(Հատված վեպից)
Արդեն կես ժամ էր, ինչ կանգնած էի լուրջ ընտրության առջև․ հայելու առջև կանգնած՝ չէի կողմնորոշվում, թե որ գույնի փողկապը կապեմ՝ կարմի՞րը, թե՞ կապույտը: Հագիս վերնաշապիկի ու կոստյումի հետ ավելի շատ սազում էր կապույտը, սակայն դա իմ ամենօրյա փողկապն էր, և մտածում էի, որ Հեղափոխության տոնին գուցե չարժե՞ կապել այն, ինչ սովորաբար կապում էի: Oրվա առանձնահատկությունը և ոգին ընդգծելու համար մի՞թե պետք չէր կարմիրը կապել: Արհեստական բանականությամբ անհատական օգնականս՝ Նարեն, լուռ կանգնած էր դռան մոտ, ասես կանխագուշակել էր, թե ինչ պետք է հարցնեմ և սպասում էր, իսկ ես ի հեճուկս նրա սպասելիքների, ձգձգում էի հարցը, բայց գիտեի, որ ի վերջո հարցնելու էի, միշտ էլ հարցնում էի։ Վերջին սերնդի անդրոիդը հաստատ ինձինց լավ կիմանար, թե ինչ է ինձ անհրաժեշտ։
Թվաց, որ Նարեն մեծահոգաբար և ներողամտորեն ժպտում է։
-Դե, ի՞նչ կասես, որը՞ կապեմ։
-Կարմիրը,- լսվեց Նարեի քնքույշ և միաժամանակ մետաղական ձայնը,- արագացրեք, ուշանում եք։
Նայեցի մետաղական շղթայով մինչհեղափոխական մեխանիկական ժամացույցին, որ պապիցս էի նվեր ստացել համալսարանն ավարտելու ու աշխատանքի ընդունվելու առթիվ՝ յոթն անց 30 րոպե էր: Դա նշանակում էր, որ ընդամենը 30 րոպե ունեի աշխատանքի հասնելու համար: Այդ ամիս արդեն մեկ ուշացում ունեի և նկատողություն էի ստացել խմբագրից, երկրորդ նկատողությունից հետո կարող էի աշխատանքս կորցնել։ Գործազրկության պայմաններում, երբ տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը հանգեցնում էր նրան, որ ավելի ու ավելի շատ մարդիկ էին անպիտան դառնում որևէ աշխատանքի համար, այս հեռանկարը բոլորովին էլ ոգևորիչ չէր, և ես արագ կապեցի կապույտ փողկապը, իսկ կարմիրը դրեցի գրպանս, որ եթե օրվա ընթացքում փոշմանեմ, սխալը ուղղելու հնարավորություն ունենամ:
Մինչհեղափոխական ժամանակներում ուսանողական տարիներին լրագրող աշխատած պապս պատմել էր, որ իր ժամանակ տասին և անգամ տասնմեկին էր աշխատանքի ներկայանում: Դա ինձ խելահեղություն էր թվում, սակայն երբեմն, ծույլ հոգիս նախանձով էր լցվում այդ ժամանակ աշխատած լրագրողների հանդեպ:
Երբեմն փորձում էի պատկերացնել, թե ինչպես են մարդիկ աշխատել այդ ժամանակ, ինչպե՞ս են ապրել այն պայմաններում, երբ չկային առաջադեմ տեխնոլոգիաները, չկային անհատական օգնականները, որոնք մեր փոխարեն անում են ծանր գործերը։ Կուզենայի՞ արդյոք ապրել այդպիսի աշխարհում։ Ոչ, իհարկե, ոչ, բայց երբեմն մտածում էի, որ արժեր մեկ օր հայտնվել այդ աշխարհում, որպեսզի ամբողջովին գիտակցեի այն առավելությունը, որ մեզ տվել է տեխնոլոգիական առաջընթացը։
Մի վերջին հայացք գցեցի հայելուն և գոհունակորեն ժպտացի, կոստյումը ճիշտ իմ հագով էր, մազերս ու մորուքս խնամքով սանրված էին, կապույտ փողկապը առավել քան սազում էր կոստյումին ու վերնաշապիկին։
-Հաջող, Նարե,- ասացի՝ շրջվելով դեպի Նարեն։
-Հաջող,-նույն քնքուշ ձայնով պատասխանեց Նարեն,- կարմիրը կապիր։
Հայելու մեջ տեսա խոժոռված հայացքս․ ինձ դուր չէր եկել, որ Նարեն դարձյալ իրենն էր պնդում։ Վերջին շրջանում Նարեի խորհուրդներն ու ցուցումները նյարդայնացնում էին ինձ։ Դա տարօրինակ էր, չէ՞ որ Նարեն հենց նրա համար էր, որ ճիշտ ցուցումներ տար, ուրեմ ինչո՞ւ էր դա նյարդայնացնում ինձ։
Այս մտքերով վերցրեցի աշխատանքային ճամպրուկս, որի մեջ անձնական համակարգիչս, տեսագրող և ձայնագրող սարքերն էին, և դուրս եկա բնակարանից: Ցուցամատս դրեցի վերելակի նույնականացման կոճակին, որն անմիջապես կարդում էր ցուցամատի մեջ տեղադրված միկրոչիփի ուղարկած ազդանշանը, տվյալների բազայում գտնում և նույնականացնում էր մարդուն, ապա վերելակին հրամայում էր վերև բարձրանալ կամ ներքև իջնել։ Դա անվտանգության տեսանկյունից արդարացված էր, սակայն մի՞թե մեր աշխարհում դեռ գողեր ու կողոպտիչներ էին մնացել։ Այդ պահին մտածեցի, թե ինչ կլինի, եթե դժբախտ պատահարի հետևանքով կտրեմ ցուցամատս ու ցանկանամ տուն վերադառնալ։ Միթե՞ չեմ կարողանա վերելակը կանչել ու տուն բարձրանալ, թե ստիպված եմ լինելու կտրված մատը մոտս պահել, որպեսզի կարողանամ վերելակ կանչել, տան դուռը բացել կամ «ներկա» ստանալ աշխատավայրում։
Բարեբախտաբար ավտոկայանատեղին արդեն դատարկվել էր և ստիպված չէի դուրս գալու համար հերթ կանգնել : Էլեկտրաէներգիայով աշխատող և ինքնակառավարվող երկնագույն «Երազը» ավտոկայանատեղիի պայծառ լույսի տակ փայլում էր: Արագ անջատեցի էլեկտրական լիցքավորիչի լարը և նստեցի մեքենան: Մի անգամ էլ մեքենայի հայելու մեջ նայեցի տեսքիս: Մազերս ու մորուքս խնամված, հարդարված էին, վերնաշապիկը արդուկված էր, կապույտը, այնուամենայնիվ, լավ էր:
Սովորաբար այդքան բծախնդիր չէի իմ արտաքին տեսքի նկատմամբ և անգամ պատահել էր, որ խմբագիրը նկատողություն աներ մորուքը չխնամելու կամ փողկապ չկապելու համար, բայց օրը, ինչպես նշեցի, առանձնահատուկ էր և ես չափազանց մեծ ուշադրություն էի հատկացնում իմ տեսքին: Երեկոյան տոնական օրվա առթիվ «Հեղափոխության» առաջնորդի նստավայրում խնջույք էր նախատեսված և ես՝ Հայկ Մարտիկյանս, այն եզակի հաջողակների շարքում էի, որոնց նման պատվի էին արժանացել: Դա իսկապես մեծ պատիվ էր սկսնակ լրագրողի համար, որովհետև մեր 50 հոգանոց լրատվամիջոցից հրավիրվել էին միայն խմբագիրն ու ես: Այդ նորությունը իմանալուց հետո որոշ ժամանակ շփոթմունքի մեջ էի, որովհետև խմբագրության ամենալավ և հեղափոխությանը ամենանվիրված լրագրողը չէի համարում ինձ, սակայն վերադաս ատյանները իմ ծառայությունները գնահատել էին ավելի բարձր, քան ես կարող էի պատկերացնել:
Լուրն իմանալուց հետո ինձ նույնիսկ թվացել էր, որ սա յուրահատուկ ստուգատես է, որով ինձ փորձում են: Ես , իհարկե, արագ հեռու էի վանել այդ միտքը ինձանից՝ այն վերագրելով իմ կասկածամիտ բնավորությանը, սակայն նստվածքը մնացել էր և առավոտյան այդ միտքը դարձյալ առկայծել էր գլխումս: Հենց այդ պատճառով է, որ հայելու դիմաց կանգնած՝ չէի կողմնորոշվում, թե որ գույնի փողկապը կապեմ: Կարմիրը կարող էր ընգծել օրվա նշանակությունը և իմ անվերապահ նվիրվածությունը հեղափոխությանը, այնինչ կապույտը ցույց կտար, որ ես որևէ մտավախություն չունեմ և սովորականի նման կապել եմ իմ ամենօրյա փողկապը: Եթե վերադաս մարմինները ինձ հետևում էին, ապա ճիշտը կապույտ փողկապն էր, որպեսզի նրանք տեսնեն, որ ես չեմ ուզում ինչ-որ բան ապացուցել, ես դրա կարիքը չունեմ: Բայց եթե հետևողները չգիտեին, որ ես նման կասկած ունեմ, ապա կարմիր փողկապը ավելի կհամապատասխաներ օրվան և ցույց կտար, թե որքան հավատարիմ եմ հեղափոխությանը:
Մինչ «Երազը» ընթանում էր խմբագրություն տանող ճանապարհով, ես դեռ մտքում որոճում էի փողկապի թեման։ Իհարկե, ընկալում էի իրավիճակի զավեշտը, գիտակցում էի, թե որքան ծիծաղելի է, որ այդքան մեծ նշանակություն եմ տալիս դրան, հավելյալ իմաստներ եմ դնում փողկապ կապելու մեջ, բայց միևնույն է, կպչուն միտքը, որ ինձ ուզում են ստուգել, հանգիստ չէր տալիս: Բայց ինչո՞ւ պիտի ստուգեին, որտե՞ղ էի թերացել։ Եվ ո՞վ, ո՞վ էր ուզում ստուգել: Խմբագի՞րը, գուցե խմբագությունում «Ազատ խոսքի պաշտպանության կոմիտե»-ի ներկայացուցիչը՝ Սոնա Ավագյա՞նը, իսկ գուցե ավելի՞ բարձր ատյաններն են, գուցե Հեղափոխության շտաբի անդամնե՞րն են …
Վերջին միտքը քմծիծաղս շարժեց. արդյոք շատ մեծ կարևորություն չէ՞ի տալիս ինքս ինձ: Մյուս կողմից՝ ինձ հրավիրել էին առաջնորդի ընդունելությանը, իսկ դա հաստատ ինչ-որ բան արժեր:
Զգացի, որ մտքերը կարող են հեռուն տանել:
-Միացնել էկրանը,- հրահանգեցի ես։
Մեքենայի էկրանը միացավ։ Համակարգը միացրեց օրվա ամենադիտված նյութը՝ «Հեղափոխության» մասին նոր երգի տեսահոլովակը, որը նման էր մնացած բոլոր տեսահոլովակներին, որոնք հեղափոխության ամեն տարեդարձի առթիվ նկարահանվում էին և ամբողջ տարի եթերով պտտվում, մինչև նոր տոնը: Քայլող մարդիկ, ծածանվող դրոշներ, զոմբիների դիմակներ հագած ջահելներ, որ ուրախ պարում են ռիթմիկ երաժշտության տակ։
Մեքենան կանգնեց լուսացույցի տակ: Լուսացույցի վերևում մեծ տեսավահանակ էր, որի վրա պատկերված էր մի «զոմբի», որը ցուցամատը ուղղում էր դեպի մեքենաները և ասում․ «Հեղափոխությունը դո՛ւ ես»: Մեքենայի մեջ ձայնը չէր լսվում, բայց ես շատ անգամ էի լսել այն, ու թվում էր, որ այդ պահին էլ եմ լսում։ Դիմացի մայթին մեկ ուրիշ վահանակի վրա հեղափոխության տոնի կապակցությամբ անցկացվող տոնական քայլերթի ուղիղ եթերն էր՝ մոտ 20 հազար երիտասարդներ զոմբիների համազգեստով շարային քայլով քայլում էին Հեղափոխության հրապարակով: Նրանց դեմքերին հպարտություն և սխրանք գործելու պատրաստակամություն կար, իսկ համազգեստի վրա երևում էր զոմբիների ոսկեփայլ տարբերանշանը՝ «Զ» տառը:
Հեղափոխության պատմության գրքում կարդացել էի, թե ինչպես է առաջացել «Զոմբիների միությունը»: Հեղափոխությունից հետո հեղափոխության համակիրներին ու նվիրյալներին սկսել են «զոմբի» անունով պիտակավորել: Հեգնելով իրենց այդպես պիտակավորողներին՝ հեղափոխության հավատավոր նվիրյալները սկսել են իրենք իրենց զոմբի անվանել և նույնիսկ մրցել, թե ով է ավելի «զոմբի»: Այդպես զոմբին դարձել էր հեղափոխության նվիրյալների ընդհանրական անունը:
Ուսանողական տարիներին ես ցանկանում էի անդամագրվել «Զոմբիների միությանը», սակայն ինձ մերժեցին: Հինգ տարի շարունակ փորձում էի, բայց ամեն անգամ նույն պատասխանն էի ստանում. «Զոմբի դառնալու ձեր ջանքը գովելի է, սակայն Ձեր բալերը բավարար չեն զոմբի դառնալու համար»: Թե ինչ չափորոշիչներով էին հաշվում այդ բալերը, ես գաղափար չունեի: Շատ էի մտածում դրա մասին, փորձում էի հասկանալ, թե որն է մերժման պատճառը, սակայն այդպես էլ վերջնական եզրահանգման չէի գալիս: Գուցե դա ուսման առաջադիմության ոչ բավարար լինելն էր, գուցե իմ անձնական որակները կամ այն, որ բացի պապիցս, որը հեղափոխությանը մասնակցել էր, ընտանիքի՝ քաղաքական ակտիվություն ցուցաբերած այլ անդամ չունեի: Իսկ գուցե իմ գեներն էին, որովհետև քննության ամենակարևոր բաղադրիչը, որից մեծապես կախված էր քննական հանձնաժողովի որոշումը, «կենսաբանական» համապատասխանությունն էր։
Համակարգը ուրիշ տեսանյութ միացրեց։ Ես կարող էի ինքս ընտրել, թե ինչ նայեմ, բայց ծրագրային ալգորիթմը վստահաբար շատ ավելի լավ գիտեր, թե ինչ է ինձ անհրաժեշտ։ Լրատվական թողարկման ուղիղ եթերն էր։ Շեղաչ, գեղեցկադեմ հաղորդավարուհին ներկայացնում էր տոնական օրվա միջոցառումները։ «Հեղափոխության տոնի առթիվ քաղաքում անց է կացվում ամենամյա քայլերթը։ Քայլերթը սկսվել է առավոտյան ժամը ութին և ավարտվելու է կեսգիշերին։ Քայլերթի ամենաշատ քայլած մասնակիցները կստանան տոնական նվերներ»։
Ցրված հայացքով պատուհանից դուրս նայեցի, բայց ուշադրությունս գրավեց հաղորդավարուհու արտասանած տեքստը։ «Դժբախտաբար տոնական միջոցառուման ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել։ Հակահեղափոխականների ընդհատակյա խմբավորման անդամները, օգտվելով առիթից, փորձել են հակահեղափոխական կարգախոսներով պաստառ պարզել, սակայն Զոմբիների միության աչալուրջ անդամների և ոստիկանության ջանքերի շնորհիվ դա նրանց չի հաջողվել։ Պրովոկացիան չի ստացվել, հակահեղափոխականները ձերբակալվել են, իսկ պաստառը առգրավվել է»։
Ի՞նչ են ուզում այդ հակահեղափոխականները, ի՞նչու են սադրանք անում։ Չէ՞ որ, եթե նրանք քայլերթի ժամանակ հակահեղափոխական պաստառ պարզեին, ապա կգրգռեին քայլերթի մասնակիցներին և «Հեղափոխության» նվիրյալները նրանց բզիկ-բզիկ կանեին։ Նրանց բախտը բերել էր, որ Զոմբիների միության անդամները թույլ չեն տվել անել դա, և արյունահեղությունից հնարավոր է եղել խուսափել։
Դեռ դպրոցական տարիներից լսել էի հակահեղափոխականների մասին, գիտեի, որ նրանք «Հեղափոխությա»ն թշնամիներն էին, բայց նրանց ընդհատակյա խմբավորման մասին պատմությունները խորհրդավորության մշուշով էին պատված։ Ովքե՞ր են այդ հակահեղափոխականները։ Ինչո՞ւ են ուզում ավիրել այն աշխարհը, որ կառուցվել է հեղափոխությունից ու տեխնոլոգիական թռիչքային զարգացումից հետո։ Ախր, անհնար էր չնկատել տեխնոլոգիական բերած բարիքները՝ հիվանդությունները, որ նախկինում անբուժելի էին կամ դժվար էր բուժել, հիմա հեշտությամբ բուժվում էին, բացառվել էր ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց ծնունդը, կյանքի տևողությունը գրեթե 30 տոկոսով աճել էր, անհատական օգնականները ազատում էին մարդուն հոգսերից, որոնք նախկինում բարդացնում էին մարդու կյանքը, իսկ թարմացումները թույլ էին տալիս, որ մարդն իրեն առույգ ու երջանիկ զգա։ Ուրեմն ինչի՞ դեմ էին նրանք բողոքում, հանուն ինչի՞ էին պայքարում։
Մի՞թե դրանք անպետքներն են՝ մարդիկ, որ զրկվել են աշխատանքից ու դուրս մղվել հասարակությունից, որովհետև ի վիճակի չեն եղել հարմարվել նոր պայմաններին, թե՞ հակահեղափոխականների մեջ նաև մարդիկ կային, որոնք ապրում էին քաղաքում, իմ կողքին, հնարավոր է՝ հենց իմ թաղամասում կամ նույնիսկ իմ շենքում։ Գուցե նրանցից ոմանց ես նույնիսկ ճանաչում էի։
Անպետքների մասին ես շատ բան չգիտեի, որովհետև նրանք ապրում էին քաղաքից դուրս, առանձնացված բնակավայրում։ Դրանք այն մարդիկ էին, որոնց ընդունակությունները ցածր էին և որոնք չէին կարողացել աշխատանք գտնել, կամ նրանք, որ դեմ էին տեխնոլոգիական հեղափոխությանը և առաջընթացին։ Բայց նրանք ապրում էին մեկուսացված, նրանց մուտքը քաղաք արգելված էր, ուրեմն ո՞նց էին ներս թափանցել։