Արփինե Վարդանյան/Ես Անոն եմ

Այդ օրը, երբ Լաուրան մեռավ, սուրճը դառն էր ստացվել։ Բաժակն էլ իր հերթին կիսատ էր լցվել. «Ո՞նց չհասցրեցի, ո՜նց մոռացա…»։ Բայց մեկ է՝ թափված ու կես բաժակ մնացած սուրճի վրա էլ ջուր ու սուրճ չէր ավելացրել։ Մի տեսակ «չէր կարելի», էն մնացած կես բաժակը «կփչացներ», համը կփոխեր… Խոհանոցում օդը գրկած ու թափված սուրճի դուրեկան, քիմք շոյող հոտն էր տարածվել։ Դեռ չէր հասցրել խմել էլ, բայց անգամ սուրճի հոտը համը զգացնել էր տալիս… Ու դառնահամ զգաց բերանում․․․

Այդ օրը, երբ Լաուրան մեռավ, սուրճը դառն էր ստացվել։ «Դառն էր»,- ասել էր ու չէր խմել։ Բայց բերանում դառնահամը մնացել էր։ Երևի այդպես էլ գնաց կյանքից՝ սուրճի դառնահամը բերանում։

***

-Մի օր Սերոբը ինձ կսիրի,- Լաուրայի դագաղի մոտ իր դարդն էր լալիս Անոն։

«Տո ա՛յ շաշ, Սերոբն ու՜ր է, որ մի հատ էլ քեզ սիրի կամ չսիրի։ Չկա Սերոբը։ Չկա՛։ Ռուսաստանում իր քածերի հետ է և իր ու քո արանքում այդ քածերն ավելի շատ տեղ ունեն»,-բայց այս մտածածս չէի բարձրաձայնում։ Ուղղակի նայում էի Անոյին ու խղճում էի։ Ավելի ճիշտ՝ չգիտեմ, չէի հասկանում` Լաուրայի՞ն էի շատ խղճում, որ դագաղի մեջ հավերժ պառկել էր, թե՞ Անոյին, որ Սերոբի սիրուն էր սպասում հեռու Սիբիրներից։

Երբ թաղման թափորը մնաց հեռվում, իսկ ես հաստատ գերազմաններ չէի գնալու, մտա Լաուրայի սենյակը։ Անոն էլ էր էնտեղ.

-Աղջի՛, քրոջդ թաղմանը չե՞ս գնացել,- ճչացի։

-Չէ,- ու սկսեց հեկեկալ։

Իսկ հեռվում՝ այդ ժամանակ, ով գիտի, գո՞ւցե արդեն Լաուրայի վրա քարերն էին լցնում։ Ծա՜նր քարեր, ու հետո նոր միայն կծածկեին հողով։ Քարերը ծա՜նր էին։ Ծանրությունն անգամ ես էի զգում, բա Լաուրան դա ո՞նց էր տանելու։ Կուրծքս ցավաց։ Շունչս չէի զգում։ Ցավում էր։ Ներսս ցավում էր։ Քարերից էր։

Անոն թափել էր սուրճն ու բաժակն առանց լվալու վերցրել.

-Կպահեմ, քրոջս հիշատակն է։

Ծիծաղս եկավ։ Ամեն ինչ այնքան խղճուկ թվաց։ Այնքան… անիմաստ։ Անիմա՞ստ։ Բայց ինչ խեղճ ենք մենք, չէ՞: Ու սկսեցի սեփական փոքրությունս զգալ։ Ու դա ավելի խորացավ, երբ արդեն Լաուրայի սենյակում, վերջինիս իրերը քչփորելը սովորություն դարձավ։

-Ի՞նչ ես անում,-Անոն էր։

-Գնա, թող,-ճչում էի։

Չէ՛, էլ ցավ չէի զգում, ոչինչ, բացարձակ ոչինչ չէի զգում ։ Բայց ներսիս հետ մի բան այն չէր։

-Թող, ձեռք մի՛ տուր,- Անոն հասավ վրա, երբ Լաուրայի շրթներկները լցնում էի աղբարկղը։

-Հեռու՛,- իմ հերթին գոռացի ։

Հետո՞… հետո ո՞նց կամ ինչպե՞ս պատահեց, երկուսս էլ չհասկացանք։ Բայց ձայնը ուժեղ էր։ Օծանելիքի սրվակն էր։ Ձայնն ականջներումս զնգաց ու, կարծես, առարկաները հավաքվեցին մի տեղ և ցրիվ եկան օդում… Օծանելիքի հոտը միանգամից գրկեց պատերը, փաթաթվեց շնչներիս և ստիպեց փղձկալ։ Անոն արագ բացեց պատուհանը։ Ու օծանելիքի հոտից նոր ոնց որ իրականությունը հասներ գիտակցությանս. Լաուրան կինն էր` բառիս ուղիղ իմաստով։ Կին, ով գիտեր՝ ոնց իր կանացիությունը ընդգծեր…. ուղնուծուծով զգում էր իր սեռի բնույթն ու հա՛, հենց թքած ուներ բոլորի վրա` ով կամ ինչ կասեր. կհագներ կարճ, կշպարվեր ոնց կուզեր․․․․ «Համբուրվում էլ եմ՝ ում հետ ուզում եմ»,- մի անգամ նույնիսկ շրխկացրեց Անոյի դեմքին, երբ սա հերթական անգամ մեղադրում էր Լաուրային՝ թե բա էս ես, էն ես։

-Փչացա՛ծ,- ճչած Անոն ու շրթունքը կծեծ։ Եվ երևի անգամ չհիշեց էլ, թե Սերոբի հետ ե՞րբ էր համբուրվել։ Իսկ երբևէ համբուրվե՞լ էր։ Հա՞, թե ՞ չէ։

-Փչացած եմ, հետո՞,- իր հերթին էլ չէր հանգստանում Լաուրան։ Այդ պահերին՝ հայացքը սպանիչ էր ու դաժան։ Ատելությունն այնքան անթաքույց էր, որ զգում էի Լաուրայի ցավը։ Ինչքա՜ն, ինչքան, ինչքա՜ն պետք է ցավար, որ այսչափ ատել իմանար։

-Թե բա Անահիտն եմ, չէ՛, դու Անոն ես, տեղական կնիկ, տեղական ձանձրույթ ու տղամարդու կարոտ։

-Փչացա՛ծ։

-Անո՛,- սաստում էի Անոյին։ Միշտ Անոյին էի սաստում։

***

Գերեզմաններում ցուրտ էր։ Քամին գրկել էր շիրմաքարերն և իրենով արել, տերը դարձել նրանց, ովքեր այնտեղ էին` գետնի խորքերում։ Հա՛, քամին տիրություն կանի, քամին տեր կկանգնի , քամին, ի վերջո, հեռու կվանի չարքերին , որ էլ… Չէ՛, Լաուրային այլևս չեն վնասի։ Լաուրան իր ցավը շալակել ու պառկել էր։ Ու մինչև դա էլ` չէ՛, էլ իրեն չէին կարող վնասել… Լինում է, չէ՞, որ մեծ հարվածից հետո այլևս երբեք, երբեք ոչ մի հարված չէր կարող գերազանցել նախորդին։ Լաուրայի դեպքում էլ էր այդպես։ Հանկարծ աչքս ընկավ Անոյին։ Անասելի սկսեցի ատելություն զգալ քրոջս նկատմամբ։ Այդ օրը… այդ օրը , երբ դա եղավ ու նոր շրջան սկսվեց բոլորիս կյանքում…. Լաուրան եկավ, դողում էր ու լացում։ Ժամադրությունից էր գալիս։ Ի՞նչ էր եղել։

-Ի՞նչ բռնաբարություն, դու քո ոտքով ես գնացել, ասում ես` թե բա բռնաբարություն:

-Դա ի՞նչ կապ ունի, ես չէի ուզում…

Ու Անոն ճչում էր, Լաուրան էլ էր ճչում։

Հետո՞: Հետո գյուղը սկսեց խոսել։ Ու ինչքան խոսեց, այդքան Լաուրայի շրջազգեստները կարճացան։ Դիտավորյալ էր անում. «Թքում եմ սաղի վրա»։

Անոն կատաղում էր նման պահերին ու սկսում էր ինձ մեղադրել.

– Մեր միջի մեծը դու ես, սաստի՛ր դրան։ Մեր մասին են գյուղում խոսում։ Սերոբը իմանա, էլ հաստատ չի գա։

Մի օր էլ դուռը թակեցին։ Ոստիկանությունից ծանուցում էր եկել։ Լաուրան էր դիմել` հաղորդում այն մասին, որ ենթարկվել է…. Անոն կծեծ շրթունքն ու պատրաստ էր պատառ-պատառ անել Լաուրային.

-Ինքն է գնացել, հիմա ուրի՞շն է մեղադրում։

Տարան-բերեցին, տարան-բերեցին։ Չէ՛, համենայնդեպս, մի թել չէր կպնում, աղջիկն էլ դե շրջազգեստով ու կարմիր շրթներկով գնացել էր ։ Հո «խեղճ տղուն» դրա համար չէին բռնելո՞ւ։ Գործը կարճեցին։ Փակվեց-գնաց։

-Տեսա՞ր,- իրենից գոհ՝ թե բա ես ճիշտ էի՝ Անոն։

Լաուրան այս անգամ ձայն չհանեց։ Հաջորդ օրն էլ՝ առավոտյան, դեռ մինչ գյուղի գետ գնալը, գազօջախին սուրճ էր եփել, հետո սուրճը թափվել էր․․․Երևի Լաուրան մտքերով էր եղել։ Հետո մի կում էր խմել…. հետո էլ չէր խմել ու տնից դուրս էր եկել։ Ընդմիշտ։ Հետ այլևս չէր գալու։

Անոն դեռ շատ կմրմռա սուրճի բաժակի վրա, որը անլվա վերցրել էր, որ պահեր ` թե բա հիշատակ Լաուրայից….

-Ինքնասպանության օրը… Բայց նախ` Սարգսյա՞ն…. Իսկ Ձեր անունն ի՞նչ է,- ոստիկանը դիմեց Անոյին։

-Սարգսյան Անահի՛տ,- քիթն ու աչքերը սրբելով` կամաց պատասխանեց Անոն ։

Անահիտ, հա՞: Անունը կարծես արձագանքեց ականջներումս։ Մի վայրկյանում սկսեցի ատել այդ անունը։

Լաուրայի սուրճը դառն էր ստացվել ու այդպես էլ շաքարը չէր գտել դարակում, որ սուրճին ավելացներ։ Լաուրան , այնուամենայնիվ, սուրճն ուզել էր խմել` վերջին անգամ ու սուրճից կում էր արել` վերջին անգամ։ Իսկ Անոն` թե բա անունս Անահիտ է։ Ուզում էի գոռալ, որ ստում է, որ իր անունը Անո է, որ գյուղի անունը Անո է, որ Լաուրային բռնաբարողի անունը Անո է, որ այդ բռնաբարություն կոծկող քննչական համակարգի անունը Անո է, որ Լաուրային մեղադրող յուրաքանչյուրի անունը ԱՆՈ Է։

Իմ անունն էլ է Անո։

Ես Անոն եմ։

Դու Անոն ես։

Please follow and like us: