Ես դեռ վաղ պատանեկան տարիքից ճանաչում էի նրան։ Նա հորս համար կոշիկներ էր կարում։ Նա իր մեծ եղբոր հետ վարձակալել էր իրար միացրած երկու ոչ մեծ խանութ, որոնք գտնվում էին Վեսթ Էնդի փոքր փողոցներից մեկում։ Մի ժամանակ այդ փողոցը նորաձևության կենտրոններից մեկն էր համարվում։
Վարձակալած այդ տարածքն ուներ տարբերվող ու համեստ միջավայր։ Անգամ ցուցափեղկի վրա նշված չէր, որ այստեղ կոշիկներ են կարվել արքայական ընտանիքի համար։ Միայն մի քանի զույգ կոշիկ էր երևում, իսկ վերևում փակցված էր նրանց գերմանական ազգանունը՝ «Գեսլր եղբայրներ»։ Հիշում եմ՝ ինձ միշտ անհանգստացնում էին ցուցանակում հայտնված կոշիկների բացառիկ նմուշները, քանզի նա միայն պատվերով էր կոշիկներ կարում և գրեթե բացառվում էր, որ պատրաստի կոշիկը չհամապատասխաներ պատվիրատուին։ Մտածում էի՝ գուցե գնել է, որ դնի այդտեղ, բայց հետո հասկացա, որ անհնար է։ Նա իր խանութում հաստատ չէր հանդուրժի իր ձեռքի տակով չանցած կաշվի նույնիսկ մի կտոր։ Բացի այդ՝ դրանք չափազանց գեղեցիկ էին։ Մի զույգ աննկարագրելի նուրբ պարահանդեսային կիսակոշիկ՝ լաքապատ կաշվի և կտորի համակցությամբ, որ միայն տեսնելիս արդեն բերանդ բաց էր մնում։ Նաև՝ ձիավարության համար նախատեսված շագանակագույն երկարաճիտ կոշիկներ՝ հիանալի մրագույն փայլով, որը բոլորովին նոր կոշիկին հնամաշ տեսք էր հաղորդում։ Սրանք կարող էր պատրաստվել միայն նա, ով մինչ կարելը տեսել էր այդ կոշիկների «հոգին» և, իրոք, սրանք այն նախատիպերն էին, որոնք մարմնավորում էին բոլոր ոտնամանների էությունը։ Ես դա, իհարկե, ավելի ուշ հասկացա, բայց նույնիսկ, երբ արդեն իրավունք էի ստացել նրա մոտ կոշիկ պատվիրելու (եթե չեմ սխալվում, 14 տարեկանում) ինձ զարմացնում էր այն արժանապատվության զգացումը, որ ունեին նա և իր եղբայրը ։ Այնպիսի կոշիկներ, ինչպիսին նա էր կարում այդ ժամանակ, ինձ թվում էին և մինչ օրս էլ թվում են անսովոր ու հիանալի:
Լավ հիշում եմ՝ մի օր իմ փոքրիկ ոտքն իրեն մեկնելիս ամաչելով հարցրեցի․
– Դժվար է, չէ՞, ձեր գործը, պարո՛ն Գեսլր։
Եվ նա, կարմիր մորուքի տակից խորամանկորեն ժպտալով, պատասխանեց․
– Սա արֆեսթ է։
Նա ինքն այնքան փոքր էր, ասես կաշվից պատրաստված լիներ՝ դեղնագույն, կնճռոտված դեմքով, կարմրավուն ալիքավոր մազերով ու մորուքով, այտերից մինչև բերանի անկյունները ձգվող խորը ծալքերով, խռպոտ ու միալար ձայնով, իսկ կաշին, ինչպես գիտենք, չոր, կարծր ու դժվար ենթարկվող նյութ է։ Ահա թե ինչպիսին էր նրա դեմքը, և միայն գորշ-կապտավուն աչքերն էին, որ իրենց մեջ ունեին իդեալականին թաքուն տիրապետողի անմեղ գրավչությունը: Մեծ եղբայրը շատ նման էր նրան, թեև ավելի սփրթնած էր, ամեն առումով անշուք, բայց՝ հմուտ իր աշխատանքի մեջ, և այն ժամանակ երբեմն պատահում էր, որ ամբողջ զրույցի ընթացքում չէի հասկանում, թե ում հետ եմ խոսում։ Հետո հասկացա, եթե «Կհարցնել եղփորս» բառերը չէր ասում, ուրեմն նա էր, եթե ասում էր, ուրեմն մեծ եղբայրն էր։
Հասուն տարիքում մարդիկ հաճախ դառնում են անխոհեմ՝ սկսելով պարտքեր կուտակել, ինչը սակայն անհնար էր «Գեսլր եղբայրներ»-ի դեպքում։ Անհավանական է մտնել այդտեղ, ոտքը մեկնել կոշկակարին, հանդիպել մետաղյա շրջանակով ակնոցի տակից նայող նրա հայացքին՝ իմանալով, որ պարտք ես երկու զույգից ավելի կոշիկի գումար։ Այդ պարտքը, սակայն, կարծես միայն վստահեցնելու համար էր, որ դեռ շարունակում ես մնալ նրա հաճախորդը։
Դե իսկ այստեղ հաճախ այցելել հնարավոր չէր․ նրա կարած կոշիկներն այնքա՜ն երկար էին դիմանում, ասես չենթարկվեին ժամանակի հոսքին և կոշիկի էությունը դրված լիներ ամեն մի կարի մեջ։
Այստեղ չես մտնում ինչպես շատ այլ խանութներ՝ «արա՛գ սպասարկեք ինձ և թո՛ւյլ տվեք գնալ» կարգախոսով, այլ հանգիստ, ասես եկեղեցի մտնես։ Հետո նստում ես միակ փայտե աթոռին և սպասում (սրահում հիմնականում ոչ ոք չի լինում)։ Շուտով գլանաձև սրահի վերևից, որտեղ բավականին մութ էր և կաշվի մեղմ հոտ էր գալիս, հայտնվում էր նա կամ ավագ եղբայրը և նայում ներքև։ Կոկորդային ձայն, տափակ, խսիրե հողաթափերի քստքստոց նեղ, փայտե աստիճանների վրա, և նա կանգնած է ձեր առջև՝ առանց վերարկուի, մի փոքր ծռված կաշվե գոգնոցով, թևքերը քշտած՝ աչքերն արագ թարթելով, կարծես արթնացել էր ինչ-որ երազից, որտեղ կոշիկներ էր տեսնում կամ ցերեկվա լույսից զարմացած բուի տեսքով՝ անգամ զայրացած այս ընդհատումից։
– Բարև ձեզ, պարո՛ն Գեսլր,- կողջունեմ ես,- ինձ ռուսական կաշվից կոշիկ կկարե՞ք։
Առանց մի բառ ասելու՝ նա հետ կգնա կամ կքայլի խանութի մյուս կողմը, իսկ ես, փայտե աթոռին նստած, կսպասեմ՝ շնչելով կաշվի հոտը։ Շուտով նա կվերադառնա՝ իր բարակ, երակոտ ձեռքին մի դեղնած շագանակագույն կտոր և աչքը չկտրելով դրանից՝ կասի․
– Ի՜նչ հիանալի կդոր լինել։
Եվ երբ ես էլ իմ հերթին կհաստատեմ ասածը, նա կշարունակի․
– Ե՞րբ կուզեք պատրաստ լինել ձեր պատվերը։
Ես կպատասխանեմ․
– Հնարավորինս շուտ:
-Էրգու շաբաթից հարմար լինե՞լ։
Իսկ եթե նրա տեղը նրա մեծ եղբայրը լիներ, կպատասխաներ․
– Ես հարցնել եղփորս։
Դրանից հետո ես քթիս տակ կասեի․
– Այո՛, շնորհակալ եմ։ Լա՛վ մնացեք, պարո՛ն Գեսլր։
– Լա՛ֆ եղեք,- կպատասխաներ՝ աչքը ձեռքի կաշվե կտորից չկտրելով։
Եվ արդեն դռան մոտ ես կլսեի տափակ խսիրե հողաթափերի քստքստոցը նեղ փայտե աստիճաններ բարձրանալիս, և նա կվերադառնար իր՝ կոշիկների մասին երազի գիրկը։ Բայց, եթե դա լիներ նոր ոճի կոշիկ, որի նմանը նա դեռ ինձ համար չէր կարել, ապա այս ընթացքը կվերածվեր իրական արարողության։ Նա կհաներ իմ հին կոշիկները, քննող ու գորովալից հայացքով կուսումնասիրեր, ասես վերհիշում է նոր կարած ժամանակվա փայլն ու կշտամբում իր գլուխգործոցը հալումաշ անողին։ Հետո ոտքս կդներ մի թղթի կտորի վրա ու խուտուտ տալով՝ մատիտը երկու-երեք անգամ կսահեցներ ոտնաթաթիս կողքերը, հետո ջղագրգիռ մատներով կհպվեր մատներիս՝ ասես փորձելով գուշակել իմ ակնկալիքները նոր կոշիկից։
Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ առիթ եղավ նրան նման բան ասելու․
– Պարո՛ն Գեսլր, գիտե՞ք՝ ձեր վերջին կարած ամենօրյա կոշիկները ճաքճքել են։
Մի պահ առանց որևէ բան ասելու նայեց դեմքիս՝ ակնկալելով, որ հետ կկանգնեմ ասածիցս կամ կպարզաբանեմ այն, հետո խոսեց․
– Այն չի գարող ջաքջքել։
– Բայց, ցավոք, ճաքճքել է։
– Դուք հավանաբար շատ թրջել դրանք։
– Ո՛չ, ամենևին։
Այս խոսքիս վրա նա աչքերը կկոցեց ու հայացքն իջեցրեց ցած՝ ասես փորձելով վերհիշել այդ կոշիկները։ Ես իսկապես վատ զգացի ասածիս համար։
– Դուք ետ ուղարկել այդ կոշիկները, ես կնայել դրանց։
Մի տեսակ կարեկցանքով լցվեցի ճաքճքած կոշիկներիս հանդեպ, երբ պատկերացրի, թե ինչ տխուր և ուսումնասիրող հայացքով նա պիտի զննի դրանք։
– Որոշ կոշիկներ,- նա ասաց դանդաղ,- վատը լինել ծնված օրից։ Եթե չկարողանալ մի բան անեմ, ձեր հաշվից կջնջել գումարը։
Մի անգամ (միայն մի անգամ) միամտաբար նրա խանութ մտա մի զույգ կոշիկով, որ ստիպված էի եղել գնել մի մեծ խանութից։ Նա վերցրեց իմ նոր պատվերը՝ առանց ինձ կաշի ցույց տալու, և ես նկատեցի՝ ինչ զննողական հայացքով էր նայում այդ ցածրորակ կոշիկներին։ Հետո վերջապես խոսեց․
– Այզ կոշիկներ իմ կարածը չլինել։
Նրա ձայնի հնչերանգի մեջ ո՛չ բարկություն կար, ո՛չ ափսոսանք, անգամ արհամարհանք չնկատվեց, բայց դրա մեջ նկատվող հանդարտությունը ներսումդ սառեցնում էր արյունը։ Նա ձեռքն իջեցրեց և մատով սեղմեց այն մասի վրա, որտեղ կոշիկի նորաձեւ կարվածքը այնքան էլ հարմար չէր ոտքին:
– Այստեղ ձեզ ցավեցնել,- ասաց նա,- այզ մեծ խանութներ չունենալ ինքնասիրություն։ Անբետք բան լինել։
Հանկարծ կարծես ինչ-որ բան տեղի տվեց իր ներսում և դառնությամբ սկսեց խոսել։ Դա միակ դեպքն էր, որ լսեցի իր արհեստի պայմանների ու դժվարությունների մասին արտահայտվելիս։
– Նրանք հասնել ամեն ինչի,- շարունակեց նա,- նրանք դրան հասնել գովազդով, բայց ոչ աշխատանքով։ Նրանք խլել մեզանից, իսկ մենք մեր գործն անել սիրով։ Նրանք հասնել նրան, որ հիմա ես շատ պատվեր չունենալ, և տարեցտարի կտեսնեք իմ պատվերներ քչանալ։
Եվ նայելով նրա կնճռոտ դեմքին՝ ես տեսա այնպիսի բաներ, որոնք նախկինում երբեք չէի նկատել․ դառնություն, դառը պայքար։ Հանկարծակի նկատեցի՝ ինչքան շատ մոխրագույն մազեր են հայտնվել նրա կարմիր մորուքի մեջ։
Ես հնարավորինս անկեղծ բացատրեցի իրավիճակը, երբ ստիպված եմ եղել գնել այդ չարաբաստիկ կոշիկները։ Բայց, այնուամենայնիվ, այնքան էի ազդվել նրա ձայնից, որ հաջորդ րոպեների ընթացքում պատվիրեցի մի քանի զույգ կոշիկ։ Բայց Նեմեսիսը ձախողվեց, քանի որ կոշիկները ոչ մի կերպ չէին մաշվում, և գրեթե երկու տարի առիթ չունեցա նրա խանութ այցելելու։
Վերջապես, երբ մի օր գնացի, զարմանքով տեսա, որ իր խանութի երկու փոքրիկ ցուցափեղկերից մեկի վրա գրված էր մեկ այլ կոշկակարի անուն, որն, իհարկե, կարում էր կոշիկներ արքայական ընտանիքի համար: Հին ու ծանոթ կոշիկներն արդեն արժանապատվորեն առանձին-առանձին ներկայացված չէին, այլ խցկված էին միակ ցուցանակի մեջ։ Խանութի՝ արդեն փոքրացած գլանաձև սրահը դարձել էր ավելի մութ, և կաշվի հոտն ավելի ուժեղ էր զգացվում։ Վերևից ներքև նայեց սովորականից ուշ, և հետո լսվեց տափակ խսիրե հողաթափերի քստքստոցը։ Վերջապես, նա կանգնեց իմ առջև՝ ժանգոտված մետաղե շրջանակով ակնոցի տակից զննելով ինձ․
– Պարո՛ն ———, դա դու՞ք ես։
– Այո՛, պարո՛ն Գեսլր, ես եմ,- կմկմացի,- ձեր կոշիկները չափից շատ որակով են,- ոտքս նրան պարզելով շարունակեցի,- ինչպես տեսնում եք, բավականին լավ են պահպանվել։
Նա նայեց կոշիկներին։
– Այո՛,- ասաց նա,- ինց թվալ՝ մարդիկ, հիմա չուզենալ լավ կոշիկ։
Նրա նախատող հայացքից և ձայնից խուսափելու համար շտապեցի հարցնել․
– Այս ի՞նչ եք արել ձեր խանութի հետ։
– Այն շատ թանկ արժենալ։ Դուք ուզե՞լ նոր կոշիկ,- հանգիստ պատասխանեց նա։
Թեև նախատեսել էի երկու, բայց երեք զույգ պատվիրեցի և արագ դուրս եկա։ Այնպիսի տպավորություն ունեի, ասես նրա կարծիքով իր դեմ կազմակերպած դավադրության եմ մասնակցում կամ գուցե ոչ այնքան իր, որքան իր գաղափարի դեմ։ Եթե անկեղծ, ինձ թվում է՝ մարդը չի ուզենա որևէ իրավիճակում նման զգացողություն ունենալ, թեև սա երկրորդ դեպքն էր, որ նրա խանութից դուրս գալուց նման զգացողություն ունեի, բայց այս անգամ գնալիս մտածեցի՝ «Դե հո չեմ կարող ծերուկի մոտ չգնալ, բայց գոնե մեծ եղբայրը սպասարկի»։
Համոզված էի, որ մեծ եղբայրն էությամբ այնպիսին է, որ նույնիսկ մտքում նախատելու բնավորություն չունի։
Բարեբախտաբար, խանութում մեծ եղբայրն էր՝ ձեռքում մի կաշվե կտոր պահած։
– Եվ ինչպե՞ս եք, պարո՛ն Գեսլր,- հարցրի ես։
Նա մոտեցավ ինձ ու պլշած նայեց։
– Ես լավ լինել,- դանդաղ սկսեց,- բայց իմ մեծ եղփայր մահացել։
Այդ պահին նոր նկատեցի, որ իսկապես դա նա էր, բայց ինչքան էր ծերացել ու սփրթնել։ Չեմ հիշում, թե երբևէ նրանից լսած լինեի մեծ եղբոր մասին խոսելիս։ Ես ցնցված էի․ միայն շշնջացի․
– Օ՜, ցավակցում եմ։
– Շնորհակալ եմ,- պատասխանեց,- նա լավ մարդ լինել, լավ կոշիկ կարել, բայց արդեն չկա։
Հետո ձեռքը տարավ գլխին՝ կարծես փորձելով ինչ-որ կերպ բացատրել մահվան պատճառը։ Այդ պահին նկատեցի, որ մազերը մահացած եղբոր նման նոսր էին։
– Նա չդիմանալ, երբ մենք կորցնել մեր խանութի մի մաս։ Դուք էլի կոշիկ ուզենա՞լ,- և պարզելով ձեռքի կաշին՝ շարունակեց,- սա լավ կաշի լինել։
Ես մի քանի զույգ պատվիրեցի, ու թեև շատ ուշ պատրաստ եղան, բայց ավելի որակով էին, քան երբևէ։ Շուտով մեկնեցի արտասահման։
Լոնդոն վերադարձա գրեթե մեկ տարի անց և առաջին խանութը, որ գնացի, նրա խանութն էր։ Վերջին անգամ տեսնելիս վաթսուն տարեկանի տեսք ուներ, իսկ հիմա ասես յոթանասունհինգ լիներ՝ փոքրացած, մաշված ու դողդոջուն․ անգամ սկզբում ինձ չճանաչեց:
– Օ՜, պարո՛ն Գեսլր,- խոսեցի մի տեսակ կարեկցանքով,- ձեր կոշիկներն իսկապես հրաշալի են կարված։ Տեսե՛ք, այս մի զույգը արտասահմանում գտնվելու ողջ ընթացքում գրեթե հագիցս չեմ հանել, բայց կարծես մի քանի անգամ հագած լինեմ, չէ՞։
Նա երկար նայեց կոշիկներիս․ դրանք այն ռուսական կաշվից կարվածներն էին, և նրա դեմքը կարծես կենդանացավ։ Հետո ձեռքը դրեց ոտնաթմբիս և ասաց․
– Այս մասը ցավոտ չլինե՞լ։ Ես հիշել, որ կարել շատ դժվարությամբ։
Ես հավատացրի, որ ոչ մի խնդիր չեմ ունեցել կոշիկի հետ։Իսկ նոր կոշիկներ ուզե՞լ։ Ես հիմա կարողանալ արագ կարել, որովհետև հիմա շատ պարապ ժամանակ ունենալ։
Այո՛, իհարկե, ուզում եմ շատ ու տարբեր ոճի կոշիկներ։
– Ես կարել նոր ոճի կոշիկ։ Կարծես ձեր ոտքեր մի քիչ մեծացել։
Հետո դանդաղ շարժումներով նա շոշափեց ոտքս, ձեռք տվեց ոտնաթաթերիս և վերև նայելով՝ ասաց․
– Ձեզ ասե՞լ, որ իմ եղփայր մահանալ։
Նրան այդպես տեսնելը այնքան ճնշող էր (նա անճանաչելիորեն ծերացել էր), որ դուրս գալուց ակամայից թեթևություն զգացի։
Արդեն հույսս կորցրել էի, որ կոշիկները կբերեն, երբ մի երեկո ստացա դրանք։ Արկղը բացեցի և այնտեղ շարքով դրված էին չորս զույգ կոշիկ։ Սկսեցի հերթով փորձել։ Անկասկած և՛ ձևը, և՛ հարմարավետությունը, և՛ կաշվի որակը հիանալի էին, երբևէ լավագույնն իր կարածներից։ Իսկ ամենօրյա կոշիկներից մեկի մեջ գտա հաշիվը․ այն, ինչպես միշտ, նույնն էր, բայց ինձ զարմացրեց, որ հիմա էր այն ուղարկել։ Առաջ նա միշտ հաշիվն ուղարկում էր եռամսյակը մեկ։ Ես իջա քաղաքի կենտրոն, չեկ դուրս գրեցի և իմ ձեռքով միանգամից ուղարկեցի նրան։
Մեկ շաբաթ անց այդ փողոցով էի անցնում, որոշեցի մտնել ու ասել, որ նոր կոշիկները հոյակապ են։ Երբ մոտեցա խանութին, տեսա, որ նրա անունով ցուցանակն այլևս չկա, բայց ցուցափեղկի վրա դեռ դրված էին նրբագեղ պարահանդեսային կոշիկներն ու ձիավարության համար նախատեսված փայլուն կաշվե երկարաճիտ կոշիկները։
Ես անհանգստացած ներս մտա։ Երկու փոքր խանութները նորից միացրել էին, և ներսում անգլիացու արտաքինով մի երիտասարդ էր։
– Պարոն Գեսլրն այստե՞ղ է,- հարցրի։
Նա մի տարօրինակ ու զննող հայացք գցեց վրաս և ասաց․
– Ո՛չ, պարո՛ն, բայց մենք սիրով կսպասարկենք ձեզ։ Այս խանութն արդեն մեզ է պատկանում։ Համոզված եմ՝ մեր ֆիրմայի անունն առաջ ևս կարդացած կլինեք․ մենք կողքի խանութում էինք և շատ հայտնի մարդկանց համար կոշիկներ ենք կարել։
– Այո՛, այո՛,- ընդհատեցի ես, բայց ես պարոն Գեսլրին եմ ուզում տեսնել։
– Օ՜, նա մահացել է։
– Մահացե՞լ, բայց ես անցյալ չորեքշաբթի եմ ստացել նրանից արված պատվերներս։
– Ա՜, ապշել կարելի է, բայց նա սովամահ է եղել։
– Աստվա՜ծ իմ․․․
– Դանդաղ հյուծախտ՝ այսպես ասաց բժիշկը։ Եվ նա այդ վիճակում աշխատել է՝ չթողնելով որևէ մեկն իրենից բացի իր կոշիկներին ձեռք տա։ Երբ պատվեր էր ստանում, մինչ ավարտին հասցնելը բավականին երկար ժամանակ էր ծախսում, իսկ մարդիկ սպասելու ժամանակ չունեին։ Այդպես նա կորցրեց իր պատվիրատուներին։ Ահա այստեղ կնստեր ու անդադար կաշխատեր։ Մի անգամ չէ, որ նրան ասել եմ՝ նրա նման կոշկակար չկա Լոնդոնում։ Բայց մրցակցությունը մեծ էր, իսկ նա երբեք չէր գովազդում իր ապրանքը։ Նույնիսկ կաշին էր սեփական ձեռքերով մշակում։ Այսքանը․․․ Եվ ի՞նչ կարելի էր սպասել նրա նման մտածող մարդուց …
– Բայց սովամահ լինել․․․
– Գուցե ձեզ թվա, թե ես չափազանցնում եմ, բայց մինչ վերջին պահն անգամ նա զօրուգիշեր կոշիկ էր կարում։ Հաճախ էի հետևում նրա աշխատանքին և ոչ մի անգամ չեմ հիշում, որ վեր կենար՝ հաց ուտելու․ անգամ տանը մի գրոշ չուներ։ Ամենը ծախսում էր վարձավճարի ու կաշվի վրա։ Եվ այդքանով հանդերձ՝ չգիտեմ՝ ինչպես այսքան երկար ձգեց։ Անգամ վեր չէր կենում բուխարու մեջ փայտ գցեր, որ կրակը չհանգչի։ Նա յուրօրինակ կերպար էր և հիանալի կոշիկներ էր կարում։
– Այո՛, հիանալի կոշկակար էր,- ասացի ու արագ շրջվելով դուրս եկա․ չէի ուզում՝ երիտասարդը նկատի, որ հազիվ եմ զսպում արցունքներս։
Անգլերենից թարգմանեց Արմինե Մուրադյանը