— Վուլո՛ դայի, ո՞նց ես։
— Համեեե՞․․․
— Ասում եմ՝ ո՞նց ես, ապրուստդ, առողջությունդ ո՞նց ա, էրեխեքդ, թոռներդ գալի-գնո՞ւմ են, հո քեզ մենակ չե՞ս զգում։
— ․․․
— Լավ, Վուլո՛ դայի, քեզ շատ չեմ զբաղացնի, միանգամից անցնենք գործի։ Քաղաքից մարդ-մուրդ ա էկել, հիմա էստեղի ջոջերի հետ ա հանդիպում, էն կոմ-էս կոմ են անում, կերուխումով էլ, երևի, կպրծըցնեն օրը։ Մեծ իրադարձություն ա, մերոնք լուրջ պատրաստվել են, էս էլ պատահական քաղաքացի չի, պաշտոնատար անձ ա։ Տելեվիզրով ցույց են տալու, ապերատըրը հետները ֆռում ա, կողքից նկարում ա, հարցազրույց ա, բան ա՝ ամեն ինչ իրա կարգով։ Լսո՞ւմ ես, Վուլո՛ դայի։
— Համեեե՞․․․
— Ասում եմ՝ օրվա վերջին՝ կերուխումից հետո, էս քաղաքի աղեն ուզում ա պատերազմի մասնակիցներից մեկի հետ հանդիպի։ Դե, գիտե՛ս, Մայիսի 9-ն ա, հաղթանակների օր ա, դեմն էլ ընտրություն ա։ Պիտի հանդիպի, մի էրկու-իրեք հարց տա, ասի-խոսա, կատակ անի, ապերատըրն էլ նկարելու ա՝ տելեվիզրով ցույց տան։ Էս քաղքեցին, ասում են, լավ էլ ղոչախ մարդ ա, նվեր-բան էլ ա տալու։ Ջահելներին նիվա, այֆոն ա տալիս, իսկ թոշակառուներին տեխնիկա ա բաժնում։ Քեզ տելեվիզր ա տալու, էն տափակ, երկար տելեվիզրներից։ Աչքերդ ո՞նց ա, տենո՞ւմ ա, Վուլո՛ դայի։
— Համեեե՞․․․
— Շան տեղ դնիս վեչ, չտենաս էլ՝ կլսես։ Հիմա էս քաղաքի մարդը ֆռում ա ռայոններով, գյուղերով, դեմի ընտրությունների համար մարդամեջ ա հելել, էլի՜։ Էրեխեքը սիրուն-սիրուն շորեր են հագնում, աղ ու հաց են տալիս սրան, դե պաշտոնավոր ա, լուրջ մարդ ա, քաղաքից հասել ա ստեղ, էլի՜, պատգամավոր ա։
— Հաստաո՞ռ ա․․․
— Չէ․․․ հա․․․ չգիտեմ․․․ կարող ա․․․ երևի․․․ ինչ-որ ա։ Վուլո՛ դայի, մարդ ա, էլի՜, լեն ա, բարակ ա՝ կապ չունի, կարևորը ձեռը գրպանը տանող ա ու հատուկ մեզ համար էսքան ճամփա ա կտրել։ Հիմա մեր նախագի հետ Չալոյի մոտ հաց են կիսում, պրծնելու են ու գան ստեղ։ Գիտե՛ս, մեր գեղումը ուրիշ կռիվ տեսած մարդ կա վեչ, Վուլո՛ դայի, մինակ դուն ես, պիտի գա, քեզ հարցուփորձի, ժպտա, գրկի ու թողնի գնա քաղաքը՝ իրա կնգա քովը։ Պիտի նենց անենք, որ համուհոտով գնա մեզնից, հանկարծ նեղված չըլի, համ մեզ լավ ըլի, համ իրան, հասկանո՞ւմ ես, Վուլո դայի՛։
— Համեեե՞․․․
— Հեսա նախագի հետ կոկոնները տաքացած գալու են, դու էն մեդալներով պիջակդ հագի, որ կանգնես-նստես՝ մեդալները շխկշխկա, տելեվիզրով էդ շխկշխկոցը լսվի, էլի՜։ Մինակ քֆուր-քյաֆար անիս վեչ, լավ մարդ ա, տելեվիզր ա տալու, քեզ հոր պես պատվելու ա, հարգելու ա, պատերազմից մի քանի հարց-մարց կտա, ապերատըրը կնկարի ու փսո, կթողի՝ կգնա։ Դու մինակ հանգիստ կաց, մի քիչ հավաք մնա, ինչ-որ բան դուրդ գա վեչ՝ սուս ես կյամ․ ինքը պառլամենտից ա, էլի՜, գալստուկով կըլի, պաշտոնավոր, ծանր, գյուղացիք ասում են՝ պատա լոպազ պոլոզ ա․․․
— Բո՞զ ա․․․
— Չէ․․․ հա․․․ չգիտեմ․․․ կարող ա․․․ երևի․․․ ինչ-որ ա։ Ինքը՝ իրա գործը, իրա գործելաոճը։ Մեկին կժպտա, մյուսին կլացի, էն մեկելին քֆուր կտա, դե, մեկ-մեկ էլ քամակ կլիզի, ծանր գործ ա, հեշտ բան չի, էլի՜։ Բայց էդ հեչ, հեսա գալու ա, պիտի պատրաստվենք։ Էս պիջակը արի հագցնեմ, կոճակները սիրուն կոճկեմ, մեդալներն էլ դզեմ-փչեմ։ Հենա՝ էկան, Վուլո՛ դայի, դու նստի, ես կդիմավորեմ․․․ Բարով եք էկել, հազար բարով։
— Խռ-խռ, բարև ձեզիկ, լա՛վ մարդիկ։ Հայրի՛կ ջան, նստի,նստի, դու մեր էսօրվա թագավորն ես, մենք էլ քեզ ստրուկ, խռ-խռ։ Ո՞նց ես, տրամադրությունդ ո՞նց ա, հո չե՞ս նեղվում։
— Համեեե՞․․․
— Վուլո դային պատա լավ չի լսում․․․
— Ջահե՛լ ջան, դու հեռու կանգնի, պապին լավ էլ լսում ա, ամեն ինչն էլ լավ աշխատում ա, չէ՞, հայրի՛կ ջան․․․ էս քաքը ինչ ա մտել ատամիս տակ՝ ոչ մի ձև դուրս չի գալիս․ էն միսը հեչ լավը չէր, նախագա՛հ ջան, պառավ խոզ էր․․․ Էս մասը կադրիցդ կկտրես, ի՛մ Ֆելինի ապի, խռ-խռ։ Ուրեմն․․․ հա․․․ սկսեցինք։ Հայրի՛կ ջան, դու մեր պարծանքն ես, բոլորիս գլխին մեծ տեղ ունես, դե, մենք էլ, խռ-խռ, պիտի հիշենք մեր հերոսներին, հարգենք, պատվենք, որ մեր վետերանները ոչ մի բանի կարիք չունենան, խռ-խռ։ Նոր երկիր ենք սարքում, պիտի ամեն բան սկսենք մեր մեծերից։ Եթե մեծերին չհարգենք, ամեն ինչով չօգնենք, մոռանանք էն ամենը, ինչ արել են մեր համար, խռ-խռ, մեզ մոտ ոչ մի բան էլ չի ստացվի։ Հիմա ընտրություն ենք դրել, հասկանո՛ւմ ես, համապատասխան ընտրազանգված ա, օգնություն ա, բարեգործություն ա, մի խոսքով։ Ժողովրդի ցավն էլ տանեմ, մեր ժողովուրդը, հայրի՛կ ջան, իմաստուն ա, խելացի ա, գիտի ում ընտրի ու ընչի համար։ Դե, ժողովուրդը իրա ընտրությունը կանի, մենք էլ մեր գործը տեղը-տեղին, օրենքով-բանով կանենք, որ դու լավ ապրես, ոչ մի բանի կարիք չունենաս, խռ-խռ։ Քո էրեխեքի ու թոռների համար լավ երկիր պիտի շինենք, թագավո՛ր ջան, մենք մենակ ՔՈ լավն ենք ուզում․․․
— Ի՞մ լավը․․․
— Հա, քո՛ լավը։
— Վա՜յ, Վուլո պապին ձեր մամեն քուն․․․, — պատգամավորական գանգի փորձությունը չհաղթահարելով՝ ֆիբռից ձեռնափայտը երկու կես եղավ տարեց վետերանի կնճռոտ ձեռքերում։