ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ/ՀԵՏ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ

Հադրութ քաղաքը պաշտպանող զինվորներն էլ ստացան քաղաքացիների ուղարկած ուտելիքի, ծխախոտի, անհրաժեշտ այլ իրերի ծանրոցներ։ Նրանց բաժին հասածն առաջին կուրսեցիներից էր. արկղի վրա նշված էր մեծ ու կարմիր տառերով:

Տիգրանը բացեց արկղը` ընկերներին բաժանելով սրտների ուզածը: Ամեն մեկը մի բան վերցրեց, սիրտ չկար, բայց…աղջիկները սեր ու հոգի էին դրել մեջը, վա՜յ չուտողին:

Գյումրեցի կամավորական Հակոբը մոտեցավ արկղին, նորից կարդաց վրայի գրվածը, աչքերը թրջվեցին: Հակոբի աղջիկն էլ առաջին կուրսում էր սովորում, ինչից կարոտն ավելի բորբոքվեց։ Բացեց հեռախոսի նկարների բաժինը, կանգ առավ աղջկա նկարին, սկսեց ագահաբար նայել. Մանեն`իր միակն ու մինուճարը, իր թանկը, ում ծնվելուն սպասել էր տասնհինգ երկար ու ձիգ տարիներ, իր վաղվա հույսը, տոհմի շարունակողը… Տեսնես բախտ կունենա՞ աղջկան հարս դարձած տեսնի, թոռներին Գյումրվա փողոցներով ման տա, էն քաղցր ու անուշ պատմություններից նրանց պատմի:

Այդ պահին ինչ ասես անցավ Հակոբի մտքով: Մտովի թերթեց օրացույցի էջերը, տարիների հեռուները հասավ: Շանթահարվեց հիշողությունը, սուրացող գնացքը փշրեց ռելսերի վրա սպասող ու արդեն պատերազմի դաշտ հասած Հակոբի անկատար երազները:

Վարժապետ Մանուկը (զինակից ընկերներն այդպես էին դիմում), մեջքը հենած Հակոբի դիմացի ծառին, ծխում էր։ Մանուկի աչքը սուր էր, ամեն մեկին ձեռք մեկնելու, սիրտ տալու իր ձևն ուներ։ Մանուկը գլխի ընկավ, հասկացավ զինընկերոջ մթամած տրամադրության պատճառը: Այն փոխելու համար սկսեց ընկերների ամենասիրելի երգը երգել, թեպետ տղերքը Մանուկին արգելել էին երգել․ ձայնը անսարք տրակտորից էլ վատ էր հնչում:

-Ջա՜ն, ձենիդ ղուրբան,- թևը Մանուկի ուսին գցելով` ասաց Հակոբը: -Ես քո արևին մեռնեմ:

Տղերքն էլ միացան վարժապետին, այդ երգի բառերը լավ գիտեին։

Երևի թե միակ օրն էր, որ բոլորի համար Մանուկի երգը քաղցր թվաց, ձայնը` փափուկ ու անուշ:

Հանգստանալու ժամանակ գրեթե չունեին, եղածն էլ` լցված էր ահ ու տագնապով. Հադրութի ապագան գնալով դառնում էր անհանգստացնող: Տղերքը ոչ մի ձևով չէին ուզում մարտի ամենաթեժ վայրերից հեռու գնալ: Մեկը մյուսին թիկունք էր, զորավիգ:

Իրենց ջոկատին միացած նոր զորամիավորման շնորհիվ`ստիպված ենթարկվեցին վերադասի հրամանին, հավաքվեցին անտառի, համեմատաբար խաղաղ մի անկյունում. սնվել ու շունչ քաշել էր պետք:

Տղերքը ծամում էին` կերածի համը չզգալով, խոսում էին, ասածից բան չըմբռնելով, լռում էին` լռությամբ շատ բան թաքցնելով, տղերքը ծիծաղում էին` կյանքի թանկությունը հայրենիքին բաշխելով:

-Որ ասում էի ձեզնից ուժեղ եմ, չէիք հավատում, հիմա տեսա՞ք,-տեղից վեր թռչելով ասաց Սաքոն՝ կատարած քայլի անսպասելիությունից զարմանք պատճառելով ընկերներին:

– Քեզ ի՞նչ էղավ, Սաքո՛,- թխվածքաբլիթի խրթխրթոցը չդադարեցնելով` հարցրեց շուշեցի Տիկոն:

-Էդ ե՞րբ հասցրիր խմես, կամանդիրին ի՞նչ էինք խոսք տվել, հը՞,-մեջ ընկավ գորիսցի Արամը։

-Ես` Սարգիս Համազասպի Պողոսյանս, խոսք եմ տվել և հավատարիմ մնալով երդմանս` այս օրերին ոչ մի կաթիլ ոգելից շուրթերիս չեմ մոտեցրել: Երդվու՛մ եմ:

-Ծո ա՛պ ջան, քոնը շո՞ւրթ է որ, իսկագան խոզի մռութ,- ասաց Հակոբը՝ ծխախոտի գլանակից քամելով ծխի ողջ պարունակությունը։

Գյումրեցու հումորից պոռթկաց ծիծաղը` ջնջելով Մանուկի երգից թողած տխուր տրամադրությունը:

-Անուշն էս մռութով էլ ինձ կսիրի, Հակո՛բ, դու հեչ մի՛ մտածի,- վրա բերեց Սաքոն:

-Շտապօգնության մեքենայով եկած բուժքրոջ անունն Անուշ էր, չէ՞,- Մանուկի ականջին փսփսաց Տիկոն:

-Չէ՛:

-Բա էս ու՞մն ա տեսել, էս ի՞նչ Անուշի անուն ա տալիս:

-Եսիմ, գժվել ա երևի:

-Էսքան շո՞ւտ:

-Հերթն իմն էր, առաջ ընկավ:

-Չէ, ապե՛ր, երևի` իմը:

Սաքոն` զգալով, որ Մանուկն ու Տիկոն իրենից են խոսում, շարունակեց նախապատրաստած զվարճանքը․ տղերքի տրամադրությունը փոխել էր պետք՝ մահվան շունչը գրողի ծոցն ուղարկելով։

-Վա՜յ, Անո՛ւշ, ես քո արևին մեռնեմ, դու էս ի՞նչ արիր, դու էս ինչքան ուժ տվիր ինձ,-հպարտությամբ սկսեց մենախոսել Սաքոն,- հլը դու սպասի, ես էս թշնամու հերն անիծելու եմ, գամ, քեզ գտնեմ։ Անու՛շ աղջիկ, չփորձես տելեվիզորն անջատել, լսու՞մ ես, չանջատե՛ս, տես հլը Սաքոյից ինչե՜ր են պատմելու: Լեգենդար Սարգիս Պողոսյանը…

-Խմել ա, հաստա՛տ:

-Բացառվում ա,- քչփչոցն էլի շարունակեցին Տիկոն ու Մանուկը:

Մանուկը բարկացած վեր թռավ տեղից ՝ անզգուշությունից ձեռքի սուրճը ծնկներին թափելով։

-Սա՛ք, ի՞նչ ես անիմաստ դուրս տալիս։ Լավ գիտես, ոչ մեկը սիրտ չունի, իսկ դու էստեղ կոմեդիա ես բեմադրել. ես եմ ուժե՜ղը, ես եմ հզո՜րը, ես եմ էստեղի Ռեմբո՜ն ու Ջեկի Չա՜նը․․․ո՞վ ունի քո հավեսը, կասե՞ս։

-Ախպե՛րս, էստեղ որոշողը ո՛չ ես եմ, ո՛չ` դու, Անուշը ոնց ասել ա, էդ էլ օրենք ենք ընդունում:

Սաքոն ձեռքը գրպանը տարավ՝ հանելով շոկոլադե սալիկը։

-Դե կարդա՛, վարժապե՛տ, տե՛ս, որ չեմ խաբում,-քթի տակ ծիծաղելով՝ ասաց Սաքոն։

– «Դու ամենաուժեղն ես, թող բոլորն իմանան այդ: Անհամբեր կսպասեմ գալուդ։ Ներքևում համարս ա։ Զանգի’ր, կսպասեմ:

Անուշ

Պաչ»

-Երկու սրտիկներն էլ իրար մեջ: Էլ ո՞վ դիմանա,- նկարը մեկնաբանելով՝ ընթերցումն ավարտեց Մանուկը։

Լիաթոք ծիծաղը խառնվեց անտառի խորհրդավոր մենությանը։ Ծիծաղում էին անհոգ, ծիծաղում էին ցավը սրտում պահած, ծիծաղում էին` մի պահ մոռանալով, որ Արցախում դեռ 2020-ի աշունն է։

Գնալով ամպերը սկսեցին սև կարկատան փռել, ցերեկը կորցրեց գույնը: Թռչուններն իրենց բները հասան։ Մառախուղն ագուցված ճյուղերի արանքներից անտառ մտավ:

– Տղե՛րք, մնացինք մունք, Հադրութն ու քշաթոխպը,-խոսակցությունը փոխեց խմբի միակ շուշեցին։

-Քշաթոխպ․․․Հըլը մէ նայեք, ինչխ էլ նըխշուն բառ է։ Վա՜յ, Տիկո՛ ջան, ես ձեր խոսք ու լեզվին ղուրբան էղնիմ։ Ախըր շատ անուշ է, էս հող ու ջըրի նման ազնիվ ու արդար, բայց դէ, օր ճիշտը ըսեմ, մեր գյումըրվան խոմ չի՞ հասնի,- պարծենալով` գովեստն ավարտեց Հակոբը:

-Բայց տեսնես գյումրեցիք ինչի՞ գլուխ գովել չսովորեցին, էդպես անարդար է, ախր,- քթի տակ ծիծաղելով՝ ասաց Մանուկը։

Հակոբը մեղմ ժպտաց, սրտով էր լսածը։

-Տղե’րք, խեր էղնի, էս ինչքան խնդացինք։ Թե ասա՝ ա՛յ վարժապետ, դու ընչի՞ կամանդիրի խոսքին խոսք չըբերիր, որ կարանայինք մե թասըմ, մե բաժագըմ․․․

-Չկա նման բան, Հակո՛բ, ասել ենք ու վերջ,- ընկերոջ խոսքը կտրեց Մանուկը։

-Արդա՞ր ա, հա՞, Մանու՛կ տղա, բա ես Անուշի կենցաը չխմե՞մ հիմա։

-Խմելու ենք, Սաքո՛, խմելու ենք, հլը ու՜ր ես։ Դու պապիդ ասա՝ գինին արդար քաշի, հլը ձեր գյուղ ենք գալու, Անուշին մենք ենք ձեր տուն հարս բերելու։

Այդ գիշեր, երևի թե, գրվեց Հադրութի պատմության ամենածանր էջը։ Ոչ մի րոպե չդադարեցին թշնամու ռմբակոծիչները։ Ծուխն ու փոշին խառնվեց «քշաթոխպի» հաստ շերտին: Հադրութի վաղվա օրվա ճակատին ծանր ամպեր նստեցին:

Հրամանը կայծակի պես անտառ հասավ։ Տղերքը մեկ մարդու նման ոտքի ելան։ Մեքենան շարժվեց։ Առաջնագծում նոր ուժեր էին պետք:

Սաքոն ու Մանուկը մնացին ռազմատեխնիկայի կայանատեղին մոտիկ, մատակարարումն այդտեղից էր. այդպես էին հրաման ստացել:

Ժամացույցի սլաքներն առաջ էին ընկել, օրացույցի թիվը՝ նույնպես, իսկ լույսը ոչ մի ձևով միտք չուներ բացվելու։

Սաքոյի ու Մանուկի համար գիշերը նույնպես ծանր եղավ, ոչ մի րոպե շունչ չքաշեցին, աչք փակել չստացվեց:

Մանուկը ոտքի վրա ննջում էր՝ քթի տակ բլբլացնելով․

– Սաքո՛։

-Հը՛։

-Ասում ես՝ ո՞վ ա ուժեղը։

– Անուշն ա ասել, ապե՛ր, ես ո՞վ։

-Անուշին, որ չես զանգել, է՜։

-Արդեն ուշ ա, քամին կանֆետի թուղթը տարավ։

-Չէր լինի՞, չէ՞, էդ մեկը չուտեիր:

-Քաղցր շատ եմ սիրում, վարժապե’տ, սիրտս քաշեց։

– Մարդ դուրս չեկար, չէ՛, Սաքո՛։ -Դե արի էս աշխարհում Սաքոյի սերը երազող Անուշին գտիր:

Լույսը վերջապես բացվեց։ Տղաները նկատեցին հեռվից իրենց մոտեցող զինվորներին։ Մերոնցից էին, բայց անծանոթ։ Չնայած, պատերազմի դաշում անծանոթը ո՞րն էր։

Սաքոն մի ձեռքով կիսատ-պռատ լվաց դեմքը. ծանրացած կոպերը թեթևակի բացվեցին: Մի դատարկ տոպրակ ձեռքն առնելով` սկսեց հավաքել իրենց կերածի ու թափածի մնացուկները:

-Ախպե՛րս, էդ ի՞նչ լավ գործի ես,-հեռվից ձայն տվեց իրենց մոտեցող անծանոթ զինվորներից ավագը։

-Հա՛, էլ մի ասա, մաքրության գործով, հոգո՛ւդ ղուրբան, պիտի հավաքե՞նք, թե՞ չէ։

-Սանիտարական գործիդ վե՛րջ տուր, Հադրութից ոնց որ էլ հույս չկա,- գոռաց մյուսը:

-Դարդ չանեք, տղե՛րք, հետ ենք գալու, էնպես անենք՝ մեր թափածից չամաչենք։

-Սա՛ք, նահաջում ենք, Կարախանյանն էր զանգել,- Սաքոյին դեռ չմոտեցած` գոռաց Մանուկը` շնչահեղձ բառերը տարածելով շուրջբոլորը:

Լսածի անսպասելիությունից ցնցվեց Սաքոյի մարմինը`ճակատին հավաքված քրտինքի կաթիլները նոր հուն գտնելով` սկսեցին դանդաղ թափվել:

-Սա՛ք, լսո՞ւմ ես, վե՛րջ տուր, հավաքի՛ր փալաս-փուլուսդ, հետ ենք գնում,- Սաքոյի ուսերը շարժելով` գոռում էր Մանուկը:

-Ապե՛ր, թող ինձ, ի՞նչ ես անում։

-Սաքո՛, ուշքի՛ արի, գնում ենք։

-Տո՛ դուք նամուս ունե՞ք, հա՞: Ասում եմ՝ բա՛ց թող, բա՛ց թող թևս: Գնո՜ւմ ենք… էսպես թափած, ու՞ր պիտի գնանք: Բա վաղը, որ հետ դարձանք, չենք ամաչի՞, հա՞, խոսա՛, վարժապե՛տ, չենք ամաչի՞։

-Դու թո՛ղ, ախպե՛րս, թո՛ղ ես հավաքեմ, մեր հողն ու ջուրն արդար պիտի մնա։ Էնպես անենք, որ նորից պարզ ճակատով Հադրութ մտնենք։ Ես հո լավ գիտեմ, մենք հետ ենք գալու:

Մանուկը բաց թողեց Սաքոյի ուսը։ Ձեռքը տարավ ծոցագրպանը: Հուշատետրի թերթերից գտավ հադրութցի փոքրիկ Տիգրանի մասին գրառած էջը, ում հանդիպել էր Հայաստանի` արցախցիներին տրամադրած կացարաններից մեկում. «Պապաս գնացել ա պատերազմ, պետք ա շուտ հաղթի, որ գա, մեզ նորից Հադրութ տանի»։

Մանուկը բարձրացրեց գլուխը: Անծանոթ տղաները հեռացել էին վաղուց, Սաքոն հավաքած աղբի տոպրակն էր կապկպում։ Պատերազմի մռնչյունը սկսել էր երկինք բարձրանալ, երևի թե Աստծու դավթարում նոտագրվելու համար: Վարժապետի հուշատետրի թերթերի հետ քամին խաղ էր սկսել` այնտեղից տանելով փոքրիկ Տիգրանի անվարժ բառերը․«․․․որ գա, մեզ նորից Հադրութ տանի: ․․․ նորից Հադրութ տանի»։

Please follow and like us: