Սերժիկի ամենասիրելի զբաղմունքը դիվանին պառկած ֆուտբոլ նայելն էր, եւ դա էր պատճառը, որ թաղում նրան ֆուտբոլային դիվանագետ էին ասում: Օրեր շարունակ նա դիվանին պառկած ֆուտբոլ էր նայում եւ տնից դուրս էր գալիս միայն մարզադաշտ կամ բուքմեյքերական կետեր գնալու համար: Եթե հեռուստատեսությամբ ինչ-որ խաղ էր գնում, նա այդ խաղն էր նայում, իսկ մնացած ժամանակ նա ԴՎԴ նվագարկիչով ամբողջական առաջնություններ էր նայում իր հսկայական հավաքածուից, որի նմանը Հայաստանում չկար: Մեծ դժվարությամբ էր Սերժիկը հավաքում այդ հավաքածուն, թանկ էր նստում նրա վրա ֆուտբոլի հանդեպ ունեցած սերը: Նա իր ընտանեկան բյուջեից հսկայական գումարներ էր ծախսում բուքմեյքերական կետերում խաղադրույքներ կատարելով եւ ֆուտբոլային խաղերով խտասկավառակներ գնելով: Ի վերջո այն բանից հետո, երբ ինտերնետի գինը էժանացավ, Սերժիկը համակարգիչ գնեց, ինտերնետ քաշեց եւ բարեկամի տասնամյա տղայից սովորեց համակարգչից օգտվել, ինչից հետո այլեւս խտասկավառակներ չէր գնում, իրեն անհրաժեշտ տեսանյութերը ինտերնետից էր քաշում: Բայց խաղադրույքների մասով ամեն ինչ մնաց նույնը, եւ այն թիմը, որի վրա խաղադրույք էր դնում Սերժիկը, որպես կանոն, պարտվում էր, եթե նույնիսկ խաղի բացարձակ ֆավորիտն էր լինում: Սերժիկի բոշա կինը, որն իր օրը լցնում էր հարեւանների ու բարեկամների տներում հյուրընկալվելով, ամեն երեկո նրա գլխին քարոզ էր կարդում, որ նա վերջապես հրաժարվի ֆուտբոլից ու դիվանագիտությունից, զբաղվի տնամերձ հողամասով, որը անմշակ, անմխիթար վիճակում էր: Սերժիկի ընտանեկան բյուջեն գոյանում էր բացառապես արտագնա աշխատանքի մեկնած նրա երեխաների հաշվին: Խոպանչի մեծ որդին Ռուսաստանից էր փող ուղարկում, փոքր որդին՝ Լոսից, սփյուռքահայի հետ ամուսնացած աղջիկը՝ Ֆրանսիայից: Նրանք փողը ուղարկում էին ու Սերժիկին հորդորում, որ բարեկարգի տունը, մշակի տնամերձ հողամասը, ծառեր տնկի ու մշակաբույսեր ցանի, որպեսզի երբ իրենք ամառային արձակուրդներին գան, հարմարավետ պայմաններում ապրեն: Իսկ Սերժիկը իր հաճույքի համար մսխում էր այդ գումարները՝ տնամերձ հողամասը թողնելով նույն անխնամ վիճակում: Հարեւանները, որոնց հետ Սերժիկը հին վեճ ուներ հողամասի հաշվով (նրանք հողամասը իրենցն էին համարում), ամեն գարուն մի քանի սանտիմետրով առաջ էին տալիս ցանկապատը, իսկ Սերժիկը զլանում էր անգամ պարսպապատել իրեն պատկանող հողատարածքը: Մինչ տանը ինտերնետ ունենալը, Սերժիկն էլի երբեմն մշակում էր այգին կամ գոնե կռիվ էր տալիս հարեւանների հետ, երբ որ նրանք առաջ էին տալիս ցանկապատը, բայց հենց որ ինտերնետը եղավ, այլեւս անհնար էր նրան դիվանից “քերել” եւ ստիպել, որ տնամերձով զբաղվի: “Դիվանագիտությամբ զբաղվելու ժամանակը չի, ֆուտբոլ նայելու ժամանակը չի՝ գործ արա, Սերժիկ, գործ արա”,-Սերժիկի նյարդերը սղոցում էր կինը, “Գործ արա, պապա, էդ տնամերձը մշակի”,- հեռախոսով հորդորում էին զավակները, բայց Սերժիկը նոթբուքի էկրանից հայացքը չէր կտրում եւ միայն հաց ուտելիս էր դիվանից բարձրանում: Մի գեղեցիկ օր համացանցում Սերժիկի փնտրտուքները նրան հանդիպեցրին “Ֆուտբոլ առանց սահմանի” ռուսական կայքի հետ: Այդ կայքում մի քանի ժամ անցկացնելուց հետո Սերժիկը որոշեց, որ պետք է հարեւանների հետ հարաբերությունները լավացնի եւ վերջնականապես լուծի եղած խնդիրները: Երեկոյան ֆուտբոլային հետաքրքիր խաղ էր սպասվում, հանդիպելու էին Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները, եւ Սերժիկը նախաձեռնեց իր եւ հարեւանի հանդիպումը. նա մի քանի շիշ գարեջուր վերցրեց ու հարեւանին հրավիրեց իր տուն՝ միասին ֆուտբոլ նայելու: Բարեկամության եւ հանդուրժողականության ջերմ մթնոլորտում անցավ հարեւանի հետ զրույցը: Գարեջուր խմեցին, հարեւանի կնոջ պատրաստած քյաբաբները ճաշակեցին: Կոնկրետ պայմանավորվածություններ չեղան, բայց կարեւորն այն էր, որ երկխոսությունը ստացվեց: Հրաշալի ֆուտբոլային երեկո անցկացրեց Սերժիկը, բարձր տրամադրություն ուներ նա, թեեւ Հայաստանի հավաքականի վրա խոշոր խաղադրույք էր դրել ու տանուլ տվել:
Ամեն անգամ ռուսական “Ֆուտբոլ առանց սահմանի” եւ ամերիկյան “Ազատ շուկայական ֆուտբոլ” կայքերում մի որոշ ժամանակ անցկացնելուց հետո Սերժիկը մի նոր նախաձեռնությամբ էր հանդես գալիս, նորից հարեւանին իր տուն էր հրավիրում կամ ինքն էր նրա տուն հյուր գնում: Ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե վատ չվերջանար:
Մի գիշեր Սերժիկը գեշ երազ տեսավ, որտեղ եւ ֆուտբոլը կար, եւ դիվանը, եւ գետը: Երազում ինքը ֆուտբոլի գնդակը ձեռքին նստած էր իր հարազատ դիվանին, իսկ դիվանը տարուբերվելով լողում էր գետն ի վար՝ ջրի անսանձ հոսանքին հանձնված: Ամեն րոպե ինքը սպասում էր, որ դիվանը ջրից դուրս ցցված խութերից մեկին կզարվի, ու ինքն էլ դիվանի հետ ջարդուփշուր կլինի կամ կհայտնվի ջրի հորձանուտում: Մեծ արագությամբ էր դիվանը գետն ի վար իջնում, ուղղակի լողում էր իր ոտքերի տակից, եւ ինքը մի ձեռքով գնդակն էր սեղմել կրծքին, մյուսով ամուր կառչել էր դիվանից: Գետը խելահեղ արագությամբ քշում էր դիվանը, եւ ինքը մտածում էր, որ եթե դիվանն ու ֆուտբոլի գնդակը թողնի, գետը գցի իրեն, գուցե թե փրկվելու ավելի մեծ շանս կունենա, կկարողանա լողալով ափ հասնել, բայց այնքան թանկ էր իր համար դիվանը, որ չէր ուզում լքել այն: Հեռվում արդեն նշմարվում էր անսահման օվկիանոսը. ինքը մտածում էր՝ կհասնի՞ արդյոք իր դիվանը Խաղաղ օվկիանոսին, թե՞ ջարդուփշուր կլինի փրկության ծովից քիչ հեռու: Հանկարծ նրա առջեւ մի հսկա խութ խոյացավ: Գետի հոսանքը դիվանը ուղիղ այդ խութի վրա էր քշում:
Սերժիկն արթնացավ ու իր մարմինը դիվանին վեր ընկած տեսնելով, անսահման ուրախացավ: Մի քանի րոպե դիվանի վրա շուռումուռ գալով պատկերացրեց, թե ինքը Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողն է, բայց շուտով նորից քուն մտավ, երազանքներց ուղիղ չվերթով երազների գիրկն ընկավ:
Երազում ինքը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջին համարի մարզահագուստով էր՝ դարպասապահ էր: Երազելիս նա ինքը իրեն միշտ հարձակվողի դերում էր տեսել, բայց կյանքում (նաեւ երազներում) քիչ բացառություններ են լինում, որ եւ առաջին համար ես լինում, եւ հարձակվող: Ինքը իր տնամերձ հողամասում ցանցի մեջ խճճված, գնդակը երկու ձեռքով բռնած ընկած էր գետնին: Փորձում էր այդ սարդոստայնից դուրս գալ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում: Տնամերձ հողամասը ոռոգում էին ինչ-որ տեղից եկող ջրեր: Ինքը չգիտեր, թե այդ ինչ ջրեր են:
Առավոտյան Սերժիկն արթնացավ կնոջ լացուկոծից: Նա դուրս եկավ բակ եւ տեսավ, որ հարեւանը տնամերձ հողամասը իրենով է արել ու պարսպապատել է այդ տարածքը: Սերժիկը ոստիկանությանը դիմեց, բայց հարեւանը նրանց հետ լեզու գտավ: Թաղում հարց լուծող, հեղինակություն ունեցող տղաներ կային, եւ Սերժիկը ճարահատյալ նրանց դիմեց: Այդ հարց լուծող տղաները նախ նրան լսեցին, հետո հարեւանին եւ հարցը լուծեցին ի օգուտ հարեւանի: “Սերժիկ, եթե դու քո հողին տեր չես կանգնել, չես ծաղկացրել էդ հողը ու չես պարսպապատել,-ասացին նրանք,-դու էդ հողին արժանի չես, հիմա թող հարեւանդ տեր կանգնի նրան”:
Համբարձում Համբարձումյան/Ֆուտբոլային դիվանագետը
Please follow and like us: