանգի կոտրվածքների մասին, բայց գիրքը մի կողմ դրեցի։
Երբ հանվեցի ու մտա վեմակի տակ, մարմինս սկսեց դողալ, այնուհետեւ դողը թողեց, եւ ջերմությունը տարածվեց մարմնովս։
– Թեկուզ աշխարհի գանձերն էլ տան,- ննջելով քրթմնջացի,- ես էլ չեմ գնա․․․
– Կգնա՜ս․․․ ու կգնա՜ս․․․,- քմծիծաղով սուլեց բուքը։
Այն դղրդալով անցավ տանիքի վրայով։ Ապա երգեց ծխնելույզի մեջ, դուրս թռավ այդտեղից, սոսափեց պատուհանի տակ ու անհետացավ։
– Կգնա՛ք․․․ Կը՛-գը՛-նա՛ք,- տկտկում էր ժամացույցը, բայց խուլ, ավելի խուլ։
Եվ էլ ոչինչ։ Լռություն։ Քուն։
«Երիտաարդ բշկի գրառումներ» պատմվածաշարից, 1926թ․
Թարգմանությունը՝ Արփի Ոսկանյանի