Մանկապարտեզի երեխաներն այդքան էլ լավ չէին հասկացել հանդեսի տեքստերը, որովհետև դրանք տեղը տեղին խճողված էին բարդ համադասական նախադասություններով ու դերբայական դարձվածներով: Հավանաբար չէին հասկացել նաև բանաստեղծությունների բովանդակությունը, բայց լավ անգիր էին արել ու գոռալով արտասանում էին` մեկը մյուսին հերթ չտալով, երբեմն էլ իրարից առաջ ու հետ ընկնելով…
Լավ հագնված և այդ օրվա համար տեղը տեղին պատրաստված ու շպարված դաստիարակչուհին կանգնել էր մի երևացող տեղ ու գծած հոնքերի, ծանր թարթիչների, երբեմն էլ ձեռքերի անհասկանալի շարժումներով հետևում էր երեխաներին…
Աչքերը շողարձակեցին, և դեմքի արտահայտությունը փոխվեց հատկապես այն պահին, երբ երեխաները սկսեցին արտասանել մանկապարտեզի վարիչին գովերգող տեքստը: Երևում է՝ ինքն էլ շատ լավ անգիր էր արել այդ հատվածը, որովհետև մի շնչով երեխաների հետ կիսաձայն ու կիսափակ աչքերով մրմնջաց փառաբանության աղոթք հիշեցնող հատվածը, առաջինն էլ հենց ինքն սկսեց ինքնամոռաց ծափահարել` չգիտես երեխաների՞ն, իրե՞ն, թե՞ փառաբանությունն ու գովքը սրտին շատ մոտ ընդունած վարիչին, որը կանգնեց ու այնքան ինքնավստահ դեմքով վայելեց ծափողջույնները, կարծես ինքն էր երեխաների փոխարեն այդքանն անգիր արել ու վարժ արտասանել:
Հետո հրապարակախոսական ոճին համահունչ, երկար-բարակ ճառեց ու պատմեց իր մասին, իրենց լուսավոր ու անբասիր կենսագրության տեր թաղապետի մասին, որն այդպես էլ չհասկացանք, թե ինչ կապ ուներ Կանանց միջազգային տոնի հետ, պատմեց մանկապարտեզի սուրբ ու սրբազան վարքուբարքերի մասին, հրաշքներ արարող ու ամբողջ կյանքը սրբորեն երեխաներին նվիրած, հազիվ քսանհինգ տարեկանը բոլորած դաստիարակչուհու մասին, որը հուզված ու շիկնած լսում էր ու մերթընդմերթ աչքերը ոլորում արդեն ձանձրացած ու իրար հրմշտող երեխաների վրա:
Խոսում էր դանդաղ, բառերն արտասանում էր հատ-հատ և չէր մոռանում մերթընդմերթ կրկնել «իմ մանկապարտեզը» և «մանկապարտեզում» բառակապակցությունները՝ անսահման չարաշահելով «ես» բառը…
Ամենավերջում ելույթ ունեցավ ծնողկոմիտեի նախագահը: Ճիշտ է, նա էլ էր լավ հագնվել, հատուկ այդ օրվա համար վարսավիրանոց գնացել, ուղիղ գծով գծել հոնքերը ու ծանրաբեռնել թարթիչները, բայց այդքան էլ ուղիղ գծով չընթացավ նրա ելույթը, երևի լավ չէր անգիր արել իր՝ կենաց հիշեցնող ասելիք-տեքստը, որն ինձ թվաց` ռեստորանում թամադա աշխատող ամուսինն էր գրել, կեսից խառնվեց, կարմրեց, կմկմաց, սակայն վերջում կարողացավ վարժ արտասանել Չարենցի` «Ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը` ձեզ» քառատողը և մի կերպ փրկեց իրեն ու իր չստացված ճառը:
Էլի երկար հնչեցին ծափահարությունները… Երեխաներին սաստելուն արդեն վաղուց խառնվել էին ծնողները։
-Սոված եմ, մամ,- հուսահատված գոռաց մի տղա…
Մի ուրիշն էլ հորանջում էր ու լաց լինում, խնդրում մորը, որ իրեն տուն տանի:
Հանդեսի ամբողջ ընթացքին լուռ հետևող ու համեստորեն մի կողմ քաշված դայակը հավաքեց ու դուրս տարավ երեխաներին: Նա արդեն քսանհինգ տարի էր, ինչ աշխատում էր այդ մանկապարտեզում. այդ օրը` ցուրտ գարնանային եղանակին, բարակ ամառային վերնաշապիկ էր հագել, որը կամ վարդագույն էր կամ նուրբ մանուշակագույն ու երևի մրսում էր, որովհետև հանդեսի ու ճառերի ամբողջ ընթացքում կծկվել, կուչ էր եկել մի անկյունում: Պարզ երևում էր, որ ինքն անձամբ էր աշխատել իր տեսքի վրա և շատ էր ցանկացել, որ գոնե մի քիչ տոնական տեսք ունենա, ու ինքն էլ մյուսների նման գեղեցիկ լինի այդ օրը… Ու հավատացեք` ստացվել էր…