Եվս մի պատասխան «հնօրյա դպիրին»/ Հակոբ Մովսես, Թադեւոս Խաչատրյան

Հակոբ Մովսեսի՝ Թադեւոս Խաչատրյանի հետ համահեղինակությամբ գրած սույն հոդվածը լույս է տեսել «Գարուն» ամսագրում, 1988-ին, ի պատասխան Վահագն Դավթյանի «Նախ՝ շփոթի, ապա՝ շիլայի, իսկ վերջում մաղձի մասին» հոդվածի, Վահագն Դավթյան- Հակոբ Մովսես բանավեճի հոդվածներից է, որի մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ։ «Գրողուցավը» հրապարակում է հոդվածը «Գրամարտ» նախագծի շրջանակներում, որն ընթերցողին ծանոթացնում է հայկական մամուլում տեղ գտած ամենակարեւոր գրական բանավեճերին։

Երբ 1988-ից մեր դարի պատմության մեջ սկսեց լրիվ իրավունքների մեջ մտնել ֆաշիզմը, նրա՝ ամեն ինչ իր անիվների տակ ճխլող սայլին լծվեցին նաեւ Կնուտ Համսունի եւ Էզրա Փաունդի պես մեծ գրողներ։ Հուզիչ է նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը ֆաշիզմի տապալումից հետո, երբ այլեւս խաբկանքներ չէին մնացել։ Օրինակ՝ Է․ Փաունդին իտալական հետպատերազմյա իշխանությունները դատապարտեցին ցմահ բանտարկություն։ Միայն աշխարհի մեծանուն գրողների դիմում-խմբագրին անսալով էր, որ նա ազատ արձակվեց։ Թվում էր, թե համաշխարային պոեզիայի այս փառաբանված անունը պիտի շարունակեր իր գական գործունեությունը։ Բայց ո՛չ։ Փաունդն ապրեց եւս քսանութ տարի (մահացավ 1972-ին) եւ այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ մի բանաստեղծություն չգրեց, ոչ մի «վերակառուցում» չապրեց, ոչ ոքի հետ չհանդիպեց․ իր սխալի համար այսպես պատժեց նա ինքն իրեն, այսպես մեղանչեց իր մի ակնթարթի «ռոմանտիկական մոլորության» համար։

Ուրիշ էին ստալինյան կամպանիային զինվորագրվածները․ սրանք իսկույն թաքցրին կամ վերացրին իրենց հետքերը եւ հաջորդ տասնամյակներում սկսեցին այդ տասնամյակների թելը հյուսել․ նրանք նախ եւ առաջ թաքուն պայքար սկսեցին բոլոր այն իսկական գրողների, վերջին մոհիկանների դեմ, ովքեր իրենց պես չէին՝ Պաստեռնակից մինչեւ Պ․ Սեւակ․ ու երբ լրիվ ազատվեցին նրանցից՝ այլեւս անխոցելի դարձան։ 50-60-ականներին սրանք «պարտիայի կոչով» սկսեցին «իրենց ակտիվ մասնակցությունը բերել», օրինակի համար, գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը՝ ընթերցողին խաբելով, թե գյուղատնտեսական մթերքների գովքը անող իրենց ժողովածուներում Դ․ Վարուժանի «Հացին երգի» ավանդույթներն են շարունակում, իսկ արդյունաբերական երգերով՝ «Գողգոթայի ծաղիկներ» շարքինը։ 65-ից հետո մտան «հայրենասիրական պոեզիայի» եկամտաբեր ոսկե հողերը (թեեւ իսկական հայրենասերները հայտնվեցին բանտերում)՝ մի անգամ եւս հաստատելով Տոլստոյի այն միտքը, որ «բոլոր սինլքորների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»։ Այսօր նրանք արդեն ջնջել են անցյալի իրենց բոլոր հետքերը եւ «իգիթ» են կտրել՝ «հայրենասիրություն» են սովորեցնում բոլորին ու թեեւ էլի չեն կարողանում թաքցնել իրենց օրիենտացիոն ստրկամտությունը՝ խոսում են «պոեզիայի դերի, հասարակական ժխտման» դեմ եւ Ղարաբաղյան շարժման ընթացքում գրական խոսակցություն վարելու անհարմարությունից՝ փորձելով այս անգամ էլ այդ շարժման շապիկներով ծպտվել եւ չուզենալով հասկանալ, որ Ղարաբաղյան շարժումը եկել է մաքրելու մեր կյանքի բոլոր կողմերը եւ առաջին հերթին՝ հենց մեր մշակույթը, որը մեր ժողովրդի գոյատեւման ամենահուսալի գրավականն է եւ որը վերջին 80-40 տարիների ընթացքում այնքան շատ է եղծվել։ Սրանք կատաղում են, որ իրենց Բելինսկու եւ Լունաչարսկու անունների փոխարեն, ասենք, Շելլինգի անունն են կարդում։ Նրանք Եղեռնի եւ Տեր-Զորի թեմաներով գրված հոնորարներով ամառանոցներ կառուցեցին, այնտեղ նստած պոեմներ գրեցին տառապանքի մասին եւ ստեպ-ստեպ լուրեր տարածեցին, թե, ենադրենք, Գ․ Էմինին տնային կալանք են տվել, այսինչին բռնել են եւ այլն, մինչդեռ այս ընթացքում ստացան պետական բանաստեղծի իրենց պետական մրցանակները, մեդալներն ու մենաշնորհները, հեռուստատեսությամբ եւ մամուլով ամեն կերպ ճգնեցին հավաստիացնել, թե Պ․ Սեւակի բարեկամն են եղել եւ նրա դեմ կազմակերպված ոչ մի բանսարկության չեն մասնակցել․ ու ականջները սրած հետեւեցին, որ ջահել տաքգլուխ մեկը, իրենց ձեռքի տակից չփախչի, իրենց բառերով ասած՝ մեծամտություն չանի եւ «մի ամլիկ գառի» պես ընդունի ավագի իրենց հարգն ու պատիվը եւ հնազանդ ու խելոք որդի լինի։ Ու մեկ-երկու տարին մի անգամ ռուսերեն կամ հայերեն հաստափոր մի ժողովածու իջեցրին ընթերցողների շշմած գլուխներին եւ նրանց մասին ոչ ոք ոչ մի բացասական խոսք չասաց։ Եվ դույզն-ինչ չէր սխալվում Ա․ Սոլժենիցինը, որ գրում էր․ «Մեր երկրում մաֆիայի նոր տեսակ է ստեղծվել՝ գրական մաֆիա»։ Վա՜յ նրան, ով դրա անդամներից մեկնումեկին սիրտ արեց ասել՝ ես քո պոեզիան չեմ հավանում․ նա հանում է գրական պարագլխի իր ատրճանակը եւ՝ թըխկ՝ հայհոյելով, սպառնալով ու Թումանյանից էլ մի մեջբերում անելով՝ տեղնուտեղը սպանում է քեզ։

Երբ «Գարուն» ամսագրի այս տարվա 8-րդ համարում տպագրվում էր մեր երկխոսությունը, մենք ոչ մի պատրանք չէինք տածում՝ գիտեինք, որ մեր դեմ գրելու են, նույնիսկ ջարդուխուրդ են անելու մեր ասածները, եւ դա բնական էինք համարում․ մենք փորձել էինք «ոչ ստանդարտ» բաներ ասել։ Բայց փոքրոգի հայհոյանքների ճիշտն ասած չէինք սպասում։ Գրականագետ Ս․ Սարինյանի՝ «Գրական թերթի» այս տարվա հուլիսի 21-ի համարում տպագրված հոդվածի պես հոդվածների սպասում էինք, ուր քննադատության մեջ մեր կարծիքով որոշակի կողմնորոշումներ ու սկզբունքներ չունեցող քննադատը պարզապես վերաշարադրել էր մեր երկխոսությունը՝ ընդարձակ մեջբերումները մեկնաբանելով մոտավորապես «բա եղավ», «հլը տեսեք», «վայ ես ձեր» եւ նմանատիպ բացականչություններով, նենգափոխել էր երկխոսությունը (օրինակ, չհասկանալու տեղ էր դրել, որ Հինգերորդ ավետարան կոչված է մեր մշակույթը եւ ոչ թե երկխոությունը), մի երկու տեղ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է փորձել երեւալ, «պետության» հարցում իրեն դրել էր չգիտեմ ինչի տեղ, Վ․ Դավթյանին միստիկ բանաստեղծ էր հանել, մի տեղ էլ Եռագույնի մասին էր գրել (թեեւ անցյալի իներցիան էլի թույլ չէր տվել այն մեծատառով գրել)։ Ս․ Սարինյանը, պարզ զգացվում էր, հանձնարարություն էր կատարել եւ վա՛տ էր կատարել։ Ըստ որում, նրա հոդվածի «բերքը բաշխողը» նրան հանձնարարել էր հիմնականում երիտասարդ քննադատին պախարակել եւ նենգափոխել․ բանաստեղծին քննադատը մի երկու տեղ նույնիսկ շողոքորթել էր («Իհարկե, քաղաքականություն-կուլտուրա հարաբերության հարցում բանաստեղծն ավելի ճիշտ է օգտվում հասկացությունների փիլիսոփայական իմաստից»․․․)․ նրա հարցը ուրիշ կերպ պիտի լուծեին․․․

Եվ ահա շատ չանցած «Երեկոյան Երեւան» թերթի այս տարվա օգոստոսի 22-ի համարում այդ «ուրիշ կերպ լուծողը» գոծի է անցել։ Բայց թե ի՜նչ գործի անցնել․ նա պարզապես եկել «կտրել է վերեւը, խոսքին տալով էս ձեւը»․ հայհոյանքներ, սուտ, կեղծիք, սպառնալիք, շանտաժ, ծաղր,- ու այս ամենը ձայնի զարմանալի, շատ զարմանալի մի ֆալցետով։ Բայց թղթ․ անդ․ ձայնի այդ ֆալցետն էլ հենց մատնել է, թե նրան ԻՆՉՆ է պակասում եւ ՈՐՏԵՂ Է պակասում։

Հեւասպառ հայհոյանքների արանքում, մի տեղ թեթեւակի վարձատրելով Սարինյանին, («․․․ մի ընդարձակ ու շատ հուզիչ հոդված էր տպագրել «Գրական թերթում»)՝ թղթ․ անդ․ որոշում է «մի թեթեւ» ինքն էլ անդրադառնալ մեր երկխոսությանը։ Բայց որպեսզի ընթերցողը չկասկածի, որ ինքն ընդամենը անձնական քինոտ վրեժ է լուծում, սկսում է իբր թե հեռվից եւ, ինչպես Մեծարենցը կասեր, «իր գրական նկնության մեջ տիտանի շարժուձեւ մը կփորձե՝ օձիքս ի վեր ցատկել ուզելով»․ իր մի հարեւանի հետ (դատելով լոր որսալու մեր օրերում եզակի արտոնությունից՝ պետք է ենթադրել, որ սա էլ ի՛ր ասպարեզում է ցեխավիկ) կերած-խմածի շուլուխով վերլուծում է «Մեղեդիի ծաղկման» (Հ․ Մովսես) բանաստեղծի հետեւյալ տողերը․

Ուրեմն այսպես. երեք գիշեր արևելքում թուխս նստեցի
պիսակավոր իմ բառերին։
Երեք գիշեր թևս խաղաղ փռել էի իմ լռության
նախշուն մարմար հավկիթներին։
Մինչև սիրտս ծափծակելով դուրս եկան ի՜նչ, ի՜նչ
ոսկեմազ լորաձագեր…
Եվ երգեցին ձեռքիս վրա, ճլճլացին մազերիս մեջ ու թեւ
առան ու վերն ի վեր
Թեւին տալով թռան հանկարծ, վերեւ ելան եւ բարձրացան
Ու ճյուղերին իջան հավերժ մոռացության․․․

Թղթ․ անդամը հենց Մեծարենցի բանաստեղծությունները սուտլիկ համարող ոմն ՓԱՅԼԱԿԻ անհողդողդությամբ (ժամանակին սա Մեծարենցի «Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ Մանուկներն ընդարմացած» պատկերի մասին գրում էր․ «Ի՞նչ, հոգիին մեջ մանո՞ւկ կրնա ըլլալ») վերլուծում է լորի թուխս նստելու պարագաները՝ հանդես բերելով փայլակության անուրանալի նշաններ․ ա) կենդանաբանությունից, որովհետեւ չգիտի, որ թռչնոց աշխարհում վարուժնակը մարիին հավասար փոխնեփոխ թուխս է նստում, բ) պոեզիայից, որովհետեւ չի ուզում հասկանալ, որ այս բանաստեղծության մեջ փոխաբերության հետ գործ ունի, գ) վերջապես բարոյականությունից, որովհետեւ չգիտի, որ մարդուն «թխսամայր» եւ զանազան վիրավորանքներով խոցելը (թղթ․ անդամը մի տեղ նույնիսկ Հ․ Մովսեսի ծնողներին է վիրավորում․․․) թեեւ շատ էժան ու կանացի միջոց է, բայց նա, ում դրանք ուղղված են, կարող է միայն ժպտալ ու մտածել, թե ի՜նչ խուճապի է մատնվել այս թղթ․ անդանմը, որ այսպես կորցրել է իրեն ու ձեռքը գցել հայհոյանքների փրփուրին․․․

Վերը բերված տողերում թղթ․ անդամին վիրավորել է նաեւ «Արեւելք» բառը, իսկ ինչո՞ւ Արեւելքում՝ զարմացած հարցնում է նա։ Քանի որ հարցնում է՝ պատասխանենք․ թող հանգի՛ստ լինի, այդ բանաստեղծության մեջ այն Արեւելքն է, որի մասին «Գիրք Ծննդոցում» է խոսվում՝ «տնկեաց Աստուած զդրախտը յ եդեմ ընդ Արեւելս»․ թող հանգիստ լինի՝ այն ոչ իր հիշատակաց Հեռավոր Արեւելքի հետ կապ ունի, ուր նա քառասունական թվականներին շատ հայտնի իր «Տուրուխանյան երկրում» պոեմում Ստալինին կամ իր խոսքերով ասած՝ «դարի իմաստունին» էր պատկերում («Ստալինը սովետահայ պոեզիայում», Երեւան, 1949թ․, էջ 75), որը այնտեղ նստած ըստ թղթ․ անդամի խորհում էր ժողովուդրների ապագայի մասին, իսկ իրականում ոչնչացնում էր նրա իսկ ժողովրդին (այս խարանը իր ճակատին գոնե մեզ համար ողբերգական 49-ից առաջ դաջեր),- ոչ էլ Մերձավոր Արեւելքի, որի բանաստեղծական՝ մինչ օրս էլ իր սրտին դեռ թանկ ձեւերով՝ մուղամբազով ու իլահիով էր աղաղակում՝ «կանգնենք Ստալինի դրոշի տակ» (նուն տեղում, էջ 88) եւ ուր 60-70-ական թվականներին, արդեն երկու անգամ «վերակառուցված», մեկնում էր (գործողվում էր․․․) ճառեր ասելու եւ Եվրոպայում թափառող հայտնի մի ուրվականի գործունեության ասպարեզը այնտեղ «ինտենսիվացնելու» համար։

Մենք չենք անդրադառնա «Ավանդույթ եւ արդիականություն» (Հ․ Մովսես) հոդվածի թղթ․ անդամի «չհասկանալու» գանգատներին․ նա պիտի որ այդ հոդվածը չհասկանար, չնայած, որ չհասկացածը նաեւ վարպետոեն չպիտի նենգափոխեր։

Այնուհետեւ խոյահար անցում է կատարում բանաստեղծություններին (Հ․ Մովսես)․ որ թղթ․ անդամը կարող է դրանք չհավանել՝ իր գործի է․ ճաշակին, ասում են, ընկեր չկա։ Բայց փորձում է դրանց մեջ սխալներ գտնել եւ ահա այստեղ է, որ իր բերած բոլոր օրինակներում ընկնում է ծիծաղելի իրավիճակների մեջ։

Սկսում է «հափրել» բառից՝ չհասկանալու տալով, որ այն պարզապես վրիպակով է տպագրված, (պետք է լինի «հափռել»), այնպես, ինչպես իր վարկաբեկության մեջ են մի շարք բառեր վրիպակներով տպվել՝ մենաշնորհը սենաշնորհ, այդտեղը՝ այտեղ եւ այլն։ Այս կապակցությամբ երկար խոսելով հեղինակի ախորժակի մասին՝ մեջբերում է նրա բանաստեղծության հետեւյալ տողերը․

․․․ եւ մեր լավագույն զգացմունքների
կերակուրները երգելով փռենք,-

եւ հեգնում է՝ «լավագույն զգացմունքները, ուրեմն, կերակուրներ են»․ այո, բանաստեղծի խոհերը եւ լավագույն զգացմունքները կերակուրներ են, նա դրանցով է հյուրասիում իր երազի եւ արթնության հյուրերին։

Գրում է․ «Ոսկի շամփուրներ» արտահայտության մեջ «ոսկի»-ն պետք է լինի «ոսկյա»․ ուղղում ենք՝ հենց «ոսկի» էլ պիտի լինի՝ բառարան նայիր կամ հիշիր Վահան Տերյանի տողերը ․ «Տեսա երազ մի վառ, Ոսկի մի դուռ տեսա․․․»։

Գրում է․ ««Չոք» եւ «ախր» բառերը թուրքերեն են։ Ուղղում ենք՝ եւ «չոք»-ը եւ «ախր»-ը պարսկերեն են, թող բարի լինի, բառարաններ նայի․ երկու բառերն էլ պարսկերենից են անցել հայերենին (նաեւ թուրքերենին, իսկ պարսկերենին շատ հավանական է՝ դարձյալ հայերենից, որովետեւ մենք մեր «պարսկակենտրոն» հայրենագրությունը համարում ենք չհիմնավորված)։

Գրում է․ հայրենում «ահէ» բացականչություն չկա։ Ուղղում ենք՝ կա, այն էլ երկու տարբերակով («հէ» եւ «ահէ»․ «Սրտիկս դառնացեր ու լայ, հէ, Չի դադարի, կուլայ, հէ» (Անդրեաս Արծկեցի)։

«Լուսին բոլոր լուսով լցեալ՝ Ահէ, ամբով դու ծածկեցար» (Ղազար Թոխաթեցի)։

Գրում է․ գրաբարում կա «աղէ» միջարկությունը․ ուղղում ենք՝ «աղէ»-ն միջարկություն չէ, ձայնարկություն է, որ կարող է նաեւ մակբայաբար գործածվել։

Գրում է (այստեղից անցնում է ավելի ծանր մեղադրանքների եւ ընկնում ավելի զավեշտալի վիճակների մեջ)․ «Լեզուն այլասերողը այդ լեզուն չիմացողներն են։ Մեր հեղինակը (խոսքը Հ․ Մովսեսի մասին է) չգիտե, որ հայերեն չի կարելի «կենդանի ջուր» («живая вода» ասել, որ դրա հայերենը «անմահական ջուրն» է»։ Նախ պատասխանենք Ջիվանու խոսքով․ «Դու որ գրես, անմահական ջուր գրիր»։ Հետո այսպես ուղղենք՝ եթե ժամանակին Շահան Շահնուրի պես մեծատաղանդ եւ սրբակյաց գրողի դեմ ինչ իմանաս ում հանձնարարությամբ ռապպական ոճի զրպարտչագրեր թխելու փոխարեն նստեիր՝ մի քիչ Աստվածաշունչ կարդայիր, «կենդանի ջուր» արտահայտությունը կհանդիպեիր ամենուր, ամենատպավորիչը՝ Հովհաննու Ավետարանը, Սամարացի կնոջ հատվածում․ «․․․ դու արդեոք խնդրօիր նմանէ եւ տայր քեզ ջուր կենդանի»։ Նոր Կտակարան վախենում էիր կարդալ, Ագաթանգեղոս կարդայիր․ «Գետք յորովայնէ նորա բխեսցեն ջրոց կենդանեաց»։ Թե՞ Մաշտոցն ու Ագաթանգեղոսն էլ են ռուսերենից ազդվել։

Գրում է․ «Հարպուն» բառը ռուսերենից է թխված․ ուղղում ենք՝ բա որ ռուսերեն լիներ, «հ»-ով կկսվե՞ր, սա հունարեն բառ է, որ մերոնք դեռ միջնադարում էին օգտագործում։

Գրում է․ բանաստեղծը անճաշակ է եւ գործածում է«ոնց» բարբառային բառը»։ Ուղղում ենք՝ «ոնց»-ը բարբառային բառ չէ, խոսակցական բառ է, թեեւ բարբառային բառերն էլ հավասար իրավունքներ ունեն գործածվել բանաստեղծության մեջ։

Գրում է․ «մերագոյակ» ածականի իմաստը հասկանալու համար հարկ է միայն ու միայն հեղինակին դիմել»։ (Կարծում է, թե հայերենում այդպիսի բառ չկա)։ Ուղղում ենք եւ ասում՝ ախր ինչո՞ւ հեղինակին, թղթ․ անդամը բա իսկույն Հովհ․ Մայրագոմեցու սքանչելի տողը չպիտի՞ հիշեր Տիրոջ մասին, ուր այդ բառը ուղղակի շողշողում է «աներեւույթ անսկբզնութեամբ երեւեցավ մերագոյակ մարմնովն»- իսկ եթե չի հիշում՝ չպիտի՞ բացեր Հայկազյանը կամ Մալխասյանցը եւ նայեր։

Գրում է․ «քաջընթացիկ» բառը հորինված է, սխալ բառ է․ ուղղում ենք՝ այդ բառը դեռ Խորենացին էր գործածում․ կարդա քերթողահոր «Պատմության» «Հայկ եւ Բել» հատվածը («Քաջընթացիկս առաջի իւր առաքէ»), կամ Հայկազյանում նաի «Շարականի» տողը («Եւ հովիւ քաջընթաց Երկնաւոր հօտապետին »)։

Գրում է․ «Հարկ է, որ հեղինակը առհասարակ միշտ ուղեկցի իր ոտանավորներին»․ ահա թե իսկական անգրագիտությունը որն է՝ թղթ․ անդամ է եւ չգիտի, որ հայերենում հայցականը իրի առման դեպքում պետք է ուղղականին նման լինի եւ ոչ թե տրականին (վարկաբերկիչ այս արտահայտությունը իր փոխարեն ուղղում ենք այսպես՝ «ուղեկցի․․․ իր ոտանավորները»)։

Գրում է․ «Եվ ահա արդյունքն ստացվեց մի ընթերցող» արտահայտությունը սխալ է (թեեւ չի նշում՝ ինչն է սխալ․ ըստ երեւույթին կարծում է, որ «արդյունքում ստացվեց» պիտի լինի)։

Մեջբերում է անում եւ ճիշտ օգտավործված «վերածել» բառը ինքնագլուխ դարձնում է ․․․ «վեր է ածել»։ Այ քեզ բան։

Գրում է, թե չի հասկանում «կանչում են մանուկ ծխականներին Ծեքծեքուն լույսի մառ մայրավանքի» պատկերը եւ նենգափոխում է այն՝ «ծխականներին կանչում են․․․ մայրավանքի»։ Ծխականներին մայրավանքի՛ չեն կանչում, մայրվանքի՛ ծխականներին են կանչում․ թե՞ 30-ականների՝ եկեղեցի պաթեցնելու մոլուցքով գերադասում է դեռ էս կարգի բաները չհասկանալ։

Գրում է, թե հանգերն էլ ցույց կտար (Հ․ Մովսեսի) «եթե տեղը սուղ չլիներ»․ տո եթե չեղած տեղից էսքան բան է հորինել, բա տեղի սղությանը կնայե՞ր, եթե գտներ․․․

«Մի խոսքով,- եզրակացնում է թղթ․ անդամը,- անգրագիտություններով եփված մի շիլա»․ է, հիմա անգրագետը ո՞վ դուրս եկավ։ «Երբ լեզվական այսքան պարզ կետերու մեջ իսկ բացարձակ տգետ մ’ է ՓԱՅԼԱԿ, ի՞նչ կրնայի սպասել իրմեն ավելի բարդ խնդիրներուն մեջ, ինչպես են Գեղեցկագիտությունն ու Բանաստեղծությունը»,- իր բաժին ՓԱԼՅԱԿԻՆ այսպես է պատախանում Մեծարենցը։ «Ավելի բարդ խնդիրներուն մեջ մենք նույնպես սպասելիքներ չունենք թղթ․ անդ․-ից, ուստի դրանց չենք անդրադառնա։

«Անգրագիտություն» ապացուցող կոնկետ օրինակներն այսքանն են։ Մենք բաց թողեցինք միայն երկուսը՝ բանաստեղծություններից երկու մեջբերում, որոնք թղթ․ անդ․-ը այնպես է աղճատել, որ կարդալուց ինքներս զարհուրեցինք։ Մեզ մնում է միայն մի հարց տալ՝ ախր արժե՞ այսքան մոլեգնել, որ այդպիսի ծիծաղելի վիճակների մեջ ընկնի լոկ այն պատճառով, որ, ինչպես ինքն է գրում, Հ․ Մովսեսի նման «աննշանի» մեկը իր գործերը չի հավանում․․․

Հայհոյանքների եւ վարկաբեկումների մի ամբողջ սյուն լցնելուց հետո, ուր բանաստեղծը այս անգամ էլ համարվում է իմաստակ, ծամոն ծամող եւ այլն (է, էլի լավ է պրծել․ 37 թվին նա նրան Սիբիր քշել կտար), թղթ․ անդ․-ը մեզ վրա սկսում է մատ թափ տալ մեր երկխոսությունը համաշխարհային անուններով համեմելու համար։ Այստեղ թղթ․ անդ․-ին մենք խորհուրդ կտայինք գոնե մի անգամ թերթել մեր ցանկացած մեծ գրողի որեւէ գրականագիտական հոդված՝ Ալիշանից մինչեւ Չարենց, եւ նա դրանցում կտեսնի ժամանակի բոլոր մեծությունների անունները․ մեր մեծերը չէին խուսափում ընթերցողին անընդհատ հղել նրանց, որովհետեւ իրենք էլ նման կարգի մեծություններ էին ու նրանց ներկայությունից վախենալու բան չունեին։ Իսկ թղթ․ անդ․-ը մեր մեջբերած անուններից խորշում է (եւ զուր է ձեւացնում, թե մեր «ինտելեկտուալ» երեւալու ջանքն է դրա պատճառը․ յուրաքանչյուր մարդ, ով գրիչ է վերցնում, պետք է դրանց հիմնովին կարդացած լինի՝ դա պարտականություն է եւ ոչ թե պարծենալու բան), որովհետեւ դրանք մեծություններ են եւ տասնամյակներ շարունակ նաեւ իր համառ ջանքերով գողացվել եւ թաքցվել են մեր ընթերցողներից, իսկ նրանց տեղը հրամցվել են չորրորդ կարգի ինչ-որ նազիմհիքմեթներ, ռոժդեստվենսկիներ ու սուրկովներ,- որպեսզի այդ մեծ անունների համեմատությամբ իր արածի սնանկությունը չերեւա, որպեսզի չբացահայտվի իր սոցռեալիստական ողջ պոեզիան․ ահա թե ինչու է թղթ․ անդամը զայրանում։ Եվ այդ զայրույթով եւ վախով չպիտի՞ բացահայտվի նաեւ այն արտառոց փաստը, որ մենք աշխարհի ամենաթարգմանող ժողովուրդներից մեկը, այօր՝ 20-րդ դարի ավարտին, թագմանական հանդես չունենք․․․

Զուր է մեր թղթ․ անդամը զայրանում երիտասարդ սերունդը պառակտելու, նրան «հավաքագրելու» իր եւ իր նմանների քաղաքականության առթիվ արած ինքնախոստովանության վրա․ դա այդպես է եղել։ Լինելով գրական աշխարհի Մարկոս աղա Ալիմյան՝ հենց ինքն ամեն ինչ արել է, որ, ինչպես ինքն է ասում, մեզ նման Պատրիկյանները անցնեն իր թրի տակով, բայց իր հաշվարկների մեջ մի կարեւորագույն հանգամանք հաշվի չի առել․ որ Պատրիկյանները ձեռք են թափ տալիս այդ ամենի վրա եւ գերադասում են ոչնչի չհասնել, քան հասնել․․․ ամեն ինչի, որովհետեւ գիտեն, թե մեզ մոտ այդ ամեն ինչին ինչ ճանապարհներով են հանում եւ ինչ են զոհում։ Իսկ «Գարուն» ամսագրի խմբագրական կոլեգիայի դեմ էլ մոլեգնում է նրա համար, որովհետեւ ի ցավ նրա, մեր հանրապետությունում վերջապես գլավլիտը այժմ գրական վեճերի չի միջամտում, իսկ ինքը կուզենար, որ այս դեպքերում գլավլիտի դերը գոնե կոլեգիան ստանձներ։ Մնում է վերջին հույսը՝ մտքերի փոխանակության կարգով տպագրված մեր երկխոսության շուրջը տիրող լռությունը։ Նախ ասենք, որ մենք ընթերցողներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, որոնք իրենց գոհունակությունն են հայտնում վերջապես գրական բաց խոսակցություն վարելու համար, իսկ «գրական շրջանակներում» տիրող լռությունը զգուշության եւ վախի արդյունք է, որովհետեւ շատերն են մեզ պես մտածում, բայց չեն ուզում հալածվել, իսկ թղթ․ անդ․-ը, ինչպես երեւում է իր հայհոյանքներից, ահեղ հալածող է։

Այսքան լուտանքներ թափելուց հետո թղթ․ անդ․-ը վերջապես անցնում է իր բուն նպատակին, որն էլ իր հայհոյանքների շարժառիթն է եւ որը վարպետորեն փորձել է թաքցնել բանաստեղծությունների մեջ սխալներ բռնելու (տեսանք, թե ինչ սխալներ էին դրանք) եւ բանաստեղծի նախորդ հոդվածը չհասկանալու տալու կեցվածքով։ Կատարվել է աննախատեսելին՝ իր պոեզիան ինչ-որ մեկը կասկածի տակ է առել։ Ինչպե՜ս թե․ տասնամյակներ շարունակ նա բոլորի՛ն, բոլորի՛ն է կարողացել հարկադրել իր տաղանդը (Շահան Շահնուրը ժամանակին մի կերպ կարողացավ խուսափել «հնօրա դպիրի» (Շահնուրի բնորոշումն է) այդ հարկադրանքից, թեեւ դրա համար շատ թանկ վճարեց։ «Բայց տակավին կգտնվին շիլ աչքեր, ընդ որս մեր դպիրը, որ կլրտեսեն իմ մտերմությունս»,- թղթ․ անդ․-ի՝ իր հասցեին արած ոտնձգությունների դեմ գանգատվում է մեծ գրողը եւ տալիս նրա տաղանդի գնահատականը․ «․․․ Չեմ գովեր այսօր Վահագն Դավթյանի բանաստեղծական տաղանդը։ Կարելի չէ գովել այն՝ որ գոյություն չունի» (Շ․ Շահնուր, Բաց տոմարը, Փարիզ 1971, էջ 155)։ Իհարկե, եթե մենք «խորամանկորեն» իր սերնդակիցների անունների շարքում իր անունը չգրեինք, նա այդպես չէր զայրանա։ Այդքան չէր զայրանա, եթե իր անվան կողքին տեսներ նաեւ Հ․ Սահյանի անունը։ Վեջինիս բացակայությունը պարզապես հուսահատության է հասցրել նրան։ Բայց ինքը մեր համեստ կարծիքով Հ․ Սահյանի կողքը դրվելու արժանիքներ իսպառ չունի։ Վերջինս, թեեւ մնաց իրենից առաջ ստեղծված պոետիկայի սահմաններում, համենայն դեպս կարողացավ բանաստեղծական տիպ ստեղծել․ նրա պոեզիան կարելի է բնութագրել որպես մեր բանասեղծության մեջ «օջախի պահապան ոգի», «տնային աստվածություն», որը միշտ կանգնած է լինելու թիկունքիդ։ Սա մեծություն է։

Այնուհետեւ, իր սերնդի պաշտպանը սկսում է երկար-բարակ խաբել ինքն իրեն եւ ընթերցողին՝ գրելով, որ «իր սերունդը ընկավ ժդանովյան որոշումների դաժան հարվածի տակ․․․ եւ հազար անգամ քրքրեցին Ս․ Կապուտիկյանի եւ Գ․ Էմինի գրքերը» ու նման բաներ։ Մենք այստեղ լոկ մի հարց ենք ուզում տալ՝ ժդանովյան որոշումների այդ դաժան հարվածո՞վ էր, որ 1951 թվականին մրցանակ էր ստանում Գ․ Էմինը, իսկ 1952-ին՝ Ս․ Կապուտիկյանը (լավ է, որ բանաստեղծուհին իր նման ծածկադմփոց անելու փոխաեն այնքան ուժ եւ արիություն գտավ, որ հեռուստատեսությամբ ներողություն խնդրեց այդ տարիներին գրված Ստալինի փառաբանող իր գործերի համար)։ «Այդ սերունդն էր, որ իրավունք չունենալով ոչ կարգին սեր երգել, ոչ բնություն, ոչ տխրություն, ոչ Հայաստան․․․․ այնուամենայնիվ կարողացավ պահպանել մեր պոեզիայի ավանդույթները»,- գրում է թղթ․ անդամը։ Այդպես չէ՛։ Նախ ոչ մի բանաստեղծ իրավունքի չի սպասում որեւէ բան երգելու համար, այդ տարիներին քեզ իրավունք չէին տալիս, չերգեցիր, իսկ հետագայում միայն ու միայն այն երգեցիր, ինչը հենց իրավունք էին տալիս։ Եվ հետո, 1970 թվականին Ի․ Բրոդսկու պես բանաստեղծին այդ բաները երգելու իրավունք էլի չէին տալիս, բայց քեզ․․․ պետական մրցանակ տալիս էին, 1985-ին Սոլժենիցինի անունը մեր երկրում դեռ իրավունք չէին տալիս արտասանել, բայց քեզ էլի՛ պետական մրցանակ էին տալիս։ Ախր ընթերցողին խաբում ես՝ քե՞զ ինչու ես խաբում։ Իսկ մեր պոեզիայի ավանդույթնե՞րը ինչով պահպանեցիր․ գուցե նրանո՞վ, որ մեր բանաստեղծությունը ինքդ էլ կտրեցիր իր ոսկյա ճյուղց եւ հիմնովին կապեցիր սովետառուս պոեզիային՝ այն հիմնովին լցնելով նրա ռիթմերով, հնչողությամբ, թեմաներով, ընկալումներով, վերջապես՝ մեր բանաստեղծության հետ ծագումնաբանորեն կապ չունեցող նրա մորֆոլոգիայով։

Իր սերնդին (իհարկե, իրեն) այսպես կեղծիքով ու ընթերցողի աչքերից արցունքներ քամելով պաշտպանելուց հետո թղթ․ անդ․-ը թեքվում է դեպի իր հայհոյանքների հաղթական ֆինալը եւ արթնացնելով իր անցյալի քաղցր վերհուշը՝ տալիս է իր հռետորական պարզամիտ հարցը՝ «Ի՞նչ աներ այդ սերունդը, քեզ համար լիկկայա՞ն բացեր»։ Ո՛չ։ Մեր սերնդի համար այն էլ բավական կլիներ, որ ընդամենը․․․ ազնիվ ապրեիր եւ գրականությունը չդարձնեիր կարիերայի ասպարեզ․ այդ դեպքում ինքը իր աղայական բարձունքից Հ․ Մովսեսին չէր հանդիմանի «ոչնչի չհասավ», «կյանքում ոչինչ չի արել» միամիտ արտահայտություններով։ Մենք կյանքում ինչ որ երազել ենք՝ փորձել ենք հասնել դրան․ երազել ենք հասկանալ հայոց բանատեղծության խորհուրդը, երազել ենք պոեզիան եւ գրականագիտությունը մեզ համար առուծախի առարկա չդարձնել, երազել ենք կտրվել, պոկվել մեր գրական․․․․․․․․․ * դա ժամանակը կանի, իսկ ժամանակի դատավճռից ոչ ոք չի կարող խուսափել։ Ոչ էլ ավագ սերնդի ներկայացուցիչներից որեւէ մեկին վիրավորելն է եղել մեր նպատակը․ լավ կլիներ, որ Ս․ Սարինյանը եւ Վ․ Դավթյանը «գրական պարետի» արդեն վաղուց արմատացած դերը չստանձնեին, ու մենք էլ ահա ստիպված չլինեինք այսպես պաշտպանվել․․․ Խոստովանենք, սիրելի ընթերցող, սա մեզ համար էլ է տհաճ, թեեւ առավել եւս՝ քեզ համար, որ ահա քանի՜ տասնամյակ գրական խոսակցությունների փոխարեն ստիպված ես եղել ականջալուր լինել կամ իրար փառաբանող, ով գիտի՝ ինչ դրդապատճառներով իրար երկինք հանող եւ բաժակաճառ հիշեցնող հոդվածների, կամ էլ ամբաստանությունների եւ թունոտ, միմյանց ոչնչացնող ելույթների։ (Երանի թե մենք մեր մեջ ուժ գտնենք այլեւս երբեք, երբեք բանի տեղ չդնել եւ չպատասխանել նման կարգի հերյուրանքներին)․․․․․․

* ․․․․․․․-ով նշված են այն հատվածները, որտեղ մի քանի բառ հնարավոր չեղավ վերծանել տեխնիկական պատճառով։

Please follow and like us: