Վարդան Ջալոյան/Ում դժբախտությունը դիպավ: Աննա Դավթյանի «Խաննա» վեպը

Իսկ ինչի՞ համար են վեպերը։ Որ ընթերցողը դրանք կարդա: Ամեն մի վեպ կարդացվում է յուրովի: Աննա Դավթյանի «Խաննա» վեպը կարդալիս լողում ես, չես տեսնում փրկարար ափը, միայն կղզյակներ, որոնց միջև դեգերում է պատումը: Անափ ջուրը, որտեղ խեղդվում են:

Հայ գրականության մեջ Աննա Դավթյանի վեպը ինձ հիշեցրեց Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»: Երկուսի մեջ էլ պատումի մի զգալի մասը կազմում են երազները և էրոտիկ անուրջները: Ավելի ձևական՝ Մահարու մոտ այրվում են այգեստանները, մյուս դեպքում՝ հյուրատունը: Երկու դեպքում էլ կրակի սիմվոլը թափանցիկ է և նույն խորհրդանշական իմաստը ունի՝ այրվում են երազները և անուրջները:

Գրել կին գրողի ստեղծագործության մասին ինձ համար դժվար է: Երևի կանանց համար էլ գրել տղամարդկանց վեպերի մասին ևս դժվար է: Տղամարդիկ էլ իրենց գաղտնիքներն ունեն, որոնց մասին կանայք չգիտեն: Երբ վեպը պատմում է կանացի գաղտնիքների մասին, զգում ես, որ կոնտեքստից դուրս ես, շփոթվում ես այդ անծանոթ և վախեցնող հոգեկանի առաջ:

Հոգեբանորեն տղամարդը և կինը հավասարվել են, բայց նույնական չեն դարձել, սեռականությունը շարունակում է ստեղծել իր դեգերող տարբերությունը: Այն դեգերում է կանանց և տղամարդկանց ընդհանուր հավաքականության մեջ՝ փոխելով և վերաձևելով մեր սեռական փորձը: Մենք հասկանում և սովորում ենք այլ սեռական փորձը՝ տարբերությունը դարձնելով բազմազան: Որպեսզի տարբեր մարդիկ իրար հասկանան, հարկավոր է, անհրաժեշտ է ընդհանուր տարածություն: Կանանց և տղամարդկանց համար այդ ընդհանուր տարածությունը սերն է:

Աննա Դավթյանի «Խաննա» վեպը լավ վեպ է, հասկանալի: Վեպում կանացիությունը ոչինչ չի փորձում ապացուցել, արդարանալ, այն իրեն արտահայտում է, և դրանով իսկ ասում. այն է՝ ինչ գրվել է: Որպես ընթերցող, իմ հետ ներկա եք: Պատմելով իր հերոսուհու մասին, լսելով՝ ներկա եք:

Աննա Դավթյանի «Խաննա» վեպում պատումի պայմանականորեն հարթ մակերեսին ցցված են խելագարության, կամ/թե մոլեգնության կղզյակներ: Պատումի ամեն մի տակտը ավարտվում է բառերի և բառակապակցությունների կույտով, որոնք հիշեցնում են «թեգեր»: Բայց դրանք կարող են հիշեցնել նաև Կառլ Գուստավ Յունգի հոգեվերլուծական ասոցիատիվ թեստը: Վեպի վերջում ասոցիատիվ թեստի բառերը ի մի են բերված, որպես հերոսուհու անգիտակցականի հուշահամալիր, կամ՝ հիշողության տան ավերակներից պեղված աղյուսներ:

Վեպի հերոսուհին ծնվել է ֆռանգների Մասնիկ գյուղում, Արթիկի մոտ: Թե ինչ է ֆռանգ, գյուղում չգիտեն։ Թե ինչով են տարբերվում հայ առաքելականներից, չգիտեն: Հերոսուհու կարծիքով՝ ինչ-որ տեղ մոլեռանդ են, ինչ-որ տեղ, իր տատի պես, կատաղած: Կարճ ասած՝ ինչ-որ կաթոլիկ բան ունեն իրենց մեջ, այդ բանը ընդհանուր ձևով անվանենք լիբիդո: Եվ քանի հիշեցինք տատին, ապա նա, անշուշտ, քտոնիկ մոր արքետիպի մարմնացումն է, ով մոլագար պայքար է մղում քտոնիկ արական սկզբի՝ Լեւի դեմ: Սա՝ արքետիպերի և միֆոլոգիայի սիրահարների համար: Հերոսուհին ևս Շիրակի՝ Արթիկի մերկ սար ու չոլերում իր տուրիստական նախագծի համար հեքիաթային պատմություններ է փնտրում, բայց իրականությունը նրան մատուցում է գռեհիկ և դաժան իրողություններ:

Ժամանակն է ասել, թե ինչի մասին է վեպը: Ձևականորեն՝ հերոսուհու տուրիստական նախագծի, հյուրատան կառուցման, տեղական բույսերից ճաշացանկ կազմելու, այլ կազմակերպչական գործունեության: Ներկայացված է փոքր բիզնեսի իր օրինակելի նախագիծը: Բայց պատճառներ կան, որ այս սովորական գյուղական փոքր բիզնեսի նախագիծը ձեռք բերի փոխաբերական, համարյա միֆոլոլոգիական չափում:

Է՞լ ինչի մասին է խոսքը՝ հոգու: Հերոսուհին ունի տագնապի նոպաներ, և մենք տեսնում ենք հիվանդության զարգացումը, բարդացումը, դեղատոմսերը…ամենակարևորը, աշխարհը ընկալելու այդ անտատանելի ծանր փորձը: Աննա Դավթյանը գրում է. «Տագնապի նոպան սկսվելուց առաջ Խաննան ինչ-որ մղձավանջային վիճակում տեսնում էր ծովը: Ծովի ամենահատակում էր, գորշ ջրերի մեջ, բայց ամենասարսափելին այն էր, որ ոչ մի կենդանի օրգանիզմ չկար այնտեղ՝ անգամ պլանկտոն: Միայն անհատակ ընդերքն էր՝ անշարժ պառկած ալիքների տոննաների տակ: Ջուրը տարուբերվում էր ահռելի թափով, կարծես ամբողջ ծովն արարված էր՝ ծանրանալու իր վրա: Քար անգամ չկար՝ սփոփվելու համար: Չէր լողում, պարզապես ընկղմված էր, շպրտված ընդերքին մոտիկ… ինքը իր մարմինը չէր տեսնում» (էջ 47-48): Սա է վեպի ամենախորհրանշական տեղը և հարցադրումը. ո՞րն է տագնապի սկիզբը: Վեպի շապիկի ձևավորման հեղինակ Սոնա Աբգարյանը, թվում է, հենց այս պահն է արձանագրել:

Համարյա անհնարին է կարդալ այս տողերը և չհիշել շեքսպիրյան Օֆելյային: Գաստոն Բաշլյարը, մեկնաբանելով Օֆելյայի կերպարը, գրում է. «Ջուրը երիտասարդ և գեղեցիկ մահվան, ծաղկման մեջ մահվան տարրերքն է, իսկ կյանքի և գրական դրամաներում դա նաև մահվան տարրերքն է`առանց հպարտության և վրեժխնդրության… Ջուրը խորը, օրգանական խորհրդանիշ է այնպիսի կնոջ, որը կարող է միայն սգալ իր վիշտը, և որի աչքերն այդքան հեշտությամբ «խեղդվում են արցունքների մեջ»: (ըստ՝ Гастон Башляр, Вода и грезы. Опытовоображенииматерии. М.: Издательство гуманитарной литературы, 1998 : Էջ 122): Հերոսուհին, այո, հեշտությամբ «խեղդվում է արցունքների մեջ»: Վեպում կա նաև մահվան կրակե տարրերքը՝ լեցուն հպարտությամբ և վրեժխնդրությամբ՝ հերոսուհու տատի տարրերքը: (էջ 288 և հետո):

Ընդհանրապես, վեպում քիչ է «կյանքի անտանելի թեթևությունը», և շատ է «կյանքի անտանելի ծանրությունը»: Վեպը մի քանի տասնյակ էջեր ունի գյուղական և քաղաքային թշվառության մասին: Գրված է մանրամասն, վավերագրական ֆիլմի հավաստիությամբ: Լավ է գրված. Գրքի շատ էջեր վիզուալ և շոշափելի զգացականությունը ունեն: Բայց նաև այն զգացի, որ դրանք ասում են՝ այն ինչ գրված է, այն ինչ տեսնում եք, ամենը չի:

Է՞լ ինչի մասին է վեպը: Հայ սովորական մտավորական ընտանիքի: Նրա առօրիայի, ձանձրալի մտավոր զրույցների, բուրժուական հոգեբանական և սոցիալական կոմֆորտի:

Վեպը, ինչպես նշել ենք, նրբամիտ գրված էրոտիկ էջեր ունի: Ասենք՝ էջ 111 և հետո: Բիզնես, ընտանիք, սեքս, զանանազան կենցաղային կղզիներ, որոնց միջև դեգերում է պատումը: Խոսել, պատմել կարելի է, բայց կա այն, ինչ ընկղմված է՝ սերը Աբգարի հանդեպ: Չգիտեմ, համոզի՞չ է արդյոք հերոսուհու համեմատությունը Օֆելյայի հետ, բայց այս զուգահեռը հաստատվում է սիրո ընկղմվածության սիմվոլով:

Մալարմեի պես կարող ենք ասել. «Օֆելյան, որ չխեղդվեց … գանձ, որին դժբախտությունը չդիպավ»: (Гастон Башляр. …Էջ 124): Մալարմեն ճիշտ է, ամենը այրվեց, խեղդվեց, ամենին դժբախտությունը դիպավ, բայց գանձը անխաթար մնաց: Այդպես է, ինչ լավ է թաքցված, անխաթար է մնում:

Please follow and like us: