Տերևաթափ,
ծածկիր ինձ անտրտունջ,
թող մոռանա օրը գոյությունս ունայն,
ցավս թաղիր խաշամիդ
թմբիրի տակ նեխող.
գուցե մինչև գարուն
ծաղիկ ծնի վերքս:
Ն. Կ.
Այս աշխարհի, տիեզերքի բանը երևի հավասարակշռությունը պահել-պահպանելն է: Սակայն հասկանալի չէ, թե հատկապես ինչին է այն վերաբերում՝ բարու՞ն, չարի՞ն, թե՞ ինչ-որ ճշմարտության կամ ստի, երբ և′ գեղեցիկը, և′ չարը, ճշմարտությունն ու կեղծիքն այդպիսին են, ինչպիսին դրանք ուզում է տեսնել կոնկրետ մեկի կոնկրետ աչքը: Իսկ գուցե կա մի ուրիշ Տեսանող, ում համար ամեն բան ներդաշնակ է, ճիշտ է ու գեղեցիկ, որովհետև մյուս կոնկրետներն, առանց ցավն զգալու, չեն կարող ընկալել ուրախությունը, չտեսնելով բարին՝ կխաբվեն չարի խոստումներով…
Գուցե:
Եվ ուրեմն՝ երբ ինչ-որ տեղ, ինչ-որ բան հանկարծ խախտում է այդ հավասարակշռություն կոչվածը, այն անմիջապես էլ վերականգնվում է, կարևոր չէ՝ ինչպես: Կարևորն այն վերականգնելն է, և գինը երբեմն նշանակություն չունի: Ընդ որում ՝ ամեն բան, կենդանի լինի, թե անկենդան այդ բանը, ձգտում է վերականգնել իր նախկին հարաբերական կայուն վիճակը ջանքերի նվազագույն ծախսերով, որն էլ իր հերթին կարելի է անել ոչ թե ստեղծելով, այլ խլելով, կլանելով ուրիշին և ուրիշինը, մանավանդ որ Տեսանողի համար, ըստ էության, «ուրիշ» գոյություն չունի:
Լինում է, չէ՞, երբ մի հրաշքով տիեզերքի անսահմանության սահմանին մի նոր աստղ կամ ամբողջական գալակտիկա է ծնվում, ուրեմն՝ մի ուրիշ տեղ անպայման Սև խոռոչ պիտի հայտնվի և կլանի եղած ինչ-որ հնագույն գալակտիկա կամ այդ գալակտիկայի մի անկյունում ծվարած մի ողջ քաղքակրթություն: Տիեզերքի քարտեզի վրա այն կար ու հանկարծ չկա: Եվ ուրեմն՝ արարչագործության մեծագույն աչքակապությունն այն է, որ վերջինս հաճախ չի էլ գիտակցում, որ հայտնվել է խոռոչի ամենակուլ խողովակ-որկորի մեջ և շարունակում է ապրել, անել այն ամենը, ինչը մինչ մեռնելն էր անում.
Մեռնում ես և չես հասկանում, որ մեռել ես:
Նորագույն նեյրոֆիզիոլոգիան նույն բանն է պնդում. մարդը մեռնում է՝ առնվազն մեկ ժամ (գուցե ավելին) գիտակցելով, թե ինչ են անում իր հետ՝ նախկին իր հետ:
Ահավոր է:
Իսկ գուցե այս համընդհանուր օրինաչափությունները բնորոշ են նաև ազգերին, ժողովուրդներին, երբ ապրում են՝ չընկալելով, որ մեռել են, որովհետև ինչ-որ ուրիշ մեկի սև խոռոչն է կուլ տվել իր զավակներին, իր շարունակության, իր թվացյալ հարատևության գենը՝ փոխարենը թողնելով դատարկություն, բացարձակ վակուում՝ ինչպես որակյալ zip փականի տակ, որի մեջ մեռածը երկար ժամանակ կարող է պարզապես չհոտել:
Սարսափելին այս պարագայում այն է, որ դու՝ ինքդ քեզ մեռած չես համարում:
●
Այսպես տիեզերքի մի անկյունում ծվարած, անհունի համար անանուն և օզոնի շերտի ու ջրի պատճառով կապույտ ոչ այնքան մեծ մի մոլորակի վրա, որտեղ բնակվող բանական արարծների համար հազարարամյակներ շարունակ միմյանց սպանելն ավելի շատ օրինաչափություն էր, քան բացառություն, դարձյալ պատերազմ էր: Պատերազմ էր նաև փոքրիկ մի երկրում, որտեղ մարդիկ ապրել էին ուզում և կռիվ էին տալիս պարզապես չմեռնելու համար, թշնամուց նահանջող ու հրաշքով կենդանի մնացած հատուկենտ զինվորներ էին թաքնվել աշնան քամիներից և անզորությունից ծերացած, տերևաթափվող և ավերակների մեջ պատսպարված անտառակի ու փոսորակ հիշեցնող ձորակների մեջ:
– Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում:
– Ի՞նչ:
– Ասում եմ՝ մենք միշտ ամեն ինչ անում ենք, որ մահվան մասին չմտածենք, քանի որ դժվար է մի օր այլևս քո չլինելը հասկանալը: Ախր, հենց մահվան մասին մտածելն է մեզ ստիպում կառչել կյանքից՝ անկախ էն բանից ապրո՞ւմ, թե՞ չես ապրում էդ կյանք կոչվածը:
– Չհասկացա, իբր ի՞նչ,- Բագրատը զարմացած ընկերոջ կողմը նայեց:
– Ասում եմ՝ ուրեմն․ ինչ-որ բան մեզ պիտի մխիթարի, որպեսզի մենք ընդունենք մեր մահկանացու լինելը,- հեգնեց Արեգը:- Ուրեմն՝ պիտի տառապենք, ուրեմն՝ կյանքը պիտի մեզ հնարավորություն տա իրենից զզվելու… Ուրեմն, Աստված բարի է:
– Օֆ…. Իբր բան ես ասում: Դու կարդացած, գրել-կարդալ իմացող մարդ ես, իմ սովորածը շինարարությունն է, հող ու այգի մշակելը։ Բան չեմ հասկանում:
– Դե, լավ, դու ասա՝ ինչու՞ ենք մենք էստեղ՝ էս ավերակում, երբ մեր տղերքն էլ չկան: Իսկ վերևներում երևի մեզ չեն էլ հիշում կամ էլ մտածում են՝ զոհվել ենք:- Արեգը կարծում էր, թե՝ կհուզվի, կոկորդը կսեղմվի, սակայն զարմանալիորեն հանգիստ էր, խոսքը՝ անկիրք:
– Լավ, ասա, ինչու՞ …
– Որովհետև մեռնելու ենք:
– Ես էլ ասում եմ, որ մեր ետևից կգան, կհասնեն…
– Իսկ եթե չգա՞ն….,- Արեգը սեղմեց կոպերը:
Մոտեցող ոտնաձայներից ու քայլողների առաջընթացին ընդդիմացող խաշամի ծանր աղմուկից, սակայն, փոսորակում՝ մերկացող ծառերի ցանցառ սաղարթների տակ թաքնվածները լռեցին և սեղմվելով միմյանց՝ դադարեցին շնչել. խոսակցությունից հասկացան՝ թշնամու զինվորներն էին:
Երկնքից իջնող մթնշաղի գորշությունը ծածկեց նրանց, և եկվորներն անշտապ առաջ անցան՝ հակառակորդի կենդանի մնացած երկու զինվորին թողնելով թիկունքում:
Լռությունն անտառակի այդ հատվածը շուտով կրկին իր հսկողության տակ առավ:
– Սոված եմ:
– Մոտս ուտելու բան համարյա չի մնացել: Գոնե էսօր մի քիչ պանիր կեր:- Արեգը զգուշությամբ բացեց ուսապարկի բերանը:
Չորացած լավաշի ու պանրի կտորներ էին:
– Սաղ կյանք պանիր չեմ կերել: Էսօ՞ր եմ ուտելու: Մեռնեմ, բերանս չեմ դնի:- Բագրատի դեմքի ծամածռությունը զինակիցը չտեսավ:
– Մութն ընկնի, մենք էլ կշարժվենք: Մի քիչ աչք կպցնենք. երկար ենք քայլելու:
Տղաները մեջք-մեջքի սեղմվեցին՝ սաստկացող ցրտին ներս սողոսկելու տեղ չթողնելու համար և փակեցին աչքերը:
– Շան պես հոգնած եմ, բայց քունս չի տանում,- այսուայնկողմ պտտվելով՝ բողոքեց Բագրատը:
Արեգը չպատասխանեց:
– Արեգո, լսիր, էն ի՞նչ էիր ասում՝ Աստված բարի է, բան ….
– Հա, բա բարի չէ, ի՞նչ է:
– Որ էս օրին ենք, բարի է՞:
– Է հա: Բա էլ ո՞նց մեզ նախապատրաստի մեռնելու: Պիտի զզվեցնի, չէ՞, կյանքից:
– Լավ էլի, էն անտեր գերանդիավորին ինչի՞ ես կանչում,- Բագրատը չէր հանձնվում:
– Դե, ասում եմ էլի՝ էնքան զզվեցնի, որ ապրողի համար մահը փրկություն, ազատագրում դառնա:
– Պահ, ազատագրում, չէ մի չէ…. Աստված չանի ու … չարեց, չէ՞. մենք չմեռանք, չզոհվեցինք,- տնքաց Բագրատը:
– Հետո՞… Բա հետո՞… Հասկացել ես, չէ՞, որ թշնամու թիկունքում ենք: Դրանք էլ շնից շատ են: Ո՞նց ենք դուրս պրծնելու:
– Մի դուռ կբացվի, դուրս կգանք: Ձագս նոր է ծնվել: Սուսանս էլ ինձ է սպասում:
– Քեզ ո՞վ էր ասում՝ էդքան շուտ ամուսնանաս,- Արեգը պարզապես փնթփնթաց քթի տակ:
– Սերն էր ասում, ախպեր, սերը: Մինչև չիմանաս՝ ինչ բան է, չես հասկանա:
Արեգը հիմա էլ ուսապարկից մի ճմրթված նոթատետր հանեց ու սկսեց ինչ-որ բան խզմզել:
– էլի ոտանավո՞ր ես գրում,- հեգնեց Բագրատը:
– Չէ, մի: Իմ ու քո մասին եմ գրում: Հիմա քեզ եմ նկարում, քանի դեռ լրիվ չի մթնել:
– Ո՞նց: Ցույց տուր, նայեմ,- Բագրատն ակամա ուղղեց մազերն ու պարանոցը նոթատետրի կողմը ձգեց:- Լավ էլ ձեռք ունես: Էստեղից դուրս գանք, մի լավ լողանամ, ինձ մի կարգին կնկարես, չէ՞:
Արեգը ժպտաց ու գլխով արեց:
Հետո հավանաբար քնեցին, որովհետև լռության մեջ տարրալուծվելով՝ նրանք էլ կարծես անցյալ տարվա խաշամ դարձան, և դեռ չսառչող հողը, մոր նման նրանց կծկված մարմինները գիրկն առնելով, սպիտակ կրաքարե շինության ավերակների միջից բարձրացող անտառակի նոսրացող սաղարթի հետ անձայն օրորեց: Հողը երևի հոգնել էր ճակատագրի՝ սեփական զավակներին իր մեջ ամփոփելու տառապագին պարտադրանքից և որոշել էր գոնե այս երկուսին պահել լույսի ու մթան տարափոփոխ աշխարհում: Իսկ գուցե հողն ու մահը մի նոր խաղ էին սկսել՝ գրազ գալով, թե որքա՞ն կդիմանան լքված այդ երկու հոգիները, և ուրեմն՝ ո՞վ կհաղթի՝ նա՞, ով հողի վրա է, թե՞ նա, ով սովորաբար հողի մեջ է և հողի մեջ է տանում:
●
Դատարկ բեռնատարներ կային, սակայն, չգիտես ինչու, իրենց միայն մեկի մեջ մտցրեցին, ավելի շուտ՝ խցկեցին: Արեգը նույնիսկ բարձրաձայն մտածեց՝ երեք բեռնատարի թափքում նորմալ կտեղավորվեին, ուրեմն՝ ինչու՞….
Ինքնաձիգի գոտին, ուսից սահելով, կառչել, հագել էր իրենից մի քանի քայլ առաջ, բոլոր կողմերից սեղմված իր նման մեկ այլ զինվորի ինքնաձիգի փողին և սեփական իրանի վերին կեսը ստորինի նկատմամբ անհայտ անկյան տակ իր կողմն էր ձգում: Արեգը հասկանում էր, որ նման իրավիճակում ցանկացած շարժում կարող էր ճակատագրական լինել. «…իսկ եթե փոխադրիչը հրմշտոցի պատճառով ներքև է իջե՞լ, և առջևում պարտադրված զգաստ դիրքով կանգնածի ինքնաձիգը հանկարծ ինչ-որ ցնցումից սկսի կրակե՞լ …. »:
Բեռնատարի շարժիչը գործի չէր ընկնում:
Մտածեց, որ գուցե լավագույն ելքը հենց դա է, որ իրենց կիջեցնեն ու կտեղավորեն մեկ այլ մեքենայի կամ մեքենաների մեջ, սակայն բրեզենտածածկ թափքից անդին լսվող գոռոցներն ստիպեցին կենտրոնանալ դրսում տեղի ունեցողի վրա:
Հանկարծ իր պես շպրոտ ձկան նման մետաղյա տուփի մեջ խցկվածներից ոմանք իրենք սկսեցին գոռալ.
– Կամիկաձե…. Օդ 111… Վերևում կամիկաձե… երկու հատ…
Դեռ չէր կարողացել ընկալել սարսափից անհոդաբաշխ դարձած, թե թվացող գոռում-գոչյունները, բեռնատարը ցնցվեց, և շարժիչի հռնդյունն այն կտրուկ պոկեց տեղից: Սակայն թափքի եզրին մոտ կանգնածներից մի քանիսն արդեն հասցրել էին դուրս ցատկել՝ ինքնաձիգի ուսագոտու հետ քաշելով նաև իրեն:
Շուրջը տափաստան էր. թաքնվելու որևէ տեղ չկար, բայց ի տարբերություն կանխատեսելի ուղղությամբ հեռացող բեռնատարի, նրանք ակամա այս ու այնկողմ ցրվեցին՝ հեռվից տեսնելով սարսափելին, որ տեղի ունեցավ մարդատարի հետ. անօդաչուի հարվածն ուժգին էր և անվրեպ: Արեգի ծնկները ծալվեցին: Նա կանգ առավ, նայեց հորիզոնը մի պահ վարագուրած թանձր սև ծխին ու նստեց: Հետո բերանքսիվայր ընկավ գետնին և ջղաձիգ կծկումների մեջ կուչ եկավ:
– Հեյ, ախպեր, վեր գնանք,- ձայնը ծանոթ չէր:
Պատասխան չստանալով՝ խոսողը նստեց ծնկների վրա ու ձեռքով ետ տարավ պառկածի ճակատը ծածկող մազերը:
– Առ, ջուր խմիր,- շարունակեց նստածը:
Արեգը գլուխը փոքր-ինչ թեքեց, և անծանոթը, բարձրացնելով պառկածի գլուխը, ջրի շիշը մոտեցրեց պառկածի բերանին:
Շուրջը լուռ էր:
Այրող հանդիպակաց արևը թույլ չտվեց տեսնել օգնողի դեմքը: Նա միայն կողքի փշածաղիկը և մի պարարտ մեղու տեսավ, որ սեր էր անում ծաղկի հետ: Արեգին թվաց, թե ուրիշ մոլորակում է, ուրիշ մի աշխարհում, այնտեղ, որտեղ բոլոր թռչողները միայն սեր անելու համար էին ստեղծված և որտեղ երկնքից թափվող ամեն բան ջուր էր: Նա դանդաղ նստեց տեղում և ուշադիր նայեց կողքինին:
– Բերանդ մեծ բաց արա,- ասաց վերջինս:
– Ինչու՞….
– Բան եմ անելու, որ վախդ անցնի, թե չէ ջանովդ կտա, լավ չի լինի:
Արեգը մի պահ չհասկացավ զինվորի ասածը, բայց ծնոտներն ակամա հեռացրեց իրարից:
Արագ ու վարժ մի շարժումով զինվորը բութ մատը մտցրեց շփոթվածի բերանն ու քիմքն ամուր սեղնելով՝ հաշվեց.
– Մեկ, երկու, երեք…. Վերջ, պրծար: Վախդ չափեցի:
Բերանը կարծես քարացել էր, և «վախը չափողը» կատակելով՝ կրկին միացրեց դիմացը նստածի չմիացող ծնոտները.
– Լավ պրծա. ուրիշները ձեռս կծում են:
Արեգը ևս ժպտաց:
– Անունս Բագրատ է: Քո ավտոմատի ռեմենն էր իմին հագել:
Արեգը չպատասխանեց: Նա իր համար անհայտ, բայց ակնհայտ գորովանքով նայեց խոսողի կողմն ու աչքերը թրջվեցին:
Բագրատն իր նման էր. ոչ այնքան բարձրահասակ, նիհար մարմին ուներ, միայն փոքր-ինչ թխամաշկ էր: Արեգն իր համար որոշեց, որ երևի տափաստանի արևն է գունավորել նրան, որ գուցե ինքն էլ է հիմա այդպիսին. պարզապես կողքից իրեն տեսնել չի կարող: Երկար զննեց դիմացինի դիմագծերն ու հասկացավ, որ գուցե փողոցում կամ մեկ այլ տեղ, մեկ այլ կյանքում երբևէ չնկատեր ոչնչով աչքի չընկնող այդ տղային, անցներ կողքով և չիմանար նրա գոյության մասին, որովհետև բոլորը միշտ ուրիշ էին, իրենը չէին, ինչպես մանկատանը, որտեղ տարիներ գլորեց կամ իրեն գլորեցին հաշիվ չունեցող որբության տարիները: Զարմացավ ու մտածեց, որ այդ ամենից հետո, ինչ-որ մի օր, մի դիպվածով, որ պատերազմ է կոչվում, չգիտես ինչու այդ բոլորը հանկարծ իրենը դարձան՝ ինչպես այս տղան: Բագրատը կարծես իրենն էր կամ գուցե ինքն էր Բագրատի բաժին անցորդը աշխարհի ետուառաջի, խլության ու ժխորի մեջ, կարևոր չէր: Պարզապես նրան էր վիճակված իրեն դուրս քաշել «ձկան պահածոյի» հրեշավոր այն տուփից և, փաստորեն, փրկել իրեն:
– Լավ, վեր կաց, գնանք: Մութը կընկնի, կկորչենք,- շտապեցրեց փրկիչը՝ կտրելով մտքերի անտեղի ընթացքը:
– Մենք մենակ երկուսո՞վ ենք մնացել,- Արեգը պտտեց հայացքը:
– Մի երեք հոգի էլ ոնց որ փախան:
– Իսկ մյուս մեքենաները՞…
– Մեզ ի՞նչ: Թուրքին թողեցին: Էն փոքր ՈւԱԶ-ով էլ կամանդիրը փախավ՝ շան որդին:
– Ո՞նց,- Արեգը հենց այնպես հարցրեց:
Սահմանապահ զորքերում էր (փաստորեն՝ էին) ծառայում: Մտաբերեց, թե ինչպես իրենց արհեստավարժ, տեղանքի յուրաքանչյուր քար ու թփին ծանոթ հրամանատարին մոտ կես տարի առաջ հանեցին՝ փոխարենը բերելով ինքնահավան մի խորոզի, որ երևի մեկ-երկու ամսում ուսադիրների վրա հերթական աստղն ավելացնելու ակնկալիք ու խոստում ուներ գրպանում, բայց, վառոդի հոտն առնելով, հավի պես ճողոպրեց:
– Վայթե մեր ջոկի սերժանտն ավելի շատ բան գիտեր ու գլուխ ուներ, քան էդ մայորը:
– Հա: Ես էլ մտածում էի՝ ո՞նց է էսքան ջահել ու… մայոր:
– Դրա համար էլ թռավ,- Բագրատը երկար հայհոյեց ու գլուխը մի կողմ թեքելով՝ թքեց:
– Երևի էլ ոչ ջոկ է մնացել, ոչ դասակ, ոչ էլ վաշտ,- Արեգը հայացքը մխրճեց շոգից ալիքվող հորիզոնի մեջ ու տնքաց:
Բագրատը ելավ տեղից ու, ձեռքը մեկնելով բախտակցին, ասաց.
– Գնա՛նք, ախպե՛ր: Էս է արևը կգնա, ու կցրտի: Էս տեղերի արևին չխաբվես:
Թիկունքներն արևին` երկու զինվոր քայլեցին մայրամուտին ընդառաջ՝ ետևում թողնելով արյունով շաղախված և զարմանալիորեն սևահող չդարձած անհարթ տափաստանը: Ոչ ոք նրանց չճանապարհեց: Պարզապես մի փշածաղիկ այդ երկուսի հետ համընթաց ու արևին հակառակ լուռ թեքեց գլխիկը, և միայն պարարտ մեղուն նրա չորացող հայացքի մեջ անտեր մի կարոտ տեսավ: Տեսավ, չզարմացավ ու թռավ:
●
Արթնացավ: Բագրատը չկար: Որքա՞ն էր քնել, չպատկերացրեց: Վրան ընկերոջ դեռ տաք բուշլատն էր: Մտածեց՝ իր վրա է գցել, որ չմրսի: Արեգը ժպտաց, բայց անհանգստությունը գնալով ավելի ու ավելի ահագնացավ: Զենքը ձեռքն առավ, հետո մեխանիկորեն հագավ տաք վերնահագուստն ու հասկացավ, որ Բագրատի նման այն իր՝ ինչպես բանջարանոցի անգլուխ խրտվիլակի վրա, անշնորհք կախվեց. զինակիցը բուշլատը ճանապարհը երիզող ու անտեր մոշի թփերի վրայից էր հանել:
Դաշտ ու տափաստան Բագրատի հորդորով էին լքել, որովհետև խորհրդային ժամանակներից մնացած ասֆալտապատ ճանապարհը թերևս միակն էր, որ ականապատված չէր: Բագրատի հայրը ականի վրա էր պայթել՝ դաշտում աշխատելիս, երբ դեռ փոքր էր, և ականի պայթյունից նույն կերպ զոհվելու բնական, նախամարդու անանց վախ կար վախ չափողի որբացած սրտում: Բացի այդ, ճամփեզրի սպիտակաքար շինությունների ավերակներում, որոնք դեռ նախորդ պատերազմից էին մնացել, կարելի էր արագ թաքնվել, երբ դրա կարիքը կար ու լինում էր:
Զգաց, որ կարոտում է երկայն օրերով իր հետ քայլող, հաց ու ցավ, թփի վրա չորացած մոշ ու մասուր կիսող, կշտացնող ընկերոջը: Բագրատը չէր կարող հեռու գնալ. բուշլատը դեռ բավականին տաք էր: Ուզում էր ձայն տալ, սակայն անբացատրելի ինչ-որ սարսուռ կողպեց բերանը, հետո իրեն համոզեց, որ հավանաբար բնական պետքերի համար է հեռացել ու շուտով կվերադառնա:
Չհամոզեց:
Արեգն անաղմուկ լքեց տաքացած փոսորակն ու ադամամութի միջով քայլեց անորոշ ուղղությամբ:
Ձայներ էին մոտենում…Չէ, ինքն էր շարժվում ձայների ուղղությամբ: Հինգ-վեց հոգի կլինեին: Տարօրինակն այդ ժամին ինչ-որ մեկի ծակող-կտրող ծիծաղն էր, որ սառը լուսաբաց էր խոստանում:
Խոստացողը թշնամին էր:
«Ուրի՞շ են, թե՞ մի քանի ժամ առաջ էստեղով անցնող նույն ջոկատն է»:
Ոսոխի՝ դեռ աղոտ նշմարվող համազգեստներից և սպառազինությունից հասկացավ, որ հատուկ ջոկոտայիններ են:
Սիրտը կծկվեց.
– Բագրատը …..
Պառկեց փորի վրա ու կամացուկ առաջ սողաց: Տերևների խոնավությունն ու շինություններից թափված տեսանելի ու անտեսանելի քարերը խոչընդոտում էին առաջընթացը:
Սիրտը չէր խաբել. Բագրատն այնտեղ էր՝ ձեռքերը ծոծրակին խաչած, գետնատարած ու …. մենակ, մենակ, մենակ…
Ափով ակամա սեղմեց բերանն ու գլուխը քարերի արանքում թաղեց: Ուզում էր, որ ավերակն ու վացուց մեռած ծառերի ճյուղերը ճանկռեն, պոկեն, կլպեն երեսը, ուզում էր անդեմ լինել, որովհետև անդեմ էր, անիմաստ: Խոտ էր՝ անպիտան, անսիրտ …. վախկոտ, երբ ոչ մի խոտ ու քար, նույնիսկ մեռած ճյուղ վախկոտ լինել չէր կարող:
Ինքը կարող էր, բայց ….
Անպետք էր. գիտեր, որ կարող է կրակել, որ լիքը պահեստատուփերով երկու ինքնաձիգ ուներ՝ իրենն ու Բագրատինը, սակայն անկարող եղավ անգամ փոխադրիչն իջեցնել և ինքնաձիգը մարտական դիրքի բերել. կարող էին լսել:
Վերջապես ցավ զգաց. քարերն ասես ամենուր էին և մխրճվում էին մարմնի մեջ: Կամացուկ մեջքի վրա շրջվեց, սակայն հիմա էլ երկինքի ճերմակությունն սկսեց աչքերը ծակել: Բագրատի հայհոյախառն բղավոցները չլսելու համար փակեց ականջները, և երկինքը դադարեց կեղեքել նրան. այն պարզապես անհաղորդ էր ներքևում բերանքսիվայր ու մեջքի վրա պառկածների աղոթքներին:
Իսկ եթե ոչ մի երկինք էլ չկար… քար կար՝ հարթ ու փայլուն, որի վրա կարելի էր ամպ ու կապույտ նկարել:
Արեգը բարձրացավ, ու աչքերը փակվեցին. քրքջացող անասունը ծնկների վրա նստած Բագրատին էր մորթում:
Ազդրերն անսպասելի ջերմացան ու սառան, ինչպես արյունը՝ մորթվողի տաք երակներում:
Արեգը փակ աչքերով իր կարմիր կոպերի միջով տեսավ այն, ինչ տեսնել հնարավոր չէր. անկարելի էր: Ներսում կոտրվող ինչ-որ բան արձանի նման նրան գետնին տապալեց և հանգցրեց աշխարհի բոլոր լույսերը:
Երբ լույսը նշմարելի դարձավ՝ թվաց դրախտում է. այնտեղ ծղրիդի երգ կար, ալմաստի նման թափանցիկ ու կայտառ օդ, հրեշտակների գրեթե տեսանելի թռիչք՝ մոշահավերի ու կեռնեխների թևերի սոսափով: Հիշեց, որ պատերազմ էր, որ մեռնում էին, որ… Բագրատը… Բագրատն իր հետ՝ դրախտում պիտի լիներ:
Արեգը դժվարությամբ բարձրացավ տեղից ու գնաց. ոտքերը գիտեին՝ ուր:
Բագրատի արնաշաղախ մարմինն ու հեռու շպրտված գլուխը դրախտում լինել չէին կարող:
Արեգը սվին-դանակով պատռեց ամենակուլ հողի երախն ու գերեզման փորեց: Զգաց, որ այլևս ոչինչ չի զգում: Հետո ամենայն զգուշությամբ ընկերոջ մարմնի մասերը տեղափոխեց փոսի մեջ, խնամքով իրար միացրեց և շշի տակ մնացած ջրով լվաց պառկածի դեմքը:
Բագրատը բոլորովին էլ թխամաշկ չէր:
Չգիտես ինչու այս վերջին բացահայտումն ավելի հուզեց նրան.
– Տեսա՞ր՝ ոնց բախտդ բերեց. ականի վրա չպայթեցիր:
Թվաց՝ անտեսանելի մեկի մատները դիպան քիմքին:
– Մեկ, երկու, երեք …
Հաշվեց անլսելի մեկի հետ, ու ներսում սեղմված ինչ-որ զսպանակ բացվեց: Արեգն ուղղեց մեջքը, ուսից իջեցրեց բեռ դարձած անպետք ինքնաձիգներն ու կրակեց դրախտի բոլոր-բոլոր թռչունների ու թռչողների վրա: Պահեստատուփերի հետ պարպվեց նաև նրա վայրենի ու անկարող ոռնոցը:
Չմտածեց, չվախեցավ, թե գլխակերի ոհմակը կարող է լսել, գտնել իրեն: Հողով ծածկեց ընկերոջը, դեն նետեց անպետք ինքնաձիգները, գրեթե դատարկված ուսապարկը հագավ մեջքին ու ասֆալտապատ, հին ճանապարհով շարժվեց դեպի արևմուտք:
●
Վախ չկար:
Կորել էր նաև քաղցի մաշող, անբացակա զգացողությունը: Նա պարզապես քայլում էր հրաշալի լարված շվեյցարական ժամացույցի նման՝ տեղ հասնելու հույսով, երբ այդ տեղն ինքն էլ հստակ չէր պատկերացնում:
Մթնում էր: Առջում անտառ էր, և կարելի էր փոքր-ինչ հանգստանալ:
Արեգը որոշեց մի քիչ էլ առաջանալ, սակայն հեռվում հազիվ նշմարվող ծխի բարակ սյունը տեսնելով, որ կարող էր ինչպես յուրային, այնպես էլ թշնամի լինել, որոշեց վերահաս մթանն ապավինել:
Երկար չքնեց. կոպերի միջով նորից տարափոփոխ լույս տեսավ ու բացեց աչքերը:
Իրիկնացող երկնքում զարմանալի հրավառություն էր, և շատրվանի նման վերևից թափվող կրակե սպիտակ գեղեցկությունը շշմեցնում էր: Ամեն մի նոր պայթյունի հետ հրաշքն ավելի ու ավելի էր մոտենում՝ իր հետ սխտորի գարշահոտ տարածելով: Այն մի պահ երբևէ չլողացող մանկատան պահակին հիշեցրեց: Վերջապես գեղեցկությունը ներքևում էր՝ իր կողքին, այրվող հողի ու ծառերի, անտառի՝ այս ու այնկողմ վազող մեծ ու փոքր կենդանիների վրա:
Վազեց:
Կրակը ետ չէր մնում:
Հանկարծ սայթաքեց, ափերով ծածկեց դեմքն ու ….. կորցրեց գիտակցությունը. ցավն ամենուր էր, ամեն բջիջում, գուցե ավելի խոր մի տեղ:
– Ախպեր, ապերո, ձեն հանիր…
Թվաց Բագրատն է: Ուրախացավ, փորձեց վեր կենալ, բացել աչքերը: Չստացվեց: Բայց ինչու՞…. Շոշափե՞ց, թե՞ չշոշափեց…. Վերջապես հասկացավ, որ և դեմքը, և ձեռքերը վիրակապված են:
Ձայնը շարունակեց.
– Բախտդ բերեց. դեռ հեռվից քեզ տեսանք մեր դիրքից, շուտ հասանք,- ձայնը մի պահ ուրիշին ինչ-որ հրահանգներ տվեց:- Մի խոսքով, վիրակապել ենք ու ցավազրկող սրսկել՝ մինչև հոսպիտալ հասցնենք: Դիմացիր, ախպեր:
Իմացավ նաև, որ երկնային ողջ հրավառությունը, որ հիացրել, ոգևորել էր իրեն, ընդամենը ֆոսֆորային ռումբեր էին՝ սպիտակ պարգևներ դժոխքից:
Հետո նորից անտակ թմբիրի մեջ հայտնվեց:
Արթնացավ դեղահոտ ժխորի մեջ. հոսպիտալում էր:
– Զինվոր, ապրես, հերոս ես: Քեզ վիրահատարան ենք տանում: Լավ կլինի,- ձայնն ուրիշ էր;
Հետո դադարեց հաշվել տեղից-տեղ, հիվանդանոցից-հիվանդանոց, վիրահատությունից-վիրահատություն գնալիս լսվող «ապրեսները», «հերոսն» ու «լավ է լինելու»-ները: Այդ օրը, սակայն, իրեն ուրիշ բան ասացին.
– Վիրակապդ հանելու ենք: Պիտի իմանաս, որ մի աչքիդ համար գրեթե 100% երաշխիք ենք տալիս, իսկ, այ, մյուսիդ համար՝ կերևա:
– Միևնույն է, բժիշկ,- Արեգի համար իսկապես միևնույն էր:- Պարզապես հանեք էդ անտերը:
– Չէ, չէ, սխալվում ես: Միևնույն չէ, որովհետև քեզ համար մի ուրիշ անակնկալ էլ ունենք:
Արեգի մտքով անհնարինն անցավ:
Իսկ եթե Բագրատի մահն էլ է երազում՝ այս կույր մահաթմբիրի մեջ տեսե՞լ, և Բագրատը…
Սիրտն անսանձ ձիու պես ծառս եղավ, և վիրակապն անցավ պոկվեց:
Լույսի ծակող-կտրող շեղբը մի պահ կուրացրեց, հետո սկսեց շոյել դեմքը: Լույսը սառը չէր: Արեգն ակամա փորձեց շոշափել դեմքը, բայց ձեռքն օդում մնաց. մատների մի մասը կիսով չափ կամ ամբողջովին բացակայում էր, մյուսներն էլ անբնական բարակ էին՝ ասես ռետինե սպիտակ ձեռնոց հագած:
– Ինձ հայելի տվեք,- Արեգին թվաց՝ արտասվում է, բայց արցունքներ չկային:
– Տղա ջան, աչքերիդ մեջ պիտի խոնավեցնող դեղ կաթեցնես, ու մի օր էլ, Աստծո օգնությամբ, արցունքագեղձերդ կբացվեն: Եթե Աստված քեզ բերել, էստեղ է հասցրել, ուրեմն՝ բախտավոր աստղի տակ ես ծնվել:
Հիվանդասենյակում էլի մարդիկ կային: Նա կկոցեց տեսնող և չտեսնող աչքերն ու կանանց ստվերներ զանազանեց: Նրանք բժշկական արտահագուստով չէին:
Կանանցից մեկը հանկարծ պոռթկաց, անսպասելի հայտնվեց կողքին և կտրուկ նստելով՝ բռնեց ծերացած իր ձեռքը.
– Բագրատ, որդի, աչքերս քոռանային, քեզ էստեղ չտեսնեի….
Կինը փղձկաց:
Արեգը փորձեց ձեռքն ազատել անծանոթ ափերի աքցանից, և վախը վերադարձավ: Կոկորդը սեղմվեց: Զգաց, որ խեղդվում է: Մյուս ձեռքով վրայից պոկեց թեթև վերմակն ու փախավ: Մեկ-երկու քայլից, սակայն, ոտքերը ծալվեցին, և փախչողը վայր ընկավ:
Այս անգամ կողքին երիտասարդ մի կին էր կամ օրիորդ, որ թևատակերից գրկած՝ ճիգ էր անում իրեն վեր հանել.
– Բագրատ ջան, ես եմ, Սուսանը, ցավդ տանեմ, գլխիդ մեռնեմ, Բագրատ ջան ….
Կանայք հիմա էլ հատակին էին՝ իր հետ, իր կողքին, գրկին, ուսերին, ամենուրեք:
Նա այլևս փախչելու տեղ չուներ: Վիրակապերի տակ թաքնված մեծ ու փոքր խոցերին մեկ ուրիշ, անչափելի մրմուռ էլ ավելացավ, և ոչ մի բալասան, նշտար այդ վերքին հասնել, բժշկել չէր կարող:
Նա մոմե, անկենդան տիկնիկի նման, որ իր հայելային պատկերն էր, անհաղոդ էր այն ամենին, ինչ բուռն էր, թաց, սակայն այնքան ջերմ, որ ոչ մի մոմ պարզապես երկար դիմադրել չէր կարող: Արեգն ի վերջո լաց եղավ՝ բացակայող արցունքները կուլ տալով վնասված ձայնալարերի սվսվոցի միջով, անվարժ գրկեց արցունքներով արտասվող կանանց ու սեղմեց գրեթե 100%-ով չպահպանված աչքի կիսափակ կոպը:
●
Մնացածը կարծես կիսաքուն երազում տեսավ:
Միհարկանի, կցակառույցներով, գյուղական սովորական տուն էր: Առջևում մաքուր՝ ասես ավելով սրբած հողամաս կար: Արեգը մտածեց, որ բերքը երևի արդեն հավաքել են, սակայն մի քանի նռնենիների վերևի ճյուղերի վրա դեռ նռան բաց դարչնագույն, բայց խոշոր պտուղներ կային: Տեսածից որոշեց պատկերացնել գտնվելու վայրը. չէր հիշում՝ որտեցից էր իր վերջին օրերի անդավաճան ընկերը:
Տան կահ-կարասին ևս հարուստ չէր, սակայն ամեն բան կոկիկ էր ու մաքուր:
Ուղեկցող կանայք անդադար ինչ-որ բաների մասին էին խոսում, երբ ինքն ասելիք չուներ: Միայն գիտեր, որ իր ներկայությամբ և գոյությամբ մորթապաշտի պես դարձյալ դավաճանում է ընկերոջը: Սակայն զգում էր, որ չի կարող նաև հերթական ցավը պատճառել այս կանանց, որոնց երջանկությունն անսահման էր անգամ իր՝ կիսամարդու ներկայության, կենդանության պատճառով:
Ո՞րն էր ավելի կամ պակաս ցավոտ՝ սուտը՞, թե՞ ճշմարտությունը:
Օրերն անցնում էին հարևան-բարեկամների աչքալուսանքների և պատերազմում զավակներ կորցրածների չչորացող արցունքների ժամ առ ժամ խորացող բեռի տակ՝ ավելի ու ավելի վարագուրելով ետդարձի ճանապարը: Ամենաանտանելին, սակայն, փոքրիկ Սոսեի ներկայությունն էր գրկին, երբ Բագրատի մայրը՝ Լուսիկը, նրան դնելով անկողնում պառկած վիրավորի ձեռքերի մեջ՝ ասում էր.
– Գնա պապային, ցավդ տանեմ: Գնա, որ պապան շուտ լավանա:
Կանանց անսահման սերն ու հոգատարությունը հաղթում էին:
Վերջապես ոտքի կանգնեց ու սկսեց քայլել, իհարկե ձեռնափայտին հենված, սկզբում զգուշավոր ու դանդաղ, ապա՝ ավելի երկար և արագ: Մի օր էլ երեկոյան այգում պտտվելուց հետո, երբ տուն մտավ ու պառկեց, հանկարծ թիկունքին ինչ-որ մեկի տաք շունչն զգաց. «Սուսանը…»: Մարմինը կծկվեց ու քարացավ: Նա սեղմեց աչքերը և ձևացրեց, թե քնած է:
Քնեց. մարմնական ու հոգեկան տառապանքներն ավելի կարող էին:
Երազում այն անտառում էր: Խաշամի վրայով սողալով՝ հասավ փոքրիկ մի բացատի, որտեղից ձայներ, քրքիջ էր լսվում: Բարձրացրեց գլուխն ու… իրեն տեսավ. զինվորական համազգեստով գազանը ի′ր կոկորդն էր կտրում: Արեգը նայեց մեռնողի իր աչքերի մեջ ու վեր թռավ:
Սուսանն, ուսերից բռնած, շարունակում էր ցնցել իրեն.
– Վեր կաց, Բագրատ, վեր, երազ է՝ վատ երազ:
Մածուցիկ սառը քրտինքի մեջ նստեց անկողնում և աչքերը չռած՝ շուրջը նայեց.
– Որտե՞ղ եմ, որտե՞ղ եմ….
– Տանը, որդի, տանը,- լացի միջից գոռաց երեխան գրկին դռների մեջ կանգնած մայրը:
«Մայրը՞…»,- մտքում մի քանի անգամ կրկնեց Արեգն ու փլվեց բարձերին:
Առավոտյան Սուսանը հայտարարեց, որ իր կողքին քնելը ճիշտ որոշում էր, որ այլևս կողքից չի հեռանալու, և Արեգն իրեն ավելի ստոր ու անպիտան զգաց:
Ամեն գիշեր նույնությամբ կրկնվող երազին շուտով մեկն էլ ավելացավ: Հիմա նաև Բագրատին էր տեսնում: Նա հևալով հողի մեջ ականապատման մասին զգուշացնող ցուցանակներ էր ամրացնում, հետո քամու միջից իր կողմը նայելով՝ գոռում էր.
– Քեզ համար եմ դնում, որ չպայթես, որովհետև… Աստված բարի է:
Ցերեկը՝ արթնության ժամերին դեռ կարողանում էր վերահսկել իրեն, սակայն գիշերային մղձավանձներն աննահանջ էին և սպանող:
Մի օր էլ Լուսիկը որոշեց թոնրի մեջ բոքոն-հաց թխել, և հացի զգլխիչ բույրն ամենուր էր:
Դրսում էլ նստեցին:
Գյուղացու սեղանի վրա արևոտ օրվա և անպատերազմ աշնան առատությունն էր, այգում՝ վերջին խոտ ու կանաչի համար արածելու դուրս եկած կով ու հորթի հովվերգական մայունը:
«Մի՞թե այսպես լինում է»,- ընդարմացած մտածեց Արեգն ու ձեռքը տարավ դեպի սեղանի մյուս ծայրում դրված հորած պանրի ափսեն: Պանիրը դրեց տաք հացի մեջ, կծեց ու երանությամբ փակեց աչքերը:
Ձայները մարեցին:
Երբ աչքերը բացեց, չկողմնորոշվեց. կանացի սառած չորս աչք անորոշ սարսափով իրեն էին նայում: Հետո կանանց հայացքները միմյանց բախվեցին ու ընկան գետնին: Առաջինը Սուսանը տեղի տվեց: Նա ափերով սեղմեց բերանն ու ներս վազեց:
Լուսիկը դանդաղ վեր կացավ տեղից, անամղուկ ետ հրեց աթոռը, որի վրա նստած էր, ապա դանդաղ օրորվելով՝ գնաց դեպի այգին: Քիչ անց նրա նիհարկիկ սևազգեստ մարմինն անհետացավ նռնենիների ցանկապատի ետևում:
Արեգը մի կերպ կուլ տվեց կոկորդը խցանած աղի գնդի կտորը և անշարժացած մնաց տեղում:
Չէր հիշում՝ որքան է այդպես նստած. երևի երեք ժամ կլիներ:
Լուսիկը վերադարձավ: Հագուստը հողոտ էր, դեմքն՝ ուռած ու կարմիր:
Նա անխոս տուն մտավ, ետևից փակեց դուռը, հետո երևի վերադարձավ և բացեց այն:
Արեգն ամեն բան հասկացավ: Նա մի քիչ էլ նստեց, հետո ելավ տեղից և, հենվելով ինքնաշեն ձեռնափայտի վրա, ինքն էլ ներս մտավ: Կանայք չէին երևում: Շուրջը նայեց և հասկացավ, որ հետը տանելու ոչինչ չունի: Հայացքով շոյեց տան հին պատերն ու դուրս եկավ:
Այգուց բացվող ճանապարհի կողքին չհավաքված խաշամի հաստ շերտ կար:
Արեգը պառկեց մեջքի վրա ու նայեց մթագնող երկնքին: Անսպասելի հայտնված քամին ուժգնանում էր: Անձրևի սառը, հատուկենտ կաթիլներն արագ վերափոխվեցին սառցե մանր, ծակող բյուրեղների: Արեգը աչքերը չփակեց ու լաց եղավ: Չգիտեր՝ արցունքագեղձե՞րն են բացվել, թե՞ պարզապես աչքերի մեջ թափվող սառույցն է հալվում անծանոթ մի ջերմությունից, որ իրենը չէր: Ջերմությունը մերթ մոտենում, մերթ լքում էր իրեն, և թվում էր, թե սառցե թաց վարագույրի միջից ուրիշ աշխարհ, ուրիշ տերեվաթափ է տեսնում. մի ողջ անտառ էր մերկանում՝ հողին հանձնելով իր կանաչ տերևները: Քամին հսկա, անտեսանելի փոշեկուլի սև երախի նման պտտում, կուլ էր տալիս այդ կանաչը՝ հողի վրա թողնելով անցյալի դեղինը և մի թաց, կանաչ կարոտ, որ այդպես էլ չպիտի դեղներ:
Ձեռքերը, որ դարձյալ ցնցում էին մարմինը, իրական չէին. ինչ-որ անիրական կանայք էին, որ իրեն բարձրացնելու իրական ու ապարդյուն փորձեր էին անում:
Նրանցից մեկի ձեռքին քրքրված նոթատետր էր, օդում՝ կանանց ողբի լղոզված անհոդաբաշխություն:
Արեգին թվում էր, թե իրեն Բագրատի բուշլատի նման հիմա էլ ի՛ր անունն են փորձում հագցնել, որ այդպես էլ իր հագով չէր, չեղավ: Նա միայն ուզում էր հասկանալ՝ այնտեղ, այն անտառում ի՞ր, թե՞ իր կոկորդն էր կտրում…. մարդը: