Եֆիմ Գրիգորյեւիչը հանեց ճտքավոր կոշիկն ու ցույց տվեց ինձ իր ոտքը։ Առաջին հայացքից որեւէ հետաքրքիր բան չկար։ Եվ միայն ուշադիր զննելիս կարելի էր ոտնաթաթին որոշ լավացած վերքերի ու քերծվածքների հետքեր հայտնաբերել։
– Լավանում են,- տրտմությամբ ասաց Եֆիմ Գրիգորյեւիչը,-բա ինչ կանեն, էս ա յոթ տարի կլի։
– Իսկ դա ի՞նչ է,- հարցրի։
– Սա՞,- ասաց Եֆիմ Գրիգորյեւիչը,- սա էն է, հարգարժան ընկեր, որ ես տուժել եմ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ։ Հիմա, երբ արդեն վեց տարի անցավ, ով ասես իրան մեջ չի գցում, իբր ինքն էլ ա մասնակցել հեղափոխությանը ու մթա թե արյուն հեղել, իրան զոհել․․․ Դե բայց ինձ մոտ բացահայտ նշաններ կան։ Նշանները չեն խաբի․․․ Ես, հարգելի ընկեր, չնայած գործարաններում չեմ աշխատել եւ ծագմամբ էլ նախկին քաղքենի եմ Կրոնշտադտ քաղաքից, բայց ժամանակին ճակատագիրը մատը դրեց իմ վրա՝ ես հեղափոխության զոհ եղա։ Ես, հարգելի ընկեր, լխճվեցի ավտոյի տակ։
Այստեղ Եֆիմ Գրիգորյեւիչը հաղթական նայեց ինձ ու, փաթաթանով ոտքը բարուրելով, շարունակեց․
– Բա՜ս, ինձ լխճեց բեռնատարը։ Եվ ոչ հնենց, ոնց որ մի անցորդի կամ աննշան մեկի տակը կգցեր՝ անուշադրության կամ թույլ տեսողության պատճառով․ ես տուժեցի որոշակի հանգամանքներում եւ բուն հեղափոխության ժամանակ։ Դուք նախկին կոմս Օրեշինին չգիտե՞ք։
– Ոչ։
– Դե ուրեմն․․․ Էդ կոմսին էլ հենց ծառայում էի։ Հատակ մաքրող էի։ Ուզես, չուզես, պիտի երկու անգամ գետինը պրտես դրանց համար։ Հլա մի անգամն էլ՝ մոմով, իհարկե։ Էդ կոմսերը շատ էին սիրում, որ մոմով լինի։ Անձամբ ինձ համար՝ յա եղած, յա չեղած, ավելորդ ծախս։ Չնայած, իհարկե, պսպղում ա։ Իսկ կոմսերը շատ հարուստ էին ու էդ առումով իրենցից չէին կտրում։
Ուրեմն, էսպիսի դեպք եղավ․ ես դրանց հատակը փայլացրի, ասենք, երկուշաբթի, իսկ շաբաթ օրը հեղափոխություն եղավ։ Երկուշաբթի՝ փայլեցում, շաբաթ՝ հեղափոխություն, իսկ երեքշաբթի, հեղափոխությունից, ուրեմն, չորս օր առաջ ինձ մոտ ա գալի դրանց դռնապանն ու ձեն տալի․
– Արի,- ասում ա,- կանչում են, կոմսի տանը գողություն ա եղել, դու էլ կասկածի տակ ես հայտնվել։ Արագացրո՛ւ։ Թե չէ վիզդ կոլորեն։
Կաստումս արագ գցում եմ վրես, ճամփա եմ ընկնում դրանց տուն։
Վազքով հասնում եմ, ներս եմ ընկնում քրտնամխած։
Տեսնեմ՝ ինքը՝ նախկին կոմսուհին, հիստերիայի մեջ ոտները գետնին ա խփում, խալին մաշացնում։
Տեսավ ինձ ու արցունքախառը ասում ա․
– Ախ,- ասում ա,- Եֆիմ, ինքնըստինքյան դո՞ւք չեք պատահաբար թռցրել իմ կանացի ժամացույցը, իննսունվեց հարգի, ադամանդներով զարդարված։
– Ի՞նչ եք ասում, ո՞նց թե, նախկի՛ն կոմսուհի, իմ ինչի՞ն է պետք կանացի ժամացույցը, եթե ես տղամարդ եմ։ Ծիծաղելի է,- ասում եմ,- ներեցեք արտահայտությանս համար։
Իսկ նա մի ողբ ա կապել, մի կական։
– Չէ,- ասում ա,- ոնց որ թե, համապատասխան, հենց դուք եք թռցրել։
Եվ հանկարծ ներս է գալիս ինքը՝ նախկին կոմսը, ու բոլոր ներկաներին առարկում․
– Ես,- ասում է,- չափազանց հարուստ մարդ եմ, ինքնըստինքյան, ես աչքս էլ չեմ թարթի, ձեր նախկին ժամացույցը ջարդուփշուր կանեմ, բայց ես այս հարցը, համապատասխան, այսպես չեմ թողնի։ Ձեռներս չեմ ուզում ձեր ռեխը ջարդելով կեղտոտեմ, բայց ես կդիմեմ, համապատասխան, բռնագանձման համար։ Ինքըստինքյան,- ասում ա,- ռադ ելար ստուց։
Ես պատուհանին նայեցի ու, իհարկե, դուրս եկա։
Եկա տուն ու պառկել եմ։ Եվ սարսափելի հուսահատ եմ ու տխուր։ Որովհետեւ ես չեմ վերցրել դրանց ժամացույցը։
Թհե պառկած եմ մի օր, երկու օր, հաց չեմ ուտում, մտածում եմ՝ ուր կլինի դրանց ադամանդներով զարդարված ժամացույցը։
Եվ հանկարծ հինգերորդ օրը ոնց որ մեկը գլխիս տար։
« Աստոծ ջան,- մտածում եմ,- ախր դրանց ժամը ես ինքս եմ պուդրու տուփի մեջ խցկել։ Խալու վրա գտա, կարծեցի՝ մեդալյոն ա եւ խցկեցի»։
Նույն րոպեին կաստումս գցեցի վրես ու, նույնիսկ առանց հաց ուտել, վազում եմ։
Վազում եմ ու ինչ-որ անհասկանալի վախ ասեմ, տագնապ ասեմ, թհե մի բան ա հետս կատարվում։ Մտածում եմ՝ տենաս խի՞ են մադիկ սենց մի թավուր, զգուշանում են, չնկատելու են տալի, ոնց որ թե վեր են թռնում հրացանի զարկերից ու հրետանուց։ Տենաս ինչի՞ց ա՝ մտածում եմ։
Անցորդներին եմ հարցուփորձ անում։ Պատասխանում են․
– Երեկ Հոկտեմբերյան հեղափոխությունն է եղել։
Մի քիչ բրդբրդեցի մարդկանց, առաջ խցկվեցի ու ուղիղ դեպի Օֆիցերսկի։
Մոտենում եմ տանը։ Մի սուրու մարդ։ Ու մի հատ էլ ավտո։ Ու հանկարծ ոնց որ մեկը ինձ գլխի գցեր՝ զգուշ կաց, ավտոյի տակ չընկնես։ Իսկ ավտոն իրա հմա կանգնած ա էն ա։ Դե լավ հա, մտածում եմ, ավելի եմ մոտիկանում, հարցնում եմ․
– Այստեղ ի՞նչ է կատարվում։
– Ախ հա, էս նկատի ունես,- ասում են,- հեչ, որոշ արիստոկրատների նստացնում ենք բեռնատարն ու ձերբակալում ենք։ Վերացնում ենք այդ դասակարգը։
Մին էլ տենամ՝ բերում են։ Նախկին կոմսին տանում են դեպի ավտոն։ Մարդկանց բրդբրդորելով առաջ խցկվեցի ու գոռում եմ․
– Էն պուճուր կճուճի մեջ ա,- գոռում եմ,- ձեր ժամացույցը, դրա տիրոջ մերը․․․ Էն պուդրու կճուճի մեջ․․․
Իսկ կոմսը՝ տականքը, իմ վրա՝ զրո ուշադրություն, նստում ա ավտոն։
Գցվեցի ավտոյին մոտ, իսկ ավտոն, դրա տիոջ մերը, մին էլ հո չդռդռաց, էն ա ակներով ինձ մի կողմ շպրտեց։
«Դե՜հ,- մտածում եմ,- մի զոհ կա»։
Այդ ասելով Եֆիմ Գրիգորյեվիչը նորից հանեց ճտքավոր կոշիկը եւ սկսեց սրտնեղած ուսումնասիրել ոտնաթաթի վրայի սպիները։ Հետո նորից հագավ կոշիկն ու ասաց․
– Բա՜ս, հարգելի ընկեր, ինչպես տեսնում եք՝ ես էլ եմ տուժել ժամանակին եւ այսպես ասած հեղափոխության զոհ եմ հանդիսանում։ Ճիշտ է՝ չէի ասի, թե դա ինձ նպատակ եմ սարքել, բայց ոչ մեկի թույլ չեմ տա ինձ ձեռ առնել։ Ի միջի այլոց, բնակընկերության նախագահը չափում է իմ սենյակը քառակուսի մետրերով, ընդ որում՝ էն տարածքն էլ, որի վրա կամոդն ա դրած։ Հետն էլ ձեռ ա առնում, թե՝ կամոդի տակ դուք մոտ կես մետր հատակ ունեք։ Բայց էդ էլ ի՞նչ կես մետր, եթե էդ տեղը կամոդն ա զբաղացնում։ Իսկ կամոդն էլ հո իմը չի, տերերինն ա։
Թարգմանությունը ռուսերենից՝ Արփի Ոկանյանի