Ռուսական բանակից մնացած սովորության ուժով նրանց մալադոյ էին անվանում: Խորհուրդ կար այդ բառի մեջ` ջերմությունից ու հումորով վերաբերվելուց մինչև ցածր աշխատանքների պարտադրելը: Այդ կարգը համարյա օրենքի ուժ էր ստացել և ի վերջո բոլորն էին անցնում դրա միջով:
Բայց երբ սկսվեց պատերազմը, արդեն վերացել էր այդ կարգը, և միայն սովորության ուժով այդպես էին ասում նորակոչիկներին: Նրանց խղճում էին ու կարեկցում, փորձում օգնել ինչով կարող էին: Փորձառու զինվորները նրանց ոգեշնչում էին, արագ սովորեցնում զենքերի հետ վարվելու նրբությունները, չվախենալու արվեստը: Իսկ պատերազմի կանոններն անսովոր դաժան էին բոլորի համար…
Պատերազմն այնպես հանկարծակի սկսվեց, որ չհասցրին խմբավորել ուժերը և մեկտեղ մարտնչում էին հներն ու նորերը: Պաշտպանական դիրքում հայտնվեց նաև մալոդոյը: Նրան փորձեցին արգելել գնալ այդ դիրքը, բայց այդ միակ դեպքում նա անտեսեց սպաներին ի վերջո հայտնվեց հենց այդ վտանգավորում գոտում: Նիհարակազմ ու մեղմ ժպիտով այդ զինվորը երբեք ու ոչ մեկից չէր նեղանում: Նա ձգտում էր համերաշխության բոլորի հետ, բայց դա վախի կամ շողոքորթության ու պաշտպանության հովանավորություն խնդրողի ուղերձ չէր: Նա ինքնահարգանքի, իր տեղն ու դիրքը իմացողի խոր զգացում ուներ, անվերապահ ընդունում էր ավագներին և ձգտում էր մարդկային պարզ ընկերակցության:
Երբ սկսվեց պատերազմը, նա, ով չէր կարողանում անգամ ճիշտ բռնել ավտոմատը, հրաշալի հասկացավ մահվան ցավոտ ճշմարտությունը: Իսկ երբ տեսավ մահերն ու օգնության ճիչերը, մահասարսուռ բղավոցներն ու ապրելու անհնարինությունը, ուղեղում մի միտք ամրապնդվեց` ինքն այստեղ է ապրելու ու տղերքին օգնելու համար: Նա` 18-ամյա այդ տղեկը, որ մի քանի տասնյակ օր էր մահվան համազգեստ հագել, յուրացրեց մի ուրիշ ճշմարտություն` երբ օգնում ես, երկինքը ներքև է իջնում…
Մալադոյը, որ պատերազմի մասին միայն պատմության դասագրքերում էր կարդացել, մի ուրիշ ձևի ընդունեց այն: Նա իր դերը գտավ նրանում, որ քայլի մահվան կողքով և մոռանա վախի մասին: Ահա թե ինչու նրան տեսնում էին այնտեղ, որտեղ մահն էր ու սարսափը: Նա օգնելու բնածին տաղանդ ուներ և արագ հայտնվում էր այնտեղ, որտեղ մարդու օգնության կարիք կար: Չէր խուսափում ոչ մի գործից: Մաքրում էր խրամատը, նոր ուղղություններ փորում, վազում ու բերում հեռվում գցված ուտելիքի փաթեթները: Վիրավորների մոտ էր, մահացողների ու հոգևարքի մեջ գտնվողների կողքին…
Երբեմն մահն ակնթարթային էր, երբեմն նրանք մի քանի րոպե կամ մի քանի վայրկյան տանջվում էին: Այդ սարսափելի տեսարանին ամեն մեկը չէր կարող ներկա գտնվել: Նա` մալադոյը, այնտեղ էր, որտեղ մահն էր… Նա զարմացրեց բոլորին հուսալիությամբ ու օգնելու պատրաստակամությամբ: Նրա հանդեպ հարգանքով էին անգամ նրանք, ովքեր մինչ պատերազմը ծաղրում էին, հեգնում ու նույնիսկ փորձում ֆիզիկապես ճնշել: Պատերազմը սիրո, կյանքի ու մահվան շղթաներով միաբանեց նրանց, և հրամանատար ու շարքային հասկացությունները միաձուլվեցին համերաշխության կամքի մեջ:
Նա շատ արագ խմբի սիրելին դարձավ: Թեպետ աշխատում էին շատ չծանրաբեռնել, որովհետև նիհարակազմ էր ու փխրուն, բայց ինքը չէր խորշում ամենաբարդ աշխատանքից անգամ և երբ ոչինչ չկար անելու, ինքն էր հորինում անելիքները, որ պատերազմում միշտ կար: Անգամ չէին տեսնում, թե նա երբ է քնում, երբ է հանգստանում: Միշտ այնտեղ էր, որտեղ ամենաշատը կար իր կարիքը, հուսալի ու անվերապահ նվիրված ընկերներին…
Հետևակի մարտի ժամանակ նա կռվի ամենաթունդ տեղում էր: Իսկ երբ մի պահի անհետացավ, մտածեցին` որ փախել է: Այդպիսի պատերազմում վախն անսովոր երևույթ չէր և հաճախ ամենաուժեղներն էին ընկրկում: Բայց դա մալադոյին չէր վերաբերվում… Մի քիչ հետո տեսան, որ մի փոքր հեռու ծնկի էր եկել վիրավորների մոտ և օգնում էր բուժակին արագ մի կողմ տանել վիրավորներին կամ հենց տեղում օգնել: Նա արդեն փրկել էր մի քանիսի կյանքը, մի քանիսին էլ` հաշմանդամությունից: Իսկ վերջում օգնում էր մի կողմ տանել զոհվածներին ու հավաքել զենքերը:
Նրա սիրելի գործերից մեկը հենց նոր ավարտված մարտից հետո տղաների համար սուրճ պատրաստելն էր ու նրանց ուսերին թփթփացնելը: Իսկ մինչև եփելը նա իր կարճ հասակով կարողանում էր հասնել ամենաբարձրահասակին էլ ու ուժով խփել ուսին: Դա կենդանի մնալը նշելու յուրատեսակ ծես էր նրա համար…
– Ապրեք, տղերք, որ կենդանի մնացիք – ասում էր ամեն անգամ հուզված: Զարմանալի ու անսովոր էին այդ խոսքերը, որ ջերմացնում էին ու ապրելու նախանձախնդրություն բորբոքում մահն աչքերի առաջ ունեցող տղերքի սրտում: Բայց գիտեին, որ անկեղծ էր մալադոյը ու դա հանգստություն էր տարածում շուրջբոլորը:
Հրաշքով հայտնաբերված կոնֆետով սուրճը ապրելու, կյանքի բերկրանքը զգալու ուրախություն էր պարգևում, կենդանության շուրջ հաղորդում մահվան հետ մարտի բռնված զինվորներին ու պայքարի ոգեշնչում:
Կարծես մի ամբողջ դար անցած լիներ հենց նոր ավարտված մարտից: Հրաշքով հայտնված սնիկերսը բաժանեցին 6 մասի` ամեն մեկին մի փոքրիկ կտոր հասավ… Ծխողները հոգնած, զգույշ թափ էին տալիս մոխիրը… Օդում կարելի էր շոշափել կարծր լռությունը, մահվան խորհուրդը:
– Ընդամենը երկու ամիս առաջ տանն էի ու խաղաղություն էր, – ասաց մալադոյը,- մայրս հիանալի կոմպոտ էր պատրաստում, – չգիտես ինչու հիշեց նա, – արդեն շքամուտքից զգում էի մուրաբաների ու պահածոների հոտը, մայրս ժպտալով դիմավորում էր ինձ, ա՜խ, մի անգամ էլ երանի զգամ էդ հոտերը, – նա անհանգիստ մի կողմ դրեց մեխանիկորեն ձեռքերում պահած ավտոմատը:
– Դեռ ինչքա՜ն ես զգալու էդ բույրերը, – ասաց կապիտանը, – նայելով հաճույքով սուրճ ֆռթացնող զինվորներին… Միշտ այսպես խաղա՜ղ ֆռթացնեին սուրճը, չլիներ մահ ու ավեր, կենդանի մնային էս տղերքը: Հետո հանկարծ հիշեց,- տղերք, հագուստների տակ մի քանի վաֆլի կա, դա էլ բերեք:
Վաֆլին ճոխություն էր այս իրավիճակում, որ կերան անսովոր հաճույքով… Վաֆլին ու սնիկերսը քաղաքացիական կյանքի տպավորություն էին ստեղծում: Միայն ռումբերի չդադարող ձայներն էին հիշեցնում, որ պատերազմը չի ավարտվել:
– Կապիտան, – ասաց Վաղոն, – Սաքոյի գրպանից էր ընկել, նկար է, – նա ցույց տվեց նկարը․ զինվորն ընկերուհու ու քրոջ հետ էր: Ծալծլվել ու ճմրթվել էր: Նկարը ձեռքից ձեռք անցավ: Նայում էին ու փոխանցում մյուսներին: Սաքոն զոհվել էր երկու օր առաջ: Որոշեցին` նկարը պատերազմից հետո կտանեն տնեցիներին, դա պատերազմական մասունք էր:
Երեկոյան հանկարծակի ռմբակոծություն սկսվեց: Այն կարճ էր, սակայն նպատակային ու վտանգավոր: Արկերից մեկը հարվածեց հենց խրամատին: Լսվեց Բագրատի ճիչը… Սողալով արագ մոտեցան: Մթան մեջ մի կերպ կապեցին վերքերը: Ջուր տվեցին… Բագրատն անշարժ էր, միայն շրթունքներն էին շարժվում.
– Տղերք, – ասաց Բագրատը, – մահանում եմ, գիտեք, չէ՞… էսօր չէ՞ որ իրար հետ սուրճ էինք խմում, էս ոնց եղավ, տղերք, ձեր ցավը տանեմ, ձեզ շատ եմ սիրում… մա՜յրս… կասեք, որ ես չէի ցանկանում, ստացվեց… կդառնաք իմ մոր տղերքը, ձեզ շատ եմ սիրում, տղերք, ձեր ցավը տանեմ, էն անտառի կռիվը, ո՜նց էինք կռվում, չէ՞… չթողնեք մերս տխրի, խնդրում եմ, վրեժս կլուծեք, ազիզներ… Նա լիզեց չորացած շրթունքները, մալադոյը ջրի բաժակը հարմարեցրեց շրթունքներին… Խմեց՝ նայելով մալադոյի աչքերին: Մի քանի րոպե հետո զինվորները փակեցին աչքերը:
Մալադոյը հեծկլտում էր: Այդ օրը նա չկարողացավ քնել: Երկար շուռումուռ էր գալիս, բոլորի փոխարեն հսկում էր դիրքը: Հետո նոթատետրում ինչ-որ բաներ գրեց: Մի պահի մոտեցավ հրամանատարին.
– Պարոն…
– Թողնե՜լ, – ասաց հրամանատարը,- կարգին ասա ասելիքը:
– Բագրատը մի քանի ամսից տուն էր գնալու, իսկ ես նոր եմ եկել: Ինչու՞ մահացավ Բագրատը, տուն գնալու ժամանակն էր: Ինձ բացատրի մահվան տրամաբանությունն ու օրենքները: Ես նոր եմ, չեմ հասկանում… Հրամանատարը զարմանքով նրան նայեց և ասաց.
– Ես չգիտեմ պատասխանը: Գնա, փորձիր քնել, ամեն րոպեն թանկ է հանգստանալու համար: Մենք չգիտենք՝ ինչքան կշարունակվի պատերազմը:
Կորցրել էին ժամանակի զգացողությունը: Կյանքը սկսվում էր խրամատում և ավարտվում խրամատում: Միապաղաղությունը ցրելու համար մալադոյը երբեմն երգում էր զինվորների համար: Նրա զնգուն ձայնը հեռավոր, տարօրինակ ու խաղաղ կյանքի զգացողություններ էր արթնացնում, որ եղել էր ու չկար: Այնքան անիրական էր այդ հին կյանքը` խաղաղ, առանց ռումբերի ոռնոցների ու փամփուշտների ճայթյունների: Մահն այն ժամանակ արտառոց երևույթ էր թվում ու այնքա՜ն հեռավոր: Չգիտեին ու չէին էլ պատկերացնում, որ ծերերից բացի երիտասարդներն էլ կարող են մահանալ: Իրենց նման` զինվորական բաճկոններով ու շագանակագույն ներքնաշորերով տղերքը, ում հետ եղբայրություն էին անում, ում հետ մարտական հրաշքներ էին գործում, մի սնիկերսը 6 մասի բաժանում, ում համար թաքուն կամ բացահայտ արցունքներ էին թափում, քարանում անկենդան դիակի առաջ: Իսկ պատերազմն ավարտ չուներ: Նա դարձել էր զինվորներ լափող ամենակուլ հրեշ, որից ազատվելու հնար չկար… Օդը հագեցել էր ճիչերից ու որոտներից, աղոթքներից ու հայհոյանքներից:
Ավարտվում էր հերթական մարտը ու թույլ կրակոցներ էին լսվում: Հրամանատարը բղավեց.
-Եկեք օգնեք, վիրավորներին դնենք մեքենան:
Այնտեղ առաջինը հասավ բուժակը: Վիրավորները վտանգավոր գոտում էին, ու եթե ուշացնեին օգնելը, նրանք կմահանային կամ արյունահոսությունից կամ պատահական կրակոցներից ու արկերից: Հաջորդ վայրկյանին մալադոյն արդեն այդտեղ է էլի մի քանիսի հետ: Նրանք արագ մեքենաների մեջ դրեցին վիրավորներին: Նա տեսավ մի քիչ հեռու ընկած վիրավորին ու առանց վայրկյան մտածելու սողաց առաջ:
-Հետ արի՜, – ինչքան ուժ ուներ գոռաց կապիտանը,- մի քիչ համբերի…
Բայց մալադոյն արդեն տեղ էր հասել: Բոլորը լարված հետևում էին. նա բռնեց վիրավորի հագուստի ծայրից ու սկսեց սողալով ետ վերադառնալ՝ բերելով զինվորին: Հանկարծ սուր ցավ զգաց մեջքին: Չգիտես որտեղից հայտնված անօդաչու թռչող սարքը գտել էր նրանց… Մալադոյի աչքերի առաջ դեղին կայծակներ փայլատակեցին, կարծես հարյուրավոր շամփուրներ խրեցին մեջքը, նրան թվաց, թե աստղային մի երաժշտություն, անսահման հեռավոր մի երգ հնչեց հոգում, իր վերջին երգը, որ գալիս է դեպի իր համրացած շուրթերն ու վերանում անդարձ: Վերջին, գերբնական ուժերով նա իր մարմնով ծածկեց վիրավոր սպային: Մինչ ընկերները մոտենում էին իրեն, նա դանդաղ, շա՜տ դանդաղ փակում էր աչքերը… Ապա անձայն հակեց գլուխը ընկերոջ մեջքին:
Վերջնականապես ավարտվեց մարտը: Կապիտանը բրեզենտով զգուշորեն ծածկեց մալադոյին, ապա դիակը երկյուղածորեն մոտեցրին մեքենային: Զինվորները երկյուղած հետևում էին արարողությանը: Երբ մեքենան հեռացավ, վիրավոր սպան, զսպելով ցավը, ոտքի կանգնեց ողջ հասակով մեկ և չգիտես ում դիմելով ասաց.
– Մենք չգիտենք ով կենդանի կմնա այս մղձավանջում: Եթե զոհվեմ, կթաղեք մալադոյի կողքին, գիտեք որտեղ: Մեր գերեզմանի վրա կգրեք` մալադոյ, մենք բոլորս մալադոյներ ենք…
Այդ երեկո սպան երկար, շատ երկար նայեց սարերի ետևում անհետացող, բոսոր արևի հիասքանչ շրջանակին: Երկինքն այնքան խաղաղ էր, զարմանալիորեն խաղաղ ու մե՜ղմ, չգիտես թե դեպի ուր սահող ամպերով:
Նրան թվաց, թե հենց այդ սարերի վրա, արևի վերջին ճառագայթների կողքին մալադոյն է կանգնած ու իրեն ձեռքով է անում:
Նա իրեն էր նայում մեղմ ժպիտով, ամեն ինչը հասկացող տղամարդու իմաստությամբ: