Վ․ Դավթյանի այս հոդվածը հրապարակվել է «ովետական Հայաստան»-ում, 1988-ի դեկտեմբերի 29-ի համարում, այն Վահագն Դավթյան- Հակոբ Մովսես գրական բանավեճի հոդվածներից է եւ «Գրողուցավում» վերահրապարակվում է «Գրամարտ» նախագծի շրջանակներում, որի նպատակն է ընթերցողին ծանոթացնել անցյալի ամենաուշագրավ գրական բանավեճերին։
ԳՐՈՂՈՒՑԱՎ
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Վերջապես… Վերջապե՜ս եկել է նա, ով գրականության ու արվեստի մեջ գործող անխախտ մի օրենքով չէր կարող չգալ…
Պարզեմ միտքս. իմ մասին շատ են գրել, գրել են հայ և այլազգի գրականագետներ, խոշոր բանաստեղծներ, պարզապես ընթերցողներ, իմ գործերը մի քանի դիսերտացիաների նյութ են դարձել և հաճախ արժանացել այնպիսի գնահատանքների ու դրվատանքների, որոնք, անկեղծ ասած, թեև ինքնասիրությունս շոյել են, բայց, բարեբախտաբար, ինքնագոհությունս՝ ոչ։ Միշտ չէ, որ հալած յուղի տեղ եմ ընդունել այդ գնահատանքները, ընդհակառակը, ավելի հաճախ կասկածել եմ, տարակուսել, իսկ երբեմն նույնիսկ մտածել. եթե, իրոք, այդպես է, եթե այդ գնահատանքների մեջ ինչ-որ ճշմարտություն, այնուամենայնիվ, կա, ու՞ր է հապա, ինչու՞ չի երևում Թումանյանի ասած այն «մաղձոտ ու մութ հոգին», որ նման դեպքերում հայտնվում է, հետապնդում, վարկաբեկում, զրպարտում…
Եվ վերադառնալով հոդվածիս առաջին տողերին, կրկնեմ. Վերջապես… վերջապե՜ս եկել է նա, ով չէր կարող չգալ… Եկել է մի Հ. Մովսես և Թ. Խաչատրյանի հեղինակցությամբ գրած ու «Գարուն» ամսագրի № 9-ում տպագրած «Եվս մի պատասխան «Հնօրյա դպիրին»» վերնագրով հոդվածի մեջ իր տգիտությանը գումարել է զրպարտելու մի այնպիսի ամեհի կիրք, որ հոդվածը կարդալիս ինքնաբերաբար օրհնում էի նրա ծնողներին, որ ուշ են ծնել իրենց Հակոբ Հակոբյանին (ըստ «Գրական տեղեկատուի» այդպես է իսկական անունը, կարծես նույն անունով մեկը քիչ էր մի գրականության համար), այո, օրհնում էի ու պատկերացնում, որ եթե սա 30-40-ական թվականներին հրապարակում լիներ, ինչե՜ր էր անելու, ինչպե՜ս էր ասպատակելու…
Ճիշտն ասած, այդ «հոդվածն» այնքան է կեղտոտ, որ նախ ինքս ինձ ասացի. ե՛կ, արժանապատվությունդ հարգիր ու մի դիպիր այդ կեղտին։ Բայց հաջորդ պահին մտածեցի. ախր, սույն Հ. Հակոբը և, ո՞վ գիտե, գուցե նաև որոշ անփորձ ընթերցողներ մտածեն, թե պատասխան չունեմ ու լռում եմ… Եվ ահա, նորից բան ու գործ թողած, նստել եմ, որ դասեր տամ իրականության զգացողությունը լրիվ կորցրած սույն անպատկառությանը…
Բայց դրա համար հարկ է, որ մի փոքր հեռվից սկսեմ և սկսեմ Նապոլեոնի հետևյալ ասույթով. «Նա, ով կարողանում է շողոքորթել, կարողանում է և զրպարտել»։
Ուրեմն, «Գարուն» ամսագրին իմ «Տենդ» պոեմն էի ներկայացրել։ Նախ զանգ տվեց ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն ու իրեն հատուկ հեզաճկուն ոճով հիացմունք արտահայտեց։ Հետո զանգահարեց խմբագրության մի այլ աշխատակից։ Նրան հաջորդեց սույն Մովսեսը՝ խմբագրության պատասխանատու քարտուղարը, գովեստների մեջ գերազանցելով թե՛ առաջինին, թե՛ երկրորդին… Եվ ահա, երկու օր անց, եկավ ու խմբագրության իմ գրասեղանին բանաստեղծությունների մի տրցակ դրեց։ Խոստացա կարդալ։ Ճիշտն ասած, մինչ այդ նրա մի պստիկ գրքույկն էր ձեռքս ընկել. կինս ինչ-որ դիֆիցիտային գիրք է գնելիս եղել, իբրև վերադիր էին տվել։ Թերթեցի, մի երկու բան կարդացի, տեսա, որ հեղինակն ապաշնորհ է, մի կողմ դրի։ Բայց նոր բերածները կարդալուց առաջ մտածեցի. ժամանակ է անցել, գուցե տղան գտել է իրեն, իր ասելիքը։
Բայց, ավաղ, նույն որակն էր.
…Ելնեմ-գնամ Օշական,
Անցնեմ բլուր, դաշտ ու ձոր,
Եվ արտասվեմ և երգեմ,
Ուտեմ ընկույզ ու խնձոր։
Մեկ ուրիշին էլ էի ճանաչում, հաշվապահ էր. ուտելիք տեսնելիս, հրճվանքից ու հուզմունքից նախ սկսում էր արտասվել ու նոր միայն ուտել, ինչպես սույն «պոետը»…
Եվ տեսնելով, որ շողոքորթելուց հետո էլ բանաստեղծությունները չեն տպագրվում, սկսեց զրպարտել, հաստատելով Նապոլեոնի ասույթի հանճարեղությունը։
Երկու տարուց ավելի է (մոտավորապես այնքան, որքան մեր վերջին տառապանքների տարիքն է), ինչ նա «Գարուն» ամսագրի էջերում մեկը մյուսի հետևից «տեսական» ծավալուն հոդվածներ է տպագրում, խայթոցներ ուղղելով ինձ ու իմ սերնդակիցներից շատերին։ Եվ ահա այս տարվա № 3-ում, Թ. Խաչատրյանի հետ վարած հարցազրույցում, չկարողանալով զսպել իրեն, մաղձի ու կեղտաջրի մի ողջ հեղեղ բաց թողեց այդ սերնդի դեմ։ Դարձյալ չէի անդրադառնա։ Բայց կարդալով, հեշտ է ասել՝ կարդալով, ավելի ճիշտ՝ գերագույն ջանքերով հաղթահարելով նաև նրա նախորդ հոդվածների իմաստակությունների, բարբաջանքների, զառանցանքի հասնող անմտությունների, անգրագիտությունների մթին ջունգլիները, մի կերպ գլխի ընկա, որ սրա սևեռուն մարմաջն է անպայման ապացուցել, թե հայ ժողովուրդը ոչ անցյալում է պոեզիա ունեցել, ոչ էլ այժմ ունի (բոլոր անտաղանդներին հատուկ մարմաջ ու կիրք է սա)…
Հասկանալի է, անցյալ պոեզիայի մասին այդպես բացահայտ չի ասում (չէր էլ համարձակվի), բայց այն որակումներից, որ տալիս է նա մեր պոեզիային, մի եզրակացություն է հետևում. հայ պոեզիա չկա, իսկ եթե կա էլ, մեծ արժեք չունի։
Ահավասիկ այդ բնորոշումներից մեկը… Բայց առայժմ՝ ոչ, քանի որ մեր հերոսը շատ է սիրում ապավինել նշանավորների կարծիքներին, ուստի մենք էլ մի քանի կարծիք բերելուց հետո միայն լսենք նրան։ Այսպես, Հենրիխ Մանն ասում է. «Գրականությունը հասարակական երևույթ է», Բեռնարդ Շոուն՝ «Պիեսի որակը նրա գաղափարների որակն է», Բալզակը՝ «Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի», իսկ ըստ մեր «տեսաբանի», հայ պոեզիան «ոչ թե հասարակական գործ է եղել, այլ՝ տնային, նրա հոգեկանությունը ապահովել է ոչ թե գաղափարախոսությունը, այլ՝ մտերմիկությունը»…
Երևի այդ նշանավոր կարծիքներն իզուր էլ վկայակոչեցի, քանի որ դպրոցականին իսկ հայտնի է, որ երբ պոեզիան հասարակական գործ չէ, գաղափարախոսությամբ չի բնորոշվում, պարզապես պոեզիա չէ։
Երբ «Գարունի» գլխավոր խմբագրին հարցրի, թե ինչու՞ է նման բաներ տպագրում, կարճ ու հպարտ ասաց.
–Պլյուրալիզմ է…
Դժվարանում եմ գուշակել, եթե գլխավոր խմբագրին ցույց տայի հետևյալ քաղվածքը՝ «Հայերը չունեն և իրենց գոյության ընթացքում չեն ունեցել չափածո քիչ թե շատ ուժեղ ստեղծագործություն», որ, թվում է, մեր «տեսաբանի» հոդվածներից հանված եզրակացություն է, դարձյա՜լ պիտի ասեր.
–Պլյուրալիզմ է…
Դժվարանում եմ, այո, գուշակել, բայց համոզված եմ, եթե իմանար, որ դա մի խումբ ադրբեջանցի գիտնականների կարծիքն է, պիտի ասեր.
–Զրպարտությու՛ն է…
Եվ տեսնելով, որ «Գարուն» ամսագիրը հաճախ է պլյուրալիզմն ու զրպարտությունը շփոթում իրար հետ, «Երեկոյան Երևան» թերթում (1989 թ., № 193) հանդես եկա մի բավական ընդարձակ հոդվածով, ուր հանգամանորեն անդրադարձա մեր «տեսաբանի» բազում անհեթեթություններին ու տարրական տրամաբանության դեմ կատարած մեղանչումներին։ Անդրադարձա նաև նույն ամսագրի 1988 թ. № 9-ում տպագրված իր իսկ ոտանավորների շարքին, ուր չկարողացա պարզել՝ ապաշնորհությու՞նն է շատ, էպիգոնությու՞նը, թե՞ անգրագիտությունը։
Հոդվածիս արձագանքները համարյա միանշանակ էին։
Սիլվա Կապուտիկյանն ասաց.
–Թնդանոթով ճնճղուկի վրա ես կրակել…
–Դա ո՞վ է, – ասաց Համո Սահյանը, – որ նստել դրա դեմ էդքա՜ն գրել ես…
–Դրամփյանն ո՞վ էր, որ Թումանյանի պես մարդը նստել, նրա դեմ երկու թե երեք անգամ գրել է…
Եվ Համոն, հավանաբար համոզվելով, «Հը՜մ» արեց։
Բայց ահա, Հ. Մովսեսը «Հըմ» չարեց, և «Գարունի» № 9-ում հանդես եկավ մի պատասխանով։ Ճիշտն ասած, շատ զարմացա այդ հոդվածի վրա՝ տեսնելով նաև Թ. Խաչատրյանի անունը (ես նրա դեմ ոչինչ չեմ գրել, ինչու՞ է պատասխանում)։ Բայց շուտով Հ. Մովսեսը փարատեց զարմանքս։ Իր իսկ խոստովանությամբ ինքը թուխս նստելով է ոտանավոր հանում («…Երեք գիշեր արևելքում թուխս նստեցի պիսակավոր իմ բառերին»)։ Նախորդ հոդվածիս մեջ մի թեթև ժպիտով գրել էի, թե ինչու՞ է էգերի մենաշնորհը խլում։ Եվ ահա հումորից բացարձակապես զուրկ այս մարդը (հումորն էլ, երևի, տաղանդի հետ է տրվում) ուզում է ինձ լրջորեն համոզել, թե ես ոչինչ չեմ հասկանում «կենդանաբանությունից», որովհետև չգիտեմ, որ «թռչնոց աշխարհում, վարուժնակը մարիին հավասար փոխնիփոխ թուխս է նստում»։ Այո, զարմանքս փարատվեց, հասկացա, հոդված գրելը ոտանավոր գրել չէ, ու կանչել է ընկերոջը, որ «փոխնիփոխ» թուխս նստեն, ինչպես «վարուժնակն ու մարին»…
Չեմ կարող ասել, թե ինչքան են նստել, բայց պիտի խոստովանեմ, որ «կենդանաբանությունից», իրոք, բան չեմ հասկանում, որովհետև հոդվածը կարդալուց հետո տեսա, որ ձվերից ոչ թե ձագեր են դուրս եկել, այլ… ոստիկանական մի ամբողջ «դոսիե»… Հավանաբար ձվերը հոտած են եղել, և դոսիեն մի այնպիսի գարշահոտություն է տարածում, որ՝ քիթդ բռնիր ու փախիր…
Կատակը մի կողմ, հոդվածն իրոք ոստիկանական «դոսիե» է հիշեցնում, այն էլ 37 թվի որակի։ Բայց, փառք Աստծո, քանի որ հիմա 37 թիվը չէ, այդ «դոսիեն» ընկալվում է լոկ իբրև անզոր չարության հիստերիկ ճիչ…
Մի զարմանալի, լպրծուն ճարպկությամբ սահելով այն բոլոր հարցերի կողքով, որ իմ հոդվածի առանցքն են, սույն ոստիկան-խուզարկուն քիթը, հավանաբար, շատ է դես ու դեն խոթել, ինձ վարկաբեկելու որևէ փաստ գտնելու հույսով, բայց չգտնելով իր հոդվածի ամբողջ տարածությունը լցրել է «պիսակավոր» զրպարտություններով ու կեղծիքներով։
Ահավասիկ դրանցից մեկը. Հ. Մովսեսի և Թ. Խաչատրյանի հարցազրույցում Հեգելի, Պլատոնի, Կանտի, Տոլստոյի և բազում այլ մեծերի անունների հանդիպելով, հոդվածիս մեջ գրել էի. «Հասկացանք, «ինտելեկտուալ» տղաներ եք, գիտեք, թե Էլիոթն ի՞նչ կասեր… բայց, ախր, դուք ի՞նչ կասեիք»…
Եվ ահա, քաղաքական մեղադրանքը պատրաստ է. «Դրանք մեծություններ են և տասնամյակներ շարունակ նաև իր (այսինքն՝ իմ, Վ. Դ.) համառ ջանքերով գողացվել ու թաքցվել են մեր ընթերցողներից»… Հետաքրքիր է, կարդալով այս տողերը, ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը չկանչեց Հ. Մովսեսին ու չհարցրե՞ց. «Չե՞ս հիշում, Վ. Դավթյանը ո՞ր թվերին էր ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարախոսական գծով քարտուղար, որ համառ ջանքերով գրքեր է արգելել. Ժդանովից հետո՞, թե՞ Սուսլովից առաջ»։
Բայց ինքներս հարց տանք գլխավոր խմբագրին.
–Ընկեր Մերուժան Տեր-Գուլանյան, ի՞նչ ես կարծում, սա պլյուրալի՞զմ է, թե՞ զրպարտություն։ Փաստեր ունե՞ք, որ ես գիրք արգելած լինեմ…
Իսկ ի՞նչ կասեք, եթե ապացուցեմ, որ ուղիղ հակառակն եմ արել, այսինքն՝ գրքեր եմ փրկել։ Չգիտե՞ք, օրինակ, թե ինչու՞ հանկարծ Հր. Մաթևոսյանի «Ծառեր», Ան. Սահինյանի «Կարոտ», նաև այլ գրքերի վրա իմ անունն է հայտնվել. խմբագիր՝ Վ. Դավթյան։ Գիտեք, անշուշտ, թե ինչու, բայց… Բայց մի գաղտնիք էլ ասեմ, չմատնեք, Գ. Մահարու «Ծաղկած փշալարերը», որ արգելքի տակ դրվեց, հեղինակի մահից մի քիչ հետո իմ «համառ ջանքերով» տպագրվեց Բեյրութի «Նաիրի» շաբաթաթերթում։
«Գարունի» հոդվածը կարդալիս հնարավոր չէ ամեն քայլափոխի զարմանքից չքարանալ. տողեր եմ բերել Հ. Մովսեսի ոտանավորներից. «Կանչում են մանուկ ծխականներին. Ծեքծեքուն լույսի մառ մայրավանքի», և ասել, թե չեմ հասկանում այս անհեթեթությունը… Պատասխանում են. «30-ականների եկեղեցի պայթեցնելու մոլուցքով դեռ գերադասում է էս կարգի բաները չհասկանալ»։ Ու սահմռկում ես. մտքի ի՞նչ նենգ խաղով են կարողացել 30-ականների սովահար մանուկների մեջ եկեղեցի պայթեցնողներ գտնել…
Ահա և հաջորդ զրպարտությունը. ամսագրի «խմբագրական կոլեգիայի դեմ էլ մոլեգնում է նրա համար, որովհետև ի ցավ նրա (ընդգծումներն իմն են, ինչպիսի՜ լեզու… Վ. Դ.), մեր հանրապետությունում վերջապես գլավլիտը այժմ գրական վեճերի չի միջամտում, իսկ ինքը կուզենար, որ այս դեպքում գլավլիտի դերը գոնե կոլեգիան ստանձներ»։
Այ քեզ բան… Ընկա՜նք… Սա արդեն շա՜տ լուրջ մեղադրանք է՝ «քաղաքական աստառով»։ Երկրում ուզում են դեմոկրատիա հաստատել, բայց ահա մի բանաստեղծ, որ նաև խմբագիր է, գրաքննության պահանջ է դնում… Խայտառակությու՜ն…
Բայց իմ հոդվածում հետևյալն եմ ասել. պատասխանելով այն հնարավոր հարցին, թե իրենից ոչինչ չներկայացնող այդ անձի դեմ ինչու՞ եմ հոդված գրել, բացատրել եմ. «…Հայոց մամուլն է խոսում, իսկ այս դեպքում խոսում է մի ամսագիր, որի կոլեգիայի կազմում կան ինձ համար հարգելի մի քանի հոգի։ Անփորձ ընթերցողը պիտի կարծի, թե այդ մարդիկ էլ են հավանություն տվել այդ հրապարակումներին, չիմանալով, որ նրանք աչքի ծայրով իսկ չեն տեսել ոչ այդ հոդվածը, ոչ այդ երկխոսությունը»։
Այստեղ մի զավեշտական բան կա, ես էլ, Մ. Տեր-Գուլանյանն էլ գիտենք, որ կոլեգիան խորհրդակցական մարմին է, գլխավոր խմբագիրը հակառակ կոլեգիայի բոլոր անդամների կարծիքի, կարող է սեփական պատասխանատվությամբ տպել ցանկացած հոդվածը։ Հետևաբար կոլեգիան երբեք գրաքննության դեր չի կարող կատարել։
–Այդպես չէ՞, Մերուժան…
–Այդպես է, – պիտի ասես, ուրիշ ի՞նչ կարող ես ասել։ Հո չե՞ս ասի, թե այս կեղծիքի ու զրպարտության խառնուրդը «պլյուրալիզմ» է… Բայց, ի՞նչ իմանամ, կարող ես և ասել…
Չգիտեմ, մոլորվել եմ, ո՞րը հիշեմ, որը թողեմ։ Գրում եք. «Նրանք Տեր» (Դեր, Վ. Դ.) Զորի թեմաներով գրված գործերի հոնորարներով ամառանոցներ կառուցեցին»… Թեև ընդհանուր ձևով եք ասում, բայց թղթե նետն իմ կողմն է արձակված. ես եմ Դեր-Զորը կտրել-անցնելուց հետո «Ռեքվիեմ» գրել… Եվ հիմա չգիտեմ, ի՞նչ անեմ. ստիպված եմ այդ ամառանոցը ձեզ նվիրել, որ նրա զովասուն օդում գեթ մի քիչ մեղմեք ձեր նախանձի տենդը… բայց իսկույն էլ պիտի հիասթափեցնեմ ու ասեմ, որ, ավաղ, ամառանոց չեմ ունեցել և չունեմ։ Ուստի, ներող եղեք։
Ճիշտ է, Եղեռնի թեմայով գրված «…Բայց ծնվեցի» պոեմի համար 1965 թ. Բեյրութում առաջին մրցանակ ու բավականին մեծ գումար եմ շահել, որ կարող էի ամառանոց կառուցելու վրա ծախսել, բայց անմիջապես նվիրել եմ Վ. Թեքեյան վարժարանին։
Կան, չէ՞, մարդիկ, որ կույր ձևանալով, դրամ են մուրում։ Իսկ մեր «ճշմարտության ջատագովը» կույր է ձևանում պարզապես ստելու համար։
Գրում է, օրինակ, թե, իբր, ինձ պետական մրցանակ են շնորհել մեկ («Կոմունիստները») բանաստեղծության համար։ Բայց չէ՞ որ որոշման մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Տաղեր» շարքի և «Կոմունիստները» բանաստեղծության համար»։ Եվ մեղանչելով սեփական համեստությանս դեմ, ստիպված եմ (ստիպու՛մ են) հիշեցնել, թե այդ շարքի մասին ինչ է գրել մեր ժամանակի նշանավոր բանաստեղծներից մեկը՝ Է. Մեժելայտիսը. «Դավթյանի բանաստեղծությունները տեղ-տեղ իրենց հնչման հզորությամբ հիմներից, բախյան խորալներից, բազմաձայն օրատորիաներից եկող ինչ-որ բան են հիշեցնում։ Դրանք սրտով ասված մտքեր են, մտքի պոեզիա է դա։ Եվ եթե Դավթյանը, որ փիլիսոփայական քնարերգության այդ բարձրությանն է հասել իր «Տաղեր» շարքի մեջ, այդպիսի բանաստեղծությունների մի ստվար գիրք (ամբողջ մի հատոր) թողնի իր ժողովրդին, ապա այդ գիրքը ժողովրդի մեջ դարեր կապրի՝ Նարեկացու մեծավայելուչ խոստովանության և Ավետիք Իսահակյանի խորունկ քնարերգության հետ»։
Ահա, բանաստեղծությունների ա՛յդ շարքի համար եմ մրցանակ ստացել։ Իսկ մեկ բանաստեղծության համար առհասարակ մրցանակ չեն տալիս, 78-ին մրցանակ չեն տալիս նաև 56-ին տպագրված բանաստեղծության համար։ Վերևներում, չգիտեմ՝ ով, խախտելով կանոնադրությունը, «Տաղերի» կողքին ավելացրել է նաև այդ բանաստեղծության վերնագիրը։ Բայց, իմիջիայլոց, Մ. Տեր-Գուլանյանն այդ նյութը ստորագրելիս չի՞ մտաբերել, որ ես գրական երկար ճանապարհ անցնելուց հետո եմ մրցանակների արժանացել, մինչդեռ ինքը հենց որ գրիչը ձեռքն է առել, սկսել է մրցանակներ ստանալ։ Մրցանակ է ստացել պատմվածքների միջակագույն մի գրքույկի համար, իսկ ԲԱՄ-ի մասին գրած սուտ ակնարկների համար՝ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ։ Եվ դա այն դեպքում, երբ իր սերնդակիցների մեջ իրենից անհամեմատ արժանավորների թիվը երկու տասնյակից շատ ավելի է։
Ի՞նչն է, ուրեմն նրա հաջողության գաղտնիքը…
Եթե որևէ մեկը ցանկանա իր համար պարզել դա, թող բաց անի Հայկազյան բառարանը, գտնի «Արբանյակ» բառը, որը մոլորակի շուրջ պտտվող երկնային մարմին նշանակելուց առաջ այլ իմաստ է ունեցել։ Տարողունակ բառ է. կարող է և՛ ենթակա դառնալ, և՛ ստորոգյալ։ Բազում հոմանիշներ ունի։ Այդ հոմանիշները գումարեցեք իրար և կգտնեք Մ. Տեր-Գուլանյանի հաջողակության գաղտնիքը։
Բայց շարունակենք հետևել սույն պարսավագրի նենգամտություններին, ստերին, տգիտություններին։ Գրականագետ Ս. Աղաբաբյանն իր հոդվածներից մեկում գրել է. «Վ. Դավթյանի… գեղարվեստական կառուցվածքները չափազանց ազգային են, այնքան ազգային, որ դժվարանում եմ դրանք պատկերացնել արտահայկական մշակույթի սահմաններում»։ Իսկ մեր նորաթուխ «տեսաբանի» կարծիքով, ես մեր պոեզիան կտրելով ազգային ավանդույթներից, այն լցրել եմ «խորհրդառուս» պոեզիայի ռիթմերով (կարծես ռուս դասական պոեզիան այլ ռիթմեր է գործածել)… Բայց այնքան է տգետ, որ չգիտի, թե ամենաբուռն ցանկության դեպքում իսկ դա անկարելի է անել, քանի որ «խորհրդառուս» լեզվի և հայերենի շեշտադրություններն իրարամերժ են։
Գրում է. «…այդ տարիներին (այսինքն՝ ստալինյան, Վ. Դ.) քեզ իրավունք չէին տալիս՝ չերգեցիր (երևի՝ չերգեիր, Վ. Դ.), իսկ հետագայում միայն ու միայն այն երգեցիր, ինչ իրավունք էին տալիս»…
Բայց, քանի որ գրական երևույթները ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության հեռվից ավելի ճիշտ են երևում, այս առիթով բերենք հեռվից եկած մի կարծիք. «Վահագն Դավթյան, ինչպես Պարույր Սևակ, Գուրգեն Մահարի, կպեղեն իրենց ներաշխարհը, պահ մը մոռացած իրավակարգին բռնադատյալ պահանջները։ Ատկե շահողը մեր գրականությունն է, որ կհարստանա ադամանդյա նոր գեղեցկություններով» (Բուենոս-Այրես, «Արմենիա», 1967)։ Զարմանալի է, չէ՞, կարծես 20-ից ավելի տարի առաջ հատուկ գրել են մեր նորաթուխ «տեսաբանի» բերանը ծեփելու համար։ Կարծես հենց նույն նպատակով է դեռևս 1965 թվականին, «Ազդակ» թերթում Դետ ծածկանունով հանդես եկած մի անծանոթ հետևյալ կարծիքը հայտնել. «Հարցումը դնենք ընդհանուր ձևով. Ակսել Բակունցի, Շիրազի,Պ. Սևակի, Չարենցի վերջին շրջանի, Վ. Դավթյանի, Ս. Զորյանի, Դ. Դեմիրճյանի գրականությունը «խորհրդայի՞ն» գրականություն է, թե՞ «հայ» գրականություն… Կարելի՞ է Վ. Թեքեյանը անջատել Հայաստանի ամենեն արվեստագետ բանաստեղծեն՝ Վահագն Դավթյանեն»։ Հասկացա՞ր, Հ. Մովսես…
Մի քանի խոսք էլ իմ ու Շահնուրի բանավեճի մասին, որ պեղել է արխիվներից։ Ճիշտ է, չեմ իմացել, որ Շահնուրի այդ հոդվածը 35-ին է գրված եղել (վերահրատարակվել է առանց հեղինակի գիտության ու տարեթվի), բայց չեմ իմացել նաև, որ հենց այդ ժամանակ մի հիրավի սուրբ ու արդար մարդ՝ Արշակ Չոպանյանը, այդ հոդվածի դեմ նույնն է գրել, ինչ ես՝ տարիներ հետո։ Բայց Հ. Մովսեսը արխիվները պեղելիս չտեսա՞վ, որ Շահնուրը այդ բանավեճի օրերին նստել, խմբագրել է իր այդ հոդվածը, ուր հաշվի են առնված իմ համարյա բոլոր դիտողությունները։ Տեսել է, անշուշտ, բայց այդ փաստն իր ինչի՞ն էր պետք…
Բայց ժամանակն է անդրադառնալու այն փաստին, որ, հավանաբար, ինձ վարկաբեկելու հիմնական կռվանը, քաղաքական ամենազորեղ խաղաթուղթն են համարում՝ Ստալինի և Ս. Սպանդարյանի մասին 1949 թվին գրած իմ պոեմը։ Կարող էի, անշուշտ, միայն մի երկու նախադասությամբ այս խնդիրը փակել, պատասխա-նելով. հավատացել եմ, գրել եմ։ Ո՞վ չի գրել։
Բայց այսպես կպատասխանեի միայն այդ հոդվածի հեղինակներին ու տպագրողին։ Մինչդեռ սեփական խղճիս ու ընթերցողի հետ զրուցելիս, կասեի այն, ինչ ասել եմ իմ «Երկերի» երկհատորյակի (1985 թ.) նախաբանում. «Ինչեր կտայի դրանք գրած չլինելու համար»… Ողբերգական, տանջալի ու բարդ հարց է դա, որի կողքով չէի ցանկանա հապճեպորեն անցնել, բայց ոչ արդարանալու, այլ այն սերնդին, որ չի ապրել այդ մթնոլորտում, անգամ ինքս ինձ, բացատրած լինելու համար այդ երևույթը, եթե, իհարկե, կարողանամ։
Անշուշտ, հիմա Ստալինի ոճրագործությունների մասին այնքան նյութ է տպագրվել, որ ամեն ինչ պարզ է թվում, բայց կան բաներ, որ ինձ համար մինչև օրս էլ հոգեբանական հանելուկներ են։ Օրինակ, մտածում եմ, թե ինչ դրդապատճառներից են ծնվել հետևյալ տողերը. «ԹՈՒՂԹ ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆԻՆ, ընդլուսնյա համայն աշխարհում – ժողովուրդների միակ առաջնորդ-բարեկամին – իմ հազարամյա ժողովրդին՝ նրա ամենադժնի չարչարանաց և փորձության օրերին գալիք վերածնության առաջին համբավը ավետողին – Լենինյան հանճարով հաստված անդասակարգ մարդկության ներկան ու ապագան կերտող իմաստուն ճարտարագետին, – և ի վերջո ամենայնի – Պոետական խոսքի տարօրինակ վարպետների Ամենամեծ հովանավորողին և սիրողին, – Եղիշե Չարենցից, նվաստագույն պոետից ժողովրդի նաիրական»։ Սա նվիրումն է մի մեծ ու անավարտ պոեմի, որ սկսված է 1936 թվականին։ Պոեմի միայն նախերգանքին եմ ծանոթ, որ տպագրվել է 1947-ին, «Ընտիր էջերում»։ Ուրեմն, Չարենցը պոեմի վրա աշխատել է այդ ընթացքում, երբ երկրում սկսվել և շարունակվում էին զանգվածային ձերբակալությունները։ Արդյոք սեփական անձը փրկելու համա՞ր է գրել. չեմ կարծում, դրանից առաջ Ստալինին նվիրած բանաստեղծություններ արդեն ուներ։ Բացի այդ նախերգանքն այնքան անկեղծ ու ոգեշունչ է գրված, որ կասկած իսկ չի թողնում, թե իրեն բռնադատելով է գրել։ Ուրեմն, ի՞նչ է սա, հավա՞տ… Բայց այս հարցի պատասխանը, թերևս, գրականագետ Բ. Սարնովի՝ Մանդելշտամի մասին գրած հոդվածի մեջ որոնենք։ Ինչպես հայտնի է, 1934 թվականին Ստալինի դեմ գրած բանաստեղծության համար Մանդելշտամին աքսորում են Վորոնեժ։ Այստեղ բանաստեղծի հոգում սկսում են կասկածներ, երկվություններ ծայր առնել. «Շատ դժվար է մարդու համար ապրել այն գիտակցությամբ, թե ամբողջ վաշտը սխալ է քայլում, և միայն դու, չարաբաստիկդ, ճիշտ ես քայլում, միայն դու գիտես ճշմարտությունը։ Հատկապես, երբ այդ «վաշտը» ամբողջ բազմամիլիոնանոց ժողովուրդն է»։
Այդ երկվության տանջանքների մեջ նա Ստալինի մասին մի ներբող է գրում, որը, սակայն, Մանդելշտամի գրչին վայել գործ չի ստացվում։
Եվ Մանդելշտամն ինքն իրեն համոզելով, թե այդ «հրաշագործ շինարարն» է ճշմարիտը և ոչ ինքը, մի խորունկ, անկեղծ, իրեն վայել բանաստեղծություն է գրում Ստալինի մասին։
Ո՞վ գիտե, գուցե Չարենցի հոգում էլ նույն դրաման է կատարվել։
Ահա այդ բազմամիլիոնանոց «վաշտի» և անհատի, նույնիսկ Մանդելշտամի և Չարենցի նման իմաստուն անհատների, բախումը երևի միշտ «վաշտի» հոգեբանական հաղթանակով է ավարտվել։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ աշխարհի խոշորագույն բանաստեղծներից ու գրողներից՝ Ավետիք Իսահակյանից, Պ. Ներուդայից, Լ. Ֆեյխտվանգերից, Հ. Բարբյուսից, Ա. Տվարդովսկուց սկսած, մինչև գրիչը նոր ձեռքն առած Ե. Եվտուշենկոն, գրել են Ստալինի մասին։ Կարծում էի, թե միայն Ա. Ախմատովան է բացառություն, բայց վերջերս իմացա, որ ամբողջ մի շարք՝ 17 բանաստեղծություն ունի, նվիրված Ստալինին։ Եվ այդ գրողների մեջ կան արդեն սրբություն դարձած մարդիկ, որոնց ազնվությունը անհնար է կասկածի տակ դնել։ Եվ միութենական մամուլում, որն ինչպես հայտնի է, երկու բանակի է բաժանված և իրար դեմ ինչեր ասես չեն գրում, ես մինչ օրս չեմ հանդիպել տողերի, որոնցով որևէ մեկին մեղադրեն Ստալինի մասին գրած լինելու համար, քանի որ լավ գիտեն այն տարիների հոգեբանական մթնոլորտը։ Առաջինը Հ. Մովսեսն է (նաև մեկ ուրիշը՝ ժողովում), որ այդ զենքն է իմ դեմ հանում, հասկանալով, որ ուրիշը չունի։ Եվ այդ անզորությունից շարունակում է բանսարկել։ Պ. Սևակին, հաստատ իմանալով, որ նա ևս գրել է Ստալինի մասին, ևս գովերգել է արշավը «Դեպի լուսե կոմունիզմի կապույտ հեռուն», փորձում է հակադրել սերնդակիցներին, որպեսզի առարկենք, թե նա էլ է գրել, ու մեր ձեռքերով կրակից շագանակ հանի։ Հիրավի բանսարկություն, այն էլ նենգ որակի։
Նման մի նենգամտությամբ փորձել են հակադրել նաև Համո Սահյանին ու ինձ։ Իսկ Համոն էլ էն գլխից, ասես, կանխազգալով, թե ինչ-որ ժամանակ կարող են հայտնվել ինչ-որ բանսարկուներ և մեզ իրար հակադրել, դեռ 1948-ին ինձ նվիրած «Որոնած խոսքեր» վերնագրով բանաստեղծությամբ նույնպես ծեփել է նրանց բերանը։ Բերեմ միայն մի քառյակ.
Ես որոնել եմ… Բայց գտել է ձեզ
Համեստ, հիասքանչ այս պատանին….
Եվ այսօր այնքան բախտավոր եմ ես,
Որ ունկնդիր եմ նրա ձայնին։
Ինչպես արդեն ասել եմ, մի կենտ խոսքով իսկ չանդրադառնալով հոդվածիս հիմնական հարցերին, դրանց պատասխանը փոխարինելով բանսարկություններով, Հ. Մովսեսն այնուհետև անցել է իր «լեզվաբանական» կեղծիքներին։ Գրում է. «Անգրագիտություն» ապացուցող կոնկրետ օրինակներն այսքան են։ Մենք բաց թողեցինք միայն երկուսը՝ բանաստեղծություններից երկու մեջբերում, որոնք թղթ. անդամն այնպես է աղճատել, որ կարդալուց ինքներս էլ զարհուրեցինք»։ Գրելուց պիտի զարհուրեիր, Հ. Մովսես։ Մեջբերումներում կետ իսկ, տառ իսկ չի աղճատված։ Քո բաց թողածներից մեկը հետևյալն է.
Եվ, որ մայրիկ, բայց երբ, քույր
իմ, իսկ ի՞նչ և ի՞նչ՝ այն, որ
կարմիր յոթ հրեշտակ…
Բայց ինչպե՞ս բաց չթողնեիր այս բարբաջանքը։ Եվ ի՞նչն է այստեղ աղճատված։ Եթե անգամ աղճատվեր, հնարավոր է, որ դրանից շահեր։
Նաև սա է բաց թողնված.
…Ու մինչ գիշեր լույսի ճերմակ
աղավնիներ հմայելով
երգի ոսկյա հատիկներով՝
ՀԱՓՐԵՄ նրանց ու հեգելով
անցկացնեմ իմ մենության
արծաթ-ոսկի շամփուրներին։
Այս քաղվածքի մասին գրում է միայն. «չհասկանալու տալով, որ այն պարզապես վրիպակով է տպված (պետք է լինի «հափռել»)»։ Միջամտեմ՝ «վրիպակով է տպված»-ն անգրագիտություն է, պետք է լինի՝ «տպագրական վրիպակ է»։ Այո։ Նշելով միայն, թե «հափրեմ»-ը պիտի «հափռեմ» լինի, այնուհետև լռում է, չի ասում, թե է՛լ ի՞նչ եմ ասել։
Այդ երկուսը չէ, էլի «բաց թողնվածներ» կան։ Օրինակ, այս.
…այդ լույսն է իր ցոլացմամբ հարբած,
գալարվում, ասես իժերի կծիկ։
Փոխաբերությունները պատահականորեն չեն ծնվում մարդու գլխում։ Այն, ինչ մարդու էությունն է, արտահայտվում է նաև փոխաբերությունների մեջ։ Պատկերացրեք, ուրեմն, մեկին, որ հմայելով աղավնիներին, «հափռում», կենդանի-կենդանի շարում է շամփուրներին, որ հետո հոշոտի։ Եվ քանի որ բնազդական մոլուցքից աչքերը սևացել են, լույսն էլ պիտի «իժերի կծիկ» թվա նրան։
Բավականին դիպուկ ինքնանկար է՝ չար, անբարո, խորամանկ, ինչպես հոդվածում։ Լա՛վ, «Հափրեմը» վրիպակ է, սրբագրեցինք, դարձրինք «Հափռեմ», բայց այդ մաղձոտ ու չար հոգի՞ն ինչպես սրբագրենք։ Դա արդեն Աստծո վրիպակն է, որ անուղղելի է։
Հիմա դառնանք «կենդանի ջուր» արտահայտությանը, որ ես անհեթեթություն եմ համարել։ Իսկ նա օրինակներ է բերել, ցույց տալով, որ գրաբարում օգտագործվել է այդ արտահայտությունը։
Մեր այս ամենագետիկը շատ բան գիտի, բայց չգիտի մի շատ հասարակ բան. գրաբարյան շատ ու շատ բառեր դարերի ճանապարհ կտրելով, կորցրել են իրենց նախաստեղծ իմաստը, ձեռք բերելով նոր իմաստներ։ Գրաբարում «կենդանի» ամենից առաջ նշանակում է «կենսունակ», որի հոմանիշներն են «կենսառիթ»-ը, «անսպառ»-ը, նաև՝ «անմահական»-ը։ («Նոր բառագիրք հայկազեան լեզուի», հ. 1, էջ 717)։
Հիմա նայենք «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը», ըստ որի «կենդանի» նախ և առաջ նշանակում է «կենդանական աշխարհի ներկայացուցիչների ընդհանուր անվանում», իսկ ածականաբար գործածվելիս երբեք ջրի ածականը չի դառնում։ (Հ. 3-րդ, էջ 103104), «Կենդանին» աշխարհաբարում «անմահական» իմաստը չունի, ուստի «կենդանի ջուրը» անհեթեթություն է։
Ասում է. «չոքել»-ը և «ախր»-ը թուրքերենից չեն անցել, և խորհուրդ է տալիս բառարաններ նայել, բայց չի ասում, ո՞ր բառարանները։ Ես ասեմ. ինքդ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» նայիր. Չոքել – թրք. «ծնրադրել» (դեռ տակն էլ ավելացրել է, ուղիղ մեկնեց Ալիշան)։ «Ախր»-ն էլ Մալխասյանի բառարանով ստուգիր. ախր. տաճկ.։
«Եվ ահա արդյունքն ստացվեց մի ընթերցող, որ շատ է կարդում, բայց գրագետ չէ»… Այսպիսի նախադասություն է գրել ու դեռ հարց է տալիս. «Ի՞նչն է սխալ»… Լեզվամտածողությունն է սխալ, ընկե՛ր, անգրագիտությունը «արդյունք» չի կարող լինել, որովհետև «արդյունքը» դրական իմաստ ունի, օգուտի, շահի իմաստ։ Ի՞նչ ասեմ, եթե անգրագիտությունը օգուտ է համարում, ուրեմն, այս դասերն իզուր եմ տալիս։
Մի այլ օրինակ. գրել եմ. «Հարկ է, որ հեղինակը միշտ ուղեկցի իր ոտանավորներին»… Հիմա լսեք, թե ի՜նչ աղմուկ է բարձրացրել, ի՜նչ հոխորտանքով է խոսում. «Ահա թե իսկական անգրագիտությունը որն է՝ թղթ. անդամ է և չգիտի, որ հայերենում հայցականը իրի առման դեպքում պետք է ուղղականին նման լինի և ոչ տրականին (վարկաբեկիչ այս արտահայտությունը իր փոխարեն ուղղում ենք այսպես՝ «ուղեկցի… իր ոտանավորները»)։ Ինքնավստահությանը նայեք. «ուղղում ենք»։ Ուղղու՜մ է ու հաստատում, որ թեև բարձրագույն կրթության վկայական ունի, բայց մայրենի լեզվից 5-րդ դասարանի քննություն իսկ չի կարող հանձնել, քանի որ չի տարբերում տրականն ու հայցականը։ Չգիտի, որ տրական հոլով է ընդունում նաև այն իրը, որին հանգում է ենթակայի գործողությունը (տվյալ դեպքում՝ «ուղեկցելը»)։ Գուցե այլ նախադասություն կազմեմ, որ հասկանա. «Հ. Մովսեսը հավատարիմ է ոչ միայն Թադևոսին կամ Մարկոսին, այլև իր անգրագիտությանը»։ Վիճում է հետս. «աղէ»-ն միջարկություն չէ, ձայնարկություն է։ Նախ հենց միջարկություն է (նայիր Մալխասյանը)։ Բայց դարձյալ քար լռություն իմ հիմնական դիտողության՝ լեզվական այն «աջափսանդալի» վերաբերյալ, որ առկա է իր ոտանավորներում։
Այնուամենայնիվ, մի բան չեմ կարող ուրանալ. որքան անճարակ է իր ոտանավորներում, նույնքան վարպետացել է նենգափոխելու «արվեստում»։ Երբ գրում եմ, օրինակ, թե պիտի ուղեկցի իր ոտանավորներին այսինչ բառերը բացատրելու համար (քանի որ բառարաններից հանել ու արհեստականորեն, անճաշակորեն խցկել է իր ոտանավորների մեջ), իսկույն նենգափոխում է, թե, իբր, ասել եմ հայերենում այդպիսի բառեր չկան։
Եվ այսպես անվերջ՝ անգրագիտություն կամ կեղծիք, կեղծիք կամ խուսագրություն…
Պատկերացնում եմ, ասես, թե «վարուժնակն ու մարին փոխնիփոխ» թուխս նստելով, ինչպես են գրել այդ պարսավագիրը։ Երևի մեկը երկար-երկար մտմտալով, հանկարծ հրճվագին վեր է թռել ու գոչել. գտա, գրի՛ր, որ «գրականության ենթագնդապետ է»…
Տնաշեններ, տալիս էիք մի կարգին կոչում տայիք։ Ինձ վերագրելով այնպիսի զորություններ, որ կարողացել եմ անգամ Կանտ ու Հեգել արգելել, ինչու՞ հանկարծ ժլատացաք, եթե ոչ մարշալի, գոնե գեներալի կոչում տայիք, որ ես էլ իրավունք ունենայի ձեզ կոչումներ տալ։ Ըստ «Գրական լրատուի» թեև Հ. Մովսեսը բանակում չի ծառայել, բայց ես նրան առնվազն եֆրեյտորի կոչում կտայի ու կպատվիրեի նրա ջոկի հրամանատարին՝ հետը օրը մի քանի ժամ շարային պարապմունքներ անցկացնել, որ կարողանա գոնե իր ոտանավորների ոտքերը տեղը գցել, այլապես կաղում են.
…սակայն, ասեմ, ի՞նչ հրեշտակ,
յոթ հատ փոքրիկ նռնենի էին
այդպես ծաղկած…
Օրերս իմ ծանոթներից մեկը, որ կարդացել էր «Գարուն»-ի հոդվածը, հարցրեց.
–Լա՛վ, ասենք այդ տղաները գրականության մասին թյուր պատկերացումներ ունենալով և քո հոդվածից զայրացած, ինչ խելքներին փչել, գրել են, իսկ խմբագի՞րը…
–Խմբագիրը գրական ոչ մի հոդված, որքան գիտեմ, չի գրել, որ իմանամ, ի՞նչ ըմբռնումների տեր է։ Իսկ վերջերս առհասարակ ոչինչ չի գրում։
Այսպես։ Իսկ ինչ վերաբերում է Շահնուրից թռցված և այդ հոդվածի վերնագրով ինձ շնորհված «Հնօրյա դպիր» կոչմանը, ապա միայն ու միայն գոհունակությունս պիտի հայտնեմ։ Աբովյանն էլ էր դպիր… Բայց, ավաղ, մեր օրերում հազվագյուտ, շատ հազվագյուտ են այն հնօրյա դպիրների ազնվությունը, բարոյականությունը, խիղճն ունեցող մարդիկ։ Ոչ Շահնու՛րն է հասկացել, ոչ էլ հոդվածի հեղինակները, թե ինչ մեծ պատվի են արժանացրել ինձ՝ անարժանիս ու նվաստիս։
Իմ հոդվածում խոսքը միայն Հ. Մովսեսի մի երկու հոդվածի և ոտանավորների մի շարքի մասին էր։ Ինքը իմ կենսագրությունն է քրքրել։
Հե՜ր օրհնած, երբ ինձ «թղթ. անդամ» էին ընտրում, նման տվյալների կարիք կար, ու ես ոչ մի կերպ չէի կարողանում հավաքել, ինչու՞ չներկայացար ու չասացիր, թե այդպիսի ընդունակություն ունես. կհանձնարարեի, կկատարեիր, ու ես էլ քեզ (այն էլ հասաբեստ) քարտուղարից անձ. քարտուղար կդարձնեի (քո «սրամտության» վրա ձևեցի, եթե տափակ ստացվեց, քո մեղքն է, իմը չէ)։
Այնուամենայնիվ, մի հարց է ինձ խստորեն տանջում. որն է ակունքն այդ հիստերիկ չարության, ուղղված այն սերնդի դեմ, որի մանկության ուղեկիցը սովն էր, երիտասարդական տարիներինը՝ պատերազմը, մահը, բռնապետության ահն ու սարսափը, կարիքը… Եվ ովքե՞ր են այդ հիստերիկ ճիգերի հեղինակները. մարդիկ, որոնց սերնդակիցներն այս օրերին ժողովրդական ջոկատների մեջ մտած, իրենց փոքրիկ հողի սահմաններն են հսկում, մինչդեռ իրենք իրենց «պիսակավոր» բառերին թուխս նստելով, զրպարտության երամներ են օդ հանում ու մատնում իրենց բարոյական սնանկությունն ու ողորմելիությունը…
Խոսքս ավարտելուց առաջ դարձյալ դիմեմ մեծն Թումանյանին, որ մի համանման առիթով ասել է. «Եթե ձեզ Աստված բերան է տվել՝ նրա համար չի տվել, որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն-լեն բաց անեք, ձեր խելքից դուրս բաներ խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք»… Այս խոսքերն ուղղելով Հ. Մովսեսին, բարեհոգորեն կավելացնեի, որ խելոք, սուս ու փուս քաշվես մի անկյուն ու հացի հետ նաև քո մածունն ուտես…
Իսկ «Գարուն» ամսագրի խմբագրությանը հետևյալը կասեմ. հաշվեցի՞ք, թե քանիսն են այն զրպարտությունները, որ այդպես անամոթորեն ու անպատկառորեն բարդել եք վրաս։ Դրանցից մեկն իսկ բավական էր, որ այն բարի, ասպետական ժամանակներում ձեռնոց շպրտեին զրպարտչի դեմքին։ Բայց երբ զգում էին, որ այդ դեմքն անարժան է իրենց մաքուր ձեռնոցին, նրան իր սեփական խղճի դատին էին հանձնում, որ տանջվելով, մաքրվեր։ Թեև համոզված չեմ, թե այդ խիղճ կոչվածից դեռ ինչ-որ փշուր կա ձեր մեջ, այնուամենայնիվ, առայժմ խղճի դատին եմ հանձնում ձեզ։ Հետևաբար՝ առայժմ…