Մեր տունը լիքը ճամպրուկ ու պայուսակ է, շարժվելու տեղ չկա։ Մենք գնում ենք։ Չգիտեմ՝ ուր ենք գնում՝ երկրի խորքը, թե երկրից դուրս, բայց հաստատ գիտեմ՝ արտագաղթում ենք։ Ավելի ճիշտ՝ քոչում ենք։ Որովհետև պարտվել ենք ու հոգնել, հինգ տարվա մեր պայքարը արդյունք չտվեց։ Մենք էլի կմնայինք ու արդարացի կլիներ, եթե մնայինք-տանջվեինք էն երկրում, որը չկարողացանք երկիր դարձնել, բայց մենք հիմա երեխա ունենք, մեզ վրա պատասխանատվություն է դրված, մենք պարտավոր ենք նրա համար ապահովել բարեկեցիկ ու բախտավոր կյանք։ Կամ գոնե պարտավոր ենք հեռացնել նրան այնտեղից, որտեղ նրան վտանգ է սպառնում։ Դրա համար էլ գնում ենք։ Հնարավոր է գյուղ՝ ապացուցելու, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը, հնարավոր է՝ արտերկիր։ Դեռ պարզ չի։Երեկոյան միտինգ կա։ Հանրահավաք։ Գայթակղությունը մեծ է։ Կարելի էր արտագաղթելուց առաջ մի վերջին անգամ միտինգի մասնակցել, բայց այդ մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ես ու ամուսինս վճռել ենք, որ այլևս ոչ մի միտինգ։ Նախ՝ չի բացառվում, որ այդ միտինգին միայն ես ու ինքը լինենք, որովհետև մեր ընկերները վաղուց կամ արտագաղթել են, կամ ծախվել ու հիմա ծառայում են ռեժիմին։ Եվ երկրորդ՝ որ ի՞նչ։ Մեզ համար, իհարկե, հանրահավաքի մասնակցելը մեծագույն հաճույք է, բայց հանրահավաքը չի կարող ինքնանպատակ լինել։ Եվ բացի այդ, մեր երեխան հիվանդացել է, մենք պարտավոր ենք զբաղվել նրանով։ Մեզնից մեկնումեկը պիտի նստի նրա հետ, իսկ մյուսը իջնի դեղատուն՝ դեղ բերելու։ Ես ասում եմ՝ դու գնա, հետո մտքովս անցնում է, որ կարող է չդիմանա գայթակղությանը ու ձեռի հետ միտինգի գնա, երկու քայլ տեղ է, հենց շենքի հետևի այգում, ու ասում եմ՝ չէ, ես վազելով իջնեմ, գամ։ Ես դեմ չեմ, որ միտինգի գնա, եթե սիրտն ուզում է, թեկուզ ինձնից թաքուն, բայց երեխային դեղը շտապ է պետք, և ես խալաթը գցում եմ վրաս ու իջնում մեր շենքի տակ գտնվող դեղատունը։
Դեղատնից մինչև մանկական այգի երեսուն վայրկյանի ճանապարհ է։ Հաշվի առնելով, թե ինչ կայծակնային արագությամբ եմ իջել դեղատուն՝ կարելի է ասել՝ մի քանի րոպե խնայել եմ։ Եթե նույն արագությամբ անցնեմ մանկական այգով, կստացվի, որ միայն իջել եմ դեղատուն։ Ամուսնուցս թաքցնելու համար չէ թվաբանությունը, երեխայի համար եմ արդարանում ինքս իմ առաջ։ Նրան ոչինչ չի պատահի, միևնույնն է՝ ինձ որոշակի ժամանակ էր անհրաժեշտ դեղատուն հասնելու համար։ Հնարավոր է՝ այս հանրահավաքին ինչ-որ խոսք հնչի, որը մեզ ստիպի չարտագաղթել։ Դա, իհարկե, քիչ հավանական է, բայց հրաշքները պատահում են նրանց, ովքեր հավատում են հրաշքներին, ուստի չի կարելի չհավատալ։
Ես վազում եմ։ Հագիս վարդագույն սրբիչի խալաթ է, ոտքերիս՝ սրբիչի հողաթափեր։ Ափսոս հեռախոսս չեմ վերցրել։ Լավ, մտածում եմ, եթե հրաշքի շորշոփ զգամ, մեկնումեկից հեռախոս կվերցնեմ, կզանգեմ ամուսնուս, կասեմ՝ երեխուն վերցրու, արի։ Ինձ մի քիչ տարօրինակ է թվում, որ մանկական այգում են հանրահավաքը անում։ Ի՞նչ է, Ազատության հրապարակը նորից գրավվա՞ծ է։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ ոչ Մատենադարան։ Մանկական այգում հանրահավաք եղել է միայն 2008 թվին, ինչքան հիշում եմ՝ մարտի քսանին, արտակարգ դրության վերացումից հետո, դա առաջին հետմարտիմեկյան հանրահավաքն էր։ Ու նաև հիշում եմ, որ չորս տարի շարունակ հանրահավաքի օրերին մտովի պատկերացրել եմ, որ մանկական այգի եմ գնալու։ Իհարկե, երբեք չեմ սխալվել ու միշտ գնացել եմ այնտեղ, ուր անց է կացվում հանրահավաքը՝ առաջին տարիներին, երբ Ազատության հրապարակը գրավված էր, Մատենադարան, իսկ հետո՝ հրապարակ։ Ինձ միշտ տարօրինակ է թվացել, որ ամեն անգամ պատկերացրել եմ հանրահավաքը մանկական այգում։ Իսկ հիմա, արի ու տես՝ հենց մանկական այգում էլ տեղի է ունենում։
Ինձ տարօրինակ է թվում, որ դեղատնից մինչև մանկական այգի ընկած ճանապարհը, որ մեկ կարճլիկ հինգ հարկանի շենքի երկարություն ունի, թունելով եմ անցնում։ Այդտեղ պիտի որ թունել չլիներ։ Ի՞նչ իմաստ ունի մայթին թունել կառուցել։ Թունելը երկար տարածությունը կարճելու համար է։ Իսկ այս թունելը երկարացրել է այդքան կարճ ճանապարհը։ Թե՞ ես եմ սխալվել։ Համենայնդեպս սա երեսուն վայրկյանում անցնելու բան չէ։ Արդեն մի քանի րոպե է՝ վազում եմ, իսկ թունելի վերջը չի երևում։ Պետք է կանգնել ու հետ դառնալ, խնայված րոպեներս արդեն ծախսվել են, երեխային պետք է դեղ հասցնել։ Սկսում եմ ավելի արագ վազել, ու մոտս երկրորդ շնչառություն է բացվում՝ ասես ճախրում եմ։ Ոտնաթաթերս հազիվ դիպչում են գետնին։ Սկզբում վազքս իսկապես արագանում է, բայց հանկարծ զգում եմ, որ ոտքերս դժվարությամբ եմ իջեցնում գետնին։ Ճախրում եմ, բայց արագությունը չեմ կարողանում կառավարել։ Օդը չափազանց առաձգական է։ Ոտքերս շարժվում են ու վարդագույն խալաթս փողփողում է, ինչպես՝ դանդաղեցված կադրում։ Ինչքան ավելի արագ եմ փորձում վազել, այնքան ավելի դանդաղ է ստացվում։ Խնայված րոպեներս սպառված են։ Պետք է կանգնել ու հետ դառնալ, տղայիս դեղ է պետք։
Հանկարծ մտքովս անցնում է, որ այս վայրում գոյություն չունեցող ու անտրամաբանական այս թունելը իրականում բոլորովին այլ թունել է՝ նրանցից, որոնցով մարդիկ անցնում են մահից առաջ։ Հիշում եմ, որ կլինիկական մահ ապրածները հեռուստացույցով պատմում էին, թե անցնում են թունելով, իսկ թունելի վերջում կուրացուցիչ լույս են տեսնում։ Ինձ ընդառաջ սիրահարներ են գալիս՝ համբուրվելով, հետո մանկական սայլակով տղամարդ։ Երկկողմանիությունը արժանահավատություն է հաղորդում թունելին։ Վերջն էլ է նշմարվում, ու լույս էլ կա։ Լույսի մեջ ոստիկաններ են, մարդկանց են քաշքշում։ Լարում եմ տեսողությունս. երիտասարդ, բոյով տղամարդ է, վանդակավոր վերնաշապիկով, շատ նման ամուսնուս։ Ուսերին կենգուրու է հագած, երեխային մեջից հանել են, ձեռքերն են ոլորում։ Երեխայի լացն արձագանքվում է թունելում։ Ոստիկանների գրկում է։ Թողեք երեխուն՝ գոռում է։ Երեխան բղավում է։ Շատ նման է տղայիս։ Կողքով մարդիկ են անցնում-դառնում, ոչ ոք չի միջամտում։ Ճիշտ կլիներ, որ խառնվեի, բայց տղայիս պիտի դեղ հասցնեմ։ Պետք է կանգնել ու հետ դառնալ։
Մանկական այգու եզրը երևում է, ցանկապատի ամբողջ երկայնքով զինվորներ են կանգնած։ Այգին պաշարված է։ Այգու երևացող մասի դեղին խոտը ծածկվում է շինելավոր զինվորներով։ Ֆիլմում նման կադրը կուղեկցվեր չարագույժ երաժշտությամբ, բայց այստեղ երաժշտություն չի հնչում, ինչը կադրն ավելի չարագույժ է դարձնում։ Սա ֆիլմ չէ։ Առաջ գնալն անիմաստ է։ Հետ եմ դառնում։ Ոստիկանն ինչ-որ ձայն է արձակում, որից հասկանում եմ՝ ֆիքսել է ինձ։ Հետ դառնալս մատնեց ինձ։ Գիտի, որ հանրահավաքի էի գնում։ Հիմա կգա։ Ես պիտի դեղ հասցնեմ։ Վազել է պետք։ Մանկությունից հիշում եմ՝ եթե վազես, շները կվազեն հետևիցդ։ Ստիպված քայլում եմ։
Այ քեզ բան, մտածում եմ, այ քեզ ճաք տված ավազակապետություն, այ քեզ իշխանության կիսված մոնոլիտ։ Մի՞թե էդ զինվորները ընդդիմություն դարձած իշխանական կուսակցություններից մեկի դեմ են հանված։ Չէ՞ որ հիմա ընդդիմությունը դա է։ Էլի զորք են հանել ժողովրդի դեմ կեղտերը։ Իսկ միգուցե դա հայոց փառապանծ բանակը չէ, միգուցե ռուսական զորքն է կամ միգուցե թուրքն է գրավել Երևանը։ Գուցե ՆԱՏՕ-ի խաղաղապահնե՞րն են։ Ի՞նչ իմանաս, քաղաքականությունը փոփոխական բան է։ Գնալ, գնալ, գնալ այստեղից։ Տանել, փրկել իմ սիրելի տղաներին։
Ես սկսում եմ վազել։ Հետևիցս ոստիկանի սուլոց ու զինվորների վազքի ձայն եմ լսում։ Բայց ելք չունեմ՝ պիտի դեղը տեղ հասցնեմ ու վազում եմ այնքան արագ, որքան հնարավոր չէ։
Ինչ-որ պահի դադարում են հետապնդել ինձ։ Հասնում եմ տուն։ Բացում եմ դուռը՝ ամուսինս տանը չէ, ոչ էլ տղաս։ Երևի իմ հետևից են եկել՝ մտածում եմ։ Սպասել,սպասել են ու եկել։ Հանկարծ հիշում եմ թունելի վերջում տեսածս։ Բոյով տղամարդուն ու երեխային, որ խլեցին նրանից։ Այն պահին միայն նմանեցրի, իսկ հիմա մտքովս անցավ, որ իրենք էին։ Բայց ինչպե՞ս կարող էին ինձնից առաջ անցած լինել, եթե իմ հետևից և ինձնից հետո են դուրս եկել։ Չէ, հնարավոր չէ, ուր որ է կգան։
Մոտենում եմ պատուհանին ու բացում վարագույրը։ Դրսում տանկեր են։ Փողոցում զորքերի տարբեր տեսակներ կան՝ ոնց որ մարտի մեկին, չէ՝ մարտի երկուսին։ 2008 թվականի մարտի երկուսին։ Այսինքն՝ ինչի՞ ոնց որ։ Այսօր 2008 թվականի մարտի երկուսն է՝ կոտորածի հաջորդ օրը։ Արտակարգ դրություն։ Պատուհանիս տակ տանկեր են։ Ես դեռ ամուսին չունեմ, ոչ էլ երեխա։ Ինչո՞ւ էր ինձ թվում, թե չորս տարի է անցել։ Այսօր 2008 թվականի մարտի երկուսն է։
2012 թ.
«Չի վաճառվում» գրքից, Անտարես, 2016
Նկարը՝ «Արտ-լաբորատորիա»-ի